ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ
N 04-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
2018 թ. նոյեմբերի 8
Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
2018 թ. նոյեմբերի 8-ի
թիվ 04-Լ որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովը.
1.1 Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կազմված է նախագահից և վեց անդամից: Հանձնաժողովի նախագահն ընտրվում և փոփոխվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:
1.2 Հանձնաժողովի` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանն օժանդակում է և Հանձնաժողովի նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:
1.3 Հանձնաժողովը կարող է ունենալ կլոր կնիք, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, շուրջը հայերեն լեզվով գրված է «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողով» բառերը:
2. Հանձնաժողովի գործունեության ուղղությունները
2.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հանձնաժողովը քննարկում, նախապատրաստում, ապա հաստատում է ՀՀ դատավորների վերապատրաստման կարգը:
2.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 104-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանձնաժողովը քննարկում, ապա` Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվող 10 դատավորի ըստ համապատասխան թեկնածության վերաբերյալ առաջարկություն` մասնագիտացումների:
2.3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 104-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Հանձնաժողովը որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորված գնահատման հանձնաժողովի համապատասխան անդամի լիազորությունները դադարեցնելու առաջարկով դիմում է Բարձրագույն դատական խորհրդին, եթե գնահատման հանձնաժողովի անդամի անաչառությունն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է հարուցել ողջամիտ կասկած:
2.4. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը քննարկում, նախապատրաստում, ապա` Արդարադատության ակադեմիա է ներկայացնում «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ:
2.5. «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հանձնաժողովը կարող է անհրաժեշտության դեպքում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դիմել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդին:
2.6. Հանձնաժողովը քննարկում, նախապատրաստում, ապա` Արդարադատության ակադեմիա է ներկայացնում «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտորին է ներկայացնում լրացուցիչ վերապատրաստման ունկնդիրների ցուցակը կամ թիրախային խումբը:
2.7. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը քննարկում, նախապատրաստում, ապա` «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը Արդարադատության ակադեմիա է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը` համապատասխան առարկայական կուրսերի ընտրության նշումով:
2.8. Հանձնաժողովը` «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` ապահովում է ՀՀ դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ծանուցումը` ուսումնական դասընթացներին ներկայանալու վերաբերյալ:
2.9. Հանձնաժողովը` «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Արդարադատության ակադեմիայի վերապատրաստման ծրագրերի առարկայական կուրսերի շրջանակում կարող է սահմանել դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առանձին խմբերի համար պարտադիր առարկայական կուրսեր:
2.10. Հանձնաժողովը քննարկում, ապա` սահմանում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված` դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսումնառության ժամաքանակը:
2.11. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնագիտական պատրաստման դասընթացները սկսելուց հետո` երկշաբաթյա ժամկետում Հանձնաժողովը քննարկում, նախապատրաստում, ապա Արդարադատության ակադեմիա է ներկայացնում այդ տարվա ունկնդիրների փորձաշրջանի կազմակերպման համար համապատասխան դատարանների և փորձաշրջանի ղեկավարների անունները և պաշտոնները` հիմք ընդունելով այդ ուսումնական տարվա ունկնդիրների մասնագիտացումները:
2.12. «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1.1. կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով և 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները Հանձնաժողովն Արդարադատության ակադեմիա է ներկայացնում համապատասխան ցուցակի հաստատման պահից տասնօրյա ժամկետում:
2.13. «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հանձնաժողովը ռեկտորի խնդրանքով կարող է նշանակել փորձաշրջանի այլ ղեկավար:
2.14. Հանձնաժողովը քննարկում, նախապատրաստում, ապա`
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արդարադատության ակադեմիա է ներկայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար Հանձնաժողովի կողմից իրենց համաձայնությամբ նշանակված, հինգ դատավորից բաղկացած գնահատման հանձնաժողովի կազմը:
2.15. Հանձնաժողովը քննարկում, նախապատրաստում, ապա` «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Արդարադատության ակադեմիա է ներկայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար Հանձնաժողովի կողմից իրենց համաձայնությամբ նշանակված, երկու դատավորից բաղկացած բողոքարկման հանձնաժողովի կազմը:
2.16. Հանձնաժողովը քննարկում է դատավորների կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված` այլ կրթական ծրագրերին մասնակցելու հետ կապված հարցեր` այդ թվում`
ա) դատավորի դիմումի առկայության դեպքում տալիս է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթական ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների մասնակցելու թույլտվություն: Համաձայնություն ստացած դատավորը համապատասխան ծրագրի, համաժողովի և մասնագիտական այլ հավաքի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովին հաշվետվություն է ներկայացնում դրա ընթացքում քննարկված հարցերի, ներկայացված զեկույցների, ուսումնասիրված փորձի և այլնի վերաբերյալ:
բ) համապատասխան հայտի առկայության դեպքում քննարկում է ներպետական և միջազգային կառույցների կողմից կազմակերպվող կրթական վերապատրաստման ծրագրերին, համաժողովներին և իրավաբանների մասնագիտական այլ հավաքներին ՀՀ դատավորների մասնակցության նպատակահարմարության հարցը:
գ) համապատասխան հայտի առկայության դեպքում ապահովում է ներպետական և միջազգային կառույցների կողմից կազմակերպվող կրթական վերապատրաստման ծրագրերին, համաժողովներին և իրավաբանների մասնագիտական այլ հավաքներին դատավորների մասնակցությունը:
դ) անհրաժեշտությունից ելնելով` դիմում է համապատասխան ներպետական և միջազգային կառույցներին` դատավորների վերապատրաստման նպատակով կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների կազմակերպման և անցկացման նպատակով:
ե) անհրաժեշտությունից ելնելով` դիմում է համապատասխան ներպետական և միջազգային կառույցներին` դատավորների վերապատրաստման կամ որոշակի բնագավառում դատավորների գիտելիքների խորացման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի, գիտագործնական վերլուծությունների, մեկնաբանությունների, թարգմանությունների և այլ նյութերի պատրաստման և հրատարակման նպատակով:
3. Հանձնաժողովի նիստերը
3.1. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ: Հանձնաժողովի նիստերը նախագահում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրված Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:
3.2. Հանձնաժողովի նիստի ժամանակը, վայրը որոշում է Հանձնաժողովի նախագահը:
3.3. Հանձնաժողովի նիստի օրակարգը որոշվում է Հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
3.4. Նիստերն անց են կացվում աշխատանքային օրերին և ժամերին: Բացառիկ դեպքերում, ելնելով հարցի հրատապությունից, նիստ կարող է հրավիրվել ոչ աշխատանքային օրերին և ժամերին:
3.5. Հանձնաժողովն իրավազոր է քվեարկությամբ որոշումներ ընդունել, եթե ներկա է Հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:
3.6. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրությունը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը և նիստը քարտուղարը:
4. Ծանուցումը
4.1. Նիստի վայրի և ժամանակի մասին Հանձնաժողովի անդամները բանավոր (այդ թվում հեռախոսակապի միջոցով) ծանուցվում են: Ծանուցումից հետո սովորական փոստային առաքման միջոցով, առձեռն կամ էլեկտրոնային եղանակով Հանձնաժողովի անդամներին ուղարկվում է նիստի օրակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը:
5. Հանձնաժողովի որոշումները
5.1. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ: Որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների մեծամասնությունը: Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությունից:
5.2. Հանձնաժողովի որոշումները, որպես կանոն, ընդունվում են Հանձնաժողովի առկա նիստում կազմակերպվող քվեարկությամբ:
5.3. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի որոշումները կարող են ընդունվել նաև հեռակա քվեարկությամբ նիստ իրականացնելու միջոցով: Այս դեպքում քվեարկությունն իրականացվում է բանավոր (այդ թվում` հեռախոսակապի միջոցով): Հեռակա քվեարկությամբ նիստ իրականացնելու վերաբերյալ առաջարկ կարող է ներկայացնել Հանձնաժողովի նախագահը կամ անդամը: Հեռակա քվեարկությամբ նիստ չի իրականացվում և Հանձնաժողովի առկա նիստ է հրավիրվում, եթե հեռակա քվեարկությամբ նիստ իրականացնելու դեմ առարկում է Հանձնաժողովի նախագահը կամ անդամը: Հեռակա քվեարկությամբ նիստ իրականացնելու դեպքում կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և նիստը քարտուղարը:
5.4. Նիստին մասնակցելը Հանձնաժողովի յուրաքանչյուր ծանուցված անդամի պարտականությունն է: Բացակայություն թույլատրվում է միայն հարգելի պատճառով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պարտավոր է բացակայության մասին նախօրոք հայտնել Հանձնաժողովի նախագահին:
5.5. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են առանձին ակտի ձևով, որը ստորագրվում և կնքվում է Հանձնաժողովի նախագահի կողմից:
6. Գործունեության կարգի փոփոխումը (լրացումը)
6.1. Սույն Կարգը կարող է փոփոխվել (լրացվել) ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից: