Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 1994 թ. թիվ 469

 

ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման մասին» հրամանագրի և ելնելով Հայաստանի Հանրապետությունում ներդրումների (ինվեստիցիաների) խրախուսման, արժեթղթերի շուկայի ձևավորման ու զարգացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ինվեստիցիոն հիմնադրամների մասին կանոնադրությունը` կից հավելվածներով (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ինվեստիցիոն (ֆոնդերի) և դրա հավելվածների պահանջներին համապատասխան, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, երկշաբաթյա ժամկետում հաստատել`

ա) ինվեստիցիոն հիմնադրամների նախնական և հիմնական լիցենզավորման կարգը և լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը.

բ) ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչների լիցենզավորման կարգը.

գ) ինվեստիցիոն հիմնադրամների պահառուների լիցենզավորման կարգը.

դ) ինվեստիցիոն հիմնադրամների ազդագրերի գրանցման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պետական ինվեստիցիոն հիմնադրամների ստեղծման մասին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պահառու կազմակերպությունների մասին:

i

5. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` հրապարակել միայն ինվեստիցիոն հիմնադրամների` Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության կողմից հաստատված գովազդները:

(5-րդ կետը փոփ. 25.05.99 թիվ 345 որոշում)

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ակտերը ինվեստիցիոն հիմնադրամների, դրանց կառավարիչների և պահառուների նկատմամբ գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն որոշմամբ հաստատված ինվեստիցիոն հիմնադրամների կանոնադրությանը և դրան կից հավելվածներին:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

սեպտեմբերի 30-ի թիվ 469 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ( ՖՈՆԴԵՐԻ ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն կանոնադրությամբ կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում ինվեստիցիոն հիմնադրամների կազմավորումն ու գործունեությունը: Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող, իր արժեթղթերը թողարկող կամ վաճառող և ինվեստիցիոն հիմնադրամ հանդիսացող ցանկացած անձ պետք է գործի սույն կանոնադրությանը համապատասխան:

 

I. Հասկացություններ

 

1. Սույն կանոնադրությունում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

1.1. «Ինվեստիցիոն հիմնադրամ»` իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, որը`

ա) առավելապես զբաղված է կամ նախատեսում է առավելապես զբաղվել արժեթղթերում ներդրումներ, վերարտադրումներ կատարելով կամ արժեթղթերի առևտրով.

բ) տիրում է «ինվեստիցիոն արժեթղթերի», որոնց արժեքը գերազանցում է իր բոլոր միջոցների արժեքի 40 տոկոսը.

գ) իր թողարկած արժեթղթերն իրացնում է սեփականաշնորհման սերտիֆիկատներով:

Այն անձը, որի վրա տարածվում են վերը նշված պայմանները, ինվեստիցիոն հիմնադրամ չի համարվում, եթե Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազորված մարմնի կողմից այն լիցենզավորված է որպես ինվեստիցիոն բրոքերային գրասենյակ, ինվեստիցիոն դիլերային գրասենյակ, ֆոնդային բորսա, ապահովագրական ընկերություն կամ բանկ և առավելապես իրականացնում է այդ սուբյեկտներին հատուկ գործունեություն:

Այն անձը, որի արժեթղթերը պատկանում են կամ առաջարկված են 50-ից պակաս թվով անձանց, ինվեստիցիոն հիմնադրամ չի համարվում:

1.2. «Արժեթղթեր»` «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «արժեթղթեր», ինչպես նաև բաժնեմասեր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում և ընկերակցություններում (ձեռնարկություններում բաժնի իրավունքի կամ պարտքի հետ կապված իրավունքի այլ տեսակներ):

1.3. «Ինվեստիցիոն արժեթղթեր»` բոլոր արժեթղթերը, բացի այն արժեթղթերից, որոնք ներկայացնում են թողարկողի բաժնեմասերի ավելի քան 50 տոկոսը և պատկանում են մեկ անձի: «Ինվեստիցիոն արժեթղթեր» են համարվում նաև այն անձի կողմից թողարկված արժեթղթերը, որն առավելապես զբաղված է արժեթղթերում ներդրումներ կամ վերաներդրումներ կատարելով կամ արժեթղթերի առևտրով և որը չի հանդիսանում սույն կանոնադրության 1.1. կետի երկրորդ պարբերությամբ սահմանված սուբյեկտ:

1.4. «Վերադարձվող արժեթղթեր»` արժեթղթեր, որոնց գնորդներին իրավունք է վերապահվում դրանց թողարկողից ստանալու կանխիկ գումար կամ այլ միջոցներ` ի փոխանակումն այդ արժեթղթերի:

1.5. «Սերտիֆիկատային ինվեստիցիոն հիմնադրամ»` ցանկացած ինվեստիցիոն հիմնադրամ, որն ընդունում է սեփականաշնորհման սերտիֆիկատներ` ի փոխանակումն իր արժեթղթերի:

1.6. «Պետական ինվեստիցիոն հիմնադրամ»` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լիազորված մարմինների կողմից սույն կանոնադրության 3.3 կետին համապատասխան հիմնադրված ինվեստիցիոն հիմնադրամ:

1.7. «Անձ»` ցանկացած ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն:

1.8. «Պետական լիազորված մարմին»` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

1.9. «Բանկ»` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գրանցված սուբյեկտ:

1.10. «Կառավարիչ»` սույն կանոնադրության 9.1. կետին համապատասխան որպես կառավարիչ լիցենզավորված անձ:

1.11. «Հիմնադիրներ»` նախքան ինվեստիցիոն հիմնադրամի գրանցումն այդ հիմնադրամի սկզբնական դրամագլուխը ներդնող անձինք:

1.12. «Պահառու»` սույն կանոնադրության 10.2. կետին համապատասխան որպես պահառու լիցենզավորված անձ, որը փոխկապված չէ տվյալ հիմնադրամի հետ:

1.13. «Անկախ վերահսկիչ»` սույն կանոնադրության 11.2 կետին համապատասխան որպես անկախ վերահսկիչ լիցենզավորված անձ, որը փոխկապված չէ տվյալ հիմնադրամի հետ:

1.14. «Շահագրգիռ անձ»` ինվեստիցիոն հիմնադրամի կառավարիչ, կառավարչի պաշտոնյաներ ու վարչության անդամներ կամ ինվեստիցիոն հիմնադրամի պաշտոնյաներ ու վարչության անդամներ:

1.15. «Կանոնադրություն»` ինվեստիցիոն հիմնադրամի կանոնադրությունը:

1.16. «Օրինակելի կանոնադրություն»` սույն կանոնադրությանը որպես հավելված 1 կցված փաստաթուղթը:

1.17. «Կառավարման պայմանագիր»` ինվեստիցիոն հիմնադրամի և կառավարչի միջև կնքված պայմանագիրը:

1.18. «Կառավարման օրինակելի պայմանագիրը»` սույն կանոնադրությանը որպես հավելված 2 կցված փաստաթուղթը:

1.19. «Պահառության պայմանագիր»` ինվեստիցիոն հիմնադրամի և պահառուի միջև կնքված պայմանագիրը:

1.20. «Պահառության օրինակելի պայմանագիր»` սույն կանոնադրությանը որպես հավելված 3 կցված փաստաթուղթը:

1.21. «Ազդագիր»` հասկացությունն ունի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությունը:

1.22. «Օրինակելի ազդագիր»` սույն կանոնադրությանը որպես հավելված 4 կցված փաստաթուղթը:

1.23. «Փոխկապված խումբ»` ինվեստիցիոն հիմնադրամը, վերջինիս կառավարիչը և նրանց փոխկապված բոլոր անձինք:

1.24. «Ստորադասություն և փոխկապվածություն»` ցանկացած անձի պաշտոնյան, տնօրենը, գործընկերը կամ աշխատողը համարվում է այդ անձի ստորադասը: Բացի այդ, երկու անձինք համարվում են փոխկապված, եթե նրանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրում կամ վերահսկում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 25 տոկոսը կամ, եթե նրանցից մեկը վերահսկում է մյուսին կամ մյուսի հետ մեկտեղ ընդհանուր վերահսկողության է ենթարկվում: Ի լրումն նշվածի, կառավարչին փոխկապված անձանց շարքում ընդգրկվում է այդ կառավարչի կողմից կառավարվող ցանկացած ինվեստիցիոն հիմնադրամ:

1.25. «Վերահսկողություն»` ցանկացած անձի կառավարման կամ գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ֆունկցիա, բացի այն դեպքերից, երբ այդ ֆունկցիան բացառապես պայմանավորված է տվյալ անձի հետ կապված պաշտոնեական դիրքով: Ինվեստիցիոն հիմնադրամի կառավարչի կողմից կառավարման պայմանագրով նախատեսված իր լիազորությունների իրականացումն ինքնին հիմք չի տալիս համարելու, թե կառավարիչը «վերահսկում է» ինվեստիցիոն հիմնադրամին պատկանող արժեթղթերը կամ դրանք թողարկած անձանց:

1.26. «Միջոցների զուտ արժեք»` ինվեստիցիոն հիմնադրամի բոլոր միջոցների և պարտավորությունների հետևյալ տարրերի գումարային զուտ արժեքն արտահայտված Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով.

1) կանխիկ դրամական միջոցները` իրենց անվանական արժեքով.

2) սեփականաշնորհման սերտիֆիկատները` պաշտոնապես հայտարարված վերջին անվանական արժեքով.

3) լիցենզավորված ֆոնդային բորսայի կամ արժեթղթերի գնանշման` լիցենզավորված որևէ ծառայության կողմից գնանշված արժեթղթերը` նախքան գնահատումն այդ արժեթղթերի առևտրի հիմնական բորսայում արձանագրված վերջին սակարկության և դրանց համար առաջարկված գների միջին արժեքով.

4) բորսային առևտրում չընդգրկված կամ չգնանշված արժեթղթերը, ինչպես նաև հիմնադրամի մյուս բոլոր միջոցներն ու պարտավորությունները` հաշվապահական ընդունված սկզբունքներին առավելագույնս համապատասխանող և անկախ վերահսկիչի հետ համաձայնեցված կարգով հիմնադրամի վարչության կողմից հաշվարկված արժեքով:

1.27. «Միջոցների համամասնական զուտ արժեք» ` ինվեստիցիոն հիմնադրամի մեկ բաժնետոմսի առնչությամբ նշանակում է կոնկրետ օրվա դրությամբ տվյալ ինվեստիցիոն հիմնադրամի միջոցների ընդհանուր զուտ արժեքը` բաժանած այդ օրվա դրությամբ տվյալ ինվեստիցիոն հիմնադրամի կողմից թողարկված և իրացված բաժնետոմսերի ընդհանուր թվի վրա:

i

1.28. «Դրամով արտահայտված համարժեք»` տվյալ օրվա դրությամբ ԱՄՆ դոլարով արտահայտված գումարի առնչությամբ նշանակում է այդ գումարի Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով արտահայտված համարժեքը` հաշվարկված տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(1.28-րդ կետը փոփ. 08.11.07 թիվ 1318-Ն որոշում)

 

II. Ինվեստիցիոն հիմնադրամի կազմակերպական-իրավական

տեսակը

 

2.1. Ինվեստիցիոն հիմնադրամը պետք է հիմնադրվի որպես բաց բաժնետիրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2.2. Ինվեստիցիոն հիմնադրամի կանոնադրությունը պետք է համապատասխանի օրինակելի կանոնադրության պահանջներին:

2.3. Ինվեստիցիոն հիմնադրամի անվանումը պետք է`

ա) պարունակի «ինվեստիցիոն հիմնադրամ» բառերը.

բ) մատնանշի հիմնադրամի պետական կամ սերտիֆիկատային լինելը:

Ոչ մի անձ, բացի սույն կանոնադրությամբ նախատեսված ինվեստիցիոն հիմնադրամներից, չի կարող իր անվանման մեջ օգտագործել «ինվեստիցիոն հիմնադրամ» բառերը կամ նույնիմաստ այլ բառեր: Պետական ինվեստիցիոն հիմնադրամներից բացի որևէ այլ ինվեստիցիոն հիմնադրամի անվանումը չի կարող մատնանշել կամ ենթադրել որևէ փոխկապվածություն պետական, ազգային կամ վարչատարածքային միավորների, նախարարությունների և գերատեսչությունների հետ:

 

III. Ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիրները

 

3.1. Ինվեստիցիոն հիմնադրամը պետք է ունենա առնվազն հինգ հիմնադիր (բացի պետականից): Ինվեստիցիոն հիմնադրամը չի կարող ունենալ ավելի քան 20 հիմնադիր:

3.2. Բացի սույն կանոնադրության 3.3. կետում նախատեսված անձանցից, Հայաստանում հիմնադրված կամ բնակվող ցանկացած անձ կարող է հանդես գալ որպես ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիր: Օտարերկրյա անձինք, ներառյալ նրանց` Հայաստանում հիմնադրված և ամբողջությամբ նրանց պատկանող ձեռնարկությունները, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունները որպես ինվեստիցիոն հիմնադրամների հիմնադիրներ կարող են հանդես գալ բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա մասնակցություն չունեցող Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների կամ կազմակերպությունների հետ համատեղ: Վերջիններս պետք է ապահովեն սույն կանոնադրության 4.3. կետի (դ) ենթակետով պահանջվող` հիմնադիրների սկզբնական դրամագլխի առնվազն 25 տոկոսը:

3.3. Նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, տեղական իշխանության մարմնին կամ պետական ձեռնարկություններին չի թույլատրվում հանդես գալ որպես ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիր կամ գնել ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսեր կամ տիրել նման բաժնետոմսերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվող դեպքերի:

3.4. Ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիրները պատասխանատվություն են կրում բոլոր այն ծախսերի համար, որոնք տվյալ ինվեստիցիոն հիմնադրամի կողմից և նրա անունից կատարվել են նախքան Ձեռնարկությունների պետական ռեգիստրում ինվեստիցիոն հիմնադրամի գրանցումը:

3.5. Ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիրներին չեն վերապահվում արտոնություններ ինվեստիցիոն հիմնադրամի մյուս բոլոր բաժնետերերի նկատմամբ: Հիմնադիրները չեն կարող ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադրման կապակցությամբ իրենց մատուցած ծառայությունների դիմաց բաժնեմասեր կամ վարձատրություն ստանալ: [Ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիրներին պատկանող` տվյալ հիմնադրամի բաժնետոմսերի նվազագույն քանակ չի սահմանվում ]:

3.6. Որպես ինվեստիցիոն բրոքերային գրասենյակ, ինվեստիցիոն դիլերային գրասենյակ, ֆոնդային բորսա, ապահովագրական ընկերություն կամ բանկ լիցենզավորված անձը չի կարող իր թողարկած արժեթղթերն իրացնել սեփականաշնորհման սերտիֆիկատներով, սակայն կարող է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով հանդես գալ որպես ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիր:

 

IV. Ինվեստիցիոն հիմնադրամի լիցենզավորումը և

ստեղծումը

 

4.1. Նախքան պետական լիազորված մարմնից նախնական լիցենզիա ստանալը ինվեստիցիոն հիմնադրամը չի կարող գրանցվել Ձեռնարկությունների պետական ռեգիստրում:

4.2. Ինվեստիցիոն հիմնադրամը չի կարող հայցել կամ ընդունել ներդրումներ (բացի հիմնադիրների ներդրումներից) կամ թողարկել, գնել կամ վաճառել արժեթղթեր, քանի դեռ այն պետական լիազորված մարմնից չի ստացել ինվեստիցիոն հիմնադրամի հիմնական լիցենզիա կամ այն հետ է վերցվել:

4.3. Մինչև նախնական լիցենզիա ստանալու համար դիմելը, ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիրները պետք է`

ա) հաստատեն ինվեստիցիոն հիմնադրամի կանոնադրությունը, որն իր ձևով և բովանդակությամբ պետք է համապատասխանի ինվեստիցիոն հիմնադրամների օրինակելի կանոնադրությանը.

բ) պատրաստեն ինվեստիցիոն հիմնադրամի կառավարման պայմանագրի նախագիծ, որն իր ձևով և բովանդակությամբ պետք է համապատասխանի ինվեստիցիոն հիմնադրամների կառավարման օրինակելի պայմանագրին, ինչպես նաև ձեռք բերեն որևէ լիցենզավորված կառավարչի գրավոր համաձայնությունը հիմնադրամի հետ այդպիսի պայմանագիր կնքելու վերաբերյալ.

գ) պատրաստեն ինվեստիցիոն հիմնադրամի պահառության պայմանագրի նախագիծ, որն իր ձևով և բովանդակությամբ պետք է համապատասխանի ինվեստիցիոն հիմնադրամների պահառության օրինակելի պայմանագրին, ինչպես նաև ձեռք բերեն որևէ լիցենզավորված պահառուի գրավոր համաձայնությունը հիմնադրամի հետ այդպիսի պայմանագիր կնքելու վերաբերյալ.

դ) հիմնադրամի պահառուի կողմից բացված բաժանորդագրական հաշվին մուծեն առնվազն 20 000 ԱՄՆ-ի դոլարի` դրամով արտահայտված համարժեքը (մուծումը կարող է կատարվել նաև օտարերկրյա արժույթով): Այդ ավանդը համարվում է հիմնադիրների կապիտալ ներդրում և մուծվում է որպես ինվեստիցիոն հիմնադրամի սկզբնական կանոնադրական դրամագլուխ:

4.4. Պետական լիազորված մարմինն ինվեստիցիոն հիմնադրամին նախնական լիցենզիա է տալիս հետևյալ փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում`

ա) նախնական լիցենզիա տալու մասին դիմում` ստորագրված ինվեստիցիոն հիմնադրամի բոլոր հիմնադիրների կողմից.

բ) ինվեստիցիոն հիմնադրամի կանոնադրությունը` ստորագրված ինվեստիցիոն ֆոնդի բոլոր հիմնադիրների կողմից, որը ձևով և բովանդակությամբ պետք է համապատասխանի ինվեստիցիոն հիմնադրամների օրինակելի կանոնադրությանը.

գ) ինվեստիցիոն հիմնադրամի կառավարման պայմանագրի նախագիծը, որն իր ձևով և բովանդակությամբ պետք է համապատասխանի ինվեստիցիոն հիմնադրամների կառավարման օրինակելի պայմանագրին, ինչպես նաև որևէ լիցենզավորված կառավարչի գրավոր համաձայնությունը` հանդես գալու որպես հիմնադրամի կառավարիչ.

դ) ինվեստիցիոն հիմնադրամի պահառության պայմանագրի նախագիծը, որն իր ձևով և բովանդակությամբ պետք է համապատասխանի ինվեստիցիոն հիմնադրամների պահառության օրինակելի պայմանագրին, ինչպես նաև որևէ լիցենզավորված պահառուի գրավոր համաձայնությունը` հանդես գալու որպես հիմնադրամի պահառու.

ե) սույն կանոնադրության 4.3. կետի «դ» ենթակետով նախատեսված վճարման կատարումը հաստատող փաստաթուղթ.

զ) ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիրներից, գործադիր պաշտոնյաներից և վարչության անդամներից յուրաքանչյուրի կրթության և գործնական փորձառնության նկարագրությունը.

է) լիցենզավորման սահմանված կարգով պահանջվող ցանկացած այլ տեղեկություն:

4.5. Ինվեստիցիոն հիմնադրամի նախնական լիցենզիա ձեռք բերելուց հետո և նախքան հիմնական լիցենզիա ձեռք բերելու համար դիմելը ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիրները պետք է`

ա) Ձեռնարկությունների պետական ռեգիստրում ինվեստիցիոն հիմնադրամը գրանցեն որպես բաց բաժնետիրական ընկերություն.

բ) կնքեն կառավարման և պահառության պայմանագրեր ինվեստիցիոն հիմնադրամի և լիցենզավորված կառավարչի ու լիցենզավորված պահառուի միջև, որոնք ձևով և բովանդակությամբ պետք է համապատասխանեն ինվեստիցիոն հիմնադրամների կառավարման և պահառության օրինակելի պայմանագրերին.

գ) պատրաստեն ազդագիր ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսերի բաց տեղաբաշխման համար և այն ներկայացնեն գրանցման` «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.6. Բացառությամբ սույն կանոնադրության 4.7. կետում նախատեսված դեպքերի, պետական լիազորված մարմինն ինվեստիցիոն հիմնադրամին հիմնական լիցենզիա է տալիս հետևյալ փաստաթղթերն ստանալուց հետո 45-օրյա ժամկետում`

ա) հիմնական լիցենզիա տալու մասին դիմում` ստորագրված ինվեստիցիոն հիմնադրամի բոլոր հիմնադիրների կողմից.

բ) Ձեռնարկությունների պետական ռեգիստրում որպես բաց բաժնետիրական ընկերություն ինվեստիցիոն հիմնադրամի գրանցումը հաստատող փաստաթուղթ.

գ) ինվեստիցիոն հիմնադրամի գրանցված կանոնադրությունը, որը պետք է համապատասխանի ինվեստիցիոն հիմնադրամների օրինակելի կանոնադրությանը.

դ) ինվեստիցիոն հիմնադրամի ազդագիրը, որը պետք է համապատասխանի օրինակելի ազդագրին, ինչպես նաև փաստաթուղթ, որ ազդագիրը ներկայացված է գրանցման` «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

ե) ինվեստիցիոն հիմնադրամի և լիցենզավորված կառավարչի ու լիցենզավորված պահառուի միջև կնքված կառավարման և պահառության պայմանագրերը, որոնք ձևով և բովանդակությամբ պետք է համապատասխանեն ինվեստիցիոն հիմնադրամների կառավարման և պահառության օրինակելի պայմանագրերին.

զ) ինվեստիցիոն հիմնադրամի հիմնադիրներից, գործադիր պաշտոնյաներից և վարչության անդամներից յուրաքանչյուրի կրթության և գործնական փորձառության նկարագրությունը.

է) լիցենզավորման սահմանված կարգով պահանջվող ցանկացած այլ տեղեկություն:

Ինվեստիցիոն հիմնադրամի նախնական լիցենզիա չունեցող որևէ անձի ինվեստիցիոն հիմնադրամի հիմնական լիցենզիա չի կարող տրվել:

4.7. Եթե պետական լիազորված մարմինը պարզի, որ ինվեստիցիոն հիմնադրամը պատշաճ կերպով չի ներկայացրել սույն կանոնադրության 4.6. կետով պահանջվող բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները կամ ներկայացված տեղեկությունները պարունակում են փաստացի էական աղավաղումներ կամ դրանցում առկա են էական թերություններ ու բացթողումներ կամ ինվեստիցիոն հիմնադրամը կամ հիմնադրամի հիմնադիրները չեն պահպանել սույն կանոնադրությամբ սահմանված բոլոր պահանջները, ապա պետական լիազորված մարմինը պարտավոր է հրաժարվել լիցենզիա տալուց կամ կասեցնել լիցենզավորումը` մինչև պահանջվող տեղեկությունների ճշգրտումը: Պետական լիազորված մարմինն ինվեստիցիոն հիմնադրամին հիմնական լիցենզիա չի տալիս, քանի դեռ հիմնադրամի բաժնետոմսերի առաջին բաց տեղաբաշխման համար պատրաստված ազդագիրը գրանցված չէ «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

V. Ինվեստիցիոն հիմնադրամի կանոնադրական դրամագլուխը

 

5.1. Ինվեստիցիոն հիմնադրամի դրամագլուխը ձևավորվում է բացառապես միևնույն կարգի անվանական (գրանցված) հասարակ բաժնետոմսերի թողարկման միջոցով: Յուրաքանչյուր այդպիսի բաժնետոմս, անկախ սերիայից, վերապահում է մեկ ձայնի իրավունք` բաժնետերերի ժողովներում և հավասար բաժնեմաս` ինվեստիցիոն հիմնադրամի ամբողջ գույքում և եկամուտներում: Ինվեստիցիոն հիմնադրամները հասարակ բաժնետոմսերից բացի այլ արժեթղթեր չեն կարող թողարկել:

5.2. Ինվեստիցիոն հիմնադրամների կողմից թողարկված բաժնետոմսերն իրացվում են միայն կանխիկ դրամով, բանկային փոխանցումներով և սեփականաշնորհման սերտիֆիկատներով: Պետական ինվեստիցիոն հիմնադրամների կողմից թողարկվող բաժնետոմսերի բաց բաժանորդագրությունն իրականացվում է միայն սեփականաշնորհման սերտիֆիկատներով:

5.3. Ինվեստիցիոն հիմնադրամի կանոնադրական դրամագլխում ներդրվող բոլոր կանխիկ միջոցները, բանկային փոխանցումները և սեփականաշնորհման սերտիֆիկատներն անմիջականորեն մուտքագրվում են հիմնադրամի հաշվին, որը վարում է հիմնադրամի պահառուն: Բաժանորդագրվելիս բաժնետոմսերի համար վճարումները պետք է կատարվեն ամբողջությամբ:

5.4. Ինվեստիցիոն հիմնադրամները թողարկում են միայն գրանցված (անվանական) բաժնետոմսեր` ազատ շրջանառության իրավունքով: Ինվեստիցիոն հիմնադրամի` որևէ լիցենզավորված ֆոնդային բորսայում չգրանցված բաժնետոմսի օտարումը կատարվում է օտարողի և ձեռքբերողի միջև կնքված գրավոր պայմանագրով, որի մեկ օրինակը ներկայացվում է ինվեստիցիոն հիմնադրամին: Ինվեստիցիոն հիմնադրամն անմիջապես տալիս է բաժնետոմսի օտարման պայմանագրի ստացումը հաստատող և 10-օրյա ժամկետում համապատասխան գրանցում է կատարում բաժնետոմսի օտարման վերաբերյալ: Բաժնետոմսն օտարված է համարվում օտարման պայմանագիրն ինվեստիցիոն հիմնադրամին ներկայացնելու օրվանից: ԻՆվեստիցիոն հիմնադրամի` լիցենզավորված ֆոնդային բորսայում գրանցված բաժնետոմսը կարող է օտարվել տվյալ բորսայի կողմից սահմանված կարգով:

 

VI. Ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսերի բաց

տեղաբաշխումը

 

6.1. Իր բաժնետոմսերի առաջին բաց տեղաբաշխման համար պատրաստված ազդագրի գրանցումից և հիմնական լիցենզիայի ձեռքբերումից հետո ինվեստիցիոն ֆոնդը հրապարակում է իր ազդագիրը և առաջարկում իր բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն: Նախքան ինվեստիցիոն հիմնադրամի գրանցումը, հիմնադիրներին տրված բաժնետոմսերից բացի ինվեստիցիոն հիմնադրամի մյուս բոլոր բաժնետոմսերը բաժանորդագրության են առաջարկվում միայն թողարկման ազդագրի հիման վրա, որը պետք է համապատասխանի օրինակելի ազդագրին: Նախքան ազդագրի հրապարակումն, այն պետք է գրանցված լինի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

6.2. Ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսերը թողարկվում են սերիաներով: Ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսերի յուրաքանչյուր սերիայի բաժանորդագրության ժամկետը չպետք է գերազանցի 4 ամսից: Յուրաքանչյուր սերիայի բաժանորդագրության ավարտից հետո ինվեստիցիոն հիմնադրամը պետք է փոփոխություններ կատարի իր կանոնադրության մեջ, արտացոլելով հիմնադրամի կանոնադրական դրամագլխի մեծացումը:

6.3. Ինվեստիցիոն հիմնադրամն իր բաժնետոմսերի յուրաքանչյուր սերիայի թողարկման համար պետք է գրանցի առանձին ազդագիր: Բաժանորդագրության համար միաժամանակ կարող են առաջարկվել միայն մեկ սերիայի բաժնետոմսեր: Ինվեստիցիոն հիմնադրամը բաժնետոմսերի նոր սերիա կարող է թողարկել միայն պատշաճ կարգով գումարված բաժնետերերի ժողովում ձայների մեծամասնությամբ ընդունված որոշման հիման վրա: Նախքան բաժնետոմսերի սերիայի թողարկման հարցը քննարկելու նպատակով բաժնետերերի ժողովի գումարումը, ինվեստիցիոն հիմնադրամի վարչությունը պարտավոր է բաժնետերերին ներկայացնել հիմնադրամի հաշվեկշիռը և միջոցների զուտ արժեքի ու եկամուտների վերաբերյալ հաղորդում` ժողովին անմիջականորեն նախորդող եռամսյա ժամկետի ընդգրկմամբ, որոնք պետք է ստուգված լինեն հիմնադրամի անկախ վերահսկիչի կողմից:

6.4. Գրանցված ազդագիրը կասեցնելու կամ գրանցումը չեղյալ հայտարարելու դեպքում ինվեստիցիոն հիմնադրամն անմիջապես դադարեցնում է իր բաժնետոմսերի հետագա առաջարկը, որը կարող է վերսկսվել միայն կասեցումը վավերացվելուց կամ նոր գրանցումից հետո:

6.5. Նախքան ինվեստիցիոն հիմնադրամի գրանցումը, հիմնադիրներին տրված բաժնետոմսերից բացի ինվեստիցիոն հիմնադրամի մյուս բոլոր բաժնետոմսերը պետք է թողարկվեն համապատասխան սերիայի բաժանորդագրության բացման օրվա դրությամբ մեկ բաժնետոմսի նկատմամբ հիմնադրամի միջոցների համամասնական զուտ արժեքի` ԱՄՆ-ի դոլարով արտահայտված համարժեքին հավասար գնով:

6.6. Ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է կայացած` անկախ իրացված բաժնետոմսերի քանակից:

 

VII. Ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսերի հետ գնումը

 

7.1. Ինվեստիցիոն հիմնադրամները չեն կարող թողարկել վերադարձվող արժեթղթեր: Ինվեստիցիոն հիմնադրամները չեն կարող գնել կամ ետ գնել իրենց բաժնետոմսերն այլ կերպ, քան բաց բաժնետիրական ընկերությունների կանոնադրական դրամագլխի նվազեցումը կամ նման ընկերությունների լուծարումը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

VIII. Ինվեստիցիոն հիմնադրամի ղեկավար մարմինները

 

8.1. Ինվեստիցիոն հիմնադրամի ղեկավար մարմիններն են բաժնետերերի ընդհանուր ժողովը և վարչությունը:

8.2. Ինվեստիցիոն հիմնադրամի ղեկավար մարմիններն օժտված են տվյալ հիմնադրամի կանոնադրությամբ և բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներով ու պարտականություններով: Ինվեստիցիոն հիմնադրամի կանոնադրությունը պետք է համապատասխանի օրինակելի կանոնադրությանը:

 

IX. Ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչները

 

9.1. Կառավարման օրինակելի պայմանագրում նշված` կառավարչի պարտականությունները կատարելու համար յուրաքանչյուր ինվեստիցիոն հիմնադրամ պետք է նշանակի լիցենզավորված կառավարիչ: Կառավարիչը պետք է լինի տվյալ ինվեստիցիոն հիմնադրամի աշխատող չհանդիսացող անձ: Ոչ մի անձ չի կարող գործել որպես ինվեստիցիոն հիմնադրամի կառավարիչ, քանի դեռ պետական լիազորված մարմնից չի ստացել նման գործունեություն իրականացնելու լիցենզիա: Պետական լիազորված մարմինն ընդունում է ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչների լիցենզավորման կարգը սահմանող առանձին կանոնադրություն: Ցանկացած անձ և նրան փոխկապված անձինք որպես կառավարիչ կարող են հանդես գալ ոչ ավել, քան երեք ինվեստիցիոն հիմնադրամներում:

9.2. Ինվեստիցիոն հիմնադրամը և իր կառավարիչը պետք է կնքեն գրավոր պայմանագիր («կառավարման պայմանագիր»), որը պետք է համապատասխանի կառավարման օրինակելի պայմանագրի պայմաններն: Կառավարման պայմանագրում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է ինվեստիցիոն հիմնադրամի բոլոր բաժնետերերի ձայների 2/3 մեծամասնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը կատարվում է պայմանագրի դրույթները գործող օրենսդրությանը համապատասխանելու անհրաժեշտությունից: Կառավարման պայմանագրի ցանկացած դրույթ անվավեր է, եթե այն սահմանափակում է պայմանագիրը ցանկացած ժամանակ առանց պատճառաբանության լուծելու ինվեստիցիոն հիմնադրամի իրավունքը:

9.3. Ինվեստիցիոն հիմնադրամին մատուցած իր ծառայությունների համար որևէ մեկ տարվա ընթացքում կառավարչի ստացած փոխհատուցման գումարը չի կարող գերազանցել տվյալ տարում ինվեստիցիոն հիմնադրամի միջոցների միջին զուտ արժեքի 3 տոկոսը: Կառավարիչը պարտավոր է նշված փոխհատուցման գումարից վճարել ինվեստիցիոն հիմնադրամի բոլոր օպերատիվ ծախսերը և ոչ առևտրային պարտավորությունները, բացի այն ծախսերից, որոնք կառավարման օրինակելի պայմանագրին համապատասխան ենթակա են վճարման ինվեստիցիոն հիմնադրամի կողմից: Կառավարիչը պարտավոր է մշտապես պահել կառավարման պայմանագրով նախատեսված կանխիկ գումարի ռեզերվ` ինվեստիցիոն հիմնադրամի այն ծախսերը վճարելու համար, որոնց կատարումը վերապահված է կառավարչին:

9.4. Կառավարիչն ինվեստիցիոն հիմնադրամի և նրա բաժնետերերի առջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է կրում բոլոր այն վնասների համար, որոնք ինվեստիցիոն հիմնադրամը կրել է կառավարչի կամ նրա որևէ աշխատողի, պաշտոնյայի կամ վարչության անդամի կողմից կատարված անփութության, կեղծիքի, հափշտակության կամ սույն կանոնադրության կամ կառավարման օրինակելի պայմանագրի պայմանների խախտման հետևանքով:

Ինվեստիցիոն հիմնադրամի ընդհանուր ժողովի որոշմամբ կառավարչին կարող է տրվել տարեկան պարգևավճար` տվյալ տարում հիմնադրամի ստացած զուտ շահույթի նկատմամբ որոշակի տոկոսադրույքներով:

 

X. Պահառուները

 

10.1. Բոլոր ինվեստիցիոն հիմնադրամները նշանակում են լիցենզավորված պահառու, որը պետք է կատարի սույն կանոնադրությանը կից (հավելված 2) պահառության օրինակելի պայմանագրով պահառուի համար նախատեսված պարտականությունները: Ինվեստիցիոն հիմնադրամն ու իր պահառուն կնքում են գրավոր պայմանագիր, որը պետք է համապատասխանի պահառության օրինակելի պայմանագրին: Ինվեստիցիոն հիմնադրամի և պահառուի միջև պայմանագիրը կարող է փոփոխվել միայն ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետերերի ձայների 2/3-ի մեծամասնության որոշմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխության կատարումն անհրաժեշտ է պահառության պայմանագրի դրույթները գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

10.2. Որպես պահառու կարող է հանդես գալ միայն բանկը կամ ֆինանսական որևէ այլ կազմակերպություն, որն ի վիճակի է կատարել պահառության օրինակելի պայմանագրով պահառուի համար նախատեսված պարտականությունները: Բոլոր պահառուները պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով պետք է ստանան համապատասխան լիցենզիա:

10.3. Պահառուն չի կարող օգտագործել ինվեստիցիոն հիմնադրամի միջոցներն այլ կերպ, քան պահառության պայմանագրով սահմանված կարգով: Ինվեստիցիոն հիմնադրամի միջոցները պահառուի կողմից պետք է առանձնացվեն պահառուին պատկանող կամ իր կողմից ի պահ ընդունված բոլոր այլ միջոցներից: Ինվեստիցիոն հիմնադրամի միջոցները պահառուի կողմից չպետք է օգտագործվեն կամ ներկայացվեն որպես իր սեփական միջոցներ կամ վարկային ռեսուրսներ:

10.4. Պահառուն ինվեստիցիոն հիմնադրամի և նրա բաժնետերերի առջև Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որն ինվեստիցիոն հիմնադրամին հասցվել է պահառուի կամ նրա աշխատողների, գործադիր ղեկավարների կամ վարչության անդամների կողմից գործած անփութության, հափշտակության, խարդախության կամ սույն կանոնադրության կամ պահառության օրինակելի պայմանագրի խախտման հետևանքով:

 

XI. Անկախ Վերահսկիչները

 

11.1. Բոլոր ինվեստիցիոն հիմնադրամները նշանակում են անկախ վերահսկիչ, որը պարբերաբար պետք է ստուգի ինվեստիցիոն հիմնադրամի և նրա կառավարչի հաշվապահական և այլ փաստաթղթերը:

11.2. Անկախ վերահսկիչը ենթակա է լիցենզավորման պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

11.3. Անկախ վերահսկիչը վավերացնում է ինվեստիցիոն հիմնադրամի կողմից սույն կանոնադրության 15.2. կետին համապատասխան կազմված տարեկան հաշվետվությունը կամ իր դիտողություններն է ներկայացնում հաշվետվությունում նշված տվյալների ճշտության վերաբերյալ: Նման վավերագիրը կամ դիտողությունները պետք է հրապարակվեն և ներկայացվեն տարեկան հաշվետվության հետ միասին` որպես վերջինիս անբաժանելի մաս:

 

XII. Սահմանափակումները

 

12.1. Ինվեստիցիոն հիմնադրամը չի կարող`

1) ձեռք բերել որևէ անձի ձայնի իրավունք տվող արժեթղթերը, եթե դրա հետևանքով ինվեստիցիոն հիմնադրամն ու իր հետ փոխկապված խումբը կունենա այդ անձի` ձայնի իրավունք տվող արժեթղթերի ընդհանուր թվի ավելի քան 40 տոկոսը.

2) ներդնել իր զուտ միջոցների ավելի քան 10 տոկոսը որևէ մեկ անձի արժեթղթերում.

3) ներդրում կատարել այլ ինվեստիցիոն հիմնադրամների կողմից թողարկված արժեթղթերում.

4) ներդրում կատարել տվյալ ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսերի ավելի քան 5 տոկոսը ունեցող որևէ անձում.

5) պարտավորվել վաճառել իր սեփականությունը չհանդիսացող արժեթղթերը.

6) փոխառնել դրամ կամ ստանալ որևէ տեսակի վարկ.

7) տալ ցանկացած տեսակի երաշխավորագրեր կամ գրավականներ.

8) իր կառավարչի, պահառուի, անկախ վերահսկիչի կամ վերջիններիս հետ փոխկապված որևէ անձի նկատմամբ հանդես գալ որպես սեփականատեր կամ վարկատու.

12.2. Սերտիֆիկատային ինվեստիցիոն հիմնադրամը, ի լրումն ինվեստիցիոն հիմնադրամների համար սույն կանոնադրության 12.1. կետով նախատեսված բոլոր սահմանափակումների, չի կարող`

1) ունենալ Հայաստանի Հանրապետության արժույթից, սեփականաշնորհման սերտիֆիկատներից, բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերից և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերից բացի որևէ այլ միջոց.

2) ներդրում կատարել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն չիրականացնող որևէ ընկերությունում.

3) վաճառել կամ տնօրինել սեփականաշնորհման սերտիֆիկատներ այլ կերպ, քան պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման կամ ապապետականացման հետևանքով թողարկված արժեթղթերի հետ փոխանակելու միջոցով.

4) տրամադրել կամ ստանալ վարկեր.

5) կնքել ինվեստիցիոն գործունեության հետ առնչություն չունեցող պայմանագրեր.

6) իր բաժնետոմսերի դիմաց ընդունել սեփականաշնորհման սերտիֆիկատներ, եթե դրա հետևանքով այդ ինվեստիցիոն հիմնադրամի (և նրա հետ փոխկապված խմբի) ընդունած սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդհանուր անվանական արժեքը կգերազանցի մինչև այդ օրը Հայաստանի Հանրապետությունում թողարկված սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդհանուր անվանական արժեքի 10 տոկոսը.

7) արժեթղթերում ներդրումներ, վերաներդրումներ կատարելուց և արժեթղթերի առուծախից բացի զբաղվել այլ տնտեսական գործունեությամբ.

8) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանափակ պատասխանատվություն չենթադրող ներդրումներ:

 

XIII. Բախումներ և չհամապատասխանող անձինք

 

13.1. Ինվեստիցիոն հիմնադրամի կամ նրա կառավարչի, պահառուի կամ անկախ վերահսկիչի աշխատող, գործադիր ղեկավար կամ վերահսկիչ հանձնաժողովի անդամ չեն կարող լինել`

ա) այն անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արգելված է զբաղեցնել նման պաշտոններ.

բ) այն անձինք, որոնք, պետական լիազորված մարմնի կարծիքով, դիտավորյալ կերպով խախտել են սույն կանոնադրության կամ արժեթղթերի մասին ՀՀ օրենսդրության պահանջները.

գ) այն անձինք, որոնք պետական լիազորված մարմնի կարծիքով, դիտավորյալ նշել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ ինվեստիցիոն ֆոնդի, կառավարչի կամ պահառուի արժեթղթերի գրանցման կամ լիցենզավորման նպատակով պետական լիազորված մարմնին ներկայացված փաստաթղթերում:

13.2. Ինվեստիցիոն հիմնադրամի պահառուի, կառավարչի կամ անկախ վերահսկիչի ստորադաս անձը չի կարող լինել այդ ինվեստիցիոն հիմնադրամի վարչության անդամ կամ գործադիր ղեկավար:

13.3. Ինվեստիցիոն հիմնադրամի հետ փոխկապված անձը չի կարող լինել այդ ինվեստիցիոն հիմնադրամի պահառու կամ անկախ վերահսկիչ:

13.4. Ինվեստիցիոն հիմնադրամի կառավարիչը, պահառուն և անկախ վերահսկիչը չեն կարող լինել մեկը մյուսի հետ փոխկապված անձինք:

13.5. Սույն կանոնադրության 1.14 կետում հիշատակված բոլոր շահագրգիռ անձինք ինվեստիցիոն հիմնադրամի նկատմամբ պետք է գործեն բարեխղճորեն և արդարացի, մասնավորապես`

1) շահագրգիռ անձանցից յուրաքանչյուրը ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետերերին պետք է տեղեկացնի այլ ինվեստիցիոն հիմնադրամի նկատմամբ իր ունեցած սեփականության իրավունքի, ֆինանսական գործառնությունների կամ պայմանագրային հարաբերությունների մասին, ինչպես նաև դադարեցնի այդ գործառնությունները կամ հարաբերություններն ինվեստիցիոն հիմնադրամի վարչության ոչ շահագրգիռ անդամների մեծամասնության պահանջով.

2) շահագրգիռ անձը, առանց վարչության ոչ շահագրգիռ անդամների մեծամասնության նախնական համաձայնության, իրավունք չունի երրորդ անձին խորհրդատվություն անել այնպիսի գործարքի վերաբերյալ, որի կողմերից մեկն այն ընկերությունն է, որի բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսը պատկանում է այդ ինվեստիցիոն հիմնադրամին.

3) շահագրգիռ անձանցից յուրաքանչյուրը պետք է բարեխղճորեն ապահովի, որպեսզի ինվեստիցիոն հիմնադրամը հնարավորություն ունենա մասնակցելու շահագրգիռ անձանց կամ նրանց հաճախորդների կողմից Հայաստանի Հանրապետությունում կատարվող ներդրումներին, եթե այդպիսի ներդրումներն արգելված չեն ինվեստիցիոն հիմնադրամի կանոնադրությամբ.

4) ցանկացած պայմանագիր, որը կնքվել է շահագրգիռ անձի և այնպիսի ընկերության միջև, որի բաժնետոմսերի ավելի քան 5 տոկոսը պատկանում է տվյալ ինվեստիցիոն հիմնադրամին, ենթակա է հաստատման ինվեստիցիոն հիմնադրամի վարչության ոչ շահագրգիռ անդամների մեծամասնության կողմից.

5) ինվեստիցիոն հիմնադրամի և այն անձանց միջև, որտեղ շահագրգիռ անձանցից որևէ մեկն ունի տնտեսական շահ, կնքվող բոլոր գործարքները նախապես պետք է հաստատված լինեն ինվեստիցիոն հիմնադրամի վարչության ոչ շահագրգիռ անդամների մեծամասնության կողմից.

6) շահագրգիռ անձինք պարտավոր են պահպանել ինվեստիցիոն հիմնադրամի ներդրման օբյեկտ հանդիսացող ընկերություններից ստացված, ինչպես նաև ինվեստիցիոն հիմնադրամին վերաբերող հրապարակման ոչ ենթակա բոլոր տեղեկությունների գաղտնիությունը:

 

XIV. Հաշվապահական հաշվառումը

 

14.1. Սերտիֆիկատային ինվեստիցիոն հիմնադրամները պետք է հաշվարկեն սեփականաշնորհման սերտիֆիկատների դրամական արժեքը և օգտագործեն այն հաշվապահական հաշվառման և գնահատման նպատակների համար, ներառյալ`

ա) ինվեստիցիոն հիմնադրամի միջոցների զուտ արժեքի հաշվարկման.

բ) մեկ սեփականաշնորհման սերտիֆիկատով փոխանակվող ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետոմսերի թվի հաշվարկման.

գ) սեփականաշնորհման սերտիֆիկատներով կատարվող ներդրումների գնահատման համար: Սեփականաշնորհման սերտիֆիկատների դրամական արժեքը հաշվարկվում է դրանց` վերջին պաշտոնապես հայտարարված անվանական արժեքով:

14.2. Ինվեստիցիոն հիմնադրամները պարտավոր են իրենց զուտ միջոցների հաշվարկը կատարել յուրաքանչյուր ամսվա վերջում, ինչպես նաև իրենց բաժնետոմսերի յուրաքանչյուր սերիայի թողարկման համար բաժանորդագրության բացման օրը:

 

XV. Տեղեկատվության հրապարակումը

 

15.1. Յուրաքանչյուր ֆինանսական եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան 60 օր հետո, ինվեստիցիոն հիմնադրամը հանրապետական մամուլում պարտավոր է հրապարակել և պետական լիազորված մարմնին ներկայացնել իր եռամսյակայն ֆինանսական հաշվետվությունը, որը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները`

1) ինվեստիցիոն հիմնադրամի ներդրումների ցուցակը (արժեթղթերի թողարկողը, թիվը և տեսակը) ֆինանսական եռամսյակի վերջին օրվա դրությամբ.

2) հաշվետու ժամանակաշրջանում կատարված ինվեստիցիոն գործառնությունների ցուցակը.

3) հաշվետու ժամանակաշրջանում տեղի ունեցած դրամագլխի աճի և կորստի մասին տեղեկանքը.

4) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հիմնադրամի հաշվապահական հաշվեկշիռը, եկամուտների և միջոցների զուտ արժեքի մասին հաշվետվությունները.

5) հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերի և վարձատրության (ներառյալ կառավարչի և պահառուի վարձատրության) մասին տեղեկանքը.

6) կառավարչի կամ նրա հետ փոխկապված անձի և որևէ ընկերության (որի նկատմամբ ինվեստիցիոն հիմնադրամն այդ ժամանակ հանդես է եկել որպես ներդրող) միջև կնքված բոլոր պայմանագրերի և գործարքների մասին հաշվետվությունը.

7) իր կառավարչի, պահառուի և անկախ վերահսկիչի մասին տվյալները.

8) ինվեստիցիոն հիմնադրամի, նրա կառավարչի, պահառուի և անկախ վերահսկիչի 10 խոշորագույն բաժնետերերի անունները և նրանց փայամասնակցության տոկոսը.

9) ինվեստիցիոն հիմնադրամի վարչության, ինչպես նաև ինվեստիցիոն հիմնադրամի կառավարչի, անկախ վերահսկիչի և պահառուի վարչությունների բոլոր անդամների ցուցակը:

15.2. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ, քան 90 օր հետո ինվեստիցիոն հիմնադրամը հանրապետական մամուլում պարտավոր է հրապարակել և պետական լիազորված մարմնին ներկայացնել իր տարեկան հաշվետվությունը, որը պետք է բովանդակի նույն տեղեկությունները, որոնք նախատեսված են եռամսյակային հաշվետվության համար, սակայն տվյալ ֆինանսական տարվա հաշվարկով: Այն պետք է ստուգված լինի ինվեստիցիոն հիմնադրամի անկախ վերահսկիչի կողմից և դրան կից պետք է ներկայացվի անկախ վերահսկիչի վավերագիրը կամ դիտողությունները:

15.3. Պետական լիազորված մարմինը իրավասու է ցանկացած ժամանակ առանց նախազգուշացման ստուգել և զննել ինվեստիցիոն հիմնադրամի կամ կառավարչի և պահառուի փաստաթղթերը, արժեթղթերի գրանցման գիրքը, շենքերը և գործունեությունը: Ինվեստիցիոն հիմնադրամի անկանոն գործունեության, ինչպես նաև ինվեստիցիոն հիմնադրամի, նրա կառավարչի կամ պահառուի կողմից սույն կանոնադրության պահանջների խախտման դեպքում պետական լիազորված մարմինը իրավունք ունի գումարելու ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետերերի արտահերթ ժողով, ինչպես նաև իրականացնելու ինվեստիցիոն հիմնադրամի բաժնետերերի շահերի պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ:

 

XVI. Գովազդը

 

16.1. Ինվեստիցիոն հիմնադրամներին չի թույլատրվում գրավոր կամ հրապարակային գովազդման միջոցով իրենց ներդրողներին խոստանալ եկամուտներ կամ որևէ հաստատագրված գնով իրենց բաժնետոմսերի վերադարձում: Ինվեստիցիոն հիմնադրամներին արգելվում է հրապարակային գովազդման կամ որևէ այլ եղանակով կատարել իրականությանը չհամապատասխանող կամ թյուրիմացություն առաջացնող հայտարարություններ: Ինվեստիցիոն հիմնադրամը չի կարող մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել պետական լիազորված մարմնի հաստատմանը չներկայացված և վերջինիս կողմից չհաստատված որևէ գովազդ: «Մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, մամուլի և զանգվածային լրատվության միջոցներին արգելվում է հրապարակել ինվեստիցիոն հիմնադրամին վերաբերվող որևէ գովազդ, որը ստուգված և հաստատված չէ կամ որի հաստատումը չեղյալ է հայտարարվել պետական լիազորված մարմնի կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.1994
N 469
Որոշում