ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2020 թվականի N 1746-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա» նոր կամրջի (այսուհետ` կամուրջ) օտարման գոտու սահմաններում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն գյուղում գտնվող 11-016-0236-0092 կադաստրային ծածկագրով հողամասի վրա տեղակայված 357.58 քառ. մետր մակերեսով ծածկարանի, 6 հատ` յուրաքանչյուրը 12.59 քառ. մետր մակերեսով, տաղավարների ապամոնտաժման, 26 մետր երկարությամբ պատի և 43 քառ. մետր մակերեսով տանիքավոր մայթի քանդման աշխատանքների իրականացումը:
2. Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն օրենսդրական ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կազմակերպել կամրջի օտարման գոտու սահմաններում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն գյուղում գտնվող 11-016-0236-0092 կադաստրային ծածկագրով հողամասի վրա տեղակայված 84 քառ. մետր մակերեսով շենքի քանդման աշխատանքների իրականացումը:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքի քանդման և ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են կամրջի շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից` օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված 1049 ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշեն անցման կամրջի վերակառուցման վարկային ծրագիր» 21008 միջոցառման «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածի հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո ապամոնտաժված ծածկարանը և 6 հատ տաղավարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար ոչ պիտանի լինելու դեպքում օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով օտարելու նպատակով:
4. Սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի ապամոնտաժման աշխատանքներն ավարտելուց հետո 3-ամսյա ժամկետում ապահովել տվյալ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` յուրաքանչյուրին իր մասով` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքի (բացառությամբ ծածկարանի և 6 հատ տաղավարների) քանդման աշխատանքների ավարտից հետո 2-ամսյա ժամկետում ապահովել ապամոնտաժված գույքը հաշվեկշռից հանելու գործընթացը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հոկտեմբերի
Երևան
ԻՐՏԵԿ |
Նկատի ունենալով, որ ԻՐՏԵԿ-ին հայտնի չէ, թե երբ է սույն որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկվել այն անձանց, որոնց ուղղված է սույն որոշումը, ապա ԻՐՏԵԿ-ը սույն որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը չի կարող նշել: |