ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2020 թվականի N 1268-Ն
ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով համարվում են իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները`
1) նախկին կառուցապատողը դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը նոր կառուցապատողը ձեռք է բերել սնանկության վարույթի փուլում` աճուրդային կարգով կամ օրենսդրությամբ թույլատրելի այլ եղանակով.
2) կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների գնորդ է համարվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձը (այդ թվում, այն դեպքում, երբ ֆիզիկական անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, սակայն բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը ձեռք է բերում որպես ֆիզիկական անձ), ով նույն սնանկության վարույթի շրջանակներում նույն գույքի մասով օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից ճանաչվել է որպես պարտատեր, կամ ով կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի կառուցապատողի հետ ունեցել է այդ նույն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռքբերման պայմանագիր: Գույքն աճուրդային կարգով օտարելու դեպքում այդ պահանջը պետք է գրանցված լինի (ենթակա է գրանցման) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.
3) առկա է բոլոր շահագրգիռ կողմերի (բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը սնանկության վարույթի փուլում աճուրդային կարգով ձեռք բերած նոր կառուցապատող, ֆիզիկական անձինք, առկայության դեպքում` նաև վարկատու-գրավառու) փոխադարձ նոտարական կարգով հաստատված համաձայնությունը` անավարտ շինարարությունն ավարտին հասցնելու և բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների առուվաճառքի գործարքները սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով որոշվող գնով կատարելու վերաբերյալ:
Արդեն իսկ կատարված գործարքների դեպքում հիմք է ընդունվում կառուցված շենքից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով կնքված և նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագիրը:
(1-ին կետը փոփ. 10.09.2020 թիվ 1504-Ն որոշում)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի գին (ներառյալ ԱԱՀ) է համարվում`
1) կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռքբերման համար ֆիզիկական անձանց կողմից սնանկ ճանաչված կառուցապատողի հետ կնքված պայմանագրով ամրագրված` անշարժ գույքի գնի և դատարանի համապատասխան որոշմամբ արձանագրված` սնանկ ճանաչված կառուցապատողին վճարված գումարի տարբերության ու վճարման ենթակա հավելյալ գումարի հանրագումարը, կամ
2) կառուցվող (կառուցված) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռքբերման համար նոր կառուցապատողի հետ կնքված պայմանագրերի համաձայն նոր կառուցապատողին ֆիզիկական անձանց կողմից փաստացի վճարված (այդ թվում` հավելյալ) գումարները:
(2-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1504-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը դատական կարգով սնանկ ճանաչված կամ որոշման ընդունման պահին սնանկության վարույթում գտնվող կառուցապատողների հետ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման պայմանագրերի առարկա համարվող գույքի օտարման գործաքների վրա: Սույն որոշման ընդունման պահին սնանկության վարույթում գտնվող կառուցապատողների հետ կնքված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման պայմանագրերի առարկա համարվող գույքի օտարման գործարքների վրա սույն որոշման դրույթները տարածվում են գույքի օտարումն աճուրդային եղանակով իրականացվելու պարագայում:
(3-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1504-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 31
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2020 թվականի: