ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2020 թվականի թիվ 116-Ն
«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԴՐՎԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/32-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Նպատակ ունենալով հստակեցնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները և ածանցյալ ֆինանսական գործիքների կողմերի նկատմամբ պահանջները, հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների կողմերը և ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները» կանոնակարգ 10/32-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
2020 թ. հուլիսի 22
Երևան
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի հուլիսի 17-ի
թիվ 116-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/32 ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԴՐՎԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոնակարգը սահմանում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների կողմերը և ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները:
2. Սույն կանոնակարգի իմաստով միջազգային ֆինանսական կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով սահմանված միջազգային ֆինանսական կազմակերպությունները:
3. Սույն կանոնակարգով սահմանված այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 2. |
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԴՐՎԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ |
4. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները հեջավորման նպատակով կարող են ներդրվել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ածանցյալ ֆինանսական գործիքներում: Ընդ որում` ածանցյալ ֆինանսական գործիքում ներդրումը համարվում է հեջավորման նպատակով իրականացված, եթե
1) ուղղված է ֆոնդի ներդրումների կառավարման հետ կապված ռիսկերի ամբողջությամբ կամ մասնակի նվազեցմանը,
2) առկա է անմիջական կապ հեջավորվող օբյեկտի (ռիսկի) և ածանցյալ ֆինանսական գործիքի միջև, և
3) բխում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ներդրումային քաղաքականությունից, այդ թվում` կապված է ֆոնդում ներառված ակտիվների հետ կամ այն ակտիվների հետ, որոնցում ֆոնդը նախատեսում է ներդրումներ իրականացնել:
5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից ածանցյալ ֆինանսական գործիքների կնքումը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնք ենթակա չեն լիցենզավորման և/կամ վերահսկողության որևէ պետությունում և հանդիսանում են միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված միջազգային կազմակերպություն, չի հանդիսանում արտասահմանյան պետությունում կատարված ներդրում:
ԳԼՈՒԽ 3. |
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԵՐԸ |
6. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքի կողմ կարող են լինել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները,
2) Միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Ընդ որում` այս կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի 39-րդ հոդվածի 15-րդ մասով բանկերի համար սահմանված գործարքի չափերը,
3) Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները, որոնք առնվազն ունեն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ» վարկանիշ:
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հուլիսի 2020 թվական: