(ուժը կորցրել է 24.08.2022 թիվ 1332-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2020 թվականի N 1236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՈՒՅՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱԶԱՏ ԿԱՄ ԱԶԱՏՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում` նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարաններում, այդ թվում` նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ` հանրակացարանային տարածք) հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքը որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` կազմում ընդգրկելով ներկայացուցիչների Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ` կոմիտե) (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ, որոնցից մեկը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ պետք է կատարի հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից, կադաստրի կոմիտեից, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից:
3. Սահմանել, որ կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքներում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներով սահմանված պայմաններով չզբաղեցնելու դեպքում կոմիտեն տվյալ հանրակացարանային ազատ բնակելի տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող անձանց սահմանված կարգով տրամադրելու համար:
4. Կոմիտեի նախագահին` կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքներում ազատ կամ ազատված բնակելի տարածքի վերաբերյալ տեղեկատվությունն ազատ տարածքի առաջանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել կոմիտեի պաշտոնական կայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն յուրաքանչյուր տարածքի մակերեսի և դիմումները ներկայացնելու ժամկետի մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 23-ի
N 1236-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՈՒՍՈՒՑՉԻ ՏՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՈՒՅՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱԶԱՏ ԿԱՄ ԱԶԱՏՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն) պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) ենթակայության տակ գտնվող` պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված (սպասարկման ենթակա հանրակացարանների), այդ թվում` նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ` հանրակացարանային բնակելի տարածք) հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Բնակարանային պայմանների բարելավումը հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում ազատ տարածքների առկայության դեպքում լրացուցիչ առանձնացված բնակելի տարածքի հատկացումն է:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսվող բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառու են համարվում հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց ընտանիքը բաղկացած է 3 և ավելի անձից:
4. Հանրակացարանային ազատ տարածքներում սույն կարգի 3-րդ կետով սահմանված շահառուն իր բնակարանային պայմանների բարելավման նպատակով N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում կոմիտե` դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագրի պատճենը կամ նույնականացման քարտի պատճենը.
2) ընտանիքի չափահաս անդամների կողմից տրված լիազորագիր (համաձայնագիր)` իրենց անունից կոմիտեում հանդես գալու համար.
3) ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները` հաշվառման էջով կամ նույնականացման քարտերի պատճենները.
4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի պատճենները.
5) տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված` համապատասխան տարածքում հաշվառված լինելու վերաբերյալ.
6) տեղեկանք բնակության վայրից` տվյալ բնակելի տարածքում փաստացի բնակվելու վերաբերյալ.
7) տեղեկանք ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության միավոր ունենալու վերաբերյալ.
8) հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ունենալու դեպքում` կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:
5. Շահառուի համապատասխան դիմումը, ըստ ներկայացնելու ժամկետների, կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից գրանցվում է հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի:
6. Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է շահառուի (շահառուների) կողմից ներկայացրած դիմումը (դիմումները) ու կից փաստաթղթերը և յուրաքանչյուր շահառուի համար կազմում է փաստաթղթերի փաթեթ:
7. Կոմիտեն սույն կարգի 6-րդ կետով կազմված փաստաթղթերի փաթեթը (փաթեթները) 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է սույն որոշման 2-րդ կետով ստեղծված հանձնաժողովին:
8. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի երեք անդամի մասնակցությամբ տեղում կատարում է ուսումնասիրություններ և կազմում արձանագրություն, որը փաստաթղթերի փաթեթների հետ միասին տրամադրում է հանձնաժողովի նախագահին:
9. Հանձնաժողովի նախագահը նիստերը հրավիրում է բնակարանային պայմանների բարելավման նպատակով ազատ սենյակ կամ տարածք ստանալու մասին անձանց դիմումները, դրանց կցված փաստաթղթերը և ուսումնասիրությունների արձանագրությունները հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Հանձնաժողովի նիստի հրավիրման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին իրազեկում է նիստի հրավիրման տեղի և ժամանակի մասին` նրանց առաքելով համապատասխան նյութերը, որոնք հասցեատիրոջն են տրամադրվում առձեռն կամ էլեկտրոնային կապի միջոցով:
11. Հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
12. Հանձնաժողովը յուրաքանչյուր հանրակացարանային ազատ տարածքի համար ներկայացված դիմումները քննարկում է առանձին:
13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Եթե տվյալ տարածքի համար առկա է մեկ դիմում, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ տարածքը որպես բնակարանային տարածքի բարելավում տրամադրել միակ դիմող շահառուին:
15. Եթե տվյալ տարածքի համար դիմել է մեկից ավելի շահառու, ապա հանձնաժողովը շահառուի ընտրությունն իրականացնում է հետևյալ առաջնահերթությամբ`
1) փաստացի բնակության մակերեսն ընտանիքի մեկ շնչի համար համեմատական տեսանկյունից կազմում է նվազագույնը.
2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ունի ավելի բարձր անապահովության միավոր.
3) ընտանիքում գերակշռում է անչափահաս երեխաների թիվը.
4) ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող երեխա.
5) ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անձ և որի հաշմանդամության խումբն ավելի բարձր է:
16. Հանձնաժողովի նիստի ընթացքը հանձնաժողովի քարտուղարի կողմից արձանագրվում է, և կայացված որոշումներն արձանագրության հետ միասին ներկայացվում են նիստին մասնակցած անդամների և հանձնաժողովի նախագահի ստորագրմանը:
17. Հանձնաժողովի ընդունած որոշումները հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են շահառուին:
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության պետական գույքի
կառավարման կոմիտեի նախագահ
ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԻՆ
__________________________________________________________________ -ից
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________________________________________________________
(ծննդյան տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը)
_____________________________________________________________________
(ներկայիս բնակության հասցեն, հեռախոսահամարը)
Դիմում
________________ -ից բնակվում եմ _________________________________:
(նշել տարեթիվը) (նշել հանրակացարանային տարածքը)
Խնդրում եմ որպես բնակարանային պայմանների բարելավում ինձ օգտագործման իրավունքով հատկացնել հանրակացարանային ազատ սենյակ կամ տարածք պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքից:
________________________ ________ սենյակ, _____ քառ. մ տարածք:
(տարածքի անվանումը)
Իմ ընտանիքը բաղկացած է _____ անձից:
Դիմող _________________ __________________________
(ստորագրությունը) (անուն, ազգանունը)
_________ ________________________ 202______թ.
(դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը)
Ձև N 2
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՌԿԱ ԱԶԱՏ ՏԱՐԱԾՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ
.____________________________________________________________________.
|NN |Անունը, հայրանունը,|Ծննդյան |Դիմումին կից|Բնակության|Նշումներ|
|ը/կ|ազգանունը |օրը, ամիսը,|ներկայացված |վայրը, | |
| | |տարեթիվը |փաստաթղթերը |հեռախոսա- | |
| | | | |համարը | |
|___|___________________|___________|____________|__________|________|
|___|___________________|___________|____________|__________|________|
|___|___________________|___________|____________|__________|________|
|___|___________________|___________|____________|__________|________|
|___|___________________|___________|____________|__________|________|
|___|___________________|___________|____________|__________|________|
|___|___________________|___________|____________|__________|________|
.____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական: