ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2020 թվականի N 91-Լ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-430-20.12.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 30
Երևան
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-430-20.12.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կառավարության առաջարկությունները «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախ և առաջ հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող` նվիրատվության պայմանագրի կնքված համարվելու պահին վերաբերող ձևակերպումը խնդրահարույց է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրի կնքման պահին վերաբերող կարգավորումների հետ հակասության տեսանկյունից:
Այսպես` նշված օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:
Նույն օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե օրենքին համապատասխան պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, ապա պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից:
Օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությունն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
Նվիրատվության պայմանագրի օրենսդրական բնորոշումից բխում է, որ այն կարող է հանդես գալ և՛ որպես կոնսենսուալ, և՛ որպես ռեալ պայմանագիր, այսինքն` այս պայմանագիրը կարող է կնքված համարվել, համապատասխանաբար, կա՛մ կողմերի միջև համաձայնություն կայացնելու, կա՛մ նվիրատվության առարկան նվիրառուին հանձնելու պահից:
Վերոշարադրյալ նորմերի համադրված վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսգիրքը հստակ սահմանել է նվիրատվության պայմանագրի կնքված համարվելու պահը, այն է` կամ նվիրատուի և նվիրառուի միջև համաձայնություն կայացնելու պահը, կամ նվիրատվության առարկան նվիրառուին հանձնելու պահը, ուստի նախագծով նախատեսվող կարգավորումն առ այն, որ նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը` ընդունված միայն համայնքի ավագանու կողմից նվիրատվության ընդունմանը հավանություն տալու դեպքում, չի բխում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ կարգավորումներից:
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող 23.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23.1) իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը.»:
Բացի այդ, առաջարկում ենք սահմանել ավագանու հավանությանը ներկայացվելիք նվիրատվության գումարի (ապրանքների դեպքում` արժեքի) ստորին շեմ` այդ շեմից ցածր գումարի (արժեքի) դեպքում ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտությունը բացառելու համար: