ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1578-Լ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-321-17.10.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-321-17.10.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի
Երևան
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-321-17.10.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է օրենքում նախատեսել կարգավորում, համաձայն որի` պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում` միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով այն կարգավորումը, համաձայն որի` հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց` համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:
Համաձայն նախագծին կից ներկայացված հիմնավորման` նշված դրույթների միջև առկա է հակասություն, մինչդեռ օրենքը պետք է լինի այն աստիճանի որոշակի, որպեսզի քաղաքացին հստակ գիտակցի, թե երբ է ենթակա զորակոչի, այլ ոչ թե պայմանավորի այն զորակոչի ժամկետների հետ, ուստի, հնարավոր չարաշահումները բացառելու համար նախագծի ընդունմամբ առաջարկվում է վերացնել առկա հակասությունը` ամրագրելով, որ, եթե անգամ նշված անձանց տարիքը լրանում է տվյալ զորակոչի ընթացքում, ապա վերջիններս ենթակա չեն զորակոչման:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ և նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասերի բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականությունն է և դրա իրականացման հիմնական ձևը, որի շրջանակներում զորակոչի կազմակերպման հարաբերությունները կարգավորելիս, օրենսդիրը նախագծով քննարկվող հոդվածում հստակ ամրագրել է ընդհանուր կանոն` նախատեսելով զորակոչի ենթակա սուբյեկտներին և վերջիններիս զորակոչման առավելագույն տարիքը, իսկ հաջորդ կարգավորմամբ, որոշակիացնելով և հստակեցնելով զորակոչի ենթակա սուբյեկտների շրջանակը, ներառել է նաև նրանց, որոնց համապատասխան տարիքը լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:
Գտնում ենք, որ օրենքի գործող կարգավորումները պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց շրջանակի և զորակոչի ժամկետների հստակության տեսանկյունից համապատասխանում են օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին, հետևաբար, տվյալ դեպքում պարզ չէ նախագծի ընդունման անհրաժեշտությունը, դրանով հետապնդվող նպատակը և ակնկալվող արդյունքը:
Ավելին, օրենքի գործող կարգավորման բացակայությունը կարող է խնդրահարույց լինել զորակոչի ավարտից հետո զորակոչից խուսափող անձանց վերաբերյալ կազմված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջիններիս արարքին քրեաիրավական գնահատական տալու տեսանկյունից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարված զորակոչից խուսափած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տարածքային զինկոմիսարիատներից հաղորդումներ են ուղարկվում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան բաժիններ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ և N 2 հավելվածի 26-րդ կետերի:
Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ նշված այն փաստարկներին, որ պայմանականորեն կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ զորակոչի ժամկետների փոփոխման արդյունքում անձը կարող է զորակոչվել նաև 27 տարեկանը լրանալուց հետո, գտնում ենք անհիմն` հետևյալ պատճառաբանությամբ`
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի`
«1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:»:
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի`
«2. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:»:
Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ տալու անթույլատրելիության վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը: Այսպես`
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2012 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-1061 որոշման մեջ արձանագրել է «(...) անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը» և որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «... հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը, միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի` անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը` մի շարք միջազգային պայմանագրերով:»:
Արդյունքում կարող ենք փաստել, որ, անգամ զորակոչի ժամկետների փոփոխման դեպքում, 27 տարին լրացած անձի համար իրավական վիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ ունենալ չի կարող:
Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի և նախագծի հիմնավորումների համատեքստում առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում համապատասխան փոփոխությունները կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ: