Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2019 թվականի N 1475-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-301-01.10.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի

Երևան

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-301-01.10.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ օրենք) 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասն աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով ֆինանսական հնարավորությունները:

Անձի եկամուտները (աշխատավարձը) և դրանից կատարված վճարումները կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի չեն առնվում:

Սա նշանակում է, որ կենսաթոշակի չափի վրա ազդող միակ գործոնն անձի աշխատանքային ստաժի տևողությունն է (այն ժամանակահատվածը, որի ընթացքում անձը զբաղվել է աշխատանքային գործունեությամբ և օրենքով սահմանված կարգով կատարել է վճարումներ):

Ընդ որում, աշխատանքային ստաժի տևողության մեջ հաշվառվում է աշխատանքի ընդունվելու օրվանից մինչև աշխատանքից ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը` անկախ այդ ժամանակահատվածում համատեղությամբ աշխատելու հանգամանքից և անձի կողմից փաստացի կատարած աշխատանքի ծավալից: Հարկ է նկատի ունենալ, որ աշխատանքային ստաժը հաշվարկելիս նույնական մոտեցում է ցուցաբերվում թե՛ այն դեպքում, երբ անձն աշխատում է արտաժամյա (օրինակ` շաբաթական 60 ժամ), թե՛ այն դեպքում, երբ անձն աշխատում է կրճատ աշխատաժամանակով (օրինակ` շաբաթական 24 ժամ):

Նախագծով առաջարկվող` աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր գնահատմամբ, էապես կբարդացնի աշխատանքային ստաժի տևողությունը (աշխատանքային կենսաթոշակի չափը) հաշվարկելու կարգը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում անհրաժեշտություն կառաջանա անդրադարձ կատարել նաև այն դեպքերին, երբ անձն աշխատում է աշխատաժամանակի կրճատ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված) կամ առավելագույն (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մաս) տևողությամբ կամ նույն գործատուի մոտ` երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով (ակնհայտ է, որ գործատուները համապատասխան հաշվարկ չեն վարում, ինչն էապես բարդացնում է աշխատանքային ստաժը հաստատելու կանոնները):

Աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր կարծիքով, խնդրահարույց է նաև սոցիալական արդարության տեսակետից` հաշվի առնելով, որ այս դեպքում, օրինակ, նույն ժամանակահատվածում 0.25 դրույքով 2 դպրոցում աշխատած ուսուցիչը (ընդամենը` 0.5 դրույք) կկուտակի ավելի շատ կենսաթոշակային իրավունքներ, քան մեկ դպրոցում 1 դրույքով աշխատած ուսուցիչը:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.2019
N 1475-Լ
Որոշում