Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ԸՆՏՐԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

26.06.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.2001  -ից մինչեւ   26.06.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 20.05.03 թիվ 192-Ն հրաման)

i

102.0870.271200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

27 դեկտեմբերի 2000 թվականի N 870

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 5-րդ կետի ժզ ենթակետի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 523 հրամանով հաստատված հրահանգի 209 կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Նոտարների կողմից թարգմանիչներ ընտրելու կարգը»:

2. Հաստատել «Թարգմանիչների որակավորման ստուգման կարգը»:

3. Սահմանել, որ նոտարները պարտավոր են իրենց կողմից ընտրված թարգմանիչների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել թագմանիչին ընտրելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

4. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված կարգն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 1-ից:

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2000 թվականի դեկտեմբերի 27-ի

N 870 հրամանով

 

ԿԱՐԳ

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ

 

1. Հայերն լեզվին չտիրապետող անձանց սպասարկելու, ինչպես նաև փաստաթղթերի` մեկ լեզվից մեկ այլ լեզվի թարգմանության ճշտությունը վավերացնելու նոտարական գործողությունը կատարելու համար նոտարը պարտավոր է ունենալ թարգմանիչներ:

Մասնավորապես` Երևան քաղաքում աշխատող նոտարները պարտավոր են ունենալ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին, իսկ այլ քաղաքներում աշխատողները` առնվազն նշված լեզուներից մեկին տիրապետող թարգմանիչներ, եթե նոտարն ինքը չի իրականացնում այդ լեզվով թարգմանությունը: 2. Նոտարը թարգմանիչներին ընտրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որակավորման ստուգում անցած թարգմանիչներից: 3. Թարգմանիչներին ընտրելիս նոտարը պարտավոր է պահանջել` 1) դիմում, որում պետք է նշվեն` ա/ թարգմանչի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում). բ/ այն լեզուն (լեզուները), որով թարգմանիչն իրականացնելու է թարգմանությունը. գ/ թարգմանչի բնակության վայրը, հեռախոսի և (կամ) ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն` դրանց առկայության դեպքում. դ/ թարգմանչի գործունեության վայրի հասցեն, հեռախոսի, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն` դրանց առկայության դեպքում: 2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից թարգմանչին տրված տվյալ լեզվին տիրապետելու մասին վկայականի պատճենը. 3) մեկ գունավոր լուսանկար 4 X 6 չափսի. 4) անձնագիրը և դրա պատճենը. 5) անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռներեցի) վկայականի պատճենը. 6) իր կողմից իրականացվող թարգմանությունների գնացուցակը: Թարգմանչի կողմից իրականացվող թարգմանությունների գնացուցակում գները պետք է նշված լինեն ըստ թարգմանվող բառերի քանակի: Թարգմանիչն իրավունք ունի փոփոխել իր կողմից իրականացվող թարգմանությունների գնացուցակի գները` այդ մասին նոտարին նախօրոք գրավոր հայտնելուց հետո միայն: Թարգմանչի բնակության կամ գործունեության վայրի, հեռախոսի, ֆաքսի համարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխման դեպքում նա պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել նոտարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: 4. Նոտարի կողմից ընտրված թարգմանիչը նոտարին տալիս է պարտավորագիր (ձևը կցվում է): 5. Տվյալ լեզվին տիրապետող թարգմանիչ չունեցող նոտարն իրավունք ունի մեկանգամյա նոտարական գործողություններ կատարելու համար հրավիրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որակավորման ստուգում անցած թարգմանչի: Այս դեպքում թարգմանչից պահանջվում են միայն սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը: 6. Իր կողմից ընտրված յուրաքանչյուր թարգմանչի համար նոտարը կազմում է առանձին անձնական գործ, որում ընդգրկվում են սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերը, ինչպես նաև թարգմանչի անձնագրի պատճենը, նրա կողմից տրված պարտավորագրի մեկ օրինակը, թարգմանչի ոչ պակաս քան երեք ստորագրությունների օրինակները, թարգմանչի կնիքի դրոշմի պատկերը (կնիքի առկայության դեպքում):

Եթե թարգմանիչն օգտագործում է ձևաթղթեր, ապա գործում պահվում են նաև դրանց նմուշները: 7. Նոտարը պարտավոր է նոտարական գրասենյակի տեսանելի տեղում փակցնել իր կողմից ընտրված թարգմանչի մասին համապատասխան տվյալներ, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող թարգմանությունների գնացուցակը: 8. Թարգմանչի որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում նոտարը պարտավոր է հրաժարվել այդ թարգմանչի ծառայություններից: 9. Նոտարն իրավունք ունի հրաժարվել իր կողմից ընտրված թարգմանչի ծառայություններից, եթե` 1) թարգմանչի կողմից թարգմանություններ կատարելիս պարբերաբար խախտվել են նոտարիատի մասին օրենսդրության և իրավական այլ ակտերի պահանջները. 2) նոտարն ունի բավարար հիմքեր պնդելու, որ թարգմանիչը չի տիրապետում համապատասխան լեզվին. 3) նոտարը հայտնաբերի, որ թարգմանչի կողմից խախտվել է նոտարական գաղտնիքը կամ թարգմանիչը ակնհայտ սխալ թարգմանություն է կատարել. 4) թարգմանիչը խախտել է իր կողմից ներկայացված գնացուցակի առավելագույն սահմանը. 5) նոտարն ընտրել է համապատասխան օտար լեզուն տիրապետող այլ թարգմանիչ. 6) նոտարը տիրապետում է համապատասխան օտար լեզվին և ինքն է իրականացնում թարգմանությունները: 10. Թարգմանիչն իրավունք ունի հրաժարվել իրեն ընտրած նոտարին թարգմանչական ծառայություններ մատուցելուց ցանկացած ժամանակ: Այդ մասին նա պարտավոր է նախօրոք տեղեկացնել նոտարին: 11. Թարգմանչից հրաժարվելու, նրա մահվան կամ թարգմանչի կողմից նոտարին սպասարկելուց հրաժարվելու դեպքում նոտարը փակում է թարգմանչի անձնական գործը, նշելով անձնական գործը փակելու իրավական հիմքը և օրը:

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2000 թվականի դեկտեմբերի 27-ի

N 870 հրամանով

 

ԿԱՐԳ

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Նոտարական գրասենյակների կողմից հայերեն լեզվին չտիրապետող անձանց սպասարկելու, ինչպես նաև փաստաթղթերի` մեկ լեզվից մեկ այլ լեզվի թարգմանություն իրականացնել ցանկացող անձանց որակավորումը ստուգվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Որակավորման ստուգման համար կարող են դիմել գործունակ այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզուն տիրապետելու մասին վկայական (դիպլոմ): 2. Որակավորման ստուգման համար դիմողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում` 1) դիմում, որում պետք է նշվեն` ա/ նրա անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում). բ/ այն լեզուն (լեզուները), որով դիմողն իրականացնելու է թարգմանությունը. գ/ դիմողի բնակության վայրը, հեռախոսի, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն` դրանց առկայության դեպքում. դ/ դիմողի գործունեության վայրը, հեռախոսի, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն` դրանց առկայության դեպքում: 2) երկու գունավոր լուսանկար 4 X 6 չափսի. 3) անձնագիր. 4) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին դիպլոմների (վկայականների) պատճենները:

Սույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

Դիմողը նաև նախապես վճարում է հանձնաժողովի կողմից սահմանված փորձաքննության և ստուգումների համար նախատեսված վճարը: 3. Թարգմանիչների որակավորման ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծած հանձնաժողովը (այսուհետև հանձնաժողով): 4. Հանձնաժողովը` 1) կազմակերպում է դիմողների ստուգման աշխատանքները. 2) ընտրում է թարգմանության համար նախատեսվող տեքստերը. 3) որոշում է ստուգման վայրը, ժամանակը և դրա մասին հայտնում դիմողներին. 4) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և կարգավորում է ստուգող ու բողոքարկման հանձնաժողովների գործունեության հետ առնչվող հարցերը. 5) քննում է դիմողների բողոքները` կապված ստուգման կազմակերպման հետ. 6) ընդունում է ստուգման կազմակերպման հետ կապված այլ որոշումներ. 7) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ: 5. Դիմողների որակավորումը որոշելու համար ստուգվում են հայերեն և տվյալ օտար լեզվին տիրապետելու նրա գիտելիքները: 6. Ստուգումներն անցկացվում են ոչ պակաս քան տարին մեկ անգամ: Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ: 7. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերեն լեզվով և դռնբաց: 8. Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն և տվյալ օտար լեզուներով տեքստեր: Թարգմանության համար սահմանվում է երկու ժամ ժամանակ: Դիմողն իրավունք ունի թարգմանությունները կատարելիս օգտվել բառարաններից և համակարգչային տեխնիկայից: 9. Ստուգման համար նախատեսված տեքստերն ընտրում է հանձնաժողովը, որը պարտավոր է ապահովել դրանց գաղտնիությունը: 10. Թարգմանությունների ճշտությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ընտրված փորձագետների կողմից, որոնց անանուն են ուղարկվում թարգմանությունները: 11. Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կատարված ծախսերը փոխհատուցվում են դիմողի կողմից: 12. Ստուգման արդյունքների գնահատումն իրականացնում է փորձագետը: Ստուգման արդյունքների գնահատումն իրականացվում է 20 միավոր համակարգով: Դրական են համարվում տասնյոթ և բարձր միավորները: 13. Ստուգման ընթացակարգը չի կարող մեկ ամսից ավել տևել, որն իր մեջ չի ներառում բողոքարկման գործընթացը: 14. Ստուգումների արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով հայտնվում է կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ քան թարգմանությունների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում: 15. Ստուգմանը չներկայացած դիմողները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը: Ստուգման մասնակցությունից հրաժարված դիմողներին վերադարձվում է միայն նրանց կողմից փորձաքննության համար կատարված վճարը: 16. Ստուգման արդյունքները բողոքարկման հանձնաժողովին կարող են բողոքարկվել տասնօրյա ժամկետում: 17. Բողոքարկման հանձնաժողովն իրավունք չունի իջեցնել դիմողի գնահատականը:

Եթե բողոքարկման հանձնաժողովը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի գնահատականը համապատասխանաբար ավելացվում է: 18. Հանձնաժողովի որոշմամբ համապատասխան դրական միավորներ ստացած անձին տրվում է որակավորման վկայական: 19. Որակավորման վկայականում նշվում են` 1) վկայական տվող մարմնի անվանումը. 2) վկայականի համարը. 3) վկայականը տալու օրը. 4) որակավորման ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում). 5) այն լեզուն (լեզուները), որով նա իրավունք ունի իրականացնել թարգմանություններ: Վկայականի վրա փակցվում է որակավորման ստուգում անցած անձի լուսանկարը: Վկայականը վավերացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ստորագրությամբ և նախարարության Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիքով: 20. Սույն կարգի համաձայն որակավորման վկայական տալով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նոտարների տեղեկացնում է միայն անձի որակավորման ստուգման փաստի մասին: Նոտարը պարտավոր չէ որպես թարգմանիչ ընտրել իրեն դիմած որակավորման վկայական ստացած անձին: 21. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված որակավորման վկայականն այլ նպատակով չի կարող օգտագործվել, որի մասին նշում է կատարվում որակավորման վկայականում: 22. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվում է որակավորման վկայական ստացած անձանց գրանցամատյան, որում պետք է նշվեն` 1) վկայականի համարը. 2) վկայականը տալու օրը. 3) որակավորման ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում). 4) այն լեզուն (լեզուները), որով նա իրավունք ունի իրականացնել թարգմանություններ. 5) նրա բնակության և գործունեության վայրերը. 6) տեղեկություններ որակավորման վկայականի վերաձևակերպման, որակավորման վկայականի գործողության դադարեցման մասին:

Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, իսկ գրանցամատյանը կնքվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: 23. Որակավորման վկայականը տրվում է մեկ օրինակով: Դրա կորստյան (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և տալիս հայտարարություն զանգվածային լրատվության միջոցով:

Կորած որակավորման վկայականի կրկնօրինակը նախարարությունը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 օրվա ընթացքում: 24. Որակավորման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, անձը դիմում է ներկայացնում նախարարությանը` դրա կրկնօրինակը ստանալու համար:

Նախարարությունը ոչ պիտանի դարձած որակավորման վկայականի կրկնօրինակը անձին տալիս է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը: 25. Որակավորման վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը: 26. Որակավորման վկայական ստացած անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում նա պարտավոր է դրանք իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15 օրվա ժամկետում դիմել նախարարություն` որակավորման վկայականում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: 27. Որակավորման վկայականը տրվում է անժամկետ: 28. Որակավորման վկայական չստացած անձը դարձյալ որակավորման ստուգման համար կարող է դիմել սույն կարգով սահմանված ընդհանուր ընթացակարգով: 29. Վկայական ստացած անձն իրավունք ունի նոտարական գործողությունների համար թարգմանություններ կատարել միայն սահմանված կարգով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելուց հետո: 30. Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ, եթե` 1) որակավորման վկայական ստացած անձի կողմից թարգմանություններ կատարելիս պարբերաբար խախտվել են նոտարիատի մասին օրենսդրության և իրավական այլ ակտերի պահանջները կամ նրա կողմից խախտվել է նոտարական գաղտնիքը կամ նա դիտավորյալ սխալ թարգմանություն է կատարել, որոնց պատճառով նոտարը հրաժարվել է նրա ծառայություններից. 2) որակավորման վկայական ստացած անձի կողմից որակավորման վկայական ստանալու համար ներկայացվել են կեղծ փաստաթղթեր. 3) որակավորման վկայական ստացած անձի դիմումի համաձայն. 4) որակավորման վկայական ստացած անձի մահվան դեպքում: 5) որակավորման վկայական ստացած անձը պարբերաբար խախտել է իր կողմից ներկայացված թարգմանությունների գնացուցակի առավելագույն սահմանը: 31. Որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում որակավորման վկայականը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը կցվում է որակավորման ստուգում անցած անձի անձնական գործին:

 

ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

 

  ---- --------  20 --                         ք.

 

Ես ----------------------------------------------------------

անունը, ազգանունը, հայրանունը

 

-------------------------------------------------------------

                     բնակության վայրը

 

-------------------------------------------------------------

         անձնագրի համարը, ե՞րբ և ու՞մ կողմից է տրված

 

պարտավորվում եմ գրավոր կամ բանավոր թարգմանությունները կատարել լրիվ, ճշտորեն և ժամանակին` պահապանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իրավական այլ ակտերի պահանջները:

Իմ կողմից կատարված ոչ լրիվ կամ սխալ թարգմանությունների հետևանքով նոտարին կամ նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասների հատուցման պարտականությունը վերցնում եմ ինձ վրա:

 

-------------------------

                                 ստորագրություն

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «27»  12  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10200167

 

 

pin
Արդարադատության նախարարություն
27.12.2000
N 870
Հրաման