(ուժը կորցրել է 29.09.14 ՀՕ-147-Ն օրենք)
i
010.0066.230600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի մայիսի 30-ին
ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Սույն օրենքով կարգավորվում է պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների (այսուհետ` բնակարաններ) անհատույց մասնավորեցման հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
(1-ին հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-26-Ն օրենք)
i
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքի համաձայն անհատույց մասնավորեցման են ենթակա 1999 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված (վարձակալության տրված) պետական սեփականություն համարվող բնակարանները:
Մասնավորեցման ենթակա չեն պետական սեփականություն համարվող և 1999 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձնացված այլ բնակարաններ:
Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 3. Բնակարանային ֆոնդի մասնավորեցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով, մարզերում` մարզպետների, Երևան քաղաքում` քաղաքապետի կողմից:
ՀՈԴՎԱԾ 4. Պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` քաղաքապետին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Մասնավորեցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 1 ամսվա ընթացքում:
Մասնավորեցման մասին դիմումը կարող է տրվել տվյալ բնակարանի վարձակալի հետ վարձակալության պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող 1 տարվա ընթացքում: Սույն ժամկետի խախտմամբ տրված դիմումները չեն քննարկվում:
ՀՈԴՎԱԾ 5. Պետական բնակարանային ֆոնդի բնակարանները մասնավորեցվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:
ՀՈԴՎԱԾ 6. 1999 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների վարձակալության պայմանագիր կնքած անձինք այդ բնակարանների մասնավորեցման համար կարող են դիմել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` 1 տարվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 7. Պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:
ՀՈԴՎԱԾ 8. Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
23 հունիսի 2000 թ.
ՀՕ-66