Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ, 176-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ, 176-ՐԴ, 362-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԱՎԴ1/0018/01/15
Քրեական գործ թիվ ԱՎԴ1/0018/01/15  
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
                   Դատավորներ` Մ. Պետրոսյան 
                                                 Ռ. Բարսեղյան 

 

ՈՐՈՇՈՒՄ
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Ավագյանի

                   

2017 թվականի հունիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Արթուր Նորիկի Մելքոնյանի և Վահան Ստեփանի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ՊՆ ՔԾ 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Գ.Մաթևոսյանի` 2014 թվականի հունիսի 18-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 91153314 քրեական գործը:

2014 թվականի հուլիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 91153914 քրեական գործը:

2014 թվականի հուլիսի 17-ին թիվ 91153314 և թիվ 91153914 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է թիվ 91153914 համարով:

2014 թվականի հուլիսի 22-ին Արթուր Նորիկի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 361-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014 թվականի հուլիսի 22-ին Վահան Ստեփանի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 361-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1.1. 2014 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 59103314 քրեական գործը:

2014 թվականի սեպտեմբերի 29-ին Ա.Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով, 34-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1.2. 2014 թվականի հոկտեմբերի 30-ին Վ.Վարդանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով:

2014 թվականի հոկտեմբերի 30-ին Ա.Մելքոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով:

2. 2014 թվականի հոկտեմբերի 30-ին որոշում է կայացվել թիվ 91153914 քրեական գործից մաս անջատելու մասին, որին շնորհվել է 91157614 համարը:

2014 թվականի նոյեմբերի 7-ին թիվ 91153914 քրեական գործը միացվել է թիվ 91157614 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 91157614 համարով:

2014 թվականի նոյեմբերի 18-ին թիվ 59103314 և թիվ 91157614 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 91157614 համարով:

3. 2015 թվականի ապրիլի 13-ին Վ.Վարդանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի ապրիլի 13-ին Ա.Մելքոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:

4. 2015 թվականի ապրիլի 17-ին որոշում է կայացվել թիվ 91157614 քրեական գործից մաս անջատելու մասին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով, և նախաքննությունը շարունակվել է 90297415 համարով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 91157614 քրեական գործից մաս է անջատվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով` նախաքննությունը շարունակելով 90297315 համարով:

5. 2015 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 10-ի դատավճռով Արթուր Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված հանցանքները կատարելու մեջ, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ, 67-րդ հոդվածների կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով Վահան Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարելու մեջ, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ, 67-րդ հոդվածների կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով:

Վերոնշյալ դատական ակտով դատապարտվել են նաև Էմմանուել Սամվելի Զաքարյանը, Սևակ Էդիկի Ալիխանյանը, Սուրեն Նորիկի Ավագյանը և Արսեն Հրաչիկի Մարտիրոսյանը:

6. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 10-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալներ Ա.Մելքոնյանն ու Վ.Վարդանյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ ամբաստանյալների վերաքննիչ բողոքները մասնակիորեն բավարարել է և Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 10-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել: Ա.Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված հանցանքները կատարելու մեջ, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ, 67-րդ հոդվածների կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 տարի 6 ամիս ժամկետով:

Նույն դատական ակտով Վ.Վարդանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով նախատեսված հանցանքները կատարելու մեջ, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ, 67-րդ հոդվածների կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի ժամկետով:

Վերոհիշյալ դատական ակտի կապակցությամբ հատուկ կարծիք է ներկայացրել նախագահող դատավոր Ա.Պետրոսյանը` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության` ապացուցված համարելով, որ ամբաստանյալներ Ա.Մելքոնյանն ու Վ.Վարդանյանը կատարել են արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

7. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Վ.Վարդանյանի պաշտպան Ա.Մնացականյանը` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Նախաքննության մարմնի կողմից Ա.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 362-րդ հոդվածի 1-ին մասով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով այն բանի համար, որ «(...) Նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 76852 զորամասի 2-րդ հրետանային մարտկոցի 2-րդ հրետանային դասակի 2-րդ հաշվարկի լիցքավորող, կոչումով շարքային, հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ստեփանի Վարդանյանի հետ, 2014թ. հուլիսի 7-ին` ժամը 03.15-ի սահմաններում, հավաքակայանի պատի վրայով անցնելով ապօրինի մուտք են գործել զորամասի հավաքակայանի տարածքում տեղակայված շինություն համարվող ավտոմեքենաների կայանման համար նախատեսված պահեստարան, որտեղ, որպես հանցանքի կատարումը հեշտացնող միջոց, համածառայող Էմմանուել Զաքարյանից նախապես վերցրած ռետինե խողովակն օգտագործելով, կայանված «ՈՒրալ 432007» մակնիշի, ՊՆ 6127 Շ զինհամարանիշի ավտոմեքենայի բաքից քաշել-հանելու եղանակով հավաքակայանի օրապահ, շարքային Կառլեն Գրիգորյանի և հավաքակայանի ժամապահ Սևակ Ալիխանյանի ներկայությամբ բացահայտ հափշտակել են զգալի չափի` 71.736 դրամ ընդհանուր արժողությամբ 122 լիտր դիզելային վառելիք, որը լցնելով տարաների մեջ, Վահան Վարդանյանի հետ միասին գողոնը դուրս են բերել հավաքակայանի հետնամասի պատի վրայով ու հեռացել:

(...)

Բացի այդ, շարքային Արթուր Նորիկի Մելքոնյանը կողոպուտ կատարելուց հետո` կատարել է դասալքություն, այն է` 07.07.2014թ. զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է զորամասը:

(...)

Բացի այդ, Արթուր Նորիկի Մելքոնյանը 2014 թ-ի սեպտեմբերի 23-ին ուղղակի դիտավորությամբ, ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել իր ընկերներ Սուրեն Ավագյանի և Արսեն Մարտիրոսյանի հետ, քննությամբ չպարզված անձից ձեռք են բերել Երևան քաղաքի Մանուկյան փողոցի 4-րդ շենքի 29 բնակարանի մուտքի դռան բանալու կրկնօրինակը, որից հետո 2014 թ-ի սեպտեմբերի 24-ին, ժամը 03.00-ի սահմաններում, երեքով, օգտագործելով նշված բանալին, փորձել են բացել բնակարանի մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել նշված բնակարան` ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով,սակայն, չկարողանալով բացել այն, հեռացել են` հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով:

(...)

Բացի այդ, Արթուր Նորիկի Մելքոնյանը 2014թ. սեպտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում,քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերելով Սոնա Իշխանի Զաքևոսյանի անձնական կյանքին վերաբերվող գաղտնի տեղեկություններ, շորթում կատարելու դիտավորությամբ զանգահարել է վերջինիս և ներկայանալով Կարեն անունով, հայտնել է, որ ունի նրա վերաբերյալ արատավորող տվյալներ: Դրանք Ս.Զաքևոսյանի հարազատներին հրապարակելու սպառնալիքով, վերջինիցս պահանջել է խոշոր չափերի` 2.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև,Ա.Մելքոնյանը, 2014թ. սեպտեմբերի 26-ին Երևանի Նորագավիթ թաղամասում Ս.Զաքևոսյանից ստացել է պահանջված գումարից 1.000 ԱՄՆ դոլար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 73-75):

9. Նախաքննության մարմնի կողմից Վ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 362-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(...) Նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 76852 զորամասի ռեակտիվ հրետանային մարտկոցի 2-րդ հրետանային դասակի 2-րդ հաշվարկի նշանառու, կոչումով` շարքային, երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև 3 օր տևողությամբ` 23.05.2014թ. ժամը 22.05-ից մինչև ժամը 23.45-ը, 28.05.2014թ. ժամը 15.05-ից մինչև 30.05.2014թ. ժամը 10.40-ը և 08.06.2014թ. ժամը 12.00-ից մինչև 11.06.2014թ. ժամը 10.10-ը, ինքնակամ թողել է ծառայության վայրը:

(...)

Բացի այդ, շարքային Վահան Ստեփանի Վարդանյանը հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մելքոնյանի հետ, 2014թ. հուլիսի 7-ին` ժամը 03.15-ի սահմաններում, հավաքակայանի պատի վրայով անցնելով ապօրինի մուտք են գործել զորամասի հավաքակայանի տարածքում տեղակայված շինություն համարվող ավտոմեքենաների կայանման համար նախատեսված պահեստարան, որտեղ որպես հանցանքի կատարումը հեշտացնող միջոց համածառայող Էմմանուել Զաքարյանից նախապես վերցրած ռետինե խողովակն օգտագործելով, կայանված «ՈՒրալ 432007» մակնիշի, ՊՆ 6127 Շ զինհամարանիշի ավտոմեքենայի բաքից քաշել-հանելու եղանակով հավաքակայանի օրապահ, շարքային Կառլեն Գրիգորյանի և հավաքակայանի ժամապահ Սևակ Ալիխանյանի ներկայությամբ բացահայտ հափշտակել են զգալի չափի` 71.736 դրամ ընդհանուր արժողությամբ 122 լիտր դիզելային վառելիք, որը լցնելով տարաների մեջ, Արթուր Մելքոնյանի հետ միասին գողոնը դուրս են բերել հավաքակայանի հետնամասի պատի վրայով ու հեռացել:

(...)

Բացի այդ, շարքային Վահան Ստեփանի Վարդանյանը, կողոպուտ կատարելուց հետո` կատարել է դասալքություն,այն է` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 08.07.2014թ. ինքնակամ թողել է զորամասը (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 83):

10. Ամբաստանյալներ Ա.Մելքոնյանը` 2014 թվականի հուլիսի 7-ին, իսկ Վ.Վարդանյանը` 2014 թվականի հուլիսի 8-ին ինքնակամ թողել են ծառայության վայրը (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 24-25):

2014 թվականի հուլիսի 22-ին Ա.Մելքոնյանի և Վ.Վարդանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 185, 188): Ա.Մելքոնյանը հայտնաբերվել է 2014 թվականի հոկտեմբերի 2-ին(տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 88), իսկ Վ.Վարդանյանը` 2014 թվականի դեկտեմբերի 2-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 72):

11. Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով գործում առկա ապացույցները և դրանք իրենց համակցության մեջ գնահատելով, արդյունքում Ա.Մելքոնյանին և Վ.Վարդանյանին մեղավոր է ճանաչել վերջիններիս մեղսագրված հանցավոր արարքների կատարման մեջ:

Ամբաստանյալներին` ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքների մասով Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել նաև հետևյալ փաստական տվյալները. «(...) Արթուր Մելքոնյանը 07.07.2014թ., իսկ Վահան Վարդանյանը 08.07.2014թ. զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել են զորամասը և հետախուզման մեջ գտնվելու ընթացքում իրենց կյանքի բավարար կենսապայմանները ապահովելու նպատակով մշտական աշխատանք են ձեռք բերել և աշխատել» (տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթ 102):

12. Համաձայն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի` դատարանում հրապարակվել է վկա` ՀՀ ՊՆ 76852 զորամասի համալրման բաժանմունքի պետ, կապիտան Հազարապետ Խաչատրյանի նախաքննական հետևյալ ցուցմունքը. «Վահան Վարդանյանը 2014թ. մայիս ամսից մինչև հունիս ամսվա առաջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածում շուրջ երեք անգամ ինքնակամ թողել է զորամասը: Նշել է, որ վերջիններս ավտոհավաքակայանից կատարել են հափշտակություն, որից հետո Արթուր Մելքոնյանը 07.07.2014թ., իսկ Վահան Վարդանյանը 08.07.2014թ. լքել են զորամասը և այլևս չեն վերադարձել: Ավելացրել է նաև, որ նրանք 2014թ. մայիս ամսին` ճամբարային հավաքների ժամանակ իրեն ասել են, որ այլևս չեն կարողանում ծառայել և չեն ցանկանում շարունակել ծառայությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթ 107):

13. Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, հանգել է հետևության, որ ստորադաս դատարանի դատավճիռը` Ա.Մելքոնյանին և Վ.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքների մասով, պետք է բեկանել, նրանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել, իսկ քրեական հետապնդումը դադարեցնել` որպես հիմնավորում ներկայացնելով հետևյալ պատճառաբանությունները.»(...) Առաջին ատյանի դատարանը վերլուծության չի ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի տարրերը և արդյունքում կայացրել է չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտ.

Այսպես. (...) ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը (...) արտահայտվում է ուղղակի դիտավորությամբ` պատասխանատվությունը ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածով սահմանվում է, երբ անձը մտադրություն ունի խուսափել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ ամբաստանյալներ Ա.Մելքոնյանը և Վ.Վարդանյանը կողոպուտը կատարելուց հետո, կատարել են դասալքություն, այն է` Արթուր Մելքոնյանը 07.07.2014թ.,իսկ Վահան Վարդանյանը 08.07.2014թ. զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել են զորամասը, այսինքն գործել են` գիտակցելով, որ իրենց գործողություններով վերջնականապես հրաժարվում են զինվորական ծառայությունից և ցանկանում են դրա հետևանքների առաջացումը: Սույն գործի

նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամբաստանյալները նախկինում մի քանի անգամ ինքնակամ թողել են զորամասը, սակայն ամեն անգամ ինքնակամ վերադարձել են զորամաս, ըստ ամբաստանյալների և համածառայակիցների ցուցմունքների` ամբաստանյալներ Ա.Մելքոնյանը և Վ.Վարդանյանը դիտավորություն չեն ունեցել խուսափել ծառայությունից, դժգոհություններ ծառայության վերաբերյալ չեն ունեցել: Զորամասի տարածքը վերջիններս ինքնակամ թողել են ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքը կատարելուց հետո` քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու պատճառով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթեր 71-114):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

14. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասը, ինչի արդյունքում կայացրել է չհիմնավորված և անօրինական դատական ակտ:

14.1. Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը կամայականորեն քննության առարկա չի դարձրել սույն գործի նյութերում առկա այնպիսի ապացույցների համակցություն, որոնք վկայում են ամբաստանյալներ Ա.Մելքոնյանի և Վ.Վարդանյանի սուբյեկտիվ կողմի` դիտավորության ուղղվածության մասին` մասնավորապես.

- նրանց անձը, նախկինում դատված լինելը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար, ինչպես նաև այն, որ ամբաստանյալները ՀՀ Սահմանադրությամբ և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված 24 ամսվա ծառայությունն իրականացնում են 2010 թվականից, ինչը, ըստ բողոքաբերի, վկայում է այն մասին, որ վերջիններս հրաժարվում են իրականացնել նշված պարտականությունները,

- Ա.Մելքոնյանի և Վ.Վարդանյանի կողմից զորամասն ինքնակամ թողնելուն նախորդող և հաջորդող ժամանակահատվածում նրանց վարքագիծը, այն, որ գտնվելով հետախուզման մեջ` կատարել են հանցավոր արարքներ, անընդհատ փոփոխել են իրենց բնակության վայրերը, իրենց և հարազատների կյանքի բավարար կենսապայմաններ ապահովելու նպատակով աշխատանք են ձեռք բերել, աշխատանքի անցնելով` իրենց զինծառայող լինելու հանգամանքը շրջապատից թաքցրել են և, ի վերջո, ՀՀ Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականություններն ամիսներ շարունակ չեն կատարել,

- վկա Հ.Խաչատրյանի ցուցմունքն այն մասին, որ Ա.Մելքոնյանը և Վ.Վարդանյանը 2014 թվականի մայիս ամսին ճամբարային հավաքների ժամանակ իրեն ասել են, որ այլևս չեն կարողանում ծառայել և չեն ցանկանում շարունակել ծառայությունը:

14.2. Բողոքաբերը փաստել է նաև, որ ստորադաս դատարանի այն մոտեցումը, որ «(...) ամբաստանյալներ Ա.Մելքոնյանը և Վ.Վարդանյանը դիտավորություն չեն ունեցել խուսափել ծառայությունից, այլ վերջիններս զորամասը ինքնակամ թողել են ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքը կատարելուց հետո` քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու պատճառով (...)», անընդունելի է, քանի որ հանցագործության շարժառիթը սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ չի հանդիսանում և արարքի որակման վրա չի ազդում, վերջինս կարող է հաշվի առնվել պատիժ նշանակելիս:

15. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալներ Ա.Մելքոնյանի և Վ.Վարդանյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

18. ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Դասալքությունը` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»:

Դասալքությունն առավել վտանգավոր զինվորական հանցագործություններից է, որի կատարմամբ անձը նպատակ է հետապնդում խուսափելու սահմանադրական պարտականությունը կատարելուց` զինվորական ծառայությունը կրելուց: Դասալքության դեպքում անձը չի ցանկանում շարունակել զինվորական ծառայությունը, ընդհանրապես հրաժարվում է զինված ուժերում ծառայելուց: Այլ կերպ` զինծառայողը ոչ թե ժամանակավորապես, այլ վերջնականապես ընդհատում է իր և պետության միջև առկա զինծառայության հետ կապված իրավահարաբերությունները:

Քննարկվող հանցանքի կատարումը վկայում է այն մասին, որ զինծառայողը չի ցանկանում սեփական վարքը հարմարեցնել զինվորական ծառայությամբ պայմանավորված սահմանափակումների ու զինվորական կարգուկանոնը պահպանելու պահանջների հետ: Զորամասը կամ ծառայության վայրն առանց թույլտվության ինքնակամ թողնելով կամ ծառայության չներկայանալով` զինծառայողը գիտակցում է, որ դրանով խուսափում է զինվորական ծառայության պարտականությունների կատարումից, չի պահպանում զինվորական երդման ու կանոնադրության պահանջները, խախտում է կարգապահությունն ու զինված ուժերում ձևավորված կարգուկանոնը, ուստի գիտակցում է իր գործողությունների հակաիրավական բնույթն ու հանրային վտանգավորությունը և ցանկանում է դա:

19. Վերոշարադրյալից բխում է, որ քննարկվող արարքը սուբյեկտիվ կողմից դրսևորվում է բացառապես ուղղակի դիտավորությամբ, ինչպես նաև հատուկ նպատակով, ինչն արտահայտվում է զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու մեջ:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր համարվող վերոնշյալ նպատակը խնդրո առարկա հանցագործությանը վերագրված հենց այն հատկանիշն է, որը հնարավորություն է ընձեռում դասալքությունը սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքից (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):

Հաշվի առնելով վերոգրյալ հատկանիշի` արարքը որպես դասալքություն որակելու հարցում կարևորությունը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դասալքության նպատակը սահմանազատել դասալքության կատարման շարժառիթներից, վեր հանել այն հանգամանքները, որոնք կարող են վկայել դասալքության նպատակի առկայության մասին:

19.1. Այսպես` Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ հանցագործության նպատակն այն ապագա ցանկալի վիճակի մասին պատկերացումն է, որին ձգտում է հասնել անձը. այն գիտակցված մղում է: Իսկ հանցագործության շարժառիթը հանցանք կատարելու ներքին մղումն է, այլ կերպ` այն կարելի է բնութագրել որպես նպատակին հասնելու ցանկություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դասալքության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակը` հանցավորի` օրենքով նախատեսված ամբողջ ժամանակահատվածի ընթացքում զինվորական պարտականությունները կատարելուց վերջնականապես խուսափելու մտադրությունն է (ընդ որում, այդպիսի մտադրությունը զինծառայողի մոտ կարող է առաջանալ ոչ միայն զորամասը կամ ծառայության վայրը թողնելուց առաջ, այլև զորամասն ինքնակամ լքելուց հետո):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ենթադրյալ հանցանք կատարած անձի դիտավորության ուղղվածության, վերջինիս` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակի մասին կարող են վկայել որոշ հանգամանքներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.

ա) զինվորական ծառայության պարտականությունների կատարման նկատմամբ հանցավորի վերաբերմունքը բնորոշող տվյալներ, այսինքն` հանգամանքներ, որոնք բնութագրում են վերջինիս անձն ու նրա վարքագիծը զինվորական ծառայությունից խուսափելուց առաջ (օրինակ` համածառայակիցներին` զինվորական ծառայության դժվարությունների և դրանից վերջնականապես խուսափելու մտադրության մասին հայտնելը, զինվորական ծառայության հետ կապված պարտականությունների ոչ բարեխիղճ կատարումը, զինվորական ծառայության նկատմամբ հանցավորի բացասական վերաբերմունքի մասին վկայող այլ հանգամանքներ),

բ) զորամասը կամ ծառայության վայրը թողնելուց հետո հանցավորի վարքագիծը բնութագրող հանգամանքներ, այլ կերպ` անձի հետ հանցավոր վարքագիծը (օրինակ` զինվորական ծառայության վայրից երկարաժամկետ բացակայությունը, անձը հաստատող փաստաթղթերը ոչնչացնելը կամ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելը, զորամասը կամ ծառայության վայրը լքելուց կամ ծառայության չներկայանալուց հետո աշխատանքի անցնելը, դասալքության և զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքն այլ անձանցից թաքցնելը, բնակության հիմնական վայրը փոխելը և այլն):

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ թվարկված հանգամանքները սպառիչ չեն, և այլ տվյալներ ևս օբյեկտիվորեն կարող են վկայել անձի մոտ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու մտադրության առկայության մասին:

19.2. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ի տարբերություն հետապնդվող նպատակի` դասալքության կատարման շարժառիթները արարքի որակման համար որևէ նշանակություն չունեն, սակայն այդպիսիք կարող են էական նշանակություն ունենալ, օրինակ, արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու հանցավորի անձը գնահատման ենթարկելիս: Ընդ որում, դասալքության կատարման շարժառիթները կարող են տարբեր լինել` զինվորական ծառայության հետ կապված սահմանափակումները (մասնավորապես` զինվորական խիստ կարգապահությունը, զինծառայողների միջև կանոնադրային փոխհարաբերությունների առկայությունը և այլն) հաղթահարելու ցանկության բացակայություն, հանցանք կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու վախ, ընտանեկան ու կենցաղային բնույթի տարբեր դրդապատճառներ և այլն:

20. Ընդհանրացնելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով որակելու համար անհրաժեշտ է, որ անձը զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնի, ինչպես նաև ծառայության չներկայանա` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, ընդ որում, անձը պետք է գիտակցի վերոնշյալ հանգամանքը և ցանկանա դա, այսինքն` դրսևորի ուղղակի դիտավորություն: Դիտավորության ուղղվածության, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակի առկայության մասին կարող են վկայել, ի թիվս այլոց, սույն որոշմամբ մատնանշված հանգամանքները: Միևնույն ժամանակ դասալքության հանցակազմի նշյալ պարտադիր հատկանիշի` նպատակի առկայության հետ մեկտեղ քննարկվող հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը կարող է պայմանավորվել նաև որոշակի շարժառիթներով, որոնք, լինելով դասալքության հանցակազմի սուբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշ, արարքի որակման համար որևէ նշանակություն չունեն: Չնայած դրան` դասալքության կատարման շարժառիթների բացահայտումը, ի թիվս այլոց, կարող է նպաստել պարզելու հանցավորի արարքի կատարման իրական պատճառները, իսկ պատիժ նշանակելիս` ճիշտ պատկերացում կազմելու կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի և հանցավորի անձի մասին. դրանց բացահայտումը կարող է նաև էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծելիս:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Ա.Մելքոնյանին և Վ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 362-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ վերջիններս կողոպուտ կատարելուց հետո կատարել են դասալքություն, այն է` Ա.Մելքոնյանը 07.07.2014 թ-ին, իսկ Վ.Վարդանյանը 08.07.2014 թ-ին զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել են զորամասը (տե՛ս սույն որոշման 8-9-րդ կետերը):

Նախաքննության մարմնի` 2014 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Ա.Մելքոնյանի և Վ.Վարդանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ա.Մելքոնյանը հայտնաբերվել է 2014 թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ Վ.Վարդանյանը` 2014 թվականի դեկտեմբերի 2-ին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքում հաստատված համարելով, որ Ա.Մելքոնյանը 07.07.2014 թ-ին, իսկ Վ.Վարդանյանը 08.07.2014 թ-ին զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել են զորամասը և հետախուզման մեջ գտնվելու ընթացքում իրենց կյանքի բավարար կենսապայմաններ ապահովելու նպատակով մշտական աշխատանք են ձեռք բերել ու աշխատել, արդյունքում վերջիններիս մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին եկել է այն եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Ա.Մելքոնյանին և Վ.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքների մասով, պետք է բեկանել, նրանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել, իսկ քրեական հետապնդումը` դադարեցնել: Որպես հիմնավորում` Վերաքննիչ դատարանը նշել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ ամբաստանյալները կողոպուտը կատարելուց հետո կատարել են դասալքություն, այն է` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել են զորամասը, այսինքն` գործել են` գիտակցելով, որ իրենց գործողություններով վերջնականապես հրաժարվում են զինվորական ծառայությունից և ցանկանում են դրա հետևանքների առաջացումը: Ըստ Վերաքննիչ դատարանի` գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամբաստանյալները նախկինում մի քանի անգամ ինքնակամ թողել են զորամասը, սակայն ամեն անգամ ինքնակամ վերադարձել են զորամաս, ըստ ամբաստանյալների և համածառայակիցների ցուցմունքների` ամբաստանյալներ Ա.Մելքոնյանը և Վ.Վարդանյանը դիտավորություն չեն ունեցել խուսափել ծառայությունից, դժգոհություններ ծառայության վերաբերյալ չեն ունեցել: Զորամասի տարածքը վերջիններս ինքնակամ թողել են ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքը կատարելուց հետո` քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու պատճառով (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները դիտարկելով սույն որոշման 18-20-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Ա.Մելքոնյանի և Վ.Վարդանյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

Այսպես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չպահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, այն է` սույն գործում առկա ապացույցների լրիվ և բազմակողմանի քննություն չիրականացնելով, դրանք իրենց համակցության մեջ չգնահատելով, քննության առարկա չի դարձրել և որևէ գնահատականի չի արժանացրել գործի նյութերում առկա այնպիսի փաստական հանգամանքների համակցությունը, որոնք վկայում են ամբաստանյալներ Ա.Մելքոնյանին և Վ.Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքները նրանց կողմից ուղղակի դիտավորությամբ և զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով կատարելու մասին: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է ամբաստանյալների արարքներում համապատասխան հանցակազմի սուբյեկտիվ կողմի վերոգրյալ հատկանիշների առկայության մասին վկայող հետևյալ փաստական տվյալները`

ա) զորամասն ինքնակամ լքելուց առաջ զինվորական ծառայության պարտականությունների կատարման նկատմամբ ամբաստանյալների բացասական վերաբերմունքի մասին վկայող հանգամանքները, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը որևէ գնահատման չի ենթարկել Առաջին ատյանի դատարանում հրապարակված վկա` ՀՀ ՊՆ 76852 զորամասի համալրման բաժանմունքի պետ, կապիտան Հ.Խաչատրյանի նախաքննական ցուցմունքն այն մասին, որ ամբաստանյալները 2014 թ-ի մայիս ամսին` ճամբարային հավաքների ժամանակ, իրեն ասել են, որ այլևս չեն կարողանում ծառայել և չեն ցանկանում շարունակել ծառայությունը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը),

բ) զորամասն ինքնակամ լքելուց հետո ամբաստանյալների վարքագիծը (ամբաստանյալների հետհանցավոր վարքագիծը) բնութագրող ներքոհիշյալ հանգամանքները`

- զինվորական ծառայության վայրից երկարաժամկետ բացակայությունը, մասնավորապես` 2014 թվականի հուլիսի 22-ից գտնվելով հետախուզման մեջ` ամբաստանյալ Ա.Մելքոնյանը հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքելուց հետո գրեթե երեք ամիս անց` 2014 թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ Վ.Վարդանյանը` գրեթե հինգ ամիս անց` 2014 թվականի դեկտեմբերի 2-ին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը),

- ամբաստանյալների աշխատանքի անցնելը, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը որևէ գնահատականի չի արժանացրել Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված այն փաստը, որ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում ամբաստանյալներն իրենց կյանքի բավարար կենսապայմաններն ապահովելու նպատակով մշտական աշխատանք են ձեռք բերել և աշխատել (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

22.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է` վերոգրյալ հանգամանքները բավարար են փաստելու համար, որ ամբաստանյալներ Ա.Մելքոնյանին և Վ.Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքները վերջիններիս կողմից կատարվել են ուղղակի դիտավորությամբ և զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով: Հետևաբար հիմնավոր չի կարող համարվել Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ ամբաստանյալները գործել են` գիտակցելով, որ իրենց գործողություններով վերջնականապես հրաժարվում են զինվորական ծառայությունից և ցանկանում են դրա հետևանքների առաջացումը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ ամբաստանյալները զորամասի տարածքն ինքնակամ թողել են ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքը կատարելուց հետո` քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու պատճառով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշյալը վկայում է ոչ թե ամբաստանյալների արարքներում դասալքության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշների բացակայության, այլ դասալքության կատարման շարժառիթի մասին, ինչը, ինչպես արդեն վերը նշվել է (տե՛ս սույն որոշման 20-րդ կետը), արարքը որպես դասալքություն որակելու տեսանկյունից չունի որևէ իրավական նշանակություն:

23. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, արդյունքում ոչ ճիշտ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածը: Նշված խախտումները, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով և գնահատելով գործում առկա ապացույցները, եկել է հիմնավոր եզրահանգման` ամբաստանյալների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության հարցում: ՈՒստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 10-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով (2005 թվականի փոփոխություններով), Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Արթուր Նորիկի Մելքոնյանի և Վահան Ստեփանի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 10-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.06.2017
N ԱՎԴ1/0018/01/15
Որոշում