Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ2/0159/05/12

    դատարանի որոշում                      2014 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0159/05/12

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

Դատավորներ`

Հ. Բեդևյան

Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուսինե Սուքոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.06.2013 թվականի որոշման դեմ` ըստ «Սպիտակ լիճ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) հայցի ընդդեմ Իջևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման, երրորդ անձ Լուսինե Սուքոյանի` Իջևանի համայնքի ավագանու 14.10.2005 թվականի թիվ 5 որոշումը, 13.02.2006 թվականին իրականացված աճուրդը, Իջևանի քաղաքապետի 22.02.2006 թվականի թիվ 25 որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանքների վերացում` 27.04.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 01.06.2006 թվականին Լուսինե Սուքոյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Իջևանի Վալանսի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող սրճարանի տարածքի նկատմամբ Կոոպերատիվի սեփականության իրավունքը ճանաչելու մասին որոշում ընդունելուն Իջևանի համայնքի ղեկավարին պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել Իջևանի համայնքի ավագանու 14.10.2005 թվականի թիվ 5 որոշումը, 13.02.2006 թվականին իրականացված աճուրդը, Իջևանի քաղաքապետի 22.02.2006 թվականի թիվ 25 որոշումը, որպես հետևանքների վերացում` անվավեր ճանաչել 27.04.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 01.06.2006 թվականին Լուսինե Սուքոյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումը, պարտավորեցնել Իջևանի համայնքի ղեկավարին որոշում ընդունել Իջևանի Վալանսի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող սրճարանի տարածքի նկատմամբ Կոոպերատիվի սեփականության իրավունքը ճանաչելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 16.11.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2013 թվականի որոշմամբ Լուսինե Սուքոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.11.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Սուքոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Կոոպերատիվը և Քաղաքապետարանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը, գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 71-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, հակասել է ինքն իրեն` պարզաբանելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված է, որ բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ: Տվյալ դեպքում բողոքարկման ժամկետը, որն առավելագույնը պայմանավորված է 6 ամիս ժամկետով, Կոոպերատիվի կողմից արդեն իսկ բաց էր թողնվել անհարգելի պատճառով, իսկ Դատարանը, նշված հանգամանքները հաշվի չառնելով, թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտում, որի հետևանքով ոչ միայն սահմանափակվել, այլև վերացվել են Լուսինե Սուքոյանի սեփականության նկատմամբ ՀՀ ներպետական նորմերով երաշխավորված իրավունքները:

Այսինքն` Դատարանը և Վերաքննիչ դատարանը բաց թողնված ժամկետը համարել են հարգելի այն դեպքում, երբ Կոոպերատիվն այն բաց թողնելը հարգելի ճանաչելու հիմքեր անգամ չի ներկայացրել միջնորդությամբ: Մինչդեռ, դատավարությամբ սահմանված են դատական պաշտպանության դիմելու դատավարական ժամկետները, և որպեսզի դատարանն ընդունի հայցվորի իրավունքների դատական կարգով պաշտպանությունը, վերջինս պարտավոր է հիմնավորել բաց թողնված դատավարական ժամկետի հարգելի լինելը, իսկ դատարանը` այն հարգելի համարելը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի վճռի պատճառաբանական մասից հստակ երևում է, որ Դատարանը նույնպես արձանագրել է նյութական իրավունքի կոպիտ խախտում, սակայն անհասկանալի պատճառներով այլ որոշում է կայացրել:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ աճուրդի ծանուցման մեջ չեն ներառվել բոլոր տեղեկությունները: Մինչդեռ Քաղաքապետարանն աճուրդն անցկացնելու մասին հրապարակային ծանուցումը տեղադրել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 11.01.2006 թվականի համարում հետևյալ բովանդակությամբ. «Իջևանի համայնքի ավագանու 14.10.2005 թվականի թիվ 5 և քաղաքապետի 23.12.2005 թվականի թիվ 181 որոշումներով ս.թ. հունվարի 11-ից կազմակերպվում է քաղաքապետարանի սեփականությունը հանդիսացող Վալանսի փողոցի թիվ 1 շենքի նկուղային հարկի 221,7 քմ մակերեսով տարածքի աճուրդային վաճառքը: Աճուրդը տեղի կունենա քաղաքապետարանի շենքում 13.02.2006 թվականին: Աճուրդային վաճառքին մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել քաղաքապետարան մինչև 10.02.2006 թվականը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 3-21-38 հեռախոսահամարով»: Նշված հայտարարությունը եղել է բացահայտ, և Կոոպերատիվը ցանկության դեպքում ևս կարող էր դիմել աճուրդին մասնակցելու համար, ինչը չի արել: Այսինքն` բողոքաբերը գտել է, որ նրա որևէ իրավունք չի խախտվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 27.06.2013 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Կոոպերատիվի վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

 

Բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 27.06.2013 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում չի հիմնավորել նյութական և դատավարական իրավունքի խախտման առկայությունը, որը կարող է ազդել գործի ելքի վրա:

 

2.2. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

 

Լուսինե Սուքոյանը երբևիցե Կոոպերատիվի տարածք մուտք չի գործել, գործունեություն չի ծավալել, այլ իր գործողություններով հիմնավորել է այն փաստական հանգամանքը, որ նշված տարածքը պատկանում է Կոոպերատիվին: 1991 թվականից սկսած` այդ տարածքը տիրապետում և օգտագործում է Կոոպերատիվը, և այդ գույքը տիրապետելու առումով ոչ մի խոչընդոտ չի եղել, քանի որ դա Կոոպերատիվի գույքն է:

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտված ապացույցների հիման վրա, իսկ վճռաբեկ բողոքում նշված փաստարկներն անհիմն են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից 06.04.2012 թվականին տրված թիվ 115` Իջևանի քաղաքապետի 16.03.2001 թվականի թիվ 15 որոշման քաղվածքի համաձայն` որոշվել է Իջևանի Վալանսի փողոցում գտնվող մանկական գրադարանի հողհատկացման փաստաթղթերի վերականգնման և սեփականության իրավունքի գրանցման վկայականի ձևակերպման համար անհատույց, մշտական օգտագործման իրավունքով մանկական գրադարանի շինարարության համար հատկացնել 453 քմ մակերեսով տարածք` համաձայն հատակագծի (հատոր 1-ին, գ.թ. 12).

2) 04.04.2001 թվականի թիվ 349318 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վալանսի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 453 քմ մակերեսով հողամասի և գրադարանի նկատմամբ գրանցվել է Քաղաքապետարանի սեփականության իրավունքը` ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշման հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 13-15).

3) Իջևանի քաղաքային համայնքի ավագանու 14.10.2005 թվականի որոշմամբ` համայնքի սեփականությունը հանդիսացող Վալանսի փողոցի թիվ 1 շենքի նկուղային հարկի 221,7 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի աճուրդային վաճառքի մասին, որոշվել է նշված տարածքը ներկայացնել աճուրդային վաճառքի (հատոր 3-րդ, գ.թ. 42).

4) Իջևանի քաղաքապետի 22.02.2006 թվականի «Իջևան քաղաքի Վալանսի փողոցի թիվ 1 շենքի նկուղային հարկի 221,7 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի աճուրդային վաճառքի մասին» թիվ 25 որոշման քաղվածքի համաձայն` 13.02.2006 թվականին անցկացված աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել Իջևան քաղաքի բնակիչ Լուսինե Սուքոյանը (հատոր 3-րդ, գ.թ. 43).

5) Աճուրդի արդյունքների և Իջևանի քաղաքապետի 22.02.2006 թվականի թիվ 25 որոշման հիման վրա Իջևանի քաղաքային համայնքի և Լուսինե Սուքոյանի միջև 27.04.2006 թվականին կնքվել է «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր» (հատոր 3-րդ, գ.թ. 44-45).

6) 01.06.2006 թվականի թիվ 2203625 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վալանսի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող 221,7 քմ մակերեսով տարածքի նկատմամբ 27.04.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Լուսինե Սուքոյանի սեփականության իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 48-49).

7) 17.04.2012 թվականին դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել Իջևանի համայնքի ավագանու 14.10.2005 թվականի թիվ 5 որոշումը, 13.02.2006 թվականին իրականացված աճուրդը, Իջևանի քաղաքապետի 22.02.2006 թվականի թիվ 25 որոշումը, որպես հետևանքների վերացում` անվավեր ճանաչել 27.04.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 01.06.2006 թվականին Լուսինե Սուքոյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումը, պարտավորեցնել Իջևանի համայնքի ղեկավարին որոշում ընդունել Իջևանի Վալանսի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող սրճարանի տարածքի նկատմամբ Կոոպերատիվի սեփականության իրավունքը ճանաչելու մասին: Միաժամանակ, Կոոպերատիվը միջնորդել է հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը (հատոր 1-ին, գ.թ. 1-8).

8) Դատարանի 17.04.2012 թվականի որոշմամբ բավարարվել է դատարան դիմելու օրենքով սահմանված դատավարական ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու մասին միջնորդությունը, և հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 32-33).

9) Դատարանի 17.04.2012 թվականի «Դատարան հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը Լուսինե Սուքոյանն ստացել է 20.04.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 47-49):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` միջանկյալ դատական ակտերի անմիջական և հետաձգված բողոքարկման կարգերի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` սույն գործով ստորադաս դատարանների կողմից հայցվորը շահագրգիռ անձ է որակվել, ապացույցների ոչ բազմակողմանի, ոչ լրիվ և ոչ օբյեկտիվ գնահատման արդյունքում` ի խախտումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածների, ինչի հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.

1) անձը, ով օբյեկտիվորեն հնարավորություն է ունեցել բողոքարկելու առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտը, տվյալ դեպքում` բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշումը, չի իրացրել այդ հնարավորությունը, կարո՞ղ է արդյոք այդ առնչությամբ բողոք ներկայացնել վեճն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում.

2) անձը, ում իրավունքները և օրինական շահերը խախտված չեն, այսինքն` չունի «իրական (ռեալ)» իրավունք, արդյո՞ք իրավունք ունի դիմելու դատարան` վարչական ակտն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

1) Առաջին իրավական հարցադրման առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ միջանկյալ դատական ակտերի բողոքարկման կարգի առանձնահատկություններին` ընդհանրապես, և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման առանձնահատկություններին` մասնավորապես:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` օրենսգիրքը, ի թիվս այլնի, սահմանում է ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը:

Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածն ամրագրում է դրանով նախատեսված դեպքերում ֆիզիկական և իրավաբանական անձանց վարչական դատարան դիմելու իրավունքը, որը վերջիններս կարող են իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ամրագրում է կողմերի` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական ակտերը բողոքարկելու իրավունքը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կողմերը պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` միջանկյալ դատական ակտը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

i

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

i

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ կերպով սահմանված է վարչական դատարանի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` 125-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն:

Վերոհիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը, որի նպատակն արդարադատության պատշաճ իրականացման ապահովումն է:

Օրենսդիրը գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: Անմիջական բողոքարկման են ենթակա այն միջանկյալ դատական ակտերը, որոնց չբողոքարկման արդյունքում օբյեկտիվ արգելքներ են առաջանում գործի հետագա քննության համար, իսկ դրանց բողոքարկման անհնարինությունը դատական ակտի կայացման չարդարացված ձգձգումների և քաղաքացու իրավունքների խախտման է հանգեցնում, որոնց հետագա դատական պաշտպանությունն ապագայում չի կարող ապահովվել կամ չի կարող հանգեցնել արդյունավետ վերականգնման: Օրենսդիրը գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ: Իսկ նշված դրույթով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է «հետաձգված բողոքարկման» կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Ցանկացած դատավարական գործողություն, այդ թվում նաև` տվյալ միջանկյալ դատական ակտի բողոքարկումը, կարող է կատարվել միայն այն կարգով, որը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Հետևաբար, հաշվի առնելով, որ օրենսդիրը գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերի բողոքարկման համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ դրույթով նախատեսված միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն անմիջական բողոքարկման կարգով:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքն իրացնող սուբյեկտներն իրավական պաշտպանության միջոցներից, այդ թվում` ընդդեմ միջանկյալ դատական ակտերի, պետք է օգտվեն բարեխղճորեն: Օրենքով նախատեսված պաշտպանության միջոցից չօգտվելու դեպքում դատավարության մասնակիցը չի կարող դիմել այնպիսի պաշտպանության միջոցի, որն օրենսդիրը տվյալ դեպքի համար չի նախատեսել:

Վերոհիշյալ իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը չի իրացրել գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտն անմիջական բողոքարկման կարգով բողոքարկելու իր իրավունքը, երբ նա ողջամտորեն կարող էր դա անել, ապա չի կարող այլևս տվյալ միջանկյալ դատական ակտը բողոքարկել «հետաձգված բողոքարկման կարգով», այն է` գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Նշված նորմին համահունչ` նույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված անմիջական բողոքարկման կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի սպառիչ ցանկը ներառում է նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին վարչական դատարանի որոշումը:

Վերոհիշյալ իրավակարգավորման հիման վրա և հաշվի առնելով, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին վարչական դատարանի որոշումն օրենսդիրը ևս դասել է անմիջական բողոքարկման կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շարքին` վերը շարադրված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև նշված միջանկյալ դատական ակտի առնչությամբ: Այսինքն` եթե դատավարության մասնակիցն օրենսգրքով սահմանված ժամկետում չի իրացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին վարչական դատարանի որոշումն անմիջական բողոքարկման կարգով բողոքարկելու իր իրավունքը, ապա այլևս չի կարող այդ առնչությամբ բողոք ներկայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունը վկայում է, որ Կոոպերատիվը հայցադիմում է ներկայացրել Դատարան 17.04.2012 թվականին` միաժամանակ ներկայացնելով միջնորդություն` դատարան դիմելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ: Միջնորդությունը Դատարանի 17.04.2012 թվականի որոշմամբ բավարարվել է. վերականգնվել է բաց թողնված դատավարական ժամկետը, և հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նշված որոշումը բողոք բերած անձն ստացել է 20.04.2012 թվականին, սակայն վերջինս, փաստացի զրկված չլինելով նշված դատական ակտը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, բողոքարկելու հնարավորությունից, չի իրացրել իր այդ դատավարական իրավունքը:

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը, չբողոքարկելով Դատարանի 17.04.2012 թվականի որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, սույն վճռաբեկ բողոքի հիմքում այլևս չի կարող վկայակոչել այն ենթադրյալ խախտումները, որոնք վերաբերում են բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության բավարարմանը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մասով վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ:

2) Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտերի իրավաչափության հարցին (տե՛ս Լևոն Ղազարյանն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման, թիվ 3-2440(ՎԴ) քաղաքացիական գործով 21.12.2006 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վարչական ակտերի իրավաչափության վերաբերյալ արտահայտած իր իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ստորադաս դատարանի այն եզրահանգմանը, ըստ որի` «վիճելի տարածքը չէր կարող հանդիսանալ մանկական գրադարանի մաս և գրանցվել որպես համայնքային սեփականություն: ... նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով վեճի առարկա հանդիսացող տարածքը դեռևս 1988 թվականի օգոստոսի 18-ին դուրս է եկել Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի տիրապետման և տնօրինման ոլորտից և որպես սեփականություն նախ անցել է Կենտրոնին, իսկ 1991 թվականի` Կոոպերատիվին, դատարանը գտնում է, որ այն չէր կարող մաս կազմել ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման թիվ 10 հավելվածի տասներորդ տողում նշված մանկական գրադարանի և համարվել Իջևանի քաղաքային համայնքի սեփականությունը»:

Դատարանի նշված եզրահանգման առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ` գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր, որ վիճելի տարածքը Կոոպերատիվին է անցել սեփականության իրավունքով, և երկրորդ` ինչպես սույն վարչական գործի շրջանակներում, այնպես էլ որևէ այլ վարույթի շրջանակներում հայցվորի կողմից չի ներկայացվել 04.04.2001 թվականի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ելնել այդ գրանցման իրավաչափության և վավերության կանխավարկածից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 04.04.2001 թվականին` վիճելի տարածքի նկատմամբ Իջևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքի պետական գրանցման վավերության պայմաններում, այդ տարածքի` Քաղաքապետարանի սեփականությունը հանդիսանալու փաստն անվիճելի փաստ է: Մինչդեռ ստորադաս դատարանը, դուրս գալով հայցի առարկայի շրջանակներից, քննարկել է 04.04.2001 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման վավերության հարցը և գնահատական տալով գրանցման վավերությանը` եզրահանգել է, որ գրանցումը եղել է ոչ իրավաչափ:

Բացի այդ, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հրապարակային սակարկությունները սահմանվում են որպես աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել այդ օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ: «Սակարկության մասնակից» եզրույթը նույն հոդվածում սահմանվում է որպես օրենքով սահմանված կարգով նախավճար վճարած և հրապարակային սակարկությունների միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձ: Նույն օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է զանգվածային լրատվության միջոցով և «http://www.azdarar.am» հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում աճուրդի մասին հրապարակային ծանուցում հրապարակելու պահանջը: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նախավճարը վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մասնակցին տրամադրել մասնակցի վկայական, որտեղ նշվում է աճուրդի կազմակերպչի անվանումը, վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման վայրը (հասցեն) և ժամանակը:

Ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, այնպես էլ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ աճուրդում իրացվող գույքը տիրապետող կամ օգտագործող անձանց համար աճուրդի մասին ծանուցման որևէ հատուկ ընթացակարգ նախատեսված չէ, և վերջիններս գույքի նման եղանակով օտարման դեպքում չեն օգտվում տվյալ գույքի գնման նախապատվության իրավունքից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով` շահագրգիռ անձի պահանջով, եթե աճուրդն իրականացվել է նշված հոդվածով նախատեսված կանոնների խախտմամբ:

ՀՀ Սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձը ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Վերոնշված իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի, և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որպես ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ, այլ խոսքով` շահագրգիռ անձին: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը:

Վերոհիշյալ վերլուծության հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի իմաստով շահագրգիռ անձ կարող է լինել աճուրդի մասնակիցը, այն է` նախավճար վճարած և հրապարակային սակարկությունների միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ համանման դեպքերում շահագրգիռ անձ կարող է հանդիսանալ նաև աճուրդի մասնակից չհանդիսացող, սակայն աճուրդում առաջարկվող գույքի նկատմամբ գրանցված սեփականության կամ օգտագործման իրավունքներ ունեցող անձը:

Սույն գործի փաստերի համաձայն` 13.02.2006 թվականին կայացել է Իջևան քաղաքի համայնքի սեփականությունը հանդիսացող Իջևան քաղաքի Վալանսի փողոցի թիվ 1 շենքի նկուղային հարկի ոչ բնակելի 221,7 քմ մակերեսով տարածքի աճուրդային վաճառքը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Իջևան քաղաքի բնակիչ Լուսինե Սուքոյանը, իսկ նշված աճուրդի անցկացման վերաբերյալ հրապարակային ծանուցումը տեղադրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 11.01.2006 թվականի համարում: Մինչդեռ, Կոոպերատիվը չի արձագանքել այդ հայտարարությանը, նախավճար չի վճարել և աճուրդի մասնակից չի հանդիսացել: Միաժամանակ, սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր, որ վիճելի տարածքը Կոոպերատիվին է անցել սեփականության իրավունքով, և երկրորդ` ինչպես սույն վարչական գործի շրջանակներում, այնպես էլ որևէ այլ վարույթի շրջանակներում հայցվորի կողմից չի ներկայացվել վերոնշյալ անշարժ գույքի նկատմամբ Իջևան համայնքի անվամբ 04.04.2001 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ելնել այդ գրանցման իրավաչափության և վավերության կանխավարկածից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի տարածքի նկատմամբ Քաղաքապետարանի սեփականության իրավունքի պետական գրանցման վավերության պայմաններում, այդ տարածքի` քաղաքապետարանի սեփականությունը հանդիսանալու փաստն անվիճելի փաստ է, ինչը նշանակում է, որ Կոոպերատիվը չի հանդիսանում աճուրդում առաջարկվող գույքի սեփականատեր կամ գույքային իրավունքների տիրապետող:

Վճռաբեկ դատարանը, ելնելով իր վերոնշյալ եզրահանգումներից, գտնում է, որ ստորադաս դատարանները, Կոոպերատիվին սույն գործով ներկայացված հայցապահանջների կապակցությամբ շահագրգիռ անձ դիտելով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն գնահատել գործում առկա ապացույցները` ի խախտումն սույն գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածների, որպիսի պայմաններում ստորադաս դատարանների կողմից հայցի բավարարումը հիմնավոր և իրավաչափ չէ:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.06.2013 թվականի որոշումը և այն փոփոխել. «Սպիտակ լիճ» արտադրական կոոպերատիվի հայցը մերժել:

2. «Սպիտակ լիճ» արտադրական կոոպերատիվից հօգուտ Լուսինե Սուքոյանի բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. «Սպիտակ լիճ» արտադրական կոոպերատիվից հօգուտ Լուսինե Սուքոյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

4. «Սպիտակ լիճ» արտադրական կոոպերատիվից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.10.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ՎԴ2/0159/05/12
Որոշում