(ուժը կորցրել է 07.03.01 ՀՕ-148 օրենք)
i
010.0125.060697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«9» հունիսի 1997 թ.
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
i
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի պետական քաղաքականության հիմունքները և իրավական, տնտեսական ու կազմակերպական հիմքերը:
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունները, ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագները, էներգետիկայի բնագավառի լիցենզավորումը և էներգամատակարարի ու սպառողների հարաբերությունները:
Հոդված 2. |
Օրենքի նպատակները |
Սույն օրենքի նպատակներն են`
ա) էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության մշակման, տնտեսական գործունեության և կարգավորման գործառույթների տարանջատումը.
բ) էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության մշակման և իրականացման հիմնական խնդիրների սահմանումը.
գ) էներգետիկայի բնագավառի կարգավորման սկզբունքների և դրանց իրականացման մեխանիզմների սահմանումը.
դ) էներգասպառողներին հիմնավորված սակագներով որակյալ ու հուսալի էլեկտրական և ջերմային էներգիայով, բնական գազով ապահովելու նպատակով համապատասխան մեխանիզմների սահմանումը.
ե) էներգետիկայի բնագավառում ներդրումների խթանումը.
զ) էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի շուկաներում և այդ շուկաների միջև մրցակցության խթանումը:
ԳԼՈՒԽ II
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 3. |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառը |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառը (այսուհետ` էներգետիկայի բնագավառ) էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման, բնական գազի փոխադրման և բաշխման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից) տեխնիկական և կազմակերպական-իրավական համակարգ է, որում ներառվում են`
ա) էլեկտրական և (կամ) ջերմային էներգիա արտադրող կայանները.
բ) ազգային էլեկտրական ցանցը, որն էլ էլեկտրակայանքների (էլեկտրական ենթակայաններ, օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծեր), դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ու օպերատիվ կառավարման համալիրների (ներառյալ կենտրոնական կարգավարական ծառայությունը) կազմակերպական, տեխնիկական և (կամ) տնտեսական կապերով ու աշխատանքային ռեժիմներով միավորված համակարգ է, որի միջոցով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումն էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման լիցենզիա ունեցող անձանցից էլեկտրական էներգիայի բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց, իսկ առանձին դեպքերում` անմիջապես սպառողներին.
գ) էլեկտրական բաշխման ցանցերը, որոնք էլեկտրակայանքների, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ու օպերատիվ կառավարման համալիրների (ներառյալ կարգավարական ծառայությունները) կազմակերպական, տեխնիկական և (կամ) տնտեսական կապերով միավորված համակարգեր են, որոնց միջոցով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխումը սահմանված որոշակի տարածքում տեղաբաշխված սպառողներին.
դ) ջերմային էներգիայի փոխադրման և (կամ) բաշխման ցանցերը, որոնք ջերմային էներգիայի մայրուղային, բաշխման խողովակաշարերի, ջերմային էներգիայի բաշխման կետերի, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ու օպերատիվ կառավարման համալիրների (ներառյալ կարգավարական ծառայությունները) կազմակերպական, տեխնիկական և (կամ) տնտեսական կապերով ու աշխատանքային ռեժիմներով միավորված համակարգեր են, որոնց միջոցով իրականացվում են ջերմային էներգիայի փոխադրումը և (կամ) բաշխումը արտադրության լիցենզիա ունեցող անձանցից բաշխման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողներին.
ե) բնական գազի փոխադրման ցանցը, որը բնական գազի մայրուղային գազամուղների, գազաբաշխիչ կայանների, գազի պահեստարանների, կոմպրեսորային կայանների, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ու օպերատիվ կառավարման համալիրների (ներառյալ կենտրոնական կարգավարական ծառայությունը) կազմակերպական, տեխնիկական և (կամ) տնտեսական կապերով ու աշխատանքային ռեժիմներով միավորված համակարգ է, որի միջոցով իրականացվում է բնական գազի փոխադրումը ներկրման, արտադրության (արդյունահանման) լիցենզիա ունեցող անձանցից բնական գազի արտահանման, բաշխման լիցենզիա ունեցող անձանց, իսկ առանձին դեպքերում` անմիջապես բնական գազի սպառողներին.
զ) բնական գազի բաշխման ցանցերը, որոնք բաշխիչ գազամուղների, գազակարգավորիչ կետերի և տեղակայանքների, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական համակարգեր են, որոնց միջոցով իրականացվում է բնական գազի առաքումն աշխարհագրական որոշակի տարածքում տեղաբաշխված սպառողներին:
Հոդված 4. |
Էլեկտրաէներգիայի մատակարարումը |
i
Մատակարարը պարտավոր է էլեկտրաէներգիա ապահովել յուրաքանչյուր սպառողի, որն ունի`
ա) նորմատիվ իրավական ակտերով սահմանված և տեխնիկական պայմաններին համապատասխանող էլեկտրական միացում էլեկտրական ցանցին, ինչպես նաև գործող ստանդարտներին ու անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխանող էլեկտրաէներգիա սպառող սարքավորում.
բ) էլեկտրաէներգիայի մատակարարման մասին մատակարարի հետ կնքված պայմանագիր, որում նշված են սպառվող էլեկտրաէներգիայի քանակը և բեռի գրաֆիկը (ներառյալ վթարային իրավիճակներում), էլեկտրաէներգիայի վճարման արժեքը և կարգը, ծախսվող էլեկտրաէներգիայի հաշվառման մեթոդները, սպառողի մոտ տեղադրված հաշվառման սարքերի առկայության և մատչելիության պահանջները: Ցածր լարման (մինչև 1000 վոլտ) ցանցերում էլեկտրական էներգիայի սպառման քանակի և բեռի գրաֆիկի նշում պայմանագրում չի պահանջվում:
Բարձր լարման (1000 վոլտից ավել) սպառողների և մատակարարի միջև միացման սարքավորումները, ինչպես նաև սպասարկման պայմանները սահմանվում են պայմանագրով` Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի և ստանդարտների համաձայն:
Բնակչության և ցածր լարման այլ սպառողների (մինչև 1000 վոլտ) ու մատակարարի միջև միացման սարքավորումները, ինչպես նաև սպասարկման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի և ստանդարտների համաձայն:
Սպառողը կարող է իր էլեկտրական սարքավորումները միացնել էլեկտրական ցանցին միայն նորմատիվ իրավական ակտերին, անվտանգության տեխնիկայի կանոններին և ստանդարտներին համապատասխան:
Էլեկտրամատակարարման սխեմայի սահմանված կարգով թույլատրված փոփոխությունները կատարվում են նախաձեռնողի հաշվին:
Էլեկտրական միացումների աշխատանքի դիմաց վարձատրվում է դրա նախաձեռնողը:
Ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի և սարքավորումների վերատեղադրման ծախսերը հատուցում է դրա նախաձեռնողը:
Էլեկտրական միացման սարքավորումների սեփականատերը պարտավոր է իրականացնել դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը` ապահովելով մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև գույքի պահպանությունը:
Հոդված 5. |
Բնական գազի մատակարարումը |
i
Մատակարարը պարտավոր է բնական գազով ապահովել յուրաքանչյուր սպառողի, որն ունի`
ա) նորմատիվ իրավական ակտերով սահմանված և տեխնիկական պայմաններին համապատասխանող գազատարի միացում գազաբաշխման ցանցին, ինչպես նաև գործող ստանդարտներին ու անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխանող բնական գազ սպառող սարքավորում.
բ) բնական գազի մատակարարման մասին մատակարարի հետ կնքված պայմանագիր, որում նշված են սպառվող գազի քանակը (ներառյալ` վթարային իրավիճակներում), բնական գազի վճարման արժեքը և կարգը, ծախսվող բնական գազի հաշվառման մեթոդները, սպառողի մոտ տեղադրված հաշվառման սարքերի առկայության և դրանց մատչելիության պահանջները: Ցածր ճնշման բնական գազ սպառողներից սպառվող գազի քանակի նշում պայմանագրում չի պահանջվում:
Բարձր և միջին ճնշման բնական գազ սպառողների և մատակարարի միջև միացման սարքավորումներն ու սպասարկման պայմանները սահմանվում են պայմանագրով` Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի և ստանդարտների համաձայն:
Բնակչության և ցածր ճնշման բնական գազի այլ սպառողների և մատակարարի միջև միացման սարքավորումները և սպասարկման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի և ստանդարտների համաձայն:
Գազամատակարարման սխեմայի սահմանված կարգով թույլատրված փոփոխությունները, ինչպես նաև նոր գազամատակարարման ցանցի կառուցումը կատարվում է նախաձեռնողի հաշվին:
Սպառողը կարող է բնական գազի իր սարքավորումները միացնել ցանցին միայն գործող նորմատիվ իրավական ակտերին, անվտանգության տեխնիկայի կանոններին և ստանդարտներին համապատասխան:
Գազատարների միացման սարքավորումների սեփականատերը պարտավոր է իրականացնել դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը` ապահովելով մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև գույքի պահպանությունը:
Հոդված 6. |
Ջերմային էներգիայի մատակարարումը |
i
Մատակարարը պարտավոր է ջերմային էներգիայով ապահովել յուրաքանչյուր սպառողի, որն ունի`
ա) նորմատիվ իրավական ակտերով սահմանված և տեխնիկական պայմաններին համապատասխանող ջերմատարի միացում ջերմային էներգիայի բաշխման ցանցին, ինչպես նաև գործող ստանդարտներին ու անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխանող ջերմային էներգիա սպառող սարքավորում.
բ) ջերմային էներգիայի մատակարարման մասին մատակարարի հետ կնքված պայմանագիր, որում նշված են սպառվող ջերմային էներգիայի քանակը (ներառյալ վթարային իրավիճակներում), ջերմային էներգիայի վճարման արժեքը և կարգը, ծախսվող ջերմային էներգիայի հաշվառման մեթոդները, սպառողի մոտ տեղադրված հաշվառման սարքերի առկայության և դրանց մատչելիության պահանջները: Ջերմային էներգիայի կոմունալ-կենցաղային սպառողներից սպառվող ջերմային էներգիայի նշում պայմանագրում չի պահանջվում:
Արդյունաբերական սպառողների և մատակարարի միջև միացման սարքավորումները և սպասարկման պայմանները սահմանվում են պայմանագրով` Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի և ստանդարտների համաձայն:
Կոմունալ-կենցաղային սպառողների և մատակարարի միջև միացման սարքավորումներն ու սպասարկման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի և ստանդարտների համաձայն:
Ջերմամատակարարման սխեմայի սահմանված կարգով թույլատրված փոփոխությունները, ինչպես նաև նոր ջերմամատակարարման ցանցի կառուցումը կատարվում է նախաձեռնողի հաշվին:
Սպառողը կարող է իր ջերմային էներգիայի սարքավորումները միացնել ցանցին միայն գործող նորմատիվ իրավական ակտերին, անվտանգության տեխնիկայի կանոններին և ստանդարտներին համապատասխան:
Ջերմատարների միացման սարքավորումների սեփականատերը պարտավոր է իրականացնել դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը` ապահովելով մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև գույքի պահպանությունը:
i
Հոդված 7. |
Ծախսվող էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի հաշվառումը |
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի ծախսի հաշվառումը կատարվում է գործող ստանդարտներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների սահմանած պայմաններին բավարարող հաշվառման սարքերով և հաշվարկային մեթոդների կիրառմամբ:
Սպառված էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի քանակը արձանագրում է մատակարարը` պայմանագրում նշված հաշվառման սարքերի ցուցմունքների համաձայն: Մատակարարը ապահովում է հաշվառման սարքերի միացումը, դրանց սպասարկումը, պարբերաբար ստուգումը, իսկ անհրաժեշտության դեպքում` փոխարինումը գործող կանոններին և ստանդարտներին համապատասխան:
Մատակարարը սպառողի հիմնավորված պահանջի դեպքում պարտավոր է սպասարկել և (կամ) փոխել հաշվառման սարքը: Սարքի փոխարինման ընթացքում սպառողն ապահովում է աշխատանքի անհրաժեշտ պայմաններ: Հաշվառման սարքի թերությունը հաստատվելու դեպքում մատակարարը փոխհատուցում է սպառողի կրած վնասները և նոր հաշվառման սարքի տեղադրման ծախսերը:
Հաշվառման սարքերի հետ կապված ցանկացած գործողություն` առանց մատակարարի համաձայնության, կատարելն` արգելվում է:
Մատակարարը պարտավոր է մինչև սպառողին ցանցին միացնելը սահմանված կարգով ապահովել հաշվառման սարքերի և նրանց տարրերի կապարակնքումը:
Վնասված կամ խափանված հաշվառման սարքերի փոխարինումը կատարվում է սպառողի հաշվին, եթե այն տեղադրված է նրա տարածքում:
Հոդված 8. |
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի ապօրինի սպառումը և պատասխանատվությունը |
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի ապօրինի սպառում է համարվում`
ա) սպառումը առանց պայմանագրի.
բ) սպառումը հաշվառման սարքի կողանցումով.
գ) սպառումը առանց հաշվառման սարքի կամ վերջինիս սարքավորման հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով:
i
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի ապօրինի սպառման դեպքում սպառողը կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
i
Հոդված 9. |
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման սահմանափակումները |
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարումները կարող են դադարեցվել կամ սահմանափակվել, և կիրառվել մատակարարման համապատասխան ռեժիմներ` բնական աղետների, ռազմական գործողությունների, գազամատակարարման, էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման (փոխադրման) ու բաշխման սարքավորումների խոշոր վթարների, էներգապաշարների մատակարարման էական կրճատումների կամ տևական դադարեցումների և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարումները կարող են սահմանափակվել կամ դադարեցվել սպառողների կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում:
Վթարային իրավիճակներում էներգետիկայի ոլորտի սուբյեկտները պարտավոր են սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը: Սպառման սահմանափակման և դրա վթարային անջատման հրահանգները (սպառման ռեժիմները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը: Այդ հրահանգների գործողության ժամկետը մեկ տարի է:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինն ապահովում է վթարային իրավիճակների, սպառողների անջատման կամ սպառման սահմանափակման մասին տեղեկատվության հրապարակումը:
i
Առավել կարևոր նշանակություն ունեցող առանձին սպառողներին Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով անընդհատ և անխափան էլեկտրական և ջերմային էներգիա, բնական գազ մատակարարելու ապահովման դեպքում վճարումները չկատարելու հետևանքով մատակարարների կրած վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
i
Մատակարարի մեղքով սպառողին հասցված վնասը փոխհատուցվում է դատական կարգով:
i
Հոդված 10. |
Էներգետիկայի բնագավառի օբյեկտների պաշտպանությունը |
Էներգետիկայի բնագավառի օբյեկտները` էլեկտրակայանները, էլեկտրահաղորդման գծերը, կաթսայատները, ենթակայանները, գազաբաշխիչ կայանները, մայրուղային գազամուղները, գազի պահեստարանները, կոմպրեսորային կայանները, գազակարգավորիչ կետերը, ջրամբարները, դրանց օժանդակ կառույցները և կառավարման կենտրոնները համարվում են կենսաապահովման օբյեկտներ, պահպանվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
i
Հոդված 11. |
Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիները |
Էներգետիկայի բնագավառի կառույցները և սարքավորումներն ապահովվում են անվտանգության գոտիներով` դրանց բնական գործունեությունը, քաղաքացիների ու շահագործող անձնակազմի անվտանգությունը և գույքի պաշտպանությունն ապահովող տարածքներով:
Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ նրա կողմից լիազորված մարմինները, իսկ էլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության գոտին սահմանվում է հաստատված նախագծով:
Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալիք ներկայացնել օբյեկտների բնականոն աշխատանքի, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքի և առողջության անվտանգության, գույքի պահպանության համար` ըստ գործող նորմերի և կանոնների:
Ստորգետնյա մալուխների պաշտպանական գոտիներում արգելվում է`
ա) կատարել հողային աշխատանքներ` առանց մալուխային գծի սեփականատիրոջ թույլտվության.
բ) կառուցել շենքեր, կառույցներ, շինություններ, իրականացնել այնպիսի գործունեություն, որն անհնար է դարձնում կամ դժվարացնում մալուխային գծի սպասարկումը կամ սպառնում դրա անվտանգությանն ու հուսալիությանը:
Էներգետիկայի և այլ համակարգերի սարքավորումների և կառույցների հաղորդակցումների փոխհատման դեպքում սեփականատերերը պարտավոր են համագործակցել դրանց անվտանգությունը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` գործող նորմատիվ իրավական ակտերի և ստանդարտների համաձայն:
ԳԼՈՒԽ III
ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
i
Հոդված 12. |
Պետական քաղաքականության իրականացումը էներգետիկայի բնագավառում |
Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նրա կողմից լիազորված պետական մարմինները:
Հոդված 13. |
Պետական քաղաքականության հիմնական խնդիրները էներգետիկայի բնագավառում |
Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են`
ա) էլեկտրական և ջերմային էներգիայի հուսալի, անվտանգ և արդյունավետ արտադրության, հաղորդման (փոխադրման) և բաշխման, ինչպես նաև բնական գազի արդյունահանման, փոխադրման և բաշխման ապահովումը.
բ) անվտանգության աստիճանի անընդհատ բարձրացման ապահովումը.
գ) մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
դ) պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման խթանումը.
ե) էներգախնայողության խթանումը.
i
զ) էներգետիկայի բնագավառի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, տարատեսակ էներգետիկ պաշարների ներկրման և օգտագործման, տեղական էներգետիկ պաշարների օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
է) շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.
ը) գիտատեխնիկական առաջընթացի ապահովման և նոր տեխնոլոգիաների ներդրման խրախուսումը.
թ) կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.
ժ) արտակարգ իրավիճակներում էներգետիկայի բնագավառի գործունեության ռազմավարության մշակումը և իրականացումը:
Օրենքով սահմանված` բնակչության որոշակի խմբերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվում է փոխհատուցում:
i
Հոդված 14. |
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագների սահմանման սկզբունքները |
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագների սահմանման սկզբունքներն են`
ա) էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագներով էներգետիկայի բնագավառի սուբյեկտների անվտանգ և արդյունավետ գործունեությունն ապահովող շահագործմանը, պահպանման ծախսերին, հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումներին, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխան և հիմնական միջոցների հիմնավորված վերագնահատված հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, հիմնանորոգման և կապիտալ ներդրումների, վարկերի սպասարկման ծախսերի փոխհատուցումը և շահույթի ապահովումը.
բ) էներգետիկայի բնագավառին ցույց տրվող պետական աջակցությունն ամբողջությամբ հաշվի առնելը (սակագինը նվազեցվում է պետական աջակցության չափով).
գ) առաքման արժեքից կախված` տարբեր սակագների սահմանումը սպառողների տարբեր խմբերի համար.
i
դ) սպառման ծավալից, տարվա եղանակից, օրվա ժամերից, ծառայությունների տեսակներից կախված` տարբերակված սակագների սահմանումը սպառողների համար.
ե) սպառողների տարբեր խմբերի միջև խաչաձև հատկացումներ չեն թույլատրվում:
Սակագների գործողության ժամկետը չի կարող վեց ամսից պակաս լինել:
i
Հոդված 15. |
Էներգետիկայի բնագավառում գործունեության և աշխատանքների իրականացման լիցենզավորումը |
Էներգետիկայի բնագավառում տրվում է երկու տեսակի լիցենզիա`
i
ա) գործունեության լիցենզիա, որը տրվում է գործունեության հետևյալ տեսակների համար`
- բնական գազի արտահանում, ներկրում, տեղափոխում, բաշխում և այդ ոլորտում արտադրական շինարարություն.
- էլեկտրական կայանների կառուցում.
- էլեկտրական էներգիայի արտադրություն, ներկրում, հաղորդում, արտահանում, բաշխում և այդ ոլորտում արտադրական շինարարություն.
- ջերմային էներգիայի արտադրություն, տեղափոխում, բաշխում և այդ ոլորտում արտադրական շինարարություն:
Գործունեության լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը (այսուհետ` էներգետիկայի հանձնաժողով): Գործունեության լիցենզիան տրվում է միայն իրավաբանական անձանց: Գործունեության լիցենզիա ստանալու համար անձը էներգետիկայի հանձնաժողովին պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ թույլտվությունները:
Լիցենզավորման պայմանները սահմանվում են սույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ստանդարտների, անվտանգության տեխնիկայի կանոնների և այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի դրույթներին ու պահանջներին համապատասխան:
Գործունեության լիցենզիան տրվում է մասնագիտական որակավորման լիցենզիայի (հավաստագրի) առկայության դեպքում.
բ) մասնագիտական որակավորման լիցենզիա (հավաստագիր), որը տրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց` մասնագիտական որոշակի աշխատանքներ իրականացնելու համար: Մասնագիտական որակավորման լիցենզիա (հավաստագիր) ունեցող անձն իրավունք չունի իր լիցենզիան օտարել կամ փոխանցել մեկ այլ անձի:
Մասնագիտական որակավորման լիցենզիա (հավաստագիր) պահանջող աշխատանքների և մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև լիցենզավորման (հավաստագրման) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մասնագիտական որակավորման լիցենզիաները (հավաստագրերը) տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:
Հոդված 16. |
Միջուկային էներգետիկան |
i
Միջուկային էներգետիկան պետության մենաշնորհն է: Միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման, կազմակերպական-իրավական ու տեխնիկական համակարգերի ձևավորումը և դրանց գործունեության վերահսկումը իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինները: Միջուկային էներգետիկայի, շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության և անվտանգության հարցերը կարգավորվում են միջազգային իրավունքի նորմերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ատոմային էլեկտրակայանների արտադրած էլեկտրական էներգիայի սակագինը սահմանում է էներգետիկայի հանձնաժողովը:
i
Հոդված 17. |
Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման (փոխադրման), բնական գազի փոխադրման, դրանց բաշխման նկատմամբ տեխնիկական վերահսկողությունը |
Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման (փոխադրման), բնական գազի փոխադրման, դրանց բաշխման նկատմամբ տեխնիկական վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինները, որոնք արձանագրված խախտումների մասին տեղյակ են պահում էներգետիկայի հանձնաժողովին:
Վերոհիշյալ մարմինները էներգետիկայի հանձնաժողովի առաջարկությամբ կատարում են ստուգումներ և արդյունքների մասին տեղյակ են պահում նրան:
ԳԼՈՒԽ IV
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 18. |
Էներգետիկայի հանձնաժողովը |
i
Էներգետիկայի հանձնաժողովը էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին է, որը գործում է սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից էներգետիկայի հանձնաժողովին պատվիրակված որոշակի լիազորությունների հիման վրա:
Էներգետիկայի հանձնաժողովը գործում է սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
Էներգետիկայի հանձնաժողովը չի կարող լուծարվել առանց սույն օրենքն ուժը կորցրած ճանաչելու կամ դրա մեջ փոփոխություն կատարելու:
Հոդված 19. |
Էներգետիկայի հանձնաժողովի հիմնական խնդիրը |
Էներգետիկայի հանձնաժողովի հիմնական խնդիրն է` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց համար միատեսակ պայմաններ սահմանելով` սպառողներին հիմնավորված սակագներով հուսալի և անվտանգ էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման երաշխիքների ապահովումը:
Հոդված 20. |
Էներգետիկայի հանձնաժողովի իրավասությունը |
i
Էներգետիկայի հանձնաժողովը`
i
ա) հաստատում է էլեկտրական ու ջերմային էներգիայի և բնական գազի սակագները.
բ) իրականացնում է էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, հաղորդման, արտահանման և բաշխման, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման, բնական գազի ներկրման, փոխադրման, արտահանման և բաշխման գործունեության լիցենզավորում, գործունեության լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկում և գործունեության լիցենզիայի կասեցում կամ գործունեության լիցենզիայից զրկում.
i
գ) սահմանում է էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման և արտահանման քվոտաներ` ելնելով էներգետիկայի բնագավառի անվտանգության և սպառողներին հնարավորին չափ ցածր սակագներով էլեկտրական էներգիայով ապահովելու պահանջներից.
i
դ) գրանցում է գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված մատակարարման պայմանագրեր, մշակում և կիրառում է գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև կնքվող, ինչպես նաև սպառողներին էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևեր.
ե) իր իրավասության շրջանակներում անցկացնում է քննարկումներ` տնտեսավարող սուբյեկտների միջև առաջացած տարաձայնությունների լուծման նպատակով.
զ) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
i
Հոդված 21. |
Էներգետիկայի հանձնաժողովի կազմը և նրա անդամների լիազորությունների ժամկետը |
Էներգետիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
Էներգետիկայի հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները սահմանվում են`
մեկ անդամի համար` մեկ տարի.
մեկ անդամի համար` երկու տարի.
մեկ անդամի համար` երեք տարի.
մեկ անդամի համար` էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ` չորս տարի.
մեկ անդամի համար` էներգետիկայի հանձնաժողովի նախագահ` հինգ տարի:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետն առաջադրում է նոր թեկնածու` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա կարող է կրկին առաջադրվել որպես էներգետիկայի հանձնաժողովի անդամության թեկնածու:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամ կարող են լինել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել սույն օրենքով սահմանված պարտականությունների կատարումը:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել`
ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
բ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք.
գ) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, սույն հոդվածի «ա», «բ», «գ» կետերում նշված, ինչպես նաև նրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարման, այլ աշխատանքի անցնելու դեպքերում, կամ եթե նա թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, հիվանդության կամ այլ պատճառով վեց ամսից ավելի չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները կամ մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել է էներգետիկայի հանձնաժողովի նիստերից:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ Հայաստանի Հանրապետության Նախագահին` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Էներգետիկայի հանձնաժողովի անդամի հրաժարականը Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ:
Էներգետիկայի հանձնաժողովի անդամներն իրենց պաշտոնավարության ընթացքում չեն կարող էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց մոտ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունենալ արժեթղթեր, բաժնեմաս կամ փայամասնակցություն:
i
Հոդված 22. |
Էներգետիկայի հանձնաժողովի պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Սույն օրենքի պահանջները խախտելու համար էներգետիկայի հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 23. |
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը |
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահին և նրա տեղակալին էներգետիկայի հանձնաժողովի անդամներից նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` տարիքով ավագ անդամը:
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահը`
ա) համակարգում և ապահովում է էներգետիկայի հանձնաժողովի և նրա աշխատակազմի բնականոն աշխատանքը.
բ) հրավիրում և նախագահում է էներգետիկայի հանձնաժողովի նիստերը, ստորագրում հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները.
գ) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է էներգետիկայի հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
դ) հաստատում է էներգետիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների հաստիքացուցակները, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում էներգետիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 24. |
Էներգետիկայի հանձնաժողովի աշխատակազմը |
Էներգետիկայի հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակը հաստատում է էներգետիկայի հանձնաժողովը` էներգետիկայի հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
Էներգետիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներն իրենց ծառայության ընթացքում չեն կարող էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց մոտ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունենալ արժեթղթեր, բաժնեմաս կամ փայամասնակցություն:
Հոդված 25. |
Պետական մարմինների հետ համագործակցությունը |
Իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս էներգետիկայի հանձնաժողովը ելնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնախնդիրներից:
Էներգետիկայի հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը:
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:
i
Հոդված 26. |
Էներգետիկայի հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգումը |
Էներգետիկայի հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշումներ և հրահանգներ, իսկ էներգետիկայի հանձնաժողովի նախագահը` արձակում հրամաններ: Էներգետիկայի հանձնաժողովը վարում է իր ակտերի գրանցամատյանը: Էներգետիկայի հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Էներգետիկայի հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր իրավական ակտերի մատչելիությունը: Էներգետիկայի հանձնաժողովը հրապարակում է նիստերի անցկացման տեղը և ժամանակը, օրակարգը, որոշումների նախագծերի բովանդակությունը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, ներկայացնել տեղեկություններ և հանդես գալ ելույթներով:
Էներգետիկայի հանձնաժողովն ընդունում է նորմատիվ իրավական ակտեր, որոնք կանոնակարգում են էներգետիկայի հանձնաժողովի անդամների կամ աշխատակազմի աշխատակիցների հանդիպումներն այն անձանց հետ, որոնց սակագները հաստատելու, գործունեության լիցենզիա տալու կամ այն վերանայելու վերաբերյալ հարցը ներկայացված է էներգետիկայի հանձնաժողովի քննարկմանը: Էներգետիկայի հանձնաժողովի որևէ անդամ, առանց նախնական զգուշացման և բոլոր կողմերին մասնակցելու հնարավորություն ընձեռելու, իրավունք չունի քննարկման ենթակա հարցի վերաբերյալ խորհրդակցել շահագրգիռ անձի կամ նրա լիազորած անձի հետ:
Էներգետիկայի հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
Էներգետիկայի հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու շաբաթը մեկ անգամ:
Էներգետիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են առնվազն երեք անդամ, այդ թվում` նախագահը կամ նախագահի տեղակալը:
Որոշումներն ընդունվում են էներգետիկայի հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
Էներգետիկայի հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում կարող է դիմել պետական մարմիններ, ազատ մուտք ունենալ էներգետիկայի բնագավառի ցանկացած տնտեսավարող սուբյեկտի տարածք:
Էներգետիկայի հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել անկախ փորձագետների:
Էներգետիկայի հանձնաժողովի նիստերը դռնբաց են:
Էներգետիկայի հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը:
Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի, էներգետիկայի հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքերում էներգետիկայի հանձնաժողովն իրավասու է կիրառել տույժի հետևյալ տեսակները`
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ.
բ) գործունեության լիցենզիայի կասեցում.
գ) գործունեության լիցենզիայից զրկում:
Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է էներգետիկայի հանձնաժողովը:
Էներգետիկայի հանձնաժողովն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տուգանել գործունեության լիցենզիա ունեցող անձանց:
i
Հոդված 28. |
Էներգետիկայի հանձնաժողովի իրավական ակտերի գանգատարկումը |
Էներգետիկայի հանձնաժողովի իրավական ակտերը, բացառությամբ սակագինը սահմանող որոշումների, կարող են գանգատարկվել դատական կարգով:
Հոդված 29. |
Էներգետիկայի հանձնաժողովի անդամների և աշխատակազմի աշխատողների աշխատավարձի չափը |
Էներգետիկայի հանձնաժողովի անդամների աշխատավարձի չափը սահմանում է էներգետիկայի հանձնաժողովը:
Էներգետիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների աշխատավարձի չափը սահմանում է էներգետիկայի հանձնաժողովի նախագահը:
i
Հոդված 30. |
Էներգետիկայի հանձնաժողովի ծախսերի ֆինանսավորումը |
Էներգետիկայի հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (բյուջեն), որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական բյուջեի նախագծում առանձին տողով անփոփոխ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաստատմանը:
Էներգետիկայի հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքում ամրագրված` էներգետիկայի հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:
Հոդված 31. |
Ֆինանսական հաշվետվությունը, աուդիտը |
i
Յուրաքանչյուր տարի էներգետիկայի հանձնաժողովը ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին, որն այդ հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով կարող է անցկացնել էներգետիկայի հանձնաժողովի գործունեության աուդիտ: Էներգետիկայի հանձնաժողովը պարտավոր է աջակցել աուդիտի անցկացմանը:
Հոդված 32. |
Տարեկան տեղեկատվությունը |
Էներգետիկայի հանձնաժողովը`
ա) յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 1-ը, Ազգային Ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր ծրագիրը, որը պարունակում է տեղեկություններ էլեկտրական, ջերմային էներգիայի, բնական գազի սպառման կանխատեսվող ծավալների, էլեկտրական էներգիայի արտադրության, արտահանման և ներկրման քվոտաների, բնական գազի ներկրման ծավալների, էլեկտրական և ջերմային էներգիայի ու բնական գազի սակագների նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ.
բ) յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը:
Հոդված 33. |
Գաղտնիությունը |
i
Պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան էներգետիկայի հանձնաժողովն իր գործունեության մեջ ապահովում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը:
i
ԳԼՈՒԽ V
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
i
Հոդված 34. |
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագների հաստատումը և կիրառումը |
Էներգետիկայի հանձնաժողովը հաստատում կամ մերժում է գործունեության լիցենզիա ունեցող անձի ներկայացրած սակագները` սույն օրենքի դրույթներին համապատասխան:
Էներգետիկայի հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշումն ընդունում է գործունեության լիցենզիա ունեցող անձից սակագները փոխելու մասին դիմումը ստանալուց հետո 90-օրյա ժամկետում: Նոր սակագների մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից 30 օր հետո:
Դիմումի ձևը և ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է էներգետիկայի հանձնաժողովը:
Էներգետիկայի հանձնաժողովը կարող է սեփական նախաձեռնությամբ վերանայել սակագները` իր կողմից հաստատված ընթացակարգերին համաձայն:
Էներգետիկայի հանձնաժողովի սահմանած սակագինը համարվում է առավելագույն սակագին: Գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է էլեկտրական և ջերմային էներգիան, բնական գազը վաճառել սահմանված սակագնից ավելի ցածր սակագնով, այն պայմանով, որ նույն խմբի սպառողներին էներգիան մատակարարվում է միևնույն սակագնով:
Սպառողների շահերը պաշտպանելու նպատակով գործունեության լիցենզիա ունեցող անձը պահպանում է առավելագույնից ցածր ընդունված սակագինը մինչև էներգետիկայի հանձնաժողովի կողմից նոր սակագնի սահմանումը:
i
Հոդված 35. |
Սակագների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը |
Գործունեության լիցենզիա ունեցող անձինք էներգետիկայի հանձնաժողովի սահմանած կարգով և ձևերով էներգետիկայի հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն` նախորդ տարվա ընթացքում իրենց գործունեության և ընթացիկ տարում նախատեսվող գործունեության մասին:
Էներգետիկայի հանձնաժողովը հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա սահմանում է միասնական համակարգ, որը գործունեության լիցենզիա ունեցող անձանց ֆինանսատնտեսական հաշվետվությունների ձև է:
i
ԳԼՈՒԽ VI
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 36. |
Գործունեության լիցենզիա ստանալու պայմանները |
i
Էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխման, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման, բնական գազի ներկրման, փոխադրման, արտահանման և բաշխման գործունեությունն իրականացվում է միայն էներգետիկայի հանձնաժողովի տված գործունեության լիցենզիայի առկայության դեպքում: Էլեկտրական և ջերմային էներգիա արտադրողից գործունեության լիցենզիա չի պահանջվում, եթե այդ էներգիան օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար:
Գործունեության լիցենզիայում նշվող պայմանները սահմանում է էներգետիկայի հանձնաժողովը` ելնելով սույն օրենքի 15 հոդվածի դրույթներից:
Էներգետիկայի հանձնաժողովը գործունեության լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնողներից պահանջում է ֆինանսական երաշխիքներ: Այդ երաշխիքների ձևերն ու ներկայացման կարգը սահմանում է էներգետիկայի հանձնաժողովը:
Գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանում է էներգետիկայի հանձնաժողովը:
Գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումների քննարկման և գործունեության լիցենզիա տալու կարգը սահմանում է էներգետիկայի հանձնաժողովը:
Էներգետիկայի հանձնաժողովը գործունեության լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ որոշման պատճենը ուղարկում է դիմողին` այդ որոշումն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում:
Հոդված 37. |
Սպառողների շահերի պաշտպանության երաշխիքները |
Էներգետիկայի հանձնաժողովի կողմից անձին գործունեության լիցենզիայից զրկելու դեպքում, էներգասպառողների անխափան էներգամատակարարումն ապահովելու նպատակով, էներգետիկայի հանձնաժողովը գործունեության լիցենզիայից զրկված անձին կարող է ժամանակավորապես թույլատրել շարունակել իր գործունեությունը` էներգետիկայի հանձնաժողովի սահմանած լրացուցիչ պայմաններին և դրույթներին համապատասխան` մինչև գործունեության նոր լիցենզիա տալը:
Էներգետիկայի հանձնաժողովը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` գործունեության նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու համար: Գործունեության լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել էներգետիկայի հանձնաժողով` գործունեության նոր լիցենզիա ստանալու համար:
i
Եթե գործունեության լիցենզիայից զրկված անձը չի կարողանում բավարարել գործունեության նոր լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները, ապա նա օտարում է լիցենզավորված գործունեությունն ապահովող իր սեփականությունը կազմող գույքային համալիրը: Գործունեության լիցենզիայից զրկված անձի` գործունեության նոր լիցենզիա ստանալու պայմանները չբավարարելու և իր սեփականությունը կազմող լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, այդ գույքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածով սահմանված կարգով, օրենքի հիման վրա, օտարվում է հասարակության և պետության կարիքների համար` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Սպառողների շահերի պաշտպանության նպատակով գույքի օտարման գործընթացի ընթացքում էներգետիկայի հանձնաժողովը նշանակում է գործունեության լիցենզիայից զրկված անձի գույքի ժամանակավոր կառավարիչ:
Սույն հոդվածով նախատեսված հանգամանքներում նոր սեփականատեր ի հայտ գալու դեպքում վերջինս ներկայացնում է իր գործունեության ծրագիրը, որի հիման վրա էներգետիկայի հանձնաժողովը տալիս է գործունեության թույլտվություն:
Հոդված 38. |
Գործունեության լիցենզիա ունեցող անձանց սեփականության իրավունքի սահմանափակումը |
Գործունեության լիցենզիա ունեցող որևէ անձ, առանց էներգետիկայի հանձնաժողովի թույլտվության, չի կարող դառնալ գործունեության լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետեր, փայատեր կամ միավորվել գործունեության լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:
Արտադրության, բաշխման, հաղորդման (փոխադրման) գործունեության լիցենզիա ունեցող որևէ անձի կանոնադրական հիմնադրամում 35 տոկոսից ավելի մեծամասնություն ունեցող բաժնետեր կամ փայատեր, առանց էներգետիկայի հանձնաժողովի թույլտվության, իրավունք չունի ձեռք բերել մեկ այլ գործունեության լիցենզիա ունեցող անձի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն:
Հոդված 39. |
Գործունեության լիցենզիա ունեցող անձի պարտականությունները |
Գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է`
ա) իր գործունեությունն իրականացնել սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, էներգետիկայի հանձնաժողովի ընդունած նորմատիվ ակտերին և գործունեության լիցենզիայում նախատեսված պայմաններին համապատասխան.
բ) ապահովել իր գործունեության մեջ ընդգրկված անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորումը.
գ) իրականացնել սարքավորումների շահագործումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումը` ապահովելով քաղաքացիների, սպասարկող անձնակազմի կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև գույքի պահպանությունը.
դ) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ օգտագործվող սարքավորումների համապատասխանությունն էներգետիկայի ոլորտում գործող ստանդարտների և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին.
ե) ապահովել լիցենզավորված գործունեության կառույցների և սարքավորումների մատչելիությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների և էներգետիկայի հանձնաժողովի ներկայացուցիչների համար.
i
զ) օրենքով սահմանված կարգով հատուցել այլ սեփականատերերին պատճառված վնասը:
Հոդված 40. |
Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու կարգը |
Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից գործունեության լիցենզիայի պայմաններում փոփոխությունների մասին դիմումի քննարկումը և ընդունումը կատարվում են ընդհանուր կարգով:
Էներգետիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ գործունեության լիցենզիայի պայմանների փոփոխություններ կարող են կատարվել գործունեության լիցենզիա ունեցող անձանց հետ համաձայնեցնելուց հետո:
i
Հոդված 41. |
Էլեկտրական էներգիայի, բնական գազի ներկրման և արտահանման լիցենզիաները |
Էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման լիցենզիա ունեցող անձանց տրվում է էլեկտրական էներգիա (հզորություն) ներկրելու և ազգային էլեկտրական ցանց և (կամ) էլեկտրական բաշխման ցանց և (կամ) անմիջապես սպառողին էլեկտրական էներգիա (հզորություն) առաքելու իրավունք: Սպառողների շահերը պաշտպանելու նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի (հզորության) պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը և էլեկտրական էներգիայի (հզորության) գները` էլեկտրաէներգիա և բնական գազ գնելու համար մատչելի շուկաներում, էներգետիկայի հանձնաժողովը սահմանում է էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման առավելագույն սակագին:
Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձանց տրվում է բնական գազի ներկրման և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու իրավունք:
Ներկրման լիցենզիան տրվում է էներգետիկայի հանձնաժողովի կողմից կազմակերպված հրապարակային մրցույթով` օրենսդրությամբ սահմանված կարգով: Մրցույթի պայմանները սահմանում է էներգետիկայի հանձնաժողովը:
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձանց տրվում է արտադրության և (կամ) հաղորդման լիցենզիա ունեցող անձանցից էլեկտրական էներգիա գնելու և արտահանելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիան տրվում է ներքին շուկայի հագեցման դեպքում, և արտահանման սակագինը չի կարգավորվում:
Հոդված 42. |
Արտադրության լիցենզիաները |
i
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց տրվում է էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և ազգային էլեկտրական ցանց և (կամ) էլեկտրական բաշխման ցանց և (կամ) անմիջապես սպառողին էլեկտրական էներգիա (հզորություն) առաքելու իրավունք:
Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց տրվում է ջերմային էներգիա արտադրելու և փոխադրման (բաշխման) ցանց և (կամ) անմիջապես սպառողին առաքելու իրավունք:
Արտադրողին տրված գործունեության լիցենզիայի գործողության ժամկետը պետք է համապատասխանի արտադրող կայանի կամ կայանքի ծառայության ժամկետին:
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են ենթարկվել ազգային էլեկտրական ցանցի կենտրոնական կարգավարական ծառայության հրահանգներին:
Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են ենթարկվել ջերմային էներգիայի փոխադրման և (կամ) բաշխման ցանցի կարգավորական ծառայության հրահանգներին:
Հոդված 43. |
Հաղորդման (փոխադրման) լիցենզիաները |
i
Էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է ազգային էլեկտրական ցանցով էլեկտրական էներգիա (հզորություն) հաղորդելու և կենտրոնական կարգավարական ծառայություն իրականացնելու բացառիկ իրավունք: Էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է ներկրման, արտադրության լիցենզիա ունեցող անձանցից էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու, արտահանման, բաշխման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին վաճառելու և Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիա (հզորություն) տարանցելու իրականացման իրավունք: Կենտրոնական կարգավարական ծառայության հրահանգներն ենթակա են պարտադիր կատարման արտադրության, ներկրման, արտահանման, հաղորդման և բաշխման լիցենզիա ունեցող անձանց համար:
Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձանց տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) և (կամ) ներկրողից բնական գազ գնելու, բաշխելու, արտահանելու լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Հայաստանի Հանրապետության տարածքով բնական գազ տարանցելու և կենտրոնական կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Կենտրոնական կարգավարական ծառայության հրահանգները ենթակա են պարտադիր կատարման բնական գազ արտադրողների (արդյունահանողների) ներկրման, արտահանման և բաշխման լիցենզիա ունեցող անձանց համար:
Ազգային էլեկտրական ցանցի կենտրոնական կարգավարական ծառայության և բնական գազի փոխադրման ցանցի կենտրոնական կարգավարական ծառայության կանոնակարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը` համաձայնեցնելով էներգետիկայի հանձնաժողովի հետ:
Սույն հոդվածով սահմանված գործունեության լիցենզիաները տրվում են անժամկետ:
Հոդված 44. |
Բաշխման լիցենզիաները |
Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է սահմանված որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիա բաշխելու (վաճառելու) բացառիկ իրավունք և էլեկտրական էներգիայի հաղորդման, արտադրության և ներկրման լիցենզիա ունեցող անձանցից էլեկտրական էներգիա (հզորություն) ստանալու (գնելու) իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են ենթարկվել ազգային էլեկտրական ցանցի կենտրոնական կարգավարական ծառայության հրահանգներին:
Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է սահմանված որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու (վաճառելու) բացառիկ իրավունք և բնական գազի փոխադրման ցանցից բնական գազ ստանալու (գնելու) իրավունք: Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են ենթարկվել բնական գազի փոխադրման ցանցի կենտրոնական կարգավարական ծառայության հրահանգներին:
Ջերմային էներգիայի փոխադրման և (կամ) բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է ջերմային էներգիայի փոխադրման և (կամ) բաշխման ցանցերը շահագործելու և կարգավարական ծառայության, ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանցից ջերմային էներգիա ստանալու (գնելու) և սպառողին ջերմային էներգիա փոխադրելու և (կամ) բաշխելու (վաճառելու) իրավունք:
Սույն հոդվածով սահմանված գործունեության լիցենզիաները տրվում են անժամկետ:
Հոդված 45. |
Էլեկտրաէներգիայի ազգային ցանց մուտք գործելու իրավունքը |
Արտադրության կամ ներկրման լիցենզիա ունեցող անձի կողմից բաշխման լիցենզիա ունեցող անձի և (կամ) սպառողի հետ ուղղակի պայմանագրի առկայության դեպքում հաղորդման և (կամ) բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են պայմանագրերի հիման վրա հաղորդել և (կամ) բաշխել էլեկտրական էներգիան (հզորությունը) էներգետիկայի հանձնաժողովի կողմից հաստատված սակագներով, այն պայմանով, եթե այդպիսի հաղորդումը բավարարում է համակարգի հուսալիության, անվտանգության և գործող ստանդարտների պահանջներին:
Հոդված 46. |
Ֆինանսատնտեսական հարաբերությունների կարգավորումը |
Էներգետիկայի բնագավառի գործունեության լիցենզիա ունեցող անձանց ֆինանսատնտեսական հարաբերությունները կարգավորվում են առևտրային պայմանագրերով:
Սպառողների 100 տոկոսից պակաս վճարումների դեպքում գոյացած գումարը բաշխվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` բաշխման, փոխադրման, արտադրման և ներկրման լիցենզիա ունեցող անձանց միջև հավաքված գումարի տոկոսին համամասնորեն, այն պայմանով, եթե նման բաշխումը չի ազատում պայմանագրային պարտավորություններից:
ԳԼՈՒԽ VII
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 47. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
ԳԼՈՒԽ VIII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 48. |
Անցումային դրույթներ |
i
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող սույն օրենքով լիցենզավորման ենթակա տնտեսավարող սուբյեկտներին էներգետիկայի հանձնաժողովի կողմից գործունեության լիցենզիաներ տալու գործընթացը սկսվում է 1998 թվականի հունվարի 1-ից և ավարտվում 1999 թվականի հուլիսի 1-ին: Այդ տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են դիմել էներգետիկայի հանձնաժողով` գործունեության լիցենզիաներ ստանալու համար` ըստ էներգետիկայի հանձնաժողովի սահմանած կարգի և ժամանակացույցի:
Սույն օրենքի 14 հոդվածի «ա» կետում նշված սկզբունքի կիրառումը իրականացվում է աստիճանաբար` երկու տարվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 1998 թվականի հունվարի 1-ը սահմանում է մասնագիտական որակավորման լիցենզիաներ (հավաստագրեր) պահանջող աշխատանքների և մասնագիտությունների ցանկը և հաստատում է դրանք տալու կարգը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը էներգետիկայի հանձնաժողովի հետ համատեղ իրականացնում է ազգային էլեկտրական ցանցի և էլեկտրական բաշխման ցանցերի, բնական գազի փոխադրման ցանցի և բնական գազի բաշխման ցանցերի, ջերմային էներգիայի փոխադրման և (կամ) բաշխման ցանցերի սահմանազատումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ նրա կողմից լիազորված պետական մարմինը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում, տարանջատում է ազգային էլեկտրական ցանցի շահագործման և կարգավարական գործառույթները: Այդ դեպքում էներգետիկայի հանձնաժողովը տալիս է էլեկտրական էներգիայի հաղորդման և կենտրոնական կարգավարական ծառայության գործունեության առանձին լիցենզիաներ:
Սույն օրենքի 6, 7 և 8 հոդվածներով նախատեսված` ջերմային էներգիայի սպառման հաշվառման վերաբերյալ դրույթների կիրառումն իրականացվում է աստիճանաբար` երկու տարվա ընթացքում: Անցումային շրջանում կիրառվում է էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված հաշվարկային մեթոդիկան:
Էներգետիկայի հանձնաժողովի ծախսերի ֆինանսավորումը, մինչև 1998 թվականի պետական բյուջեի հաստատումը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում սահմանում է սույն օրենքի 46 հոդվածի դրույթների իրականացումն ապահովող կարգ:
26 հունիսի 1997 թ.
ՀՕ-125