ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԱՐԱԴ/0033/15/19
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԱՐԱԴ/0033/15/19
Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
2020 թվականի դեկտեմբերի 18-ին ք. Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Հարություն Ժորայի Հարությունյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշման դեմ պաշտպան Է.Թովմասյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով Հարություն Ժորայի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` 2 (երկու) դրվագով առաջադրված մեղադրանքում, և նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 10 (տասը) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2015 թվականի նոյեմբերի 5-ից:
2. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատապարտյալ Հ.Հարությունյանի դիմում-բողոքը մերժվել է:
3. Դատապարտյալ Հ.Հարությունյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Հ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ վերադարձվել է` թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու համար:
Դատապարտյալ Հ.Հարությունյանի պաշտպան Է.Թովմասյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունվարի 30-ի որոշմամբ վարույթ է ընդունվել(1): Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
_____________________
1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դատապարտյալ Հ.Հարությունյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) «1. Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
(...)
5) բողոքի հիմքերը և պահանջը.
5.1) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
(...):
2.1. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե`
1) վերաքննիչ բողոքը բերվել է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված պահանջների խախտմամբ.
(...)»:
4. Նախորդ կետում շարադրված նորմերը կիրառելով սույն որոշման 2-րդ կետում մեջբերվածի նկատմամբ` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով սահմանված վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, մասնավորապես բողոքը չի բովանդակում համապատասխան հիմք և հիմնավորում, որպիսիք պետք է ներկայացվեն բացառապես վերաքննիչ բողոքում և չեն կարող փոփոխվել կամ լրացվել գործի դատական քննության ընթացքում, ուստի այն պետք է թողնել առանց քննության»(2):
_____________________
2) Տե՛ս նյութեր, թերթեր 114-115:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի դրույթները, որի հետևանքով խախտվել են Հ.Հարությունյանի իրավունքները:
Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատապարտյալին զրկել է բողոքը շտկելու և կրկին ներկայացնելու հնարավորությունից:
Բողոքաբերի պնդմամբ, հաշվի առնելով բողոքաբերի իրավագիտակցության ցածր մակարդակը, բողոքի նման ձևակերպումն ինքնին հիմք չէր վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար:
7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել բողոքի հիմքը և հիմնավորումը ներկայացնելու վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը, հանգեցրել է դատապարտյալ Հ.Հարությունյանի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:
9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով(3),
_____________________
3) Տե՛ս Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը(4),
_____________________
4) Տե՛ս նույն տեղում:
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն(5),
_____________________
5) Տե՛ս Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա(6): Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի(7):
_____________________
6) Տե՛ս Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
7) Տե՛ս Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
11. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»(8):
_____________________
8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
12. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ` վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
(...)
5) բողոքի հիմքերը և պահանջը.
5.1) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը. (...) «:
14. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:
(...)
Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ: Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը: Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»(9):
_____________________
9) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման դեմ դատապարտյալի բողոքը թողնվել է առանց քննության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 51-րդ կետերով վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները պահպանված չլինելու պատճառաբանությամբ(10):
_____________________
10) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 9-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող դատավարական պահանջներին տրված նման մեկնաբանությամբ դատապարտյալի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, prima facie, ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը:
17. Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել բողոքի հիմքը և հիմնավորումը ներկայացնելու վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը, հանգեցրել է դատապարտյալ Հ.Հարությունյանի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Հարություն Ժորայի Հարությունյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, ուստի չենք կարող նշել հրապարակման օրը, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2021 թվականի հուլիսի 26-ին: