Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` Հ ...

 

 

020.1358.210317

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 մարտի 2017թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները և իրավակիրառական պրակտիկան, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը սահմանում է.

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

...

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար...»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Ավետիք Բուդաղյանի մահվան և երկու այլ անձանց ծանր մարմնական վնասվածքներ ստանալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 32102413 քրեական գործը: Այդ գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Տ. Խաչատրյանին և Զ. Նիկողոսյանին: Հետագայում քննիչը վերջինների գործողությունների օրինաչափության և արարքներում հանցակազմի բացակայության հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումներ է կայացրել, որոնց նախորդել է մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ նրա մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ քննիչի 2013թ. սեպտեմբերի 6-ի որոշումը:

Մահացածի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչն անձի մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականցնելու մասին քննիչի 2013թ. սեպտեմբերի 6-ի որոշումը բողոքարկել են վերադաս դատախազին: Այդ բողոքները չեն բավարարվել:

2013թ. հոկտեմբերի 10-ին` փաստաբանը, իսկ 2013թ. նոյեմբերի 18-ին նաև մահացածի իրավահաջորդը նշված որոշման դեմ բողոքներ են ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015թ. օգոստոսի 6-ի որոշմամբ այդ գործով փաստաբանի ներկայացրած այլ բողոքների հետ մեկտեղ մերժել է նաև նրա և մահացածի իրավահաջորդի բողոքները` անձի մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականցնելու մասին քննիչի որոշման դեմ:

2015թ. օգոստոսի 26-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն առաջին ատյանի դատարանի նշված որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ընդունել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նկատի ունենալով, որ իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 2016թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ կասեցրել է թիվ ԵԱՔԴ/0047/11/13 քրեական գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան նշված նորմի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դիմողը) գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 31-րդ, 61-րդ, 66-րդ և 75-րդ հոդվածներին այնքանով, որքանով թույլատրում է մեղադրյալի (կասկածյալի) մահվան հիմքով քրեական գործի վարույթը կարճել կամ քրեական հետապնդումը դադարեցնել (չիրականացնել) առանց նրա մերձավոր ազգականների համաձայնության:

Դիմողը պատճառաբանում է, որ օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերում ամրագրված հիմքերը ոչ արդարացնող բնույթի են, որոնց դեպքում քրեական հետապնդումը դադարեցնելիս մեղադրյալի կողմից հանցանքի կատարումը, որպես կանոն, մինչդատական կամ դատական վարույթներում համարվում է ապացուցված և փաստացի, առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի անձը մեղավոր է ճանաչվում հանցագործություն կատարելու մեջ:

Դիմողի պնդմամբ` անձի մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու (չիրականացնելու) արդյունքում անձը հասկանալի պատճառներով զրկված է հետապնդման դադարեցմանն իր անհամաձայնությունը հայտնելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու պահանջ ներկայացնելու միջոցով այնպիսի անձնական արժեքների պաշտպանության հնարավորությունից, ինչպիսիք են արժանապատվությունը, պատիվը, բարի համբավը, անմեղության կանխավարկածը:

Ըստ դիմողի` վիճարկվող նորմի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ դրանով մահացածի իրավունքների վերականգնման անհրաժեշտության դեպքում գործի վարույթը շարունակելու հնարավորություն է նախատեսված, սակայն որոշակիացված չէ, թե ով, ինչպես և որ փուլում պետք է գնահատի նման անհրաժեշտության առկայությունը: Հետևաբար, այն չի համապատասխանում օրենքին առաջադրվող` որոշակիության և կանխատեսելիության չափանիշներին:

Դիմողի համոզմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի ուղղակի կարգավորում, որի պայմաններում մահացածի մերձավոր ազգականների կամ այլ շահագրգիռ անձանց կողմից մահացածի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման դեմ առարկելը խոչընդոտ կհանդիսանա այդպիսի որոշում կայացնելու համար: Մինչդեռ ենթադրյալ հանցանք կատարած անձի մահվան դեպքում նրա մոտակա հերթի ժառանգները նրա իրավունքների պաշտպանության նպատակով պետք է իրավունք ունենան պահանջել վարույթի շարունակություն, որը մահացածի, ինչպես նաև նրա ընտանիքի բարի համբավի պաշտպանության եղանակ է: Բացի դրանից, անձի արդարացման դեպքում` նրա ժառանգները ձեռք են բերում դրանից բխող մի շարք քաղաքացիական բնույթի իրավունքներ:

Դիմողը գտնում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով քրեական հետապնդում չիրականցնելու (դադարեցնելու) մասին որոշման դեմ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով մահացածի իրավահաջորդի ներկայացրած բողոքի քննությունը չի կարող համարժեք և արդյունավետ միջոց համարվել մահացածի և նրա իրավահաջորդի արժանապատվության, պատվի, բարի համբավի, ինչպես նաև վերջինի գույքային իրավունքների պաշտպանության համար, որովհետև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանն իրավասու չէ քննել անձի մեղավորության կամ անմեղության հարցը և այդ առումով ստուգել քննարկվող որոշման օրինականությունը:

Դիմողի կարծիքով` մահացածի և նրա իրավահաջորդների` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արժանապատվության, պատվի և բարի համբավի, դրանց հետ փոխկապակցված նաև մահացածի անմեղության կանխավարկածի իրավունքների համարժեք պաշտպանության` պետության պարտականությունը կարող է համարվել իրականացված միայն այն դեպքում, երբ մահացածի նկատմամբ վարույթը շարունակելու հարցում նախատեսվի նրա իրավահաջորդի դիրքորոշման կանխորոշիչ նշանակությունը:

4. Պատասխանողը գտնում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթը նախատեսում է ընդհանուր կանոն, այն է` անձի մահվան դեպքում քրեական գործի չհարուցում, քրեական հետապնդման չիրականացում, իսկ քրեական գործ հարուցված լինելու դեպքում վարույթի կարճում երկու բացառություններով` երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:

Պատասխանողը, միջազգային պրակտիկայի ուսումնասիրման արդյունքում, առանձնացնում է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի մահվան դեպքում քրեական գործի ընթացքի վերաբերյալ երեք լուծում և, համապատասխանաբար, դրանք կիրառող պետությունների երեք խումբ` ա) երբ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի մահը խոչընդոտ չէ քրեական գործի վարույթը շարունակելու համար, բ) երբ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի մահվան դեպքում քրեական գործով վարույթը դադարեցվում է, գ) հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի մահվան դեպքում քրեական գործով վարույթը դադարեցվում է` բացառությամբ, երբ առկա է մահացած անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտություն:

Ըստ պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է երրորդ խմբի պետությունների իրավակարգավորումներին համարժեք այնպիսի իրավակարգավորում, որը կոչված է ապահովելու մահացածի ցանկացած իրավունքի, այդ թվում` անմեղության կանխավարկածի, պատվի, բարի համբավի հետմահու պաշտպանությունը:

Իրավական որոշակիության սկզբունքի առնչությամբ պատասխանողը նշել է, որ` «երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար» արտահայտությունը գնահատողական կատեգորիա է, որի մեկնաբանությունը և կիրառությունը գործնական հարց է, իսկ «գնահատման փուլ պետք է համարվի անձի մահվան հիմքով քրեական գործի վարույթի կարճման ժամանակահատվածը»: Պատասխանողը միաժամանակ եզրակացնում է, որ` «Ակնհայտ է, որ մերձավոր հարազատների կողմից մահացած անձի արդարացման, այն է` անձի պատվի ու բարի համբավի պաշտպանության նկատառումով, քրեական գործի վարույթը շարունակելու պահանջը պետք է դատարանների կողմից գնահատվի որպես մահացածի իրավունքների վերականգնման անհրաժեշտություն»:

Պատասխանողը պնդում է, որ օրենսդիրը, չսահմանելով հանցագործության կատարման մեջ մեղադրվող մահացած անձի դատավարական իրավունքների իրավահաջորդություն, ինչպես տուժողների դեպքում է, սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթում այնպիսի ձևակերպում է ընտրել, որ հնարավորություն է տալիս քրեական գործի վարույթը շարունակել անգամ այն դեպքում, երբ մահացած անձի որևէ մերձավոր ազգական չի դիմում քրեական գործի վարույթը շարունակելու պահանջով, բայց առկա է մահացած անձի իրավունքների վերականգնման անհրաժեշտություն, ինչը հանցագործության մեջ մեղադրվող անձանց մահվան դեպքում վերջիններիս իրավունքների պաշտպանության առավել բարձր մակարդակ է:

Պատասխանողը գտնում է նաև, որ դիմողի կողմից բարձրացված հարցերն արդեն իսկ իրենց պատասխաններն ստացել են ՀՀ վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառության սահմանադրաիրավական գործառույթի իրացման շրջանակներում, երբ վճռաբեկ դատարանն իր` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՍԴ/0389/01/11 որոշմամբ գտել է, որ գործի վարույթը շարունակելու իրավական հիմքերը բացակայում են, որովհետև մահացածի իրավահաջորդը նրա իրավունքների վերականգնման նպատակով վարույթը շարունակելու պահանջ չի ներկայացրել:

Պատասխանողի համոզմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

5. Քննության առարկա իրավադրույթի վերաբերյալ դիրքորոշումներ են ներկայացրել նաև ՀՀ կառավարությունը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

ՀՀ կառավարությունը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթում տեղ գտած «մահացածի իրավունքների վերականգնման համար» արտահայտությունն այն լիարժեք նյութաիրավական հիմքն է, որն անհրաժեշտ է կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքների վերականգնման, այդ թվում` նրանց արժանապատվության և բարի համբավի պաշտպանության համար: Կառավարությունը միաժամանակ նշում է, որ օրենսգրքի կանոնակարգումներով որոշակիացված չէ, թե ով, ինչպես և որ փուլում պետք է գնահատի նման անհրաժեշտության առկայությունը, և եզրակացնում, որ «իրականում թերի է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, այլ բացակայում են այն կառուցակարգերը, որոնք միտված կլինեին վիճարկվող դրույթի ամբողջական և լիարժեք իրացման ապահովմանը»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ գործող դատավարական կարգավորումներն այնքանով, որքանով չեն ամրագրում քրեական գործով վարույթի շրջանակներում մահացածի և նրա իրավահաջորդների իրավունքների պաշտպանության արդյունավետ ընթացակարգեր, «չեն բավարարում արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և իրավական որոշակիության սահմանադրական պահանջները»:

6. ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ չնայած Վերաքննիչ դատարանը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ամբողջությամբ, այնուամենայնիվ, դատարանի որոշմամբ բարձրացված հարցը վերաբերում է վիճարկվող դրույթով նախատեսված երկու բացառություններից միայն առաջինին, այն է` «երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար...» արտահայտությանը: Հետևաբար, հաշվի առնելով հիշյալ հանգամանքը` Սահմանադրական դատարանը գործը քննության է առնում բացառապես մահացած անձի (կասկածյալի կամ մեղադրյալի) մերձավոր հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կողմից մահացածի իրավունքների վերականգնման հնարավորության օրենսդրական կարգավորման և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում:

Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում, հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել անձի մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ ընդհանուր կանոնից նրա իրավունքների վերականգնման համար գործի վարույթը շարունակելու մասին բացառության որոշակիությունը և լիարժեքությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում` մարդու արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, անմեղության կանխավարկածի և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության տեսանկյունից:

7. ՀՀ Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 3-րդ և 23-րդ հոդվածներով սահմանվում է, որ մարդու արժանապատվությունն անօտարելի և անխախտելի է: ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում (ՍԴՈ-649, ՍԴՈ-834, ՍԴՈ-913, ՍԴՈ-997, ՍԴՈ-1121) անդրադարձել է «արժանապատվություն» եզրույթին և մասնավորապես նշել.

ա) «Վավերացնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը` Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է դրա Նախաբանի այն հիմնարար դրույթը, ըստ որի` «մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից»: Սահմանադրության 3 հոդվածի 1-ին մասում նշված է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»: «Բարձրագույն արժեք» հասկացությունն այստեղ վերացական չէ և ունի որոշակի իրավական բովանդակություն»: (ՍԴՈ-649),

բ) «Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար: Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն»: (ՍԴՈ-913):

Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով անձի համբավին և պատվին, գտել է, որ չնայած դիմողի առաջնային նպատակը եղել է օրենքի և հանրության առջև իր եղբոր արատավորված անվան մաքրումը, այն «... միաժամանակ թույլ է տվել դիմողին վերականգնել իր ընտանիքի պատիվն ու բարի համբավը» (Kurzac v. Poland, app. 31382/96, 25/05/2000) և որոշ հանգամանքներում անձի` ընտանիքի մահացած անդամի համբավը կարող է ազդել նրա անձնական կյանքի և ինքնության վրա, եթե համապատասխան անձի և ընտանիքի ընդհանուր համբավի միջև առկա է սերտ կապ («Chauvy and others v. France», app. no.64915/01, 29/09/2004, «Putistin v. Ukraine», app. no.16882/03, 21/02/2014, «32):

Անձի արժանապատվության անխախտելիությունը, նրա պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը վերաբերում են ոչ միայն մարդկային կյանքի ողջ ժամանակահատվածին, այլ պետությունը պարտավոր է ստեղծել նաև մահացած անձի պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտ իրավական երաշխիքներ:

8. ՀՀ Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 66-րդ հոդվածով սահմանվում է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքը համանման կարգավորմամբ սահմանված էր նաև 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-710, ՍԴՈ-832, ՍԴՈ-871, ՍԴՈ-931, ՍԴՈ-1252, ՍԴՈ-1270) անդրադարձել է անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի լիարժեք իրացման երաշխավորվածության և ապահովման խնդիրներին և արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք, մասնավորապես, հանգում են հետևյալին.

ա) «... անմեղության կանխավարկածի սկզբունքը` նպատակ ունենալով պաշտպանել անձին հանիրավի մեղադրանքից, միաժամանակ չի կարող բացառել իրավասու մարմնի կողմից նրան քրեական հանցագործության մեջ կասկածելու հանգամանքը` մինչև այն պահը, երբ այդ կասկածներն այդ մարմնի իրավաչափ գործողությունների արդյունքում հնարավոր չի եղել հիմնավորվել»: (ՍԴՈ-871),

բ) «... անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է հանցագործության կատարման մեջ մեղադրվողին համարել անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս սկզբունքի էությունն անձի մեղքը բացառապես դատական կարգով հաստատելու երաշխավորումն է, այսինքն` այս սկզբունքի ուժով անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և միայն դատական ակտով: Անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է նաև, որ անձի նկատմամբ կիրառվող դատավարական միջոցները պատժի տարրեր չպետք է պարունակեն, իսկ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը»: (ՍԴՈ-871),

գ) «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բարբերան, Մեսեգեն և Ջաբարդոն ընդդեմ Իսպանիայի գործով (Barbera, Messegue and Jabardo v. Spain 10590/83, կետ 77) 1988թ. դեկտեմբերի 6-ի 10590/83 վճռում անմեղության կանխավարկածին հաղորդել է հետևյալ բովանդակությունը. «...6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Այն պահանջում է, ի թիվս այլոց, որ իրենց պարտականությունները կատարելիս դատարանի անդամները չպետք է ունենան կանխակալ կարծիք առ այն, որ մեղադրյալը կատարել է մեղսագրվող արարքը, ապացուցման պարտականությունը պետք է կրի մեղադրանքի կողմը, և ցանկացած կասկած պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի»: (ՍԴՈ-871):

Անմեղության կանխավարկածն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածում, համաձայն որի` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անձը համարվում է անմեղ, եթե բացակայում են նրան քրեական պատասխանատվության ենթարկելու փաստական (հանցագործության դեպքը և տվյալ անձի մասնակցությունը հանցագործությանը) և իրավաբանական հիմքերը (արարքում հանցակազմի առկայությունը):

Նշված հոդվածով նաև ամրագրվում են դրույթներ, համաձայն որոնց` հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին, նշել է, որ այն կոչված է պաշտպանելու «քրեական հանցագործության կատարման մեջ մեղադրվող յուրաքանչյուրին»`առանց օրենքով սահմանված կարգով նրա մեղքը հաստատելու նրան մեղավոր ճանաչող որոշումից: Սակայն դրանից չի հետևում, որ «դատարանի որոշումը, որով կասկածի տակ է դրվում «քրեական հանցագործության կատարման մեջ մեղադրվող» անձի անմեղությունը, նրա մահից հետո չի կարող բողոքարկվել նրա այրու կողմից: Այրին կարող է ունենալ ինչպես օրինական նյութական շահագրգռվածություն որպես մահացածի ժառանգ, այնպես էլ իր և ընտանիքի բարոյական շահագրգռվածությունը` մահացած ամուսնու անմեղության ապացուցման և արդարացման հարցում» («Nolkenbockhoff v. Germany», application no. 10300/83, 25/08/1987, «33):

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի մահվան դեպքում քրեական պատասխանատվության հարց չի կարող առաջանալ, սակայն որոշ դեպքերում կարևոր է նրա մեղավորության կամ անմեղության հաստատումը:

Մահացած անձի` պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում մեղավորության կամ անմեղության հաստատումը համապատասխանում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրինականության (հոդված 7), օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության (հոդված 8), անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու (հոդված 9) և գործի արդարացի քննության (հոդված 17) սկզբունքներին:

Հետևաբար, եթե մահացած անձի (կասկածյալի կամ մեղադրյալի) մեղավորությունն ապացուցված չէ օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը, գործող օրենսդրության համաձայն, անկախ նրանից` նա ողջ է, թե մահացած, համարվում է անմեղ:

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը սահմանում է իրավապայման` անձի մահանալը, որի առկայության դեպքում քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման: Միևնույն ժամանակ, օրենսդիրն այդ ընդհանուր կանոնից որպես բացառություն առանձնացրել է երկու դեպք` մահացածի իրավունքների վերականգնման կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործի վերսկսման անհրաժեշտություն, որոնց պարագայում, չնայած անձի մահանալուն, քրեական գործի վարույթը պետք է շարունակել: Քրեական գործի վարույթը մահացածի իրավունքների վերականգնման համար շարունակելու վերաբերյալ կարգավորումը հանդիսանում է օրենսդրական երաշխիք և կոչված է ապահովելու մարդու արժանապատվության անխախտելիությունը, անձի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի և անմեղության կանխավարկածի սկզբունքի երաշխավորումը:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-871, ՍԴՈ-1213 որոշումներում անդրադարձել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին առնչվող խնդիրներին` նշելով, մասնավորապես, որ` «... ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերում ամրագրված` ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի կարճման, երբ մեղադրյալի կողմից հանցանքի կատարումը, որպես կանոն, մինչդատական կամ դատական վարույթներում ապացուցված է, և, ըստ այդմ, օրենսդիրը մեղադրյալին արդարացվածի կարգավիճակ չի տրամադրում...» (ՍԴՈ-871) և «...որ օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը, այնպես էլ առաջացնում են պարտավորություն` կարճել քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման: Միևնույն ժամանակ, այս ընդհանուր մոտեցումն ունի վերապահումներ, որոնք ամրագրված են օրենսգրքի 35-րդ հոդվածում...» (ՍԴՈ-1213):

Հիշյալ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերում ամրագրված են ոչ արդարացնող հիմքերը: «Արդարացնող» հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերում օրենսդիրն արգելում է որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 5-րդ մաս): «Ոչ արդարացնող» հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի համար օրենսդիրը նման արգելք չի սահմանել:

Ոչ արդարացնող` վաղեմության ժամկետն անցած լինելու կամ համաներման հիմքերով (6-րդ և 13-րդ կետեր) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում և գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Մինչդեռ մահացած մեղադրյալն օբյեկտիվ պատճառներով զրկված է դրա դեմ առարկելու և իր արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը պաշտպանելու հնարավորությունից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Այսպիսի սահմանում է նախատեսված նաև օրենսգրքի 6-րդ հոդվածի 42-րդ կետով: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ նման բնորոշումը համապատասխանում է «ռեաբիլիտացված» հասկացության բովանդակությանը և այն հավասարապես կարող է վերաբերել ինչպես ողջ, այնպես էլ մահացած անձանց:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածն արդարացվածի համար սահմանում է մի շարք իրավունքներ: Մասնավորապես, արդարացվածն իրավունք ունի բողոքարկել իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը կամ արդարացման դատավճիռը, պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները, իրավունք ունի ստանալ աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը, վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները, դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը և այլն: Միևնույն ժամանակ, արդարացվածի համար սահմանված մի շարք իրավունքներ, համաձայն նույն հոդվածի 11-րդ մասի, արդարացվածի մահվան դեպքում անցնում է նրա մոտակա հերթի ժառանգներին: Բացի դրանից, օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասը նույնպես արդարացվածի համար իրավական որոշակի հնարավորություններ է նախատեսել` կապված փորձաքննության կամ այլ օրինաչափ գործողությունների հետևանքով փչացած կամ կորած իրերի արժեքը պետական բյուջեի միջոցների հաշվին վերադարձվելու հետ: Իսկ օրենսգրքի 22-րդ հոդվածը կարգավորում է դատական սխալներից տուժածների (այդ թվում` արդարացվածի) իրավունքների վերականգնումը, այն է` արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Բացի դրանից, օրենսդրությամբ սահմանված են նաև անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.2):

ՈՒստի մահացածի մերձավոր ազգականները պետք է հնարավորություն ունենան պահանջելու շարունակել քրեական գործի վարույթը նրա անմեղության հարցը լուծելու նպատակով, ինչի արդյունքում, եթե դատարանը կայացնի արդարացման դատավճիռ, մի կողմից կապահովվի մահացածի իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը, մյուս կողմից` որպես իրավահաջորդ հանդես եկող մերձավոր ազգականները ձեռք կբերեն մահացածի արդարացվածի կարգավիճակից բխող իրավունքներ:

10. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մարդու արժանապատվության անխախտելիության, անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի իրացման երաշխավորվածությանն ուղղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված բացառություններից առաջինի, այն է` «...երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար» դրույթի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամբողջական չեն: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերլուծությունը վկայում է, որ մահացածի իրավահաջորդության ինստիտուտ և դրանից բխող անհրաժեշտ իրավունքներ, պարտականություններ, ընթացակարգեր նախատեսված չեն: Բացակայում են նաև քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու դեպքում այդ մասին մահացածի մերձավոր ազգականներին իրազեկելու, տեղեկացնելու իրավական անհրաժեշտ կառուցակարգերը:

ՀՀ սահմանադրական դատարանը կարևորում է քրեադատավարական օրենսդրությունում այնպիսի իրավակարգավորումը, որը հնարավոր կդարձնի մահացած անձի (մեղադրյալի կամ կասկածյալի) ռեաբիլիտացիան քրեական դատավարության շրջանակներում, նրա իրավունքների և օրինական շահերի լիարժեք պաշտպանությունը` տրամադրելով մահացած անձի մերձավոր հարազատներին համապատասխան քրեադատավարական կարգավիճակ և դրանից բխող համապատասխան իրավունքներ, ինչը, սակայն, օրենսդրի խնդիրն է:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ քննության առարկա հարցի առնչությամբ օրենսդրական մոտեցումները տարբեր են, սակայն, անկախ այդ հանգամանքից, ընդհանուրն այն է, որ օրենսդրական կանոնակարգումներն ուղղված են երաշխավորելու անձի սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացումը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ անփոփոխելի հոդվածի 3-րդ մասի համաձայն մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն անմիջականորեն գործող իրավունքներ են: Իրավակիրառական պրակտիկան ու, առաջին հերթին, դատական պրակտիկան է կոչված Սահմանադրության ուժով երաշխավորել այդ իրավունքների անմիջական գործողությունը:

11. Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական դատավարության օրենսգրքում սահմանված չէ մահացած անձի մերձավորների իրավահաջորդի դատավարական կարգավիճակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նույնիսկ համապատասխան հստակ կարգավիճակի բացակայության պարագայում օրենսգրքի գործող իրավակարգավորումներն ապահովում են հիշյալ իրավունքների և դրանց պաշտպանության իրավաչափ հավասարակշռությունը և բավարար են մահացած անձի իրավունքների վերականգնման համար` ինչպես մերձավոր հարազատների, այնպես էլ իրավասու անձանց կամ իրավասու մարմինների նախաձեռնությամբ:

Վիճարկվող իրավադրույթի իրավակիրառ պրակտիկան նույնպես վկայում է այն մասին, որ մահացած անձանց իրավունքների վերականգնումը կարող է տեղի ունենալ ինչպես մահացածի մերձավոր հարազատների, այնպես էլ իրավասու մարմինների նախաձեռնությամբ:

Ի պատասխան ՀՀ սահմանադրական դատարանի 16.02.2017թ. թիվ ՍԴԱ-3 գրության` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հայտնել է, որ վիճարկվող իրավադրույթով նախատեսված հիմնական կանոնից բացառությունը գործնականում մի քանի դեպքով կիրառվել է և վարույթը շարունակվել է մահացած անձանց իրավունքների վերականգնման համար ինչպես մահացածի հարազատների, այնպես էլ իրավասու մարմինների նախաձեռնությամբ:

ՀՀ դատական դեպարտամենտի կողմից ստացվել է տեղեկանք (ՀՀ սահմանադրական դատարանի 16.02.2017թ. թիվ ՍԴԱ-4 գրությանն ի պատասխան) առ այն, որ վիճարկվող իրավադրույթի կիրառման վերաբերյալ ամփոփված պրակտիկա չկա: Միաժամանակ, հակիրճ ներկայացվել է ԵԱԴԴ/0039/01/12 գործը, որով դատարանը գտել է, որ մերձավոր ազգականի դիմումը հիմք է վիճարկվող դրույթի ուժով քրեական վարույթը շարունակելու համար, քանի որ նա իր դիմումով անհամաձայնություն է հայտնել մահացածի մեղավորության վերաբերյալ նախաքննության մարմնի եզրահանգման կապակցությամբ և պայքարում է մահացածի իրավունքների վերականգնման համար: Նույն գործով մահացածի մերձավոր ազգականն իրավահաջորդ չի ճանաչվել քրեական դատավարությունում նման մասնակցի կարգավիճակ սահմանված չլինելու պատճառով, բայց դրա փոխարեն դատարանը գտել է, որ նրա ներկայացուցիչը կարող է մասնակցել որպես պաշտպան:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը նախատեսում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների` դատարան բողոքարկման ընթացակարգ: Նշված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով: Նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

Բողոքարկման նման ինստիտուտի առկայության պայմաններում դատարանները վիճարկվող դրույթը ողջամիտ կիրառելու դեպքում լիարժեքորեն կարող են ապահովել մարդու արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի անմիջական իրացումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված բացառության (գործի վարույթի շարունակումն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար) հաշվառմամբ և շրջանակներում:

Համապատասխան իրավասու մարմինները մերժելով (մերժման որոշում կայացնելով) քրեական գործի վարույթը շարունակելու` մահացածի մերձավոր հարազատների կամ շահագրգիռ այլ անձանց խնդրանքը, պետք է առաջնորդվեն այն մոտեցմամբ, որ մահացած անձը չի ճանաչվել որպես հանցագործություն կատարող անձ, նրա կարգավիճակն է` քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ:

Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև վիճարկվող դրույթի ընդհանուր տրամաբանությունից, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը, իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ անձի մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին իրազեկել նրա մերձավոր ազգականին, ապահովել վերջինի դիրքորոշման լսելիությունը, մահացածի իրավունքների վերականգնման անհրաժեշտության դեպքում քրեական գործի վարույթը շարունակելու` նրա պահանջի բավարարումը և մասնակցությունը մահացածի իրավունքների պաշտպանության և նրա մեղավորության հարցը պարզելուն ուղղված դատավարության ողջ ընթացքում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, մասնավորապես, հաշվի առնելով`

ա) իրավակիրառ պրակտիկայում անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի երաշխավորման անհրաժեշտությունը,

բ) օրենսգրքի նշված դրույթով նախատեսված բացառության իրացման անհրաժեշտությունը` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների անմիջական գործողության ապահովման ու իրավունքի գերակայության երաշխավորման հիման վրա,

գ) անձի մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում մահացածի հարազատներին նման որոշման ընդունման մասին իրազեկելու անհրաժեշտությունը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 մարտի 2017 թվականի

ՍԴՈ-1358

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.03.2017
N ՍԴՈ-1358
Որոշում