ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ՍԴ/0188/01/19
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ՍԴ/0188/01/19
Նախագահող դատավոր` Ա. Մնացականյան
Դատավորներ` Ա. Ազարյան
Մ. Արղամանյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
3 մարտի 2022 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Արմեն Հակոբջանի Սարգսյանի և պաշտպան Ս.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
i
1. 2019 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է թիվ 32156819 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ Արմեն Հակոբջանի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ Արմեն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ թիվ 32156819 քրեական գործից անջատվել է Ա.Սարգսյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 32102319 համարը:
2019 թվականի նոյեմբերի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
i
2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի հունիսի 16-ի դատավճռով Արմեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով:
i
3. Ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպան Ի.Մանուկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն` Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունիսի 16-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել է. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2018 թվականի նոյեմբերի 1-ի օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Ա.Սարգսյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից:
i
Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ:
Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա.Սարգսյանը և պաշտպան Ս.Հարությունյանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին վճռաբեկ բողոք են բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
i
5. Արմեն Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նա չունենալով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու թույլտվություն, առանց իրացնելու նպատակի` հետագայում գործածելու համար, գործով դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով` ընդհանուր` 5,88 գրամ հաստատուն քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը նրա` Գորիս քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 18 տանը կից հողամասում 2019 թվականի օգոստոսի 15-ին կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության ծառայողների կողմից:
i
Այսինքն` Արմեն Հակոբջանի Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
i
Բացի այդ, նա չունենալով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակման համար լիցենզիա, նույն հողամասում աճեցրել է շրջանառությունն արգելված «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոց պարունակող, խոշոր չափերով` «Կանեփ» տեսակի 21 ամբողջական բույսեր, որոնք ևս կատարված վերոնշյալ զննությամբ հայտնաբերվել և վերցվել են:
i
Այսինքն` Արմեն Հակոբջանի Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով»(1):
_______________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 64-66:
i
6. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է. «(...) «Ամբաստանյալ Արմեն Սարգսյանի կատարած արարքները` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի 1-ին մասով, հիմնավորված են, մեղսագրվող արարքների նկատմամբ քրեական օրենքի որակումները` ճիշտ, որոնցով էլ նա ենթակա է պատասխանատվության և պատժի: (...) Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը: (...) Հաշվի առնելով նրա անձը` այն, որ նա դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտվել է ազատազրկման, (...) կատարել նոր դիտավորյալ, նույնաբնույթ հանցագործություն, (...) դատարանը գտնում է, որ պատժի նպատակները կիրականանան նշանակված պատիժը նրա կողմից կրելու պայմաններում (...)»(2):
_______________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 147-158:
i
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) «Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալի կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակել է համաչափ ռեալ (իրական) պատիժ, (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Արմեն Սարգսյանին պետք է ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը, ապա այն պետք է թողնել անփոփոխ (...)»(3):
_______________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 72-95:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
8. Բողոքի հեղինակները, վկայակոչելով մի շարք իրավական նորմեր, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունած որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներ, նշել են, որ Ա.Սարգսյանն իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով արարքը կատարել է 2019 թվականի օգոստոսի 15-ին: Ըստ բողոքաբերների` անցել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, որի պայմաններում Ա.Սարգսյանը պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից:
Հետևաբար, բողոքաբերները եզրահանգել են, որ առկա են բոլոր հիմքերը` Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և վերջինիս նկատմամբ այդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումը, Արմեն Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Արմեն Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
i
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները (...):
5. «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
i
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:
i
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...):
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
i
ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով (...)»:
12. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
i
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքն ավարտվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին(4): Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի հունիսի 16-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի ապրիլի 6-ին(5): Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերվել 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(6):
_______________________
4) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
5) Տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը:
6) Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
i
14. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմեն Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի` որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2021 թվականի օգոստոսի 15-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:
i
Հետևաբար, Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ: Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
i
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Հակոբջանի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հունիսի 16-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումը բեկանել, Արմեն Հակոբջանի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Հրապարակվել է datalex.am կայքէջում` 3 մարտի 2022 թվական: