i
(ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-211-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «2» դեկտեմբերի 1991թ. Ն-0450-I
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Սույն օրենքը կարգավորում է բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման ու պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները:
ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
ՀՈԴՎԱԾ 1. |
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման, կազմակերպման, պահպանության և օգտագործման կարգը սահմանվում է սույն օրենքով և դրա հիման վրա ընդունվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
ՀՈԴՎԱԾ 2. |
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրներն են.
- բնության չափանմուշների (էտալոնների), էկոհամակարգի պահպանությունը և վերարտադրությունը.
- բնական հուշարձանների պահպանությունը.
- կենսաբանական բազմազանության պահպանումը.
- բնական երևույթների գիտական ուսումնասիրումը.
- բնական միջավայրի վիճակի հսկողությունը.
- էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, ռեկրեացիոն-ճանաչողական նպատակներով բնական օբյեկտների օգտագործումը:
ՀՈԴՎԱԾ 3. |
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ |
i
Բնության հատուկ պահպանվող տարածքները մակերեսային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի` օրենքով սահմանված կարգով առանձնացված այն տեղամասերն են, ինչպես նաև առանձին բնական օբյեկտները, որոնք հատուկ էկոլոգիական, գիտական, բուժական, մշակութային, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման:
Բնության հատուկ պահպանվող տարածքները ունեն միջազգային, հանրապետական և տեղական նշանակություն:
Բնության հատուկ պահպանվող տարածքներին տրվում է պետական արգելոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների կարգավիճակ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են պահպանական գոտիներ:
Պահպանական գոտիների չափերն ու ռեժիմը սահմանվում են տվյալ տարածքի մասին կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Բնության հատուկ պահպանվող տարածքները հաշվի են առնվում տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի, հողաշինարարության սխեմաների կազմման ու վարչատարածքային միավորների սահմանների որոշման ժամանակ: Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականաշնորհումը արգելվում է:
ՀՈԴՎԱԾ 4. |
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը դրանց իրավական վիճակի, քանակական և որակական բնութագրերի, էկոլոգիական, գիտական, մշակութային և ժողովրդատնտեսական այլ արժեքների հողօգտագործման մասին տեղեկությունների և փաստաթղթերի համակարգ է:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը կազմվում է դրանց ծրագրավորումն ու պահպանությունը ապահովելու, գիտական հետազոտությունների, համապատասխան ռեժիմների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման ու արտադրական ուժերի տեղաբաշխման ժամանակ դրանց դերը հաշվի առնելու նպատակով:
Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրը կազմվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԲԱԺԻՆ II
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 5. |
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
i
Բնության հատուկ պահպանվող տարածքները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Տարածքներին (ջրատարածքներին) և օբյեկտներին տեղական նշանակության արգելավայրի կամ բնության հուշարձանի կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվում է պետական իշխանության տեղական մարմնի կողմից և ներկայացվում է կառավարության հաստատմանը:
ՀՈԴՎԱԾ 6. |
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպումը կատարվում է բնության պահպանության համակարգված հեռանկարային սխեմաների և հատուկ մշակված նախագծերի հիման վրա, որոնք կազմվում են համապատասխան գիտահետազոտական, գիտաարտադրական և նախագծային հաստատությունների և կազմակերպությունների կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՀՈԴՎԱԾ 7. |
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ տալու մասին միջնորդության քննարկման հետ միաժամանակ պետական իշխանության տեղական մարմինը բնական համակարգի կամ օբյեկտի պահպանման նպատակով ընդունում է հատուկ պահպանման հողակտորի կոնսերվացման մասին որոշում և ձևակերպում համապատասխան ակտ, որով սահմանափակվում կամ անհրաժեշտության դեպքում դադարեցվում է հողօգտագործողների տնտեսական գործունեությունը տվյալ տարածքում:
Կոնսերվացման մասին ընդունված ակտին համապատասխան ճշտվում են տվյալ տեղամասի տնտեսական օգտագործման պետական ծրագրերը:
ԲԱԺԻՆ III
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 8. |
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ |
i
Պետական արգելոցն էկոլոգիական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված տարածք է (ջրատարածք) որտեղ բնական միջավայրի դադարեցման պրոցեսներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:
i
Պետական արգելոցն ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:
ՀՈԴՎԱԾ 9. |
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՌԵԺԻՄԸ |
i
Պետական արգելոցային տարածքներում (բնական արգելոցներում) արգելվում է բնական պրոցեսների զարգացման խախտման հետ կապված որևէ գործունեություն:
Պետական արգելոցային տարածքներում արգելվում են.
i
- ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունը և շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը (բացառությամբ տվյալ հաստատության գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).
- որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի պայմանների խախտումը.
- կենդանիների և բույսերի նոր տեսակների ներմուծումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման նպատակով տարվող որևէ աշխատանք.
- հավաքածուների հավաքը, բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի.
- թունաքիմիկատների օգտագործումը պարարտացման և վնասատուների դեմ պայքարելու նպատակով.
- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.
- անտառահատումները, բույսերի, ծաղիկների և սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.
- ընդհանուր օգտագործման ճանապարհների և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտի երթևեկությունը.
- մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է գիտական կամ մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանությունը:
ԲԱԺԻՆ IV
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ
ՀՈԴՎԱԾ 10. |
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ |
i
Ազգային պարկը տարածք է (ջրատարածք), որն ընդգրկում է հատուկ էկոլոգիական, պատմամշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող բնական համակարգեր և օբյեկտներ, որոնք բնական ու մշակութային լանդշաֆտների բարենպաստ զուգորդման շնորհիվ կարող են օգտագործվել ռեկրեացիոն, պատմամշակութային ու գիտական նպատակներով:
Տվյալ տարածքը ազգային պարկին մշտական օգտագործման է տրվում օրենսդրությամբ սահմանվող կարգով:
Ազգային պարկը, ըստ իր առանձին մասերի ֆունկցիոնալ նշանակության, պահպանության և օգտագործման ռեժիմի բնույթի բաժանվում է համապատասխան գոտիների, որոնցից արգելոցային գոտու տարածքները հանվում են տնտեսական շահագործումից:
i
Ազգային պարկը ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:
ՀՈԴՎԱԾ 11. |
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՌԵԺԻՄԸ |
i
Ազգային պարկի տարածքում հաստատվում է նրա առանձին ստորաբաժանումների (արգելոցային հատված, հանգստյան գոտի և այլն) պահպանության և բնական համակարգերի ու այլ օբյեկտների օգտագործման կարգը` հաշվի առնելով դրանց էկոլոգիական, ռեկրեացիոն, մշակութային և գեղագիտական արժեքը:
i
Ազգային պարկի տարածքում (բացառությամբ արգելոցային գոտու, որտեղ գործում է արգելոցների համար սահմանված ռեժիմը) արգելվում են.
- պարկի գործունեության հետ չառնչվող արդյունաբերական և այլ օբյեկտների շինարարությունը և շահագործումը.
- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը.
- անտառահատումները (բացառությամբ սանիտարականի).
- բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
- ցանկացած այլ գործունեություն, որը հակասում է ազգային պարկի նպատակներին և կանոնադրությանը:
ԲԱԺԻՆ V
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ
ՀՈԴՎԱԾ 12. |
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ |
i
Պետական արգելավայրերը սահմանված կարգով մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված այն տարածքներն են, որոնց սահմաններում ապահովվում են էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերի և դրանց տարրերի տեսակների պահպանությունը և վերարտադրությունը:
Պետական արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրերի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական կամ մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
ՀՈԴՎԱԾ 13. |
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ՌԵԺԻՄԸ |
Պետական արգելավայրերի տարածքում սահմանափակվում կամ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է արգելավայրի նպատակային նշանակմանը:
Պետական արգելավայրերի հիմնական խնդիրներն ու ռեժիմի առանձնահատկությունները որոշվում են դրանց կանոնադրությամբ:
ԲԱԺԻՆ VI
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 14. |
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ |
i
Բնության հուշարձանները բացառիկ կամ տիպիկ գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 15. |
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՌԵԺԻՄԸ |
Բնության հուշարձանների պահպանության կարգը հաստատում են պետական այն մարմինները, որոնք որոշում են ընդունում օբյեկտը բնության հուշարձան հայտարարելու մասին:
Նշված մարմինների կողմից ձևակերպվում է պահպանման վկայական և որոշվում է այն կազմակերպությունը, որը պատասխանատու է բնության հուշարձանի պահպանության ապահովման համար:
ԲԱԺԻՆ VII
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
i
ՀՈԴՎԱԾ 16. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտման մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ VIII
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ՀՈԴՎԱԾ 17. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ |
i
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենքը, ապա կիրառվում է միջազգային պայմանագիրը: