Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ...

 

 

020.1304.200916

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 180.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 15-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 սեպտեմբերի 2016 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողների ներկայացուցիչներ Գ. Պետրոսյանի և Տ. Եգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վարտգեզ Գասպարիի և Վարդուհի Մկրտչյանի դիմումների հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Վարտգեզ Գասպարիի` 2016 թվականի ապրիլի 5-ին և Վարդուհի Մկրտչյանի` 2016 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի օգոստոսի 25-ի ՍԴԱՈ-78 աշխատակարգային որոշումով որոշել է վերը նշված դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Հավաքներ անցկացնելու`օրենքով սահմանված կարգը խախտելը» վերտառությամբ 180.1-րդ հոդվածի սույն գործով վիճարկվող 15-րդ մասը սահմանում է.

«15. Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Վերոհիշյալ հոդվածը գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-73-Ն օրենքով:

 

2. Միավորված գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

ա) Վարտգեզ Գասպարիի դիմումի մասով.

դիմելով դատարան` ՀՀ ոստիկանությունը (Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժինը) պահանջել է Վարտգեզ Գասպարիին ենթարկել վարչական պատասխանատվության: Վարտգեզ Գասպարին, հակընդդեմ հայցով դիմելով դատարան, պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ոստիկանների միջամտող գործողությունները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնից հօգուտ հակընդդեմ հայցվորի բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում` փաստաբանի խելամիտ վարձատրությունը: ՀՀ վարչական դատարանի 26.12.2014 թ. վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ վճռի դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 02.09.2015 թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում,

բ) Վարդուհի Մկրտչյանի դիմումի մասով.

դիմելով դատարան` ՀՀ ոստիկանությունը պահանջել է Վարդուհի Մկրտչյանին ենթարկել վարչական պատասխանատվության`հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: ՀՀ վարչական դատարանի 25.11.2014 թ. որոշմամբ հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.09.2015 թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 13.01.2016 թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:

 

3. Դիմողները գտնում են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ մասը (սանկցիա նախատեսող դրույթի մասով) հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 44-րդ, 60-րդ (1-4-րդ մասեր), 71-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին:

Դիմողները, վերլուծելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վիճարկվող դրույթը, նշում են, որ դատարանը կաշկանդված է կոնկրետ վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության միջոց սահմանող նոր մի շրջանակներով և իրավասու չէ դուրս գալ իրավախախտման համար նախատեսված սանկցիայի սահմաններից: Եթե վարչական իրավախախտման համար նախատեսված սանկցիայով սահմանված են վարչական տուգանքի նվազագույն և առավելագույն շեմեր, ապա դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին համապատասխան իրավասու չէ նշանակել տուգանք` նվազագույն շեմից ավելի ցածր չափով: Այդ հնարավորության բացակայությունը հանգեցնում է ՀՀ Սահմանադրության պահանջներին անհամապատասխանության խնդրի` վիճարկվող դրույթով այլընտրանքային պատասխանատվության միջոց նախատեսված չլինելու և տուգանքի նվազագույն չափի` զգալի լինելու հանգամանքներով պայմանավորված:

Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթով նախատեսված տուգանքի չափը գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն և միջին աշխատավարձերի չափերը: Վիճարկվող դրույթով նախատեսված տուգանքի չափը գրեթե համընկնում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի հետ: Բացի դրանից, դիմողները նշելով, որ հաճախ հավաքները կազմակերպվում են տարբեր սոցիալական բնույթի խնդիրների շուրջ բնակչության բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով, հետևաբար, հավաքին հաճախ կարող են մասնակցել սոցիալապես ոչ այնքան ապահով քաղաքացիներ, նաև կարծում են, որ գույքային դրությունից ելնելով` վիճարկվող դրույթով նախատեսված տուգանքի նվազագույն չափը կարող է զգալի լինել վերջիններիս համար` անհամաչափ սահմանափակելով հավաքի մասնակիցների` հավաքների ազատության և սեփականության իրավունքները:

Դիմողները նշում են, որ համաչափության, հավասարության սկզբունքների խախտումն առավել ակներև է դառնում վիճարկվող նորմում «օրենքով սահմանված պահանջների» հստակեցված չլինելու պայմաններում: Յուրաքանչյուր դեպքում ներկայացված պահանջը կարող է էապես տարբերվող բնույթի լինել, էականորեն տարբեր կարող են լինել այդ պահանջի կատարման հանրային նշանակությունը, պահանջի չկատարման հանրային վտանգավորության աստիճանը և հետևանքները:

Դիմողները, համադրելով վիճարկվող դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումների հետ, եզրահանգում են, որ ելնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված զանցանքի առանձնահատկություններից, տուգանքի նվազագույն չափից, այլընտրանքային պատասխանատվության միջոց նախատեսված չլինելու հանգամանքներից`զանցանքի համար նախատեսված պատասխանատվությունը պետք է ընձեռի պատժաչափի տարբերակված կիրառման հնարավորություն:

 

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողների փաստարկներին` գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Պատասխանողը վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած` պատասխանատվության համաչափության, պատժաչափի տարբերակման սկզբունքների, վարչական պատասխանատվության վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, նշում է, որ իրավաբանական պատասխանատվության համաչափության ապահովման պետության պոզիտիվ պարտականությունը պետք է իրացվի ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ գործունեության ընթացքում: Ըստ պատասխանողի` պետությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով խնդրո առարկա արարքի համար սահմանել է համաչափ պատասխանատվություն: Միաժամանակ, պետությունն ինքն է որոշում իրավակիրառողին տալ իրավաբանական պատասխանատվության համաչափության գնահատման հայեցողություն, թե` ոչ` կախված կոնկրետ զանցակազմի բնույթից և դրսևորման բազմազանությունից:

Պատասխանող կողմն արձանագրում է, որ մի շարք դեպքերում, երբ նորմի դիսպոզիցիայում նկարագրվող արարքները կարող են լինել բազմասեռ, հանրային վտանգավորության աստիճանով միմյանցից տարբերվող կամ կատարվեն մեղքի տարբեր ձևերով կամ այնպիսի տարբեր կարգավիճակ ունեցող անձանց կողմից, որոնց պատասխանատվության հարցում կոնկրետ արարքի դեպքում անձանց կարգավիճակով պայմանավորված տարբերակված պատասխանատվության անհրաժեշտություն է առկա, օրենսդիրը սահմանել է ոչ միայն պատասխանատվության միջոցի նվազագույն և առավելագույն չափեր, այլև շատ դեպքերում` պատասխանատվության այլընտրանքային միջոցներ: Իսկ երբ այդ անհրաժեշտությունն առկա չէ, օրենսդիրը սահմանել է համաչափ կոնկրետ պատասխանատվություն: Խնդրո առարկա սանկցիայով պետությունն արդեն իսկ սահմանել է անձի իրավունքի համաչափ սահմանափակում` պատժաչափի կոնկրետ չափը թողնելով իրավակիրառողի հայեցողությանը: Ըստ պատասխանողի` նման կարգավորումն իրավաչափ է, քանզի պետությունը քննարկվող հոդվածով նպատակ է հետապնդում պաշտպանել նաև հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները` ոստիկանության միջոցով ապահովելով հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն օրենքով սահմանված պահանջների կատարմամբ:

Պատասխանող կողմը փաստում է նաև, որ մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-73-Ն օրենքի ուժի մեջ մտնելը խնդրո առարկա հոդվածն առանձին մասերի բաժանված չի եղել: Հետագայում օրենսդիրը փոխել է քննարկվող հոդվածի բովանդակությունը` առանձին մասերով սահմանելով հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելու տարբեր արարքների համար տարբեր սանկցիաներ` նկատի ունենալով վարչական իրավախախտումների համար տուգանքների սահմանման և փոփոխման ընդհանուր կանոնները` արարքի լրջությունը, հաճախականությունը, այն հանգամանքները, որոնցում դրսևորվում է արարքը: Ըստ պատասխանողի` այս փոփոխությունների արդյունքում խնդրո առարկա սանկցիան հարաբերական-որոշակի է` իրավակիրառողին տալիս է հնարավորություն գործի կոնկրետ հանգամանքների հիման վրա նախատեսված տուգանքի նվազագույն և առավելագույն չափերի շրջանակում ընտրել համաչափ պատժաչափ:

 

5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ մասի սահմանադրականության հարցը բարձրացնում են վերջինիս կառուցվածքային տարր հանդիսացող սանկցիայի մասով:

Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները և ելնելով սույն գործով դիմողների ու պատասխանողի փաստարկներից և եզրահանգումներից, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթի իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատել`

ա) վիճարկվող դրույթի դիսպոզիցիայում ամրագրված «օրենքով սահմանված պահանջներ» եզրույթի և հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված ոստիկանության լիազորությունները սահմանող օրենսդրական ակտերի համադրված վերլուծության համատեքստում,

բ) համաչափության սկզբունքի և դրա բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով նաև այդ առումով ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

6. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արարքի հանրային վտանգավորության գնահատման իր իրավասության շրջանակներում օրենսդիրը հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը որակել է որպես վարչական իրավախախտում` այն ամրագրելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլխում:

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով)` «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Սահմանադրական հիշյալ իրավակարգավորման համատեքստում անդրադառնալով վիճարկվող դրույթի դիսպոզիցիայում ամրագրված «օրենքով սահմանված պահանջներ» եզրույթի բովանդակային ծավալին` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն, մասնավորապես, ընդգրկում է փոխկապակցված հետևյալ բաղադրատարրերը.

ա) պահանջը պետք է ներկայացվի իրավասու սուբյեկտի, կոնկրետ դեպքում` ոստիկանության կողմից,

բ) իրավասու սուբյեկտի կողմից ներկայացվող պահանջը պետք է ունենա համապատասխան իրավական հիմք, այսինքն` իրավասու սուբյեկտի հանրային-իրավական վարքագիծը պետք է բխի իր լիազորություններից, կոնկրետ դեպքում` հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության լիազորություններից:

Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ոստիկանության պահանջի օրինականությունն ապահովող իրավական գործիքակազմը բազմաբնույթ է, մասնավորապես` ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ միջազգային պայմանագրերը, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը:

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով: Հիշյալ հոդվածը սահմանում է նաև այն նպատակները, որոնց առկայությամբ պայմանավորված` հավաքների ազատության սահմանափակումն իրավաչափ է: Այսպես, ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հավաքների ազատության և դրա սահմանափակման համանման կարգավորումներ ամրագրված էին նաև 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 29-րդ և 43-րդ հոդվածներով:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք: Հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն`այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով:

Կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ, համաձայն որոնց, մասնավորապես`

- անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել այնպիսի հանրահավաքին մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ անձն ինքնին որևէ պատժելի արարք չի կատարել (Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի (Ezelin v. France), թիվ 11800/85, 1991 թ. ապրիլի 26-ի վճիռ, Գալստյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 26986/03, 15.11.2007 թ. վճիռ),

- հասարակական վայրում տեղի ունեցող ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի որոշակի աստիճանի խաթարում, ներառյալ երթևեկության խաթարում, և եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա կարևոր է, որ իշխանությունները որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, այլապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության սկզբունքը կիմաստազրկվի (Աշուղյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 33268/03, 17.07.2008 թ. վճիռ, Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի (Oya Ataman v. Turkey), թիվ 74552/01, 2006 թ. դեկտեմբերի 5-ի վճիռ),

- Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիմնական նպատակը հանրային իշխանությունների կամայական միջամտությունից անհատի երաշխավորված իրավունքների պաշտպանությունն է (Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom, թիվ 11002/05, 2007 թ. փետրվարի 27-ի վճիռ):

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը սահմանված են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով: Հիշյալ օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է հավաքի մասնակիցների պարտականությունները, մասնավորապես ամրագրելով, որ հավաքի մասնակիցը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն (1-ին մասի 3-րդ կետ): Նույն օրենքի 32-րդ հոդվածը սահմանում է հավաքի ընթացքում ոստիկանության պարտականությունները, մասնավորապես ամրագրելով, որ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն (1-ին մասի 3-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված են ոստիկանության խնդիրները, այդ թվում` հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունն օրենքին համապատասխան ապահովելը (4-րդ կետ): Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ (2-րդ մաս): Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր (3-րդ հոդվածի 3-րդ մաս):

Վերոհիշյալ օրենքով սահմանված են նաև ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս, նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս: Մասնավորապես, նշված օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Վերոգրյալ իրավակարգավորումներից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

- ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս կաշկանդված է մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով և ազատություններով,

- անձն ազատ է հավաքներին մասնակցելու իրավունքի իրացման տեսանկյունից, սակայն հավասարակշռվածություն պետք է լինի անձի այդ իրավունքի և այլոց իրավունքների ու ազատությունների իրացման միջև: Այդ հավասարակշռվածության ապահովման պարտականությունը, մի կողմից, կրում է պետությունը, որը համապատասխան մարմինների (ոստիկանության) միջոցով ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, մյուս կողմից` հավաքին մասնակցող անձը, ով պետք է դրսևորի այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտող վարքագիծ,

- ոստիկանության պահանջի օրինականությունը գնահատման ենթակա է հանրային իրավահարաբերություններում վերջիններիս մասնակցությունը և լիազորությունները սահմանող իրավադրույթների և փաստացի դրսևորված վարքագծի իրավահամեմատության հիման վրա, ինչը կարող է բացահայտվել կոնկրետ դատաքննության շրջանակներում` գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում,

- յուրաքանչյուր կոնկրետ գործով իրավակիրառողի կողմից պետք է գնահատվի` արդյո՞ք արարքը կոպտորեն խախտում է հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, և որքանո՞վ են իշխանությունները որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցաբերել խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված` հավաքների ազատության սկզբունքը չիմաստազրկվի:

 

7. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարչական պատասխանատվության վերաբերյալ արտահայտել է նաև իրավական դիրքորոշում, մասնավորապես ամրագրելով, որ արարքի ֆինանսական պատասխանատվությունն այնպիսի զսպող միջոցի կիրառմամբ, ինչպիսին տուգանքն է, պետության հայեցողության տիրույթում է (Վալիկո ՍՊԸ-ն ընդդեմ Իտալիայի (Valico S.r.l. v. Italy) 2006 թ. մարտի 21-ի որոշում):

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի հուլիսի 8-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...արձանագրելով, որ օրենսդրի իրավասության շրջանակներում է, մասնավորապես, որոշել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության, սահմանել վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների, վարչական պատասխանատվության միջոցների ու չափերի շրջանակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում նշել, որ հիշյալ հարցերում օրենսդրի հայեցողությունն ունի իր սահմանադրական շրջանակները: Նշված լիազորություններն իրացնելիս օրենսդիրը պետք է ղեկավարվի սահմանադրական սկզբունքներով: Հանրային իշխանության իրականացումը, նախ և առաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում`վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «...համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:

Վիճարկվող դրույթի սանկցիայի մասով իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելով համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից` սույն գործով Սահմանադրական դատարանը վերաբերելի է համարում 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ արտահայտած իր այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից և լրջությունից»:

 

8. Սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթով նախատեսված վարչական իրավախախտման պարտադիր հատկանիշ է համարվում ոստիկանության պահանջի ուղղված լինելը հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովմանը, այդ պահանջի օրենքով սահմանված լինելը և այդ պահանջի չկատարումը: Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջը չկատարելն օրենքով նախատեսված իրավախախտում է, իսկ սուբյեկտից ակնկալվող վարքագիծը պետք է բխի օրենքի պահանջից: Իսկ ոստիկանության պահանջի օրինականության առնչությամբ անհամաձայնությունը, ինչպես նշվեց, կարող է դառնալ դատաքննության առարկա:

Օրենսդիրը, ելնելով հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջի հանրային նշանակությունից, անձի` հավաքներին մասնակցելու իրավունքի և այլոց իրավունքների ու ազատությունների իրացման հավասարակշռվածության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև ոստիկանության` օրենքով սահմանված պահանջը չկատարելու հանրային վտանգավորության աստիճանից, գտել է, որ վիճարկվող դրույթով նախատեսված զանցանքի համար պատասխանատվության անհատականացման և տուգանքի չափի տարբերակման անհրաժեշտությունն առկա է: Օրենսդիրը վիճարկվող դրույթով սահմանել է տուգանքի նվազագույն չափ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, և առավելագույն չափ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Այսինքն, կոնկրետ դեպքում, վարչական պատասխանատվության նախատեսված միջոցը հարաբերական-որոշակի է, ինչով օրենսդիրը տարբերակել է պատասխանատվության չափը` իրավակիրառողին հնարավորություն տալով ապահովել համաչափություն կատարված արարքի և նշանակվող տուգանքի չափի միջև: Այդ համաչափությունը պետք է ապահովվի` հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որի` տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող (33-րդ հոդված) և ծանրացնող (34-րդ հոդված) հանգամանքները:

Ինչ վերաբերում է դիմողների այն փաստարկին, որ դատարանն իրավասու չէ նշանակել տուգանք նվազագույն չափից ավելի ցածր մասով, և, նշված հանգամանքը հաշվի առնելով, հարկ է, որպեսզի վիճարկվող դրույթի սանկցիան նախատեսեր նաև այլընտրանքային պատասխանատվության միջոց, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթում օրենսդիրն իր կամքը հստակորեն արտահայտել է` դրանով իսկ նախանշելով իրավակիրառողի իրավաչափ հայեցողության սահմանները: Ընդ որում, տվյալ արարքի համար հիմնական պատասխանատվության միջոցին զուգահեռ նաև այլընտրանքային պատասխանատվության միջոց նախատեսելը ևս գտնվում է օրենսդրի հայեցողության տիրույթում: Այդ տիրույթում է գտնվում նաև վիճարկվող դրույթով նախատեսված տուգանքի չափի և նվազագույն ամսական աշխատավարձի փոխկապակցվածության ընտրությունը:

Այսուհանդերձ, միջազգային պրակտիկայում, հաշվի առնելով վարչական տարբեր իրավախախտումների բնույթի ու դրանց նկատմամբ պատասխանատվության սահմանման առանձնահատկությունները, իրավակիրառողների համար նախատեսվում են նաև հայեցողության ավելի լայն շրջանակներ` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ որպես ընդհանուր կանոն սահմանելով վարչական տուգանքի ընդհանուր նվազագույն չափ (ինչը, օրինակ, առկա է Ռուսաստանի Դաշնությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Մոլդովայի Հանրապետությունում և այլն): ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակարգավորման նման մոտեցման պայմաններում իրոք խնդրահարույց կարող էր դառնալ առանձին վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքի նվազագույն շեմից ավելի նվազ չափով տուգանքի նշանակման`իրավակիրառողի հայեցողության հարաբերական սահմանափակումը, ինչը կարող էր խոչընդոտել ընդհանուր կանոնից ելնելով ավելի նվազ չափով տուգանքի նշանակումը: Սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքն իրավակարգավորումների համանման մոտեցում չի որդեգրել:

ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ այս կամ այն մոտեցման ընտրությունը համակարգային բնույթ պետք է կրի և երկրում սահմանադրական օրինականության հաստատման տեսանկյունից անհետաձգելի անհրաժեշտություն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի ընդունումը, որը հաշվի կառնի այս ոլորտում նաև միջազգային փորձը և որով կերաշխավորվի իրավակարգավորումների հայեցակարգային ամբողջականությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 սեպտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1304

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.09.2016
N ՍԴՈ-1304
Որոշում