Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ, 53- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական     Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1060/02/09

    դատարանի որոշում                                           2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1060/02/09

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Ն. Տավարացյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի մայիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշման դեմ` ըստ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի` վերջնահաշվարկ կատարելու և կրած վնասները բռնագանձելու պահանջների մասին, և ըստ Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է`

1) Ռաֆիկ Գրիգորյանից բռնագանձել 157.139,5 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 77.194 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճռով սահմանված գումար, 13.992,5 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես սեփականության իրավունքով Ռաֆիկ Գրիգորյանին փոխանցված լրացուցիչ տարածքների վերջնահաշվարկի արժեք, իսկ 65.953 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով մինչև 01.10.2011 թվականը հաշվարկված տոկոսներ` նշված տոկոսների բռնագանձումը շարունակելով 01.10.2011 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը:

2) Հայկանուշ Գրիգորյանից բռնագանձել 133.786,5 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 68.510 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճռով սահմանված գումար, 6.742,5 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես սեփականության իրավունքով Հայկանուշ Գրիգորյանին փոխանցված լրացուցիչ տարածքների վերջնահաշվարկի արժեք, իսկ 58.534 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով մինչև 01.10.2011 թվականը հաշվարկված տոկոսներ` նշված տոկոսների բռնագանձումը շարունակելով 01.10.2011 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը:

3) Հովհաննես Վարդանյանից բռնագանձել 86.579,5 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 26.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճռով սահմանված գումար, 37.772,5 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես սեփականության իրավունքով Հովհաննես Վարդանյանին փոխանցված լրացուցիչ տարածքների վերջնահաշվարկի արժեք, իսկ 22.807 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով մինչև 01.10.2011 թվականը հաշվարկված տոկոսներ` նշված տոկոսների բռնագանձումը շարունակելով 01.10.2011 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հայկանուշ Գրիգորյանը, Հովհաննես Վարդանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը պահանջել են Ընկերությունից հօգուտ Հայկանուշ Գրիգորյանի բռնագանձել 29.895.309 ՀՀ դրամ, որից 14.510.709 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ, 13.884.600 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտ, և 1.500.000 ՀՀ դրամ` որպես առուվաճառքի պայմանագրով հետ վերադարձված վնաս, Ընկերությունից հօգուտ Հովհաննես Վարդանյանի բռնագանձել 30.839.421 ՀՀ դրամ, որից 16.331.421 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ, իսկ 14.508.000 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտ, Ընկերությունից հօգուտ Ռաֆիկ Գրիգորյանի բռնագանձել 36.539.421 ՀՀ դրամ, որից 16.331.421 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ, իսկ 20.208.000 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 09.02.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.05.2012 թվականի որոշմամբ Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 09.02.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայկանուշ Գրիգորյանը, Հովհաննես Վարդանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ հոդվածները, 102-րդ հոդվածի 2-րդ կետը, 109-րդ հոդվածի 2-րդ կետը, 110-րդ հոդվածի 3-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 347-րդ, 352-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ, 411-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, խեղաթյուրելով սույն գործի ապացույցները, բազմակողմանի քննություն չիրականացնելու արդյունքում չի գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Այսպես` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճռով արդեն իսկ հաստատվել և սահմանվել են Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի կողմից վերջնահաշվարկ կատարելու պարտավորություններն ու գումարների չափերը, հետևաբար կրկին նույն անձանցից նույն բնակարանների համար այլ վերջնահաշվարկի գումարներ սահմանելը և այդ գումարները վճարելուն պարտավորեցնելը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Այսպիսով, Դատարանի կայացրած վճռով սահմանված վերջնահաշվարկի գումարներն անհիմն են, քանի որ նույն անձանց միջև նույն պահանջով առկա է դատական ակտ, որով հստակ սահմանվել են վերջնահաշվարկի գումարների չափերը, ինչից հետևում է, որ Ընկերությունը կրկին վերջնահաշվարկ կատարելու պահանջի իրավունք չունի:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը յուրովի է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճիռը ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացրած փաստարկները, որը կրկին բազմակողմանի և օբյեկտիվ քննության պակասի արդյունք է, ինչպես նաև Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի կողմից 12.10.2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարողին ներկայացված փաստաթուղթը, որով նրանք հայտարարել են, որ պարտավորվում են կնքել պայմանագիր` վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ: Ծառայության աշխատակիցն առանց որևէ հիմնավորման անավարտ է թողել կատարողական վարույթը: Անտեսվել է նաև այն հանգամանքը, որ սույն գործում առկա բազմաթիվ ապացույցներով հիմնավորվել է, որ հենց Ընկերության և Ծառայության անգործության հետևանքն է հանդիսանում այն պատճառը, որ Հայկանուշ Գրիգորյանը, Հովհաննես Վարդանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը վերջնահաշվարկի գումարի վճարումը պատշաճ չեն կատարել, մասնավորապես այն, որ Ընկերությունը, սկսած 2004 թվականից, բազմաթիվ դատական անհիմն հայցերով գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջներ է ներկայացրել ընդդեմ բողոք բերած անձանց:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն ապացույցները ոչ լիարժեք և ոչ օբյեկտիվ հետազոտելու արդյունքում բավարարել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջը: Մասնավորապես` Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերության անգործության հետևանքով է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճիռը մնացել է անկատար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի կողմից չի կիրառվել հայցային վաղեմություն` չնայած նրան, որ Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի կողմից հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ ներկայացվել է դիմում:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը հակընդդեմ հայցապահանջը մերժել է` կիրառելով հայցային վաղեմություն, հաշվի չառնելով, որ տվյալ դեպքում սույն գործում առկա ապացույցների բազմակողմանի հետազոտման դեպքում պետք է կիրառվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ կետը, քանի որ հակընդդեմ հայցապահանջն ուղղված է եղել հայցի ապահովման արդյունքում բողոք բերած անձանց պատճառված վնասների հատուցմանը: Այսպես` գործում առկա ապացույցներով հիմնավորվել է այն, որ Ընկերությունը, բողոք բերած անձանց գույքը տարիներ շարունակ բազմաթիվ հայցերի միջոցով պահելով արգելանքի տակ, վերջիններիս հասցրել է խոշոր վնասներ, քանի որ նրանք չեն կարողացել օգտագործել և տնօրինել իրենց սեփական գույքը: Դատաքննության ընթացքում հիմնավորվել է նաև, որ Ընկերության կողմից բնակարանները գնորդներին (բողոք բերած անձանց) հանձնվել են պայմանագրով սահմանված ժամկետից ուշ (պետք է հանձնվեին 1993 թվականին, սակայն շինարարական աշխատանքներն ավարտվել են միայն 2004 թվականին):

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են Վերաքննիչ դատարանի 25.05.2012 թվականի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն, այն է` Ընկերությունից հօգուտ Հայկանուշ Գրիգորյանի բռնագանձել 28.395.309 ՀՀ դրամ, որից 14.510.709 ՀՀ դրամը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ, 13.884.600 ՀՀ դրամը` բաց թողնված օգուտ, մնացած մասով հակընդդեմ հայցը մերժել, Ընկերությունից հօգուտ Հովհաննես Վարդանյանի բռնագանձել 30.839.421 ՀՀ դրամ, որից 16.331.421 ՀՀ դրամը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ, իսկ 14.508.000 ՀՀ դրամը` բաց թողնված օգուտ, Ընկերությունից հօգուտ Ռաֆիկ Գրիգորյանի բռնագանձել 36.539.421 ՀՀ դրամ, որից 16.331.421 ՀՀ դրամը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ, իսկ 20.208.000 ՀՀ դրամը` բաց թողնված օգուտ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հայցվորը սույն գործով գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել բողոք բերած անձանց սեփականության իրավունքով ավել փոխանցված տարածքների համար, որոնք որևէ կերպ չեն ներառվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճռով սահմանված վերջնահաշվարկի գումարներում: Այսպես` սույն գործով գումարի բռնագանձման պահանջը պայմանավորված է ոչ թե բողոք բերած անձանց կողմից պայմանագրերով ստանալիք բնակտարածքների դիմաց վճարվելիք գումարների վերջնահաշվարկով, այլ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից 25.12.2009 թվականին տրված թիվ Ել-8063 տեղեկանքի համաձայն բողոք բերած անձանց ավել անցած տարածքներով: Այսինքն` նշված վճռով հայցի փաստական հիմք են հանդիսացել բնակտարածքների ձեռքբերման` բողոք բերած անձանց պայմանագրերը, իսկ հայցի առարկան բնակտարածքների ձեռքբերման պայմանագրերով սահմանված ռուբլով վճարման ենթակա գումարների վերջնահաշվարկի պահանջն է: Մինչդեռ սույն գործով հայցի փաստական հիմք է հանդիսացել բողոք բերած անձանց կողմից ներկայացված վերոգրյալ տեղեկանքում հիշատակված պայմանագրից դուրս բողոք բերած անձանց սեփականության իրավունքով փաստացի անցած ավել տարածքները, իսկ հայցի առարկան այդ ավել տարածքների համար գումարի բռնագանձման պահանջն է:

Բողոք բերած անձանց փաստարկներն այն մասին, որ սույն գործում առկա բազմաթիվ ապացույցներով իբրև թե հիմնավորվել է այն հանգամանքը, որ հենց Ընկերության և Ծառայության անգործության հետևանքն է հանդիսանում պատճառը, որ իրենք պատշաճ չեն կատարել վերջնահաշվարկի գումարի վճարումը, հիմնավորված չեն և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները չհաշվարկելու հիմք հանդիսանալ չեն կարող, քանի որ անկախ հարկադիր կատարման միջոցով վճռի կատարման փաստից` բողոք բերած անձինք կրում են վճիռը կամովին կատարելու պարտականություն, որպիսի պարտականության խախտումն էլ ինքնին հանդիսանում է ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու փաստ:

Բողոք բերած անձանց պնդումն այն մասին, թե իբր Ընկերությունն իր անգործությամբ բնակարանները ոչ ժամանակին հանձնելու և ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու ու խնայելու հետևանքով իրենց պատճառել է վնաս, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ընկերությունը բողոք բերած անձանց բնակարանների դիմաց ընդհանրապես գումար չի ստացել: Տվյալ դեպքում իրավական տեսանկյունից Վերաքննիչ դատարանը հանգամանալից կատարել է վերլուծություն` կապված հայցի ապահովմամբ իբր պատճառված վնասների և բաց թողնված օգուտների հետ: Բացի այդ, բնակարանները ոչ ժամանակին հանձնելուց անցել է ընդհանուր առմամբ 19 տարի, և բողոք բերած անձինք բաց են թողել դատարան դիմելու ժամկետները, ուստի դա է պատճառը, որ հակընդդեմ հայցը մերժվել է հայցային վաղեմության հիմքով` համաձայն Ընկերության կողմից ներկայացված դիմումի:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության իրավանախորդի և Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի միջև համապատասխանաբար 04.06.1992 թվականին, 10.06.1992 թվականին, 03.06.1992 թվականին կնքվել են Երևանի Տերյան և Պուշկին փողոցների հատվածում կառուցվող շենքում բնակարան հատկացնելու վերաբերյալ պայմանագրեր, որոնցով Ընկերության իրավանախորդը պարտավորվել է հանձնել բնակարաններ, իսկ Հայկանուշ Գրիգորյանը, Հովհաննես Վարդանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը պարտավորվել են վճարել դրանց դիմաց (հատոր 1-ին, գ.թ. 11-13):

2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.06.2004 թվականի թիվ 2-373 վճռով մերժվել է Ընկերության հայցն ընդդեմ Անահիտ Աբելյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Լավրենտի Միքայելյանի, Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի` վերջնահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու և գումարի պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 118-119):

3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.10.2004 թվականի թիվ 04-2094 վճռով մերժվել է Ընկերության հայցն ընդդեմ Անահիտ Աբելյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Լավրենտի Միքայելյանի, Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի` վերջնահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու և գումարի պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 120-121):

4) Վճռաբեկ դատարանի 20.01.2005 թվականի թիվ 3-4(ՎԴ) որոշմամբ հաստատվել է Ընկերության և Անահիտ Աբելյանի միջև 18.01.2005 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, և այդ մասով գործի վարույթը կարճվել է, իսկ նույն վճռի մնացած մասը բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության (հատոր 1-ին, գ.թ. 122-123):

5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 վճռով հայցը բավարարվել է` Ռաֆիկ Գրիգորյանը, Հայկանուշ Գրիգորյանը, Հովհաննես Վարդանյանը, Լավրենտի Միքայելյանը պարտավորեցվել են իրենց ստացած բնակարանների դիմաց Ընկերության հետ կատարելու վերջնահաշվարկ, միաժամանակ ճանաչվել է Ընկերության դրամական պահանջի իրավունքը պատասխանողների նկատմամբ կատարված վերջնահաշվարկի գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 124):

6) Վճռաբեկ դատարանի 07.07.2005 թվականի թիվ 3-1268(ՎԴ) որոշմամբ հաստատվել է Ընկերության և Լավրենտի Միքայելյանի լիազոր ներկայացուցչի միջև 07.07.2005 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, և այդ մասով գործի վարույթը կարճվել է, վճիռը` Ռաֆիկ Գրիգորյանի, Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի մասերով, թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքն այդ մասերով` առանց բավարարման (հատոր 1-ին, գ.թ. 125-126):

7) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը 05.08.2005 թվականին տրամադրել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 127):

8) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.11.2005 թվականի թիվ 05-845 որոշմամբ բավարարվել է Ծառայության Երևանի ստորաբաժանման Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի դիմումը` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 05.08.2005 թվականի թիվ 05-845 կատարողական թերթը պարզաբանելու մասին, և պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 վճռով տրված կատարողական թերթը հետևյալ կերպ. Ընկերության հետ վերջնահաշվարկը կատարել` Ռաֆիկ Գրիգորյանի մասով` 77.194 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, Հայկանուշ Գրիգորյանի մասով` 68.510 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, Հովհաննես Վարդանյանի մասով` 26.660 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 132):

9) Վճռաբեկ դատարանի 16.12.2005 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.11.2005 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման (հատոր 1-ին, գ.թ. 133):

10) Հովհաննես Վարդանյանը 28.09.2005 թվականին Ծառայության Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարողին հայտարարություն է տվել այն մասին, որ պարտավորվում է մինչև 27.10.2005 թվականը կատարել վճռի պահանջները (հատոր 2-րդ, գ.թ. 115):

11) Հայկանուշ Գրիգորյանը 12.10.2005 թվականին Ծառայության Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարողին հայտարարություն է տվել այն մասին, որ պարտավորվում է կնքել պայմանագիր` վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ` մինչև 27.10.2005 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 114):

12) «Լիսամ» ՍՊԸ-ի 14.05.2008 թվականի թիվ Ել. 1-56 գրությամբ վերջինս հայտնել է, որ ներկայումս Հայկանուշ Գրիգորյանը և Ռաֆիկ Գրիգորյանը պատրաստ են կատարել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 05.08.2005 թվականին տված թիվ 05-845 կատարողական թերթով սահմանված պարտավորությունները: Ելնելով վերոգրյալից` նշված ընկերությունը խնդրել է ձեռնարկել համապատասխան միջոցներ` կատարողական թերթի պահանջները հնարավորինս արագ կատարելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 112):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ`

1) դեպոզիտ վճարելու միջոցով դրամային պարտավորության կատարման ձևի,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով գործի վարույթի կարճման համար անհրաժեշտ պայմանների,

3) վերաքննիչ և վճռաբեկ վարույթների հիմքերի և հիմնավորումների սահմաններում հայցային վաղեմության կիրառման հարցերին:

 

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ`

1) պարտատերը կամ կատարումն ընդունելու համար նրա կողմից լիազորված անձը բացակայում է պարտավորության կատարման վայրից.

2) պարտատերն անգործունակ է և ներկայացուցիչ չունի.

3) ակնհայտորեն պարզ չէ, թե ով է պարտավորությամբ պարտատերը` ներառյալ պարտատիրոջ և այլ անձանց միջև այդ առթիվ վեճի առկայության դեպքում.

4) պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել կետանց:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դրամական գումար կամ արժեթղթեր նոտարի կամ դատարանի դեպոզիտ մուծելը պարտավորության կատարում է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես` եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ: Միաժամանակ, պարտապանի կողմից իր պարտավորությունը որոշակի պայմանների առկայությամբ պայմանավորված պատշաճ կատարելու անհնարինության դեպքում վերջինիս իրավունք է վերապահված իրենից գանձվելիք գումարը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև դատարանի դեպոզիտ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում վճիռը պետք է կատարվի կամովին, և միայն կամովին չկատարվելու դեպքում վճռի կատարումն ապահովվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: Հետևաբար, ինչպես իրավացիորեն գտել է Դատարանը, հիմնավորված չէ Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի փաստարկն այն մասին, որ պարտատերը` Ընկերությունը, խուսափել է պարտավորությունն ընդունելուց, քանի որ նրանք զրկված չեն եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի կարգով կատարելու իրենց պարտավորությունները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ եթե նույնիսկ Ընկերությունը խուսափել է պարտավորության կատարումն ընդունելուց, ապա այդ դեպքում Հայկանուշ Գրիգորյանը, Հովհաննես Վարդանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը զրկված չեն եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով իրենցից գանձվելիք գումարները դեպոզիտ մուծելու հնարավորությունից, որպիսի իրավունքից սակայն վերջիններս չեն օգտվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձանց կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրենց իրավունքից չօգտվելու պայմաններում վերջիններս չեն կարող ազատվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների վճարման պարտականությունից:

 

2) Անդրադառնալով բողոք բերած անձանց կողմից վճռաբեկ բողոքում ներկայացված այն փաստարկին, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճռով արդեն իսկ հաստատվել և սահմանվել են Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆիկ Գրիգորյանի կողմից վերջնահաշվարկ կատարելու պարտավորություններն ու գումարների չափերը, հետևաբար կրկին նույն անձանցից նույն բնակարանների համար այլ վերջնահաշվարկի գումարներ սահմանելը և այդ գումարները վճարելուն պարտավորեցնելը հակասում է ՀՀ օրենսդրությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով վճռաբեկ բողոքը ևս անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշման համաձայն` գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի`

1) կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,

2) հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,

3) հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

Հետևաբար, վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող (տե՛ս ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

Նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձանց վկայակոչած ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճռով Ռաֆիկ Գրիգորյանը, Հայկանուշ Գրիգորյանը, Հովհաննես Վարդանյանը պարտավորեցվել են իրենց ստացած բնակարանների դիմաց Ընկերության հետ կատարելու վերջնահաշվարկ, և ճանաչվել է Ընկերության դրամական պահանջի իրավունքը պատասխանողների նկատմամբ կատարված վերջնահաշվարկի գումարի չափով, մինչդեռ սույն գործով դիմելով դատարան` Ընկերությունն իր հայցադիմումով ներկայացրել է Հայկանուշ Գրիգորյանից, Հովհաննես Վարդանյանից, Ռաֆիկ Գրիգորյանից գումարներ բռնագանձելու պահանջ: Այլ կերպ` սույն գործով գումարի մի մասի բռնագանձման հիմքը պահանջի այն իրավունքն է, որն Ընկերությունն ստացել է 19.04.2005 թվականի թիվ 05-845 գործով կայացրած վճռով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձանց կողմից վկայակոչված թիվ 05-845 գործով և սույն գործով վեճի առարկաները տարբեր են` թիվ 05-845 գործով հայցի առարկան Ռաֆիկ Գրիգորյանին, Հայկանուշ Գրիգորյանին և Հովհաննես Վարդանյանին վերջնահաշվարկ կատարելուն պարտավորեցնելն է և պահանջի իրավունքի ճանաչումը, իսկ սույն գործով` նշված անձանցից գումարի բռնագանձումը, հետևաբար բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործի վարույթը կարճելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

 

i

3) Անդրադառնալով հայցի մասով չկիրառված հայցային վաղեմության և հակընդդեմ հայցի մասով կիրառված հայցային վաղեմության վերաբերյալ բողոքի փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

Գրիշա Գալստյանն ընդդեմ Մանվել Զոհրաբյանի գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված իրավադրույթների կիրառման հարցին, արձանագրել է, որ վճռաբեկության կարգով բողոքարկված վերաքննիչ դատարանի դատական ակտերը Վճռաբեկ դատարանը վերանայում է վճռաբեկ բողոքի սահմաններում, հետևաբար անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան այն հիմքերով, որոնցով նա չի բողոքարկել վերաքննիչ դատարան (տե՛ս Գրիշա Գալստյանն ընդդեմ Մանվել Զոհրաբյանի թիվ ԵՄԴ/0090/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

Նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով բողոքաբերի փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձանց կողմից վկայակոչված փաստարկը` ինչպես հայցի, այնպես էլ հակընդդեմ հայցի մասով հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ, չի ներկայացվել վերաքննիչ բողոքում, և հետևաբար Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նշված փաստարկին:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի այս փաստարկը չի կարող քննության առարկա դառնալ Վճռաբեկ դատարանում:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման մասով բողոք բերած անձանց կողմից բերված փաստարկներին չի անդրադառնում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցը մերժվել է հայցային վաղեմության կիրառմամբ:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Ռաֆիկ Գրիգորյանից, Հայկանուշ Գրիգորյանից և Հովհաննես Վարդանյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.10.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.05.2013
N ԵԿԴ/1060/02/09
Որոշում