(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)
040.2399.210206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2399-Ն
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(5-րդ մաս)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
(5-րդ մաս)
51) Հորերի մեջ գազատարների վրա տեղադրված փականները, ծորակները, փոխհատուցիչները և այլ ամրանները պետք է ենթարկվեն տեխնիկական սպասարկման` համաձայն գազամատակարարող կազմակերպության ստանդարտով հաստատված ժամանակացույցի/գրաֆիկների, բայց առնվազն տարին մեկ անգամ: Ստուգման և վերանորոգման արդյունքները գրանցվում են գազատարի տեղեկաթերթիկում:
52) Անցումների, փողոցների և բակերի տարածքներում ստորգետնյա գազատարների ստուգման կամ վերանորոգման համար հորատման կամ հողային աշխատանքները սկսելիս անհրաժեշտ է կանչել տվյալ տեղամասում ստորգետնյա շինություններ ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչներին` այդ շինությունների տեղակայումը որոշելու համար, որպեսզի նրանք մասնակցեն աշխատանքների կատարմանը` այդ շինությունները չվնասելու:
53) Գործող ստորգետնյա գազատարների մոտ հողային աշխատանքներ կատարելիս գրունտի փխրեցման համար հարվածային մեխանիզմներ կարող են կիրառվել գազատարից ամենաքիչը 3 մ հեռավորության վրա, իսկ եթե օգտագործվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են ուղղահայաց առանցքից շատ շեղվել` ամենաքիչը 5 մ:
54) Ճանապարհային ծածկերի կապիտալ վերանորոգման կամ վերակառուցման աշխատանքներ անցկացնելուց առաջ դրանց տակ տեղադրված գազատարները պետք է ստուգվեն և անհրաժեշտության դեպքում վերանորոգվեն անկախ վերջին տեխնիկական սպասարկման և վերանորոգման ժամկետներից:
55) Պողպատյա գազատարների կցվանքների անջատման տեղերում պետք է եռակցվեն 200 մմ-ից ոչ պակաս երկարություն ունեցող կոճեր կամ կցորդիչներ ամրացվեն: Գազատարին եռակցված կոճի եռակցման կցվանքները պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով:
i
56) Ստորգետնյա պողպատյա գազատարների մեխանիկական վնասման դեպքում հիմնական դիրքի նկատմամբ դրանց շեղումով թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց ուղղությամբ, գազի արտահոսքի վերացման աշխատանքների հետ միաժամանակ, պետք է բացվեն և վերահսկման ֆիզիկական մեթոդներով ստուգվեն վնասված գազատարի կցվանքները. հերթով ստուգվում են մոտակա կցվանքները յուրաքանչյուր կողմից` մեկական:
Բացված կցվանքների վրա գազատարի վնասման պատճառով առաջացած թերություններ հայտնաբերելու դեպքում (ճաքեր, անջատումներ) պետք է բացվեն և ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով հաջորդ կցվանքները վնասվածից յուրաքանչյուր կողմում` մեկական կցվանք:
Վնասված կցվանքները (ճաքեր, անջատումներ) պետք է վերանորոգվեն 200 մմ-ից ոչ պակաս երկարություն ունեցող կոճերի եռակցման կամ կցորդիչների տեղադրման եղանակով: Այլ թերություններով (խարամային միացումներ, թերաեռք և բոլոր թույլատրելի նորմերին համապատասխանող ծակոտիները) պետք է ամրացվեն կցորդիչների տեղադրմամբ:
(56-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
57) Գազատարների անջատման հետ կապված ստորգետնյա գազատարների վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ (փականների փոխում, խցանների, ներդիրների տեղադրում, հանում և այլն) անհրաժեշտ է անջատել էլեկտրապաշտպանությունը (եթե այն կա), և գազատարների անջատման մասերում անջրպետ/միջակապ դնել (եթե չկան մշտական տեղադրված անջրպետեր/միջակապեր) թափառող հոսանքների պատճառով կայծառաջացումից խուսափելու համար: Եթե անջրպետ դնելու հնարավորություն չկա, աշխատանքները պետք է շարունակվեն գազատարն օդով փչամաքրելուց հետո:
58) Կազմակերպություններին գազի մատակարարման ժամանակավոր ընդհատման դեպքում, վերանորոգման կամ վերակառուցման աշխատանքների հետ կապված, ինչպես նաև այլ դեպքերում, կազմակերպությանը պետք է զգուշացնել նախապես: Գազի մատակարարման վերսկսման մասին կազմակերպությանը պետք է նախապես տեղեկացնել:
20. ՈՉ ՄԵՏԱՂՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
59) Ոչ մետաղյա գազատարների ուղեգծերի (պոլիէթիլենային և վինիպլաստային) և դրանց տարրերի շահագործման առաջին տարին շրջայցը պետք է կատարվի առնվազն ամիսը երկու անգամ` ցածր ճնշման գազատարների և երկու օրը մեկ` միջին և բարձր ճնշման գազատարների դեպքում:
60) Ոչ մետաղյա գազատարների ուղեգծերի շրջայցի և շինությունների գազայնացվածության ստուգման ժամանակ պետք է առաջնորդվել սույն տեխնիկական կանոնակարգի X բաժնի 30-32 կետերի պահանջներով:
61) Բոլոր ճնշումների ստորգետնյա ոչ մետաղյա գազատարները շահագործման մեկնարկից հետո պետք է ենթարկվեն հերմետիկության պարբերական ստուգման: Բացի այդ, պետք է ստուգվեն ոչ մետաղյա խողովակները, նրանց միացումները, պողպատյա ներդիրների մեկուսացումը, ամրանները և այլն: Գազատարների ուղեգծերի շրջայցի ժամկետները որոշվում են` ելնելով տեղանքի պայմաններից, գազատարի վիճակից, շահագործման կուտակված փորձից և հաստատվում են գազամատակարարող կազմակերպության ստանդարտով:
62) Ոչ մետաղյա խողովակների հորատային զննման ժամանակ հորատանցքերը պետք է փորել գազատարների կցվանքների մոտ, նրա պատից ոչ պակաս, քան 0.5 մ հեռավորության վրա:
63) Ոչ մետաղյա գազատարներից գազի արտահոսքի արագ վերացման համար որպես ժամանակավոր միջոց թույլատրվում է մետաղյա անուրների և ռետինե կոշտուկով կցորդիչների, կպչուն սինթետիկ ժապավենների կամ կավե ծեփոնի օգտագործումը:
64) Մանր ճեղքեր հայտնվելու դեպքում (35 մմ-ից կարճ) պոլիէթիլենային գազատարների վերանորոգումը կատարվում է վնասված տեղերի եռակցման միջոցով` առանց վնասված հատվածի փոփոխման:
65) Պոլիէթիլենային խողովակների եռակցման կցվանքների անջատման, ինչպես նաև խողովակաշարի զգալի մեխանիկական վնասվածքների դեպքում (35 մմ-ից մեծ տրամագիծ ունեցող անցքեր, 35 մմ-ից երկար ճեղքեր) վերանորոգումը պետք է կատարվի վնասված մասերի կտրման և 500 մմ-ից երկար պոլիէթիլենային կոճերի եռակցման եղանակով: Թույլատրվում է գազատարի վերանորոգումը պողպատյա ներդիրի միջոցով:
66) Պոլիէթիլենային խողովակների կցվանքների ճաքերը, ինչպես նաև խողովակաշարի աննշան մեխանիկական վնասվածքները վերանորոգվում են վնասված տեղերին հպման եղանակով` պոլիէթիլենային վրադիրների կամ խցանների եռակցումով: Ցածր ճնշման գազատարներում թույլատրվում է ձողային եռակցման կիրառումը:
67) Եթե պոլիէթիլենային և պողպատյա խողովակների չերկատվող միացումների վրա հայտնաբերվել են անկիպություններ, վնասված մասերը կտրվում են և փոխարինվում նորերով:
68) Բոլոր դեպքերում վերանորոգման աշխատանքների որակը որոշվում է հատուկ սարքի կամ վերանորոգված հատվածների աշխատանքային ճնշման տակ` օճառացման կամ ամրության փորձարկման միջոցով:
69) Հիմնանորոգման անհրաժեշտությունը որոշվում է շահագործման ընթացքում գազատարի անբավարար վիճակում հայտնվելու դեպքում (պոլիէթիլենային խողովակների և նրանց կցվանքների ճաքճքվածություն և այլն): Պոլիէթիլենային գազատարների կապիտալ/հիմնովին վերանորոգման ժամանակ կատարվում է վնասված խողովակներով և կցվանքներով հատվածների փոփոխում, հորերի, անցումների փականների/ամրանների վերանորոգում և այլն:
70) Գազատարների հիմնովին/կապիտալ վերանորոգման աշխատանքները պետք է գրանցվեն տեղեկաթերթիկում, որտեղ նշվում են խողովակների պատերի տրամագիծը, հաստությունը, գազատարի տեղադրման/թաղման խորությունը, գազատարների բացման տեղերի կապումը մշտական կողմնորոշիչների հետ: Տեղեկաթերթիկին պետք է կցվեն վերանորոգման ժամանակ օգտագործված պոլիէթիլենային խողովակների որակի հավաստագրերի պատճենները կամ այլ որակը հաստատող փաստաթղթերի պատճենները: Փաստաթղթերի բացակայության դեպքում խողովակները պետք է փորձարկվեն պոլիէթիլենային խողովակներով ստորգետնյա գազատարների նախագծմանը և կառուցմանը ներկայացվող պահանջներին համապատասխանության առումով:
21. ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
71) Գազամատակարարող կազմակերպությունը յուրաքանչյուր ԳԿԿ-ի և ԳԿ կայանների համար պետք է կազմի տեղեկաթերթիկ, որը կպարունակի դրանց սարքավորումների, հսկիչ-չափիչ սարքերի և շինությունների հիմնական բնութագրերը: Գազամատակարարող կազմակերպության ստորաբաժանումները պետք է ունենան շահագործման հրահանգներ, որոնք պարունակում են անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության պահանջները և շահագործման գրանցամատյաններ սահմանված կազմակերպության ստանդարտով: Ճնշման կարգավորիչները և ապահովիչ անջատող կափույրները պետք է ունենան գործարանային տեղեկաթերթիկներ, իսկ հսկիչ-չափիչ սարքերը նաև դրոշմ կամ կապարակնիք:
72) ԳԿԿ-ի ԳԿ կայանների սարքավորումների տեխնիկական սպասարկումը պետք է անցկացվի կազմակերպության ստանդարտով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում: Ընդ որում, առնվազն տարին մեկ անգամ պետք է նախատեսվի ծրագրային/պլանային սարքավորումների վերանորոգում` ճնշման կարգավորիչների, ապահովիչ կափույրների, զտիչների քանդումով, եթե արտադրող գործարանների տեղեկաթերթիկների համաձայն այդ սարքավորումները չեն պահանջում ավելի վաղ վերանորոգում:
Զտիչի կաղապարի զտող պարկուճը (կասետ) հանելուց հետո պետք է մանրակրկիտ մաքրվի: Բռնկումից խուսափելու համար պարկուճի մաքրումը պետք է կատարվի շինությունից դուրս:
Ապահովիչ սարքավորումների (անջատող և արտանետող) կարգաբերման և գործարկման ստուգումը պետք է կատարվի 2 ամիսը մեկ, այդ թվում` ընթացիկ վերանորոգման անցկացման ժամանակ:
Պողպատյա խողովակների միջով անցկացված էլեկտրահաղորդագիծը պետք է ստուգվի սարքավորման ընթացիկ վերանորոգման ժամանակ:
ԳԿԿ-ի և ԳԿ կայանների սարքավորման վերանորոգման արդյունքները` կապված սարքավորումների բաղադրամասերի և հանգույցների փոփոխման հետ, պետք է գրանցվեն ԳԿԿ-ի, ԳԿ կայանների տեղեկաթերթիկներում:
Պլանային/ընթացիկ վերանորոգման բոլոր այլ աշխատանքների մասին գրառումները պետք է արվեն շահագործման գրանցամատյանում, որտեղ պետք է նաև նշվեն գազի սարքավորման կարգաբերման չափանիշները, ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների սարքավորումների նորմալ շահագործման բոլոր խախտումները և դրանց վերացման աշխատանքները:
ԳԿԿ-ում տեղական ջեռուցման առկայության դեպքում ԳԿԿ-ի օժանդակ շինությունում անհատական ջեռուցող կայանքի տեղադրման պարագայում պետք է հետևել ԳԿԿ-ի հիմնական և օժանդակ տարածքները բաժանող պատերի խտությանը/ամբողջականությանը, իսկ եթե ԳԿԿ-ը ունի վառարանային ջեռուցում, ապա նաև վառարանի մետաղյա պատյանի խտությանը և վառարանի շարվածքի սարքինությանը: Վառարանի պատյանի մակերեսի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 80 oC: Առանձնացնող պատերի, պատյանի կամ շարվածքի մեջ անկիպության /ճեղքերի/ բացերի առկայության դեպքում ջեռուցման սարքավորումներից կամ վառարաններից օգտվելը արգելվում է: Ծխանցքերի ստուգումը և մաքրումը ԳԿԿ-երում պետք է իրականացվի յուրաքանչյուր ջեռուցման սեզոնից առաջ:
73) Մանոմետրերը շահագործման ընթացքում պետք է չափագրական ստուգում անցնեն տարին մեկ անգամ: Աշխատանքային ճնշմանը համապատասխան մանոմետրի բաժանումը պետք է նշված լինի կարմիր գույնով (սանդղակի գիծը կամ մետաղյա թիթեղը` մանոմետրի ապակուն կպած):
74) Գազը շրջանցիկ գծով (բայպաս) թույլատրվում է սպառողներին մատակարարել միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կարգավորիչների և ամրանների վերանորոգման համար` ԳԿԿ-երում կամ ԳԿ կայանքում ելքի գազի ճնշմանը հետևող հերթապահի մշտական ներկայության պայմանով:
75) ԳԿԿ-ի (ԳԿ կայանքի) գազի ելքի ճնշումը պետք է կարգավորվի գազասպառման համակարգերում գազամատակարարման պայմանագրերով հաստատված ռեժիմներին համապատասխան:
76) Չի թույլատրվում ԳԿԿ-ի /ԳԿ կայանքի գազի ելքի ճնշման այնպիսի տատանումը, որը գերազանցում է աշխատանքային ճնշման 10 տոկոսը:
77) Գազամատակարարման փակուղային համակարգերում ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների արտանետող ապահովիչ կափույրները պետք է ապահովեն իրենց աշխատանքը ապահովիչ-անջատող կափույրների աշխատանքից առաջ: Գազատարների ցանցերի օղակաձև համակարգերում ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների արտանետող ապահովիչ կափույրները պետք է ապահովեն իրենց աշխատանքը ապահովիչ-անջատող կափույրների աշխատանքից հետո:
78) ԳԿԿ-ի էլեկտրասարքավորման վերանորոգման աշխատանքները և վառված էլեկտրալամպերի փոփոխումը պետք է կատարվի անջատված լարման ժամանակ: Բնական լուսավորության պակասի դեպքում թույլատրվում է պայթապաշտպանված շարժական լուսամփոփների օգտագործումը: Այդ նպատակով կարող են օգտագործվել հակահրդեհային տիպի լուսամփոփներ:
79) ԳԿԿ-ի շինություններում եռակցման և այլ կրակային աշխատանքների անցկացումը թույլատրված է վթարների վերացմանն ուղղված բացառիկ դեպքերում` անվտանգությունը ապահովող միջոցներ ձեռնարկելու պայմաններում գազամատակարարող կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
80) ԳԿԿ-ի շինություններում մաքրման պարագաների և հրկիզվող նյութերի պահպանումը արգելվում է:
81) ԳԿԿ-ի արտաքին մասում երևացող տեղում պետք է լինեն զգուշացումներ` «հրավտանգավոր է»:
82) ԳԿԿ-ի (ԳԿ կայանքների) օդի ջերմաստիճանը պետք է լինի 5 oC-ից ոչ ցածր:
i
22. ՀԵՂՈՒԿ ԳԱԶԵՐԻ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
83) Հեղուկ գազի գազալիցքավորման կայանների /ԳԼ կայաններ, ԳԼ կետեր, ԱԳԼԿ-ներ/ և ԱԳԼՃԿ-ների կառուցման կամ վերակառուցման ավարտից հետո, ինչպես նաև ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների առանձին շինությունների կապիտալ/հիմնովին վերանորոգումից հետո պետք է ընդունվեն հանձնաժողովի կողմից սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերի պահանջների համաձայն, հաշվի առնելով հավելված N 36-ում բերված դրույթները:
84) Ընդունման հանձնաժողովի, այդ թվում նաև պետական վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչները պետք է տեղեկացվեն օբյեկտի գալիք ընդունման մասին առնվազն 5 օր առաջ:
85) ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների ընդունման ժամանակ հանձնաժողովը (ստեղծված համաձայն 17-րդ գլխի 1 և 2 կետերի) պետք է ստուգի կատարողական փաստաթղթերի առկայությունը և ճիշտ ձևակերպված լինելը, արտաքին զննման ենթարկի մոնտաժած սարքավորման համապատասխանությունը նախագծին` մոնտաժի թերությունները որոշելու և գտնելու համար: Հանձնաժողովին թույլատրվում է ստուգել սարքավորումների և համակարգերի ցանկացած հատվածները կազմատման, լուսարկման փորձարկումներ անցկացնելու համար գազատարներից կցվանքների կտրման, մեխանիկական ճանապարհով ռեզերվուարների և գազատարների փորձարկում կատարելու եղանակներով, ինչպես նաև ստուգել սարքավորումների և ամրանների աշխատանքը: Ընդունումը ձևակերպվում է ակտով, որը հանդիսանում է ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների շահագործման թույլտվություն: Շահագործման ընդունված ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների համար պետք է կազմվեն տեղեկաթերթիկներ, որոնք կպարունակեն սարքավորումների, գազատարների, շինությունների, օդափոխման համակարգերի, էներգա- և ջեռուցման համակարգերի և այլ հիմնական բնութագրերը: ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների սարքավորումների և գազատարների գործարկումը, կարգավորումը և շահագործման մեկնարկը /գազի մատակարարումը/ պետք է իրականացվեն լիցենզավորված կազմակերպության կողմից:
86) Ռեզերվուարների և գոլորշացուցիչների ամրության փորձարկումը շրջակապի հետ մեկտեղ կատարում են օդով` աշխատանքային ճնշմանը հավասար ճնշման տակ` շրջակապի վրա փակ փականի ժամանակ միացումների օճառային հեղուկով/էմուլսիայով կատարվող ստուգմամբ:
Ռեզերվուարների ամրության օդով փորձարկումը կատարվում է հիդրավլիկ փորձարկումից և ներքին զննումից հետո:
i
87) ԳԼ կայանի գազատարները պետք է անցնեն ամրության և կիպության փորձարկում: Դրանք փորձարկվում են ամբողջությամբ կամ հատվածներով` կախված դրանց սխեմայից, անջատիչ սարքերի և այլ սարքավորումների տեղադրումից հետո դրանց երկարությունից և տրամագծից: Գազատարների խտությունը փորձարկվում է օդով աշխատանքային ճնշման 1,25-ի հավասար ճնշման տակ: Փորձարկող ճնշման տակ գազատարները պահվում են 1 ժամից ոչ պակաս, ինչից հետո ճնշումն իջեցվում է մինչև աշխատանքային և կատարվում է գազատարների բոլոր միացումների և ամրանների ստուգումը օճառային հեղուկով/էմուլսիայով կամ սարքով: Գազատարների դիմացկունության փորձարկման անցկացման ժամանակ ճնշման բարձրացումը և իջեցումը պետք է սահուն կատարվի:
Ամրության փորձարկման տևողությունը և ճնշման թույլատրելի անկումները ընդունվում են այնպես, ինչպես արտադրական կազմակերպությունների, բարձր ճնշման գազատարների մինչև 1,2 ՄՊա համար, որոնք բերված են հավելված N 24-ում:
Խողովակաշարի և անոթների օդաճնշական/պնևմատիկ փորձարկման ժամանակ պետք է ապահովվի փորձարկումները կատարող անձանց անվտանգությունը:
Փորձարկումների անցկացման մասին ձևակերպվում է ակտ:
(87-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
88) Մինչև ԳԼ կայանը շահագործման հանձնելը գազամատակարարող կազմակերպության կողմից պետք է կազմվեն շահագործման հրահանգներ` սարքավորման շահագործման և վերանորոգման, ինչպես նաև անվտանգության և հրդեհային անվտանգության տեխնիկայի հրահանգներ ու տեխնոլոգիական սխեմաներ:
Հրահանգները ու սխեմաները պետք է կախվեն արտադրական տարածքների երևացող տեղերում: Աշխատանքային հրահանգները պետք է կախվեն աշխատանքային տեղերում, ինչպես նաև տրամադրվեն շահագործող և վերանորոգող անձնակազմին:
89) Պոմպերի, կոմպրեսորների /ռեզերվուարների, լիցքավորող սարքերի, էլեկտրաշարժիչների, օդափոխիչների և այլ սարքավորումների վրա, ինչպես նաև անջատող և ապահովիչ փականների վրա պետք է դրված լինեն համարներ` ԳԼ կայանի տեխնոլոգիական սխեմաներին համապատասխան:
Գազատարների վրա սլաքներով պետք է նշվի գազի հոսքի ուղղությունը, իսկ անջատող ամրանների թափանիվի վրա` բացման և փակման պտտման ուղղությունները:
i
90) ԳԼ կայանի սարքավորման համալիր փորձարկումից առաջ գազատարները, ռեզերվուարները և գազի սարքավորումները ենթարկվում են լրացուցիչ օդով ճնշափորձարկման 0,1 ՄՊա ճնշման տակ` 30 րոպեի ընթացքում: Ընդ որում, վերահսկիչ մանոմետրի ցուցումները պետք է մնան անփոփոխ: Փորձարկման ժամանակ եռակցման կարերի, կցորդիչային և պարուրակային միացումների ամրությունը ստուգվում է օճառացման և հատուկ սարքի միջոցով:
(90-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
91) Լցավորվելուց առաջ ռեզերվուարները ու գազատարները պետք է փչամաքրվեն իներտ գազով (ազոտով կամ ածխաթթվով) կամ հեղուկ գազի գոլորշիներով: Ռեզերվուարների և գազատարների փչամաքրումը պետք է անցկացվի գազով լցավորելուց անմիջապես առաջ: Փչամաքրման ավարտը որոշվում է մոմից արտանետվող գազաօդային խառնուրդում թթվածնի պարունակությամբ: Փչամաքրումը համարվում է ավարտված, եթե թթվածնի պարունակությունը խառնուրդում չի գերազանցում 1 տոկոսը /ծավալով/:
92) Նոր ռեզերվուարների, ինչպես նաև տեխնիկական վերստուգումից կամ վերանորոգումից հետո ստացված ռեզերվուարների լցավորելու ժամանակ դրանց մեջ գազի մատակարարումը պետք է կատարվի դանդաղ` գազի շիթի մեջ ստատիկ էլեկտրականության առաջացումից խուսափելու համար: Ռեզերվուարների լցավորման համար նախատեսված խողովակաշարի կառուցվածքը պետք է բացառի ազատ ընկնող շթի առաջացման հնարավորությունը:
93) Հեղուկ գազի խողովակաշարերի փականները ու սողնակները պետք է բացել զգուշությամբ, առանց կտրուկ շարժումների` հիդրավլիկ հարվածներից խուսափելու համար:
94) Բոլոր անջատիչ սարքավորումները պետք է պահվեն լիարժեք սարքին վիճակում և ապահովեն ռեզերվուարների գոլորշացուցիչների, պոմպերի, փոխհատուցիչների և այլ սարքավորումների, ինչպես նաև խողովակաշարերի առանձին հատվածների արագ և անվտանգ անջատումը: Արգելվում է ռեզերվուարներին և այլ սարքավորումների, ինչպես նաև հեղուկ գազերի խողովակաշարերի շահագործումը ապահովիչ կափույրների, անջատիչ և կարգավորիչ սարքավորումների, հսկիչ-չափիչ սարքերի անսարքության դեպքում: Շահագործման ընթացքում հայտնաբերված գազի արտահոսքերը պետք է անմիջապես վերացվեն:
95) Ապահովիչ կափույրները պետք է ապահովեն ռեզերվուարներից գազի արտանետումը, երբ ներքին ճնշումը գերազանցում է աշխատանքային ճնշման 15 տոկոսով:
Ապահովիչ կափույրների թողունակությունը որոշվում է հաշվարկի միջոցով` նախագծողի կողմից:
96) Ռեզերվուարների, խողովակների և ԳԼ կայանների այլ սարքավորումների վրա տեղադրված ապահովիչ կափույրների աշխատանքը և սարքինությունը պետք է ստուգվի առնվազն ամիսը մեկ:
Ապահովիչ կափույրները ստուգվում են կափույրի լծակին զգուշորեն և կարճատև սեղմելով: Եթե ապահովիչ կափույրը սարքին է, ապա լծակը բաց թողնելուց հետո գազի արտահոսքը պետք է դադարի: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն կազմակերպության համապատասխան հրահանգով սահմանված մատյանում:
97) Ռեզերվուարների, խողովակաշարի, գոլորշացուցիչների և ԳԼ կայանների այլ սարքավորման վրա տեղադրված ապահովիչ կափույրների աշխատելը տրված ճնշման (կարգաբերման ճնշման) դեպքում պետք է ստուգվի ամենաքիչը 6 ամիսը մեկ:
98) Վերանորոգման, ստուգման կամ այլ նպատակներով ապահովիչ կափույրի հանման դեպքում նրա տեղը պետք է դրվի սարքին ապահովիչ կափույր: Ապահովիչ կափույրի փոխարեն խցանի տեղադրումն արգելվում է:
Ռեզերվուարների ներքին զննումը և հիդրավլիկ փորձարկումը անց է կացվում արտադրող կազմակերպության կողմից սահմանված ժամկետներում:
99) ՌԵզերվուարների, կոմպրեսորների/ճնշակների, խողովակաշարերի և ԳԼ կայանների այլ սարքավորման վրա տեղադրված մանոմետրերը պետք է ստուգվեն առնվազն շաբաթը մեկ` կարճատև անջատման միջոցով: Այդ դեպքում մանոմետրի սլաքը պետք է ուղղված լինի դեպի 0: Եթե բոլոր մանոմետրերը սարքին են, մատյանում գրվում է «մանոմետրերը սարքին են»: Եթե մանոմետրերն անսարք են, մատյանում գրանցվում են նրանց համարները: Անսարք մանոմետրերն անմիջապես փոփոխվում են նորերով, իսկ մատյանում կատարվում է նրանց համարների գրանցում: Նվազագույնը 6 ամիսը մեկ մանոմետրերը ենթակա են ստուգման վերհսկիչ մանոմետրով: Տարին մեկ, ինչպես նաև յուրաքանչյուր վերանորոգումից հետո, մանոմետրերը պետք է ներկայացվեն ստուգման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
100) Չի թույլատրվում վնասվածքներ ունեցող, սխալ ցուցումներ տվող մանոմետրերի, ինչպես նաև ստուգման ժամկետն անցած և առանց կապարակնիքների և դրոշմների մանոմետրերի օգտագործումը:
101) Մակարդակաչափերի սարքինության ստուգումը պետք է կատարվի դրանք արտադրող կազմակերպության հրահանգներում նշված պահանջներին համապատասխան:
102) Գազատարների և ԳԼ կայանների սարքավորման վրայի անջատող ամրանների «բաց-փակ» վիճակները պետք է ստուգվեն ամիսը 2 անգամ:
103) Ճնշման կարգավորիչները, ապահովիչ կափույրները և անջատող փականները պետք է ենթարկվեն ընթացիկ վերանորոգման (զննման) առնվազն տարին 1 անգամ:
104) Փակիչ ամրանների, ճնշման կարգավորիչների և ապահովիչ կափույրների մասնատման հետ կապված վերանորոգումների վերաբերյալ պետք է գրանցումներ արվեն հատուկ մատյաններում:
105) Շինության մեջ գտնվող տեխնիկական սարքավորման խողովակաշարերի և ամրանների պարուրակային և կցորդիչային միացումների ամրությունը պետք է ստուգվի ամեն ամիս` օճառային էմուլսիայի կամ սարքի միջոցով: Հայտնաբերված անկիպությունները պետք է անմիջապես վերացվեն:
106) Ռեզերվուարների ներքին զննման և վերանորոգման աշխատանքների անցկացման և այդ աշխատանքների ընթացքում բռնկման կամ գազի պայթյունի, ինչպես նաև ռեզերվուարներում հրակիր նստվածքների ինքնաբռնկման կանխարգելման համար անհրաժեշտ է.
ա/ ամբողջությամբ ազատվել ռեզերվուարի գազից,
բ/ ռեզերվուարում գազի ճնշումն իջեցնել մինչև մթնոլորտային,
գ/ անջատել ռեզերվուարի հեղուկ և գազի ֆազերը խողովակաշարից արտանցնող եզրամասերում խցաններ տեղադրելով:
Իրականացնել ռեզերվուարի գազազերծում գոլորշով կամ իներտ գազով փչամաքրման կամ ջրով լցամաքրման միջոցով բաց վերին ելանցքի պայմաններում.
ա/ ռեզերվուարի` ջրով գազազերծման դեպքում ազատել այն ջրից և օդափոխել,
բ/ գազազերծումից հետո ռեզերվուարի ստորին մասից վերցնել օդի նմուշ:
Եթե նմուշի մեջ գազի պարունակությունը չի գերազանցում բռնկվելիության ստորին սահմանի 1/5-ը, կարելի է սկսել ռեզերվուարը ցեխից և կոռոզիայի արգասիքներից մաքրել, անցկացնել ներքին զննում: Ներքին զննման դրական արդյունքների դեպքում ռեզերվուարը լցավորել ջրով և անցկացնել հիդրավլիկ փորձարկում.
ա/ անցկացնել ռեզերվուարի գազազերծում գոլորշով կամ իներտ գազով փչամաքրման կամ ջրով լցամաքրման միջոցով բաց վերին ելանցքի ներքո,
բ/ ռեզերվուարի` ջրով գազազերծման դեպքում ազատել այն ջրից և օդափոխել,
գ/ գազազերծումից հետո ռեզերվուարի ստորին մասից վերցնել օդի նմուշ:
Ինժեներատեխնիկական աշխատակիցը, որը պատասխանատու է ռեզերվուարների ներքին զննման կամ վերանորոգման անցկացման համար, պետք է անձամբ ստուգի վերանորոգվող ռեզերվուարի շրջակապվածքի տեխնոլոգիական գազատարի վրա խցանների տեղադրումը: Պետք է նկատի ունենալ, որ հեղուկ գազերի ռեզերվուարներում /բալոններում/ ռեզերվուարի մետաղի կոռոզիայի արգասիքներից կազմված հեղուկ գազերի ազդեցությամբ առաջացած նստվածքները կարող են հրակիր լինել (բռնկվել օդի հետ շփման ժամանակ):
Հրակիր միացումները իրենցից ներկայացնում են երկաթի սուլֆիդներ, մրի նման սև փոշենման նյութ, փորուն կառուցվածքով և ցածր ջերմահաղորդականությամբ:
107) Ռեզերվուարների պատերի վրա գտնվող նստվածքները, ինչպես նաև ռեզերվուարից հանված ցեխն ու նստվածքը պետք է պահվեն խոնավ վիճակում` մինչև դրանց ԳԼ կայանի տարածքից հեռացնելը: Հրակիր նստվածքները պետք է տարվեն հատուկ առանձնացված հրդեհից անվտանգ տեղ կամ անմիջապես թաղվեն հողում:
108) Ռեզերվուարի մաքրումը, ներքին զննումը և վերանորոգումը պետք է անցկացվեն գազավտանգավոր աշխատանքների անցկացմանը վերաբերող պահանջների համաձայն, ԳԼ կայանի ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
109) Խողովակներում հրակիր նստվածքների ինքնաբռնկման վտանգի կանխարգելման համար արգելվում է փչամաքրումից հետո գազատարների մոնտաժը թողնել հաջորդ օրվա` մթնոլորտային օդի հետ նրանց շփումից խուսափելու համար: Գազատարի հատվածները պետք է ապամոնտաժվեն բացման օրը:
110) Հեղուկ և սեղմված գազի գազատարներին արգելվում է տեղադրել «կարկատան»: Խողովակի վնասված հատվածը պետք է փոխարինվի նորով: Ռետինագործվածքային խողովակները, ճկափողերը վերանորոգման ենթակա չեն, վնասված խողովակները խոտանվում են:
111) Ռեզերվուարների սարքավորման և խողովակաշարի միացումը աշխատանքի վերանորոգումից կամ զննումից հետո պետք է կատարվի ԳԼ կայանի ղեկավարի գրավոր թույլտվության հիման վրա:
112) Հեղուկ գազի գազատարներում սառցային խցանումները պետք է վերացվեն գոլորշու, տաքացված ավազի կամ տաք ջրի օգնությամբ: Այդ նպատակով կրակի, պողպատյա ձողերի օգտագործումը արգելվում է, ինչպես նաև այն մեթոդների կիրառումը, որոնց դեպքում կարող են գազեր առաջանալ:
Պայթած գազատարի սառած տեղամասի տաքացումը պետք է անցկացվի համակարգից այդ հատվածն անջատելուց հետո գազավտանգավոր աշխատանքների կատարման պահանջներին համապատասխան:
113) Անոթի լցավորումը հեղուկ գազով պետք է կատարվի այդ անոթի ծավալի 85 տոկոսից ոչ ավելի չափով` վերգետնյա անոթների համար, և 90 տոկոս` ստորգետնյա անոթների համար:
Բալոնների լցավորման նպատակով մատակարարվող գազի քանակը որոշելու համար պետք է օգտվել լցավորման համար տրված նորմերից.
Գազի անվանումը Բալոնի տարողության 1 կգ գազին
1 լ ծավալի հաշվարկով համապատասխանող
գազի զանգվածը, կգ, բալոնի տարողությունը,
ոչ ավելի լ, ոչ պակաս
Բութան 0,488 2,05
Բութիլեն 0,526 1,90
Իզոբութիլեն 0,526 1,90
Պրոպան 0,425 2,35
Պրոպիլեն 0,445 2,25
Էթիլեն 0,286 3,50
Չի թույլատրվում բալոնները լցավորել 10 oC-ից ցածր ջերմաստիճանով շինություններում:
114) Արգելվում է լիցքավորել ռեզերվուարները, մեքենայի ցիստեռնները և բալոնները այնպիսի ջերմաստիճանի գազով, որի դեպքում գազի գոլորշիների առաձգականությունը գերազանցում է տվյալ անոթի թույլատրելի աշխատանքային ճնշումը:
115) Արգելվում է մեքենաների ցիստեռնների կամ բալոնների լցավորումը ճնշման իջեցման ճանապարհով գոլորշային ֆազի մթնոլորտ արտանետելու հաշվին:
116) Երկաթուղային կամ ավտոցիստեռններից հեղուկ գազը դատարկելիս պետք է անընդհատ հետևել ինչպես դատարկվող, այնպես էլ լցավորվող անոթներին:
117) Երկաթուղային կամ ավտոմոբիլային ցիստեռնները լցավորելիս և դատարկելիս առաջ պետք է հողակցվեն: Հողակցման են ենթակա նաև ցիստեռնի գտնվելու տեղի երկաթգծերն ու ռետինագործվածքային խողովակները, որոնց միջոցով կատարվում է լցավորումը կամ դատարկումը: Ցիստեռնների անջատումը հողակցվող սարքից թույլատրվում է միայն լցավորման կամ դատարկման ավարտից և ցիստեռնի կափույրների խողովակապտուկների վրա խցանների տեղադրումից հետո:
118) ԳԼ կայան տարածք մտնող (լոկոմոտիվ) գնացքաշարը պետք է ծխային խողովակի վրա կայծմարիչ ունենա: Սնդուն/ ակը պետք է փակված լինի:
119) ԳԼ կայանի տարածքում երկաթգծային ցիստեռնների մանևրային/դարձունակ փոխադրման համար կիրառվող շարժիչներն ու էլեկտրադրեզինների և էլեկտրակարապիկների էլեկտրասարքավորումը պետք է լինի 10-րդ գլխի 26-րդ կետի պահանջներին համապատասխան` պայթապաշտպանված կատարմամբ, իսկ մոտոդրեզինների արտանետման խողովակները պետք է օժտված լինեն կայծմարիչներով:
120) Երկաթուղային ցիստեռնների ակները, դատարկումը սկսելուց առաջ, հատուկ սյունակալներով պետք է ամրացվեն ռելսային ճանապարհին:
121) Երկաթուղային ցիստեռններից հեղուկ գազերի դատարկման գործընթացները պետք է կատարվեն լոկոմոտիվի` ԳԼ կայանի տարածքի սահմանից ամենաքիչը 20 մ հեռացնելուց հետո:
122) Մեքենայի ցիստեռնի լցավորման կամ դատարկման ժամանակ նրա շարժիչը չպետք է աշխատի, բացառությամբ այն դեպքերի, երբ մեքենաները համալրված են հեղուկ գազերը քաշելու պոմպերով` մեքենայի շարժիչից դուրս եկող հաղորդակով: Ցիստեռնի դատարկման ժամանակ խողովակապտուկից խցանը հանել թույլատրվում է միայն շարժիչը անջատելուց հետո, իսկ շարժիչը միացնել միայն ներծծիչ-արտածծիչ խողովակները անջատելիս և խցանները տեղադրելիս հետո:
Պոմպերով համալրված մեքենայի ցիստեռնը լցավորելիս կամ դատարկելիս առաջ պետք է ստուգել մեքենայի ցիստեռնի արտանետման խողովակի վրայի կայծմարիչի առկայությունը ու սարքինությունը:
123) Բալոնների լցավորման ժամանակ օգտագործվող կշեռքները յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխի սկսելուց առաջ պետք է ստուգվեն վերահսկչի կողմից (լցավորման արտադրամասի մասնագետի) էտալոն-կշեռքի օգնությամբ և այդ մասին մատյանում պետք է գրանցում կատարվի:
Տարին մեկ անգամ, ինչպես նաև յուրաքանչյուր վերանորոգումից հետո, կշեռքը պետք է ստուգվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
124) Բոլոր բալոնները, անկախ նրանց լցավորման ձևից, պետք է ենթարկվեն վերահսկիչ ստուգման` կշռման կամ այլ մեթոդով: ԳԼ կայաններում և ԳԼ կետերում պետք է պահվեն բալոնների լցավորման մատյաններ:
125) Ռեզերվուարի, մեքենայի ցիստեռնի կամ բալոնի գերլցավորման դեպքում գազի ավելցուկը պետք է դատարկվի: Բալոններից գազը պետք է դատարկվի հատուկ նախատեսված անոթների մեջ, գերլցված ռեզերվուարներից և մեքենաների ցիստեռններից` պահեստի դատարկ ռեզերվուարների մեջ:
126) Պետք է ստուգել բոլոր լցավորված բալոնների պարուրակային միացման և կափույրի հերմետիկությունը:
Բացասական ջերմաստիճանում կափույրի հերմետիկության ստուգման մեթոդները որոշվում են արտադրական հրահանգներով: Կափույրի հերմետիկության ստուգումից հետո բալոնի բկանցքի վրա պետք է դրվի ապահովիչ թասակ: ԳԼ կայան (ԳԼ կետեր)-ում բալոնները պետք է պահվեն առանց թասակների:
Նրանց տեղափոխումը «վանդակ» տիպի մեքենաներով թույլատրվում է նույնպես առանց թասակների:
127) Եթե բալոնը լցավորված է գազով կամ գազազերծված չէ, ապա բալոնի որևէ վերանորոգում արգելվում է: Բալոնների կամ նրանց կափույրների վերանորոգումը պետք է անցկացվի միայն ԳԼ կայանի վերանորոգման բաժիններում: Վերանորոգման բաժիններ բալոնները պետք է բերվեն տաք ջրով կամ գոլորշով լվացված (գազազերծված) վիճակում:
128) Արտադրական նպատակներով կազմակերպության ստացած հեղուկ գազով լիցքավորված բալոնները արգելվում է փոխանցել այլ կազմակերպություններին, ինչպես նաև օգտագործել կոմունալ-կենցաղային պայմաններում:
129) Բալոնների տեղափոխումը, որպես կանոն, պետք է կատարվի «վանդակ» տիպի մեքենաներով` օժտված հատուկ թափքերով, որոնք կբացառեն բալոնների ընկնելը և նրանց` միմյանց հետ բախվելը: Սովորական թափք ունեցող մեքենաներով բալոնների տեղափոխումը թույլատրվում է հատուկ սարքավորման օգտագործման դեպքում: Որպես այդպիսի սարքեր կարող են օգտագործվել փայտյա բներով խողովակներ, ռետինե կամ պարանային օղակներ և այլն:
Մարդատար մեքենայով 1 բալոնի տեղափոխումը պետք է կատարվի բալոնները հարվածից և տեղաշարժից պաշտպանող սարքերի օգնությամբ: Մեքենայից բալոնը թասակը ներքև ուղղված հանել չի թույլատրվում:
130) Բալոնների բեռնման-բեռնաթափման աշխատանքների և պահման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն ընկնելիս, վնասվելիս և աղտոտվելիս խուսափելու համար:
131) Բալոնների տեղաշարժումը լցավորման և պահման բաժանմունքներում, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ կատարվում է այդ նպատակով նախատեսված սարքավորման օգնությամբ, և շահագործման անվտանգությունը ապահովող սարքավորումներով (փոխադրիչներ, հոլովակավոր փոխադրիչներ և հատուկ հարմարանքներ): Թույլատրվում է բալոնի գլորաշարժումը սյունակալով: Բալոնների տեղաշարժումը մագնիսային ամբարձիչով արգելվում է:
132) Գազով լցավորված բալոնները պետք է պաշտպանվեն արևի ճառագայթումից/տաքացումից:
133) Բալոնների տեղափոխման մեքենաների շարժիչները բեռնման-բեռնաթափման ժամանակ պետք է անջատած լինեն, բացառությամբ այն դեպքերի, երբ մեքենան ունի բալոնների բեռնման-բեռնաթափման սարքավորումներ շարժիչի հաղորդակով:
134) Ռեզերվուարներից, գոլորշացուցիչներից և բալոններից չգոլորշիացած մնացորդների դատարկումը պետք է կատարվի հատուկ այդ նպատակով նախատեսված անոթների մեջ: Չգոլորշիացած մնացորդների դատարկումը բաց անոթի կամ արտադրական կոյուղու մեջ արգելվում է:
Չգոլորշիացած մնացորդների դատարկումը բալոններից պետք է կատարվի դատարկման թեքահարթակի վրա:
135) Արգելվում է ձգել ռետինագործվածքային խողովակների մոտ գտնվող վրադիր մանեկները և հանել խողովակները գազի առկայության դեպքում, ինչպես նաև հարվածող գործիք օգտագործել մանեկները քանդելիս կամ ձգելիս:
136) Առնվազն օրը մեկ անգամ պետք է զննվեն ռետինե խողովակների ճաքերը, կտրվածքները և տրորվածքները հայտնաբերելու նպատակով, իսկ 3 ամիսը մեկ պետք է ենթարկվեն ամրության հիդրավլիկ փորձարկման աշխատանքային ճնշման 1,25-ի հավասար ճնշմամբ:
137) Փոխանցման փոկերը կոմպրեսորների/ճնշիչների հաղորդակի համար պետք է պահել մաքուր և զերծ կեղտից, յուղից, ջրից և այլ նյութերից, որոնք կարող են փոխել փոկերի ծածկույթի էլեկտրահաղորդականությունը:
138) Մաքուր և օգտագործված մաքրման նյութերը պետք է պահվեն առանձին` կափարիչներով պինդ փակվող մետաղյա արկղերում:
Արգելվում է մաքրման նյութերը թողնել ԳԼ կայանի տարածքի որևէ մասում, ինչպես նաև սարքավորումների, սանդուղքների և ԳԼ կայանի արտաքին սարքավորումների և շինությունների տարածքում:
139) ԳԼ կայանի պայթավտանգավոր սենքերում պետք է տեղակայված լինեն սարքեր, որոնք անընդհատ վերահսկեն սենքի օդում գազի պարունակությունը և ազդանշան տան սենքում գազի վտանգավոր քանակությամբ կուտակման դեպքում: Այս սարքավորման անսարքության դեպքում օդի գազայնացվածության ստուգումը պետք է կատարվի յուրաքանչյուր 2 ժամը մեկ:
Գազի վտանգավոր քանակության կուտակման հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է շտապ օդափոխել սենքը, գտնել և վերացնել գազայնացվածության պատճառները: Գազի վտանգավոր քանակության կուտակում է համարվում գազի բռնկման ստորին սահմանի 1/5-ին հավասար ցուցանիշը:
140) ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների գազավտանգավոր շինություններում օդափոխիչ համակարգերի կարգավորումը և ուղղումը (էֆեկտիվության ստուգումը) պետք է կատարվի տարին 1 անգամ մասնագիտացված կազմակերպության կողմից` ակտ կազմելով և օդափոխիչ սարքերի տեղեկաթերթիկներում արդյունքների գրանցումով:
Անբավարար օդափոխման դեպքում շինություններում հեղուկ գազի հետ աշխատանքներն արգելվում են մինչև օդափոխման սարքավորման անսարքության վերացումը:
141) Հեղուկ գազերի տեղափոխման համար նախատեսված ավտոմեքենաների (ավտոցիստեռնները և բալոնների տեղափոխման ավտոմեքենաները) շարժիչի արտանետման խողովակը պետք է դուրս բերվի մեքենայի առջևի մասից և ունենա հանվող կայծմարիչ, որը պետք է տեղադրել արտանետման խողովակի վրա ԳԼ կայանի, ԳԼ կետի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների տարածք մտնելիս: Բալոնների տեղափոխման համար նախատեսված մեքենաները պարբերաբար կամ ժամանակավորապես պետք է արտանետման խողովակի վրա ունենան ստացիոնար կայծմարիչ, եթե արտանետման խողովակը մեքենայի առջևի մասից դուրս բերված չէ: Յուրաքանչյուր մեքենայի վրա պետք է լինեն 2 ածխաթթվային կամ փոշե կրակմարիչներ` յուրաքանչյուրն առնվազն 2 լ տարողությամբ և կարմիր ճանաչման դրոշակ` ձախ եզրի առջևի անկյունում:
142) ԳԼ կայանի, ԳԼ կետի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների տարածքում ավտոմեքենաների, տրակտորների արտանետման խողովակների վրա պետք է լինեն կայծմարիչներ:
143) ԳԼ կայանի, ԳԼ կետի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների բոլոր արտադրական և օժանդակ սենքերը պետք է ապահովվեն հրդեհի մարման առաջնային միջոցներով (հավելված 25): Յուրաքանչյուր հեռախոսի մոտ պետք է կախված լինեն հրշեջ ծառայության հեռախոսահամարով ցուցանակներ` հրդեհի դեպքում այն կանչելու համար:
144) ԳԼ կայանի, ԳԼ կետի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների ռեզերվուարային պահեստի սենքում և պայթահրդեհավտանգ շինություններում արգելվում է օգտագործել բաց կրակ կամ անցկացնել աշխատանքներ, որոնք կարող են բերել կայծառաջացմանը, ինչպես նաև այնտեղ տանել լուցկի, կրակայրիչներ կամ ծխելու այլ պարագաներ:
145) ԳԼ կայանի, ԳԼ կետի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների տարածքներում արգելվում է ծխել, որի մասին պետք է կախվեն նախազգուշացնող ցուցանակներ:
146) Ռեզերվուարային պահեստի տարածքում և արտադրական շինություններում չի թույլատրվում այն մարդկանց գտնվելը, որոնք չեն մասնակցում ռեզերվուարների սպասարկմանը և վերանորոգմանը, բալոնների և մեքենաների ցիստեռնների լիցքավորմանը, երկաթուղային ցիստեռններից գազի դատարկմանը:
147) ԳԼ կայանի, ԳԼ կետի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների տարածքներում գազի զգալի արտահոսքի դեպքում անհրաժեշտ է հեռացնել կողմնակի անձանց, անջատել այդ տարածքում գտնվող բոլոր մեքենաների շարժիչները և միջոցներ ձեռնարկել արտահոսքի վերացման համար:
Գազի զգալի արտահոսքի դեպքում ԳԼ կայանի ռեզերվուարներից կամ խողովակներից, որոնք գտնվում են արտադրական կազմակերպության տարածքում, անհրաժեշտ է մարել կրակը (եթե դա թույլատրելի է արտադրության տեխնոլոգիայով) գազայնացվածության հնարավոր տարածքից հեռացնել մարդկանց, որտեղ հնարավոր է ստեղծել գոլորշային պատվար/քող և արտահոսքի վերացման համար միջոցներ ձեռնարկել:
148) Վերգետնյա ռեզերվուարների մոտակայքում գազի բռնկման դեպքում անհրաժեշտ է ռեզերվուարների վրա ջուր լցնել` նրանցում ճնշման բարձրացումից խուսափելու համար: Երկաթուղային և ավտոցիստեռնների մոտ կրակի հայտնվելու դեպքում դրանք պետք է տանել անվտանգ տեղ: Եթե դա անելն անհնար է, պետք է ցիստեռնների վրա ջուր լցնել:
149) ԳԼ կայանի սարքավորումների և շենքերի հողակցումը պետք է ստուգել առնվազն տարին մեկ անգամ: Չափումները խորհուրդ է տրվում անել հողի ամենացածր հաղորդականության ժամանակաշրջանում. մի տարի ամռանը` հողի ամենաչոր ժամանակ, մյուս տարի` ձմռանը` դրա ամենասառած ժամանակ: Բացի հողակցումների պարբերական ստուգումներից և զննումներից, նրանց վիճակը պետք է ստուգվի սարքավորումների յուրաքանչյուր վերանորոգումից հետո:
150) Գազալցակայաններում որպես վթարային լուսավորման միջոցներ պետք է օգտագործել մարտկոցային փոխադրական լուսամփոփներ` պայթապաշտպանված կատարմամբ:
(22-րդ գլուխը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
23. ԿՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
151) Կրակային աշխատանքներին են վերաբերում էլեկտրաեռակցման, գազաեռակցման և զոդման աշխատանքները, ինչպես նաև բաց կրակի օգտագործմամբ այլ աշխատանքները:
152) ԳԼ կայանում, ԳԼ կետում, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ներում կրակային աշխատանքները թույլատրվում է անցկացնել գազավտանգավոր աշխատանքների կարգագրով:
153) Կրակային աշխատանքների անցկացման կարգագրում պետք է նշված լինի աշխատանքի անցկացման վայրն ու ժամը, աշխատանքների բնույթն ու անցկացման կարգը, կրակային աշխատանքների անցկացման համար պատասխանատու անձի անուն, ազգանուն, հայրանունը, ինչպես նաև նրա պաշտոնը, կրակային աշխատանքներին մասնակցող անձանց ցուցակը:
154) Կրակային աշխատանքները թույլատրվում է սկսել միայն կարգագիրը ստանալուց հետո և տեղում կարգագրով նախատեսված` հրդեհի մարման միջոցառումների առկայության դեպքում:
24. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
155) ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների շահագործման խնդիրների մեջ են մտնում.
ա/ ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների վերանորոգման և վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը,
բ/ արտադրական և շահագործող անձնակազմի ուսուցումը,
գ/ ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների ընդունումը շահագործման,
դ/ ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների անխափան և անվտանգ աշխատանքի ապահովումը:
156) Յուրաքանչյուր ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ում կազմակերպության ղեկավարի հրամանի համաձայն պետք է նշանակվի անվտանգ շահագործման համար պատասխանատու անձ ինժեներատեխնիկական աշխատակազմից:
157) ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների սարքավորումների շահագործման աշխատանքներին մասնակցելու թույլտվություն կարող են ստանալ ԻՏԱ և այն բանվորները, որոնք յուրացրել են աշխատանքի անվտանգության մեթոդները և հանձնել են քննությունները սույն տեխնիկական կանոնակարգի 1 բաժնի և գազի տնտեսության համար գործող այլ իրավական ակտերի պահանջների համաձայն:
158) Աշխատակազմի ուսուցումը և շինությունների ստուգումը պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգի II բաժնի պահանջների համաձայն:
159) Պաշտոնական հրահանգները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին և արտադրողի տված տեխնիկական սպասարկման հրահանգներին: Տեխնոլոգիական ընթացքի փոփոխման, սարքավորման փոփոխման, ընթացքի ինտենսիֆիկացման ժամանակ, ինչպես նաև վթարային իրավիճակ ստեղծվելու դեպքում հրահանգների ոչ կատարյալ լինելու պատճառով վերջիններս պետք է վերանայվեն և վերահաստատվեն:
160) ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ներում արգելվում է կամայական բալոնների լիցքավորումը, գազաբալոնային մեքենաների վրա տեղադրված բալոններից բացի:
161) Արգելվում է լիցքավորել այն բալոնները, որոնց մոտ անցել է տեխնիկական զննման ժամկետը:
162) Բալոնների սարքինությունը և գազով լիցքավորելու համար պիտանի լինելը պետք է հաստատվի մեքենայի ճանապարհային կամ երթուղային թերթիկում հատուկ կնիքով «Բալոնները ստացված են» և նրանց ստուգման համար պատասխանատու անձի ստորագրությամբ:
163) Արգելվում է մեքենաների բալոնների լիցքավորումը, եթե լցակայանում գազի ճնշումը գերազանցում է 1.6 ՄՊա:
164) Մեքենաների ցիստեռններից հեղուկ գազը դատարկում են 2 բանվոր, որոնցից մեկը նշանակված է որպես գլխավոր: Գազի դատարկման աշխատանքը, որպես կանոն, պետք է անցկացվի ցերեկային ժամերին:
165) ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների սարքավորումների մոնտաժման և ապամոնտաժման ժամանակ պետք է դադարեցվեն գազի ներծծման և լիցքավորման բոլոր աշխատանքները և կանգնեցվեն բոլոր գործող սարքավորումները, բացի պոմպակոմպրեսորային բաժնի մեխանիկական օդափոխիչներից, որոնք պետք է աշխատեն սարքավորման մոնտաժի և ապամոնտաժի ամբողջ ընթացքում:
166) ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների տարածքում արգելվում է կատարել ապամոնտաժում, սարքավորման վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև այլ աշխատանքներ, որոնք կապված չեն նրա շահագործման հետ:
167) Արգելվում է ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների տարածքում պահեստավորել ապամոնտաժված սարքավորումները:
168) ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների պայթավտանգավոր շինություններում գազի վտանգավոր քանակության կուտակման ազդանշանող սարքավորման առկայությունից անկախ, հերթապահության ընթացքում առնվազն 1 անգամ պետք է կատարել այդ շինություններում օդի քննություն պրոպան-բութանի պարունակության ստուգում փոխադրական սարքավորումների միջոցով:
169) Տեխնոլոգիական սարքավորումների, էլեկտրասարքավորումների, սանիտարատեխնիկական սարքավորման շահագործումը, տեխնիկական սպասարկումը և պլանային վերանորոգումները, ինչպես նաև ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ներում գազավտանգավոր աշխատանքները պետք է իրականացվեն տեղակայված սարքավորումներին վերաբերող սույն տեխնիկական կանոնակարգի X բաժնի 84-156 կետերի պահանջներին համապատասխան:
170) ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ներում արգելվում է անցկացնել գազաբալոնային ավտոմեքենաների բալոնների լիցքավորման աշխատանքներ և մեքենաների ցիստեռնների դատարկում նրա տարածքում կրակային աշխատանքներ կատարելու ընթացքում: Այդ դեպքում ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ի մուտքի մոտ պետք է տեղադրված լինի նշան, որը արգելի մուտքը կայանի տարածք:
171) Կրակային աշխատանքների անցկացման ամբողջ ընթացքում պետք է աշխատեն պոմպակոմպրեսորային բաժանմունքի մեխանիկական օդափոխիչները: Յուրաքանչյուր 30 ր մեկ պետք է գազաանալիզատորներով ստուգել գազի պարունակությունը օդում: Կրակային աշխատանքները պետք է անմիջապես դադարեցվեն, եթե չնայած ձեռնարկված միջոցների, հայտնաբերվել է գազի առկայություն:
25. ԽՄԲԱԿԱՅԻՆ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԵՎ ՌԵԶԵՐՎՈՒԱՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
172) Խմբակային բալոնային և ռեզերվուարային կայանքի ընդունումը շահագործման պետք է իրականացվի հանձնաժողովի կողմից, որի կազմում ներգրավվում են պատվիրատուի, շինմոնտաժային կազմակերպության, շահագործող կազմակերպության և պետական վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչները: Հանձնաժողովը կազմվում է պատվիրատուի կողմից:
173) Խմբակային բալոնային և ռեզերվուարային կայանքը, որպես կանոն, պետք է շահագործման ընդունվի այն օբյեկտների սարքավորման հետ համատեղ, որոնց գազամատակարարման համար դրանք նախատեսված են:
174) Խմբակային բալոնային և ռեզերվուարային կայանքի ընդունման ժամանակ հանձնաժողովը պետք է ստուգի կատարողական փաստաթղթերի առկայությունը և ճիշտ ձևակերպված լինելը, արտաքին զննման ենթարկի մոնտաժված սարքավորումը, նախագծին համապատասխանությունը պարզելու և մոնտաժի թերությունները հայտնաբերելու համար: Ընդունումը ձևակերպվում է ակտով, որը հանդիսանում է օբյեկտի շահագործման թույլտվություն:
175) Մինչև շահագործման ընդունելը պետք է ստուգել ռեզերվուարների և գոլորշացուցիչների ամրությունն ու կիպությունը:
176) Մինչև գազի մատուցումը ռեզերվուարային կայանքի սարքավորումները, ինչպես նաև խմբակային բալոնային կայանքի շրջակապման գազատարները պետք է ենթարկվեն օդով ճնշափորձարկման` 0.3 ՄՊա ճնշման տակ 1 ժամվա ընթացքում: Կայանքը համարվում է ճնշափորձարկումն անցած ըստ մանոմետրի` ճնշման տեսանելի անկման և արտահոսքի բացակայության դեպքում (արտահոսքի առկայությունը ստուգվում է օճառացմամբ):
177) Ռեզերվուարների տեխնիկական զննումը պետք է անցկացվի սույն գլխի 106 կետի պահանջներին համաձայն:
178) Գազի դատարկումը ռեզերվուարների մեջ և խմբակային կայանքի բալոնների փոխարինումը պետք է անցկացվի, որպես կանոն, ցերեկային ժամերին: Գազի դատարկման ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ ռեզերվուարները սահմանված մակարդակից շատ չլիցքավորվեն:
179) Գերլիցքավորված ռեզերվուարից գազի արտածծումը ավտոցիստեռն պետք է կատարվի հատուկ հրահանգով:
180) Մեքենաների ցիստեռնները, ինչպես նաև նրանց ներծծիչ-արտածծիչ խողովակները ռեզերվուարային կայանքի մեջ գազի դատարկումից առաջ պետք է հողակցվեն: Անջատել մեքենային ցիստեռնները հողակցող կայանքից թույլատրվում է միայն դատարկման ավարտից և ցիստեռնի կափույրների խցանները խողովակապտուկների վրա տեղադրումից հետո:
181) Արգելվում է ծխել մեքենայի ցիստեռնի մոտ և նրա խցիկում: Մեքենայի ցիստեռնից ռեզերվուար գազի դատարկման ժամանակ պետք է կատարել սույն գլխի 122 կետի անվտանգության պահանջները:
182) Արգելվում է գազով լիցքավորված ցիստեռնը կանգնեցնել բաց կրակի մոտ և այնպիսի տեղերում, որտեղ կա մարդկանց մեծաթիվ կուտակում (շուկաներ, մեծ խանութներ և այլն):
183) «Վանդակ» տիպի ավտոմեքենաները անհրաժեշտության դեպքում թողնել բնակելի շենքերից առնվազն 10 մ և հասարակական շենքերից 25 մ հեռավորության վրա:
Բալոններով և մեքենայի ցիստեռններով մեքենաները անհրաժեշտության դեպքում 1 ժամից ավելի կարելի է կանգնեցնել բնակելի շենքերից առնվազն 20 մ և հասարակական շենքերից` 40 մ հեռավորության վրա:
Հեղուկ գազերի տեղափոխման մեքենաների կանգառի հեռավորությունը աղբահորերից և նկուղներից պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:
184) Եթե խմբակային կայանքի մոտ անհրաժեշտ է անցկացնել ստորգետնյա շինությունների շինարարություն կամ վերանորոգում, ինչպես նաև այլ դեպքերում, երբ հնարավոր է խմբակային սարքավորման վնասում, այդ աշխատանքները կատարող կազմակերպությունը պարտավոր է այդ մասին տեղեկացնել հեղուկ գազերի խմբակային կայանքի շահագործող կազմակերպությանը: Շահագործող կազմակերպությունը պարտավոր է աշխատանքներ կատարող կազմակերպությանը տալ ծանուցում գծագրի հետ, որի վրա նշված է խմբակային կայանքի գտնվելու վայրը, ինչպես նաև ամեն օր հետևել խմբակային կայանքին: Տրված ծանուցումները պետք է գրանցվեն հատուկ մատյանում:
185) Գոլորշացուցիչ և խմբակային բալոնային կայանքի տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի 3 ամիսը մեկ:
186) Ռեզերվուարային, գոլորշացուցիչ և խմբակային բալոնային կայանքի պլանային/ընթացիկ վերանորոգումը պետք է կատարվի շահագործող կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Ստանդարտում պետք է հաշվի առնվեն պլանային/ընթացիկ վերանորոգման անցկացման ժամկետները առանձին տեսակի սարքավորումների համար, որը նախատեսվում է արտադրող գործարանների կողմից տրամադրած տեղեկաթերթիկներով, որոնք փակցված են ռեդուկցիոն/կարգավորիչ գլխիկների, գոլորշացուցիչների և խմբակային բալոնային կայանքի շրջակապվածքի գազատարների վրա:
187) Խմբակային կայանքի ստորգետնյա ռեզերվուարները ենթակա են տեխնիկական վերազննման 10 տարին մեկ` հատուկ հրահանգով աշխատանքների անցկացմամբ, վերգետնյա` սույն գլխի 106 կետի համաձայն:
188) Ռեզերվուարային կայանքի սարքավորումների հողակցման վիճակի ստուգումը պետք է կատարվի սույն գլխի 149 կետի պահանջների համաձայն:
189) Գազի ցանցերում խմբակային կայանքից հետո ճնշման բարձրացումը կանխարգելող հեղուկ գազի խմբակային կայանքի ռեզերվուարների վրա տեղադրված ապահովիչ կափույրների աշխատանքը ենթակա է ստուգման (կարգաբերման ճնշման պայմաններում տարին մեկ):
190) Ռեզերվուարային և խմբակային բալոնային կայանքների մանոմետրերը ստուգվում են ամեն անգամ ռեզերվուարները լիցքավորելուց առաջ (բալոնները փոխելուց առաջ), ինչպես նաև տեխնիկական սպասարկման ժամանակ: Ստուգումը կատարվում է մանոմետրի կարճատև անջատման եղանակով: Այդ ընթացքում մանոմետրի սլաքը պետք է ուղղված լինի դեպի զրոն:
191) Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ռեզերվուարային և խմբակային կայանքի մանոմետրերի ճշգրտությունը պետք է ստուգվի վերահսկիչ մանոմետրով: Մանոմետրի ստուգումը պետք է անցկացվի սույն գլխի 99 կետի պահանջների համաձայն:
192) Շինության մեջ տեղադրված բալոնների փոփոխման ժամանակ արգելվում է օգտվել բաց կրակից, միացնել կամ անջատել էլեկտրական լուսավորիչ սարքերը: Արգելվում է փոխել բալոնները աշխատող ջեռուցման վառարանների և այլ բաց կրակ ունեցող սարքավորումների առկայության դեպքում: Նշված սարքերը պետք է անջատվեն բալոնի փոփոխումից առաջ:
26. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
i
193) Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ապահովի գազի սարքավորումների և գազատարների տեխնիկական սպասարկման և վերանորոգման համակարգը դրանց աշխատունակ վիճակում պահելու և վթարների ու վնասվածքների կանխարգելման համար:
194) Յուրաքանչյուր կազմակերպությունում պետք է մշակվեն և հաստատվեն գազի տնտեսության մեջ վթարների կանխարգելման և տեղայնացման/լոկալիզացման պլաններ/ծրագրեր պարունակող ստանդարտներ և տեղադրված գազի սարքավորման շահագործման հրահանգներ:
195) Կազմակերպությունում գազատարների և գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի կամ այդ կազմակերպության ուժերով, կամ ՀՀ կառավարության 12 օգոստոսի 2004թ. N 1170-Ն որոշմամբ սահմանված կարգով հավաստված սերտիֆիկացված կազմակերպության հետ կնքված պայմանագրերով:
196) Կազմակերպությունների գազատարներն ու գազի սարքավորումները պետք է շահագործման ընթացքում ենթարկվեն տեխնիկական սպասարկման և ծրագրային վերանորոգումների: Գազատարների և գազի սարքավորման սպասարկման և վերանորոգման մասին պետք է կատարվեն գրանցումներ շահագործման և վերանորոգման մատյաններում համապատասխանաբար: Բացի այդ, նրանց մեջ պետք է գրանցվեն գազի տնտեսության նորմալ շահագործման խախտումները ու վերացման համար կատարված աշխատանքները:
197) Գազատարների, ԳԿԿ-ի, ԳԿ կայանքների շահագործումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի և ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգ»-ի պահանջներին համապատասխան: Ստորգետնյա գազատարների շրջայցը պետք է կատարվի առնվազն 2 օրը մեկ:
198) Գազի սարքավորման և արտադրամասերի ներքին գազատարների վերանորոգումը պետք է կատարվի նվազագույնը տարին մեկ անգամ, եթե արտադրող գործարանի սարքավորման և ավտոմատիկայի/հեռակառավարման սարքերի տեղեկաթերթիկների համաձայն չի պահանջվում վերանորոգման ավելի վաղ անցկացում: Աշխատանքները պետք է անցկացվեն կազմակերպության ստանդարտով հաստատված ժամանակացույցով/գրաֆիկով: Այն կազմակերպություններում, որտեղ գազի սարքավորումը սպասարկվում է հավատարմագրված մասնագիտացված կազմակերպության հետ կնքված պայմանագրերի հիման վրա, տեխսպասարկման ժամանակացույցերը/գրաֆիկները պետք է համաձայնեցվեն գազամատակարարող կազմակերպության հետ:
199) Կաթսաների, վառարանների և այլ ագրեգատների գործարկումից առաջ նրանց հնոցները ու ծխանցքերը պետք է օդափոխվեն: Օդափոխման ժամանակը որոշվում է շահագործման հրահանգով: Հրածորաններին օդի մատակարարման հնարավորությունը ապահովող ծխաքաշի և օդափոխիչի առկայության դեպքում հնոցների ու ծխանցքերի օդափոխությունը կատարվում է միացրած օդափոխիչի և ծխաքաշի դեպքում: Մինչ ծխաքաշի միացնելը անհրաժեշտ է համոզվել, որ ռոտորը չի հպվում ծխաքաշի պատյանին. դրա համար ռոտորը շարժում են ձեռքով:
Ծխաքաշի սարքինության ստուգումը կատարվում է պլանային զննումների և գազի սարքավորման վերանորոգման ժամանակ:
200) Հրածորանները վառելուց անմիջապես առաջ պետք է ստուգել գազի անհրաժեշտ ճնշման առկայությունը (համաձայն հավելված N 29-ի) կաթսայի, վառարանի կամ այլ ագրեգատների առջևի գազատարում, իսկ օդափչման սարքերից օդի մատակարարման ժամանակ` նաև օդի ճնշումը: Բացի այդ, պետք է ստուգել հնոցում կամ նախածխանցքում նոսրացման առկայությունը (մինչև ձգակափույր) և անհրաժեշտ դեպքում կարգավորել քաշանքը:
201) Հրածորանի առջևի գազատարի անջատող սարքը թույլատրվում է բացել միայն նրան վառած բռնկչի//վառիչի ջահի կամ գազը բռնկող այլ սարքի մոտեցնելուց հետո: Հրածորանների վառվելու ժամանակ հնոց պետք է մտնի կամ մատակարարվի այնքան օդ, որ ապահովվի գազի ամբողջական այրում և բացառվի անջատումը հրածորանից:
Հրածորաններին օդի մատակարարման օդափոխիչները պետք է միացվեն մինչև հրածորանները միացնելը:
202) Եթե այրման ժամանակ, կարգավորման ընթացքում կամ հրածորանի աշխատանքի ժամանակ տեղի է ունենում բոցի անջատում, խզում կամ մարում, անսարքությունը վերացնելուց հետո, բայց հրածորանը կրկին վառելուց առաջ` հնոցը և ծխանցքերը պետք է նորից օդափոխվեն, իսկ այրման գործողությունները կրկնվեն` ինչպես առաջին այրման ժամանակ:
203) Հրածորանների այրման և նրանց կարգավորման ժամանակ գազի և օդի մատուցման փոփոխությունը պետք է կատարվի աստիճանաբար և սահուն:
204) Շարժական հրածորանների օդանցքների ձգակափույրների կառավարման լծակները պետք է ունենան դիրքերի սևեռիչներ և «բաց է-փակ է» ցուցանակներ:
205) Եթե կաթսաները, վառարանները կամ այլ ագրեգատները աշխատում են տարբեր տեսակի վառելանյութերով և ունեն ընդհանուր նախածխանցք, ապա գազային վառելանյութի ագրեգատների գործարկումը պետք է կատարվի մյուս ագրեգատների չաշխատելու ժամանակ:
Եթե տարբեր վառելանյութեր օգտագործող կաթսաները, վառարանները և այլ ագրեգատները գտնվում են աշխատանքի մեջ և չեն կարող կանգնեցվել, ապա անվտանգության միջոցառումները, որոնք անհրաժեշտ են գազային վառելիքով ագրեգատների գործարկման ժամանակ, յուրաքանչյուր որոշակի դեպքում սահմանվում են կազմակերպության ստանդարտով հաստատված կարգով:
206) Չի թույլատրվում առանց վերահսկողության թողնել աշխատող կաթսաները, վառարանները և այլ ագրեգատները: Բացառություն են կազմում այն սարքավորումը, որոնց վերահսկողության կառավարումը կատարվում է դիսպետչերական վահանակով` հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի IV բաժնի 20-րդ կետի պահանջները: Չի թույլատրվում շահագործել կաթսաները, վառարանները ու այլ ագրեգատները այդ ագրեգատների գազի սարքավորման, անվտանգության ավտոմատիկայի անսարքության դեպքում և քաշանքի բացակայության դեպքում, ինչպես նաև գազի արտահոսքի ժամանակ: Գազի մատակարարման դադարեցման ժամանակ պետք է անմիջապես փակվեն գազատարի ներանցուցիչի և ագրեգատների անջատող սարքերը:
207) Առանձին կաթսաների, վառարանների և այլ ագրեգատների, արտադրամասերի վերանորոգման կամ աշխատանքի երկարատև դադարեցման ժամանակ, ինչպես նաև ջեռուցման կաթսայատների գազատարները ամռան ընթացքում պետք է անջատվեն անջատող սարքից հետո խցանի տեղադրումով: Փչամաքրման մոմերի անջատող սարքերը գազատարի անջատումից հետո պետք է մնան բաց վիճակում:
Ագրեգատը կոնսերվացումից հետո գործարկելու կամ վերանորոգման աշխատանքների կատարման համար այն կանգնեցնելուց հետո թույլատրվում է գազատարի, ծխանցքերի և հսկիչ-չափիչ սարքավորումներ /ՀՉՍ/-երի ստուգման ակտի առկայության դեպքում:
208) Յուրաքանչյուր ջեռուցման շրջանում ջեռուցման կաթսայատների գործարկումը թույլատրվում է գազատարի, գազի սարքավորման, անվտանգության ավտոմատիկայի, ՀՉՍ, գազատար սարքերի օդափոխության համակարգերի, էլեկտրալուսավորության, շահագործման նպատակներով կաթսաների պիտանելիության, ծածկերի և պատերի գազանթափանցության համակարգերի վերանորոգման ակտի և հանձնաժողովի կազմած կաթսայատան ստուգման ակտի առկայության դեպքում: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են գազամատակարարող կազմակերպության ներկայացուցիչները և կաթսայատան շահագործման համար պատասխանատու անձը: Անհրաժեշտ է նաև պատասխանատու անձի և սպասարկող անձնակազմի գիտելիքների ստուգման մասին փաստաթղթերի առկայությունը:
209) Յուրաքանչյուր ջեռուցման շրջանում կաթսայատների գործարկումը թույլատրվում է կաթսայատան գազի տնտեսության համար պատասխանատու անձի նշանակման հրամանի և սպասարկող անձնակազմի ամբողջականության մասին հաստատագրի առկայության դեպքում:
210) Արդյունաբերական վառարանների և արտադրական կաթսայատների ծխանցքերի ստուգումը և մաքրումը պետք է անցկացվի վառարանների, կաթսաների պլանային վերանորոգումների կամ քաշանքի խախտման ժամանակ: Արդյունաբերական և արտադրական կաթսայատների ծխանցքերի ժամանակին ստուգումը և մաքրումը պետք է ապահովեն գազի տնտեսության համար պատասխանատու անձինք:
211) Արտադրամասերում կամ կաթսայատներում վթարների կամ հրդեհի ժամանակ դրանց գազամատակարարումը պետք է անմիջապես դադարեցվի:
212) Արգելվում է գազատարները ծանրաբեռնել տարբեր տեսակի ծանրություններով և օգտագործել որպես հենարանային շինություններ, բացառությամբ սույն տեխնիկական կանոնակարգի III բաժնի 34-րդ կետում նշված դեպքերի: Չի թույլատրվում գազատարը օգտագործել որպես հողակցում:
213) Գազաեռակցման, կտրման և բնական կամ հեղուկ գազի գործածմամբ մետաղների այլ տիպի գազաբոցային վերամշակման աշխատանքները, ինչպես նաև բաց կրակի օգտագործումը այլ աղբյուրներից թույլատրվում է հետևյալ նվազագույն հեռավորությունների վրա (հորիզոնագծով)`
ա/ 10 մ` բալոնների խմբերից (2-ից ավելի բալոններից), որոնք նախատեսված են գազի աշխատանքներ կատարելու համար,
բ/ 5 մ` առանձին թթվածնով կամ այլ բռնկվող գազերով բալոններից,
գ/ 3 մ` այրվող գազերի գազատարներից, ինչպես նաև մետաղյա պահարաններում տեղադրված գազամատակարարման կետերից` ձեռքով աշխատելու դեպքում, և
դ/ 1,5 մ` մեքենայացված աշխատանքների դեպքում:
214) Բնական և հեղուկ գազի գործածմամբ գազաբոցային աշխատանքները պետք է կատարվեն` պահպանելով հրդեհային անվտանգության պահանջները: Աշխատանքի ժամանակ հրածորանի (կտրոցի) բոցը պետք է ուղղված լինի գազամատակարարման աղբյուրի հակառակ կողմը: Եթե նշված պահանջը չի կարող կատարվել, գազամատակարարման աղբյուրը պետք է ծածկել մետաղյա վահանով կամ չհրկիզվող պաշտպանիչ շերտով:
215) Բնական կամ հեղուկ գազերի օգտագործումով շարժական բանվորական կետերի աշխատանքի ժամանակ, որոնք սնուցվում են առանձին բալոններից, թույլատրվում է 1 հատուկ կառուցվածքի սայլակի վրա տեղադրել այրվող գազով բալոնը և թթվածնով բալոնը: Այդ դեպքում բալոնները պետք է այնպես ամրացվեն, որ բացառվի նրանց հարվածումը միմյանց և ընկնելը:
216) Շարժական բանվորական կետերի աշխատանքի ընթացքում հեղուկ գազերով բալոնները պետք է գտնվեն ուղղահայաց դիրքում: Հեղուկ գազերով բալոնները թույլատրվում է դնել հատակին կամ գետնին թեքած վիճակում բարձրացված կափույրով և պահպանելով բալոնները գլորվելուց:
Բալոնները պետք է պաշտպանել արևի ճառագայթներով կամ ջերմության այլ աղբյուրներով տաքացումից: Բալոնների թույլատրելի տաքացման ջերմաստիճանը կազմում է 45 oC:
217) Արգելվում է անցկացնել գազաեռակցում, կտրում և մետաղների ու այլ նյութերի գազի կիրառմամբ գազաբոցային մշակման այլ տեսակներ գետնախարսխային և նկուղային շինություններում, հորերում և այլ ստորգետնյա շինություններում: Թույլատրվում է օգտագործել գազի հրածորաններ` խողովակաշարի հորերում աշխատելիս և հորերից դուրս հեղուկ գազերով բալոններ տեղադրելիս:
218) Գազաբանվորական կետերի բոլոր ներանցումները պետք է լինեն ազատ: Աշխատանքի ընթացքում պահարանների դռները պետք է բաց լինեն: Գազաբանվորական կետերից օգտվող բանվորի բացակայության ժամանակ պահարանները պետք է փակվեն բանալիներով:
219) ԵՃՀ-ով սարքավորման շահագործումը պետք է իրականացվի հրածորանները արտադրած գործարանի կողմից տրված շահագործման հրահանգների համապատասխան:
220) Լոգարանների շոգեսենյակների քարերը պետք է ջեռուցվեն այն ժամանակ, երբ լոգարանները չեն աշխատում:
(26-րդ գլուխը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում