Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎ ...

 

13.08.2023 -

 

040.1175.190912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2012 թվականի N 1175-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 09.03.17 թիվ 214-Ն որոշում)

(վերնագիրը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 13-ի

N 1175-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

(վերնագիրը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ` տեսչական մարմին) իրականացվող դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունն որոշելուն ուղղված հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգի հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 09.03.17 թիվ 214-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)

2. Տեսչական մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնում է համարվում դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված գնումը:

(2-րդ կետը փոփ. 09.03.17 թիվ 214-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)

3. Հսկիչ գնումն իրականացվում է դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 09.03.17 թիվ 214-Ն որոշում)

4. Հսկիչ գնումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի` դիտարկում իրականացնելու մասին հրամանի հիման վրա, որի պատճենն ստորագրությամբ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Դիտարկում իրականացնելու մասին հրամանում ներառվում են նաև հսկիչ գնում իրականացնելու դեպքը (դեպքերը), վայրը (համայնքը, Երևանում` վարչական շրջանը), ինչպես նաև նպատակը:

(4-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

5. Հսկիչ գնման արդյունքում տեղում կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, որի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), տեղեկատվություն գնված ապրանքների մասին (անվանումը, քանակը, գինը (արժեքը), փաթեթավորումը): Արձանագրություններն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն արձանագրության մյուս օրինակի ստորին հատվածում նշում է իր անունը, ազգանունը, ստորագրում է, իսկ առարկություններ ունենալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք գրավոր ներկայացնում է տեսչական մարմին: Ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու անհնարինության դեպքում արձանագրությունը հանձնվում է պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ:

(5-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

6. Տեսչական մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են տեսչական մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին` տեսչական մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից: Հսկիչ գնումը կատարվում է հսկիչ գնումից առաջ ստացված գումարով, որը տեսչական մարմնի ֆինանսատնտեսական ստորաբաժանման կողմից փոխանցվում է հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձի հաշվին, իսկ հսկիչ գնումն անկանխիկ կատարելու անհնարինության դեպքում, տրամադրվում է կանխիկ, որի համար հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձը ներկայացնում է հսկիչ գնում կատարելու մասին հրամանը և զեկուցագիր, որտեղ նշվում է գնվող ապրանքի (ապրանքների) անվանումը, ապրանքանիշը, քանակը և կատարվելիք ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

(6-րդ կետը փոփ. 09.03.17 թիվ 214-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)

7. Հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը հսկիչ գնումն ավարտելուց հետո մեկօրյա ժամկետում տեսչական մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում է գնված ապրանքի (ապրանքների) և կատարած ծախսերի վերաբերյալ զեկուցագիր, հսկիչ գնման արդյունքում կազմված արձանագրության պատճենները, ինչպես նաև ապրանքի գնման հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնը կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ: Հսկիչ գնման արդյունքում կատարված ծախսը վերցված գումարից ավելի լինելու դեպքում, հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից ստանում է տարբերությունը, իսկ պակաս լինելու դեպքում` տարբերությունը վերադարձնում տեսչական մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը:

(7-րդ կետը փոփ. 09.03.17 թիվ 214-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)

8. Հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը, սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան, չի գերազանցում 7 օրը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) ձեռք բերելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմանը հաջորդող օրը, հսկիչ գնում կատարած անձի կողմից լուսանկարահանվում են, իսկ անհրաժեշտության դեպքում` տեսանկարահանվում` արդյունքները կցելով գործին: Գործում պահպանվում են նաև ապրանքի չփչացող բաղադրամասերը (պիտակ, տուփ, տարա և այլն), եթե դրանք վարչական վարույթում կարող են հանդիսանալ որպես ապացույց:

9. Անհրաժեշտության դեպքում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքներն ուղարկվում են լաբորատոր փորձաքննության:

10. Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, որպես ապացույց օգտագործելու նպատակով տեսչական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կամ տարածքային մարմինների աշխատողի կողմից վարվում է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների գրանցամատյան (այսուհետ` գրանցամատյան)` համաձայն N 1 ձևի, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնում կատարելու մասին հրամանը, հսկիչ գնման օրը, ժամը, հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքը, ապրանքի պիտանիության ժամկետը, ապրանքն ի պահ հանձնելու օրը, ժամը, ապրանքն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ապրանքն ընդունող և հանձնող անձանց ստորագրությունները, ինչպես նաև ապրանքը փորձաքննության ուղարկելու կամ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքում գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում:

(10-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

11. Տեսչական մարմնի երկու և ավելի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից դիտարկման իրականացման դեպքում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների գրանցամատյանը վարվում է այն ստորաբաժանման կողմից, որը ներկայացնում է տվյալ խմբի ղեկավարը:

(11-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

12. Եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները (բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված ապրանքների) որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը, ապա այդ ապրանքները`

1) տեսչական մարմնի ղեկավարի գրությամբ կարող են հանձնվել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին կամ համայնքային փոքր տներին` փոխադարձ գրավոր համաձայնության հիման վրա.

2) հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացման նպատակով` տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից (այսուհետ` աշխատանքային խումբ) ոչնչացվում են, եթե կորցրել են իրենց սկզբնական հատկանիշները և հետագա օգտագործման համար այլևս պիտանի չեն:

(12-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն, 03.08.2023 թիվ 1304-Ն որոշումներ)

13. Աշխատանքային խմբի կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման ակտ (այսուհետ` ակտ)` համաձայն N 2 ձևի, որում նշվում են ոչնչացված ապրանքի անվանումը, ծավալը (քանակը, քաշը), աշխատանքային խմբի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները, ոչնչացման ամսաթիվը, ժամը: Ակտն ստորագրվում է աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից և կցվում է գործին:

14. Սույն կարգի 8-րդ կետում նշված ապրանքները լուսանկարահանվելուց և (կամ) տեսանկարահանվելուց հետո ոչնչացվում են` սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարգով:

 

Ձև N 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՀՍԿԻՉ ԳՆՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Գրառ|Հսկիչ|Հսկիչ|Հսկիչ|Հըս-|Ապ- |Ապ- |Ապ-  |Ապ-  |Ապ-  |Ապրան-|Ապրան-|

|ման |գնում|գնում|գըն- |կիչ |րան-|րան-|րանքն|րանքն|րանքն|քը    |քի    |

|հա- |կատա-|կատա-|մամբ |գըն-|քի  |քըն |ընդու|ընդու|հանձ-|փորձա-|ոչըն- |

|մարը|րելու|րած  |ձեռք |ման |պիտա|ի   |նող  |նող  |նող  |քննու-|չացման|

|    |մասին|անձի |բեր- |օրը,|նիու|պահ |պաշ- |անձի |անձի |թյան  |ակտի  |

|    |հրա- |անու-|ված  |ժամը|թյան|հանձ|տոնա-|ստորա|ստորա|ուղար-|համա- |

|    |մանի |նը,  |ապ-  |    |ժամ-|նե- |տար  |գրու-|գրու-|կելու |րը,   |

|    |ըն-  |ազգա-|րանքի|    |կետը|լու |անձի |թյու-|թյու-|օրը,  |օրը   |

|    |դուն-|նու- |անվա-|    |    |օրը,|պաշ- |նը   |նը   |ժամը  |      |

|    |ման  |նը,  |նումը|    |    |ժամը|տոնը,|     |     |      |      |

|    |ամի- |պաշ- |     |    |    |    |անու-|     |     |      |      |

|    |սը,  |տոնը |     |    |    |    |նը,  |     |     |      |      |

|    |ամսա-|     |     |    |    |    |ազգա-|     |     |      |      |

|    |թիվը,|     |     |    |    |    |նունը|     |     |      |      |

|    |հա-  |     |     |    |    |    |     |     |     |      |      |

|    |մարը |     |     |    |    |    |     |     |     |      |      |

|____|_____|_____|_____|____|____|____|_____|_____|_____|______|______|

|  1 |  2  |  3  |  4  | 5  | 6  | 7  |  8  |  9  | 10  |  11  |  12  |

|____|_____|_____|_____|____|____|____|_____|_____|_____|______|______|

|    |     |     |     |    |    |    |     |     |     |      |      |

|____|_____|_____|_____|____|____|____|_____|_____|_____|______|______|

|    |     |     |     |    |    |    |     |     |     |      |      |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ԱԿՏ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

____ ______________ 201 թ. ________________________________

(կազմման վայրը)

___________________________________________________________________

          (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

          (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

          (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմնի ղեկավարի 20 թ. _____ ___ -ի N _______ հրամանի` ոչնչացվեցին հետևյալ ապրանքները`

 

.____________________________________________________.

|Ոչնչացված ապրանքի անվանումը  |Ծավալը (քանակը, քաշը) |

|_____________________________|______________________|

|1.                           |                      |

|_____________________________|______________________|

|2.                           |                      |

|_____________________________|______________________|

|3.                           |                      |

|_____________________________|______________________|

|4.                           |                      |

.____________________________________________________.

 

Աշխատանքային խմբի անդամներ`

 

    _____________________________          _________________________

         (անունը, ազգանունը)                   (ստորագրությունը)

    _____________________________          _________________________

         (անունը, ազգանունը)                   (ստորագրությունը)

    _____________________________          _________________________

         (անունը, ազգանունը)                   (ստորագրությունը)

 

_____ _________________ 201 թ.__

 

(2-րդ ձևը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2012
N 1175-Ն
Որոշում