Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ, 187-ՐԴ, 280-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԳԴ1/0034/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0034/02/16   2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի հունիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սեդա Սեթյանի ներկայացուցիչ Սամվել Մելիքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սեդա Սեթյանի ընդդեմ Խոսրով Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սեդա Սեթյանը պահանջել է տիրազուրկ ճանաչել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի 8-րդ բնակարանը և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Վարդանյան) 21.06.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Խառատյան, դատավորներ` Ս. Թորոսյան, Ա. Մկրտչյան) 10.11.2016 թվականի որոշմամբ Սեդա Սեթյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2016 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մանուկյան) (այսուհետ` Դատարան) 24.05.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2018 թվականի որոշմամբ Սեդա Սեթյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.05.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդա Սեթյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 187-րդ, 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է պատասխանողի երկու և ավելի տասնամյակ և մինչ օրս դրսևորած անգործության փաստը, ինչպես նաև հայցվորի` վիճելի գույքը բարեխղճորեն տիրապետելու փաստը հիմնավորող ապացույցները: Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել, քանի որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար գրանցված իրավունքը դադարած լինելու իրավական պահանջ գոյություն չունի. կարևորվում է ոչ թե իրավունքի գրանցումը, այլ սեփականատիրոջ վարքագիծը վերջին 10-ը տարիների ընթացքում:

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2017 թվականի թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ արտահայտած դիրքորոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2018 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Մարտունու ներկայացուցչության կողմից 07.09.2015 թվականին տրված թիվ 644 արխիվային քաղվածքի համաձայն` Մարտունու շրջխորհրդի գործադիր կոմիտեն 1987 թվականի օգոստոսի 27-ին քննարկել է «ազատ բնակարանների բաշխման մասին» օրակարգային հարցը, որի շրջանակներում որոշել է Սեդա Վազգենի Պետրոսյանի մեկ անձից բաղկացած ընտանիքին հատկացնել Երևանյան փողոցի թիվ 10 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանը 19,0 քմ բնակելի մակերեսով (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի գյուղապետարանի կողմից 06.05.2015 թվականին տրված թիվ 370 տեղեկանքի համաձայն` Սեդա Պետրոսյանը մահացել է 1991 թվականին և հուղարկավորված է Վերին Գետաշենի Ձորի գերեզմանոցում (հատոր 1-ին, գ.թ. 10):

3) 19.09.1995 թվականի Մարտունու ԲՇՏ-ի ինժեներ Ա. Պողոսյանի և տեխնիկ Ա. Արշակյանի, մասնակցությամբ Ա. Ավագյանի, Ս. Մելքոնյանի, Ա. Մխիթարյանի, Մ. Խաչատրյանի և Կ. Ավետիսյանի, Մարտունու Երևանյան 10-րդ շենքի թիվ 8 բնակարանի վերաբերյալ կազմած ակտի համաձայն` կատարվել է ուսումնասիրություն, որով պարզվել է, որ բնակարանի վարձակալը 1991 թվականից բացակայում է շրջանից և չի բնակվում իր բնակարանում: Նշված ակտում կատարվել է հետևյալ գրառումը. «Ես Սեդա Սեթյանս 1991 թվականից բնակվում եմ նույն բնակարանում, շենքի վարձը մուծել եմ ես, որի համար ստորագրում եմ Ս. Սեթյան (...)» (հատոր 1-ին, գ.թ. 11):

4) Մարտունու քաղաքապետարանի քաղաքային տնտեսության բաժնի պետի ժ/պ Գևորգ Վարդանյանը, բաժնի առաջատար մասնագետներ Աշոտ Գրիգորյանը և Նորիկ Ավետիսյանը 10.10.2014 թվականին կազմել են արձանագրություն այն մասին, որ համաձայն Սեդա Սեթյանի 2014 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 968 դիմումի` տեղում ուսումնասիրել են քաղաքացու փաստացի բնակության վայրի վերաբերյալ փաստը: Հարևաններից կատարած հարցումներից պարզվել է, որ իրականում Սեդա Սեթյանը բնակվում է Մարտունու Երևանյան թիվ 10/8 բնակարանում, արձանագրության կազմման օրվա դրությամբ բնակվում է նշված հասցեում և կատարում է ամբողջ կոմունալ և այլ վճարները սկսած 1999 թվականից: Սեդա Սեթյանի հարևաններն իրենց ստորագրություններով նույնպես հավաստել են նշված փաստը (հատոր 3-րդ, գ.թ. 114-115):

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 13.10.2014 թվականի թիվ ԱՏ-09/10/2014-31-0001 տեղեկանքի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10-րդ շենքի թիվ 8 բնակարան հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Խոսրով Սարգսյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 82):

6) Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին 05.04.2016 թվականի թիվ 522073 տեղեկանքի համաձայն` Խոսրով Շմավոնի Սարգսյանը ծնվել է 25.10.1960 թվականին, իսկ 12.09.2001 թվականին 001-ի կողմից ստացել է AF սերիայի թիվ 0379632 անձնագիրը (հատոր 1-ին, գ.թ. 33):

7) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ Ս. Մաթևոսյանի 25.05.2016 թվականի 22/38-324 գրության համաձայն` 25.10.1960 թվականին Մարտունի քաղաքում ծնված Խոսրով Սարգսյանը 12.09.2001 թվականին անձնագրային և վիզաների վարչությունից ստացել է ՀՀ անձնագիր` առանց հաշվառման տվյալների (հատոր 1-ին, գ.թ. 59):

8) ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի 23.08.2017 թվականի թիվ 1796 տեղեկանքի համաձայն` Սեդա Սեթյանը 1999 թվականից բնակվում է Մարտունի քաղաքի Երևանյան թիվ 10/8 հասցեում (հատոր 3-րդ, գ.թ. 72):

9) Սույն գործով վեճի առարկա բնակարանի հասցեն է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի 8-րդ բնակարանը: Նշված փաստը գործի քննության ընթացքում կողմերը չեն վիճարկել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

i

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

i

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

i

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ` տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Նունե Մովսեսյանն ընդդեմ Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների, Օֆելյա Բոդուրյանի թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Սեդա Սեթյանի կողմից դատարան ներկայացված ապացույցներով չի հաստատվում պատասխանող Խոսրով Սարգսյանի կողմից առանց Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի 8-րդ բնակարանի սեփականության իրավունքը պահպանելու մտադրության գույքը թողնելու, ինչպես նաև Սեդա Սեթյանի կողմից վիճելի գույքը բարեխիղճ և որպես սեփականը տիրապետելու փաստերի առկայությունը: Դատարանը գտել է, որ հայցվոր կողմի պնդումն այն մասին, թե Խոսրով Սարգսյանը, 1991 թվականի հուլիսին ձևական ամուսնանալով Սեդա Պետրոսյանի հետ, մեկնել է Ռուսաստան և ՀՀ-ից բացակայել է, նույնպես հերքվում է, քանի որ Խոսրով Սարգսյանը 2001 թվականի սեպտեմբերի 12-ին 001-ի կողմից ստացել է AF սերիայի թիվ 0379632 անձնագիրը:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, արձանագրել է, որ սեփականության իրավունքը բացարձակ իրավունք է, ուստի սեփականատերը կարող է տիրապետել, օգտագործել և տնօրինել իր սեփականությունն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Այսինքն, Խոսրով Սարգսյանի` իր տանը չբնակվելը դեռևս չի նշանակում, որ վերջինս հրաժարվել է իր սեփականությունից: Բացի այդ, Խոսրով Սարգսյանը 2001 թվականի սեպտեմբերի 12-ին անձնագրային և վիզաների վարչությունից ստացել է ՀՀ անձնագիր` առանց հաշվառման տվյալների: Դա նշանակում է, որ հայցվորի այն պնդումը, որ Խոսրով Սարգսյանը դեռևս 1991 թվականին մեկնել է Հանրապետությունից և չի վերադարձել, անհիմն է: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Սեդա Սեթյանի` վիճելի բնակարանում բնակվելու հանգամանքն ինքնին բավարար չէ այդ գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքի ծագման համար: Դա հնարավոր կլիներ, եթե հայցվորն ապացուցեր, որ Խոսրով Սարգսյանը հրաժարվել է իր սեփականությունից, այսինքն` նրա իրավունքը դադարել է, որպիսի պայմաններում միայն կարող էր ծագել հայցվորի իրավունքը: ՈՒստի, մերժելով Սեդա Սեթյանի վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը նշել է, որ գույքից հրաժարվելու վերաբերյալ բողոք բերողի փաստարկները հիմնավոր և բավարար չեն դատական ակտը բեկանելու համար:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու հանգամանքը: Սեփականատիրոջ կողմից իր գույքից հրաժարվելու մասին կարող է վկայել ոչ միայն նրա կողմից այդ գույքից հրաժարվելու մասին գրավոր ապացույցը, այլև դրա բացակայության դեպքում վեճի առարկա գույքի սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատկապես ընդգծել, որ թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Վերաքննիչ դատարանի` վերը նշված եզրահանգումներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը կարևորել է Խոսրով Սարգսյանի` 2001 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ անձնագիր ստանալը, այսինքն` ՀՀ տարածքում գտնվելը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի` վերը վկայակոչված որոշմամբ արտահայտած դիրքորոշումները վկայում են այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից պետք է արժևորվեր ոչ թե այն հանգամանքը, որ իրականում Խոսրով Սարգսյանը 1991 թվականից հետո վերադարձել էր ՀՀ, այլ այն, թե ձեռնարկվել էին արդյոք Խոսրով Սարգսյանի կողմից միջոցներ` ուղղված նրան պատկանող գույքի պահպանությանը և դրսևորվել էր արդյոք վերջինիս` որպես սեփականատիրոջ կողմից իր գույքի հանդեպ հետևողական վերաբերմունք, թե` ոչ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել ՀՀ վճռաբեկ դատարանի` վերը վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ վեճի առարկա գույքը տիրապետողի բարեխղճությունը կարող է պայմանավորվել գույքի սեփականատիրոջ անգործությամբ, քանի որ Վերաքննիչ դատարանը, ի հեճուկս վերը արտահայտած դիրքորոշման, արժևորել է Խոսրով Սարգսյանի` ՀՀ վերադառնալու և ՀՀ-ում գտնվելու հանգամանքները, այնինչ գնահատման առարկա պետք է դարձներ վեճի առարկա գույքի նկատմամբ վերջինիս կողմից դրսևորված վարքագիծը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդյունքում Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի գնահատել սույն գործով ներկայացված ապացույցները: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացված` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 13.10.2014 թվականի թիվ ԱՏ-09/10/2014-31-0001 տեղեկանքով հաստատվում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի 8-րդ բնակարան հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Խոսրով Սարգսյանի անվամբ: Մինչդեռ, հաշվի առնելով վերոշարադրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գույքի սեփականատիրոջ կողմից դրսևորված անգործությունը պատշաճ կերպով գնահատման չարժանացնելուց բացի չի պարզել նաև սեփականատիրոջ անգործության գնահատման համար անհրաժեշտ և կարևոր այն հանգամանքը, թե վեճի առարկա գույքի նկատմամբ երբ է ծագել Խոսրով Սարգսյանի իրավունքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով այդ հանգամանքը պարզելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Սեդա Սեթյանի` վեճի առարկա գույքը տիրապետելու բարեխղճությունը տիրապետման տասը տարիների ընթացքում, գնահատման էր ենթակա Խոսրով Սարգսյանի` որպես սեփականատիրոջ վարքագծի համատեքստում: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հատկապես ընդգծել, որ միայն այդ հանգամանքը պարզելուց հետո էր հնարավոր գնահատել Խոսրով Սարգսյանին պատկանող, վեճի առարկա գույքը Սեդա Սեթյանի կողմից տասը տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքները պատշաճ հետազոտման չեն արժանացվել նաև Դատարանի կողմից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները չեն ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման` հաշվի առնելով դրանց համակցությունը, փոխադարձ կապը և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, որի արդյունքում սույն գործով չի պարզվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը, ուստի առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2020
N ԳԴ1/0034/02/16
Որոշում