i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԷԴ/0090/01/17
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԷԴ/0090/01/17
Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Արայիկ Տիբուշի Հակոբյանի պաշտպան Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
i
1. Արայիկ Տիբուշի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ` զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով` 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն:
2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ քրեական գործն ըստ մեղադրանքի Արայիկ Հակոբյանի և մյուսների ընդունվել է վարույթ:
Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ քրեական գործը նշանակվել է դատական քննության: Նույն որոշմամբ, ի թիվս այլոց, ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Պաշտպան Լ.Սահակյանը ամբաստանյալ Ա.Հակոբյանին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան, որը նույն դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ մերժվել է:
3. Ա.Հակոբյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա.Հակոբյանի պաշտպան Ե.Վարոսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանը «Դատական քննություն նշանակելու մասին» որոշմամբ նշել է. «(...) Քննելով ամբաստանյալ Արայիկ Տիբուշի Հակոբյանի նկատմամբ նշանակված կալանավորում խափանման միջոցի հարցը և նկատի ունենալով ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հիմքերի բացակայությունը գտնում եմ, որ այն պետք է թողել նույնը (...)»1:
________________________
1 Տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 72-76:
i
6. Պաշտպան Լ.Սահակյանն ամբաստանյալ Ա.Հակոբյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ, ի թիվս այլ փաստարկների, ընդգծել է նաև հետևյալը. «(...) Որոշումը հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածին, ուստի (...) դրա չպատճառաբանվածության լույսի ներքո այդ որոշումը անօրինական է: (...) Չնայած քրեական դատավարության օրենսդրությամբ այդ փուլում, երբ դատարանը նման որոշում է կայացնում, կողմերի մասնակցությունը չի ապահովվում, բայց (...) սա ևս Կոնվենցիայի լուրջ խախտում է, որովհետև անձինք (...) հնարավորություն չեն ունենում այդ փուլում դատարանին ներկայացնելու իրենց դիրքորոշումը խափանման միջոցի հետ կապված: (...) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի լույսի ներքո անձը պետք է տարվի դատավորի մոտ, որպեսզի նրա խափանման միջոցի հարցը քննարկվի: (...) Մեր օրենսդրությունը այս առումով հակասում է Կոնվենցիային (...)»2:
________________________
2 Տե՛ս քրեական գործի հավելված, դատական նիստի արձանագրության համառոտագրում և լազերային կրիչ, թերթ 77-79 և 86:
6.1. Առաջին ատյանի դատարանը «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Արայիկ Հակոբյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ առկա են Դատարանների կողմից կայացված որոշումներ, ուստի վերջինս կալանքի տակ է գտնվում իրավական հիմքով, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունն անհիմն է, և այն պետք է մերժել: Միաժամանակ Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ ներկա պահին բացակայում են նաև Արայիկ Հակոբյանի նկատմամբ ընտրված` կալանավորում խափանման միջոցը փոխելու հիմքերը (...)»3:
________________________
3 Տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 87-90:
7. Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը, մերժել է այն. «(...) Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, հաշվի առնելով, որ ամբաստանյալին շարունակական կալանքի տակ պահելու հիմքերն առկա են, դատարանների կողմից կայացվել են համապատասխան որոշումներ, հանգել է ճիշտ հետևության` մերժելով ամբաստանյալ Արայիկ Հակոբյանին կալանքից ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատաքննության այս փուլում ամբաստանյալին կալանքի տակ պահելու հիմքերը շարունակում են առկա լինել, որը հաստատվել էր Առաջին ատյանի դատարանի` սույն գործը դատական քննության նշանակելու մասին 23.06.2017 թվականի և 16.10.2017 թվականի որոշումներով (...):
Վերոշարադրյալ հիմքերով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, այն չի հակասում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներին, իսկ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ որոշումը բեկանելու համար»4:
________________________
4 Տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 119-123:
i
8. ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր5:
________________________
5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշումը:
9. 2018 թվականի մայիսի 11-ին ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կամ այն փոխարինել գրավով կամ ավելի մեղմ խափանման միջոցով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, 2018 թվականի մայիսի 11-ի դատական նիստում պաշտպանության և մեղադրանքի կողմերի մասնակցությամբ քննելով Ա.Հակոբյանի պաշտպանների միջնորդությունը, նույն օրվա որոշմամբ մերժել է այն:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանների որոշումներով թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, մասնավորապես` անազատության մեջ գտնվող անձի իրավունքների խախտմամբ կայացվել են օրենքով չնախատեսված և չպատճառաբանված որոշումներ:
i
Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չպատճառաբանված որոշում կայացնելու պատճառներից է այն, որ որոշումը կայացվել է ոչ թե կողմերի մասնակցությամբ, մրցակցության ու զենքերի հավասարության սկզբունքների պահպանմամբ իրականացված պատշաճ քննարկման արդյունքում, այլ դատարանի կողմից միանձնյա, առանց կողմերի, հատկապես անազատության մեջ գտնվող անձի մասնակցության, մեղադրանքի կողմի կազմած ու դատարան ներկայացված գործի ուսումնասիրության արդյունքում: ՈՒստի հիշյալ որոշումը հակասում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին: Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալները` դատավարական իրավունքի խախտումները, ազդել են գործի ելքի վրա, և Ա.Հակոբյանն այդ սխալների հիման վրա շարունակել է գտնվել ապօրինի անազատության մեջ:
Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանն ըստ էության կրկնել է Առաջին ատյանի դատարանի կողմից ներկայացված պատճառաբանությունները:
11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է կայացնել նոր դատական ակտ` Ա.Հակոբյանի խափանման միջոցի մասով բեկանելով Առաջին ատյանի դատարանի` քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշումները, նույն դատարանի` ամբաստանյալին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին որոշումը և Ա.Հակոբյանին ազատել կալանքից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք գործը դատական քննության նախապատրաստելու փուլում Ա.Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցի հարցն առանց դատավարության համապատասխան մասնակիցների քննելու ոչ իրավաչափության վերաբերյալ բողոք բերած անձի պատճառաբանությունները:
i
13. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննելու ժամանակ, մասնավորապես, անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքներ նախատեսված չեն:
(...)
Սահմանադրական դատարանը, կարևորելով անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, միաժամանակ գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ընթացքում պետք է ապահովել ինչպես պաշտպանության, այնպես էլ` մեղադրանքի կողմի մասնակցությունը` ելնելով քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից:
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանն իր նախաձեռնությամբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը որոշելիս չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և կողմերը չեն կարող զրկված լինել իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում` այն կարող է պարունակել վտանգ, որ դատարանն իր վրա է վերցնում մեղադրանքի կամ պաշտպանության գործառույթներ: Բացի դրանից, դատարանը զրկվում է հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու փաստացի հնարավորությունից, որի երաշխավորման կարևոր նախապայման է նաև կողմերի կարծիքները, փաստարկները, դիրքորոշումները լսելը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում` դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում` մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի` իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում:
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, չի ապահովում անձի` դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը` օրենքով սահմանված կարգով: Հետևաբար այն չի համապատասխանում նաև արդար դատաքննության չափանիշներին:
(...)
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որը չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, համահունչ չէ ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի շրջանակներում ձևավորված անձնական ազատության իրավունքի սահմանափակման չափորոշիչներին (...):
(...)
Ելնելով մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև դատարանի կողմից կալանքի` որպես խափանման միջոցի, ընտրության և հիմնավորվածության հարցի քննության քրեադատավարական ընթացակարգերի օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը պետք է ապահովվի, մասնավորապես, մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը (ինչպես նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, մասնավորապես, 285-րդ և 312-րդ հոդվածներով)` առաջնորդվելով անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ»6:
________________________
6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.1-4.4-րդ կետերը:
i
13.1. Ամփոփելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պայմաններում, երբ գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննարկվում է առանց մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության` չեն ապահովվում անձի անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքները:
Հետևաբար, ելնելով ազատության, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից, քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը պետք է ապահովվի7:
________________________
7 Տե՛ս mutatis mutandis Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԷԴ/0063/01/17, Արմեն Սողոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0250/01/17 որոշումները:
14. Սույն գործի փաստերից հետևում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Առաջին ատյանի դատարանը գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ լուծել է նաև Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հարցը և, գտնելով, որ այն փոփոխելու կամ վերացնելու հիմքեր չկան, կայացրել է ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշում8:
________________________
8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Առաջին ատյանի դատարանը, 2017 թվականի նոյեմբերի 14-ի` «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ մերժելով ամբաստանյալ Ա.Հակոբյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, պատճառաբանել է, որ ամբաստանյալին կալանքի տակ պահելու վերաբերյալ առկա են դատարանների որոշումներ, ուստի Ա.Հակոբյանը կալանքի տակ է գտնվում իրավական հիմքով9:
________________________
9 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:
Վերաքննիչ դատարանն իր հերթին, մերժելով պաշտպանների վերաքննիչ բողոքը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, այն չի հակասում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներին, իսկ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ որոշումը բեկանելու համար10:
________________________
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ, խախտում է անձի ազատության իրավունքը` անհապաղ դատարանի առջև կանգնելու և իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքների տեսանկյունից:
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումն առ այն, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում` դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում` մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի` իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վիճարկվող իրավակարգավորումը չի ապահովում նաև անձի` դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը:
Հետևաբար հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում Ա.Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցի հարցն առանց դատավարության համապատասխան մասնակիցների քննելու ոչ իրավաչափության վերաբերյալ բողոք բերած անձի պատճառաբանությունները հիմնավոր են:
16. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 14-ի որոշման` վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորության հարցին11` կաշկանդված լինելով վճռաբեկ բողոքի սահմաններով:
________________________
11 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Լևոն Սողոմոնյանի վերաբերյալ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0274/01/15 որոշումը:
17. Թեև թույլ տրված համապատասխան խախտումներին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշման 9-րդ կետում մատնանշված փաստական հանգամանքների պայմաններում, ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավաբանական նշանակությունը), ուստիև վճռաբեկ բողոքը պետք է մերժել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-ին, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արայիկ Տիբուշի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման
Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան