Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 32-ՐԴ, 109 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ 3-148 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3298/2007 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ալլահվերդյանի և Բաբկեն Տեր-Մանվելյանի բերած վճռաբեկ բողոքները Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Ալլահվերդյանի ընդդեմ Բաբկեն Տեր-Մանվելյանի, «Կենտրոն» նոտարական գրասենյակի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Բաբկեն Տեր-Մանվելյանի անվամբ 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը և ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևան Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն` 1/4 մասով, ճանաչել անվավեր և հայցվոր Արմեն Ալլահվերդյանին ճանաչել իր հոր` Նորայր Ալլահվերդյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Բաբկեն Տեր-Մանվելյանը և Արմեն Ալլահվերդյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ Բ. Տեր-Մանվելյանի վճռաբեկ բողոքի`

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ և 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նորայր Ալլահվերդյանը դիմել է դատարան` Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Հետագայում հայցից հրաժարվել է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցից հրաժարվելու դեպքում կրկին նույն հայցով դատարան դիմելու իրավունքը վերապահված է միայն նույն հայցվորին, այսինքն` Նորայր Ալլահվերդյանին, այլ ոչ թե Արմեն Ալլահվերդյանին: Բացի այդ, հայցից հրաժարումը նշանակում է հրաժարում ոչ թե ժառանգությունից, այլ արդեն իսկ ընդունած ժառանգական գույքից:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե արդյոք սույն իրավահարաբերություններում առկա է հայցվորի որևէ սուբյեկտիվ իրավունքի, նյութաիրավական կամ օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունն այն դեպքում, երբ նման իրավունքից օգտվելու ցանկություն չի ունեցել այն անձը, որի իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս նրա մահվանից հետո:

Վերոգրյալի հիման վրա, վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և այն փոփոխել, հայցը մերժել:

Ըստ Ա. Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքի`

i

Դատարանը ճիշտ չի կիրառել քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ, 1216-րդ, 1225-րդ, 1226-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով Ն. Ալլահվերդյանի կողմից ժառանգական գույքի 1/2-րդ մասը ընդունելու փաստը, այնուամենայնիվ Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 և 10.11.2004 թվականներին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը անվավեր է ճանաչել մասնակի` 1/4-ի մասով:

Վերոգրյալի հիման վրա, վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.04.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նորայր Ալլահվերդյանը ժառանգատուի (Քնարիկ Ալլահվերդյանի) հայրն է, իսկ Բաբկեն Տեր-Մանվելյանը` որդին:

2) Արմեն Ալլահվերդյանը Նորայր Ալլահվերդյանի որդին է և առաջին հերթի ժառանգը:

3) Քնարիկ Ալլահվերդյանի մահվան պահից Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 3-րդ շենքի թիվ 324 բնակարանում մշտապես հաշվառված է եղել և բնակվել Նորայր Ալլահվերդյանը:

4) Բաբկեն Տեր-Մանվելյանը 31.10.2001 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայական է ստացել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 38 բնակելի տան, իսկ 10.11.2004 թվականին` Ալիխանյան փողոցի 3-րդ շենքի 324-րդ բնակարանի նկատմամբ:

5) Նորայր Ալլահվերդյանը դիմել է դատարան` Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Հետագայում հայցից հրաժարվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

Բաբկեն Տեր-Մանվելյանի վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը.

Արդյո՞ք հայցից հրաժարումը կարող է դիտվել որպես հայցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի համաձայն` ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը: Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ժառանգը կարող է հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում տալու միջոցով: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Նորայր Ալլահվերդյանը նման եղանակով իրեն հասանելիք ժառանգությունից չի հրաժարվել:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում ներկայացված պատճառաբանությանն այն մասին, որ հայցից հրաժարումը անհրաժեշտ է որակել որպես ժառանգությունից հրաժարում, ապա Վճռաբեկ դատարանը այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից:

Վերոնշյալից հետևում է, որ հայցից հրաժարումը հայցվորի դատավարական իրավունքն է: Հայցից հրաժարվելով, հայցվորն ըստ էության հրաժարվում է ոչ թե պատասխանողի նկատմամբ ունեցած պահանջից, այլ քաղաքացիական դատավարության կանոններով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցից:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև դատավարական օրենքի այն կարգավորումը, համաձայն որի` հայցից հրաժարումը հայցվորին չի զրկում նույն հայցով կրկին անգամ դատարան դիմելու իրավունքից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ սույն օրենսգրքի 109 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքի:

Այսինքն` Նորայր Ալլահվերդյանը, հրաժարվելով Բաբկեն Տեր-Մանվելյանի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով ներկայացված հայցադիմումից, չի զրկվել նույն հայցով կրկին անգամ դատարան դիմելու իրավունքից:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև վճռաբեկ բողոքի այն հիմնավորումը, համաձայն որի Արմեն Ալլահվերդյանը պատշաճ հայցվոր չէ, քանի որ Նորայր Ալլահվերդյանը չի օգտվել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունից, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով:

Նույն օրենսգրքի 1186-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Ալլահվերդյանը Նորայր Ալլահվերդյանի որդին է և առաջին հերթի ժառանգը, հետևաբար, Արմեն Ալլահվերդյանին է անցնում Նորայր Ալլահվերդյանին պատկանող գույքային բոլոր իրավունքները, այդ թվում` Նորայր Ալլահվերդյանի կողմից արդեն իսկ ընդունած վեճի առարկա ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Հետևաբար, վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Նորայր Ալլահվերդյանի դատարան դիմելու իրավունքը ծագել է ժառանգության ընդունման փաստերով, ինչը բխում է նյութական իրավահաջորդի դատավարական իրավազորությունից:

Արմեն Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին կետի 2-րդ ենթակետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով այն հանգամանքը, որ Նորայր Ալլավերդյանը ընդունել է ժառանգական գույքի 1/2 մասը, այնուհանդերձ վճռել է Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը անվավեր ճանաչել 1/4-ի մասով: Այսինքն` առկա է անհամապատասխանություն Վերաքննիչ դատարանի վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 02.10.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արմեն Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.04.2007 թվականի վճռին:

2. Բաբկեն Տեր-Մանվելյանի վճռաբեկ բողոքը մերժել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-148 (ՎԴ)
Որոշում