ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/5737/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5737/02/20 2023 թ.
Նախագահող դատավոր` Ա. Կուրեխյան
Դատավորներ` Ս. Գրիգորյան
Գ. Թորոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող Մ. Դրմեյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
2023 թվականի հունվարի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հրաչյա Հովհաննիսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրաչյա Հովհաննիսյանի ընդդեմ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` աշխատանքից անօրինական ազատման հրամանի վերացման հետ կապված պակաս վճարված աշխատավարձի և տուժանքի վճարման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Բանկի ընդդեմ Հրաչյա Հովհաննիսյանի` անհիմն հարստացման գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հրաչյա Հովհաննիսյանը պահանջել է Բանկից բռնագանձել 1.441.660 ՀՀ դրամ, որից 720.830 ՀՀ դրամը` որպես վճարման ենթակա օրերի ոչ ճիշտ ներկայացման հետևանքով պակաս հաշվարկված աշխատավարձի գումար և նույն գումարի չափով տուժանք:
Բանկը հակընդդեմ հայցով պահանջել է Հրաչյա Հովհաննիսյանից բռնագանձել 13.887.261 ՀՀ դրամ անհիմն հարստացման գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ 14.02.2019 թվականից սկսած տարեկան 12% դրույքաչափով տոկոսներ, որը հայցադիմումը ներկայացնելու պահին կազմել է 2.008.897 ՀՀ դրամ և տոկոսների հաշվարկը շարունակել մինչև գումարի ամբողջական վճարումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 05.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի.
Բանկից հօգուտ Հրաչյա Հովհաննիսյանի բռնագանձվել է 582.647,92 ՀՀ դրամ` որպես 04.04.2016 թվականից մինչև 14.04.2016 թվականն ընկած ժամանակահատվածի 8 աշխատանքային օրվա համար չվճարված աշխատավարձի գումար և չվճարված աշխատավարձի գումարի նկատմամբ 02.08.2017 թվականից մինչև դրա փաստացի վճարման օրը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվել և բռնագանձվել է օրական 0,15 տոկոս տույժ, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարը: Հայցը` մնացած մասով և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.03.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 05.10.2021 թվականի վճիռը մասնակի` հայցի մասով բեկանվել և փոփոխվել է` սկզբնական հայցը մերժվել է, մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Հրաչյա Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ` Վարդան Հարությունյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ, 130-րդ, 178-րդ և 198-րդ հոդվածները, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 57-րդ, 61-րդ, 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն համապատասխանում իրականությանը և հակասում են թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն փաստը, որ 2016 թվականի ապրիլի 4-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում հայցվորի աշխատանքից բացակայությունը եղել է հարգելի` պայմանավորված ՀՀ ՊՆ թիվ 16396 զորամասի կազմում Արցախ մեկնելու և պատերազմական իրավիճակում մարտական ծառայության անցնելու հանգամանքով:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, քանի որ, եթե դատարանը հայցվորի բացակայությունը ճանաչել է հարգելի և վերացրել է աշխատանքից ազատման անօրինական հրամանը, ապա նշանակում է, որ դատարանը վերականգնել է աշխատողի բոլոր աշխատանքային իրավունքները, այդ թվում նաև աշխատավարձ ստանալու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը մերժել է պատերազմական իրավիճակում սահմանների պաշտպանությանը սահմանված կարգով մասնակցող աշխատողի օրենքով հասանելիք աշխատավարձի վճարումը, պատճառաբանելով, որ վերջինս մարտադաշտում գտնվելու ժամանակ չի կատարել իր աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, հաշվի չառնելով, որ նա կատարել է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իր պարտականությունը` մասնակցելով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.03.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.10.2021 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
i
Բողոք բերած անձը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով չէր կարող հանդիսանալ զինապարտ և հետևաբար զինապարտների համար նախատեսված իրավունքները և պարտականությունները վերջինիս վրա չէին տարածվում: Մասնավորապես «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն նախազորակոչային տարիքը Հայաստանի Հանրապետությունում ներառում է 16-18 տարեկանը, իսկ զորակոչային տարիքը` 18-27 տարեկանը: Նույն օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում անձը հաշվառվում է պահեստազորում առավելագույնը մինչև 55 տարեկանը: Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ իրավահարաբերության ծագման պահին բողոք բերած անձը եղել է 59 տարեկան, տվյալ պահին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն վերջինս այլևս չէր հանդիսանում զինապարտ և հետևաբար «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը, առավելապես օրենքի 30-րդ հոդվածը վերջինիս համար կիրառելի չէր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը սույն գործի շրջանակներում կիրառման ենթակա չէր, հետևաբար կիրառման ենթակա չէր նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը: Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքներին, ապա դատարանը հայցվորի աշխատանքից բացակայությունն է ուղղակի դիտարկել հարգելի, այլ ոչ թե հաստատել է այնպիսի փաստեր, որոնք հիմք կհանդիսանային 2016 թվականի ապրիլի 4-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածի համար վերջինիս աշխատավարձ վճարելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Բանկի գործադիր տնօրենի 14.04.2016 թվականի թիվ 88 հրամանով Հրաչյա Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից 7 օր աշխատանքից անհարգելի բացակայության պատճառով: Աշխատանքից ազատելուց հետո կատարվել է վերջնահաշվարկ: 14.04.2016 թվականի թիվ 0014 վերջնահաշվարկի տաբելի համաձայն` Հրաչյա Հովհաննիսյանին վճարվել է ընդհանուր 1.960.506.00 ՀՀ դրամ գումար, որից` 95.067 ՀՀ դրամ գումարը, որպես` Հրաչյա Հովհաննիսյանի աշխատավարձի գումար 04.04.2016 թվականի դրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 29-32):
2. Բանկի 26.05.2016 թվականին կազմված արձակուրդային հաշվարկի քաղվածքի համաձայն` Հրաչյա Հովհաննիսյանի միջին օրական աշխատավարձը կազմել է 72.830 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 109):
3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/1939/02/16 գործով 10.11.2016 թվականին կայացրած վճռով մասնակի բավարարվել է Հրաչյա Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Բանկի, և եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ կերպ. «Անվավեր ճանաչել «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի 14.04.2016 թվ. թիվ 88 հրամանը` Հրաչյա Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Պարտավորեցնելով «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Հրաչյա Հովհաննիսյանին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի ոչ պակաս, քան կրկնապատիկի, բայց ոչ ավելի, քան տասներկուապատիկի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 30.12.2005թ. Հրաչյա Հովհաննիսյանի հետ կնքված թիվ 6 աշխատանքային պայմանագիրը համարել լուծված: Քաղաքացիական գործի վարույթը` ըստ հայցի Հրաչյա Հովհաննիսյանի ընդդեմ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի` աշխատանքում վերականգնվելու պահանջի մասով, կարճել: Մնացած մասով հայցը մերժել:» (հատոր 1-ին. գ.թ. 8-21):
4. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/1939/02/16 գործով 09.03.2017 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Հրաչյա Հովհաննիսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` հատուցումների և փաստաբանի վարձատրությանը վերաբերող մասով դատարանի 10.11.2016 թվականի վճիռը բեկանվել և փոխվել է, այդ մասով վճռի եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ կերպ` ««Մելլաթ բանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ Հրաչյա Հովհաննիսյանի բռնագանձել` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` միջին աշխատավարձի չափ, մինչև սույն վճիռը օրինական ուժի մեջ մտնելը, աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափ, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար` 150.000 դրամի չափ»: Դատական ակտն ուժի մեջ է մտել 02.08.2017 թվականին: Դատական ակտի հիման վրա տրվել է կատարողական թերթ և հայցվորի կողմից այն ներկայացվել է հարկադիր կատարման:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/1939/02/16 գործով 09.03.2017 թվականի որոշմամբ հաստատված է համարվել, որ ՀՀ ՊՆ Նոր-Նորք զինվորական կոմիսարի 02.07.2016 թվականի թիվ 3/123, ՀՀ ՊՆ 16396 զորամասի շտաբի պետի 13.07.2016 թվականի թիվ 204 տեղեկանքների համաձայն` Հրաչյա Հովհաննիսյանը 04.04.2016 թվականից մինչև 28.04.2016 թվականը որպես «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի մարտիկ, ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ենթակայությամբ մարտական ծառայություն է իրականացրել Արցախի հարավ-արևմտյան շրջանում: (հատոր 1-ին, գ.թ. 22-27):
5. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը Բանկից պահանջել է Հրաչյա Հովհաննիսյանի միջին օրական և միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկություններ, որին ի պատասխան Բանկը 25.10.2017 թվականի գրությամբ ծառայությանն է ներկայացրել Հրաչյա Հովհաննիսյանի միջին օրական և միջին ամսական աշխատավարձի չափի և վերջինիս 16 ամիս հարկադիր պարապուրդի և աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարման ենթակա գումարի չափը, որը կազմել է 31.743.992 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 33):
6. 09.04.2018 թվականի որոշմամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը կարճել է 31.08.2017 թվականին հարուցված թիվ 03566257 կատարողական վարույթը (հատոր 3-րդ, գ.թ. 15):
7. ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/4788/05/18 վարչական գործով 16.11.2018 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 09.04.2018 թվականի թիվ 03566257 կատարողական վարույթի կարճման որոշումը և պարտավորեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը շարունակել թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական թերթի պահանջների ամբողջական կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 34-41):
8. 21.11.2018 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը որոշում է կայացրել թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական թերթի պահանջներն ամբողջական կատարելու համար նշանակել փորձագետ և փորձաքննությունը հանձնարարել «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ին: 25.12.2018 թվականին տրված փորձագետի եզրակացության համաձայն` թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական թերթի պահանջի ամբողջական կատարումն ապահովելու համար 14.04.2016 թվականից մինչև 02.08.2017 թվականն ընկած ժամանակահատվածի համար Հրաչյա Հովհաննիսյանին ենթակա է վճարման 42.452.117,05 ՀՀ դրամ: «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ի փորձագիտական եզրակացության համար ելակետային տվյալներ են հանդիսացել Բանկի 14.04.2016 թվականի աշխատանքից ազատման թիվ 88 հրամանը և Բանկի 25.10.2017 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հասցեագրված գրությունը, որով տեղեկություններ է տրամադրվել Հրաչյա Հովհաննիսյանի միջին օրական և միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ: Փորձագետը ղեկավարվել է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի 07.07.2012 թվականի N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով (հատոր 3-րդ, գ.թ. 16-20):
9. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 05.02.2019 թվականի որոշման թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական վարույթի մասին որոշման համաձայն` պարտապան Բանկի կողմից հօգուտ պահանջատեր Հրաչյա Հովհաննիսյանի բանկային հաշվին փոխանցվել է 28.700.000 ՀՀ դրամ, ուստի անհրաժեշտ էր պարտապանի հաշվից հօգուտ պահանջատիրոջ բռնագանձել 13.752.117 ՀՀ դրամ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 22.02.2019 թվականի որոշման համաձայն` պարտապան Բանկից բռնագանձվել է 10.752.117 ՀՀ դրամ, որով և թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական թերթի պահանջները փաստացի կատարվել է և նույն որոշմամբ 09.03.2017 թվականի կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 03566257 կատարողական վարույթը կարճվել է: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 05.02.2019 թվականի և 22.02.2019 թվականի որոշումները չեն բողոքարկվել (հատոր 3-րդ, գ.թ. 84,85):
10. Հայցվորը դիմել է Բանկին 04.04.2016 թվականից մինչև 14.04.2016 թվականը չվճարված աշխատավարձը վճարելու համար և 01.02.2020 թվականին Բանկը մերժել է վճարել նշված ժամկետի համար Հրաչյա Հովհաննիսյանին հասանելիք աշխատավարձը պատճառաբանելով, որ թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2017 թվականին կայացված որոշմամբ Բանկից հօգուտ Հրաչյա Հովհաննիսյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` միջին աշխատավարձի չափ, մինչև որոշումն օրինական ուժի մեջ մտնելը, այսինքն` մինչև 02.08.2017 թվականը: Բանկը վճարել է հարկադիր պարապուրդի գումարը և 04.04.2016 թվականից մինչև 14.04.2016 թվականն ընկած ժամանակահատվածը ոչ մի կերպ չի կարող համարվել հարկադիր պարապուրդի ժամանակաշրջան: Բացակայությունը եղել է իր մեղքով, քանի որ նշված օրերին չի ներկայացել աշխատանքի իր նախաձեռնությամբ (հատոր 1-րդ, գ.թ. 57-58):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, և 178-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք գործատուն պարտավոր է աշխատողին վճարել այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը փաստացի չի կատարել իր վրա դրված աշխատանքային պարտականությունները:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
i
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտել է 17.12.2005 թվականին) 1-ին հոդվածի համաձայն` նույն կոնվենցիայում «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից և հաշվարկման մեթոդից, նշանակում է` փողով հաշվարկվող և փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար:
i
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` գործատուներին արգելվում է որևէ ձևով սահմանափակել աշխատողների` աշխատավարձի տնօրինման ազատությունը:
i
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատավարձը վճարվում է կանոնավոր կերպով: Բացառությամբ այն դեպքերի, երբ գոյություն ունեն այլ համապատասխան կարգավորումներ, որոնք ապահովում են աշխատավարձի պարբերական վճարումը, աշխատավարձի վճարման պարբերականությունը սահմանվում է ազգային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրերով կամ միջնորդ դատարանի որոշումներով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագրի դադարելուց հետո հասանելիք աշխատավարձերի վերջնահաշվարկն իրականացվում է ազգային օրենսդրությանը համապատասխան, կոլեկտիվ պայմանագրով կամ միջնորդ դատարանի որոշմամբ կամ, այդպիսի օրենսդրության, պայմանագրի կամ որոշման բացակայության դեպքում, իրականացվում է ողջամիտ ժամկետում` հաշվի առնելով պայմանագրի պայմանները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է աշխատավարձի հիմնական հատկանիշներին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այդ հատկանիշներն են`
1) այն վարձատրություն է կատարված կամ կատարվելիք աշխատանքի դիմաց,
2) աշխատավարձի վճարման պայմանները սահմանվում են աշխատանքային պայմանագրով կամ օրենսդրությամբ,
i
3) աշխատավարձ վճարելու գործատուի պարտականությունը և աշխատավարձ ստանալու աշխատողի իրավունքը ծագում է աշխատանքային հարաբերությունների ծագման պահից հետո (տե՛ս Ռազմիկ Ուզունյանի ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատավարձի` որպես կատարված աշխատանքի դիմաց հատուցման վճարման և չվճարելու համար պատասխանատվության կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով: Այսպես` ընդհանուր կանոնի համաձայն` աշխատավարձը վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Նշված պարտականությունը չկատարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն` օրական 0,15 տոկոսի չափով տուժանքի չափով: Ընդ որում, օրենսդրի կողմից սահմանափակվել է այդ պատասխանատվության` տուժանքի չափը. այն չի կարող գերազանցել վճարման ենթակա գումարի չափը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ վերը նշված իրավակարգավորումը, ըստ էության, գործատուի պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որը երաշխավորում է աշխատողների` օրենքով սահմանված ժամկետում իրենց հասանելիք աշխատավարձն ստանալու իրավունքի իրականացումը (տե՛ս Ռազմիկ Ուզունյանի ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
i
Մինչև գործող 10.10.2020 թվականը գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ «Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու հետ» վերնագրված հոդվածի համաձայն`
1. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ լուծում է աշխատանքային պայմանագիրը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, աշխատողը կարող է դիմել գործատուին նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Եթե նշված ժամկետներում աշխատողը դիմում է գործատուին, ապա գործատուն պարտավոր է երեք օրվա ընթացքում կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որի էական պայմանները աշխատողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը գործող աշխատանքային պայմանագրի պայմաններն էին:
2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
i
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09.10.2020 թվականի ՀՕ 460-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում կատարվել է փոփոխում` հոդվածի վերնագիրը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 124. Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու և կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու հետ»:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի նոր խմբագրությամբ 124-րդ հոդվածի համաձայն`
1. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ, գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, աշխատողը կարող է դիմել գործատուին նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Եթե նշված ժամկետներում աշխատողը դիմում է գործատուին, ապա գործատուն պարտավոր է երեք օրվա ընթացքում կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որի էական պայմանները աշխատողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը գործող աշխատանքային պայմանագրի պայմաններն էին:
2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
3. Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած` զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար գործատուի կողմից աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 10.10.2020 թվականը գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված էր զինվորական ծառայության անցնելու հետ կապված աշխատանքային հարաբերությունների կարգավորումը, որով նախատեսված էր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու, ծառայությունից զորացրվելուց հետո նոր աշխատանքային պայմանագիր կնքելու, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորող հարցերը: Նշված հոդվածը 09.10.2020 թվականի ՀՕ 460-Ն ՀՀ օրենքով լրացվել է և օրենսդիրը սահմանել է նաև կարգավորումներ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու հետ կապված աշխատողների աշխատանքային հարաբերությունների հարցերին: Վերը նշված փոփոխությունների արդյունքում օրենսդիրը նախատեսել է նաև, որ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):
i
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձևով վարձատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված պաշտոնային դրույքաչափին համարժեք չափով և կարգով:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիների աշխատատեղը և միջին աշխատավարձը պահպանվում է այն դեպքերում, երբ զորակոչային տեղամասերին կցագրված աշխատողը մասնակցում է զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու կապակցությամբ վարժական հավաքների կանչվելու ընթացքում: Ընդ որում, մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձևով վարձատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված պաշտոնային դրույքաչափին համարժեք չափով և կարգով:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09.10.2020 թվականի ՀՕ 460-Ն ՀՀ օրենքի ընդունումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածով կարգավորված չեն եղել կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցող աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատատեղի պահպանմամբ ազատվելու, ինչպես նաև այդ ընթացքում նրա վարձատրության հարցերը, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո ուժի մեջ մտած կարգավորումները կիրառելի են դրանից հետո ծագած աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան հայցվորը հայտնել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի 14.04.2016 թվականի թիվ 88 հրամանը համարվել է անօրինական, 04.04.2016 թվականից մինչև 14.04.2016 թվականն հայցվորի աշխատանքից բացակայությունը համարվել է հարգելի, մինչդեռ վերջնահաշվարկը կատարվել է 04.04.2016 թվականի դրությամբ, ուստի հայցվորին ենթակա է վճարման նաև 04.04.2016-14.04.2016 թվականների ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձը:
Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ. «(...) 2016թ. ապրիլի 4-ից մինչև 14-ը ժամանակահատվածի համար սկզբնական հայցով հայցվորին վճարման ենթակա աշխատավարձի գումարը ենթակա է վճարման ԵԿԴ/1939/02/16 քաղ. գործով օրինական ուժ ստացած դատական ակտի հիման վրա, համաձայն որի` 2016 թվ. ապրիլի 4-ից մինչև 14-ը սկզբնական հայցով հայցվորի բացակայությունը համարվել է հարգելի, սակայն նրան չի վճարվել այդ օրերի համար աշխատավարձի գումարը, որը կազմում է 582.647,92 ՀՀ դրամ (...)»:
Վերաքննիչ դատարանի 29.03.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 05.10.2021 թվականի վճիռը մասնակի` հայցի բավարարման մասով բեկանել և փոփոխել է` սկզբնական հայցը մերժել է` պատճառաբանելով, որ աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելու դեպքում միայն նա կարող է ակնկալել համապատասխան վարձատրություն ստանալը: Մինչդեռ, հայցվորը 2016 թվականի ապրիլի 4-ից մինչև 14-ը ներառյալ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք չի կատարել, հետևաբար գործատուի մոտ չկատարված աշխատանքի դիմաց աշխատավարձ վճարելու պարտավորություն չէր կարող ծագել:
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշված որոշմամբ եզրակացրել է, որ օրենսդիրն ըստ էության կանխորոշել է ապացույցներ ներկայացնելու, դրանք հետազոտելու և գնահատելու նպատակը, այն է` գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Հետևաբար քաղաքացիական գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես` դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշմամբ գտել է, որ չվճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների բռնագանձման գործերով պարզման ենթակա են, հետևաբար նաև ապացուցման առարկան կազմում են հետևյալ հանգամանքները.
- գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը այն ժամանակահատվածում, որի համար ներկայացվել է բռնագանձման պահանջը,
- աշխատողի` հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում վճարված չլինելու փաստը,
- բռնագանձման ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված բռնագանձման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների չափը, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքի չափը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ չվճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների բռնագանձման գործերի առանձնահատկություններով պայմանավորված` այդպիսի գործերով ապացույցների հիմնական մասը գրավոր ապացույցներն են, ինչպիսիք են` աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունելու մասին հրամանը, աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքը, քաղվածքներ աշխատավարձի վճարացուցակներից, քաղվածքներ աշխատավարձը սպասարկող բանկային հաշվից, տեղեկանք հաշվարկված, սակայն չվճարված աշխատավարձի չափի վերաբերյալ և այլն:
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի գործադիր տնօրենի 14.04.2016 թվականի թիվ 88 հրամանով Հրաչյա Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից` 7 օր աշխատանքից անհարգելի բացակայության պատճառով: Թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2016 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Բանկի 14.04.2016 թվականի թիվ 88 հրամանը` Հրաչյա Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ և պարտավորեցվել է Բանկին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Հրաչյա Հովհաննիսյանին վճարել հատուցում` միջին աշխատավարձի ոչ պակաս, քան կրկնապատիկի, բայց ոչ ավելի, քան տասներկուապատիկի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2017 թվականի որոշմամբ հատուցումներին և փաստաբանի վարձատրությանը վերաբերող մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, այդ մասով վճռի եզրափակիչ մասը շարադրելով հետևյալ կերպ` «Բանկից հօգուտ Հրաչյա Հովհաննիսյանի բռնագանձել` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` միջին աշխատավարձի չափ, մինչև սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելը. աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափ. փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը` 150.000 դրամի չափ»: Դատական ակտն ուժի մեջ է մտել 02.08.2017 թվականին:
ՀՀ ՊՆ Նոր-Նորք զինվորական կոմիսարի 03.05.2016 թվականի թիվ 3/68, ՀՀ ՊՆ 16396 զորամասի շտաբի պետի 13.07.2016 թվականի թիվ 204 և ՀՀ ՊՆ Նոր-Նորք զինվորական կոմիսարի 22.07.2016 թվականի թիվ 3/123 տեղեկանքների համաձայն` Հրաչյա Հովհաննիսյանը 04.04.2016 թվականից մինչև 28.04.2016 թվականը մարտական ծառայություն է իրականացրել Արցախի հարավ-արևմտյան շրջանում` կատարելով մարտական խնդիրներ:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 09.10.2020 թվականի ՀՕ 460-Ն ՀՀ օրենքի եզրափակիչ մասի և անցումային դրույթներ սահմանող 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերից (անհատական իրավական ակտերից) ծագած հարաբերությունների վրա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ և 10-րդ հոդվածների գործողությունը տարածվում է մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած և նույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շարունակվող աշխատանքային հարաբերությունների վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կողմերի իրավահարաբերությունները ծագել են մինչև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 09.10.2020 թվականի օրենքի ուժի մեջ մտնելը, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի է մինչ փոփոխությունը գործող նորմերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը վերաբերում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելուն, իսկ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը վերաբերում է բացառապես զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու դեպքերին, մինչդեռ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հետազոտած ապացույցներով չի հաստատվել հայցվորի կողմից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու կամ վարժական հավաքների կանչվելու փաստը:
Վերոգրյալ իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատավարձն իրենից ենթադրում է աշխատանքային պարտականությունները կատարելու, կայուն աշխատանքային զբաղվածության դիմաց աշխատողին տրամադրվող ամենամսյա, որոշակի չափով, դրամական ձևով հատուցում, գույքային տարր: Այսինքն, այն պարագայում, երբ աշխատողը չի կատարել աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, աշխատանքային պայմանագրի մյուս կողմի` գործատուի մոտ չի կարող առաջանալ չկատարված աշխատանքի դիմաց աշխատավարձ վճարելու պարտավորություն, եթե օրենսդիրը հատուկ չի սահմանել աշխատանք չկատարելու պայմաններում աշխատողին վճարելու գործատուի պարտականությունը:
Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով 10.11.2016 թվականի վճռով հայցվորի աշխատանքի չներկայանալու պատճառները հարգելի համարված լինելու փաստին, ապա նշված հանգամանքը հիմք է հանդիսացել Հրաչյա Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու համար, ինչը սակայն չի կարող հիմք հանդիսանալ նշված ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում աշխատավարձ վճարելու համար: Տվյալ դեպքում, թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով 10.11.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջը Բանկի կողմից կատարվել է` հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի դիմաց հատուցումներ վճարելու մասով, «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից 25.12.2018 թվականին տրված փորձագետի եզրակացությամբ սահմանված 14.04.2016 թվականից մինչև 02.08.2017 թվականի համար Հրաչյա Հովհաննիսյանին վճարման ենթակա 42.452.117 ՀՀ դրամն ամբողջությամբ վճարվել է հայցվորին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հրաչյա Հովհաննիսյանը 2016 թվականի ապրիլի 4-ից մինչև 14-ը ներառյալ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք չի կատարել, հետևաբար գործատուի մոտ չկատարված աշխատանքի դիմաց աշխատավարձ վճարելու պարտավորություն չէր կարող ծագել, ուստիև Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ են:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով հայցվորը վերոնշյալ իրավանորմի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով նաև այն, որ օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ ընդհանուր իրավասության դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Մ. Դրմեյան
Դատավորներ` Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի
կողմից թիվ ԵԴ/5737/02/20 քաղաքացիական գործով 16.01.2023 թվականին
կայացված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ
16.01.2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), 2023 թվականի հունվարի 16-ին գրավոր ընթացակարգով քննելով Հրաչյա Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2022 թվականի որոշման դեմ` ըստ Հրաչյա Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` աշխատանքից անօրինական ազատման հրամանի վերացման հետ կապված պակաս վճարված աշխատավարձի և տուժանքի վճարման պահանջի մասին ու ըստ Բանկի հակընդդեմ հայցի ընդդեմ Հրաչյա Հովհաննիսյանի` անհիմն հարստացման գումարի բռնագանձման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
Այսպես`
Թիվ ԵԴ/5737/02/20 քաղաքացիական գործով հայցվոր Հրաչյա Հովհաննիսյանի բերած վճռաբեկ բողոքի կապակցությամբ Վճռաբեկ դատարան է ստացվել թիվ ԵԴ/5737/02/20 քաղաքացիական գործը և հատուկ համակարգչային ծրագրի միջոցով բաշխվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանիս:
Իմ` որպես զեկուցողի կողմից Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին է ներկայացվել վճռաբեկ բողոքը և կարծիք եմ հայտնել վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին, քանի որ գտել եմ, որ բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 394-րդ հոդվածում նշված հիմքերը, ինչպես նաև` վճռաբեկ բողոքը վերադարձնելու և այն առանց քննության թողնելու հիմքերը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի արդեն քաղաքացիական պալատի դատավորների մեծամասնության կողմից 08.07.2022 թվականին որոշում է կայացվել Հրաչյա Հովհաննիսյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:
Համաձայն չլինելով վերը նշված որոշման հետ` դեմ եմ քվեարկել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին, որի արդյունքում գործը վերաբաշխվել է, և որպես զեկուցող է որոշվել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին կողմ քվեարկած դատավորներից Է. Սեդրակյանը:
Զեկուցող դատավորի կողմից կազմվել է որոշման նախագիծ, որն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների կողմից, որի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալ հատուկ կարծիքը:
Այսպես`
Նախ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ լիովին համաձայն եմ վճռաբեկ բողոքը մերժելու հիմքում դրված բոլոր պատճառաբանությունների հետ, քանի որ ի սկզբանե հենց այդ պատճառաբանություններով եմ դիրքորոշում հայտնել այն մասին, որ դեմ եմ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուն:
Մինչդեռ տվյալ դեպքում հատուկ կարծիքս բացառապես վերաբերում է Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասի այն մասին, որով Վճռաբեկ դատարանը պայմանավորել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
Տվյալ դեպքում որոշման նախագծի բովանդակությունից բխում է, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նշելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության նաև, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Նշված իրավակարգավորումներից բխում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ հիմքով բողոքը կարող է վարույթ ընդունվել բացառապես այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, որը պայմանավորված է Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:
Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով վերը նշված հիմքով, իր որոշման մեջ ինչպես չի բացահայտել նման խնդրի առկայությունը, այնպես ցույց չի տվել այդ նորմերի համապատասխան զարգացման ուղղությունը` ըստ էության, չնշելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության հիմնավորումը:
Դրանից ելնելով` կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել իր կողմից կայացված որոշման մեջ նշած համապատասխան նորմերի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ:
Դատավոր` Գ. Հակոբյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 16 հունվարի 2023 թվական: