ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ԱՎԴ1/0015/04/16
Սնանկության գործ թիվ ԱՎԴ1/0015/04/16 2020 թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Սմբատյան
Մ. Հարթենյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի օգոստոսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ)` Ատոմ Անդրեասյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ատոմ Անդրեասյանին ճանաչել սնանկ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 30.03.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.06.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին ներկայացուցչի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ատոմ Անդրեասյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պատճառով տեղյակ չի եղել դատարանում քննվող սնանկության գործի մասին, և Դատարանի վճիռը չստանալով` զրկվել է օրենքով սահմանված կարգով դատական ակտը բողոքարկելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչը սնանկության գործի նյութերին ծանոթացել է ոչ թե դատարան դիմում ներկայացնելու օրը` 17.04.2019 թվականին, այլ` ավելի ուշ, որպիսի պայմաններում միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու վերականգնելը կարող է պայմանավորվել գործի նյութերին ծանոթանալու մասին գործին մասնակցող անձի ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու փաստով, այն դեպքում, երբ հաստատված չէ գործի նյութերին ծանոթանալու և բողոքարկվող դատական ակտն ստանալու կոնկրետ օրը:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
i
Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով
(տե՛ս, Zavodnik v. Slovenie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:
ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված հարցադրմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը: Այսպես`
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` մինչև 12.12.2019թ. գործող խմբագրությամբ 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ (...) ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը չի կարող իրավական ազդեցություն ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի` իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի` հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն` իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: (...)
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված դրույթների հետ, արձանագրել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Միաժամանակ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկված դատական ակտը կայացվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի շրջանակներում, ենթադրյալ դատական սխալի առկայությունը պետք է գնահատվի տվյալ դատական ակտի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի լույսի ներքո` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.02.2019 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտը կայացվել է մինչև 09.04.2018 թվականը, այն է` 30.03.2017 թվականին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դատական ակտի կայացման, հրապարակման և այն գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ իրավահարաբերությունների նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) դատավարական կանոնները: Միաժամանակ հաշվի առնելով, որ տվյալ դատական ակտը բողոքարկվել է 09.04.2018 թվականից հետո, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննության վարույթի հարուցման և դրա իրականացման նկատմամբ ենթակա են կիրառման 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումները:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն` բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը:
Վճիռը կազմում և ստորագրում է դատական նիստը նախագահողը: Դատարանի վճիռը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում:
Դատարանի վճիռը հրապարակելիս նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:
Հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացթողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
i
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ սահմանադրական դատարանը 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
i
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)` համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:
i
22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը, վկայակոչելով թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը: ... բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը 30.03.2017 թվականի վճռով Ատոմ Անդրեասյանին ճանաչել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 70-72):
Գործում առկա` Դատարանի 31.03.2017 թվականի թիվ ԴԴ24/Ե-2226/17 գրությամբ Դատարանի 30.03.2017 թվականի վճիռն ուղարկվել է Ատոմ Անդրեասյանին, սակայն առաքանին «Տեղափոխված» գրառմամբ վերադարձվել է Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 73, 76):
Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչը 17.04.2019 թվականին ՀՀ սնանկության դատարան ներկայացրել է դիմում` խնդրելով հնարավորություն ընձեռել ծանոթանալու սնանկության գործի նյութերին, իսկ անհրաժեշտության դեպքում ստանալ նաև դրանց պատճենները (սնանկության գործով հավելված գ.թ. 56):
Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչն առձեռն վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է հանձնել 27.05.2019 թվականին` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը` պատճառաբանելով, որ Ատոմ Անդրեասյանը տեղյակ չի եղել բողոքարկվող վճռի մասին, իսկ դրան ծանոթացել է վերջինիս ներկայացուցիչը` գործի նյութերին ծանոթանալու մասին 17.04.2019 թվականին դատարան ներկայացրած դիմումից հետո (սնանկության գործով հավելված գ.թ. 47-52):
Վերաքննիչ դատարանը 25.06.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «պարտապանը ծանուցված չի եղել սույն գործի քննության ժամանակի և վայրի մասին, իսկ բողոքարկված վճիռը պարունակած առաքանին առանց բողոք բերած անձին հանձնվելու վերադարձվել է Դատարանին, ինչն օբյեկտիվորեն զրկել է պարտապանին վճիռը դրա հրապարակման պահից 15-օրյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունից: Այնուհանդերձ, վճռի բողոքարկման 15-օրյա ժամկետի հաշվարկը պարտապանի ներկայացուցչի կողմից գործի նյութերին ծանոթանալու հաջորդ օրվանից սկսվելու պարագայում անգամ վերաքննիչ բողոքը կարող էր բերվել մինչև 13.05.2019 թվականը ներառյալ (ըստ բողոքին կցված` գործի նյութերին ծանոթանալու մասին պարտապանի ներկայացուցչի դիմումի պարունակած տեղեկությունների` այն Դատարանին է ներկայացվել 17.04.2019 թվականին, իսկ միջնորդության հեղինակը չի նշել, թե կոնկրետ երբ է ծանոթացել գործի նյութերին, ուստի պետք է եզրակացնել, որ դա տեղի է ունեցել դիմումը ներկայացնելու օրը` 17.04.2019 թվականին, իսկ բողոք բերելու ժամկետի հոսքն էլ սկսվել է դրա հաջորդ օրը` 18.04.2019 թվականին, և ավարտվել 13.05.2019 թվականին), մինչդեռ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է հանձնել 27.05.2019 թվականին միայն, իսկ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքում առկա միջնորդությունը չի պարունակում այդ ժամկետի 13.05.2019 թվականից մինչև 27.05.2019 թվականն ընկած հատվածի բացթողման որևէ հարգելի պատճառի մասին վկայող դատողություններ»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա է միայն Դատարանի 31.03.2017 թվականի թիվ ԴԴ24/Ե-2226/17 գրությունը` 30.03.2017 թվականի վճիռն Ատոմ Անդրեասյանին ուղարկելու վերաբերյալ, ինչպես նաև Ատոմ Անդրեասյանին հասցեագրված փոստային առաքանին «Տեղափոխված» գրառմամբ Դատարան վերադարձվելու վերաբերյալ ապացույցը: Գործում առկա չէ որևէ ապացույց Դատարանի 30.03.2017 թվականի վճիռն Ատոմ Անդրեասյանի կողմից ստացված լինելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ գործի նյութերին ծանոթանալու կոնկրետ օրը միջնորդություն ներկայացրած անձի կողմից նշված չլինելու պայմաններում «պետք է եզրակացնել, որ դա տեղի է ունեցել դիմումը ներկայացնելու օրը` 17.04.2019թ., իսկ բողոք բերելու ժամկետի հոսքն էլ սկսվել է դրա հաջորդ օրը` 18.04.2019թ., և ավարտվել 13.05.2019թ.)», ապա Վճռաբեկ դատարանն այն գնահատում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործում առկա է միայն Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի կողմից 17.04.2019 թվականին սնանկության դատարան մուտքագրված դիմումը` գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ: Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե երբ է վերջինս ծանոթացել սնանկության գործի նյութերին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ գործով հաստատված չէ, թե կոնկրետ որ օրն է Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչը ծանոթացել գործի նյութերին և ստացել բողոքարկվող վճիռը, ավելին` գործում բացակայում է Դատարանի 30.03.2017 թվականի վճիռն Ատոմ Անդրեասյանի կողմից ստացված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց, ապա Վերաքննիչ դատարանի հետևությունը չէր կարող ձևավորվել միայն ենթադրության հիման վրա:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում պետք է հիմք ընդուներ ու հավաստի համարեր իրեն հայտնի միակ տեղեկությունը, այն է` բողոք ներկայացրած անձի փաստարկն այն մասին, որ Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչը սնանկության գործի նյութերին ծանոթացել է ոչ թե դատարան դիմում ներկայացնելու օրը` 17.04.2019 թվականին, այլ` ավելի ուշ:
Մինչդեռ վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանի վճիռը բողոք բերող անձին չի հանձնվել այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Արդյունքում չի ապահովվել Դատարանի վճռի հետ բողոք բերող անձի ծանոթանալու իրական հնարավորությունը, ինչի հետևանքով խախտվել է նաև վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի վճռի վերանայման բողոք բերող անձի իրավունքը:
Փաստորեն Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել դատական ակտը գործին մասնակցող անձին հասու դարձնելու իր պարտականությունը, ուստի բողոքաբերը չի կարող կրել դրա բացասական հետևանքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure):
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է Ատոմ Անդրեասյանի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ԱՎԴ1/0015/04/16 սնանկության գործով 14.08.2020
թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ
մասերի վերաբերյալ
14.08.2020 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի օգոստոսի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ)` Ատոմ Անդրեասյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
i
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս և Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ատոմ Անդրեասյանին ճանաչել սնանկ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 30.03.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.06.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին ներկայացուցչի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման օրինականության ստուգման հարցում դրել է վճռաբեկ բողոքի հետևյալ հիմքերը.
«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը»:
Որպես բողոք բերած անձի նշված պնդման պատճառաբանություններ` վկայակոչվել են հետևյալ փաստարկները.
«Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ատոմ Անդրեասյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պատճառով տեղյակ չի եղել դատարանում քննվող սնանկության գործի մասին, և Դատարանի վճիռը չստանալով` զրկվել է օրենքով սահմանված կարգով դատական ակտը բողոքարկելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչը սնանկության գործի նյութերին ծանոթացել է ոչ թե դատարան դիմում ներկայացնելու օրը` 17.04.2019 թվականին, այլ` ավելի ուշ, որպիսի պայմաններում միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը»:
Որպես բողոք բերած անձի պահանջ նշվել է, որ վերջինս պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումը.
Վճռաբեկ դատարանը`
i
1) արձանագրելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում,
2) անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու վերականգնելը կարող է պայմանավորվել գործի նյութերին ծանոթանալու մասին գործին մասնակցող անձի ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու փաստով, այն դեպքում, երբ հաստատված չէ գործի նյութերին ծանոթանալու և բողոքարկվող դատական ակտն ստանալու կոնկրետ օրը,
3) արձանագրելով, որ «Սույն գործում առկա է միայն Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի կողմից 17.04.2019 թվականին սնանկության դատարան մուտքագրված դիմումը` գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ: Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե երբ է վերջինս ծանոթացել սնանկության գործի նյութերին»,
4) ինչպես նաև փաստելով, որ «գործում բացակայում է Դատարանի 30.03.2017 թվականի վճիռն Ատոմ Անդրեասյանի կողմից ստացված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց»,
գտել է, որ «Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում պետք է հիմք ընդուներ ու հավաստի համարեր իրեն հայտնի միակ տեղեկությունը, այն է` բողոք ներկայացրած անձի փաստարկն այն մասին, որ Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչը սնանկության գործի նյութերին ծանոթացել է ոչ թե դատարան դիմում ներկայացնելու օրը` 17.04.2019 թվականին, այլ` ավելի ուշ»:
Վերը նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում Դատարանի վճիռը բողոք բերող անձին չի հանձնվել այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Արդյունքում չի ապահովվել Դատարանի վճռի հետ բողոք բերող անձի ծանոթանալու իրական հնարավորությունը, ինչի հետևանքով խախտվել է նաև վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի վճռի վերանայման բողոք բերող անձի իրավունքը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել դատական ակտը գործին մասնակցող անձին հասու դարձնելու իր պարտականությունը, ուստի բողոքաբերը չի կարող կրել դրա բացասական հետևանքը: Հետևաբար Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure):
Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս և Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ` կապված Վերաքննիչ դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերը նշված պատճառաբանությամբ վերացնելու շարժառիթների հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
Այսպես`
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացթողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը, վկայակոչելով թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը: (...) բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) արձանագրել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ (տե՛ս, Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված որոշումներից մեկում արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Նշված օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի, Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումների համատեքստում հարկ ենք համարում արձանագրել, որ թեև վերադաս ատյան բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետների բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման ժամանակ կարևոր և առանցքային նշանակություն ունի ստորադաս դատարանների կողմից` դատական ակտը գործին մասնակցող անձին հասու դարձնելու իրենց պարտականությունը պատշաճ կատարելու հանգամանքը, այնուամենայնիվ, ոչ պակաս կարևոր է նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացրած անձի կողմից իր բողոքարկման իրավունքի իրացումից պատշաճ օգտվելու հանգամանքը: Ակնհայտ է, որ բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի միայն այն դեպքում, երբ պարզվում է, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, իսկ հարգելի կարող են համարվել միայն այն դեպքերը, որոնք որևէ կերպ կապված չեն բողոք բերած անձի գործությունների, այդ թվում նաև` անգործության հետ:
Միաժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է ապացուցել, որ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով, ինչից բխում է, որ, եթե բողոք բերած անձը բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության հիմքում դնում է դատական ակտը ուշ ստանալու հանգամանքը, ապա վերջինս պարտավոր է ապացուցել նաև, որ բողոքարկվող դատական ակտն իրեն ուշ հասու դառնալու հանգամանքը ևս պայմանավորված է իր կամքից անկախ պատճառներով:
Այսպիսով հարկ ենք համարում փաստել, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանները պատշաճ չեն կատարում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասու դարձնելու իրենց պարտականությունը կամ ինչ-ինչ պատճառներով գործին մասնակցող անձը չի ստանում դատարանի եզրափակիչ դատական ակտը, ապա վերջինս նման ակտի առկայության մասին իմանալու պահից պարտավոր է ողջամիտ միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված ժամկետում իր իրավունքներն իրացնելու, այդ թվում` դատական ակտը ստանալու համար և միայն վերջինիս կողմից դրսևորած պատշաճ ջանասիրությունը կարող է հիմք հանդիսանալ հարգելի համարելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 30.03.2017 թվականի վճռով Ատոմ Անդրեասյանին ճանաչել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 70-72):
Գործում առկա` Դատարանի 31.03.2017 թվականի թիվ ԴԴ24/Ե-2226/17 գրությամբ Դատարանի 30.03.2017 թվականի վճիռն ուղարկվել է Ատոմ Անդրեասյանին, սակայն առաքանին «Տեղափոխված» գրառմամբ վերադարձվել է Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 73, 76):
Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչը 17.04.2019 թվականին ՀՀ սնանկության դատարան ներկայացրել է դիմում` խնդրելով հնարավորություն ընձեռել ծանոթանալու սնանկության գործի նյութերին, իսկ անհրաժեշտության դեպքում ստանալ նաև դրանց պատճենները (սնանկության գործով հավելված գ.թ. 56):
Ատոմ Անդրեասյանի ներկայացուցիչն առձեռն վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է հանձնել 27.05.2019 թվականին` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը` պատճառաբանելով, որ Ատոմ Անդրեասյանը տեղյակ չի եղել բողոքարկվող վճռի մասին, իսկ դրան ծանոթացել է վերջինիս ներկայացուցիչը` գործի նյութերին ծանոթանալու մասին 17.04.2019 թվականին դատարան ներկայացրած դիմումից հետո (սնանկության գործով հավելված գ.թ. 47-52):
Վերաքննիչ դատարանը 25.06.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «պարտապանը ծանուցված չի եղել սույն գործի քննության ժամանակի և վայրի մասին, իսկ բողոքարկված վճիռը պարունակած առաքանին առանց բողոք բերած անձին հանձնվելու վերադարձվել է Դատարանին, ինչն օբյեկտիվորեն զրկել է պարտապանին վճիռը դրա հրապարակման պահից 15-օրյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունից: Այնուհանդերձ, վճռի բողոքարկման 15-օրյա ժամկետի հաշվարկը պարտապանի ներկայացուցչի կողմից գործի նյութերին ծանոթանալու հաջորդ օրվանից սկսվելու պարագայում անգամ վերաքննիչ բողոքը կարող էր բերվել մինչև 13.05.2019 թվականը ներառյալ (ըստ բողոքին կցված` գործի նյութերին ծանոթանալու մասին պարտապանի ներկայացուցչի դիմումի պարունակած տեղեկությունների` այն Դատարանին է ներկայացվել 17.04.2019 թվականին, իսկ միջնորդության հեղինակը չի նշել, թե կոնկրետ երբ է ծանոթացել գործի նյութերին, ուստի պետք է եզրակացնել, որ դա տեղի է ունեցել դիմումը ներկայացնելու օրը` 17.04.2019 թվականին, իսկ բողոք բերելու ժամկետի հոսքն էլ սկսվել է դրա հաջորդ օրը` 18.04.2019 թվականին, և ավարտվել 13.05.2019 թվականին), մինչդեռ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է հանձնել 27.05.2019 թվականին միայն, իսկ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքում առկա միջնորդությունը չի պարունակում այդ ժամկետի 13.05.2019 թվականից մինչև 27.05.2019 թվականն ընկած հատվածի բացթողման որևէ հարգելի պատճառի մասին վկայող դատողություններ» (սնանկության գործով հավելված գ.թ. 70-71):
Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունը հանգում է նրան, որ Ատոմ Անդրեասյանը մինչ 17.04.2019 թվականը իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված տեղեկացված չի եղել Դատարանի 30.03.2017 թվականի վճռի առկայության մասին: Մինչդեռ Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի կողմից 17.04.2019 թվականին գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահից բողոք բերած անձն իրավունք է ստացել ցանկացած պահի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու Դատարանի 31.03.2017 թվականի վճիռը և իրացնելու բողոքարկման իրավունքն այդ պահից սկսած օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով սույն հատուկ կարծիքում ներկայացված` սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերի մեկնաբանությունները, հարկ ենք համարում արձանագրել, որ 17.04.2019 թվականին գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո Ատոմ Անդրեասյանը` ի դեմս իր ներկայացուցչի, անմիջապես ձեռնամուխ չի եղել իր իրավունքների պաշտպանությանը, քանի որ վերաքննիչ բողոք ներկայացնելիս վերջինս բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը չի կցել որևէ ապացույց, որով կհաստատվեր վերջինիս կողմից գործի նյութերին ծանոթանալու և Դատարանի 30.03.2017 թվականի վճիռը ստանալու կոնկրետ ամսաթիվը, մինչդեռ ի հակադրություն դրա` 17.04.2019 թվականին դատարան ներկայացված դիմումով հաստատվում է այն փաստը, որ բողոք բերած անձի համար այդ պահից սկսած ծագել էր Դատարանի 30.03.2017 թվականի վճռին ծանոթանալու իրական հնարավորություն, իսկ վերջինիս կողմից այդ հնարավորությունից ավելի ուշ օգտվելու հանգամանքը չի կարող համարվել դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ այն պարագայում, երբ թե գործում, թե միջնորդությանը կից չկան ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ 17.04.2019 թվականին դիմում ներկայացնելուց հետո առկա են եղել խոչընդոտներ Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի կողմից գործի նյութերին ողջամիտ ժամկետում ծանոթանալու համար:
Նման պայմաններում գտնում ենք, որ Դատարանի 30.03.2017 թվականի վճռի օրինակն Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի կողմից ստանալու ամսաթվի վերաբերյալ կոնկրետ ապացույց բողոք բերած անձի կողմից ներկայացված չլինելու պայմաններում որպես բողոքարկման ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է ընդունվի Ատոմ Անդրեասյանի ներկայացուցչի կողմից գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ դիմում ներկայացնելու օրը` 17.04.2019 թվականը, ինչի պարագայում վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել 18.04.2020 թվականից 13.05.2019 թվականը ներառյալ, ուստի վերաքննիչ բողոքը 27.05.2019 թվականին ներկայացված լինելու պայմաններում բողոք բերած անձի միջնորդությունը ենթակա էր մերժման:
Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են և բացակայում է Վերաքննիչ դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու հիմքը, քանի որ սույն գործով առկա չէ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելիս թույլ տրված դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Նման պայմաններում գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Դատավորներ Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Է. Սեդրակյան
Հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2020 թվական: