Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԱՎԴ/0011/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0011/02/15       2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Հունանյան

    Դատավորներ`        Մ. Հարթենյան

                       Ա. Սմբատյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Լ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2015 թվականի որոշման դեմ` ըստ Նախարարության հայցի ընդդեմ Սայեն Ղազարյանի, Գոհար, Ռիմա, Անի Կարապետյանների, Արմինե Սիմոնյանի` բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի Մ. Գրիգորյան փողոցի թիվ 39 տան, տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողամասերի` Սայեն Ղազարյանին պատկանող բաժնեմասերն առանձնացնել և դրանց վրա տարածել բռնագանձում 100.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 07.04.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2015 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.04.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի Մ. Գրիգորյան փողոցի թիվ 39 տան, տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողամասերի` Սայեն Ղազարյանին պատկանող բաժնեմասերն առանձնացնելու հնարավորության հարցը պարզելու համար օրենսդրորեն Դատարանին իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու հնարավորություն է տրվել: Մինչդեռ Դատարանը, փորձաքննություն չնշանակելով, չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, քանի որ Սայեն Ղազարյանին պատկանող բաժնեմասերն առանձնացնելու հնարավորության վերաբերյալ տեղեկությունները որոշիչ են սույն գործի ելքի համար:

Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ Դատարանը, օգտվելով իր հայեցողական լիազորությունից, անհրաժեշտ չի համարել նշանակելու փորձաքննություն: Մինչդեռ մերժելով փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Նախարարության միջնորդությունը` Դատարանը պարտավոր էր բաժինն առանձնացնելու փաստի հաստատումն ապահովող ապացույցը` փորձագետի եզրակացությունը, ապահովել սեփական նախաձեռնությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան (այսուհետ` Մաքսատուն) պետի տեղակալի 17.03.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 217/77 որոշման համաձայն` Սայեն Ղազարյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով` ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար (հատոր 1-ին, գ.թ. 7):

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարող Հ. Գասպարյանի 06.08.2014 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն` անհնարին է եղել պարզել պարտապան Սայեն Ղազարյանի գտնվելու վայրը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն պարզվել է, որ պարտապանի անվամբ ՀՀ Արարատի մարզի Մրգավան գյուղում բաժնային սեփականության իրավունքով գրանցված են բնակելի տուն, տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Միաժամանակ 06.08.2014 թվականի որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 9):

3. Ծառայության 07.08.2014 թվականի գրության համաձայն` Նախարարությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապան Սայեն Ղազարյանին պատկանող բաժնեմասերն առանձնացնելու և դրանց վրա բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գ. թ. 8):

4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 02.10.2014 թվականի թիվ ԿԽ-1/4211 գրության համաձայն` Սայեն Ղազարյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի Մ. Գրիգորյան փողոցի թիվ 39 տան, տնամերձ հողամասի և թիվ 03-061-0152-0013 գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատերերն են նաև քաղաքացիներ Գոհար, Ռիմա, Անի Կարապետյանները և Արմինե Սիմոնյանը` յուրաքանչյուրը համապատասխանաբար 1/15, 4/15, 1/15, 1/15 բաժնեմասի իրավունքով (հատոր 1-ին, գ. թ. 10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանների կողմից սեփական նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորության իրականացման խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակել փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ 0351/02/08-(ՇԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող քաղաքացիադատավարական իրավակարգավորման պայմաններում դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն ինչպես կողմի միջնորդությամբ, այնպես էլ իր նախաձեռնությամբ: Այսինքն` օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել է, որ պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, այդ թվում` դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ` պայմանավորված սահմանադրաիրավական այն հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ, ըստ որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը կարևորում է «հայեցողություն» կատեգորիայի իրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտությունը: «Հայեցողությունը» թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսևորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ նպատակահարմարության և օրինականության ողջամիտ հարաբերակցություն: Այսինքն` պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը:

Վերոգրյալի համատեքստում` Վճռաբեկ դատարանի բնորոշմամբ «դատական հայեցողությունը» կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում օրենսդրությամբ կանխորոշված շրջանակներում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է: «Դատական հայեցողությանը», սակայն, չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ ազատություն: Իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որպեսզի երաշխավորվի կամայականության արգելքը, և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Ըստ այդմ, «դատական հայեցողության» սահմանները նախևառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով:

i

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի նախաձեռնությամբ փորձաքննության նշանակումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը, միաժամանակ երաշխավորելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները, անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով նաև վիճելի իրավահարաբերության բնույթը և կոնկրետ գործի փաստական հանգամանքները (տե՛ս, նաև ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի և մյուսների թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Մաքսատան պետի տեղակալի 17.03.2014 թվականի թիվ 217/77 որոշմամբ` Սայեն Ղազարյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով` ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար: Ծառայության հարկադիր կատարող Հ. Գասպարյանի 06.08.2014 թվականի որոշման համաձայն` Սայեն Ղազարյանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է` պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով և միաժամանակ հայտնվել է, որ վերջինիս անվամբ ՀՀ Արարատի մարզի Մրգավան գյուղում բաժնային սեփականության իրավունքով գրանցված են բնակելի տուն, տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Ծառայության 07.08.2014 թվականի գրության համաձայն` Նախարարությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապան Սայեն Ղազարյանին պատկանող բաժնեմասերն առանձնացնելու և դրանց վրա բռնագանձում տարածելու պահանջով: Կադաստրի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 02.10.2014 թվականի թիվ ԿԽ-1/4211 գրության համաձայն` Սայեն Ղազարյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի Մ. Գրիգորյան փողոցի թիվ 39 տան, տնամերձ և թիվ 03-061-0152-0013 գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատերերն են նաև քաղաքացիներ Գոհար, Ռիմա, Անի Կարապետյանները և Արմինե Սիմոնյանը` յուրաքանչյուրը համապատասխանաբար 1/15, 4/15, 1/15, 1/15 բաժնեմասի իրավունքով:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Նախարարությունը չի ապացուցել պարտապանի բաժինն առանձնացնելու հնարավորության փաստը` կրելով դրա ապացուցման պարտականությունը, իսկ գործում առկա այլ ապացույցները հնարավորություն չեն տալիս հաստատելու նշված փաստը, քանի որ դրա առկայությունը կամ բացակայությունը կարող է ապացուցվել միայն հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակված փորձաքննությամբ: Ինչ վերաբերում է Սայեն Ղազարյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու մասին Նախարարության միջնորդությանը, ապա Դատարանն արձանագրել է, որ այն դատարանում ստացվել է գործը դատաքննություն նշանակելուց հետո` 20.03.2015 թվականին, այսինքն` միջնորդությունը չի ներկայացվել գործը դատաքննության նախապատրաստելու փուլում: Հետևաբար Դատարանը գտել է, որ Նախարարության միջնորդությունը ենթակա էր մերժման, քանի որ նշանակված երկու նախնական դատական նիստերին վերջինս չի ներկայացրել համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, ինչպես նաև չի հիմնավորել մինչև դատաքննությունը սկսվելն իրենից անկախ պատճառներով այդպիսի միջնորդություն չներկայացնելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը 15.07.2015 թվականի որոշմամբ մերժել է Նախարարության վերաքննիչ բողոքը և Դատարանի 07.04.2015 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ սույն գործով Դատարանը, օգտվելով իր հայեցողական լիազորությունից, անհրաժեշտ չի համարել նշանակելու փորձաքննություն, ուստի Դատարանի կողմից փորձաքննություն չնշանակելու հանգամանքը չի կարող դիտվել որպես բավարար հիմք դատական ակտը բեկանելու համար: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի այն եզրահանգումը, որ Սայեն Ղազարյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու մասին Նախարարության միջնորդությունը ենթակա էր մերժման` այն գործը դատաքննության նախապատրաստելու փուլում ներկայացված չլինելու հիմքով:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Սայեն Ղազարյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու մասին Նախարարության միջնորդությունը Դատարանում ստացվել է 20.03.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 76-77), այսինքն` գործը դատաքննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո (հատոր 1-ին, գ.թ. 54), իսկ Նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորել մինչև դատաքննությունը սկսվելն այդ միջնորդությունն իրենից անկախ պատճառներով չներկայացնելու հանգամանքը: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Դատարանն իրավաչափ կերպով է մերժել Սայեն Ղազարյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու մասին Նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը:

Մինչդեռ անդրադառնալով սույն գործով Դատարանի նախաձեռնությամբ համապատասխան փորձաքննություն չնշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու դատարանի հայեցողական լիազորության իրացումը պետք է ուղղված լինի գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք կատարմանը` երաշխավորելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները և հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթն ու կոնկրետ գործի փաստական հանգամանքները:

Հիմք ընդունելով, որ սույն գործով հայցի առարկան ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելը և դրա վրա բռնագանձում տարածելն է, իսկ հայցի իրավական հիմքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորության իրականացման անհրաժեշտությունը պետք է գնահատել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների լույսի ներքո: Այսպես`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ պահանջի իրավունքը ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված այն դեպքի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման համար: Նման իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում: Ընդ որում, այն դեպքում, երբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվում են պարտապանի բաժինը ձեռք բերել, պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

Վկայակոչված իրավանորմերից և դրանց մեկնաբանմանն ուղղված վերլուծություններից հետևում է, որ նմանատիպ փաստական և իրավական հիմքերով վեճերով գործի լուծման համար նախևառաջ էական նշանակություն ունի պարտապանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը, որպիսի փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան մասնագիտական եզրակացությամբ, որի ստացմանն ուղղված դատավարական միջոցներից է գործով փորձաքննության նշանակումը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ դատաքննության փուլում փորձաքննություն նշանակելու մասին կողմի ներկայացրած միջնորդությունը ենթակա էր մերժման, սակայն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը չի իրացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով իրեն վերապահված` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորությունը, ինչի արդյունքում էլ ոչ իրավաչափորեն արձանագրել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի` բաժնեմասերն առանձնացնելու հնարավորության ապացուցված չլինելը` միաժամանակ չապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը: Մինչդեռ տվյալ պարագայում, Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ, նման հայեցողական լիազորության իրականացման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է վիճելի իրավահարաբերության բնույթից և գործի փաստական հանգամանքներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Լ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.12.2015
N ԱՎԴ/0011/02/15
Որոշում