ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1165/02/08
դատարանի որոշում 2012 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1165/02/08
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Պետրոսյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2012 թվականի հոկտեմբերի 19-ին
դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձ Մայրամ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լիզա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Համլետ Նաջարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Մայրամ Սարգսյանի (միացել է հայցապահանջին) ընդդեմ Լիզա Գրիգորյանի, Սոնիկ Աթայանի` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գույքը հետ վերադարձնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել 22.09.2006 թվականին Լիզա Գրիգորյանի և Սոնիկ Աթայանի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, գույքը հետ վերադարձնել և անվավեր ճանաչել Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 5-րդ շենքի թիվ 121 բնակարանի նկատմամբ Սոնիկ Աթայանի սեփականության իրավունքի գրանցումը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2010 թվականի որոշմամբ Մայրամ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.09.2010 թվականի որոշմամբ Սոնիկ Աթայանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 02.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.02.2012 թվականի որոշմամբ Սոնիկ Աթայանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 02.06.2011 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մայրամ Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սոնիկ Աթայանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ, 596-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է, որ կառավարչի կողմից Դատարան չեն ներկայացվել ոչ վիճարկվող պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ առոչինչ համարելու իրավական հիմքերը, ոչ էլ, առավել ևս, այդպիսիք հաստատող ապացույցներ, ուստի վիճարկվող պայմանագիրն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու մասին պահանջը հիմնավորված համարվել ու բավարարվել չէր կարող, մինչդեռ Դատարանը կայացրել է հայցը բավարարելու մասին վճիռ` կիրառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջները` պատճառաբանելով, որ նշվածը գործարքի անվավերության հետ որևէ առնչություն չունի: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը սխալ է, քանի որ ստացվում է, որ Դատարանը չի քննարկել հայցվորների կողմից ներկայացված գործարքների անվավերության իրավական հիմքերը, այլ միայն առաջնային դիտելով սնանկության կառավարչի կողմից իրավական հիմքերի առկայությունը` հայցը բավարարել է զուտ դատավարական իրավունքի առկայության փաստով: Նման եզրահանգումը սխալ է, քանի որ Դատարանի վճռում հստակ ամրագրված են այն եզրահանգումները, որ իրականում Լիզա Գրիգորյանը մտադրություն չի ունեցել նվիրաբերելու իր բնակարանը, այլ ուղղակի ցանկություն է ունեցել խուսափելու բնակարանի նկատմամբ բռնագանձում տարածելու իրավական ընթացակարգից: Դատարանը հանգամանալից անդրադարձել է պատասխանողի և նրա ներկայացուցչի կողմից բերված փաստարկներին, մասնավորապես վկաների ցուցմունքների ոչ իրավաչափ լինելուն` դրանք որակելով որպես ոչ իրավաչափ և անընդունելի:
Անհիմն են Վերաքննիչ դատարանի այն փաստարկները, որ Դատարանը քննարկման առարկա չի դարձրել գործարքի անվավերության իրավական հիմքը և հետևանքները, քանի որ դատական ակտում հանգամանորեն նշված են գործարքի անվավերության հիմքում ընկած փաստացի հանգամանքները, ինչպես նաև Դատարանը քննարկման առարկա է դարձրել պատասխանողի և նրա ներկայացուցչի կողմից որպես ապացույց ներկայացրած վկաների ցուցմունքների ոչ իրավաչափ լինելու և դրանք համապատասխանաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխանելու հարցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.06.2011 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը կատարել է գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ճիշտ գնահատել է փաստական հանգամանքներն ու ապացույցները, որոնք էլ հանգեցրել են սույն գործի ճիշտ լուծման: Այսինքն` պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը չէր կարող հիմնավոր համարվել, քանզի վիճարկման հիմքում դրված է եղել միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջը, որպիսին գործարքի անվավերության հիմքերի հետ որևէ առնչություն չունի:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 14.12.2007 թվականի թիվ 2-3250 օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Լիզա Գրիգորյանից հօգուտ Մայրամ Սարգսյանի բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և այդ գումարի համար տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով` սկսած 01.03.2007 թվականից մինչև պարտավորության դադարման օրը (հատոր 2, գ. թ. 72):
2) Լիզա Գրիգորյանի և Սոնիկ Աթայանի միջև 22.09.2006 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Լիզա Գրիգորյանն իր մայր Սոնիկ Աթայանին նվիրել է, իսկ Սոնիկ Աթայանը որպես նվեր ընդունել է Երևանի Նոր Նորքի 9-րդ մ/շ 5-րդ շենքի թիվ 121 հասցեում գտնվող բնակարանը (հատոր 1, գ. թ. 15):
3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից 03.10.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2217436 վկայականի համաձայն` Երևանի Նոր Նորքի 9-րդ մ/շ 5-րդ շենքի թիվ 121 բնակարանի նկատմամբ գրանցված է Սոնիկ Աթայանի սեփականության իրավունքը նոտարի 22.09.2006 թվականի թիվ 5465 նվիրատվության պայմանագրի հիման վրա (հատոր 1, գ. թ. 37):
4) Երևանի քաղաքացիական դատարանի` 23.07.2008 թվականի թիվ ԵՔԴ/0600/04/08 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` Լիզա Գրիգորյանը ճանաչվել է սնանկ:
Երևանի քաղաքացիական դատարանի 23.07.2008 թվականի որոշման համաձայն` Լիզա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Համլետ Նաջարյանը: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2011 թվականի որոշմամբ Լիզա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վարդգես Բալաբեկյանը (հատոր 1, գ. թ. 7-9, հատոր 1, գ. թ. 10, հատոր 4, գ.թ. 66-67):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0026/02/08):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 14.12.2007 թվականի թիվ 2-3250 օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Լիզա Գրիգորյանից հօգուտ Մայրամ Սարգսյանի բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և այդ գումարի համար տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով` սկսած 01.03.2007 թվականից մինչև պարտավորության դադարման օրը: Լիզա Գրիգորյանի և Սոնիկ Աթայանի միջև 22.09.2006 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Լիզա Գրիգորյանը նվիրել է, իսկ Սոնիկ Աթայանը որպես նվեր ընդունել է Երևանի Նոր Նորքի 9-րդ մ/շ 5-րդ շենքի թիվ 121 հասցեում գտնվող բնակարանը: Երևանի քաղաքացիական դատարանի` 23.07.2008 թվականի թիվ ԵՔԴ/0600/04/08 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` Լիզա Գրիգորյանը ճանաչվել է սնանկ, նույն դատարանի 23.07.2008 թվականի որոշման համաձայն` Լիզա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Համլետ Նաջարյանը, իսկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2011 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վարդգես Բալաբեկյանը:
Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 29-րդ և 54-րդ հոդվածները` հաստատված համարելով, որ կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով:
Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանելիս և հայցը մերժելիս պատճառաբանել է, որ սույն գործի փաստերից ակնհայտ է, որ «Բնակարանի` որպես անշարժ գույքի նվիրատվության վիճարկվող Պայմանագիրը կնքվել է ՀՀ քաղ. օր.-ի 595-րդ և 596-րդ հոդվածներին համապատասխան, իսկ այդ Պայմանագրի վիճարկման իրավական հիմքում դրվել է միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որը, սնանկության գործով կառավարչին պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի կողմից նրան փոխկապակցված անձանց կատարած անհատույց փոխանցումները դատական կարգով հետ ստանալու նպատակով դատարան դիմելու իրավունք վերապահելով հանդերձ, չի սահմանում ո՛չ այդ փոխանցումները հետ ստանալու այլ իրավական եղանակներ, քան դրանց հիմքում ընկած գործարքներն անվավեր ճանաչելը և (կամ) այդ գործարքների անվավերության հետևանքները կիրառելը, ո՛չ էլ այդ գործարքների անվավերության այլ հիմքեր, քան ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվածները», և եկել է այն եզրահանգման, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի վկայակոչմամբ դատարան դիմած կառավարիչը պետք է.
ա) վկայակոչի նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այն հիմքերը, որոնք դատարանին թույլ են տալիս վիճարկվող գործարքը ճանաչել անվավեր կամ գնահատել որպես առոչինչ` կիրառելով դրա անվավերության հետևանքները.
բ) ներկայացնի վիճարկվող գործարքի անվավերության հիմքերի առկայությունը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ տվյալ դեպքում Լիզա Գրիգորյանի սնանկության գործով կառավարչի կողմից Դատարանին չեն ներկայացվել ո՛չ վիճարկվող Պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ առոչինչ համարելու իրավական հիմքերը, ո՛չ էլ, առավել ևս, այդպիսիք հաստատող ապացույցներ, ուստի վիճարկվող Պայմանագիրն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու մասին պահանջը հիմնավորված համարվել ու բավարարվել չէր կարող, մինչդեռ Դատարանը կայացրել է հայցը բավարարելու մասին վճիռ` այն պատճառաբանելով սոսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված պայմանների առկայությամբ, որպիսիք գործարքի անվավերության հետ որևէ առնչություն չունեն:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշմամբ անդրադարձել է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքի հարցին` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով: Այսինքն` նշված նորմը սահմանում է սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն հիմք: Ընդ որում, կատարված փոխանցումները հետ ստանալու հիմքում դրված է այն հանգամանքը, որ դրանք պետք է փոխանցված լինեն պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում և անհատույց: Այդ փոխանցումները կարող են լինել նաև ոչ դրամային, այսինքն` այլ գույքային փոխանցումներ, այդ թվում` ապրանքներ, արժեթղթեր, շարժական և անշարժ գույք: Կառավարիչն այդ իրավունքը դատական կարգով կարող է իրականացնել պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում (տե՛ս Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանի ընդդեմ Գայանե և Ռուբեն Զուլումյանների` 28.12.2006 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Երևանի Մաշտոցի պողոտայի 18-րդ շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանը սնանկ ճանաչված Հարություն Զուլումյանին վերադարձնելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/2304/02/10 գործով Վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):
Փաստորեն, Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, և որի կիրառման դեպքում կառավարչի պահանջը պետք է բավարարվեր, որն իրավացիորեն իրականացրել էր Դատարանը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի վկայակոչմամբ դատարան դիմած կառավարիչը պետք է.
ա) վկայակոչի նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այն հիմքերը, որոնք դատարանին թույլ են տալիս վիճարկվող գործարքը ճանաչել անվավեր կամ գնահատել որպես առոչինչ` կիրառելով դրա անվավերության հետևանքները, բ) ներկայացնի վիճարկվող գործարքի անվավերության հիմքերի առկայությունը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապանի կատարած անհատույց փոխանցումները հետ ստանալու լիազորությունն իրականացնելիս կառավարիչը պարտապանի գույքը վերադարձնելու նպատակով պետք է գործարքն անվավեր ճանաչելու հայցապահանջով դիմի դատարան հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
Վերոնշյալից հետևում է, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը և դադարումը ենթակա է պետական գրանցման: Այսինքն` սեփականատեր ունեցող գույքը իր նախկին սեփականատիրոջը վերադարձնելու համար անհրաժեշտ է անվավեր ճանաչել իրավունքի փոխանցման վերաբերյալ պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, իսկ վերոնշյալը կարող է իրականանալ միայն համապատասխան անվավերության հիմքի առկայության դեպքում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել նաև, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ այն նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով: Վերոնշյալ հոդվածով առանձնացվել են այնպիսի փոխանցումների տեսակներ, որոնք ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին:
Այսինքն` վերոնշյալ օրենքով սահմանվել են փոխանցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների հետ ստանալու իրավունքը, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը վերոնշյալ փոխանցումների անվավերության հիմք չի նախատեսում:
Վերոնշյալից հետևում է, որ առկա է օրենսդրական բաց, քանի որ ստացվում է մի իրավիճակ, երբ օրենքով նախատեսվում է որոշակի փաստերի վրա հասնելու ուժով անշարժ գույքի վերաբերյալ կատարված փոխանցումները հետ ստանալու իրավունքը, սակայն այդ իրավունքի իրականացման մեխանիզմները բացակայում են:
Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անշարժ գույքը հետ ստանալը դրա վերաբերյալ կնքված գործարքի անվավերության հետևանք է, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անշարժ գույքը հետ ստանալու իրավունքը կարող է իրականացվել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու միջոցով:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 09.02.2012 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2011 թվականի վճռին:
2. Սոնիկ Աթայանից հօգուտ Մայրամ Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան