ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-153 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 1948/2007 թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Լ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2007 թվականի մարտի 27-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Գրիգոր Խաչատրյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գրիգոր Խաչատրյանի ընդդեմ Թամո Թամոյանի, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Շիրակի փողոցի 2/3 հասցեում գտնվող 1300 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.09.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ և 64-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ և 64-րդ հոդվածները` առանց հիմնավորելու դրանց կիրառելիության հարցը:
i
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով վեճի առարկա հողամասի անվանումը, տեղանքը, չափերը նշված չլինելու մասին, չի հետազոտել և գնահատման առարկա չի դարձրել Հայաստանի Ազգային Արխիվ Երևանի քաղաքային մասնաճյուղի 15.03.2006 թվականի և 08.12.2006 թվականի տեղեկանքները, որոնց համաձայն` վիճելի հողատարածքը նախկինում պատկանել է Ն. Շենգավիթի Կալինինի անվան կոլտնտեսությանը և վերջինիս ընդհանուր ժողովի նիստի թիվ 3 արձանագրությամբ Ալթուն Թամոյանին հատկացվել է 1300 քմ հողատարածք:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել 1989 թվականից մինչ օրս Գրիգոր Խաչատրյանի կողմից վեճի առարկա հողամասը բարեխիղճ և որպես սեփական գույք տիրապետելու փաստը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի վճիռը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀԽՍՀ Ն. Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 29.04.1980 թվականի թիվ 3 որոշմամբ Ալթուն Թամոյանին հատկացվել է 1300 քմ մակերեսով տնամերձ հողամաս:
2) 1989 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագրով` հաստատված հարևանների ստորագրություններով և վավերացված թաղային կոմիտեի նախագահի կնիքով, վեճի առարկա հողամասը Ալթուն Թամոյանը վաճառել է Գրիգոր Խաչատրյանին:
3) 1989 թվականից մինչ օրս Գրիգոր Խաչատրյանը տիրապետում է վերը նշված հողամասը, ոռոգման ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման առանձին բաժանորդ է, վճարում է բոլոր կոմունալ ծախսերը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:
i
29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
i
ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:
Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ՀԽՍՀ Ն. Շենգավիթ Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 29.04.1980 թիվ 3 որոշմամբ վեճի առարկա տնամերձ հողամասը հատկացվել էր Ալթուն Թամոյանին, որը 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժով դադարել է պետական սեփականության լինելուց, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի առաջին մասը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը, իր նախորդ որոշումներում անդրադառնալով այս հարցին նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
i
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 3-2504 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ ՀԽՍՀ Ն. Շենգավիթ Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 29.04.1980 թվականի թիվ 3 որոշման արձանագրությունում նշված չէ հողամասի անվանումը, տեղանքը, չափերը և այլ տվյալներ պատշաճ կերպով չի հետազոտել գործում եղած բոլոր ապացույցները, մասնավորապես Հայաստանի Ազգային Արխիվ Երևանի քաղաքային մասնաճյուղի 15.03.2006 թվականի և 08.12.2006 թվականի տեղեկանքները, որոնց համաձայն ՀԽՍՀ Ն. Շենգավիթ Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 29.04.1980 թվականի թիվ 3 որոշմամբ Ալթուն Թամոյանին հատկացվել է 1300 քմ տնամերձ հողամաս:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձն, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
i
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` 1989 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագրով` վեճի առարկա հողամասը Ալթուն Թամոյանը վաճառել է Գրիգոր Խաչատրյանին, որը մինչև օրս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գրիգոր Խաչատրյանը վեճի առարկա գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան