i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/2955/05/18
Վարչական գործ թիվ ՎԴ/2955/05/18 2019 թ.
Նախագահող դատավոր` Ա. Բաբայան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Ա. Սարգսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2019 թվականի սեպտեմբերի 30-ին
քննելով ըստ հայցի Ռոման Խոջաբագյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` 06.02.2018 թվականի թիվ 361735 որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ռոման Խոջաբագյանի ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռոման Խոջաբագյանը պահանջել է ամբողջությամբ վերացնել Կոմիտեի 06.02.2018 թվականի թիվ 361735 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2019 թվականի որոշմամբ բողոք բերելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ռոման Խոջաբագյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է, և Դատարանի 09.11.2018 թվականի վճռի դեմ Ռոման Խոջաբագյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոման Խոջաբագյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
i
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 52-րդ հոդվածի 6-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի 09.11.2018 թվականի վճիռը Ռոման Խոջաբագյանը ստացել է 22.11.2018 թվականին և այն ստանալուց անմիջապես հետո` պահպանելով օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, 24.12.2018 թվականին փոստային կապի միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք (22.12.2018 թվականը և 23.12.2018 թվականը ոչ աշխատանքային օրեր են եղել):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
i
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետներն իրավունքի ուժով վերականգնելու առանձին դեպքերի վերաբերյալ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. վերաքննիչ բողոքը կապի կազմակերպության միջոցով բերված լինելու դեպքում ո՞ր պահին է համարվում վերաքննիչ դատարան հանձնված:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային): (...):
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը: (...):
i
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է (...):
i
Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը (...) հանձնվել են փոստին (...) մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված (...):
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (...):
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` (...) սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին: Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
i
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 35-36-րդ կետեր, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, 90-րդ կետ):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Ավելին, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական որոշումը ծանուցելու` իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատարանի որոշման մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ, 132-րդ հոդվածները և 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով: Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ և 132-րդ հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, իսկ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, այսինքն` վերաքննիչ բողոք բերելու համար օրենսդիրը սահմանել է մեկամսյա ժամկետ: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքները, որոնք նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն` վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասի վկայակոչված իրավակարգավորումը, գտնում է, որ մինչև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված վերաքննիչ բողոքը պետք է համարվի վերաքննիչ դատարանին հանձնված այդ ժամկետի պահպանմամբ` անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ դատարանում տվյալ բողոքը փաստացի երբ է ստացվել: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը չի կարող համարվել բաց թողնված` դրանից բխող իրավական հետևանքներով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել բողոք բերած անձին` ներկայացնելու միջնորդություն վերաքննիչ բողոքը բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, որով բողոք բերած անձը հնարավորություն է ստանում սահմանված ժամկետը բաց թողնելուց հետո ներկայացնելու վերաքննիչ բողոք, եթե նման ժամկետը բաց թողնելու հանգամանքները հարգելի են: Ընդ որում, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության ապահովման երաշխիքներով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքը դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում` հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պետք է իրականացնի` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է քաղաքացիական գործով կայացված որոշման շրջանակներում, սակայն նկատի ունենալով, որ դատավարական նմանատիպ կարգավորում նախատեսում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարությունում:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:
i
Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
i
Մեկ այլ` 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:
ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման` բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բաց թողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե՛ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 09.11.2018 թվականին: Ռոման Խոջաբագյանը դատական ակտի հրապարակմանը ներկա չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 136, դատական նիստի արձանագրություն), ուստի նույն օրը գրություն է կազմվել 09.11.2018 թվականի վճիռը Ռոման Խոջաբագյանին ուղարկելու մասին, սակայն գործում առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դատավարության մասնակից Ռոման Խոջաբագյանին գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկելու վերաբերյալ ապացույց: Գործում առկա ստացման-հանձնման փոստային հետադարձ ծանուցագրից (հատոր 1-ին, գ.թ. 152) պարզ է դառնում, որ Դատարանի վճիռը Ռոման Խոջաբագյանը ստացել է 21.11.2018 թվականին:
Ռոման Խոջաբագյանի ներկայացուցիչը, ներկայացնելով վերաքննիչ բողոք Դատարանի վճռի դեմ, ներկայացրել է նաև միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ Դատարանի վճիռը ստացել են 22.11.2018 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 11-12): Վերը նշված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ուղարկվել է փոստային ծառայության միջոցով, որի ծրարի վրա նշված է փոստային ծառայության կողմից 25.12.2018 թվականը (կոդ` RR 262673965AM) (հատոր 2-րդ, գ.թ. 31):
Վերաքննիչ դատարանը, 31.01.2019 թվականի որոշմամբ մերժելով Ռոման Խոջաբագյանի ներկայացուցչի վերոգրյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, նշել է, որ Դատարանի 09.11.2018 թվականի վճիռը Ռոման Խոջաբագյանի կողմից 21.11.2018 թվականին ստացվելու պայմաններում, բողոքը բերելու վերջնաժամկետն էր 22.12.2018 թվականը, իսկ 22.11.2018 թվականին ստացված լինելու պայմաններում` վճռի դեմ բողոքը բերելու վերջնաժամկետն էր 23.12.2018 թվականը, սակայն, հաշվի առնելով, որ 2018 թվականի դեկտեմբերի 22-ը և 2018 թվականի դեկտեմբերի 23-ը եղել են ոչ աշխատանքային օրեր, վճիռը 21.11.2018 թվականին և, անգամ, բողոքաբերի պնդմամբ 22.11.2018 թվականին ստացվելու պայմաններում, վճռի դեմ բողոքը բերելու վերջնաժամկետն էր 24.12.2018 թվականը, մինչդեռ բողոքով ծրարի վրա առկա դրոշմակնիքի համաձայն` Ռոման Խոջաբագյանի կողմից բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան փոստով առաքելու նպատակով համապատասխան փոստային բաժանմունք է հանձնվել 25.12.2018 թվականին (փոստային բաժանմունք հանձնվելու վերաբերյալ այլ ապացույց բողոքին կից բացակայում է), իսկ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետը չպահպանելու և այդ ժամկետը բաց թողնելու վերաբերյալ որևէ հիմնավոր և ծանրակշիռ փաստարկ միջնորդությամբ չի ներկայացվել, ուստի բողոք բերելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն անհիմն է (հատոր 2-րդ, գ.թ. 32-36):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Տվյալ դեպքում Ռոման Խոջաբագյանի ներկայացուցիչը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով Վերաքննիչ դատարան ուղարկելու վերաբերյալ անդորրագրի պատճենը (կոդ` RR 262673965AM), որի համաձայն` Վերաքննիչ դատարան ուղարկելու նպատակով առաքանին Ռոման Խոջաբագյանի ներկայացուցչի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնվել է ոչ թե 25.12.2018 թվականին, այլ` 24.12.2018 թվականին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռոման Խոջաբագյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել այնպիսի ապացույց, որ Վերաքննիչ դատարանը եզրահանգում կատարեր այն մասին, որ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը վերջինս ներկայացրել է այդ վճիռը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, ինչպես նշված է ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության մեջ: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքին կից արդեն ներկայացվել է այնպիսի ապացույց, որից միանշանակորեն հետևում է, որ Ռոման Խոջաբագյանի ներկայացուցիչը Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել հենց 24.12.2018 թվականին, այսինքն` Դատարանի վճիռն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով հիմնավորվում է բողոքարկվող դատական ակտը Ռոման Խոջաբագյանի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը, ինչպես նաև այն, որ բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված մեկամսյա ժամկետում, հետևաբար Ռոման Խոջաբագյանի համար երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակումը վերացնելու նպատակով անհրաժեշտ է իրավունքի ուժով (ex jure) վերացնել Վերաքննիչ դատարանի 31.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան