Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 75-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 75-ՐԴ, 76-ՐԴ ԵՎ 77-Ր ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԱՎԴ1/0006/04/16

Սնանկության գործ թիվ ԱՎԴ1/0006/04/16   2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Գագիկ Հակոբյանի ընդդեմ Արմեն Հակոբյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գագիկ Հակոբյանը պահանջել է Արմեն Հակոբյանին ճանաչել սնանկ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան), քննելով Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի միջնորդությունը, 15.08.2016 թվականին կայացրել է որոշում` «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2016 թվականի որոշմամբ Գագիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.08.2016 թվականի «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է նույն օրենքի 75-րդ և 77-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, մինչև Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառքի վերաբերյալ որոշում կայացնելը, պետք է պարզեր, թե արդյոք վերոնշյալ գույքն աճուրդով վաճառվել է, թե` ոչ, և միայն դրա ընթացքում այդ գույքի չվաճառվելու դեպքում անդրադարձ կատարեր վերջինիս` ուղղակի գործարքով վաճառքի հնարավորությանը: Գույքը հրապարակային սակարկություններով վաճառելիս հնարավոր է նաև գույքի մեկնարկային գնի աճ, ինչը բարենպաստ իրավիճակ կստեղծեր ինչպես Գագիկ Հակոբյանի, այնպես էլ պարտապան Արմեն Հակոբյանի համար:

Ավելին` սույն գործով հաստատված փաստերով հիմնավորվում է, որ 23.09.2016 թվականին Գագիկ Հակոբյանի կողմից Բանկ այցելելիս պարզվել է, որ հենց վերջինս է վարկավորել Երևանի Թավրիզյան թիվ 17 հասցեի բնակիչ Շուշանիկ Ղազարյանին, որպեսզի վերջինս ձեռք բերի Արմեն Հակոբյանի գույքը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ուղղակի գործարքի իրականացման համար առկա են եղել նախապես համաձայնեցված գործողություններ Շուշանիկ Ղազարյանի, Բանկի և Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի միջև:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2016 թվականի որոշումը և կայացնել նոր` Դատարանի 15.08.2016 թվականի որոշումը բեկանելու մասին դատական ակտ»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ օրենսդիրը հստակ նախատեսել է, որ պարտապանի գույքի վաճառքը տեղի է ունենում կա՛մ հրապարակային սակարկություններով, կա՛մ ուղղակի գործարքով, հետևաբար առկա չէ որևէ պարտադիր պայման գույքի վաճառքի մեկ եղանակից մյուսին անցնելու համար: Սույն գործի պարագայում հարկ է նշել նաև, որ ուղղակի վաճառքի միջոցով օտարված Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/2 շենքի 230-րդ բնակարանը վաճառքի է հանվել գույքի վաճառքի ծրագրով և վաճառքի ծրագրում սահմանվել է, որ նշված գույքը ներկայացվել է ուղղակի գործարքով օտարման:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ Շուշանիկ Ղազարյանը սնանկության գործով կառավարչի կամ Բանկի հետ փոխկապակցված անձ է, ապա դատարանները գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում հերքել են նման փաստարկի հիմնավորվածությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Շուշանիկ Ղազարյանի կողմից 06.07.2016 թվականին ներկայացված դիմումի համաձայն` վերջինս Դատարանին խնդրել է 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ուղղակի գործարքի միջոցով իրեն վաճառել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը (հավելված, գ.թ. 27).

2. 13.07.2016 թվականի պարտատերերի երկրորդ ժողովի արձանագրության համաձայն` պարտատերերի ժողովը հավանություն է տվել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին օտարելու հարցին: Գագիկ Հակոբյանի ներկայացուցիչ Վ. Փաշայանը դեմ է քվեարկել նշված հարցին (հավելված, գ.թ. 22-26).

3. Սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը 18.07.2016 թվականին Դատարան է ներկայացրել Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդություն (հավելված, գ.թ. 20-21).

4. «ՖԻՆԼՈՈՒ» ՍՊԸ-ի կողմից 23.06.2016 թվականին կատարված թիվ Հ-06-0060 գնահատման հաշվետվության համաձայն` Գագիկ Հակոբյանին և Սուսաննա Բազիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանի շուկայական արժեքը գնահատվել է 50.500.000 ՀՀ դրամ (հավելված, գ.թ. 36-37).

5. 03.08.2016 թվականի պարտատերերի երրորդ ժողովի արձանագրության և ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն` «Սնանկության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է գույքի վաճառք` նույն օրենքի 76-րդ հոդվածի համաձայն` հրապարակային սակարկություններով, և նույն օրենքի 77-րդ հոդվածի համաձայն` ուղղակի գործարքով: Ծրագրով նախնական փուլում նախատեսվում է գույքի վաճառք` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի համաձայն, եթե աճուրդների կազմակերպման ժամանակահատվածում գույքը չի հաջողվում օտարել և ստացվում է համապատասխան բարձր գնային առաջարկություն, ապա գույքի օտարումը կիրականացվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի համաձայն` պահպանելով տվյալ հոդվածի ընթացակարգը: Ծրագրի համաձայն` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը ներկայացվել է ուղղակի գործարքով օտարման (հավելված հատոր 1-ին, գ.թ. 21, 23-24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ, 76-րդ և 77-րդ հոդվածների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրով այլ կարգ նախատեսված լինելը կարող է խոչընդոտ հանդիսանալ կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու համար,

- արդյո՞ք սնանկության վարույթում պարտապանի պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկան իրացնելիս պետք է հիմք ընդունվեն նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գրավի առարկայի իրացման վերաբերյալ սահմանված կանոնները,

- արդյո՞ք գրավի պայմանագրի կողմ չհանդիսացող գրանցված պարտատերերը կարող են որոշել գրավի առարկայի իրացման ձևը.

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով: Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ` պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի: Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան և պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը: Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին նույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը: Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել նույն օրենքով սահմանված պահանջները:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինս ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կառավարչի կամ որևէ պարտատիրոջ նկատմամբ փոխկապակցված անձին գույքի ուղղակի գործարքով վաճառքն արգելվում է:

Վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ և 77-րդ հոդվածները նախատեսում են պարտապանին պատկանող գույքի իրացման ընթացակարգերը: Այսպես` պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով սնանկության գործով կառավարչին է վերապահված ձեռնարկել պարտապանի գույքի վաճառքը` հրապարակային սակարկությունների կամ ուղղակի գործարքի միջոցով: Ընդ որում, պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով վաճառքի համար սնանկության գործով կառավարիչը պետք է գույքագրման արդյունքներով կազմված գույքի վաճառքի ծրագիրը ներկայացնի պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի հաստատմանը, որից հետո էլ ստանա դատարանի թույլտվությունը գույքի վաճառքի վերաբերյալ: Ավելին, հաշվի առնելով, որ պարտատերերի ժողովի (կամ խորհրդի) կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագիրն այն հիմքն է, որի հիման վրա իրականացվում է գույքի վաճառքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի գույքի վաճառքը պետք է տեղի ունենա բացառապես հաստատված ծրագրին համապատասխան:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստանալով կառավարչի միջնորդությունը` գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու և այնուհետև գույքի վաճառքը թույլատրելու մասին, դատարանը պետք է գնահատի գույքի վաճառքի ծրագրի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին, որից հետո գնահատի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոգրյալ նորմերով սահմանված ընթացակարգային նորմերի պահպանվածությունը:

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերոգրյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալ այն դեպքերին, երբ վաճառքի է դրվում պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկան: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում սնանկության վարույթում գրավի առարկայի իրացման գործընթացը դիտարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համատեքստում:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

i

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու ընթացակարգը: Մասնավորապես նախատեսվում է, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) (...) հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն նույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նույն օրենսգրքի 249 հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով: Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ (...) կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների` իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն` գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին: Այսինքն` օրենսդիրը, պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում հնարավորություն ընձեռելով ապահովված պարտատիրոջը ստանալու իր պահանջների բավարարումը գրավադրված գույքի հաշվին` շրջանցելով սնանկության գործով վարույթը, միաժամանակ սահմանել է այն պարտադիր պայմանը, որի պահպանման դեպքում միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը կարող է գործել: Նշված պայմանի չպահպանման դեպքում` գրավադրված գույքը ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը դրանից բավարարում կարող է ստանալ բացառապես սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերը նշված կարգավորումները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքերում, երբ սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների ապահովման համար գրավադրվել է երրորդ անձին պատկանող գույք: Նման եզրահանգումը բխում է ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի, նույն օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերի իրավակարգավորումից, այնպես էլ գրավի ինստիտուտի էությունից: Հետևաբար այն դեպքում, երբ ի ապահովումն սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման` գրավադրված է երրորդ անձին պատկանող գույք և պարտատերը դատարանին չի ծանուցել մորատորիում չտարածելու մասին, վերջինս չի կարող գրավադրված գույքից բավարարում ստանալ ընդհանուր կարգով` շրջանցելով սնանկության վարույթը: Նմանատիպ փաստական հանգամանքների դեպքում ապահովված պարտատերը կարող է բավարարում ստանալ միայն սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով նախկին արտահայտած իրավական դիրքորոշումները և զարգացնելով դրանք` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու արտադատական կամ դատական կարգ: Ընդ որում, արտադատական կարգի կիրառման դեպքում գրավի առարկան իրացվում է ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների, իսկ դատական կարգով բռնագանձման դեպքում` հրապարակային սակարկությունների միջոցով: Երկու դեպքում էլ գրավատուի և գրավառուի համաձայնությամբ կարող է սահմանվել այլ կարգ:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի և 47-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների համաձայն` պարտապանին կամ երրորդ անձին պատկանող գրավի առարկան ներառվում է պարտապանի գույքի կազմում, բացառությամբ նույն օրենքով սահմանված այն դեպքի, երբ պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին, իսկ դատարանը թույլատրել է արտադատական կարգով դրա իրացումը: Այդուհանդերձ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որևէ առանձնահատկություն չի նախատեսում գրավի առարկայի իրացման եղանակների վերաբերյալ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունն ապահովված է գրավով, ապա միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքը գործել չի կարող, քանի որ գրավի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված են այլ առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնվեն սնանկության վարույթի ընթացքում: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ եթե պարտապանի պարտավորությունն ապահովված է գրավով, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները ստորադասում են գրավատուի շահերը, որպիսի պայմաններում կիրառման ենթակա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնները` բացառելու համար գույքի սեփականատեր գրավատուի իրավունքների ոտնահարումը:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները գրավով ապահովված պարտավորության նկատմամբ կիրառելիս և գրավի առարկա գույքի վաճառք իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև գրավատուի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված երաշխիքները` մասնավորապես գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգավորումները:

Սույն գործի փաստերի համաձայն` պարտատերերի ժողովի կողմից հաստատվել է երրորդ անձին պատկանող գույքի վաճառքի ծրագիրը, ըստ որի` նախնական փուլում նախատեսվում է գույքի վաճառք` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի համաձայն, եթե աճուրդների կազմակերպման ժամանակահատվածում գույքը չի հաջողվում օտարել և ստացվում է համապատասխան բարձր գնային առաջարկություն, ապա գույքի օտարումը կիրականացվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի համաձայն` պահպանելով տվյալ հոդվածի ընթացակարգը: Ծրագրի համաձայն` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը ներկայացվել է ուղղակի գործարքով օտարման: Նշված ծրագիրն Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը ներկայացրել է Դատարան` միջնորդելով թույլատրել գույքը վաճառել ուղղակի գործարքով Շուշանիկ Ղազարյանին:

Դատարանը բավարարել է միջնորդությունը` արձանագրելով, որ պահպանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջները, և առկա է ժողովի որոշում ուղղակի գործարքին հավանություն տալու մասին:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ գույքի վաճառքի ծրագրին համապատասխան` եթե աճուրդների կազմակերպման ժամանակահատվածում գույքը չի հաջողվում օտարել, և ստացվում է համապատասխան բարձր գնային առաջարկություն, ապա գույքի օտարումը պետք է իրականացվի ուղղակի գործարքով, իսկ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը ներկայացվել է ուղղակի գործարքով օտարման: Ընդ որում, պարտատերերի ժողովը տվել է իր համաձայնությունը գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ օրենսդիրը դատարանի իրավասությունը նման միջնորդությունը մերժելու մասով սահմանափակել է բացառապես խորհրդի կողմից կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին որոշմամբ, որպիսի կարգավորումը բխում է սնանկության առանձնահատկություններից, քանի որ իրենց պահանջների բավարարման համար առկա գույքի ճակատագիրը որոշելու իրավասությունը վերապահված է բացառապես պարտատերերին: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել, որ Դատարանը թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններս նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ սնանկության վարույթում վաճառքի է դրվել երրորդ անձանց` գրավատուներ Գագիկ Հակոբյանին և Սուսաննա Բազիկյանին պատկանող գույքը, որպիսի պայմաններում կիրառման էր ենթակա ոչ միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքը, այլ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, քանի որ վերջինիս կարգավորումների կիրառման պայմաններում է հնարավոր լիարժեք ապահովել գրավատուների շահերի պաշտպանությունը նաև սնանկության վարույթում:

Ավելին, գույքի վաճառքի ծրագրի համաձայն` նախնական փուլում նախատեսվել է գույքը վաճառել հրապարակային սակարկություններով, և եթե այդ ընթացքում չհաջողվի օտարել և ստացվի բարձր գնային առաջարկություն, ապա գույքի օտարումը պետք է իրականացվի ուղղակի գործարքով: Այսինքն` պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրով նախատեսված չի եղել պարտապանի գույքի ուղղակի վաճառք` բացառելով հրապարակային սակարկությունները, հետևաբար պարտապանի գույքի վաճառքը պետք է տեղի ունենա հրապարակային սակարկություններով: Ընդ որում, կարևոր է նաև այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ գույքի վաճառքի ծրագրին համապատասխան տեղի են ունեցել պարտապանի գույքի հրապարակային սակարկություններ, որպիսի հանգամանքը ևս բացառում է պարտապան Արմեն Հակոբյանի գույքի ուղղակի վաճառքի իրականացումը:

i

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ, ըստ որի` «օրենսդիրը դատարանի իրավասությունը նման միջնորդությունը մերժելու մասով սահմանափակել է բացառապես հավանություն չտալու մասին որոշմամբ», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը կառավարչի միջնորդությունը գնահատելիս պետք է գնահատի ոչ միայն պարտատերերի ժողովում «կողմ» կամ «դեմ» քվեարկելու հանգամանքը, այլ նաև միջնորդության համապատասխանությունը գործող օրենսդրությանը և սնանկության վարույթում ընդունված իրավական ակտերին: Այսինքն` եթե անգամ պարտատերերի ժողովը հավանություն է տվել գույքի վաճառքի ծրագրի, որը, սակայն, հակասում է գործող օրենսդրությանը, ապա դատարանն այն հաստատել չի կարող:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները նշված եզրահանգումների մասով հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս փաստարկին` այն մասին, որ ուղղակի գործարքի իրականացման համար առկա են եղել նախապես համաձայնեցված գործողություններ Շուշանիկ Ղազարյանի, Բանկի և Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի միջև, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքի նշված փաստարկը հիմնավորող ապացույց չի ներկայացվել գործի քննության ընթացքում, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքի նշված փաստարկը` միաժամանակ հիմնավոր համարելով այս մասով վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 15.12.2016 թվականի որոշումը բեկանելու և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/2 շենքի 230-րդ բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2016 թվականի որոշումը և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.06.2019
N ԱՎԴ1/0006/04/16
Որոշում