i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/0533/06/16 |
Գործ թիվ ԵԱՔԴ/0533/06/16 |
|
Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Ավետիսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի |
|
Հ. Ասատրյանի |
|
Լ. Թադևոսյանի |
|
Ա. Պողոսյանի |
|
Ս. Օհանյանի |
|
|
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
մասնակցությամբ |
|
դատախազ |
Պ. Պետրոսյանի |
պաշտպան |
Կ. Մեժլումյանի |
2017 թվականի ապրիլի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի օգոստոսի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի պաշտպաններ Կ.Մեժլումյանի և Ի.Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
1. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի` 2016 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է թիվ 69107116 քրեական գործը:
2016 թվականի հուլիսի 30-ին Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է:
2016 թվականի հուլիսի 31-ին Ա.Ղուկասյանի պաշտպաններ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը բողոք են ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` Ա.Ղուկասյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ, որն Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ մերժվել է:
2. 2016 թվականի օգոստոսի 1-ին Ա.Ղուկասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին:
Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոհիշյալ միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորումը: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
3. 2016 թվականի օգոստոսի 3-ին Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 1-ի` Ա.Ղուկասյանի ձերբակալումն իրավաչափ ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին որոշումների դեմ Ա.Ղուկասյանի պաշտպանները ներկայացրել են վերաքննիչ բողոքներ:
Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ պաշտպանների վերաքննիչ բողոքները թողնվել են առանց բավարարման:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Ղուկասյանի պաշտպաններ Կ.Մեժլումյանը և Ի.Պետրոսյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Ա.Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա մի խումբ անձանց հետ 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները պետությանը որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու նպատակով զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի վրա` զավթելով և պահելով այն: Նույն պահից սկսած հիշյալ և հարակից տարածքներում իրավապահ մարմինները օրենքով սահմանված կարգով կազմակերպել և իրականացրել են հանցագործության բացահայտմանը, կանխմանը, ինչպես նաև պետության շահերի և քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումներ: Նկարագրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ժամանակավորապես սահմանափակել են տրանսպորտային միջոցների և քաղաքացիների երթևեկությունը Երևան քաղաքի Մովսես Խորենացու և հարակից փողոցների որոշ հատվածներում: Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը ստեղծված իրավիճակն ավելի սրելու և Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով 2016թ. հուլիսի 29-ին` ժամը 19.30-ից, Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, կոչերով, հորդորներով դրդել են հավաքվածներին գնալ դեպի Խորենացի փողոց և անմիջականորեն ստանձնել են երթի ղեկավարումը: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոսի փողոց` հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի Թաղ թաղամաս` կոչ անելով հավաքվածներին գնալ ՊՊԾ գնդի ուղղությամբ: Զանգվածային միջոցառման մասնակիցները Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի ղեկավարմամբ, բռնություն գործադրելով` քաշքշելով և հրելով, ճեղքել են Սարի Թաղ թաղամաս տանող ճանապարհը արգելափակած` ոստիկանության ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ և տեղակայվել Սարի Թաղ թաղամասի` ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրունքում: Նույն պահին ՊՊԾ գնդի տարածքից արձակվել են կրակոցներ, ինչն իրական վտանգ է ստեղծել հավաքվածների կյանքի և առողջության համար: Ստեղծված անմիջական վտանգը, ինչպես նաև ՊՊԾ գնդի տարածք տարբեր անձանց մուտքը կանխելու նպատակով հավաքվածներին ընդառաջ են գնացել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, որոնք արգելափակել են մարդկանց առաջխաղացումը: Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ոստիկանության ղեկավար կազմն առաջարկել է հրապարակային միջոցառումը շարունակել կամ Ազատության հրապարակում, կամ Խորենացի փողոցում` նրանց բազմիցս պարզաբանելով այդ տարածքում քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումներ իրականացնելու կապակցությամբ ազատ տեղաշարժն արգելված լինելու անհրաժեշտությունը: Չնայած դրան, Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը, չենթարկվելով տարածքն ազատելու և առաջ շարժվելն արգելված լինելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, զանգվածային անկարգություններ իրականացնելու իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով աստիճանաբար բորբոքել են հավաքված բազմության կրքերը, հանձնարարել են հավաքվածների առաջին շարքերում գտնվող կանանց ու երեխաներին փոխարինել տղամարդկանցով, բռնություն գործադրելու համար կուտակել քարեր, որից հետո հրահրել են բռնություն գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Արդյունքում, Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի կազմակերպմամբ ու ղեկավարմամբ սկսվել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում դրա անմիջական մասնակիցները, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, վտանգելով հասարակական անվտանգությունը` բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքերով, ձեռքերով, տարատեսակ առարկաներով հարվածներ են հասցրել, քարեր և այլ առարկաներ են նետել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վնասվել ու ոչնչացվել է վերջիններիս գույքը» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-5):
6. Առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին որոշման համաձայն. «(...) Դեպքի կոնկրետ հանգամանքները, մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանականությունը, որ Ա.Ղուկասյանն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Մեղադրյալի հավանական վարքագծի վերաբերյալ հետևությունը բխում է այն հանգամանքից, որ քրեական գործի քննությունը դեռևս նախնական փուլում է, չեն պարզվել դեպքի բոլոր հանգամանքները, չեն հարցաքննվել դեպքի հետ առնչություն ունեցող անձինք, և մեղադրյալն ազատության մեջ մնալով կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա:
Անդրադառնալով Անդրիաս Մարատի Ղուկասյանի պաշտպանի (...) միջնորդությանը` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ (...) մեղադրյալի կողմից գրավի մուծումը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ վերջինիս իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 84-88):
7. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն` «(...) Նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, ստուգելով գործի փաստական հանգամանքները, քննիչի կողմից ներկայացրած միջնորդության հիմնավորվածությունը, իրավացիորեն գտել է, որ նախաքննական մարմնի միջնորդությունը ենթակա է բավարարման` ի նկատի ունենալով, որ մեղադրյալ Ա.Ղուկասյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին, ինչպես նաև դեպքի կոնկրետ հանգամանքները, մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանականությունը, որ նա, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Մեղադրյալի հավանական վարքագծի վերաբերյալ հետևությունը բխում է այն հանգամանքից, որ քրեական գործի քննությունը նախնական փուլում է, չեն պարզվել դեպքի բոլոր հանգամանքները, չեն հարցաքննվել դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք և մեղադրյալն ազատության մեջ մնալով, կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա:
(...)
Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով պաշտպանի միջնորդությունը` մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին, մերժել է այն, քանի որ մեղադրյալի կողմից գրավի մուծումը սույն գործով չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ վերջինիս իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում: Դրա մասին է վկայում նաև վերաքննիչ դատաքննության ընթացքում իր պայքարը շարունակելու մասին մեղադրյալի հայտնած դիրքորոշումը» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 45-62):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Վճռաբեկ բողոք բերած անձանց համոզմամբ` Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Ի հիմնավորումն իրենց պնդման` բողոքաբերները վկայակոչել են Վճռաբեկ դատարանի` Ա.Ավետիսյանի, Ա.Հովսեփյանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի, Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները և եզրահանգել, որ ո՛չ Առաջին ատյանի և ո՛չ էլ Վերաքննիչ դատարանը Անդրիաս Ղուկասյանին կալանքի վերցնելու, ինչպես նաև գրավի կիրառման միջնորդությունը մերժելու մասին որոշումներում չեն վկայակոչել, չեն նշել գործի նյութերում առկա որևէ փաստ, որևէ փաստական տվյալ, որոնց հիման վրա ողջամտորեն ենթադրել են, որ ազատության մեջ մնալու, այդ թվում գրավի կիրառմամբ ազատության մեջ մնալու դեպքում Անդրիաս Ղուկասյանը անօրինական ազդեցություն կգործի գործով անցնող անձանց վրա և կխոչընդոտի գործի քննությանը:
9. Բացի այդ, բողոքաբերները հիմնազուրկ են համարել Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ գրավի կիրառումը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ վերջինիս իրավաչափ վարքագիծը կանխորոշելու համար` հիմք ընդունելով «վերաքննիչ դատաքննության ընթացքում իր պայքարը շարունակելու մասին մեղադրյալ Ա.Ղուկասյանի հայտնած դիրքորոշումը»:
Բողոքի հեղինակները նշել են նաև, որ մեղադրյալ Ա.Ղուկասյանն ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, նրա խնամքին են գտնվում անչափահաս երեխան, վատառողջ մայրը և հայրը, ունի երկու բարձրագույն կրթություն, հասարակական-քաղաքական գործիչ է, դրական է բնութագրվում, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից որևէ գնահատման չեն արժանացել:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի օգոստոսի 24-ի որոշումը, մեղադրյալ Ա.Ղուկասյանին կալանքից ազատել կամ նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` մեղադրյալին կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու դեպքերի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավո՞ր են արդյոք մեղադրյալ Ա.Ղուկասյանին կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`
«1. Գրավը (...) կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: (...)
2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:
(...)»:
14. Կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Ավետիսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով առ այն, որ «Անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (...):
(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ:
i
ՈՒստի (...) գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը» (տե՛ս Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 34-րդ և 36-րդ կետերը):
Զարգացնելով գրավի թույլատրելիության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը` Վճռաբեկ դատարանը Դ.Վարդանյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ «Մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը` որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար:
(...)
i
Գրավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով» (տե՛ս Դավիթ Կարենի Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշման 16-րդ կետը):
i
15. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Ավետիսյանի և Դ.Վարդանյանի վերաբերյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով` կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքները թվարկված են ոչ սպառիչ, և որպես այդպիսիք կարող են հաշվի առնվել նաև այլ հանգամանքներ: Այլ խոսքով` քննարկվող նորմով նախատեսված է կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքների բաց թվարկում, իսկ մեկնաբանման ejսsdem geոeris հանրաճանաչ կանոնի համաձայն` բաց թվարկման չորոշակիացված տարրի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է ելնել որոշակիացված տարրերի բովանդակությունից. անորոշ տարրը պետք է կրի այն ընդհանուր հատկանիշները, որոնք բնորոշ են որոշակիացված տարրերին: Վերոգրյալի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքների բնույթի և բովանդակության հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելիս դատարանը կարող է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, որոնք.
ա) վերաբերում են քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելուն և բարձրացնում ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը,
բ) չեն հանգեցնում անձի այլ հիմնական իրավունքների խախտման (վերջինիս հրամայականը բխում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներից, այն է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»):
16. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրա կազմակերպմամբ ու ղեկավարմամբ սկսվել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում դրա անմիջական մասնակիցները, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, վտանգելով հասարակական անվտանգությունը` բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքերով, ձեռքերով, տարատեսակ առարկաներով հարվածներ են հասցրել, քարեր և այլ առարկաներ են նետել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասվել ու ոչնչացվել է վերջիններիս գույքը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին իր որոշմամբ փաստել է, որ դեպքի կոնկրետ հանգամանքները, մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանականությունը, որ մեղադրյալ Ա.Ղուկասյանն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Անդրադառնալով գրավ կիրառելու վերաբերյալ Ա.Ղուկասյանի պաշտպանի միջնորդությանը, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մեղադրյալի կողմից գրավի մուծումը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ վերջինիս իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ մեղադրյալ Ա.Ղուկասյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին, ինչպես նաև դեպքի կոնկրետ հանգամանքները, վերջինիս վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանականությունը, որ նա, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Միևնույն ժամանակ, անդրադառնալով մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին պաշտպանի փաստարկներին, Վերաքննիչ դատարանը, ի թիվս Առաջին ատյանի դատարանի հիմնավորումների, այն է` «մեղադրյալի կողմից գրավի մուծումը սույն գործով չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ վերջինիս իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում», նշել է, որ «դրա մասին է վկայում նաև վերաքննիչ դատաքննության ընթացքում իր պայքարը շարունակելու մասին մեղադրյալի հայտնած դիրքորոշումը» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
17. Սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ գրավի կիրառման հնարավորությունը քննարկելիս հիմք է ընդունել նաև վերաքննիչ դատաքննության ընթացքում` իր պայքարը շարունակելու մասին մեղադրյալի հայտնած դիրքորոշումը:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքը, ըստ էության կապված է մեղադրյալի քաղաքական հայացքների հետ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հանգամանքը չի վերաբերում քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ Ա.Ղուկասյանի գտնվելն ապահովելուն և որևէ կերպ չի բարձրացնում նրա կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը: Ավելին` անձի քաղաքական հայացքներով պայմանավորված նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն անթույլատրելի ճանաչելու արդյունքում խախտվում է նաև քաղաքական հայացքներով պայմանավորված խտրականությունից զերծ մնալու անձի իրավունքը (ՀՀ Սահմանադրության 29-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածներ): Հետևաբար` Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված հանգամանքը չի կարող հաշվի առնվել մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը մերժելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը «իր պայքարը շարունակելու մասին մեղադրյալի հայտնած դիրքորոշումը» որպես Ա.Ղուկասյանին կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանք դիտարկելու արդյունքում թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 29-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ խտրականությունից զերծ մնալու իրավունքի խախտումն ինքնին չի հանգեցնում բուն իրավունքի (սույն դեպքում ազատության իրավունքի) խախտման: Համանման դիրքորոշում է արտահայտված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքում (տե՛ս, mutatis mutandis, Van der Mussele v. Belgium գործով Եվրոպական դատարանի 1983 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, գանգատ թիվ 8919/80, կետ 43):
17.1. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը, քննարկելով մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու իրավաչափության հարցն արձանագրում է, որ ստորադաս դատարանները հիմք են ընդունել դեպքի կոնկրետ հանգամանքները, մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը և եզրահանգել, որ դրանք բարձրացնում են հավանականությունը, որ Ա.Ղուկասյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Ստորադաս դատարանները նաև նշել են, որ մեղադրյալի հավանական վարքագծի վերաբերյալ հետևությունը բխում է այն հանգամանքից, որ քրեական գործի քննությունը դեռևս նախնական փուլում է, չեն պարզվել դեպքի բոլոր հանգամանքները, չեն հարցաքննվել դեպքի հետ առնչություն ունեցող անձինք, և մեղադրյալն ազատության մեջ մնալով կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Ա.Ղուկասյանին վերագրված ենթադրյալ հանցագործության
- հանրային վտանգավորության բնույթը, մասնավորապես այն, որ մեղադրյալին մեղսագրվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու հանցանք, որն ուղղված է հասարակական անվտանգության դեմ,
- ծանրության աստիճանը` դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է չորսից տասը տարի ժամկետով ազատազրկում,
- ենթադրաբար խմբի կազմում կատարելը,
- կատարման եղանակը, մասնավորապես այն, որ ըստ մեղադրանքի` աստիճանաբար բորբոքել են հավաքված բազմության կրքերը, հանձնարարել են հավաքվածների առաջին շարքերում գտնվող կանանց ու երեխաներին փոխարինել տղամարդկանցով, բռնություն գործադրելու համար կուտակել քարեր, որից հետո հրահրել են բռնություն գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ,
- հանցավոր նպատակը` ենթադրաբար կատարվել է կազմակերպված խմբի կողմից պետությանը որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի վրա` զինված հարձակում գործելու, այն զավթելու և պահելու հետևանքով ստեղծված իրավիճակը սրելու նպատակով,
- հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մասնավորապես ըստ մեղադրանքի` սկսվել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում դրա անմիջական մասնակիցները, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, վտանգելով հասարակական անվտանգությունը` բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքերով, ձեռքերով, տարատեսակ առարկաներով հարվածներ են հասցրել, քարեր և այլ առարկաներ են նետել նրանց ուղղությամբ,
i
- հետևանքները, մասնավորապես ըստ մեղադրանքի` ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վնասվել ու ոչնչացվել է վերջիններիս գույքը (խափանման միջոց ընտրելիս արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի գնահատման մասին մանրամասն տե՛ս Վահագն Հակոբի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշման 13-րդ կետը),
գտնում է, որ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:
Ինչ վերաբերում է մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ գրավի կիրառման թույլատրելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց են ընտրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականության առկայության հիմքով: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Ա.Ղուկասյանին վերագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը բնութագրող և վերը հիշատակված հանգամանքները, այդ թվում այն, որ նրան մեղսագրված արարքի բովանդակությունը, ըստ էության, կազմում է մեծաքանակ անձանց ոչ իրավաչափ գործողությունների կազմակերպում և ղեկավարում, գտնում է, որ գրավի թույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ «գրավի մուծումը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ վերջինիս իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում» իրավաչափ է:
18. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Ղուկասյանին կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր է:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Ա.Ղուկասյանի կալանավորման անհրաժեշտությունը գործում առկա փաստերով չհիմնավորելու վերաբերյալ բողոքաբերների փաստարկները (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը) հիմնազուրկ են և չեն բխում գործի նյութերից: Ինչ վերաբերում է բողոքաբերների կողմից վկայակոչված` Ա.Ղուկասյանի անձը բնութագրող հանգամանքներին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա փաստական հանգամանքների համատեքստում դրանք չեն կարող վճռորոշ նշանակություն ունենալ մեղադրյալի նկատմամբ կալանք ընտրելու անհրաժեշտության, ինչպես նաև այն գրավով փոխարինելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները ոչ իրավաչափ գնահատելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումը չի ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հետևաբար մեղադրյալ Ա.Ղուկասյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ստորադաս դատարանների որոշումները թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի ձերբակալման իրավաչափության, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու և այն գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 1-ի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքներն առանց բավարարման թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի օգոստոսի 24-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
|
Հ. Ասատրյան |
|
Լ. Թադևոսյան |
|
Ա. Պողոսյան |
|
Ս. Օհանյան |