Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.33-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
3-1451 (ՎԴ) 07-389      2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   3-1451 (ՎԴ) 07-389

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբիկ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել, Արթուր, Արման, Անահիտ, Ջուլիետա Սիմոնյանների, Ջուլիետա Հակոբջանյանի, Լարիսա Գևորգյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Միխաել Սիմոնյանի ընդդեմ Մարուսյա Աբրահամյանի և Ռուբիկ Սիմոնյանի` սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ իր և ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարուսյա Աբրահամյանը և Ռուբիկ Սիմոնյանը պահանջել են դադարեցնել Միխաել Սիմոնյանի և Ջուլիետա Հակոբջանյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը 233.280 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու միջոցով, ինչպես նաև Միխաել Սիմոնյանին և Ջուլիետա Հակոբջանյանին, Արթուր, Արման, Ջուլիետա Սիմոնյաններին, Լարիսա Գևորգյանին վտարել Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տնից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Միխաել Սիմոնյանը պահանջել է անվավեր ճանաչել Մարուսյա Աբրահամյանին և Ռուբիկ Սիմոնյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը և Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տան (իր ընտանիքի անդամների կողմից զբաղեցված) մի մասի նկատմամբ ճանաչել իր և իր ընտանիքի անդամների (Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր, Արման, Անահիտ Ջուլիետա Սիմոնյանների, Լարիսա Գևորգյանի) սեփականության իրավունքը:

Գործի քննության ընթացքում ավելացնելով հայցապահանջի չափը` Մարուսյա Աբրահամյանը և Ռուբիկ Սիմոնյանը պահանջել են դադարեցնել Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր և Անահիտ Սիմոնյանների բնակելի տարածության օգտագործման իրավունքը 466.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու միջոցով, ինչպես նաև Միխաել Սիմոնյանին, Ջուլիետա Հակոբջանյանին, Արթուր, Արման, Անահիտ Ջուլիետա Սիմոնյաններին, Լարիսա Գևորգյանին վտարել Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տնից:

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 14.09.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել է մասնակիորեն. անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման կողմից 23.12.2003 թվականին Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի անվամբ տրված թիվ 1598531 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը` Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տան մի մասի` վերջինների կողմից փաստացի զբաղեցրած շինության և դրա ուղղությամբ հողամասի նկատմամբ, ձեռքբերման վաղեմությամբ ճանաչվել է Միխաել Սիմոնյանի և նրա ընտանիքի անդամների սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ն. Հովսեփյան, Ա. Թումանյան, Տ. Սահակյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Միխաել, Արթուր, Արման, Անահիտ, Ջուլիետա Սիմոնյանների, Ջուլիետա Հակոբջանյանի, Լարիսա Գևորգյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցվել է Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տան նկատմամբ` նրանց 816.480 ՀՀ դրամ փոխհատուցելու միջոցով: Սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու հակընդդեմ հայցի պահանջի մասով գործի վարույթը կարճվել է: Հայցը` մնացած մասով, և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02.05.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռի դեմ Միխաել, Արթուր, Արման, Անահիտ, Ջուլիետա Սիմոնյանների, Ջուլիետա Հակոբջանյանի, Լարիսա Գևորգյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02.08.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռի դեմ Միխաել Սիմոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշմամբ Միխաել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը բեկանվել է, և օրինական ուժ է տրվել Դատարանի 14.09.2006 թվականի վճռին:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբիկ Սիմոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ռուբիկ Սիմոնյանն անհատական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (այսուհետ` Եվրոպական դատարան) (գանգատ թիվ 18275/08), որի հիման վրա Եվրոպական դատարանը 07.04.2016 թվականին կայացրել է վճիռ, որով ճանաչել է, որ Ռուբիկ Սիմոնյանի նկատմամբ տեղի են ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ` կապված իրավական որոշակիության սկզբունքի և գույքից անարգել օգտվելու իրավունքի հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը` Միխաել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման կողմից 23.12.2003 թվականին տրված թիվ 1598531 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Շենգավիթ համայնքի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տունն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարուսյա Աբրահամյանին և Ռուբեն Սիմոնյանին (հատոր 1-ին, գ.թ. 7-9):

2) Ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի և Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել, Արթուր, Արման, Անահիտ, Ջուլիետա Սիմոնյանների, Ջուլիետա Հակոբջանյանի, Լարիսա Գևորգյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Միխաել Սիմոնյանի ընդդեմ Մարուսյա Աբրահամյանի և Ռուբիկ Սիմոնյանի` սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ իր և ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թիվ 2-2500 գործով Դատարանի 14.09.2006 թվականի վճռով սկզբնական հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման կողմից 23.12.2003 թվականին Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի անվամբ տրված թիվ 1598531 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը` Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տան մի մասի` վերջինների կողմից փաստացի զբաղեցրած շինության և դրա ուղղությամբ հողամասի նկատմամբ, ձեռքբերման վաղեմությամբ ճանաչել Միխաել Սիմոնյանի և նրա ընտանիքի անդամների սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 90-92):

3) Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռով Դատարանի 14.09.2006 թվականի վճռի դեմ Ռուբիկ Սիմոնյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Միխաել, Արթուր, Արման, Անահիտ, Ջուլիետա Սիմոնյանների, Ջուլիետա Հակոբջանյանի, Լարիսա Գևորգյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցվել է Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տան նկատմամբ` նրանց 816.480 ՀՀ դրամ փոխհատուցելու միջոցով: Սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու հակընդդեմ հայցի պահանջի մասով գործի վարույթը կարճվել է: Հայցը` մնացած մասով, և հակընդդեմ հայցը մերժվել են (հատոր 1-ին, գ.թ. 133-134):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02.05.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռի դեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր, Արման, Անահիտ, Ջուլիետա Սիմոնյանների, Լարիսա Գևորգյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 153-154):

5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02.05.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռի դեմ Միխաել Սիմոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ.178):

6) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռի դեմ Միխաել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը բեկանվել է, և օրինական ուժ է տրվել Դատարանի 14.09.2006 թվականի վճռին (հատոր 1-ին գ.թ. 191-195):

7) Ռուբիկ Սիմոնյանի գանգատի (գանգատ թիվ 18275/08) հիման վրա Եվրոպական դատարանը 07.04.2016 թվականին կայացված վճռում նշել է, որ «...Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` իրավական որոշակիության սկզբունքով, inter alia, պահանջվում է, որ այն բոլոր դեպքերում, երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական դատական ակտ, այդ ակտը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի ՄՊ Brumarescu v. Romania GC, թիվ 28342/95, § 61, Եվրոպական դատարանի 1999-VII և Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի Ryabykh v. Russia, թիվ 52854/99, § 52, Եվրոպական դատարանը 2003-IX) (...): Եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում, քանի որ դիմումատուի օգտին կայացված վերջնական վճիռը բեկանվել է իրավական որոշակիության սկզբունքի խախտմամբ, և բեկանման հետևանքով դիմումատուն զրկվել է իր գույքի մի մասից: Որպես կանոն, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի շրջանակներում նախապատվությունը տրվում է restitutio in integrum-ին (մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնում), քանի որ ակնկալվում է, որ պատասխանող Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները` խախտման հետևանքներն այնպես վերացնելու համար, որ հնարավորության սահմաններում վերականգնվի նախքան խախտումը եղած իրավիճակը (...): Այն դեպքում, երբ բեկանվում է գույքի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ վերջնական վճիռը, խնդրո առարկա գույքը դիմումատուին վերադարձնելը հնարավորինս կհանգեցնի այն իրավիճակին, որում դիմումատուն հայտնված կլիներ, եթե չլիներ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Սակայն որպես այլընտրանք հնարավոր է նաև վճարել տվյալ պահի դրությամբ գույքի արժեքը` որպես նյութական վնասի հատուցում (...):

Եվրոպական դատարանը գտել է, որ սույն գործում տվյալ գույքը վերադարձնելը կարող է անդրադառնալ երրորդ անձանց հակընդդեմ շահերի վրա: Ավելին` դիմումատուն չի պահանջել նմանաբնույթ ռեստիտուցիա, այլ փոխարենը պահանջել է վճարել գույքի շուկայական արժեքը, ինչին կառավարությունը չի առարկել: ՈՒստի Եվրոպական դատարանը հնարավոր է համարել սույն գործով դիմումատուին հատուցում հատկացնելը պատճառված նյութական վնասի դիմաց (...): Հետևաբար Եվրոպական դատարանը որոշել է դիմումատուին շնորհել 15.255 եվրո` որպես նյութական վնասի հատուցում»: Եվրոպական դատարանի նշված վճիռը վերջնական է դարձել 07.07.2016 թվականին (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախ և առաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատությունները ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով, սակայն Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով:

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, 249-րդ կետ):

Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.

1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,

2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտմանը վերջ տալու պարտավորությունը,

3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցներն ուղղված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա:

Այսպես` Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է վերջ տալ իրավախախտմանը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece (Article 50) գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, 34-րդ կետ, Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, 125-րդ կետ):

Բացի այդ, Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Ocalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, 210-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.

- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,

- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,

- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է

Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից, և որի միջոցով գործնականում վերականգնվում է մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի վերլուծությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.

1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,

2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր հանգամանքի հիմքով գործի վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ» դեպքերում, հատկապես երբ գործի քննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Տվյալ դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացված իր վճիռներից մեկում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում հայտնաբերելուց հետո նշել է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, վարույթի վերաբացումն ու արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան գործի վերաքննության կազմակերպումն է (տե՛ս, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճիռը, 104-րդ կետ):

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում: Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Ավելին` այդ միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով, հատկապես, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, և միայն այն դեպքում, երբ restitutio in integrum-ը հնարավոր չէ կամ չի բխում կոնկրետ գործի հանգամանքներից, թույլատրելի է այլ եղանակով վերացնել տուժողի համար առաջացած բացասական հետևանքները: Այսինքն` restitutio in integrum-ը տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացման թեև նախընտրելի, բայց ոչ միակ տարբերակն է, և երբ դրա իրականացումը հնարավոր չէ կամ չի բխում գործի հանգամանքներից, ապա վերանում է նաև նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու իրավական անհրաժեշտությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, 14.09.2006 թվականի վճռով սկզբնական հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել է մասնակիորեն. անվավեր է ճանաչել 23.12.2003 թվականին Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի անվամբ տրված թիվ 1598531 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը` Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տան մի մասի` վերջինների կողմից փաստացի զբաղեցրած շինության և դրա ուղղությամբ հողամասի նկատմամբ, ձեռքբերման վաղեմությամբ ճանաչել է Միխաել Սիմոնյանի և նրա ընտանիքի անդամների սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռով վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն`

- դադարեցվել է Միխաել, Արթուր, Արման, Անահիտ, Ջուլիետա Սիմոնյանների, Լարիսա Գևորգյանի, Ջուլիետա Հակոբջանյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տան նկատմամբ` նրանց 816.480 ՀՀ դրամ փոխհատուցելու միջոցով,

- սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու հակընդդեմ հայցի պահանջի մասով գործի վարույթը կարճվել է,

- հայցը` մնացած մասով, և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02.05.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռի դեմ Միխաել, Արթուր, Արման, Անահիտ, Ջուլիետա Սիմոնյանների, Ջուլիետա Հակոբջանյանի, Լարիսա Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02.08.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռի դեմ Միխաել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ընդունվել է վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշմամբ Միխաել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը բեկանվել է, և օրինական ուժ է տրվել Դատարանի 14.09.2006 թվականի վճռին:

Ռուբիկ Սիմոնյանի գանգատի (գանգատ թիվ 18275/08) հիման վրա Եվրոպական դատարանը 07.04.2016 թվականին կայացված վճռում նշել է, որ «...Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` իրավական որոշակիության սկզբունքով, inter alia, պահանջվում է, որ այն բոլոր դեպքերում, երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական դատական ակտ, այդ ակտը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի ՄՊ Brumarescu v. Romania GC, թիվ 28342/95, § 61, Եվրոպական դատարանի 1999-VII և Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի Ryabykh v. Russia], թիվ 52854/99, § 52, Եվրոպական դատարանը 2003-IX) (...): Եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում, քանի որ դիմումատուի օգտին կայացված վերջնական վճիռը բեկանվել է իրավական որոշակիության սկզբունքի խախտմամբ, և բեկանման հետևանքով դիմումատուն զրկվել է իր գույքի մի մասից: Որպես կանոն, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի շրջանակներում նախապատվությունը տրվում է restitutio in integrum-ին (մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնում), քանի որ ակնկալվում է, որ պատասխանող Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները` խախտման հետևանքներն այնպես վերացնելու համար, որ հնարավորության սահմաններում վերականգնվի նախքան խախտումը եղած իրավիճակը (...): Այն դեպքում, երբ բեկանվում է գույքի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ վերջնական վճիռը, խնդրո առարկա գույքը դիմումատուին վերադարձնելը հնարավորինս կհանգեցնի այն իրավիճակին, որում դիմումատուն հայտնված կլիներ, եթե չլիներ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Սակայն որպես այլընտրանք հնարավոր է նաև վճարել տվյալ պահի դրությամբ գույքի արժեքը` որպես նյութական վնասի հատուցում (...):

Եվրոպական դատարանը գտել է, որ սույն գործում տվյալ գույքը վերադարձնելը կարող է անդրադառնալ երրորդ անձանց հակընդդեմ շահերի վրա: Ավելին` դիմումատուն չի պահանջել նմանաբնույթ ռեստիտուցիա, այլ փոխարենը պահանջել է վճարել գույքի շուկայական արժեքը, ինչին կառավարությունը չի առարկել: ՈՒստի Եվրոպական դատարանը հնարավոր է համարել սույն գործով դիմումատուին հատուցում հատկացնելը պատճառված նյութական վնասի դիմաց (...): Հետևաբար Եվրոպական դատարանը որոշել է դիմումատուին շնորհել 15.255 եվրո` որպես նյութական վնասի հատուցում»: Եվրոպական դատարանի նշված վճիռը վերջնական է դարձել 07.07.2016 թվականին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները հանգում են իրավական որոշակիության սկզբունքի տարր համարվող վերջնական դատական ակտի պարտադիրության (res judicata) սկզբունքի խախտմանը, ինչպես նաև ոչ իրավաչափ կերպով անձի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտելուն: Այսինքն` Ռուբիկ Սիմոնյանն արդար դատաքննության իրավունքի խախտմամբ զրկվել է իր գույքից: Նման պարագայում, որպես ընդհանուր կանոն, խախտված իրավունքը վերականգնելու նախընտրելի միջոցը խնդրո առարկա գույքը վերադարձնելն է, որը հնարավոր է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը վերանայելու և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02.05.2007 թվականի որոշումը (որի արդյունքում օրինական ուժ է ստացել Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը) օրինական ուժի մեջ թողնելու պարագայում, որով էլ կվերականգնվի մինչև խախտումը եղած վիճակը, և գործնականում կիրագործվի restitutio in integrum-ը:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուն չի պահանջել ռեստիտուցիա, այլ փոխարենը պահանջել է վճարել գույքի շուկայական արժեքը, ինչին ՀՀ կառավարությունը չի առարկել, իսկ գույքը վերադարձնելը կարող է անդրադառնալ «երրորդ անձանց հակընդդեմ շահերի վրա», Եվրոպական դատարանը որոշել է դիմումատուին շնորհել 15.255 եվրո` որպես նյութական վնասի հատուցում` խնդրո առարկա գույքը դիմումատուին վերադարձնելու փոխարեն: Ավելին` Եվրոպական դատարանը սույն գործով 07.04.2016 թվականին կայացրած վճռում հստակ նշել է, որ գույքի շուկայական արժեքը վճարելը համարվում է restitutio in integrum-ի այլընտրանք և կիրառվում է վերջինիս փոխարեն: Հետևաբար նշված երկու միջոցները չեն կարող միաժամանակ կիրառվել խախտված միևնույն իրավունքի վերականգնման համար, քանի որ Եվրոպական դատարանի սույն գործով 07.04.2016 թվականին կայացված վճռով նախատեսված նյութական վնասի հատուցումը որոշվել է խնդրո առարկա գույքը վերադարձնելու փոխարեն: Հետևաբար տվյալ դեպքում հնարավոր չէ օրինական ուժի մեջ թողնել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02.05.2007 թվականի որոշումը:

Վերոգրյալ եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում հետևյալ հանգամանքները.

1) տվյալ դեպքում, գույքի շուկայական արժեքը վճարելը համարվում է գույքը վերադարձնելուն` restitutio in integrum-ին, այլընտրանք, և դրանք չեն կարող կիրառվել միաժամանակ,

2) Ռուբիկ Սիմոնյանը չի պահանջել ռեստիտուցիա,

3) ռեստիտուցիայի փոխարեն վերջինս պահանջել է վճարել գույքի շուկայական արժեքը,

4) ՀՀ կառավարությունը չի առարկել գույքի շուկայական արժեքը վճարելուն,

5) տվյալ դեպքում գույքը վերադարձնելը կարող է անդրադառնալ երրորդ անձանց հակընդդեմ շահերի վրա,

6) այս դիրքորոշումը բխում է սույն գործով Եվրոպական դատարանի 07.04.2016 թվականին կայացված վճռում արտահայտված դիրքորոշումներից և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից:

Հիմնվելով կատարված իրավական և փաստական վերլուծությունների վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի կողմից` տվյալ դեպքում գույքի շուկայական արժեքը վճարելը համարվում է կոնվենցիոն իրավունքների խախտման արդյունքում Ռուբիկ Սիմոնյանի` նյութական վնասի տեսքով կրած բացասական հետևանքները վերացնելու պատշաճ միջոց և փոխարինում է restitutio in integrum-ին, մյուս կողմից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուբիկ Սիմոնյանի համար առաջացած վերոգրյալ բացասական հետևանքները կվերանան միայն այն պարագայում, երբ նա փաստացի կստանա Եվրոպական դատարանի կողմից շնորհված դրամական հատուցումը, քանի որ Կոնվենցիան պետք է մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ դրանով երաշխավորված իրավունքները լինեն ոչ թե տեսական և պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ իրականացվող (տե՛ս, Polyakova and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.03.2017 թվականի վճիռը, 85-րդ կետ): Հետևաբար խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնումը ևս պետք է իրականացվի այնպես, որ գործնականում վերացվեն խախտման հետևանքով տուժողի համար առաջացած բացասական հետևանքները: Վճռաբեկ դատարանի այս եզրահանգումը բխում է նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այն պահանջից, ըստ որի` «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք», իսկ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող լինել վերացական: Այսինքն` տվյալ դեպքում խախտված կոնվենցիոն իրավունքների արդյունքում Ռուբիկ Սիմոնյանի կրած բացասական հետևանքները վերացած լինելու հանգամանքը պարզելու, այն է` Եվրոպական դատարանի շնորհած դրամական հատուցումը Ռուբիկ Սիմոնյանին վճարած լինելու հանգամանքը պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով միայն Ռուբիկ Սիմոնյանն է դիմել Եվրոպական դատարան, այնուհետև նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը վերանայվում է, և սույն գործի նոր քննության ծավալը սահմանափակվում է միայն Ռուբիկ Սիմոնյանի մասով:

Հետևաբար կաշկանդված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Եվրոպական դատարանի 07.04.2016 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման ինստիտուտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով գործնականում ապահովելու կոնվենցիոն իրավունքների խախտման արդյունքում Ռուբիկ Սիմոնյանի համար առաջացած բացասական հետևանքների վերացումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Եվրոպական դատարանի 07.04.2016 թվականի վճռով Ռուբիկ Սիմոնյանին շնորհած դրամական հատուցումը վերջինիս վճարած լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է նոր հանգամանքի հիմքով Ռուբիկ Սիմոնյանի մասով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը, այդ մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով Ռուբիկ Սիմոնյանի մասով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը. բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը` Ռուբիկ Սիմոնյանի մասով, և գործն այդ մասով ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N 3-1451 (ՎԴ) 07-389
Որոշում