i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԼԴ/0916/02/10
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0916/02/10 2016թ.
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ն. Բարսեղյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի
2016 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լուսինե Խլղաթյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լուսինե Խլղաթյանի ընդդեմ Վահան Խլղաթյանի, Արմենակ Պետրոսյանի, «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն), ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լուսինե Խլղաթյանը պահանջել է անվավեր ճանաչել 12.03.2008 թվականին Վահան Խլղաթյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Վահան Խլղաթյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Վահան Խլղաթյանի և Արմենակ Պետրոսյանի միջև 25.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի (հողամասի) առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Արմենակ Պետրոսյանի և Կազմակերպության միջև 20.05.2008 թվականին կնքված անշարժ գույքի (հողամասի) առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Բաղդասարյան) 19.04.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Տ. Նազարյան, Կ. Հակոբյան, Տ. Սահակյան) 14.09.2011 թվականի որոշմամբ Վահան Խլղաթյանի ներկայացուցչի և Կազմակերպության վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.11.2011 թվականի որոշմամբ Լուսինե Խլղաթյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 20.02.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.07.2015 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20.02.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Խլղաթյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը և 1225-րդ հոդվածի 5-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է նախկինում նույն ժառանգական գույքի վերաբերյալ թիվ 2/331 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 25.12.2007 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2008 թվականի որոշումը, որոնք օրինական ուժի մեջ մտած պարտադիր դատական ակտեր են:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ժառանգության բացման օրվանից` 25.01.1999 թվականից, Լուսինե Խլղաթյանը` որպես ժառանգությունը միանձնյա ընդունած ժառանգ, հանդիսացել է վեճի առարկա հողամասի սեփականատերը, Վահան Խլղաթյանին այդ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տրվել է առանց իրավական հիմքի, որի հիման վրա էլ վերջինս գրանցել է իր սեփականության իրավունքը և վիճելի գույքը օտարել է այլ անձի, արդյունքում այդ ճանապարհով վեճի առարկա գույքը դուրս է եկել Լուսինե Խլղաթյանի տիրապետումից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը, հաշվի չի առել, որ «տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ իր կամքից» օրենսդրական ձևակերպումն ամենևին չի ենթադրում փաստացի տիրապետումից դուրս գալու հանգամանքը: Այսպես, վիճելի հողամասի նկատմամբ Լուսինե Խլղաթյանի սեփականության իրավունքը ծագել է օրենքի ուժով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով: Վահան Խլղաթյանը, չարաշահելով իր իրավունքները, Լոռու մարզի առաջին ատյանի 25.12.2007 թվականի թիվ 2/331-2007 վճռի դեմ վերաքննիչ բողոքի քննության փուլում գաղտնի կերպով դիմել է նոտարին և վեճի առարկա հողամասի նկատմամբ ստացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Այնուհետև, շուտափույթ կերպով նույն հողամասը 25.03.2008 թվականին օտարել է Արմենակ Պետրոսյանին, իսկ վերջինս էլ իր հերթին, երբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2008 թվականի որոշումն ստացել էր օրինական ուժ, 20.05.2008 թվականի առուվաճառքի պայմանագրով օտարել է Կազմակերպությանը, այսինքն` այդ ճանապարհով վեճի առարկա գույքը դուրս է եկել Լուսինե Խլղաթյանի տիրապետումից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.07.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.02.2015 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Լուսինե Խլղաթյանն Օֆիկ Հարությունյանի որդու` Արամայիս Խլղաթյանի դուստրն է, իսկ Վահան Խլղաթյանը` Օֆիկ Հարությունյանի որդին: Օֆիկ Հարությունյանը մահացել է 25.01.1999 թվականին, իսկ Արամայիս Խլղաթյանը` վերջինիս մահվանից առաջ (հատոր 1-ին, գ.թ. 13-17, 20-22, 30).
2) ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, քննելով թիվ 2/331 քաղաքացիական գործն ըստ Լուսինե Խլղաթյանի հայցի ընդդեմ Վանաձոր նոտարական տարածքի նախկին նոտար Նելլի Գյուլզատյանի և Վահան Խլղաթյանի` «Ժառանգության ընդունման վերաբերյալ դիմումի (հայտարարության) ներկայացման մասին 1999 թվականի սեղանամատյանի թիվ 2-1363 տողում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու, Լուսինե Խլղաթյանին Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ամբողջ ժառանգությունը միանձնյա ընդունած համարելու և ժառանգական ամբողջ գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին», 25.12.2007 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու` Վահան Խլղաթյանի կողմից Օֆիկ Հարությունյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումի (հայտարարության) ներկայացման մասին 1999 թվականին նոտարական սեղանամատյանի թիվ 2-1363 տողում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու և մնացած մասով հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 20-22).
3) Օֆիկ Հարությունյանի մահվանից հետո ՀՀ Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող վարելահողի նկատմամբ 12.03.2008 թվականին Վահան Խլղաթյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որից բխող իրավունքը 14.03.2008 թվականին գրանցվել է (հատոր 1-ին, գ.թ. 30, 68).
4) 25.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի (հողամասի) առուվաճառքի պայմանագրի համաձայն` Վահան Խլղաթյանը ժառանգական գույքը` ՀՀ Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող 0,3565 հա մակերեսով հողամասը, վաճառել է Արմենակ Պետրոսյանին: Նշված պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է (հատոր 1-ին, գ.թ. 65, 66).
5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2008 թվականի որոշմամբ Լուսինե Խլղաթյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` թիվ 2/331 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 25.12.2007 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը մերժելու մասով, բեկանվել է և փոփոխվել` Լուսինե Խլղաթյանը ճանաչվել է Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ամբողջ ժառանգությունը միանձնյա ընդունած ժառանգ, և ժառանգական ամբողջ գույքի նկատմամբ ճանաչվել է Լուսինե Խլղաթյանի սեփականության իրավունքը: Նշված որոշումը կայացնելիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատված է համարել նաև, որ «Արամայիս Խլղաթյանի ժառանգությունը 2/3 մասով ընդունել է Լուսինե Խլղաթյանը, 1/3 մասով` Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանը: 25.01.1999 թվականին մահացել է Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանը: Նույն թվականի հուլիսի 23-ին Լուսինե Խլղաթյանը նոտարին հայտարարություն է տվել ներկայացման իրավունքով իր տատի` Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ժառանգությունն ընդունելու մասին: Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի առաջին հերթի ժառանգներ Էդվարդ, Աիդա և Ալինա Խլղաթյանները ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարություն չեն տվել, ժառանգական գույքը փաստացի չեն տիրապետել: Ինչ վերաբերում է Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի առաջին հերթի ժառանգ Վահան Խլղաթյանին, ապա պարզվեց, որ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումի` 1999 թվականի նոտարական սեղանամատյանի թիվ 2-1363 տողում տեղադրված ստորագրությունը նրա կողմից չի դրվել` համաձայն դատաձեռագրաբանական փորձաքննությունների եզրակացությունների: Նոտարական գրասենյակ Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել միայն Լուսինե Խլղաթյանի կողմից: Հետևաբար վերջինս համարվում է հանգուցյալի ժառանգությունն ընդունած միակ ժառանգը»: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նաև հաստատված է համարել, որ «հիմնազուրկ է պատասխանող կողմի պնդումն այն մասին, որ նրա կողմից փաստացի տիրապետվել և պահպանվել է ժառանգական գույքը` այդ մասին որևէ ապացույց չներկայացվելու պատճառաբանությամբ: Հակառակը` նրա կողմից ժառանգությունը փաստացի կերպով չընդունելու փաստը հիմնավորվում է քաղաքացիական գործում առկա մի շարք ապացույցներով»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.08.2008 թվականի և 13.11.2008 թվականի որոշումներով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2008 թվականի որոշման դեմ Վահան և Էդվարդ Խլղաթյանների վճռաբեկ բողոքները վերադարձվել են (հատոր 1-ին, գ.թ. 13-17, հատոր 2-րդ, գ.թ. 110, 112).
6) 20.05.2008 թվականին կնքված անշարժ գույքի (հողամասի) առուվաճառքի պայմանագրի համաձայն` Արմենակ Պետրոսյանը ՀՀ Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող 0,3565 հա մակերեսով անշարժ գույքը վաճառել է Կազմակերպությանը: Նշված պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է (հատոր 1-ին, գ.թ. 60-63):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում անդրադառնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությանը և բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու հարցին` միաժամանակ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:
Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:
Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,
- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,
- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:
i
Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելելու, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, քննելով թիվ 2/331 քաղաքացիական գործն ըստ Լուսինե Խլղաթյանի հայցի ընդդեմ Վանաձոր նոտարական տարածքի նախկին նոտար Նելլի Գյուլզատյանի և Վահան Խլղաթյանի` «Ժառանգության ընդունման վերաբերյալ դիմումի (հայտարարության) ներկայացման մասին 1999 թվականի սեղանամատյանի թիվ 2-1363 տողում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու, Լուսինե Խլղաթյանին Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ամբողջ ժառանգությունը միանձնյա ընդունած համարելու և ժառանգական ամբողջ գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին», 25.12.2007 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու` Վահան Խլղաթյանի կողմից Օֆիկ Հարությունյանի ժառանգությունը ընդունելու վերաբերյալ դիմումի (հայտարարության) ներկայացման մասին 1999 թվականին նոտարական սեղանամատյանի թիվ 2-1363 տողում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու և մնացած մասով հայցը մերժելու մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2008 թվականի որոշմամբ Լուսինե Խլղաթյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` թիվ 2/331 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 25.12.2007 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը մերժելու մասով, բեկանվել է և փոփոխվել` Լուսինե Խլղաթյանը ճանաչվել է Օֆելյա Հարությունյանի ամբողջ ժառանգությունը միանձնյա ընդունած ժառանգ, և ժառանգական ամբողջ գույքի նկատմամբ ճանաչվել է Լուսինե Խլղաթյանի սեփականության իրավունքը: Նշված որոշումը կայացնելիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատված է համարել նաև, որ «Արամայիս Խլղաթյանի ժառանգությունը 2/3 մասով ընդունել է Լուսինե Խլղաթյանը, 1/3 մասով` Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանը: 25.01.1999 թվականին մահացել է Օֆելյա Հարությունյանը: Նույն թվականի հուլիսի 23-ին Լուսինե Խլղաթյանը նոտարին հայտարարություն է տվել ներկայացման իրավունքով իր տատի` Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ժառանգությունն ընդունելու մասին: Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի առաջին հերթի ժառանգներ Էդվարդ, Աիդա և Ալինա Խլղաթյանները ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարություն չեն տվել, ժառանգական գույքը փաստացի չեն տիրապետել: Ինչ վերաբերում է Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի առաջին հերթի ժառանգ Վահան Խլղաթյանին, ապա պարզվեց, որ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումի` 1999 թվականի նոտարական սեղանամատյանի թիվ 2-1363 համարի տողում տեղադրված ստորագրությունը նրա կողմից չի դրվել` համաձայն դատաձեռագրաբանական փորձաքննությունների եզրակացությունների: Նոտարական գրասենյակ Օֆելյա Հարությունյանի ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել միայն Լուսինե Խլղաթյանի կողմից: Հետևաբար վերջինս համարվում է հանգուցյալի ժառանգությունն ընդունած միակ ժառանգը»: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նաև հաստատված է համարել, որ «հիմնազուրկ է պատասխանող կողմի պնդումն այն մասին, որ նրա կողմից փաստացի տիրապետվել և պահպանվել է ժառանգական գույքը` այդ մասին որևէ ապացույց չներկայացվելու պատճառաբանությամբ: Հակառակը` նրա կողմից ժառանգությունը փաստացի կերպով չընդունելու փաստը հիմնավորվում է քաղաքացիական գործում առկա մի շարք ապացույցներով»: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.08.2008 թվականի և 13.11.2008 թվականի որոշումներով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2008 թվականի որոշման դեմ Վահան և Էդվարդ Խլղաթյանների վճռաբեկ բողոքները վերադարձվել են:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ ՀՀ Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող 0,3565 հա մակերեսով վարելահողը սեփականության իրավունքով պատկանել է Օֆիկ Հարությունյանին, վերջինիս մահվանից հետո` 12.03.2008 թվականին, «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Ա. Ազարյանի կողմից Վահան Խլղաթյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Օֆիկ Հարությունյանին պատկանած` ՀՀ Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող վարելահողի նկատմամբ, մինչև նշված ժառանգության իրավունքի վկայագիրը տրամադրելը` 25.12.2007 թվականին, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը թիվ 2/331 քաղաքացիական գործով վճիռ է կայացրել Վահան Խլղաթյանի կողմից Օֆիկ Հարությունյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումի (հայտարարության) ներկայացման մասին 1999 թվականի նոտարական սեղանամատյանի թիվ 2-1363 տողում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու մասին, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով նշված վճռի դեմ Լուսինե Խլղաթյանի վերաքննիչ բողոքը, որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 25.12.2007 թվականի վճիռը` հայցը մերժելու մասով, մասնակի բեկանելու և այդ մասով վճիռը փոփոխելու` Լուսինե Խլղաթյանին Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ամբողջ ժառանգությունը միանձնյա ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգական ամբողջ գույքի նկատմամբ Լուսինե Խլղաթյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին, այսինքն` Վահան Խլղաթյանին ժառանգության իրավունքի վկայագիր տալու պահին առկա է եղել դատական ակտ, որով անվավեր է ճանաչվել Վահան Խլղաթյանի կողմից Օֆիկ Հարությունյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում (հայտարարություն) ներկայացնելու մասին 1999 թվականի նոտարական սեղանամատյանի թիվ 2-1363 տողում կատարված գրանցումը, բացի այդ, ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ առկա է եղել վեճ, որի պարագայում ժառանգության իրավունքի վկայագրի հանձնումը պետք է նոտարի կողմից կասեցվեր մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, նշված ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու արդյունքում անվավեր ճանաչման է ենթակա նաև վկայագրի հիման վրա Վահան Խլղաթյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ Դատարանը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Վահան Խլղաթյանը վիճելի գույքն օտարելիս տվյալ պահին դրա նկատմամբ ունեցել է գրանցված սեփականության իրավունք, սակայն գույքի օտարմամբ Լուսինե Խլղաթյանի գույքը նրա տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով, հետևաբար վերջինս` որպես ժառանգությունը միանձնյա ընդունած ժառանգ, իրավունք ունի այն հետ պահանջելու ցանկացած բարեխիղճ տիրապետողից: Լուսինե Խլղաթյանի կողմից ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող` անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, հետևաբար վերջինիս սեփականության իրավունքի գրանցման բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ հայցը մերժելու համար: Բացի այդ, Լուսինե Խլղաթյանը վիճարկվող գործարքների կնքման պահին արդեն իսկ նոտարական տարածք դիմում է ներկայացրած եղել ժառանգությունն ընդունելու համար, ինչը հաստատված է օրինական ուժի մեջ մտած վերը նշված դատական ակտերով, և հանդիսացել է ժառանգությունն ընդունած ժառանգ, հետևաբար նաև` վեճի առարկա գույքի սեփականատեր, իսկ սեփականատեր լինելու փաստի առկայությունը վկայում է այն մասին, որ նա ունեցել է գույքի տիրապետման իրավունք, որը խախտվել է: Արդյունքում Դատարանն արձանագրել է, որ 25.03.2008 թվականին Վահան Խլղաթյանի և Արմենակ Պետրոսյանի միջև «Վանաձոր» նոտարական տարածքում կնքված անշարժ գույքի (հողամասի) առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով նշված գործարքն անվավեր է, հետևաբար անվավեր են նաև տվյալ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը, 20.05.2008 թվականին Արմենակ Գրիգորի Պետրոսյանի և «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» ոչ առևտրային կազմակերպության միջև «Վանաձոր» նոտարական տարածքում կնքված անշարժ գույքի (հողամասի) առուվաճառքի պայմանագիրը և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցումը:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «վիճելի գույքը հանդիսանում է Լուսինե Խլղաթյանի սեփականությունը», «հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի տեսանկյունից բավարարելու համար Դատարանը պետք է պարզեր, թե արդյոք սույն պարագայում Լուսինե Խլղաթյանի մոտ պահպանվել է գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վավերապայմանների միաժամանակյա առկայությունը», «վեճին լուծում տալիս Դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածից բխող պահանջն այն մասին, որ այդ իրավանորմի բովանդակային վերլուծությամբ հարկ է նկատի ունենալ, որ տիրապետությունից դուրս գալու հանգամանքը վերաբերում է ոչ թե տիրապետման իրավունքին, որը սեփականության իրավունքի բաղկացուցիչ մասն է և պահպանվում է վերջինիս մոտ, այլ` փաստացի տիրապետման իրողությանը, երբ գույքը սեփականատիրոջ տնտեսական իշխանությունից դուրս է գալիս իր կամքին հակառակ», «վերոգրյալ հոդվածի կիրառումն ապահովելու համար Դատարանը նախապես պարտավոր էր քննության առարկա դարձնել այն փաստը, թե արդյոք տիրապետման իրավունքի առկայության պայմաններում Լուսինե Խլղաթյանը փաստացի տիրապետել է վիճելի գույքը, այսինքն` անկախ տիրապետման իրավունքի առկայությունից, արդյոք այդ գույքը գտնվել է նրա փաստացի տնտեսական իշխանության ներքո», «այդ ուղղությամբ դատական հետազոտություն բավարար չափով չի կատարվել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լուսինե Խլղաթյանը տևական ժամանակահատված գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, ինչն ինքնին բացառում է այդ ժամանակահատվածում գույքի փաստացի տիրապետման առկայությունը», «բացի այդ, Դատարանը պարտավոր էր քննության առարկա դարձներ նաև այն հանգամանքը, թե վիճելի օտարման գործարքների ժամանակահատվածում, որոնք կատարվել են 2008 թվականին, անշարժ գույքն արդյո՞ք գտնվել է Լուսինե Խլղաթյանի փաստացի տիրապետման տակ, և եթե` ոչ, ապա ին՞չ պայմաններում է այն դուրս եկել նրա փաստացի տիրապետումից և ու՞մ, ին՞չ կարգով է փոխանցվել դրա փաստացի տիրապետումը»:
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանելով, հաշվի չի առել, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 2/331 քաղաքացիական գործով 25.12.2007 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Վահան Խլղաթյանի կողմից Օֆիկ Հարությունյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումի (հայտարարության) ներկայացման մասին 1999 թվականին նոտարական սեղանամատյանի թիվ 2-1363 տողում կատարված գրանցումը, իսկ նույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Լուսինե Խլղաթյանը ճանաչվել է Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ամբողջ ժառանգությունը միանձնյա ընդունած ժառանգ, և ժառանգական ամբողջ գույքի նկատմամբ ճանաչվել է նրա միանձնյա սեփականության իրավունքը: Մասնավորապես, վկայակոչված դատական ակտերով հաստատված են համարվել հետևյալ փաստերը` «25.01.1999 թվականին մահացել է Օֆելյա Հարությունյանը: Նույն թվականի հուլիսի 23-ին Լուսինե Խլղաթյանը նոտարին հայտարարություն է տվել ներկայացման իրավունքով իր տատի` Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ժառանգությունն ընդունելու մասին: Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի առաջին հերթի ժառանգ Վահան Խլղաթյանի կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումի` 1999 թվականի նոտարական սեղանամատյանի թիվ 2-1363 տողում տեղադրված ստորագրությունը նրա կողմից չի դրվել` համաձայն դատաձեռագրաբանական փորձաքննությունների եզրակացությունների: Նոտարական գրասենյակ Օֆելյա Հարությունյանի ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել միայն Լուսինե Խլղաթյանի կողմից: Հետևաբար վերջինս համարվում է հանգուցյալի ժառանգությունն ընդունած միակ ժառանգը»:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, անտեսելով վերը նշված հանգամանքները, և գործը` 12.03.2008 թվականին Վահան Խլղաթյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Վահան Խլղաթյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով ուղարկելով նոր քննության, հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերը նշված քաղաքացիական գործով կայացված, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված հանգամանքները պարտադիր են սույն գործի համար և չեն կարող քողարկված կերպով ևս մեկ անգամ քննության առնվել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածից վերլուծությունից հետևում է, որ տիրապետությունից դուրս գալու հանգամանքը վերաբերում է ոչ թե տիրապետման իրավունքին, որը սեփականության իրավունքի բաղկացուցիչ մասն է, այլ` փաստացի տիրապետման իրողությանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:
Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գույքի տիրապետումը սեփականատիրոջ իրավազորությունների բաղկացուցիչ տարրն է, որի բացակայության պայմաններում անձի սեփականության իրավունքի իրականացումը` դրա ճանաչումը և պաշտպանությունը չի կարող լիարժեք իրականացվել:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է սեփականության իրավունքի բաղկացուցիչ տարր հանդիսացող գույքի տիրապետմանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը չի նախատեսել, թե ինչ եղանակով կարող է իրականացվել գույքի տիրապետումը` յուրաքանչյուր դեպքում այդ փաստի գնահատումը թողնելով իրավակիրառողի վրա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գույքի տիրապետման փաստի մասին կարող է վկայել ինչպես գույքի օգտագործումը, այնպես էլ դրա կառավարմանը մասնակցելը, այդ գույքի մասին հոգ տանելը կամ ցանկացած այլ եղանակ, որը հավաստում է գույքը տիրապետողի տնտեսական իշխանության ներքո գտնվելու փաստը (տե՛ս, Լուսյա Մարյանյանն ընդդեմ Վալերիկ Սողոմոնյանի, Սոֆյա Աճեմյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0333/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է նաև բարեխիղճ ձեռք բերողից իր գույքը հետ պահանջելու սեփականատիրոջ իրավունքին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում`
1. գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից,
2. ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին,
3. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
i
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ` գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ պատճառներով (տե՛ս, Սուսաննա Տարաևան ընդդեմ Կարապետ և Լիանա Դոքմանյանների թիվ ԵԱՆԴ/1402/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը, Ռոբերտ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, Սամվել Սարգսյանի և մյուսների թիվ ԵՇԴ/0230/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի վերաբերյալ տրված հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Լուսինե Խլղաթյանը, Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ժառանգությունն ընդունելու համար` օրենքով սահմանված կարգով դիմելով նոտարական գրասենյակ, հետագայում դատական կարգով վիճարկելով Վահան Խլղաթյանի կողմից Օֆիկ Հարությունյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումի (հայտարարության) հիման վրա սեղանամատյանի թիվ 2-1363 տողում կատարված գրանցումը, այնուհետև մասնակիորեն բողոքարկելով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 25.12.2007 թվականի վճիռը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ճանաչվելով Օֆելյա (Օֆիկ) Հարությունյանի ժառանգությունն ընդունած միակ ժառանգ և վիճելի ժառանգական գույքի նկատմամբ ձեռք բերելով սեփականության իրավունք, ըստ էության, նշված գործողություններով ձեռնամուխ է եղել իր սեփականության իրավունքի պաշտպանությանը, հոգ է տարել այդ գույքի մասին, որպիսի պայմաններում հավաստվում է վիճելի գույքը Լուսինե Խլղաթյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը: Հետևաբար Լուսինե Խլղաթյանը վիճելի գույքի նկատմամբ ժառանգության ընդունման փաստով, օրենքի ուժով արդեն իսկ հանդիսացել է գույքի սեփականատեր, ուստի Վահան Խլղաթյանի կողմից վիճելի գույքի օտարմամբ այդ գույքը Լուսինե Խլղաթյանի տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ո՛չ Վահան Խլղաթյանը, ո՛չ էլ հետագայում Արմենակ Պետրոսյանն իրավասու չեն եղել վաճառելու Լուսինե Խլղաթյանին սեփականության իրավունքով պատկանող վիճելի անշարժ գույքը, հետևաբար նրանց կողմից կնքված առուվաճառքի պայմանագրերը ենթակա էին անվավեր ճանաչման, որպիսի իրավաչափ հետևության և հանգել էր Դատարանը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Լուսինե Խլղաթյանը տևական ժամանակահատված գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, ինչն ինքնին բացառում է այդ ժամանակահատվածում գույքի փաստացի տիրապետման առկայությունը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դիրքորոշումների համատեքստում անհիմն է նաև այդ պատճառաբանությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հայցը բավարարելով, ըստ էության, իրավաչափ և հիմնավոր եզրահանգման է եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, որը և անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «բ» կետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջի գործերով` բազային տուրքի 20-ապատիկի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, բավարարելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Լուսինե Խլղաթյանի ներկայացուցչի միջնորդությունը, 11.11.2015 թվականի որոշմամբ հետաձգել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը:
Նման պայմաններում, նկատի ունենալով, որ սույն գործով ներկայացված է վեց ոչ գույքային պահանջ, և վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Վահան Խլղաթյանից, Արմենակ Պետրոսյանից, Կազմակերպությունից, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանից և Կադաստրից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 120.000 ՀՀ դրամ (20.000 *6)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2015 թվականի վճռին:
2. Վահան Խլղաթյանից, Արմենակ Պետրոսյանից, «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» ոչ առևտրային կազմակերպությունից, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանից և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանումից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 120.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան