ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԱՔԴ/0058/01/12
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԱՔԴ/0058/01/12
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
Դատավորներ` Ս. Համբարձումյան
Մ. Պետրոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
2013 թվականի փետրվարի 15-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Բաբկենի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ, քաղաքացիական պատասխանող Ա.Ավետիսյանի ներկայացուցիչ Մ.Մանուկյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2010 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել է թիվ 83104510 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով:
2010 թվականի նոյեմբերի 10-ին թիվ 83104510 քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը:
2012 թվականի մայիսի 3-ի որոշմամբ Արմեն Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննական մարմնի 2012 թվականի մայիսի 3-ի որոշմամբ թիվ 83104510 քրեական գործից անջատվել և ինքնուրույն վարույթում առանձնացվել է մեղադրյալ Ա.Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի մասը, որին շնորհվել է 69103612 համարը:
2012 թվականի մայիսի 8-ին Ա.Ավետիսյանի վերաբերյալ թիվ 69103612 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Ա.Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով կարճվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճռով Ա.Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, և Ա.Ավետիսյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց: Մեղադրողի ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է` վճռվել է ամբաստանյալ Ա.Ավետիսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 2.632.000 (երկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ:
3. Ամբաստանյալ, քաղաքացիական պատասխանող Ա.Ավետիսյանի ներկայացուցիչ Մ.Մանուկյանի կողմից քաղաքացիական հայցի մասով բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ, քաղաքացիական պատասխանող Ա.Ավետիսյանի ներկայացուցիչ Մ.Մանուկյանը:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունվարի 21-ի որոշմամբ ամբաստանյալ, քաղաքացիական պատասխանող Ա.Ավետիսյանի ներկայացուցիչ Մ.Մանուկյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Սույն գործով հաստատված է համարվել հետևյալը.
Ա.Ավետիսյանը, 2010 թվականի ընթացքում աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի թիվ 0037 փոստային բաժանմունքի պետի պաշտոնում, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, օժտված է եղել կարգադրիչ և վարչատնտեսական, այն է` ՀՀ կառավարության «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1330-Ն որոշման և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ու «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև 2010 թվականի ապրիլի 9-ին կնքված թիվ FS-010410 պայմանագրի համաձայն` ՀՀ տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձանցից անձը հաստատող փաստաթղթով ընդունելու և դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորությամբ:
Ա.Ավետիսյանը, չարաշահելով իր կարգադրիչ լիազորությունները, գործելով հակառակ ընկերության շահերին և այդ լիազորությունները Սամվել Թազիյանի օգտին օգտագործելով, 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում, 2010 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում կեղծ, իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված և վերջիններիս ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող ՀԴՄ կտրոններ պարունակող խմբաքանակներ է ընդունել տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով, որոնք ձևակերպել է առանց այդ քաղաքացիների ներկայության ու ելքագրել է 3.132.000 ՀՀ դրամի բոնուսային գումար: Այն ամբողջությամբ փոխանցել է ՀԴՄ կեղծ կտրոններ ներկայացրած անձին: Արդյունքում, Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս: Հիշյալ գործողությունները կատարելու համար Ա.Ավետիսյանը ստացել է 50.000 ՀՀ դրամ առևտրային կաշառք (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 154-162, հատոր 4, թերթ 78-84, 140-144):
6. Գործով մեղադրող Լ.Հովհաննիսյանի կողմից Առաջին ատյանի դատարան է ներկայացվել քաղաքացիական հայց 2.632.000 (երկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամի պահանջի մասին, որտեղ որպես պատասխանող նշվել է ամբաստանյալ Ա.Ավետիսյանը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 61-62):
7. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճռով մեղադրողի ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է` վճռվել է ամբաստանյալ Ա.Ավետիսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 2.632.000 (երկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ: Քաղաքացիական հայցը բավարարելիս Առաջին ատյանի դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն` հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասը ենթակա է վերականգնման, իսկ հայցապահանջը վերաբերում է միայն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասին: Բացի այդ, ամբաստանյալն ընդունել է քաղաքացիական հայցն ամբողջությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 83-84):
8. Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավորված և իրավաչափ դատական ակտ, այն թողել է օրինական ուժի մեջ, պատճառաբանելով, որ «սույն գործով կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի կանոնները: (...) [Պ]ետությանը պատճառված վնասը սույն գործով պետք է դիտարկել որպես աշխատանքային պարտականության շրջանակներից դուրս` ամբաստանյալի կողմից դիտավորությամբ կատարված հանցագործության անմիջականորեն հետևանք, հետևաբար սույն գործով ներկայացված քաղաքացիական հայցի լուծման համար պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի դրույթները» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 132, 133):
9. Ըստ «Հայփոստ» ՓԲԸ-ի և Ա.Ավետիսյանի միջև 2007 թվականի հունվարի 1-ին կնքված թիվ 197 աշխատանքային պայմանագրի և դրանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2008 թվականի հուլիսի 1-ին և 2010 թվականի փետրվարի 15-ին կնքված լրացուցիչ համաձայնագրերի` Ա.Ավետիսյանը նշանակվել է թիվ 37 փոստային բաժանմունքի պետ: Նրա գործառույթների մեջ է մտել փոստային բաժանմունքի աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը:
Ա.Ավետիսյանը պարտավորվել է ենթարկվել գործատուի կողմից ընդունված ներքին և անհատական իրավական ակտերին: Իր իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ, պահպանել «Հայփոստ» ՓԲԸ-ի ներքին կարգապահական կանոնները, կրել անձնական և նյութական պատասխանատվություն գործատուին հասցված վնասների համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 114-130):
10. 2010 թվականի ապրիլի 9-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ նաև` «Պրինցիպալ) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` «Գործակալ») միջև կնքվել է թիվ FS-01.04.10 պայմանագիրը: Պայմանագրի համաձայն` Գործակալը մատուցում է ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացված վիճակահանության արդյունքում շահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձանց բազային պարգևավճարի վճարման ծառայություններ, ուղեցույցով սահմանված կարգով մատուցում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացված վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակների համար ֆիզիկական անձանց բոնուսների հաշվարկման և վճարման ծառայություններ:
Պրինցիպալն իրավունք ունի` պահանջել պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցել պատշաճ կարգով` պայմանագրի պայմաններին համապատասխան: ՈՒղեցույցով սահմանված պահանջներին չհամապատասխանող կտրոնի դիմաց պարգևավճար կամ ուղեցույցով սահմանված պահանջներին ակնհայտ չհամապատասխանող (այդ թվում` սույն ուղեցույցով սահմանված կարգով Պրինցիպալի իրականացրած ուսումնասիրությամբ հայտնաբերված) կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուս վճարվելու դեպքում Գործակալից պահանջել Պրինցիպալին վերադարձնելու ակնհայտ չհամապատասխանող կտրոնների դիմաց վճարված գումարը, եթե Պրինցիպալը Գործակալին վճարել է վերջինիս կողմից համապատասխան ֆիզիկական անձին վճարված պարգևավճարի և բոնուսի գումարը: Եթե խմբաքանակում հայտնաբերված ակնհայտ չհամապատասխանող կտրոնների թիվը և/կամ գործարքների գումարն այնքան է, որ խախտում է ուղեցույցի 15-րդ կետի պահանջները, ապա Պրինցիպալն իրավունք ունի Գործակալից պահանջել վերադարձնելու ամբողջ խմբաքանակի համար վճարված գումարը:
Պայմանագրի պայմանների խախտման դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենքներով սահմանված կարգով: Բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 140-145):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
11. Բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնց արդյունքում կայացրել է անօրինական, անհիմն որոշում:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը վերլուծել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1062-րդ հոդվածները և դրա հիման վրա նշել, որ Ա.Ավետիսյանը գործել է աշխատանքային պայմանագրի հիման վրա, այսինքն` սույն գործով վնասը պատճառվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատող Ա.Ավետիսյանի կողմից` իր աշխատանքային պարտականությունները կատարելիս: Հետևաբար, սույն գործով քաղաքացիական հայցը պետք է ներկայացվեր ոչ թե Ա.Ավետիսյանի, այլ «Հայփոստ» ՓԲԸ-ի դեմ և վերջինս պարտավոր էր ամբողջ ծավալով հատուցել իր աշխատողի կողմից պատճառված վնասը:
12. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը քաղաքացիական հայցի մասով բեկանել և փոփոխել: Քաղաքացիական հայցը մերժել` ՀՀ գլխավոր դատախազությանը վերապահելով քաղաքացիական հայցով դատարան դիմելու իրավունք:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատանքային պարտականությունները կատարելիս գործատուի անունից հանդես եկող աշխատողի կողմից հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ սույն գործով գույքային վնասը հասցվել է Ա.Ավետիսյանի` աշխատանքային պարտականությունների շրջանակից դուրս կատարված հանցավոր արարքի արդյունքում, հետևաբար այդ վնասը ենթակա է հատուցման ամբաստանյալ Ա.Ավետիսյանի կողմից:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն`
i
«1. Քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար:
2. Քաղաքացիական պատասխանող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:
2. Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:
3. Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն` «Դատախազը հարուցում և պաշտպանում է հարուցված քաղաքացիական հայցը, եթե խախտվել են պետության գույքային շահերը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:
2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:
3. Հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց, ինչպես նաև պետք է բովանդակի խնդրանք` վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին»:
16. Վերոգրյալ իրավադրույթները Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծվել են Փ.Էլիզբարյանի գործով որոշման մեջ, որտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «ՀՀ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննությունը և լուծումը կանոնակարգված է օրենսգրքի 154-164 հոդվածներով (գլուխ 20-րդ` քաղաքացիական հայցը քրեական դատավարությունում): Օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն քրեական դատավարության օրենսգրքով:
Այսինքն քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության և լուծման ընթացքում կիրառվում են քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխով, ինչպես նաև տվյալ օրենսգրքի այլ հոդվածներով սահմանված կանոնները, իսկ այլ կանոններ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին» (տե՛ս Փայլակ Էլիզբարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ գործով թիվ ՎԲ-35/07 որոշումը):
17. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն`
i
«1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: (...)»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի համաձայն`
i
«1. Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:
2. Սույն գլխի կանոնների համաձայն` աշխատող է համարվում աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող քաղաքացին, եթե նա գործել է կամ պետք է գործեր համապատասխան իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով և աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ նրա վերահսկողության ներքո:
(...)»:
Մեջբերված քաղաքացիաիրավական դրույթները համակարգային վերլուծության են ենթարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից Ա.Աբելյանն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հ.Դանիելյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին գործով: Նշված գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ «(...) իրավաբանական անձի աշխատողի կողմից վնաս պատճառվելու դեպքում որպես վնաս պատճառող հանդես է գալիս տվյալ աշխատողը, քանի որ վերջինիս գործողությունների կամ անգործության հետևանքով է պատճառվել վնասը: Միաժամանակ, օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատողը տվյալ գործողությունները կատարել է ոչ թե ամբողջությամբ ազատ լինելով դրանց մեջ, այլ իրականացնելով իր աշխատանքային պարտականությունները, որպես պատասխանատվություն կրող սուբյեկտ դիտել է ոչ թե վնաս պատճառողին, այլ այն իրավաբանական անձին (անհատ ձեռնարկատիրոջը), որի աշխատողի կողմից պատճառվել է վնասը: Օրենսդրական նման իրավակարգավորման նպատակն առաջին հերթին կայանում է նրանում, որ աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս վնաս պատճառելու դեպքում աշխատողը գործում է ոչ թե իր, այլ հենց գործատուի անունից, և հետևաբար օրենսդիրը, վնասի հատուցման պարտավորությունը դնելով գործատուի վրա, կարևորել է տուժող կողմի համար որոշակի երաշխիքների ապահովումը պատճառված վնասի ամբողջական վերականգնման առումով, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված խախտված իրավունքների վերականգնման ապահովման սկզբունքի դրսևորում է վնասի հատուցման հարաբերություններում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանները պետք է հաշվի առնեն, որ նմանատիպ գործերի քննության ժամանակ էական նշանակություն ունի յուրաքանչյուր գործով պարզել` արդյոք վնասը պատճառվել է աշխատող համարվող անձի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` աշխատող է համարվում աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող քաղաքացին, եթե նա գործել է կամ պետք է գործեր համապատասխան իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով և աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ նրա վերահսկողության ներքո:
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է նաև աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման կարգը:
Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են (...):
Նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է: Աշխատանքային իրավունքների իրականացմամբ և պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածը սահմանում է նաև, որ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները (...):
Վերոնշյալ նորմերի համադրությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի 2-րդ կետի հետ ցույց է տալիս, որ անձը աշխատող համարվելու համար պետք է աշխատի աշխատանքային պայմանագրի հիման վրա: Միաժամանակ, օրենսդիրը վերջինիս պարտավորեցնում է աշխատանքային պարտականությունները կատարել օրինականության, բարեխղճության և ողջամտության սկզբունքների պահպանմամբ: Աշխատողն աշխատանքային պարտականությունները կատարում է ոչ թե ամբողջովին իր հայեցողությամբ, այլ պարտադիր կերպով ենթարկվելով աշխատանքային ռեժիմին, կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային կարգապահությանը, աշխատանքի սահմանված նորմերին: (...)
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ գործատուն (...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածի հիման վրա իրականացնում է աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը: Այսինքն` օրենսդիրը, գործատուին իրավունք ընձեռելով սահմանել վերոնշյալ ակտերը, միաժամանակ վերջինիս իրավունք է ընձեռել վերահսկողություն իրականացնել դրանց պահպանման նկատմամբ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ գործատուն պատասխանատվություն է կրում իր աշխատողի կողմից հասցված վնասի համար ոչ միայն այն դեպքում, երբ վերջինս գործել է գործատուի առաջադրանքով, այլ նաև այն դեպքում, երբ աշխատողը պարտավոր էր նման կերպ գործել: Դեռ ավելին, աշխատողը պետք է գործի աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ գործատուի վերահսկողության ներքո, այսինքն` գործատուն պարտավորվում է պատշաճ կերպով վերահսկել իր աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունների (այդ թվում կարգապահական կանոնների) պատշաճ կատարումը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները կատարում է գործատուի վերահսկողությունից դուրս, դրանով իսկ խախտելով աշխատանքային պայմանագիրը, ապա նա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթի իմաստով չի դադարում աշխատող լինելուց, դրանից բխող հետևանքներով (...)» (տե՛ս Ա.Աբելյանն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հ.Դանիելյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԿԴ/0125/02/11 որոշումը):
18. Սույն որոշման 15-րդ կետերում մեջբերված և Փ.Էլիզբարյանի գործով որոշմամբ վերլուծված քրեադատավարական նորմերը մեկնաբանելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից ձևավորված և սույն որոշման նախորդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում ներկայացված քաղաքացիական հայցով, առանձին դեպքերում, մեղադրյալի գործողությունների արդյունքում հասցված վնասի համար պատասխանատվություն կարող է կրել նաև իրավաբանական անձը: Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում կպարզվի, որ վնասը պատճառվել է աշխատողի կողմից իր աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս, վնասի հատուցման պարտականությունը, քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, պետք է կրի գործատուն` իրավաբանական անձը, որի աշխատողն է հանդիսացել և որի անունից, գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործել է ամբաստանյալը: Ընդ որում, այս դեպքում համապատասխան իրավաբանական անձը, ում վրա քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված քաղաքացիական հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար, պետք է պատշաճ կերպով մասնակից դարձվի գործի քննությանը` ներգրավվի որպես քաղաքացիական պատասխանող, որպեսզի իր իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման հնարավորություն ունենա:
19. Սույն գործի նյութերից երևում է, որ Ա.Ավետիսյանը 2010 թվականի փետրվարի 15-ից աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում` որպես Երևան քաղաքի թիվ 0037 փոստային բաժանմունքի պետ, օժտված է եղել կարգադրիչ և վարչատնտեսական լիազորություններով: Աշխատանքային պայմանագրի համաձայն` նա պարտավորվել է ենթարկվել գործատուի կողմից ընդունված ներքին և անհատական իրավական ակտերին, պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ, պահպանել «Հայփոստ» ՓԲԸ-ի ներքին կարգապահական կանոնները (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
Սույն գործի նյութերից երևում է նաև, որ 2010 թվականի ապրիլի 9-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև կնքվել է թիվ FS-01.04.10 պայմանագիրը, որով «Հայփոստ» ՓԲԸ-ն պարտավորվել է մատուցել ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացված վիճակահանության արդյունքում շահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձանց բազային պարգևավճարի վճարման, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացված վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակների համար ֆիզիկական անձանց բոնուսների հաշվարկման և վճարման ծառայություններ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
Սույն գործով ստորադաս դատարանները հաստատված են համարել, որ Ա.Ավետիսյանը, հանդիսանալով Երևան քաղաքի թիվ 0037 փոստային բաժանմունքի պետ և օժտված լինելով կարգադրիչ և վարչատնտեսական լիազորություններով, չարաշահել է իր կարգադրիչ լիազորությունները, գործել հակառակ ընկերության շահերին և այդ լիազորությունները Ս.Թազիյանի օգտին օգտագործելով` 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում, 2010 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում կեղծ, իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված և վերջիններիս ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող ՀԴՄ կտրոններ պարունակող խմբաքանակներ է ընդունել տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով, որոնք ձևակերպել է առանց այդ քաղաքացիների ներկայության ու ելքագրել է 3.132.000 ՀՀ դրամի բոնուսային գումար: Այն ամբողջությամբ փոխանցել է ՀԴՄ կեղծ կտրոններ ներկայացրած անձին: Արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Գործի նյութերից երևում է նաև, որ գործի դատական քննության ընթացքում մեղադրողը ներկայացրել է քաղաքացիական հայց, որով որպես պատասխանող նշել է Ա.Ավետիսյանին և խնդրել է նրանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 2.632.000 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճռով մեղադրողի ներկայացրած քաղաքացիական հայցն ամբողջությամբ բավարարվել է` վճռվել է ամբաստանյալ Ա.Ավետիսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 2.632.000 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավորված և իրավաչափ դատական ակտ, այն թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Գործի նյութերից երևում է նաև, որ Ա.Ավետիսյանի գործատուն` «Հայփոստ» ՓԲԸ-ն, սույն գործող քաղաքացիական պատասխանող չի ճանաչվել:
20. Սույն որոշման 15-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 19-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ա.Ավետիսյանն իրեն մեղսագրվող դիտավորյալ գործողությունները կատարելիս` ՀԴՄ կտրոններ պարունակող խմբաքանակների դիմաց 3.132.000 ՀՀ դրամի բոնուսային գումար ձևակերպելիս և ելքագրելիս, հանդես է եկել «Հայփոստ» ՓԲԸ-ի անունից, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է պաշտոնի անձնագրով նախատեսված որոշակի աշխատանքներ` աշխատանքային օրենսդրության և ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Սակայն Ա.Ավետիսյանը չարաշահել է իր կարգադրիչ լիազորությունները, գործել է հակառակ ընկերության շահերին և աշխատանքային պայմանագրով նախատեսված իր լիազորություններն օգտագործել այլ անձի օգտին` արդյունքում պետությանը պատճառելով 3.132.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Այլ խոսքով` սույն գործով գույքային վնասը պատճառվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատող համարվող և գործատուի անունից հանդես եկող անձի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս: Մինչդեռ ստորադաս դատարանների կողմից այս հանգամանքն անտեսվել է, որի հետևանքով «Հայփոստ» ՓԲԸ-ն գործով դատավարության մասնակից չի դարձվել, որպես քաղաքացիական պատասխանող չի ներգրավվել, իսկ քաղաքացիական հայցը ներկայացվել է բացառապես ամբաստանյալ Ա.Ավետիսյանի դեմ, և Առաջին ատյանի դատարանը, ամբողջությամբ բավարարելով քաղաքացիական հայցը, վճռել է պահանջված գումարը բռնագանձել ամբաստանյալ Ա.Ավետիսյանից:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ սույն գործով գույքային վնասը հասցվել է Ա.Ավետիսյանի` աշխատանքային պարտականությունների շրջանակից դուրս կատարված հանցավոր արարքի արդյունքում և ենթակա է հատուցման ամբաստանյալ Ա.Ավետիսյանի կողմից:
21. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ կնքված թիվ FS-01.04.10 պայմանագրի կողմ, պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ բարեխիղճ կատարելու դեպքում, կրում է հասցված վնասը փոխհատուցելու պարտականություն: ՈՒստի սույն գործով գործատուն` «Հայփոստ» ՓԲԸ-ն, այլ ոչ թե ընկերության աշխատողը` Ա.Ավետիսյանը, պետք է ներգրավվեր որպես քաղաքացիական պատասխանող և հայցը հիմնավոր լինելու դեպքում կրեր հասցված վնասը փոխհատուցելու պարտականություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տուժողին պատճառված վնասը փոխհատուցելուց հետո «Հայփոստ» ՓԲԸ-ն, որպես իր աշխատողի կողմից պատճառված վնասը հատուցած գործատու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի հիմքով ձեռք կբերի հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք:
22. Հիմք ընդունելով սույն որոշման 14-21-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների էական խախտում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թույլ տրված խախտումն ազդել է քաղաքացիական հայցով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտերի կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է հանդիսանում: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա ամբաստանյալ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճիռը` քաղաքացիական հայցի մասով, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը պետք է բեկանել և փոփոխել` մեղադրողի ներկայացրած քաղաքացիական հայցը թողնել առանց քննության` հետագայում, պատշաճ քաղաքացիական պատասխանողի ներգրավմամբ, քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքի պարզաբանմամբ:
ՈՒստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արմեն Բաբկենի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճիռը` քաղաքացիական հայցի մասով, և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանել, մեղադրողի ներկայացրած քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան