Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽ ...

24.04.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.04.2008  -ից մինչեւ   24.04.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

i

040.2399.210206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2399-Ն

 

i

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ելնելով գազի տնտեսությունների շահագործման ժամանակ մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 22-ի

N 2399-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

 

I. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

Սույն տեխնիկական կանոնակարգում հասկացությունները և հապավումներն են.

Գազասպառման համակարգ` գազի առաքման կետից կամ հաշվառքի սարքի ելքից (բկանցքից) հետո տեղադրված գազատարները, գազակարգավորիչ կետերը, գազօգտագործող տեղակայանքները, հսկման-չափման սարքավորումները, օդատար և ծխատար ուղիները, ներառյալ խողովակները ու դրանց սարքավորումները:

Ներտնային գազասպառման համակարգ` բնակչության կենցաղային կարիքների համար նախատեսված գազասպառման համակարգ:

Գազամատակարարման ցանց` գազի փոխադրման և բաշխիչ ցանց:

Արտաքին գազատար` շենքից դուրս, մինչև շենքի արտաքին կոնստրուկցիան անցկացված ստորգետնյա, գետներեսի և վերգետնյա գազատար:

Ներքին գազատար` շենքի արտաքին կոնստրուկցիայից մինչև շենքի ներսում տեղակայված գազօգտագործող սարքավորման հետ միացման տեղն անցկացված գազատար:

Գազօգտագործող սարքավորում` գազը որպես վառելիք օգտագործող սարքավորում:

Գազային սարքավորում` որպես գազատարների բաղկացուցիչ տարրեր օգտագործվող տեխնիկական արտադրանք /կոմպենսատոր, կոնդենսատահավաքիչ, խողովակաշարային փակիչ արմատուր և այլն/:

Գազավտանգավոր աշխատանքներ` այն աշխատանքները, որոնք կատարվում են գազայնացված շրջապատում կամ որոնց իրականացման դեպքում հնարավոր է գազի արտահոսք:

Գազատարի անվտանգության (պահպանման) գոտի` հատուկ պայմաններով օգտագործվող տարածք` սահմանված գազամատակարարման ցանցի ուղեգծի երկայնքով և տարրերի շուրջ, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեությունը, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգությունը, այլ օբյեկտների նկատմամբ անվտանգության ապահովման նպատակով:

 

    ԳԲ Կայան      գազաբաշխիչ կայան

    ՀԱԳ           հեղուկացված ածխաջրածնային գազ

    ԷՔՊ           էլեկտրաքիմիական պաշտպանություն

    ԳՏԳՀԱՀ        գազաբաշխման տեխնոլոգիական գործընթացի հեռակառավարման

                  ավտոմատացված համակարգ

    ՆՏ            ներդիր տաքացուցիչ

    ՀՉՍ           հսկիչ-չափիչ սարքեր

    ԳԿկ           գազակարգավորիչ կետ

    ԳԼԿ           գազալցման կայան / կետ

    ԱԳԼԿ          ավտոմոբիլային ԳԼԿ

    ԱԳԼՃԿ         ավտոմոբիլային ԳԼ ճնշումային կայան

    ՊԳԿԿ          պահարանային գազակարգավորիչ կետ

    ԲՄՊ           բալոնների միջանկյալ պահեստ

    ԲՋՀ           բարձր ջրերի հորիզոն

    ԲԳԿԿ          բլոկային գազակարգավորիչ կայան

    ԳԿ Կայանք     գազակարգավորիչ կայանք

    ԱՓԿ           ապահովիչ-փական կափույր

    ԱԱԿ           ապահովիչ-արտանետիչ կափույր

    ԵՃՀ           ենթակարմիր ճառագայթման հրածորան

    ԳՄՕԿ          գազի մատակարարման և  օգտագործման կանոններ

    ԷՀԳ           էլեկտրահաղորդագծեր

    ՏԵ            տրանսֆորմատորային ենթակայաններ

    ԲՊԿ           բալոնների պահեստավորման կայան

    ԻՏԱ           ինժեներատեխնիկական աշխատակից

    ՏԿ            տեխնիկական կանոնակարգ

    ՎԿԾ           վթարային կարգավարական ծառայություն

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1) Սույն տեխնիկական կանոնակարգի /ՏԿ/ պահանջները տարածվում են բոլոր այն կազմակերպությունների վրա /անկախ սեփականության ձևից/, որոնք նախագծում, կառուցում և շահագործում են գազամատակարարման ցանցը, բնական գազը (այսուհետ` գազ) որպես հումք օգտագործող կազմակերպությունների գազասպառման համակարգերը, ինչպես նաև հեղուկ գազի լիցքավորման ու սեղմված բնական գազով ավտոմեքենաների գազալիցքավորման կայանները և բնական, սինթեզ և հեղուկ գազը որպես վառելիք օգտագործող /սև մետալուրգիայի գործարաններից բացի, որտեղ նախագծումը, կառուցումը և շահագործումը իրականացվում է այլ ՏԿ-ով/ կազմակերպությունների գազասպառման համակարգերը, բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգերը:

2) Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման, շահագործման-հանձնման ոլորտները կարգավորող ակտերը, շահագործման հրահանգները և կազմակերպության ստանդարտները պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի պահանջներին:

3) Բնակավայրերում, կազմակերպություններում, բնակելի շենքերում գազատարների կառուցումը և դրանց վրա շինությունների տեղակայումը, ինչպես նաև գազալիցքավորման կայանների, հեղուկ ածխաջրածնային ռեզերվուարային/անոթային սարքավորումների, ավտոմեքենաների գազալիցքավորման կայանների գազալիցքավորման կետերի շինարարությունը պետք է իրականացվի լիցենզավորված նախագծային կազմակերպությունների կողմից մշակված նախագծերին համապատասխան: Այդ նախագծերը մշակվում են գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան և սույն ՏԿ-ի պահանջների կատարման պայմաններում` գազամատակարարող կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախագծի իրականացմանը պահանջներ ներկայացրած այլ կազմակերպությունների հետ նախագծման համար ներկայացված տեխնիկական պայմաններին համապատասխանելիության մասով նախագծերի համաձայնեցումից հետո:

Առկա գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի ընդլայնման, վերակազմավորման և տեխնիկական վերազինման պարագայում շինարարությանը և շահագործման հանձնմանը ներկայացվող պայմանները պետք է լինեն այնպիսին, ինչպիսիք ներկայացվում են նոր շինարարության դեպքում:

Բնակելի շենքերում և կոմունալ-կենցաղային օբյեկտներում, որտեղ տեղակայվում են միայն կենցաղային գազի վառարանները, ածխաջրածնային հեղուկ գազի անհատական գազաբալոնային սարքավորումները, ինչպես նաև այրման արգասիքի ծխահեռացման համակարգով կազմակերպված հեռացում չպահանջող լրացուցիչ կենցաղային գազի վառարանների, լաբորատոր հրածորանների և այլ փոքր հզորության գազի սարքավորումների տեղակայումը կարող է կատարվել գազամատակարարող կազմակերպությունների կողմից տրամադրված գծագրերի հիման վրա կամ դրանց համաձայնությամբ` լիցենզավորված շինմոնտաժային կազմակերպությունների կողմից:

4) Գազատարների, գազային վառելիք օգտագործող ագրեգատների և սարքավորումների, էլեկտրապաշտպանիչ սարքավորումների շահագործմամբ, գազի սարքավորումների կարգաբերմամբ, գազի մատակարարմամբ, գազի այրման արգասիքի հեռացման համակարգերի շահագործմամբ զբաղվող ղեկավար և ինժեներ-տեխնիկական աշխատողների վերապատրաստումն իրականացվում է կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով և ծավալով: Գիտելիքների վերստուգումը պետք է իրականացվի ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Գազ սպառող կազմակերպությունները կարող են իրականացնել անձնակազմի վերապատրաստումը գազամատակարարող կազմակերպությունում` պայմանագրային եղանակով:

5) Կազմակերպությունների /բացառությամբ նրանց, որտեղ տեղակայված են միայն կենցաղային գազի սարքավորումներ/ գազի տնտեսությունները շահագործող ԻՏԱ, գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգումը պետք է անցկացվի կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` պետական վերահսկողության իրավասություն ունեցող տարածքային մարմնի տեսուչի մասնակցությամբ:

6) Գազատարների շինարարական, մոնտաժային աշխատանքներին և դրանց շահագործմանը, գազը որպես վառելիք օգտագործող ագրեգատների և սարքավորումների սպասարկմանը, գազամատակարարման ցանցի, ինչպես նաև գազի այրման արգասիքի հեռացման համակարգերի կառուցման և շահագործման աշխատանքներ թույլատրվում է կատարել միայն կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով և ծավալով ուսուցանված և կազմակերպության կողմից նշանակված հանձնաժողովին քննություն հանձնած բանվորներին:

Քննության արդյունքները ձևակերպվում են արձանագրությունով, որում նշվում է, թե ինչպիսի աշխատանքներ իրականացնելու իրավունք են ստացել քննությունը հանձնած բանվորները: Հանձնաժողովի արձանագրության հիման վրա բանվորներին տրվում են վկայականներ: Բացի այդ, յուրաքանչյուր բանվոր, աշխատանքի անցնելուց առաջ, պետք է ստանա հրահանգավորում աշխատանքային տեղում անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության վերաբերյալ: Բոլոր բանվորներին վարչական անձնակազմի կողմից անձնական ստորագրությամբ պետք է հանձնվեն իրենց մասնագիտություններին վերաբերող աշխատանքների անվտանգ մեթոդների վերաբերյալ հրահանգները, որոնք, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն, կազմվում և հաստատվում են կազմակերպության կողմից:

Բանվորների աշխատանքի անվտանգ մեթոդների իմացության վերստուգումը պետք է կատարվի առնվազն տարին մեկ անգամ:

7) Կաթսաների մեքենավարների /սպասարկող անձնակազմի/, գազային վառելիք օգտագործող արդյունաբերական վառարանների և ագրեգատների բանվորների, ինչպես նաև գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող բանվորների /դրանց թվում նաև եռակցողների/ աշխատանքի անվտանգ մեթոդների վերաբերյալ գիտելիքների նախնական ստուգումը պետք է կատարվի ինքնուրույն աշխատանքներ կատարելուն թույլատրելուց առաջ, կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով, կազմակերպությունների ղեկավարների հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից` պետական վերահսկողության իրավասություն ունեցող տարածքային մարմնի տեսուչի մասնակցությամբ:

Նախնական ստուգման և վերստուգման անցկացման օրվա և տեղի մասին պետական վերահսկողության իրավասություն ունեցող տարածքային մարմինները պետք է տեղեկացվեն ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

8) Միայն գազի կենցաղային սարքավորումներ /շարժական և ոչ շարժական վառարաններ, ջրատաքացուցիչներ/, ջեռուցման և ջեռուցման-եփման վառարաններ, փոքր հզորության ջեռուցման կաթսաներ, լաբորատոր հրածորաններ ունեցող օբյեկտներում գազի սարքավորումների անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք (սույն բաժնի կետ 13-ի համաձայն) պարտավոր են անցկացնել գազի օգտագործման հետ առնչվող բոլոր աշխատողների հրահանգավորում գազի սարքավորումների անվտանգ օգտագործման կանոնների վերաբերյալ` առնվազն տարին երկու անգամ:

Անցկացրած հրահանգավորման օրվա և բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է կազմակերպության ստանդարտով հաստատված հատուկ ձևի մատյանում, որտեղ ստորագրում են բոլոր մասնակիցները:

9) Գազավտանգավոր աշխատանքների (սույն ՏԿ բաժին IX, կետ 1 համաձայն) իրականացման թույլտվություն են ստանում անվտանգության կանոնների և անվտանգության տեխնիկայի, գազավտանգավոր աշխատանքների իրականացման տեխնոլոգիայի վերաբերյալ գիտելիքների և իմացության քննություն հանձնած, գազավտանգավոր աշխատանքների իրականացման գործնական փորձաշրջան անցած, անհատական պաշտպանության միջոցներից /հակագազ, փրկարար գոտիներ/ օգտվել իմացող և բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու ձևերը իմացող ինժեներատեխնիկական աշխատողները և բանվորները: Գազավտանգավոր աշխատանքների իրականացման վերաբերյալ գիտելիքների ստուգումը /նախնական և վերստուգում/ անց է կացվում կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից սույն ՏԿ-ի 4-7 կետերում նշված ժամկետներում: Այն կարող է անցկացվել անվտանգության կանոնների գիտելիքների ստուգմանը զուգընթաց: Այդ դեպքում կազմվում է ընդհանուր արձանագրություն, որում անվտանգության կանոնների իմացության արդյունքներից բացի գրանցվում է նաև հանձնաժողովի եզրակացությունը քննություն հանձնած անձանց գազավտանգավոր աշխատանքների իրականացման թույլտվություն տալու վերաբերյալ:

10) Սույն ՏԿ-ով ներկայացվող պահանջների բնույթով և պայմաններով նախկինից տարբերվող այլ աշխատանքի անցնելուց, ինժեներատեխնիկական աշխատողները պետք է հանձնեն քննություն` նշված պահանջների իմացության վերաբերյալ:

Նախկինից տարբերվող աշխատանք իրականացնելու թույլտվություն ստանալու համար բանվորները պետք է անցնեն ուսուցում և հանձնեն քննություն:

11) Սույն ՏԿ-ի 4-7 և 9 կետերի համաձայն քննություն չհանձնած ինժեներատեխնիկական աշխատողները և բանվորները թույլտվություն չեն ստանում իրականացնել գազի օբյեկտների շահագործման աշխատանքներ, շահագործել գազի սարքավորումների ծխահեռացման համակարգերը:

12) Գազասպառման համակարգերի շահագործման ընթացքում անվտանգության ապահովումը վերապահվում է դրանց սեփականատեր հանդիսացող կազմակերպություններին: Բացառություն են կազմում բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում տեղակայված կազմակերպությունների և առանձնատների ներտնային գազասպառման համակարգերը, որոնց շահագործման ընթացքում անվտանգությունը ապահովվում է գազամատակարարող կազմակերպության կողմից: Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի շինմոնտաժային աշխատանքների որակի ապահովումը վերապահվում է գազիֆիկացման աշխատանքները իրականացնող կազմակերպություններին: Կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են կազմակերպել և անցկացնել գազի տնտեսության վիճակի վերահսկողություն և հետևել գազատարների, սարքավորումների և գազօգտագործող ագրեգատների շինարարության /մոնտաժի/ և շահագործման կանոնների, նորմերի և հրահանգների պատշաճ կատարմանը, ինչպես նաև ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի թիվ 702 որոշման համաձայն կազմեն և հաստատեն արդյունաբերական օբյեկտների անվտանգության վկայագիրը:

13) Բոլոր կազմակերպություններում, որոնք ունեն գազասպառման համակարգեր, հեղուկ գազի սարքավորումներ, կազմակերպության ղեկավարի հրամանով ղեկավար ԻՏԱ-ի թվից պետք է նշանակվեն գազի տնտեսության անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք: Այն կազմակերպություններում, որտեղ գազային վառելիքը օգտագործվում է մի քանի արտադրամասերում, բացի կազմակերպության գազասպառման համակարգի անվտանգ շահագործման համար պատասխանատու անձից, պետք է նշանակվեն նաև առանձին արտադրամասերի պատասխանատուներ:

Բնակելի շենքերում, առանձնատներում ներտնային գազասպառման համակարգի պատշաճ վիճակում պահպանման համար պարտավորությունը կրում են շենքերի և առանձնատների սեփականատերերը: Բնակելի շենքերում ներտնային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործումն ապահովող որակյալ տեխնիկական սպասարկման և վերանորոգման պարտավորությունը վերապահվում է գազամատակարարող կազմակերպություններին:

Առանձնատներում և բնակարաններում աշխատող կենցաղային գազի սարքավորումների, ծխահեռացման և օդափոխման համակարգերի անվտանգ օգտագործման և դրանք պատշաճ վիճակում պահպանելու պարտավորությունը կրում են դրանց սեփականատերերը, եթե մատակարարման պայմանագրում այլ բան նախատեսված չէ:

Նախքան գազամատակարարման սկիզբը, առանձնատների և բնակարանների սեփականատերերը գազամատակարարող կազմակերպության կամ նրա կողմից լիազորված այլ կազմակերպության աշխատողների կողմից պետք է ստանան գազի սարքավորումների անվտանգ շահագործման հրահանգներ, ինչի վերաբերյալ կատարվում է համապատասխան գրանցում գազամատակարարման թողարկման ակտում. այդ գրանցումը հաստատվում է սեփականատիրոջ և հրահանգավորումն իրականացնող անձի ստորագրություններով:

14) Բնակավայրերի գազամատակարարման համար օգտագործվող բնական գազն անհրաժեշտ է արհեստականորեն ենթարկել հոտավետացման:

Արդյունաբերական ագրեգատներում գազօգտագործող կազմակերպությունների ղեկավարության հետ համաձայնեցնելուց հետո, գազը կարող է մատակարարվել առանց հոտավետացնելու: Այդ դեպքում գազը մատակարարվում է բնակավայրերի տարածքը չհատող հատուկ գազամուղներով, իսկ գազիֆիկացված սենքերը /արտադրամասերը/ պետք է ունենան գազայնացվածության ազդանշանային համակարգ:

15) Գազիֆիկացվող բնակավայրերի գազատարների, գազակարգավորման կետերի /ԳԿԿ/ և գազի տնտեսության այլ օբյեկտների շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն լիցենզավորված շինմոնտաժային կազմակերպությունների կողմից բնակավայրի գազամատակարարման հաստատված նախագծի հիման վրա, գազամատակարարող կազմակերպության տեխնիկական վերահսկողության ներքո:

Բնակավայրի գազիֆիկացման աշխատանքների մեկնարկի մասին այդ նախագիծն իրականացնող կազմակերպությունը պետք է տեղեկացնի վերահսկողության իրավասություն ունեցող պետական մարմնին:

16) Գազիֆիկացվող բնակավայրերի, կազմակերպությունների գազի տնտեսությունները, գազիֆիկացվող ջեռուցող կաթսայատները, հեղուկ գազի լիցքավորման կայանները, գազալիցքավորման կետերը և ավտոմեքենաների գազալիցքավորման կայանները դրանց շինարարության աշխատանքների մեկնարկից առաջ պետք է գրանցում անցնեն պետական վերահսկողության իրավասություն ունեցող տարածքային մարմիններում:

Վերոնշված օբյեկտների գրանցման համար դրանց սեփականատերերը /պատվիրատուները/ պետք է հայտնեն օբյեկտի անվանումը և գտնվելու վայրը, նախագիծը մշակող կազմակերպության անվանումը /տեխնոլոգիական մասի և բացատրագրի ներկայացմամբ/, շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպության անվանումը, ինչպես նաև տեղեկացնեն տեխվերահսկողությունը իրականացնող մասնագետի առկայության մասին:

Վերոնշված օբյեկտների, բոլոր ճնշումների գազատարների, ԳԿԿ-ների, հեղուկ գազերի կուտակման կայանների շինարարական և մոնտաժային աշխատանքների մեկնարկի մասին շինմոնտաժային կազմակերպությունները պետք է տեղեկացնեն պետական վերահսկողության իրավասություն ունեցող տարածքային մարմիններին, ոչ ուշ, քան աշխատանքները սկսելուց հինգ օր առաջ:

17) Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները չկատարող ու խախտումներ թույլ տվող ղեկավար անձինք և ԻՏԱ կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

18) Անվտանգության կանոնների պահանջների և հրահանգների խախտման համար բանվորները կրում են պատասխանատվություն կազմակերպության ներքին կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

19) Գազի օգտագործման հետ կապված յուրաքանչյուր դժբախտ պատահարի, ինչպես նաև գազի տնտեսություններում վթարների մասին գազամատակարարող, ինչպես նաև բոլոր գազասպառող կազմակերպությունները պարտավոր են անհապաղ տեղեկացնել պետական վերահսկողության իրավասություն ունեցող տարածքային մարմնին, ինչպես նաև գործել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին համապատասխան:

Մինչև դժբախտ պատահարի /վթարի/ քննությանը մասնակցելու նպատակով պետական վերահսկողության իրավասություն ունեցող տարածքային մարմնի ներկայացուցչի ժամանելը, գազի տնտեսության սեփականատերերը պարտավոր են ապահովել դժբախտ պատահարի /վթարի/ իրավիճակի պահպանումը, եթե դա չի սպառնում մարդկանց կյանքին և չի խոչընդոտում կազմակերպության անխափան աշխատանքին:

Դժբախտ պատահարների և վթարների քննությունը պետք է իրականացվի կառավարության որոշմամբ հաստատված կարգով: Բնակելի շենքերում գազի օգտագործման հետ կապված դժբախտ պատահարների և վթարների քննությանը պետք է մասնակցեն տարածքային կառավարման մարմնի և գազամատակարարող կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը (համաձայնությամբ):

 

III. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ

 

1) Բնակավայրերում գազամատակարարման ցանցը պետք է ապահովի սպառողների անխափան գազամատակարարումը և գազամատակարարումից առանձին շրջանների անջատելու հնարավորությունը:

Անջատող փականների տեղակայման վայրերը պետք է որոշվեն բնակավայրի գազամատակարարման նախագծով:

Անջատող փականը պետք է տեղակայված լինի այն կերպ, որ ապահովվի առանձին շրջանների կամ տեղամասերի գազամատակարարման արագ դադարեցումը:

2) Բնակավայրերի տարածքում գտնվող և սպառողներին գազամատակարարում ապահովող գազատարները կապված տեղափոխվող գազի ճնշումից, բաժանվում են ըստ աղյուսակ 1-ի

 

Աղյուսակ 1

 

.___________________________________________________________.

| Հ/հ | Գազատարների     |Տեղափոխվող  | Աշխատանքային ճնշումը |

|     | դասակարգումը    |գազի տեսակը | գազատարում ՄՊա       |

|     | ըստ ճնշումների  |            |                      |

|_____|_________________|____________|______________________|

| 1.  |       |         |Բնական      | Բարձր 0.6 մինչև      |

|     | Բարձր |         |            | 1.2 ներառյալ         |

|     |       |I կարգի  |____________|______________________|

|     |       |         |ՀԱԳ         | Բարձր 0.6 մինչև      |

|     |       |         |            | 1.6 ներառյալ         |

|     |       |_________|____________|______________________|

|     |       |II կարգի |Բնական և    | Բարձր 0.3 մինչև      |

|     |       |         |ՀԱԳ         | 0.6 ներառյալ         |

|_____|_________________|____________|______________________|

| 2.  | Միջին           |Նույնը      | Բարձր 0.005 մինչև    |

|     |                 |            | 0.3 ներառյալ         |

|_____|_________________|____________|______________________|

| 3.  | Ցածր            |Նույնը      | Մինչև  0.005         |

|     |                 |            | ներառյալ             |

.___________________________________________________________.

 

3) Գազի մատուցումը մայրուղային բարձր ճնշման գազատարներից միջին և ցածր ճնշման բաշխիչ գազատարներ և միջին ճնշման գազատարներից ցածր ճնշման գազատարներ պետք է իրականացվի գազակարգավորիչ կետերի /ԳԿԿ/ կամ գազի կարգավորման կայանքների /ԳԿ կայանքի/ միջոցով:

i

4) Որպես կանոն, գազատարները անցկացնում են ստորգետնյա եղանակով, իսկ կազմակերպությունների տարածքով` արտաքին եղանակով:

Ներթաղամասային /բակային/ գազատարները կարելի է անցկացնել ինչպես ստորգետնյա, այնպես էլ արտաքին /վերգետնյա եղանակով/ հենքերի վրա կամ բնակելի և հասարակական շենքերի արտաքին պատերի վրայով/` բացառությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀ ՇՆ IV-12.03.01-04 նորմի 5.3.2 կետում նշված շենքերի:

Շենքերի արտաքին պատերի ստորգետնյա/գետնախարսխային մասով անցնող բոլոր տեսակի ստորգետնյա կապուղիների /ջրմուղ, կոյուղի, ջեռուցման համակարգեր, հեռախոսային և էլեկտրական մալուխներ/ միացման կետերը պետք է լինեն պատշաճ կերպով մեկուսացրած և հերմետիկացված:

(4-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

5) Շինություններով գազատար անցկացնելիս պետք է ապահովվի գազամատակարարող կազմակերպության շահագործող/սպասարկող անձնակազմի զննման և վերանորոգման համար անխափան աշխատանքի հնարավորությունը:

Արդյունաբերական կազմակերպության կամ պահեստի տարածքով անցնող ստորգետնյա գազատարին զուգահեռ պետք է հատկացվի պահպանման գոտի, 4 մետրից ոչ պակաս լայնքով, որի տարածքում արգելվում է նյութերի և սարքավորումների պահեստավորումը: Շինարարությունը այդ տարածքում թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6) Ստորգետնյա գազատարների ուղեգծերը պետք է նշված լինեն հատուկ ցուցատախտակներով /հենանիշերով, պատերին փակցված ցուցատախտակներով և այլն/:

7) Ստորգետնյա գազատարների և այլ ստորգետնյա կապուղիների և շինությունների միջև տարածությունը /մետրերով/ ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ուղղություններով պետք է լինեն ոչ պակաս, քան 1, 2 և 3 հավելվածներում նշված մեծությունները: Ստորգետնյա գազատարների եռակցման կարերից մինչև հատվող ստորգետնյա ինժեներական շինությունների պատերը պետք է լինի /գծապատկերում/ առնվազն մեկ մետր:

8) Շենքերի միջև և կամարների տակով մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ գազատարների անցկացման դեպքում թույլատրվում է կրճատել նախորդ (7-րդ) կետով սահմանված նորմերը: Նախագծման նորմերը` նախատեսված տարածությունը մինչև շենքերը և ստորգետնյա շինությունները հիսուն տոկոսով, եթե այդ հատվածներում և շենքի ու շինությունների յուրաքանչյուր կողմից հինգ մետր հեռավորության վրա գազատարներ անցկացնելուց օգտագործվում են անկար խողովակներ, ճկած կամ մամլած խողովակաոստեր` բոլոր կարերի ռենտգենո- և հոմոգրաֆիկական ստուգումից և բավականին ուժեղացված մեկուսացում տեղակայելուց հետո:

9) Հեռավորությունը գազատարների և ծառերի բների միջև պետք է լինի ոչ պակաս, քան 1.5 մետր: Գազատարից մինչև թփերը հեռավորությունը չի նորմավորվում:

10) Մեկ խրամուղում երկու կամ ավելի գազատարներ անցկացնելիս /միևնույն կամ տարբեր մակարդակներով/ դրանց միջև եղած հեռավորությունը պետք է լինի բավարար հավաքակցման /մոնտաժման/ և նորոգման աշխատանքների կատարման համար, բայց 0.4 մ-ից ոչ պակաս` մինչև 300 մմ տրամագծով խողովակների համար, և 0.5 մ-ից ոչ պակաս` 300 մմ-ից ավելի տրամագծի խողովակների համար:

11) Արդեն իսկ շահագործվող գազատարի հարևանությամբ նոր գազատար կառուցելիս` հեռավորությունը դրանց միջև պետք է ընտրվի շինարարության ընթացքում արդեն իսկ գոյություն ունեցող գազատարի պահպանման ապահովության պայմաններից` հավելված N 4-ում նշված մեծությունից ոչ պակաս:

12) Ընդհանուր խրամուղում միաժամանակ մինչև 0.3 ՄՊա ճնշման գազատարի և այլ ստորգետնյա կապուղիների /բացառությամբ մալուխային գծերի/ անցկացման դեպքում դրանց միջև հորիզոնական ուղղությամբ հեռավորությունը պետք է լինի 0.8 մ-ից ոչ պակաս:

13) Ներթաղամասային կուտակիչների /կոլեկտորների/, տեխնիկական ներքնահարկերի և տեխնիկական միջանցքների միջով գազատարների անցկացման դեպքում դրանք պետք է հագեցվեն անընդհատ և անխափան գործող օդափոխման համակարգով, որը ապահովում է մեկ ժամվա ընթացքում նվազագույնը եռապատիկ օդափոխություն, ինչպես նաև հատուկ գազայնացվածության ահազանգման հեռակառավարվող համակարգով: Ահազանգերը պետք է գրանցվեն դիսպետչերական կետում, որտեղ կազմակերպվում է սպասարկող անձնակազմի շուրջօրյա հերթապահություն:

Ներթաղամասային կուտակիչների/կոլեկտորների, տեխնիկական ներքնահարկերի և տեխնիկական միջանցքների միջով թույլատրվում է միայն ցածր ճնշման գազատարների անցկացում: Այդ շինություններում 50 մմ և ավելի պայմանական տրամագիծ ունեցող գազատարների եռակցման կարերը պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով:

Կուտակիչներում/կոլեկտորներում, տեխնիկական ներքնահարկերում և տեխնիկական միջանցքներում արգելվում է գազատարների վրա փականների տեղադրումը: Այդ հատվածներում գծային անջատող փականներ տեղադրելու անհրաժեշտության դեպքում վերջիններս պետք է գտնվեն հերմետիկ խցիկում կամ տեղակայվեն կուտակիչից/կոլեկտորից դուրս:

Տեխնիկական միջանցքները և ներքնահարկերը, որոնցով անցնում են գազատարները, արգելվում է օգտագործել որպես պահեստ կամ այլ նպատակներով: Պետք է ապահովվի դրանց շուրջօրյա անխափան հասանելիությունը սպասարկող անձնակազմի համար: Արգելվում է կուտակիչներում/կոլեկտորներում, տեխնիկական ներքնահարկերում և միջանցքներում հեղուկ գազի գազատարների անցկացումը:

Արդյունաբերական կազմակերպությունների համար կիսաանցումային խրամուղիներում կամ կուտակիչներում/կոլեկտորներում թույլատրվում է մինչև 0.6 ՄՊա ճնշման գազատարների անցկացնելը այլ խողովակաշարերի և կապի մալուխների հետ միասին` պարտադիր լուսավորության և օդափոխման համակարգերի առկայության պարագայում: Արգելվում է ընդհանուր խրամուղիներում և կուտակիչներում /կոլեկտորներում միաժամանակ անցկացնել գազատարները և ուժային մալուխները:

14) Շենքերի հենքերը հատելու հատվածում /շենքի ներանցման հատվածում, ինչպես նաև գետնախարսխային մուտքերի հատվածներում/ գազատարը, որպես կանոն, պետք է մեկուսացվի պողպատյա պատյանով: Թույլատրվում է այլ նյութերից պատրաստված պատյանների կիրառում, եթե դրանք համապատասխանում են ամրության և երկարակեցության պահանջներին: Պատյանի սահմաններում գազատարը չպետք է ունենա կցվանքներ:

Հենքից մինչև գազատարի ամենամոտիկ կցվանք հեռավորությունը պետք է լինի 0.5 մ-ից ոչ պակաս: Հենքից 2 մ հեռավորության վրա գտնվող բոլոր 500 Պա ճնշման գազատարների և 4 մ հեռավորության վրա գտնվող բոլոր 500 Պա-ից մինչև 0.03 ՄՊա ճնշման գազատարների կցվանքները պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով:

Գազատարի և պատյանի միջև տարածությունը պետք է լցափակված լինի բիտումով և խեժապատ խծուծով, խողովակները և խողովակաոստերը ծածկված լինեն բավականին ամուր մեկուսիչով:

Շենքի հենքով գազատարի պատյանի անցման հատվածները պետք է լինեն պատշաճ կերպով ամրացված:

15) Ստորգետնյա ցածր ճնշման գազատարի հորիզոնական հատվածի միացումը գետնախարսխային մուտքի խողովակի հետ պետք է լինի եռակցումային, ճկված և ուժեղ ճկված միացումների կիրառմամբ, և ստուգված վերահսկման ֆիզիկական մեթոդներով:

Գետնից/հողածածկից դուրս եկող գազատարի հատվածը պետք է լինի պաշտպանված բոլոր տեսակի վնասակար ազդեցություններից:

16) Կապուղային խրամուղիները /թունելները/, հետիոտնային թունելները, կուտակիչները/կոլեկտորները և այլ նմանատիպ ստորգետնյա շինությունները հատող գազատարները, ինչպես նաև հատվող շինությունների միջով անցնող գազատարները պետք է տեղակայվեն հակակոռոզիոն ծածկույթ ունեցող պատյաններում:

Պատյանների եզրերը պետք է դուրս հանվեն հատվող շինության արտաքին պատերից նվազագույնը 2 մ հեռավորության վրա բոլոր ուղղություններով, հենված լինեն բնական կամ արհեստական ամուր գրունտի վրա և ամրացված լինեն խեժապատ խծուծով` բիտումի լցոնմամբ:

Շինությունները հատող գազատարների եռակցման կարերը հատման մասում և շինությունից դուրս բոլոր ուղղություններով 5 մ հեռավորության վրա պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով:

Կուտակիչների/կոլեկտորների, թունելների, հորատանցքերի պատերի այն հատվածները, որոնք հատվում են պատյանով, պետք է պատշաճ կերպով ամրացված լինեն:

Չի թույլատրվում 0.6 ՄՊա և ավելի ճնշման գազատարների անցկացումը վերոնշված շինությունների պատերի միջով:

Գազատարների և ջեռուցման ցանցերի հատման տեղերում թույլատրվում է գազատարների անցկացումը ջեռուցման ցանցի խցիկների, շինությունների, փակուղային խրամուղիների միջով:

Հորիզոնական ուղղությամբ հեռավորությունը գազատարների և ջեռուցման ցանցերի խցիկների միջև պետք է լինի 0.3 մ-ից ոչ պակաս:

ՈՒղղահայաց հեռավորությունը գազատարների և թունելների ու կապուղիների միջև պետք է լինի 0.2 մ-ից ոչ պակաս:

17) Պատյաններում ստորգետնյա գազատարների անցկացման դեպքում եռակցման կարից մինչև պատյանը նվազագույն հեռավորությունը պետք է լինի 100 մմ-ից ոչ պակաս:

18) Շինարարական հրապարակներում մետաղի կտրման համար բնական և հեղուկ գազի /պրոպան-բութան/ օգտագործման դեպքում թույլատրվում է ստորգետնյա և արտաքին եղանակներով ժամանակավոր գազատարների անցկացում թթվածնատարերի հետ զուգահեռ: Ստորգետնյա անցկացումը հնարավոր է այն տեղերում, որտեղ չի նախատեսվում տրանսպորտի երթևեկություն` 0.6 մ մինչ խողովակի վերին եզրը նվազագույն խորության և գազատարի և թթվածնատարի միջև հորիզոնական ուղղությամբ նվազագույնը 400 մմ հեռավորության պայմաններում: Արտաքին/վերգետնյա անցկացումը թույլատրվում է ամբարձիչների ուղիներին զուգահեռ երկաթբետոնյա սյունակների վրա, ինչպես նաև անմիջականորեն փայտակոճերի վրայով:

Այդ հատվածներում չի թույլատրվում անջատող սարքերի տեղադրումը:

19) Գազատարների վրա անջատող սարքավորումները պետք է տեղադրվեն հետևյալ հատվածներում`

ա/ գազատարների ԳԿԿ-ներին և գազի պահոցների ներանցման և արտանցման հատվածներում,

բ/ առանձին բնակելի, հասարակական և արտադրական շենքերին և հարակից շենքերի /երկու և ավելի/ խմբին գազատարի միացման հատվածում, նախքան բացօթյա գազօգտագործող սարքերը /շարժական կաթսայատներ, բիտումի եփման կաթսաներ և այլն/,

գ/ երկու գծով անցկացվող գազատարների և ջրային արգելքների հատման հատվածներում, ինչպես նաև եթե ջրային արգելքների նվազամակարդակային հորիզոնը կազմում է 50 մ և ավել,

դ/ կուտակիչներում/կոլեկտորներում գազատարների անցկացման դեպքում /միացման հատվածում, իսկ օղակաձև ցանցերի դեպքում` նաև ելքի հատվածում/:

Բացի այդ, անջատող սարքերը կարող են տեղադրվել հետևյալ տեղերում.

ե/ բոլոր ճնշումների բաշխիչ գազատարների վրա` գազամատակարարման առանձին հատվածների անջատման համար,

զ/ բոլոր ճնշումների բաշխիչ գազատարներից դեպի կազմակերպություններ, առանձին բնակելի թաղամասեր, բնակելի և հասարակական շենքերի խմբեր տանող ճյուղավորումների վրա,

է/ բոլոր ճնշումների բաշխիչ գազատարների և երկաթգծերի, I և II կարգի ավտոճանապարհների և քաղաքային ավտոմայրուղիների հատման տեղերում:

Անջատող սարքավորումները/փականները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի անհրաժեշտության դեպքում /վթարի դեպքում և այլն/ ապահովվի գազատարի առանձին հատվածների կամ միկրոշրջանների արագ անջատումը:

20) Որպես կանոն, ստորգետնյա գազատարների վրա անջատող սարքավորումը պետք է տեղադրվի դիտահորերում: Թույլատրվում է փականների արտաքին տեղադրում` պատնեշապատ:

Կցորդիչների օգնությամբ գազատարին միացվող պողպատյա և թուջե փականները պետք է տեղադրվեն փոխհատուցիչների հետ միասին:

ա/ Եթե պողպատյա փականը միացվում է գազատարին եռակցման եղանակով, ապա փոխհատուցիչների տեղադրումը պարտադիր չէ: Տեղադրվող փոխհատուցիչների քանակը և դրանց կառուցվածքը/տեսակը որոշվում են նախագծող կազմակերպության կողմից:

բ/ Հեղուկ գազի գազատարների վրա փականների տեղադրման դիտահորերը պետք է փորել այնպիսի խորությամբ, որ փականներն ամբողջությամբ գտնվեն գետնի մակերևույթից ցածր, բայց ունենան 1 մ-ից ոչ ավելի խորություն:

21) Ստորգետնյա գազատարի վրա անջատող փական տեղադրելու համար նախատեսված դիտահորը պետք է գտնվի սպասարկման համար հարմարավետ և մատչելի տեղում` կառուցապատման գոտուց, շենքի պատից, արդյունաբերական կամ կոմունալ կազմակերպության պարսպապատից նվազագույնը 2 մ հեռավորության վրա:

Դաշտային պայմաններում դիտահորերը պետք է ունենան 0,4-0,5 մ բարձրություն` հեշտությամբ բացվող մետաղյա ծածկով/փականով:

22) Գազատարների վրա տեղադրվող խողովակատարային փականների հաղորդակների էլեկտրասարքավորումը պետք է լինի հակապայթյունավտանգ, որը պետք է ընդունվի ամենաբարձր կարգի պայթավտանգավոր խառնուրդի բաղադրիչի հաշվարկով:

23) Հիդրավլիկ փականները որպես անջատող սարքեր թույլատրվում է օգտագործել միայն ցածր ճնշման գազատարների վրա: Հիդրավլիկ փականի հեղուկի սյան աշխատանքային բարձրությունը պետք է առնվազն 200 մմ-ով գերազանցի գազատարի աշխատանքային ճնշման ամենամեծ ցուցանիշը: Հիդրավլիկ փականների տեղադրման դեպքում պետք է կատարվեն III բաժնի 24 կետում նշված պահանջները:

24) Կոնդենսատահավաքարանները և հիդրավլիկ փականները պետք է տեղադրվեն դրանց մեջ եղած ջրի սառչելը բացառող խորության վրա:

Գազատարներին կոնդենսատահավաքարանները միացվում են միայն եռակցման եղանակով:

Կոնդենսատահավաքարաններից կոնդենսատի հեռացման խողովակները պետք է ուղղվեն դեպի գետնի մակերես` ծածկաշերտի տակ, կամ ցածր տեղակայման դիտահորի արտաքին ծածկի տակ: Կոնդենսատահավաքարանները և հիդրոփականները պետք է պատրաստվեն գործող նորմերին համապատասխան:

25) Ծածկաշերտը պետք է տեղադրվի կայունությունը և ամրությունն ապահովող բետոնյա, երկաթբետոնյա և այլ հիմքերի վրա: Կոնդենսատահավաքարանի խողովակի խցանի կամ ծորակի և ծածկաշերտի կամ դիտահորի արտաքին ծածկի միջև հեռավորությունը պետք է լինի 10 սմ-ից ոչ պակաս:

26) Լեռնային հորատանցման շրջաններում գործարկվող տարածքների սահմաններում անցնող ստորգետնյա գազատարի վրա վերահսկող խողովակները պետք է տեղադրվեն իրարից 50 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Վերահսկող խողովակները պետք է դուրս բերվեն գետնի մակերես` ծածկաշերտի տակ:

27) Բնակավայրերի տարածքով անցնող գազատարի վրա հսկիչ-չափիչ կետերը պետք է տեղակայվեն իրարից 200 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, իսկ բնակավայրերի տարածքից դուրս` 500 մ հեռավորության վրա: Հսկիչ-չափիչ կետերը պետք է տեղակայվեն նաև գազատարների և էլեկտրիֆիկացված տրանսպորտի ռելսային գծերի ու 50 մ-ից ավելի լայնք ունեցող ջրային արգելքների հետ` փոխհատման տեղերում:

Էլեկտրապոտենցիալների չափման համար կարող են օգտագործվել փականները, ներանցիչները/մուտքերը, կոնդենսատահավաքները և գազատարների վրա գտնվող այլ սարքավորումները ու շինությունները:

28) Արտաքին գազատարների վրա չի թույլատրվում փականների, կոնդենսատահավաքարանների և այլ սարքավորումների տեղադրումը էլեկտրահաղորդման գծերի հետ հատման կետից 10 մ-ից պակաս հեռավորության վրա:

29) Չի թույլատրվում գազատարների հատումը երկաթուղային տրանսպորտի ռելսային գծերի սլաքների և խաչաձև հատման, ինչպես նաև հեռացնող մալուխների միացման կետերի տակ:

Թույլատրվում է գազատարների հատումը երկաթուղային գծերի հետ համապատասխանաբար 10 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

30) Միջին և ցածր ճնշման գազատարները կարելի է անցկացնել հրակայունության առնվազն VI աստիճան ունեցող բնակելի և հասարակական շենքերի արտաքին պատերի վրայով, իսկ բոլոր ճնշման գազատարները` առանձին կանգնած չհրկիզվող սյուների /հենքերի/ վրայով:

50 մմ պայմանական տրամագիծ ունեցող ցածր ճնշման գազատարները թույլատրվում է անցկացնել հրակայունության V աստիճան ունեցող /փայտյա/ բնակելի շենքերի արտաքին պատերի վրայով:

31) Արդյունաբերական կազմակերպությունների տարածքով արգելվում է արտաքին գազատարների անցկացումը էստակադներով, առանձին կանգնած հրկիզվող սյուներով կամ հենքերով:

Արդյունաբերական կազմակերպություններում չի թույլատրվում արտաքին գազատարների անցկացումը հրկիզվող ծածկերի և պատերի վրայով, այն շենքերի ծածկերով և պատերով, որտեղ պահվում են պայթավտանգավոր նյութեր, հրկիզվող և պայթավտանգավոր նյութերի պահեստների տարածքով, ինչպես նաև միջանցք-անցումներով (այրելիության խումբը և հրակայունության նվազագույն սահմանը ըստ հավելված N 37-ի):

32) Հենքերի/սյուների վրայով անցնող արտաքին գազատարներից մինչև շենքերը և շինությունները հորիզոնական հեռավորությունը, ինչպես նաև արտաքին գազատարների անցկացման բարձրությունը պետք է լինեն ոչ պակաս, քան հավելված N 5-ում և N 6-ում սահմանված մեծությունները: Հեռավորությունը հենքերով/սյուներով անցկացրած ցածր ճնշման գազատարներից մինչև ժամանակավոր շինությունները /ժամանակավոր ջերմոցներ, այլ շինություններ/ չի կանոնակարգվում:

33) Գազատարների և ակտիվ կոռոզիոն հեղուկներ տեղափոխող խողովակաշարերի համատեղ անցկացման դեպքում վերջիններս պետք է տեղակայվեն գազատարի կողքը կամ ստորին մասում` առնվազն 250 մմ հեռավորության վրա: Ակտիվ կոռոզիոն հեղուկների խողովակաշարերի վրա կցորդիչային միացումների առկայության դեպքում պարտադիր է պաշտպանիչ ծածկի տեղադրումը, ինչը կբացառի այդ հեղուկների շփումը գազատարի հետ:

34) Մի քանի արտաքին գազատարների կամ գազատարների և այլ խողովակաշարերի համատեղ անցկացման դեպքում թույլատրվում է այլ գազատարների կամ խողովակաշարերի ամրացումը միջին և ցածր ճնշման գազատարին, եթե հենասարքերի ու գազատարների ամրության պաշարի հաշվարկով ընդունելի է: Նման միացումների հնարավորությունը որոշվում է նախագծող կազմակերպության կողմից: Այդ նպատակներով բարձակների եռակցումը թույլատրվում է միայն արդյունաբերական կազմակերպությունների տարածքով անցնող գազատարների վրա: Բարձակները պետք է եռակցվեն 6 մմ-ից ոչ պակաս խողովակի պատի հաստություն ունեցող գազատարների վրա ամրացված օղակաձև կողերին կամ ամրաններին: Նման ամրանների և բարձակների եռակցումը բարձր ճնշման գազատարներին արգելվում է:

Շահագործվող գազատարներին հավելյալ ամրանների և բարձակների եռակցումը կարող է իրականացվել միայն շահագործող կազմակերպության կողմից:

35) Արտադրամասերից ակտիվ կոռոզիոն գազերով կամ գոլորշիով աղտոտված օդի բացթողման տեղերով անցկացրած արտաքին գազատարները պետք է ունենան հակակոռոզիոն ծածկույթ/մեկուսացում:

36) Հենքերի վրա մինչ 200 մմ տրամագիծ ունեցող գազատարների տեղադրման դեպքում դրանց եռակցման կարերը պետք է գտնվեն հենքի եզրից առնվազն 300 մմ հեռավորության վրա, 200 մմ-ից ավելի տրամագիծ ունեցող գազատարների պարագայում` 500 մմ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

Պողպատյա կարային խողովակներից կազմված գազատարը պետք է կարերով չհենվի հենքին: Գազատարի կարերը պետք է հասանելի լինեն ստուգման/զննման համար:

Փականների կցորդիչներից կամ փոխհատուցիչներից մինչև հենքը հեռավորությունը պետք է լինի 400 մմ-ից ոչ պակաս:

37) Շենքերի ծածկերի վրայով գազատարներ անցկացնելու դեպքում գազատարի ստորին եզրը պետք է գտնվի ծածկից առնվազն 0,5 մ հեռավորության վրա: Գազատարի վրա փականների և այլ սարքավորումների սպասարկման համար պետք է կառուցվեն աշխատանքային հրապարակներ: Գազատարը չպետք է վատթարացնի տանիքներին/կտուրներին լուսարձակներ/լուսամուտներ ունեցող շենքերի լուսավորման և օդափոխման պայմանները:

38) Շենքերի արտաքին պատերի, էստակադների, հենքերի վրայով գազատարների անցկացման դեպքում գազատարը գետնից դուրս գալու հատվածում պետք է պաշտպանված լինի բոլոր տեսակի վնասակար ազդեցություններից:

39) Շենքի պատերի վրայով անցկացրած գազատարները չպետք է հատեն լուսամուտների և դռների բացվածքները:

Արտադրամասերում և ջեռուցման կաթսայատներում թույլատրվում է միջին և ցածր ճնշման գազատարների անցկացումը լուսամուտների անցքերի չբացվող /խուլ/ հատվածների մասով:

Բարձր ճնշման գազատարները թույլատրվում է անցկացնել միայն խուլ /ամբողջական/ պատերով կամ արտադրական շենքերի վերջին հարկերի լուսամուտների վերին մասով:

40) Շենքերի արտաքին պատերի լուսամուտների և պատշգամբների տակով անցնող գազատարների հատվածների վրա չի թույլատրվում կցորդիչային միացումների կամ փականների տեղադրումը:

41) Անցկացման համար օգտագործվող շենքի արտաքին պատերի և գազատարի միջև եղած հեռավորությունը պետք է ապահովի գազատարների և դրանց վրա տեղադրված փականների ու սարքավորումների դիտարկման և վերանորոգման հնարավորությունը:

42) Շենքերի արտաքին պատերով անցկացրած գազատարների և էլեկտրական լարերի /պաշտպանված և ոչ մեկուսացրած/ հատման տեղերում, ինչպես նաև դրանց զուգահեռ անցկացման դեպքում պետք է պահպանվեն հավելված N 8-ում բերված նվազագույն հեռավորությունները:

43) Հեռավորությունը գազատարից մինչև անջատիչները և վարդակները պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս:

Հեռավորությունը գազատարից մինչև բաշխիչ տուփերը և ցածր լարման կապուղիները /ռադիոմիացումները, ալեհավաքները/ պետք է պահպանվի նույն չափով, որքանով դա պարտադիր է մեկուսացրած և արտաքին եղանակով անցկացրած էլեկտրական լարերի համար:

44) Շենքերի արտաքին պատերի վրայով անցկացրած գազատարների և կապի համակարգի շինությունների միջև հեռավորությունը /մոտեցման և հատման պարագայում/ պետք է պահպանվի հավելված N 8-ում բերված չափերը:

45) Միևնույն հենքերի վրա միաժամանակ գազատարների և էլեկտրալարերի անցկացումը պետք է իրականացվի` 0,8-ից ոչ ավելի խտությամբ /օդի համեմատությամբ/ գազ տեղափոխող գազատարները պետք է տեղակայվեն էլեկտրահաղորդման գծերից բարձր, իսկ 0,8-ից բարձր /օդի համեմատությամբ/ խտությամբ` էլեկտրահաղորդման գծերից ցածր:

46) Որպես կանոն, միջին և ցածր ճնշման գազատարների մուտքերի վրա գտնվող անջատող սարքերը տեղադրվում են շենքի արտաքին մասում` սպասարկման համար հարմարավետ և մատչելի տեղում: Թույլատրվում է նաև անջատող սարքերի տեղադրումը շենքի ներսում /աստիճանավանդակներում, միջանցքներում, անցումներում/:

Շենքի պատերին տեղադրվող բարձր ճնշման գազատարների ներանցման անջատող սարքերը պետք է գտնվեն դռան անցումից բարձր: Անջատող սարքի տեղակայման պատը չպետք է ունենա բացվող լուսամուտ և օդափոխման անցքեր:

47) Որպես կանոն, հեղուկ գազի գազատարի ներանցման վրա գտնվող անջատող սարքերը պետք է տեղակայվեն շենքի արտաքին մասում:

Գազատարի ներանցման վրա անջատող սարքի տեղադրումը աստիճանավանդակներում կամ անցումներում պահանջում է գազատարից կոնդենսատի հեռացման սարքի տեղադրում շենքի արտաքին մասում:

48) 2,2 մ և ավելի բարձրության վրա փականներ տեղադրելու դեպքում չհրկիզվող նյութերից պետք է սարքավորվեն փականների սպասարկման համար նախատեսված աստիճաններով ապահովված հրապարակներ/տարածքներ կամ էլ խնդիրը պետք է լուծվի հեռակառավարման եղանակով:

Ոչ հաճախ օգտագործվող փականների սպասարկման համար կարելի է կիրառել շարժական սանդուղքներ:

49) Բոլոր ճնշումների գազատարների անցումները գետերով, ջրանցքներով, այլ ջրային արգելքներով, ինչպես նաև ձորերով, երկաթուղային գծերով, ավտոճանապարհներով և այլն, կարող են լինել ստորջրյա /դյուկերային/, ստորգետնյա կամ անդրցամաքային /անդրջրային/:

50) Բոլոր երկաթուղային գծերով, ավտոճանապարհներով, ջրային արգելքների վրայով /գետեր, ջրանցքներ և այլն/ անցնող գազատարների եռակցումային կարերը/ կցվանքները, ինչպես նաև կամուրջներով, ջրամբարներով, այլ հիդրոտեխնիկական շինություններով կամ ավտոճանապարհների տակով անցկացրած գազատարների եռակցման կարերը/կցվանքները պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով:

51) Յուրաքանչյուր գազատարի ջրատակյա անցումի հատվածում պետք է տեղադրված լինեն պահպանվող գոտու սահմանված տիպի ազդանշանային սարքեր, իսկ յուրաքանչյուր անցման մոտ` մշտական /տևական հենանիշեր/: Մինչև 50 մ գետի հոսքի տեղային/ հոսքի լայնքի պարագայում` մեկ ափի վրա, ավելի մեծ լայնքի/հոսքի դեպքում` յուրաքանչյուր ափի վրա:

52) Մինչև 0,6 ՄՊա ճնշում ունեցող գազատարները կարող են անցկացվել չհրկիզվող /երկաթբետոնյա, մետաղյա և քարե/ հետիոտնային և ավտոկամուրջներով, մինչև 1,2 ՄՊա` ջրամբարներով և այլ հիդրոտեխնիկական շինություններով:

Կամուրջներով անցկացվող գազատարները պետք է կատարվեն միայն պողպատյա խողովակներից և օժտված լինեն փոխհատուցող սարքավորումներով: Կամուրջների կապուղիների մեջ գազատարների տեղակայումը արգելվում է:

Կամուրջներին կցվող/կամուրջների հետ փոխկապակցվող գազատարները պետք է տեղակայվեն այնպես, որ բացառվի կամրջի շինություններում գազերի կուտակման հնարավորությունը:

53) Գյուղական բնակավայրերում սեզոնային գործողության/կիրառման սարքավորումների համար թույլատրվում է.

ա/ ժամանակավոր` պողպատյա խողովակներից եռակցման եղանակով պատրաստված ստորգետնյա գազատարների անցկացումը 0,3 մ-ից ոչ պակաս խորության վրա, այդ դեպքում գազատարները պետք է ունենան նորմալ տիպին համապատասխանող պաշտպանիչ ծածկույթներ, ճանապարհների հատման դեպքում գազատարները պետք է ծածկված լինեն պատյաններով.

բ/ մինչև 50 մմ տրամագծով պարուրակամիացումների եղանակով կառուցված արտաքին գազատարների անցկացում, այս դեպքում արտաքին գազատարները պետք է լինեն պաշտպանված հնարավոր բացասական մեխանիկական ազդեցություններից.

գ/ ժամանակավոր ռետինե խողովակաշարերի անցկացումը հենքերի/սյուների վրայով կամ գետնի մակերեսով, այդ դեպքում միացնող խողովակների երկարությունը չպետք է գերազանցի 30 մ, գազատարները պետք է պաշտպանված լինեն գյուղատնտեսական և այլ ավտոմեքենաների վնասակար ազդեցությունից: Գետնի մակերեսով անցկացնելու դեպքում գազատարների ուղեգիծը պետք է նշված լինի համապատասխան նշաններով:

Սեզոնային գործունեության սարքավորումների համար թույլատրվում է մինչև 0,3 ՄՊա ճնշմամբ գազի կիրառումը:

 

1. ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՉ ՄԵՏԱՂՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻՆ

 

54) Ոչ մետաղյա խողովակները թույլատրվում է օգտագործել գազամատակարարման ցանցում և գազասպառման համակարգերում մետաղյա խողովակների փոխարեն, եթե դրանց կիրառման պայմանները, որոնք բերված են հավելված N 9-ում և հնարավորությունները համապատասխանում են ՀՀ կառավարության 29 հոկտեմբերի 2004 թ. N 1843-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգի և ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04 պահանջներին:

Չի թույլատրվում անցկացնել ոչ մետաղյա խողովակներից կազմված գազատարները կուտակիչներում/կոլեկտորներում և խրամուղիներում/:

10օ-ից ավելի թեքություն ունեցող մակերեսի վրա ոչ մետաղյա խողովակներից կազմված գազատարի անցկացման դեպքում անհրաժեշտ է կատարել նախագծով նախատեսված խրամուղու փլուզումը բացառող բոլոր միջոցառումները:

55) Ոչ մետաղյա խողովակաշարերի ճյուղավորումների միացումները պետք է կատարվեն ստանդարտ/համընդհանուր ձևավոր մասերի կիրառմամբ կամ ոչ մետաղյա գազատարների բաղկացուցիչ մաս հանդիսացող պողպատյա մասերի/ներդիրների մեջ մեխանիկական ամրացման եղանակով: Մետաղյա բաղադրամասի/ներդիրի երկարությունը պետք է լինի մեկ մետրից ոչ պակաս, իսկ հեռավորությունը` բաղադրամասերի/ներդիրների միջև առնվազն 100 մ:

56) Գազատարների անցումները երկաթուղային գծերի, ավտոճանապարհների տակով, ձորերի, գետերի, ճահիճների վրայով, ինչպես նաև շենքերի ներանցիչները պետք է կատարվեն պողպատյա խողովակներից:

57) Փականների և կոնդենսատահավաք սարքավորումների միացումը ոչ մետաղյա գազատարներին պետք է կատարվի պողպատյա ներդիրների միջոցով:

58) Գազատարների մետաղյա մասերը/հատվածները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից:

59) Արգելվում է ոչ մետաղյա /վինիպլաստային և պոլիէթիլենային/ խողովակներից գազատարների անցկացումը մինուս 40 oC-ից ցածր հաշվարկային ձմեռային ջերմաստիճաններ ունեցող շրջաններում, սողանքային գրունտներում:

60) Վինիպլաստային խողովակներից կազմված գազատարները թույլատրվում է օգտագործել միայն այն շրջաններում, որտեղ դրանց անցկացման խորության մակարդակին ջերմաստիճանը չի նվազում մինուս 5 oC:

61) Ոչ մետաղյա ստորգետնյա գազատարների հեռավորությունը շենքերից և շինություններից հորիզոնական ուղղությամբ պետք է լինի Հավելված 2-ում նշված չափանիշներից ոչ պակաս, իսկ գազատարի և այլ կապուղիների հատման կետում ուղղահայաց ուղղությամբ` Հավելված 3-ում նշված մեծություններից ոչ պակաս:

62) Նույն խրամուղում երկու գազատարներ անցկացնելու դեպքում /պոլիէթիլենային կամ վինիպլաստային, ինչպես նաև ոչ մետաղյա և պողպատյա խողովակների պարագայում/ դրանց միջև եղած հեռավորությունը պետք է ապահովի գազատարների մոնտաժի և վերանորոգման հնարավորությունը, բայց 0,5 մ-ից ոչ պակաս:

63) Ստորգետնյա շինությունների կուտակիչների/կոլեկտորների, ջրմուղի, կոյուղու կամ ջերմամատակարարման ցանցերի և ոչ մետաղյա գազատարների հատման տեղերում ոչ մետաղյա խողովակները պետք է տեղակայվեն մետաղյա խողովակներից պատրաստված պատյաններում: Պատյանների եզրերը պետք է դուրս բերվեն հատվող շինությունների պատերից առնվազն 2 մ հեռավորության վրա:

Ջեռուցման համակարգի խողովակների /ջերմամատակարարման ցանցի ոչ խրամուղային անցկացման դեպքում/ և գազատարի պատյանի խաչման տեղում դրանց միջև հեռավորությունը ուղղահայաց ուղղությամբ պայմանավորված է տվյալ տեղանքով, սակայն չպետք է լինի 0,5 մ-ից պակաս:

64) Պոլիէթիլենային գազատարների վրա գտնվող վերահսկողական խողովակները պետք է տեղադրված լինեն ոչ մետաղյա և պողպատյա խողովակների անտարանջատելի միացումների տեղերում, և գազատարների ու ջերմամատակարարման ցանցերի հատման մասերում:

Վերահսկողական խողովակները տեղադրվում են պատյանի յուրաքանչյուր եզրի վրա:

65) Պոլիէթիլենային խողովակների միացումը կատարվում է կոնտակտային եռակցման եղանակով` կցվանքի կամ փողալայնուկի տեսքով:

66) Պոլիէթիլենային և պողպատյա խողովակների միացումները կարող են լինել ինչպես անտարանջատելի, այնպես էլ տարանջատելի: Անտարանջատելի միացումները պետք է կատարվեն կցվանքա-փողալայնուկի միացումով: Այդ տարբերակը օգտագործվում է միջին և ցածր ճնշման գազատարների վրա:

Բարձր ճնշման գազատարների վրա պոլիէթիլենային և պողպատյա խողովակների միացումները պետք է լինեն միայն տարանջատելի և կցորդիչային: Կցորդիչային միացումների կիրառումը թույլատրվում է միայն դիտահորերում:

67) Վինիպլաստային խողովակների անտարանջատելի միացումները, ինչպես նաև դրանց և պողպատյա խողովակների միջև միացումները կարող են լինել կցվանքային` սոսնձի հիման վրա: Վինիպլաստային խողովակների տարանջատելի միացումները պետք է լինեն կցորդիչային` դիտահորերում:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2005
N 2399-Ն
Որոշում