Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎՃԻՌՆ ՕՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

    դատարանի որոշում                      Վարչական գործ թիվ ՎԴ/11689/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/11689/05/17      2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի նոյեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի (այսուհետ` Կառավարիչ) ընդդեմ Կոմիտեի, երրորդ անձ Նախարարություն` 04.11.2016 թվականին ՀՀ պետական բյուջե վճարված 10.020.675 ՀՀ դրամ գումարը «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին փոխանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին 04.11.2016 թվականին ՀՀ պետական բյուջե վճարված 10.020.675 ՀՀ դրամ գումարը փոխանցել «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 30.01.2018 թվականի որոշմամբ սույն գործի վարույթն ըստ հայցի Կառավարչի ընդդեմ Նախարարության ներկայացված պահանջի մասով կարճվել է:

Դատարանի 31.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի և Նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 31.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ա. Մնացականյան) և Նախարարությունը (ներկայացուցիչ` Ա. Ջանջուղազյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Կոմիտեի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեն որևէ իրավական ակտի հիման վրա չի կրել խնդրո առարկա պետական տուրքի գումարները չընդունելու պարտավորություն:

Ստորադաս դատարանները չեն պարզել, թե արդյոք վճարված պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումը հայցվորը ներկայացրել է պատշաճ մարմնին և պատշաճ ձևով, արդյոք կից ներկայացվել են պետական տուրքի վերադարձը հիմնավորող տեղեկանքներ, թե` ոչ:

Ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ պահանջվող գումարը վճարված է եղել 04.11.2016 թվականին, որի դիմաց «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերությունը ստացել է համապատասխան իրավունք` իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություն և հանքարդյունահանում` տարեկան կտրվածքով: Այսինքն` վճարված գումարը թե՛ հայցադիմումի ներկայացման պահին` 25.10.2017 թվականին, թե՛ վճիռ կայացնելու պահին` 31.07.2018 թվականին, արդեն իսկ ծառայած է եղել իր նպատակին:

Հետևաբար, 2016 թվականին լիցենզավորվող գործունեություն իրականացնելու համար վճարված գումարը չի կարող ենթակա լինել վերադարձման` անկախ այն հանգամանքից, թե 04.11.2016 թվականից հետո «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերությունը փաստացի գործունեություն իրականացրել է, թե` ոչ:

Ընդ որում, դատարանի վճռով սնանկ ճանաչվելուց հետո «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերությունն իրավունք ունի ծավալելու բնականոն ընթացիկ գործունեություն, իսկ վերջինիս բնականոն գործունեությունն առանց լիցենզիայի առկայության հնարավոր չէ: Հետևաբար` տարեկան պետական տուրքի վճարումը համարվում է պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների վճարում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

 

2.1. Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 5-րդ մասը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սնանկության գործընթացում պարտատիրոջ և պարտապանի գործողությունների` օրենքով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատումը և սնանկ ճանաչված ընկերության պարտատիրոջը ներկայացված գումարի վերադարձման պահանջին վերաբերող վեճը չի բխում հանրային իրավահարաբերություններից, հետևաբար, ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:

Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ինքնին, չի կարող մեկնաբանվել որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և պարտապանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացում (հոդվածի 1-ին մասի ոչ կիրառելիություն)` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ մասին օրենքում ուղղակիորեն որևէ նշում առկա չէ:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերությունը, թիվ ԵԿԴ/0286/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչվելով, օրինական սպասելիք ունենալով, որ ի վիճակի է բավարարել պարտատերերի պահանջները, շարունակել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում և ՀՀ վճռաբեկ դատարանում վիճարկել 01.11.2016 թվականի սնանկության վճիռը, հետևաբար, տարեկան պետական տուրքի գումարը չվճարելու դեպքում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` լիցենզավորող մարմինն իրավունք ուներ կասեցնելու լիցենզիայի գործողությունը, որի արդյունքում «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերությունը կզրկվեր բնականոն ընթացիկ գործունեություն ծավալելու իրավունքից, այդ իսկ պատճառով տարեկան պետական տուրքի վճարումը համարվում է պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների վճարում:

Վերաքննիչ դատարանը, որոշելով գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, սխալ է ընտրել կիրառման ենթակա իրավական նորմերը, որի հետևանքով հանգել է գործի սխալ լուծմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2016 թվականի վճռով Արաքսյա Բոժեվոլնովայի դիմումն ընդդեմ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության` պատասխանողին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է: «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ. թ. 4-7):

2) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2016 թվականի որոշմամբ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի լիազորությունները դադարեցվել են, և վերջինս նշանակվել է «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ (հատոր 1-ին, գ. թ. 8):

3) 04.11.2016 թվականին «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարվել է երկրաբանական ուսումնասիրության և հանքարդյունահանման լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի վճարման գումարից 10.020.675 ՀՀ դրամ գումարը (անվիճելի փաստ):

4) Կառավարիչը 11.09.2017 թվականին դիմել է Կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին` խնդրելով 04.11.2016 թվականին ՀՀ պետական բյուջե վճարված 10.020.675 ՀՀ դրամ գումարը փոխանցել «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին (հատոր 1-ին, գ. թ. 9):

5) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 15.09.2017 թվականի թիվ 11-7/37731-17 գրությամբ հայտնվել է, որ դատարանի որոշմամբ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության գործունեությունը կասեցված չի եղել, իսկ տարեկան պետական տուրքի վճարումը համարվում է պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների վճարում: Ընդ որում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 38-րդ  հոդվածով նախատեսված դեպքերը բացակայում են, իսկ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության կողմից նույն օրենքի 39-րդ հոդվածի պահանջների խախտում տեղի չի ունեցել, ուստի պետական բյուջե վճարված գումարները «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերությանը կամ Կառավարչին վերադարձնելու իրավական հիմքերը բացակայում են (հատոր 1-ին, գ. թ. 10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` սնանկ ճանաչված պարտապանի կողմից պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) գործողության ընթացքում իր պարտավորությունների կատարման հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ և 124-րդ հոդվածների խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` մորատորիումի գործողության ընթացքում, վերջինս իրավասու է կատարելու իր բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իմաստով:

- արդյո՞ք գործողության կատարման հայցի շրջանակներում դատարանը կարող է պարտավորեցնել վարչական մարմնին կատարելու այնպիսի գործողություն, որի համար վերջինս ՀՀ օրենսդրությամբ լիազորված չէ:

 

1) Առաջին հարցադրման մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի:

i

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության գործի ավարտը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե պայմանագրով նախատեսվում են (պարտապանի կողմից) պարբերական վճարումներ, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն նույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած դիրքորոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքն ուղղված է պարտատերերի շահերի պաշտպանությանը, որը դրսևորվում է նախ և առաջ անբարենպաստ ֆինանսական դրություն ունեցող ընկերության առողջացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ընկերության գույքի հաշվին պարտատերերի պահանջների բավարարմամբ:

Այսինքն` սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը:

(...)

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված պարտապանների պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է, որն սկսում է կիրառվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից (...):

i

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված մորատորիումը սկսում է գործել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից` անկախ այդ վճռի բողոքարկված լինելու հանգամանքից (տե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գրեյփ Նատուր» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ/0060/04/12 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած` մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե՛ս, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված` պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ` սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը` նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների` օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես` միջանկյալ բաշխման ծրագրին կամ ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Այսպես, օրինակ, ֆինանսական առողջացման ծրագրով սահմանվում է պարտատերերի պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումներ կատարելու կարգը, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառք կամ պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցում և այլն: Այսինքն` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի ֆինանսապես առողջացնել սնանկ ճանաչված պարտապանին: Հետևաբար, պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը, մի կողմից, բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից, պարտապանի շահերի ապահովումն է` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ` նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը (տե՛ս, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, որոնց նպատակը պարտատերերի իրավունքների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է: Այսինքն` դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց` պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ (տե՛ս, «ՍԱԴԵ» ԲԸ-ն ընդդեմ «Սպիտակ-1» ԲԲԸ-ի թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, ըստ էության, սահմանազատվում են պարտապանի նկատմամբ կիրառվող երկու տեսակի սահմանափակումներ, որոնցից մեկը կիրառվում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից, իսկ մյուսը` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սնանկության գործի քննության տարբեր փուլերում կիրառվող սահմանափակումների առկայությունը պայմանավորված է գործի քննության տվյալ փուլի առանձնահատկություններով, ընդ որում` յուրաքանչյուր փուլում կիրառվող սահմանափակումները հետապնդում են միևնույն նպատակը` վերականգնել պարտապանի վճարունակությունը, թույլ չտալ պարտապանի գույքի էական նվազեցում և ապահովել պարտատերերի պահանջների` օրենքով սահմանված հերթականության համաչափ բավարարումը: Միաժամանակ, նշված սահմանափակումները կիրառվում են դատարանի վերահսկողության ներքո: Հետևաբար, առանց դատարանի որոշման սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանին թույլատրվում է կատարել պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորություններ, իսկ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորություններ:

Վերոգրյալից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներն օբյեկտիվորեն համատեղությամբ գործել չեն կարող, քանի որ յուրաքանչյուրը հաջորդում է նախորդին` ըստ էության հանդիսանալով մյուսի շարունակությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից սկսված առանց դատարանի որոշման` պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելն արգելվում է: Միաժամանակ, այս փուլում թույլատրվում է պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների կատարումը:

Բացի այդ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, առանց դատարանի որոշման, արգելվում է պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, որից որպես բացառություն նախատեսվում են պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերը: Այսինքն` եթե առաջին դեպքում, այսինքն մինչև սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը պարտապանին թույլատրվում է առանց դատարանի որոշման կատարել վերջինիս բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները, ապա հաջորդ փուլում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, թույլատրվում է առանց դատարանի որոշման ֆինանսական առողջացման ծրագրերով նախատեսված գործողությունների կատարումը:

Դեռ ավելին, այն դեպքում, երբ պարտապանի կողմից ենթակա են կատարման պարբերական վճարումներ, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը հաստատվել են դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վերջինիս չի թույլատրվում առանց դատարանի որոշման կատարել իր բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորություններ:

2) Երկրորդ հարցադրման մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձը, ներկայացնելով գործողության կատարման հայց, նպատակ է հետապնդում հասնելու վարչական մարմնի կողմից որոշակի գործողության կատարմանը կամ անգործության դրսևորմանը, որում վերջինս շահագրգռված է: Ուստի, գործողության կատարման հայցի քննության ընթացքում դատարանի խնդիրն է, առաջին հերթին, պարզել հայցվող գործողության կամ անգործության իրավաչափությունը:

Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատարանը, ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված համարելով հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը, կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործողության կատարման հայցի քննության շրջանակներում դատարանը պարզում է հետևյալ հանգամանքները.

1) արդյո՞ք անձի պահանջն ուղղված է վարչական ակտի կայացմանը, թե` ոչ, այսինքն` արդյոք անձի պահանջի բավարարման արդյունքում վարչական մարմինն ընդունելու է համապատասխան վարչական ակտ, թե` ոչ,

2) արդյո՞ք հայցվող գործողությունը կամ անգործությունն իրավաչափ է և բխում է ՀՀ օրենսդրությունից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող գործողությունը կամ անգործությունը իրավաչափ կարող է դիտարկվել միայն այն դեպքում, երբ հաստատվի, որ այդ գործողության կատարումը կամ անգործությունը բխում է տվյալ վարչական մարմնի լիազորություններից, և վերջինս իրավասու է կատարելու այդ գործողությունը կամ ձեռնպահ մնալու դրա կատարումից: Այսինքն` նույնիսկ այն դեպքում, երբ հաստատվի, որ հայցվող գործողությունը կամ անգործությունն իրավաչափ են, սակայն դրանց կատարումը չի մտնում այն վարչական մարմնի լիազորությունների մեջ, որի դեմ ներկայացվել է հայցապահանջը, ապա նման դեպքերում դատարանն իրավասու չէ այդ վարչական մարմնին պարտավորեցնել կատարելու որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալու դրա կատարումից, քանի որ վերջինս չի հանդիսանում ներկայացված հայցապահանջի հասցեատերը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ վկայակոչված հանգամանքների գնահատման արդյունքում դատարանը հանգում է հետևության, որ հայցվող գործողությունը կամ անգործությունը չի ենթադրում վարչական մարմնի կողմից համապատասխան վարչական ակտի ընդունում, դատական ակտի կայացման պահի դրությամբ համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և բխում վարչական մարմնի լիազորություններից, ուստի, նման պայմանների միաժամանակյա առկայության դեպքում միայն դատարանը կարող է վարչական մարմնին պարտավորեցնել կատարելու համապատասխան գործողությունը կամ ձեռնպահ մնալու այն կատարելուց:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Կառավարչի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին 04.11.2016 թվականին ՀՀ պետական բյուջե վճարված 10.020.675 ՀՀ դրամ գումարը փոխանցել «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին:

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության կողմից (01.11.2016 թվականի թիվ ԵԿԴ/0286/04/15 օրինական ուժի մեջ մտած վճռով սնանկ ճանաչվելուց հետո) պետական տուրքի պարտավորության կատարումը փաստացի պարտատիրոջ պահանջի բավարարում է և արդյունքում 10.020.675 ՀՀ դրամի չափով պարտապանի գույքի նվազեցմանն է հանգեցրել, մինչդեռ դա անթույլատրելի է, քանզի օրենքով արգելվում է պարտապանի կողմից պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը` առանց դատարանի որոշման: Անդրադառնալով Կոմիտեի վկայակոչած այն փաստարկին, որ առկա չէ որևէ օրենսդրական մեխանիզմ, որը հնարավորություն կտա Կոմիտեին «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին փոխանցելու վճարված պետական տուրքի գումարը` Դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ պարտապանի կողմից կատարվել է այնպիսի գործողություն, որն արգելված է օրենսդրությամբ (պարտավորության` պետական տուրքի գումարի վճարում կատարելը), օրենսդրական ճգնաժամից խուսափելու նպատակով հետևանքները ենթակա են վերացման, որպիսի պայմաններում այն չի կարելի պայմանավորել որոշակի մեխանիզմների առկայությամբ: Այսինքն` Դատարանը եզրահանգել է, որ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության կողմից Կոմիտեին պետական տուրքի վճարումը չի կարող համարվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորության բավարարում տալ:

Վերաքննիչ դատարանը Կոմիտեի և Նախարարության վերաքննիչ բողոքները մերժել է և Դատարանի վճիռը թողել անփոփոխ` պատճառաբանելով, որ պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո այլևս չի կարող առանց դատարանի որոշման կատարվել նույնիսկ պարտապանի ենթադրյալ բնականոն գործունեությունից բխող որևէ վճարում (տրամադրվել դրամական բավարարում): Սա էլ իր հերթին նշանակում է, որ արգելված գործողության կատարմամբ դրա միջոցով դրամական բավարարում ստացողը չպետք է այն ընդունի, քանի որ հակառակ իրողությունը (վճարումն ընդունելը) վկայում է դրամական բավարարում ստացող անձի ոչ իրավաչափ վարքագծի մասին: «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից (2016 թվականի նոյեմբերի 01-ից) այլևս Կոմիտեն իրավունք չուներ ընդունելու առանց դատարանի որոշման ընկերության կողմից պետական տուրքի գծով իրականացված վճարումը: Սա նշանակում է, որ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում ընդունելով առանց դատարանի որոշման վերջինիս կողմից լիցենզիայի համար կատարված պետական տուրքի վճարումը (դրական մոտեցում դրսևորելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով արգելված գործառույթ իրականացնելու «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության դիրքորոշմանը)` Կոմիտեն թույլ է տվել ոչ իրավաչափ վարքագիծ: Իսկ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի մատնանշած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով պետական տուրքի վերադարձման դեպքերը չեն ներառում պետական տուրք գանձող մարմնի ոչ իրավաչափ վարքագծով պայմանավորված դեպքերը, այլ նման պարտավորությունն ուղղակիորեն հետևում է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հետևանքները վերացնելու օրենսդրական պարտավորություն ունենալու վարչական մարմնի պարտականությունից, հետևապես Կոմիտեն պարտավոր է իր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորմամբ ընդունած գումարը վերադարձնել:

Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին 04.11.2016 թվականին ՀՀ պետական բյուջե վճարված 10.020.675 ՀՀ դրամ գումարը փոխանցել «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին, այսինքն` պահանջել է պարտավորեցնել վարչական մարմնին կատարելու որոշակի գործողություն: Ըստ այդմ, պարզման է ենթակա հայցվող գործողության իրավաչափությունը, ներառյալ` այն հանգամանքը, թե կարող է արդյոք Կոմիտեին պարտավորեցվել կատարելու հայցվող գործողությունը:

i

Այսպես, Հայաստանի Հանրապետության նախագահի 01.03.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ ՆՀ-213-Ն հրամանագրի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է` դրանից առանձնացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին:

i

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն` հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան` իրականացնում է հարկային վարչարարություն` վերահսկողություն է իրականացնում պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ:

i

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի` «Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները» վերտառությամբ հավելվածի 17-րդ կետի համաձայն` ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային` պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում` բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 11.06.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 743-Լ որոշման հավելվածի 9-րդ կետի համաձայն` նախարարության նպատակը ֆինանսական, վարկային, եկամուտների, պետական սեփականության կառավարման ոլորտներում կառավարության միասնական պետական քաղաքականության ապահովումն է:

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ ֆինանսական ոլորտում Նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային` պետության եկամուտների ձևավորման և ծախսման, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Մինչդեռ, Կոմիտեին վերապահված է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների հաշվառման և (կամ) վճարման, ինչպես նաև մուտքերի ապահովման վերահսկողություն իրականացնելու լիազորություն: Այսինքն` պետական տուրքի գծով Կոմիտեին վերապահված լիազորությունը սահմանափակվում է դրա հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելով:

i

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` ֆինանսական մարմինների պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը` ոչ ուշ, քան նույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, (...):

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին` պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում: (...)

Տվյալ դեպքում սույն գործի փաստերից հետևում է, որ Կառավարիչը 11.09.2017 թվականին դիմել է Կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին` խնդրելով 04.11.2016 թվականին ՀՀ պետական բյուջե վճարված 10.020.675 ՀՀ դրամ գումարը փոխանցել «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին:

Այսինքն` վճարված պետական տուրքի գումարը «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին փոխանցելու դիմումը ներկայացվել է ոչ թե Նախարարությանը, այլ Կոմիտեին: Մինչդեռ, սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Նախարարությանը` որպես ֆինանսական ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունն իրականացնող սուբյեկտի, ըստ էության, վերապահված է եղել պետական բյուջե վճարված միջոցների տնօրինումը, ներառյալ` վճարված պետական տուրքի գումարի վերադարձը: Ուստի, Կառավարչի կողմից համապատասխան դիմումը պետք է ներկայացվեր ոչ թե Կոմիտեին, այլ Նախարարությանը, քանի որ Կոմիտեն տվյալ դեպքում պետական տուրքի գումարները տնօրինելու իրավասությամբ ՀՀ օրենսդրությամբ օժտված չէ: Այլ կերպ ասած` Կոմիտեն չի հանդիսացել հայցվող գործողությունը կատարելու` Կառավարչի կողմից ներկայացված պահանջի պատշաճ հասցեատերը:

Անդրադառնալով Նախարարության կողմից վճռաբեկ բողոքում մատնանշած այն փաստարկին, որ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության գործունեությունը կասեցված չի եղել, հետևաբար, վերջինս իրավունք ուներ ծավալելու բնականոն ընթացիկ գործունեություն և վճարելու դրա արդյունքում առաջացած պարտավորությունները, ներառյալ` պետական տուրքը, ապա Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է գնահատում, քանի որ սույն որոշմամբ նշված վերլուծություններից հետևում է, որ, անկախ «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության գործունեությունը կասեցված լինելու կամ չլինելու հանգամանքից, վերջինս սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իր պարտավորությունները, այդ թվում նաև` պետական տուրքի վճարման գծով, կարող էր կատարել միայն դատարանի համապատասխան որոշման կամ ֆինանսական առողջացման ծրագրի առկայության դեպքում:

Ինչ վերաբերում է Նախարարության կողմից ներկայացված փաստարկին` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի միաժամանակյա կիրառելիության վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում սույն որոշմամբ արտահայտված պատճառաբանությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով Նախարարության այն փաստարկին, որ սնանկության գործընթացում պարտատիրոջ և պարտապանի գործողությունների` օրենքով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատումը և սնանկ ճանաչված ընկերության պարտատիրոջը ներկայացված գումարի վերադարձման պահանջին վերաբերող վեճը չի բխում հանրային իրավահարաբերություններից, հետևաբար, ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերն ընդդատյա են վարչական դատարանին, իսկ տվյալ դեպքում հայցվորի պահանջն ուղղված է վարչական մարմնի դեմ` վերջինիս որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու նպատակով, իսկ այդ գործողության կատարումը կապված է վարչական մարմնի` իր հանրային-իշխանական լիազորությունների իրականացմանը, ուստի, տվյալ դեպքում կողմերի միջև առկա են հանրային իրավահարաբերություններ, որոնք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության ներկայացրած վճռաբեկ բողոքի վերոգրյալ հիմքն անհիմն է, ուստի այն ենթակա է մերժման` սույն որոշման պատճառաբանություններով:

Միաժամանակ, Կոմիտեի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ Կոմիտեն վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար` 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կառավարչի կողմից:

Անդրադառնալով Նախարարության կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը մերժել, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2019 թվականի որոշումը և այն փոփոխել.

«Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն` 04.11.2016 թվականին ՀՀ պետական բյուջե վճարված 10.020.675 ՀՀ դրամ գումարը «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին փոխանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:

2. «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 նոյեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809912749

Միասնական կայք` 20.03.23-02.04.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.11.2022
N ՎԴ/11689/05/17
Որոշում