i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/30796/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30796/02/20 2022 թ.
Նախագահող դատավոր` Դ. ՍԵրոբյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Մ. Հարթենյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի ապրիլի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի Ընկերության` ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի 04.09.2020 թվականի թիվ 15-6799/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել 04.09.2020 թվականի Ֆինանսական համակարգի հաշտարարի կայացրած թիվ 15-6799/20 որոշումը` Հրայր Սահակյանի` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի դեմ ուղղված 02.07.2020 թվականի 08-1342/20 պահանջը բավարարելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 11.02.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և բողոքաբերին տրամադրվել է եռօրյա ժամկետ դրանում առկա թերությունը վերացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Անի Մարտիրոսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ վերաքննիչ բողոքին կցված «Բյուջետային փոխանցում թիվ S2324» վերտառությամբ փաստաթուղթը չի կարող համարվել պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի ապացույց, քանի որ բնօրինակ չէ, իսկ այն էլեկտրոնային եղանակով վճարում դիտարկելու պարագայում արձանագրել է, որ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ: Տվյալ դեպքում բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանին ներկայացված վճարման հանձնարարագիրը հանդիսանում է պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց, քանի որ այն ձևավորվել է էլեկտրոնային եղանակով, և հանդիսանում է էլեկտրոնային վճարահաշվարկային փաստաթուղթ, այն համապատասխանում է «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հավելվածի (այսուհետ` Հավելված) 17-րդ կետում նշված նվազագույն բոլոր վավերապայմաններին, ինչ վերաբերվում է բանկի ստորագրության բացակայությանը, ապա դրա առկայությունը պարտադիր չէ, այն նույնությամբ (առանց բովանդակային փոփոխության) վերարտադրված է թղթի վրա:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր չունենալու պարագայում, կայացրել է բողոքարկվող որոշումը որը, բնականաբար, կանխատեսելի չի եղել բողոք բերող անձի համար: Հատկանշական է նաև այն, որ Վերաքննիչ դատարանը չի նշել, որ սահմանված չափով պետական տուրքը վճարված չի եղել բողոք բերող անձի կողմից, փոխարենը նշել է, որ դրա վերաբերյալ ներկայացված ապացույցը թույլատրելի չէ: Այսպիսով, ստացվում է, որ բողոք բերող անձը, վճարելով սահմանված չափի պետական տուրք, հնարավորություն չի ստացել իրացնելու իր դատական պաշտպանության իրավունքը Վերաքննիչ դատարանում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները կրկին անդրադառնում է էլեկտրոնային եղանակով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույցին:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը (...):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, (...):
Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ` Կանոններ) համապատասխան դրույթները, նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի հասկացության վերաբերյալ` արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Նշված որոշմամբ անդրադառնալով նաև վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարելու կամ հանձնարարելու այլ բանկի վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (տե՛ս Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):
Կանոնների 1-ին կետի համաձայն` նշված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Կանոնների 5-րդ կետի համաձայն` նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը (...):
Հավելվածի 14-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները.
Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող`
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՕ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը (...),
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը (...):
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:
i
Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է Կանոններով սահմանված վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններին` նշելով, որ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանը, նշված որոշմամբ անդրադառնալով, մասնավորապես վճարման հանձնարարականի վավերապայմաններին, նշել է, որ դրանում վճարումը ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանին թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):
i
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ քննարկվող իրավական հարցադրման համատեքստում անհրաժեշտ է համարել հավելել, որ Կանոնների 14-րդ կետի 5-րդ ենթակետի ուժով էլեկտրոնային եղանակով կատարված վճարումների վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում պահանջվում է բացառապես վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը (տե՛ս, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Լիանա Սարգսյանի և Մարտին Գալստյանի թիվ ԱՐԴ1/1869/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2021 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը 26.02.2021 թվականին Դատարանի 11.02.2021 թվականի որոշման դեմ փոստային առաքմամբ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 3-րդ, գ.թ. 3-6):
Վերաքննիչ դատարանը 17.03.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը` ի թիվս այլ խախտումների նաև դրա ներկայացման համար օրենքով նախատեսված չափով պետական տուրքի գումարը վճարված լինելու փաստը հավաստող ապացույց բողոքին կցված չլինելու հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 10-11):
Ընկերությունը 31.03.2021 թվականին փոստային առաքմամբ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` որպես 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարի վճարումը հավաստող ապացույց կցելով «Բյուջետային փոխանցում N S2324» վերտառությամբ փաստաթուղթը (հատոր 3-րդ, գ.թ.29):
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Ընկերության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ «(...) վերաքննիչ բողոքին կցված «Բյուջետային փոխանցում N S2324» վերտառությամբ փաստաթուղթը չի կարող պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի ապացույց, քանի որ բնօրինակ չէ, իսկ այն էլեկտրոնային եղանակով վճարում դիտարկելու պարագայում հարկ է արձանագրել, որ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ: Հետևաբար` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված փաստաթուղթը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող թույլատրելի և արժանահավատ ապացույց չէ:»
i
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, իսկ վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է դատարան թղթային տարբերակով: Մասնավորապես, նշված վճարման անդորրագրում առկա է փաստաթղթի համարը` «0e1baf98-042f-4768-95cc-e99e2442501d», վճարման օրը, ամիսը, տարին` «22.02.2021 թվական», վճարված գումարի չափը` «10.000», արժույթը` «AMD» (ՀՀ դրամ), վճարման նպատակը` «թիվ ԵԴ/30796/02/20 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», վճարող ընկերության անվանումը` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ» (բողոքաբեր), վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` «02589581», վճարող ընկերության բանկի անվանումը` «Ամերիաբանկ», շահառուի (ստացող) անվանումը` «Պետական գանձապետարան», շահառուի հաշվեհամարը` «900005016010», գործարքն իրականացնող անձի տվյալները և վճարող ընկերության կնիքը: Վերոգրյալից հետևում է, որ բողոքին կից ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը պարունակում է Կանոնների 14-րդ կետով սահմանված վավերապայմանները, այդ թվում նաև` նույն կետի 5-րդ ենթակետով պահանջվող հաճախորդի ստորագրությունը, հետևաբար այն հանդիսանում է վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի կիրառության հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված են փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգին վերաբերող դրույթներ, իսկ սույն որոշմամբ քննարկվող դեպքում վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, այդ թվում էլեկտրոնային եղանակով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել են թղթային տարբերակով` փոստային ծառայության միջոցով: Վերոգրյալից հետևում է, որ Ընկերությունը վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս շտկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցել է` 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող պատշաճ ապացույց:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված կանոնները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, արդյունքում սխալ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը թույլ տալով դատավարական նորմի խախտում: Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, զրկել է Ընկերությանը Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից, խախտելով բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 15 ապրիլի 2022 թվական:
Միասնական կայք` 27.06.22-10.07.22