Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵԱՔԴ/0091/01/14       

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0091/01/14

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Մ. Արղամանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Դ. Ավետիսյանի                

                   մասնակցությամբ դատավորներ Ս. Ավետիսյանի     

                                             Հ. Ասատրյանի

                                             Ե. Դանիելյանի

                                             Ա. Պողոսյանի  

                                             Ս. Օհանյանի   

                                                                  

                   քարտուղարությամբ          Հ. Պետրոսյանի   

                   մասնակցությամբ դատախազ    Ա. Արամյանի          

                   պաշտպաններ                Ա. Գարոյանի

                                             Ն. Բաղդասարյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Ջոն Սարքիս Սարքիսի Շիրվանյանի և Արսեն Վահանի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Ջ. Շիրվանյանի պաշտպան Ն. Բաղդասարյանի և Ա. Մուրադյանի պաշտպան Ա. Գարոյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ նաև` ՀՀ ԿԱ ԱԱԾ) քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58211212 քրեական գործը:

2013 թվականի փետրվարի 11-ին Ջոն Շիրվանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով: Ջ. Շիրվանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2013 թվականի մայիսի 24-ի որոշմամբ թիվ 58211212 քրեական գործի վարույթից անջատվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի և 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ընդունվել վարույթ, և նախաքննությունը շարունակվել է թիվ 58205013 համարով:

2014 թվականի հունիսի 18-ին Ջ. Շիրվանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2014 թվականի հունիսի 18-ին Արսեն Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ա. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2014 թվականի հունիսի 18-ին Մարիա Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

i

2. 2014 թվականի հունիսի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով` արագացված դատական քննության կարգի կիրառմամբ, Ջ. Շիրվանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Ա. Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Մ. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: Մ. Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա. Մուրադյանի, վերջինիս պաշտպան Ժ. Հարությունյանի և ամբաստանյալ Ջ. Շիրվանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Ա. Մուրադյանի և վերջինիս պաշտպան Ժ. Հարությունյանի վերաքննիչ բողոքները մերժել է, ամբաստանյալ Ջ. Շիրվանյանի վերաքննիչ բողոքը` բավարարել մասնակիորեն. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը Ջ.Շիրվանյանի մասով փոփոխել է, վերջինիս գույքի վրա դրված կալանքը վերացրել և ՀՀ ԿԱ ԱԱԾ ֆինանսական վարչությանն ի պահ հանձնված 6.970 (վեց հազար ինը հարյուր յոթանասուն) եվրո գումարը վերադարձրել Ջ. Շիրվանյանին: Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել ամբաստանյալներ Ջ. Շիրվանյանի պաշտպան Ն. Բաղդասարյանը և Ա. Մուրադյանի պաշտպան Ա. Գարոյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Ջ.Շիրվանյանին և Ա. Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նպատակ ունենալով վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ինչպես նաև պատրաստված բանկային կեղծ քարտերով գործարքներ կատարել և տարբեր անձանց պատկանող բանկային հաշվեհամարներից գումարներ հափշտակել, նախնական համաձայնությամբ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել են բանկային քարտերի կեղծման ու իրացման գործընթացը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 205-209):

i

6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Ջոն Սարքիս Սարքսի Շիրվանյանի անձը բնութագրող տվյալներ, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում հղի կինը:

Ամբաստանյալ Արսեն Վահանի Մուրադյանի անձը բնութագրող տվյալներ, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում 2011 թ. ծնված երեխան:

Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ամբաստանյալներ Ջ. Շիրվանյանը և Ա. Մուրադյանը լիովին վերականգնել են հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված գույքային վնասը:

(...)

Ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 38):

i

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալներ Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու, ինչպես նաև նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը, հաշվի առնելով վերջիններիս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող (...) հանգամանքները, ինչպես նաև ամբաստանյալ Ջ. Շիրվանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նոր հանգամանքը` խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը (ծնված 07.11.2014 թ.), հանցավորների անձը բնութագրող տվյալները, հանգում է այն հետևության, որ վերոգրյալները բավարար չեն գալու այն հետևության, որ ամբաստանյալների նկատմամբ հնարավոր է նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, և վերջիններիս ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու: Նրանց նկատմամբ իրենց վերագրվող հանցագործությունների համար ազատազրկման ձևով նշանակված համաչափ պատիժներ կիրառելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձանց, ինչպես նաև կանխել հանցագործությունները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 160):

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ամբաստանյալ Ջ. Շիրվանյանի պաշտպան Ն. Բաղդասարյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, հետևաբար դատական ակտը պետք է պատժի մասով բեկանել և ուղարկել նոր քննության: Մասնավորապես, ստորադաս դատարանները որպես Ջ. Շիրվանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի չեն առել այն, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, սակայն միանգամայն այլ մոտեցում են դրսևորել ամբաստանյալ Մ. Գրիգորյանի նկատմամբ: Վերջինիս դեպքում ոչ միայն նշված մեղմացնող հանգամանքը հաշվի է առնվել, այլև նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ինչը չի բխում օրենքի միատեսակ կիրառության պահանջներից:

Ըստ բողոքաբերի` դատարանների կողմից հաստատված` Ջ. Շիրվանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության սանկցիայի շրջանակներում պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

Արդյունքում բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը պատժի մասով բեկանել և ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

9. Ամբաստանյալ Ա. Մուրադյանի պաշտպան Ա. Գարոյանը փաստարկել է, որ նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված արարքի ծանրությանը, հանցավորի անձին և չի նպաստում անձի ուղղմանը: Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել այն, որ Ա. Մուրադյանը տուժողին պատճառած վնասն ամբողջովին հատուցել է, նախկինում դատապարտված չի եղել, ինչը հատկապես կարևոր է անձին ազատազրկման ենթարկելու կամ չենթարկելու հարցը լուծելիս:

Բացի այդ, դատարանները հաշվի չեն առել, որ Ա. Մուրադյանն ամուսնացած է, ունի մինչև չորս տարեկան մանկահասակ երեխա և ընտանիքի միակ կերակրողն է, բնութագրվում է դրական, աշխատում է Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունում:

Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և փոփոխել, Ա. Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը փոխարինել ավելի նվազ պատժաչափով և այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված են արդյոք Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

i

Սույն քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում բազմիցս վերլուծության է ենթարկվել, և մշտապես վերահաստատվել դիրքորոշումն առ այն, որ առանց պատիժը փաստացի կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն հանցավորի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների, հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի համակողմանի ու ամբողջական գնահատման վրա: Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանն այն կիրառելիս պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով` նպատակ ունենալով ապահովելու ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված պատժի նպատակների իրացվելիությունը (տե՛ս, ի թիվ այլնի, Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13 որոշումները):

 

12. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքներից հանցավորի անձը բնութագրող տվյալների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հետևյալ իրավական դիրքորոշումն է արտահայտել. «(...) «հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով «հանցավորի անձնավորություն» եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցավորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրենքում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտյալին պատժից ազատելու նախապայման:

i

Հիմք ընդունելով (...) ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթն այն մասին, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են (հոդված 3), մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից (հոդված 14)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ» (տե՛ս Սերոբ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 36-37-րդ կետերը):

Ս. Աղախանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա: (...)» (տե՛ս Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 19-րդ կետը):

i

13. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախորդ կետում մեջբերված` Սերոբ Սարգսյանի և Սեյրան Աղախանյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ յուրաքանչյուր դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը որոշելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում կարևոր նշանակություն ունի հանցավորի անձը բնութագրող տվյալների ամբողջական վերլուծությունը: Մասնավորապես, հանցավորի անձը դրականորեն բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած դրական վարքագիծը (կատարվածի համար զղջալը, ճշմարտացի ցուցմունքներ տալը, քննությանը չխոչընդոտելը, պատճառված վնասը հատուցելը և այլն) կարող են վկայել, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ խոսքով` հանցավորի անձը բնութագրող տվյալները բացահայտելու և օբյեկտիվորեն հաշվի առնելու դատարանի պարտականությունն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի տրամաբանությունից, որի համաձայն` պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը (տե՛ս, mutatis mutandis, Արտաշ Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 13-րդ կետը):

i

14. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ամբաստանյալներ Ջ. Շիրվանյանը և Ա. Մուրադյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում նախնական համաձայնությամբ կազմակերպել են բանկային քարտերի կեղծման ու իրացման գործընթացը` նպատակ հետապնդելով վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ինչպես նաև պատրաստված բանկային կեղծ քարտերով գործարքներ կատարել և տարբեր անձանց պատկանող բանկային հաշվեհամարներից գումարներ հափշտակել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

i

Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս որպես Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի անձը դրական բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նրանք ընդունել են մեղքը, անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում են դրական, լիովին վերականգնել են հանցագործությամբ պատճառված գույքային վնասը, Ջ. Շիրվանյանի խնամքին է գտնվում հղի կինը, իսկ Ա. Մուրադյանի խնամքին` 2011 թվականին ծնված երեխան: Ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Արդյունքում Առաջին ատյանի դատարանը Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

i

Վերաքննիչ դատարանը, քննարկելով Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ կամ 70-րդ հոդվածների կիրառման հնարավորության հարցը, հիմք ընդունելով Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված` ամբաստանյալների անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև Ջ. Շիրվանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նոր հանգամանքը, այն է` խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը (ծնված` 2014 թվականի նոյեմբերի 7-ին), գտել է, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը փաստացի կրելու, ինչպես նաև բացակայում են նրանց նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

i

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 11-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թեպետ արձանագրել են գործում առկա` ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, սակայն դրանք պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել նշանակված պատժի կրման անհրաժեշտության հարցը որոշելիս: Այսպես` Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորությանը, չի քննարկել` արդյոք պատժի փաստացի կրումը նպատակահարմար է պատժի նպատակների իրագործման տեսանկյունից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը բազմիցս ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերի համաձայն` կոնկրետ պատժաչափով կոնկրետ պատժատեսակի նշանակումը և նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են ինքնուրույն և հաջորդական փուլեր. դատարանը նախ և առաջ որոշում է ամբաստանյալի` պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև դրա տեսակը և չափը, որից հետո որոշում, թե ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը` հաշվի առնելով առանց նշանակված պատիժը փաստացի կրելու դրա նպատակներին հասնելու հնարավորությունը (տե՛ս, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0100/01/08, ԵՔՐԴ/0571/01/08, ԱՐԴ/0117/01/08 որոշումները):

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա վերջինս, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցին, ուղղակիորեն վերարտադրել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում հիմք ընդունված` ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, միևնույն ժամանակ արձանագրել Ջ. Շիրվանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող նոր հանգամանք` խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը: Արդյունքում գտել է, որ նշվածները բավարար չեն եզրահանգելու, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի նշել որևէ հիմնավորում, թե ինչու է եկել նման եզրահանգման:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել ամբաստանյալների անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական և ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո նրանց դրսևորած դրական վարքագիծը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, մասնավորապես այն, որ Ջ. Շիրվանյանը և Ա. Մուրադյանը բնութագրվում են դրական, խնամքին ունեն անչափահաս երեխաներ, զղջացել են և ընդունել մեղքը, ամբողջությամբ հատուցել են հանցագործությամբ պատճառված վնասը: Բացի այդ, ստորադաս դատարանները չեն անդրադարձել այն հարցին, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալների ընտանիքի կյանքի պայմանների վրա: Մինչդեռ Ջոն Շիրվանյանի խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երկու երեխա, իսկ Ա. Մուրադյանի խնամքին` մեկ երեխա, հետևաբար նրանց նկատմամբ նշանակված պատիժը` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ողջամտորեն կարող է բացասական ազդեցություն ունենալ ամբաստանյալների ընտանիքի կյանքի պայմանների վրա:

Հետևաբար, արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

i

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ջ. Շիրվանյանին և Ա. Մուրադյանին մեղսագրված արարքների հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում նրանց անձը բնութագրող տվյալների և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կոնկրետ հանգամանքների համակցությունը բավարար են հանգելու այն հետևության, որ նրանց ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար: Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք են:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ բողոքաբերների փաստարկներին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալներ Ջոն Սարքիս Սարքիսի Շիրվանյանի և Արսեն Վահանի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի որոշումը բեկանել և փոփոխել:

Ջոն Շիրվանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել Ջ. Շիրվանյանի բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա:

 

Արսեն Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել Ա. Մուրադյանի բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.12.2015
N ԵԱՔԴ/0091/01/14
Որոշում