Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ, 136-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                        ԼԴ/0078/06/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0078/06/12

Նախագահող դատավոր` Մ. Ռեհանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

    2012 թվականի նոյեմբերի 1-ին                      Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վահե Սերյոժայի Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ մեղադրյալ Վ.Բարսեղյանի պաշտպան Հովսեփ Հովսեփյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. Քրեական գործը հարուցվել է 2012 թվականի ապրիլի 2-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

2012 թվականի մայիսի 6-ին Վահե Բարսեղյանը ձերբակալվել է:

2012 թվականի մայիսի 8-ին Վ.Բարսեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել:

2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի մայիսի 8-ի որոշմամբ բավարարվել է քննիչի միջնորդությունը և մեղադրյալ Վ.Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամկետով:

3. 2012 թվականի հունիսի 25-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով երկարացնել մեղադրյալ Վ.Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը: Քննիչի վերոնշյալ միջնորդության դեմ պաշտպանը ներկայացրել է գրավոր առարկություն` խնդրելով միջնորդությունը մերժել: Պաշտպանը խնդրել է նաև քննիչի միջնորդությունը հիմնավոր համարելու դեպքում որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավ:

4. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 28-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի, և մեղադրյալ Վ.Բարսեղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 15 (տասնհինգ) օրով` մինչև 2012 թվականի հուլիսի 21-ը: Կալանավորման այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը դատարանը մերժել է:

5. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատական ակտի դեմ մեղադրյալ Վ.Բարսեղյանի պաշտպանը բերել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ մերժվել է, իսկ դատական ակտը` թողնվել անփոփոխ:

6. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Վ.Բարսեղյանի պաշտպանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Վահե Բարսեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի ապրիլի 2-ի գիշերն ապօրինի մուտք է գործել Լոռու մարզի Յաղդան գյուղում գտնվող, Համեստ Քոչարյանին պատկանող անասնագոմ և այնտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափերով` 1.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

8. Մեղադրյալ Վ.Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին 2012 թվականի հունիսի 25-ի որոշման մեջ քննիչը պատճառաբանել է, որ միջնորդության անհրաժեշտությունը պայմանավորված է Վ.Բարսեղյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանով, ինչպես նաև նրանով, որ չեն վերացել նրան կալանքի տակ պահելու հիմքերը, և նա, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խոչընդոտել գործի քննությանը` դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով (տե՛ս Նյութեր, թերթ 18-19):

9. Քննիչի միջնորդության դեմ ներկայացված գրավոր առարկության մեջ Վ.Բարսեղյանի պաշտպանը նշել է, որ քննիչը բավարարվել է միայն կալանքի հիմքերի օրենսդրական ձևակերպումները տառացիորեն արտագրելով, և փորձ անգամ չի կատարել ներկայացնելու իր նշած ենթադրությունները հիմնավորող որևէ փաստ: Պաշտպանը հավելել է, որ Վ.Բարսեղյանը բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, դատվածությունը մարված է, անձնագիրը գտնվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ, խնամքին են կինը և երկու տարեկան երեխան, ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, նա քննությունից չի խուսափել և չի խուսափի, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, պատճառված վնասը վերականգնված է:

Վերոգրյալի հիման վրա պաշտպանը խնդրել է քննիչի միջնորդությունը մերժել, իսկ եթե դատարանը գտնի, որ այն հիմնավոր է` խնդրել է որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավ` 500.000 ՀՀ դրամից մինչև 1.000.000 ՀՀ դրամի չափով (տե՛ս Նյութեր, թերթ 21-26):

10. Առաջին ատյանի դատարանն իր որոշման պատճառաբանական մասում կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերի ու պայմանների առկայության հարցին որևէ անդրադարձ չի կատարել, իսկ կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) նկատի ունենալով, որ գործով պետք է կատարվեն անհրաժեշտ քննչական գործողություններ, նյութերը անհրաժեշտ է տրամադրել կողմերին ծանոթացման համար, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 06.07.2012 թվականին, դատարանը գտավ, որ գրավ կիրառելու պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ քննիչի միջնորդությունը ենթակա է բավարարման մասնակիորեն, քանի որ գործով պետք է ստացվեն փորձաքննության եզրակացությունը և հեռախոսահամարների վերծանումները» (տե՛ս Նյութեր, թերթ 28):

11. Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Տվյալ դեպքում ներկայացված նյութերով առկա է հիմնավոր կասկած մեղադրյալ Վահե Սերյոժայի Բարսեղյանի հնարավոր առնչակցությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, կատարված հանցավոր արարքին, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, սույն գործով կատարվելիք անհրաժեշտ քննչական գործողությունների ծավալը և ազատության մեջ մնալով կարող է թաքնվել քննությունից, որը հիմք է տալիս նրա նկատմամբ` որպես խափանման միջոց, կալանավորման ժամկետը երկարացնելու համար:

Վերաքննիչ քրեական դատարանը` նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածում թվարկված գրավի կիրառման անթույլատրելիության հիմքերն սպառիչ չեն և դատարանը համապատասխան շարժառիթների շարադրմամբ իրավունք ունի յուրաքանչյուր դեպքում մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի, գտնում է, որ մեղադրյալին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչել անթույլատրելի:

Վերաքննիչ քրեական դատարանը ելնելով վերոգրյալից գտնում է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությունները հիմք չեն կարող հանդիսանալ մեղադրյալ Վահե Սերյոժայի Բարսեղյանի նկատմամբ` որպես խափանման միջոց, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու և նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու համար:

Վերաքննիչ քրեական դատարանը` հաշվի առնելով մեղադրյալ Վահե Սերյոժայի Բարսեղյանի[ն] վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, հանգում է հետևության, որ ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը վերացնելու հիմքեր չկան» (տե՛ս Նյութեր, թերթ 54-55):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերի պնդմամբ` Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, չեն բխում ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ, 285-րդ հոդվածների պահանջներից, ինչպես նաև չեն համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

13. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդության մեջ նախաքննական մարմինը տառացիորեն արտագրել է կալանավորման հիմքերի օրենսդրական ձևակերպումները, և ո՛չ միջնորդության մեջ, ո՛չ դրան կից չի ներկայացրել քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց, որով միջնորդությունը քննության առնող դատարանը կկարողանար հետևության հանգել ներկայացված միջնորդության հիմնավոր լինելու մասին: Համանման կերպով, Վ.Բարսեղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ նշված չէ խափանման միջոց կիրառելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

14. Բողոքաբերը փաստարկել է, որ Վ.Բարսեղյանը ոստիկանություն բերման ենթարկվելիս դիմադրություն ցույց չի տվել, փախուստի փորձ չի կատարել, տվել է խոստովանական ցուցմունքներ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, արարքի հետևանքով պատճառված վնասը հարթված է, Վ.Բարսեղյանի անձնագիրը գտնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի մոտ, Վ.Բարսեղյանն ունի բնակության մշտական վայր, ամուսնացած է, նրա խնամքին են գտնվում չաշխատող կինը և 2 տարեկան երեխան, ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ գործին մասնակցում է հանրային պաշտպան:

Վերոշարադրյալ հանգամանքները հիմք ընդունելով` բողոք բերած անձը նշել է, որ անտրամաբանական են նախաքննության մարմնի և դատարանի եզրահանգումներն այն մասին, որ Վ.Բարսեղյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը, քննիչի կանչով չներկայանալ, անօրինական ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների վրա, նյութեր թաքցնել կամ կեղծել: Արդյունքում բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վ.Բարսեղյանի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի` կալանավորման կիրառման հիմքեր առկա չեն եղել:

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալ վերլուծությունը` բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն առերևույթ հակասում են Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0022/06/08 և Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումներին:

16. Բողոքաբերը պնդել է նաև, որ իր կողմից վերաքննության կարգով բողոքարկված որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման օրվա և ժամի մասին Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ կերպով ծանուցված չլինելու պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցելու 2012 թվականի հուլիսի 17-ին ժամը 1300 -ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստին և իրականացնելու մեղադրյալ Վ.Բարսեղյանի օրինական շահերի պաշտպանություն: Բողոքաբերը հավելել է, որ իրեն հասցեագրված ծանուցագիրը հանրային պաշտպանի գրասենյակում ստացվել է դատական նիստի հաջորդ օրը` 2012 թվականի հուլիսի 18-ին, մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական մասից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու և պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ հետևության Վերաքննիչ դատարանը հանգել է` լսելով բողոքի կապակցությամբ պաշտպանի հիմնավորումները, դատախազի պատասխանը, քննիչի բացատրությունը:

17. Հիմք ընդունելով վերը շարադրված դատողությունները` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 28-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 17-ի որոշումը կամ ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 17-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը.

 

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք Վ.Բարսեղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները:

i

19. Անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված խափանման միջոցի կիրառման հիմքերը չեն կարող այնպես մեկնաբանվել և կիրառվել, որ կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատական ակտը պատճառաբանելու համար ընդամենը բավարար լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված իրավական ձևակերպումների վկայակոչումը կամ վերարտադրումը:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա:

(...) կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջը պահպանած լինելու համար բավարար չ[է] օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքը, այլ անհրաժեշտ [է] կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում օգտագործվող «խափանման միջոցի կիրառում» հասկացությունը տարածվում է ինչպես կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, այնպես էլ կալանքի ժամկետը երկարացնելու նկատմամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերը կանոնակարգող հատուկ նորմ: ՈՒստի անձին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումն անհրաժեշտ է հիմնավորվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված հիմքերով, ինչպես նաև անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված հանգամանքները:

(...) մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) շարունակվում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.

բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն` ապահովելու գործի քննության ընթացքը.

Իսկ ինչ վերաբերում է անձին մեղսագրվող հանցանքի ծանրությանը, ապա թեև այն էական նշանակություն ունի ազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսևորվող վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, սակայն այդ հանգամանքը պետք է գնահատվի գործում առկա մնացած, մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում մատնանշված հանգամանքների համատեքստում: Այդ առումով կարող է քննության առկա դառնալ նաև դեռևս չկատարված քննչական գործողությունների բնույթը, դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը» (տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 19-20-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ կետերը):

Մեկ այլ` Վ.Գևորգյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանափակումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, անձին ազատությունից զրկելու` օրենքով թույլատրված հիմքերի ցանկը սպառիչ է, հետևաբար` անձին ազատությունից զրկելը, որը տեղի չի ունենում օրենքով նախատեսված կարգով, կամ սահմանված հիմքերի շրջանակում, կամայական է և անօրինական: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանափակման յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ապահովել այդ սահմանափակման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

(...) կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը: Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին: Ավելին, եթե առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է:

(...) քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը`

ա) պետք է արձանագրի հիմնավոր կասկածի առկայությունը կամ բացակայությունը,

բ) պետք է պարզի կալանավորման մյուս պայմանների առկայությունը,

գ) այն դեպքում, երբ դատարանը կհանգի այն հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար են արձանագրելու, որ առկա է անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, և միաժամանակ կալանավորման մյուս պայմանները նույնպես առկա են, ապա պետք է կայացնի հիմնավորված և պատճառաբանված որոշում այն մասին, թե արդյոք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ դատարանի հետևությունը ևս պետք է հիմնավորված լինի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով» (տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 18-19-րդ, 22-րդ կետերը):

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Բարսեղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման մեջ Առաջին ատյանի դատարանը ոչ միայն չի անդրադարձել կալանավորման պայմանների և հիմքերի առկայության հարցին, այլև չի էլ վկայակոչել խափանման միջոց կիրառելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Փոխարենը Առաջին ատյանի դատարանը Վ.Բարսեղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը պատճառաբանել է անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու, փորձաքննության եզրակացությունն ու հեռախոսահամարների վերծանումները ստանալու և նյութերը կողմերին ծանոթանալու համար տրամադրելու անհրաժեշտությամբ: Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, չի արձանագրել ստորադաս դատարանի թույլ տված խախտումները, այլ հանգել է հետևության, որ դատական ակտը վերացնելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը):

21. Սույն որոշման 19-րդ կետում մեջբերված և համապատասխանաբար Ա.Ավետիսյանի և Վ.Գևորգյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով սույն որոշման 20-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Բարսեղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումներն օրինական և հիմնավորված չեն:

i

22. Հիմք ընդունելով սույն որոշման 19-21-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի փաստարկն այն մասին, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, չեն բխում ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ, 285-րդ հոդվածների պահանջներից, ինչպես նաև չեն համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (տե՛ս սույն որոշման 12-14-րդ կետերը):

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ իր կողմից վերաքննության կարգով բողոքարկված որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման օրվա և ժամի մասին Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ կերպով ծանուցված չլինելու պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցելու 2012 թվականի հուլիսի 17-ին` ժամը 1300 -ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստին և իրականացնելու մեղադրյալ Վ.Բարսեղյանի օրինական շահերի պաշտպանություն (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերի, ինչպես նաև բողոքաբերի ներկայացրած նամակի ծրարի և առաքանիների գրքի համապատասխան էջի լուսապատճենի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանի դատական նիստի մասին պաշտպան Հ.Հովսեփյանին և Լոռու մարզի դատախազ Կ.Շահբազյանին հասցեագրված ծանուցագրերը Հանրային պաշտպանի գրասենյակում և Լոռու մարզի դատախազությունում ստացվել են նիստի հաջորդ օրը` 2012 թվականի հուլիսի 18-ին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ թեև Վերաքննիչ դատարանն իր որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու և պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ հետևության է հանգել` լսելով բողոքի կապակցությամբ պաշտպանի հիմնավորումները, դատախազի պատասխանը, քննիչի բացատրությունը, սակայն Վերաքննիչ դատարանի դատական նիստի արձանագրությունից երևում է, որ կողմերը նիստին ներկա չեն եղել: Նշված հանգամանքը ակնհայտ է ոչ միայն հիշյալ արձանագրությունից, այլ նաև հենց դատական ակտից, որի ներածական մասի ուսումնասիրությունից երևում է, որ դատական նիստին ներկա են եղել նախագահող դատավոր Մ.Ռեհանյանը և նիստի քարտուղար Մ.Մելքոնյանը (տե՛ս դատական նիստի ձայնային արձանագրման համառոտագրումը, նյութեր, թերթ 51, ինչպես նաև` դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, նյութեր, թերթ 53): Հետևաբար, վերոհիշյալ հարցի վերաբերյալ բողոքի հեղինակի փաստարկը ևս հիմնավոր է:

 

II.Սույն որոշման իրավական արժեքը.

 

23. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 18-22-րդ կետերից երևում է, որ բողոքում նշված հիմնավորումները բավարար են Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հիշյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր, և դրանք կորցրել են իրենց իրավական նշանակությունը: ՈՒստի Վճռաբեկ դատարանի սույն որոշումը կայացնելու պահին դրանք իրավաբանորեն դադարել են գոյություն ունենալուց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012 թվականի օգոստոսի 31-ին կայացրել է դատավճիռ, որով Վահե Սերյոժայի Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել տուգանքի 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Վ.Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում (տե՛ս Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 31-ի թիվ ԼԴ/0139/01/12 գործով դատավճիռը):

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ դրանք այլևս իրավաբանորեն գոյություն չունեն:

Հիմք ընդունելով սույն որոշման 18-22-րդ կետերում ձևավորված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Բարսեղյանի նկատմամբ կարող են կիրառելի լինել Գ.Միքայելյանի գործով կայացված որոշմամբ երաշխավորված իրավունքները (տե՛ս mutatis mutandis Գագիկ Գառնիկի Միքայելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 34-36-րդ կետերը):

24. Բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանի` սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումները կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Վահե Սերյոժայի Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.11.2012
N ԼԴ/0078/06/12
Որոշում