(ուժը կորցրել է 24.07.2022 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2009 թվականի N 1083-Ն
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի օգոստոսի 27-ի
N 1083-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) մշակված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրարկումն ապահովելու համար, և սահմանում է տեխնիկական անվտանգության պահանջներ` օգտակար հանածոների հանքավայրերի ստորերկրյա եղանակով մշակման համար:
2. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերում արդյունահանում իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերի վրա (այսուհետ` կազմակերպություններ)` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից:
3. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են նաև ստորերկրյա եղանակով օգտակար հանածոների հանքավայրերի մշակման գործընթացների հետ առնչվող նախագծային, գիտական, գիտահետազոտական, փորձագիտական կազմակերպությունների վրա:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 01.11.12 թիվ 1460-Ն որոշում)
i
5. Օգտակար հանածոների հանքավայրերում ստորերկրյա եղանակով արդյունահանում իրականացնող կազմակերպությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, պետք է հաստատի արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիր` այն մշակելով վկայագիրը ներկայացնելու պահանջներին համապատասխան:
6. Օգտակար հանածոների հանքավայրերում ստորերկրյա եղանակով արդյունահանում իրականացնող յուրաքանչյուր կազմակերպություն պետք է հաստատի հնարավոր վթարների նախազգուշացման և հետևանքների վերացման համար գործողությունների պլաններ, որոնք կազմվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված պահանջներով:
7. Օգտակար հանածոների հանքավայրերում ստորերկրյա եղանակով արդյունահանում իրականացնող կազմակերպություններում ընդգրկված ինժեներատեխնիկական կադրերի և մասնագետների տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով ուսուցումը և որակավորումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակող հանքավայրերի նախագծային փաստաթղթերը ենթակա են ճառագայթային անվտանգության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 640 որոշման պահանջներին համապատասխան:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
ստորերկրյա հանք` հանքավայրի մշակման հետևանքով երկրի կեղևի ստորին շերտում առաջացած հորիզոնական, թեք և (կամ) ուղղաձիգ փորվածքներ, հանքահորեր, հանքուղիներ, որոնք նախատեսված են հանքավայրի բացման, նախապատրաստման, մաքրահանման և հանքանյութի հանույթի համար,
ներհանքային տրանսպորտ` ստորերկրյա հանքերում օգտագործվող մեքենաների, սարքավորումների և սարքերի համախումբ` նախատեսված ստորերկրյա լեռնային փորվածքներով և մակերևույթով օգտակար հանածոների տարբեր տեսակի բեռների փոխադրման, ինչպես նաև մարդկանց տեղափոխման համար,
հորատման հաստոց` մեքենասարքավորում` նախատեսված ստորերկրյա հանքավայրերի մշակման ժամանակ տարբեր չափերի և նշանակության հորատանցքեր և պայթանցքեր հորատելու համար,
հորատամուրճ` հիմնականում պայթանցքեր հորատող հարվածադարձային մեքենա,
կեռաշերեփ` ինքնագնաց հողափոր-տեղափոխող մեքենա` նախատեսված ցածր կարծրությամբ լեռնային զանգվածի փորման, տեղափոխման և բեռնաթափման համար,
բադյա` ինքնաշրջվող և չշրջվող սարք` նախատեսված հանքահորեր և հորեր անցնելիս ապարը դուրս հանելու, հորաններով նյութեր, սարքեր և մարդկանց իջեցնելու ու բարձրացնելու համար,
վերհան ճոպան` մետաղե ճոպան, որը, անցկացնելով շփման փոկանվի վրայով, վերհան անոթը միացնում է վերհան մեքենայի թմբուկին,
փոխակրիչ` անընդհատ գործողության մեքենասարքավորում` նախատեսված մաքրման փորվածքներից հանքաքարի (ապարների) դուրսբերման և դրանք հորիզոնական և թեք փորվածքներով տեղափոխման համար,
վերելքային աշտարակ` հանքահորի վրա տեղակայված մետաղե կառույց, որն իր վրա է կրում ճոպանների ուղղորդ ճախարակները, վերելքավանդակների ու վերհան սկիպերի բեռնաթափման կառուցվածքները,
վերելքավանդակ` վանդակատիպ մեքենա, օգտակար հանածոներով կամ դատարկ ապարներով լցված վագոնիկներ բարձրացնելու, նյութեր, մարդկանց և սարքավորումներ իջեցնելու ու բարձրացնելու համար: Ըստ հարկերի թվի` վերելքավանդակները լինում են մեկ կամ մի քանի հարկանի,
ճնշակ (կոմպրեսոր)` գազերը և օդը խտացնելով հավելյալ ճնշումը 0,2 ՄՊա-ից (2 կգ/սմ2) ոչ պակաս բարձրացնող և դրանց շարժումն ապահովող սարքվածք,
լեռնային (հանքային) մեքենաներ` մեքենաներ` նախատեսված լեռնային զանգվածի հանույթի, բարձման, փոխադրման, ինչպես նաև լեռնային փորվածքների անցման, ամրակցման և այլ աշխատանքների կատարման համար,
վագոնաշրջիչ` խուլ թափքով վագոնիկները շրջող և բեռնաթափող մեխանիզմ,
հանքահորային պարաշյուտ` ավտոմատ կարգով գործող սարք` վերհան ճոպանը կտրվելու դեպքում վերելքավանդակը կամ վագոնիկը որսալու, սահուն կանգնեցնելու և պահելու համար,
ստորերկրյա հանքի էլեկտրատեղակայանքներ` էլեկտրական մեքենաների, սարքերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների և օժանդակ սարքերի համախումբ` նախատեսված էլեկտրական էներգիայի հաղորդման, փոխակերպման և բաշխման համար,
հաղորդակ` մեքենան կամ մեխանիզմը շարժման մեջ դնող հարմարանք` բաղկացած էներգիայի աղբյուրից, էլեկտրաէներգիան հաղորդող մեխանիզմից և կառավարման սարքերից: Կախված էներգիայի տեսակներից` տարբերվում են էլեկտրա-, օդաճնշակային, հիդրո- և ջերմահաղորդակներ,
թմբուկ` վերհան և այլ մեքենաների սնամեջ գլանի տեսք ունեցող մաս, որի վրա փաթաթվում է ճոպանը,
լիսեռ` մեքենասարքավորման մաս, որն իր առանցքակալներում պտտվելով` փոխանցում է ոլորող պահը,
օդափոխման սխեմա` սխեմատիկ գծագիր, որի վրա ցույց են տրվում հանքի օդափոխիչների դասավորությունները և հիմնական օդափոխման փորվածքներով օդի շարժման ուղղությունը,
օդահավաքարան` խտացրած օդի ցանցում տեղակայվող տարողություն, որը նվազեցնում է ճնշակից եկող օդի ճնշման տատանումը, օդից անջատում յուղային խառնուրդները և խոնավությունը,
օդափոխիչ` օդի կամ այլ գազի հավելյալ ճնշումը մինչև 15 ՄՊա (1500 մմ ջրի սյուն) բարձրացնող և դրանց շարժումն ապահովող մեքենասարքավորում, որն օգտագործվում է հանքահորերը, փորվածքները, խցերը և հանքի այլ տարածքներն օդափոխելու համար,
ցամքուրդ` դրենաժային զանազան փորվածքների (ուղղաձիգ և հորիզոնական) միջոցով հանքավայրը կամ ապարային զանգվածը ցամքեցնելու կամ գազազերծելու եղանակ, որով իջեցվում է ստորերկրյա ջրերի մակարդակը կամ գազի պարունակությունը,
ստորերկրյա կառույցներ` հանքային և հետախուզական հիմնական փորվածքներ (հանքահորեր, հանքուղիներ, հանքմիջանցքներ, քվերշլագներ), տրանսպորտային և հիդրոտեխնիկական թունելներ և այլն, որոնց շինարարությունը կատարվում է ստորերկրյա պայմաններում,
մարտկոցների լիցքավորման կայան` կուտակիչային մարտկոցների լիցքավորման, վերանորոգման և պահման համար նախատեսված, ստորերկրյա հանքային փորվածքներում կամ հանքի մակերևույթում տեղակայված էլեկտրական սարքավորում` իր շինության հետ միասին,
հանքահոր` երկրի մակերևույթի հետ անմիջական ելք ունեցող, լայնական հատույթի համեմատաբար մեծ մակերեսով (մինչև մի քանի տասնյակ մ2) ու մեծ խորությամբ (մինչև մի քանի հարյուր մետր և ավելի) ուղղաձիգ կամ թեք ստորերկրյա փորվածք, որը հանքային դաշտի կամ դրա մի մասի սահմաններում ծառայում է ստորերկրյա աշխատանքներին,
հանքուղի` երկրի մակերևույթի հետ անմիջականորեն ելք ունեցող ստորերկրյա հորիզոնական փորվածք` նախատեսված ստորերկրյա աշխատանքների սպասարկման համար,
հոր (շուրֆ)` երկրի մակերևույթի հետ անմիջական ելք ունեցող ստորերկրյա ուղղաձիգ կամ թեք փորվածք, որն ունի ոչ մեծ խորություն և ուղղանկյունաձև կամ քառակուսի լայնական հատույթի համեմատաբար ոչ մեծ մակերես և հիմնականում ծառայում է երկրաբանական-հետախուզական, ստորերկրյա աշխատանքների սպասարկման և պայթուցիկ նյութերի խցային լիցքերի տեղավորման նպատակներին` ըստ իր դերի ստանալով համապատասխան անուն (լցահոր, հետախուզահոր),
բնամաս` հանքային մարմնի որոշ մասի ժամանակավոր կամ մշտական պահվածք` լեռնային աշխատանքների անվտանգությունը և ստորերկրյա լեռնային փորվածքների պահպանումն ապահովելու նպատակով,
հորատանցք` լեռնային ապարներում մեխանիկական եղանակով հորատման աշխատանքների կատարման արդյունքում առաջացած փորվածք, որն ըստ տեղադրվածության լինում է ուղղաձիգ, հորիզոնական, թեք ճյուղավորված և փնջային, իսկ ըստ կիրառման նշանակության` հետախուզման, շահագործման, օժանդակ, պայթեցման և այլն,
հանքիջացք` լայնական հատույթի համեմատաբար ոչ մեծ մակերեսով (1-3 մ2, հազվադեպ` ավելի մեծ) ուղղաձիգ կամ թեք ստորերկրյա փորվածք, որով օգտակար հանածոն իր ծանրության ուժի ազդեցությամբ տեղափոխվում է դեպի ներքև,
խուց` ստորերկրյա փորվածք, որն ունի լայնական հատույթի համեմատաբար մեծ չափեր և ոչ մեծ երկարություն` նախատեսված սարքավորումների, նյութերի, գույքի պահման, սանիտարական կամ այլ նպատակների համար,
հորանատակ (զումպֆ)` հորանի ստորին մաս, որը գտնվում է հանքի ամենաստորին հորիզոնից ներքև և նախատեսված է հանքային ջրերի կուտակման համար,
մուտքափորվածք` համեմատաբար ոչ մեծ երկարության և լայնական հատույթի սահմանափակ մակերեսով ստորերկրյա փորվածք, որն անմիջապես հարում է հանքավայրի մշակվող տարածությանը, կամ մաքրահանման ժամանակ մշակվող տարածությունից բաժանված է ոչ մեծ բնամասով,
մերձհանքահորային բակ` հորանի կամ հանքահորի մոտ կամ դրանց շուրջը գտնվող ստորերկրյա փորվածքների համախումբ, որոնք սպասարկում են հանքի ստորերկրյա տնտեսությունը,
հանքավայրի հորիզոն` միևնույն մակարդակի վրա դասավորված փորվածքների համախումբ` նախատեսված հանքաքարի հանույթի ընթացքում լեռնային աշխատանքների կատարման հետ կապված որոշակի գործողությունների իրականացման հետ: Ըստ նշանակության լինում են հանքաքարի երկրորդական ջարդման, քարամաղման, կեռաշերեփման, բացատարման և այլն,
հանքաքարի մաքրահանում` մաքրման փորվածքներում լեռնային զանգվածից օգտակար հանածոն կորզելու համար համալիր աշխատանքների իրականացում, որն ընդգրկում է օգտակար հանածոն պոկելու, այն ներհանքային տրանսպորտային միջոցների մեջ բարձելու և մինչև գծատրման հորիզոն փոխադրելու աշխատանքները,
առաստաղազանգված` մաքրման փորվածքի վերևում պահվող ժամանակավոր բնամաս, որը նախատեսված է օդափոխման և այլ փորվածքներ պահպանելու, օգտակար հանածոները թողարկելու ժամանակ ապարների թափվելը կանխելու համար,
պայթեցում` պայթեցման աշխատանքների անվտանգությունն ապահովող եղանակներով տրված հաջորդականությամբ սահմանված պահին պայթուցիկ նյութերի լիցքերի դետոնացում առաջացնելու պրոցես (ընթացք), որը կիրառվում է ապարները և այլ զանգվածներ քայքայելու, փշրելու նպատակով,
լցավորում` ստորերկրյա հանքի մշակված դատարկ տարածությունները լցանյութով լցնելու գործառույթ` վերին ապարազանգվածի փլուզումը կանխելու նպատակով,
ամրակապ` փորվածքներում կառուցվող պաշտպանիչ կառույց` շրջապատող ապարների փլուզումը կանխելու, փորվածքների լայնական հատույթների անհրաժեշտ չափերը պահպանելու և տանիքի ճնշումը կառավարելու համար,
լեռնային ճնշում` լեռնային փորվածքը շրջապատող ապարի զանգվածում գոյացող ուժեր, որոնք առաջանում են ապարների սեփական կշռից, տեկտոնական ուժերից և ջերմաստիճանի գրադիենտներից:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
10. Օգտակար հանածոների հանքավայրերում ստորերկրյա եղանակով արդյունահանում իրականացնող կազմակերպությունները, համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, պետք է ունենան`
1) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն.
2) աշխատողների առողջության պահպանման սանիտարական կանոնակարգի և նորմերի պահանջների կատարման միջոցառումների ծրագիր:
(10-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1460-Ն որոշում)
11. Նոր կառուցված ստորերկրյա հանքավայրերի համալիրները պետք է շահագործման հանձնվեն հանձնաժողովի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
Արգելվում է օբյեկտների ընդունումը շահագործման` նախագծային շեղումների դեպքում:
12. Օգտակար հանածոների բոլոր ստորերկրյա հանքավայրերը կառուցման ընթացքում և շահագործման ժամանակ պարտադիր կարգով պետք է սպասարկվեն լեռնափրկարար ծառայությունների կողմից:
13. Ստորերկրյա հանքում աշխատանքի ընդունվող սպասարկման ոլորտի և այլ մասնագիտությամբ աշխատողները և ինժեներատեխնիկական կադրերը պետք է ենթարկվեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի` «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության, ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
14. Ստորերկրյա հանքում աշխատող անձինք պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով (սաղավարտներ, արտահագուստ, կոշիկներ, ձեռնոցներ, հակագազեր, պաշտպանական գոտիներ և այլ միջոցներ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:
15. Հանքավայրերում պետք է կատարվի ստույգ հաշվառում ստորերկրյա փորվածք մտնող և դուրս եկող մարդկանց համար, որն իրականացվում է մարտկոցների լիցքավորման կայանում դրանց անհատական օգտագործման լամպերի տրման հիման վրա:
16. Նոր աշխատանքի ընդունված յուրաքանչյուր աշխատող, նախքան իր պարտականությունների կատարումը, պետք է անցնի նախնական ուսուցում`
1) տեխնիկական անվտանգության պահանջների իմացության գծով.
2) ինքնափրկիչների օգտագործման տիրապետման գծով.
3) հակահրդեհային միջոցներից օգտվելու գծով.
4) տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու գծով:
17. Բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, տեխնիկական կրթության և այլ ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնց պրակտիկան նախատեսվում է անցկացնել ստորերկրյա հանքում, տվյալ կազմակերպությունում պետք է անցնեն նախնական ուսուցում` դրանցում աշխատող մասնագետների ուսուցման համար նախատեսված ուսումնամեթոդական ծրագրերով` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից:
18. Եթե ստորերկրյա հանքերում աշխատող անձինք կատարում են երկու և ավելի մասնագիտությամբ աշխատանքներ, ապա նրանք պետք է անցնեն ուսուցում և գիտելիքների ստուգում` յուրաքանչյուր մասնագիտության գծով` համաձայն կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ուսումնամեթոդական ծրագրերի:
19. Ստորերկրյա հանքերում աշխատող բոլոր անձինք, ոչ ուշ, քան տարին երկու անգամ, պետք է ստանան հրահանգավորում տեխնիկական անվտանգության պահանջների իմացության հարցերով:
20. Ստորերկրյա հանքերում նոր աշխատանքի ընդունվող անձինք պետք է ծանոթ լինեն հանքից դեպի երկրի մակերևույթ դուրս եկող հիմնական և օժանդակ ելքերի հետ և կարողանան առանց դժվարության աշխատատեղից դուրս գալ երկրի մակերևույթ:
21. Ստորերկրյա հանքի բոլոր փորվածքներում և դրանց հատման տեղերում, ինչպես նաև աշխատատեղերում, նախատեսվում է տեղակայել համապատասխան ցուցանակներ, նախազգուշական, թույլատրող և արգելող պլակատներ, գրառումներ և նշաններ, որոնց նշանակությունը պետք է հայտնի լինի հանքի բոլոր աշխատողներին: Նշված ցուցանակները պետք է ներկվեն ինքնալուսավորող ներկով, էլեկտրական հոսանքի առկայության դեպքում` լուսավորվեն էլեկտրական լուսավորությամբ:
22. Գազապայթյունավտանգ ստորերկրյա հանքեր և փորվածքներ մտնող բանվորները, մասնագետները և ինժեներատեխնիկական աշխատողները պետք է ապահովված լինեն անհատական օգտագործման պաշտպանիչ միջոցներով (հակագազերով):
23. Ստորերկրյա հանքերում լեռնային աշխատանքների ղեկավարումը կարող են իրականացնել այն ինժեներատեխնիկական կադրերը, որոնք ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետով սահմանված կարգով անցել են ուսուցում, ստացել մասնագիտական որակավորում:
24. Ստորերկրյա հանքերում այլ կազմակերպություններից պայմանագրային հիմունքներով լեռնահանութային աշխատանքներ կատարող, էներգետիկ և մեխանիկական սարքավորումներ հավաքակցող, վերստուգող, վերանորոգող, կարգաբերող և չափումներ կատարող կազմակերպությունների մասնագետները, նախքան տվյալ բնույթի աշխատանքներ սկսելը, պետք է անցնեն ուսուցում և գիտելիքների ստուգում` տեխնիկական անվտանգության պահանջների իմացության հարցերով` տվյալ կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ուսումնամեթոդական ծրագրերին համապատասխան:
25. Ստորերկրյա հանքում աշխատանքները պետք է կատարվեն գրավոր կարգադրագրի համաձայն` տրված տեղամասի ղեկավարի (հերթափոխի) վարպետի կողմից: Արգելվում է աշխատանքների կատարման համար տալ կարգադրագրեր և այլ հանձնարարականներ այն փորվածքների, հանքախորշերի, տեղամասերի և այլ օբյեկտների համար, որոնցում առկա են տեխնիկական անվտանգության կանոնների խախտումներ:
26. Ստորերկրյա հանքի յուրաքանչյուր աշխատատեղում պետք է լինեն բավարար լուսավորություն, օդափոխություն, վթարային ազդանշանման համակարգեր, հանքի փորվածքները պետք է գտնվեն անվտանգ վիճակում, դրանցում չպետք է լինեն կախված ապարներ, ոչ սարքին ամրակապ և մեխանիզմների շարժական մասերի խափանումներ: Եթե նշված համակարգերում, փորվածքներում և տեղերում առկա են նման խախտումներ, հերթափոխի ղեկավարը (լեռնային վարպետը) պարտավոր է դադարեցնել աշխատանքները, մարդկանց հանել անվտանգ տեղ և իրավիճակի մասին անհապաղ իրազեկել իր անմիջական ղեկավարին կամ հանքի դիսպետչերական ծառայությանը:
27. Աշխատանքներն սկսելուց առաջ հանքի համապատասխան տեղի աշխատողը պարտավոր է ստուգել և համոզվել հանքախորշի, փորվածքի ամրակապի, առաստաղի և կողերի վիճակի, օդափոխության համակարգի, հանքախորշի մեխանիզմների և սարքավորումների սարքինության մասին: Եթե բացահայտվում են անսարքություններ, որոնք ինքը չի կարող ինքնուրույն վերացնել, դրա մասին պարտավոր է հայտնել հերթափոխի ղեկավարին (լեռնային վարպետին):
28. Ստորերկրյա հանքի յուրաքանչյուր աշխատող, մարդկանց և օբյեկտին սպառնացող որևէ վտանգ նկատելու դեպքում, պարտավոր է դրա մասին անհապաղ իրազեկել իր անմիջական ղեկավարին:
29. Եթե հանքավայրը մշակվում է միաժամանակ ստորերկրյա և բաց եղանակով, պետք է իրականացվեն ստորերկրյա և բաց աշխատանքներում ընդգրկված աշխատողների անվտանգությունն ապահովող հատուկ միջոցառումներ (օդափոխության համակարգերի, մթնոլորտի վիճակի ստուգում, պայթյունի հետևանքով առաջացած թունավոր գազերի ու նյութերի չեզոքացում, բաց հանքից ջրերի մուտքը դեպի ստորերկրյա փորվածքներ կանխում և այլն):
30. Ստորերկրյա լեռնային այն փորվածքները, որոնցում աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են ու վտանգ են ներկայացնում մարդկանց և կենդանիների համար, դրանց փլուզման գոտին մակերևույթի վրա պետք է պաշտպանվի հոծ պատնեշներով, կամ համապատասխան արգելափակիչ նշաններով:
31. Բոլոր չգործող ուղղաձիգ և թեք լեռնային փորվածքները պետք է վերևից և ներքևից հուսալիորեն ծածկվեն: Եթե այդ փորվածքներն օգտագործվում են օդափոխության համար, ապա դրանք պետք է պարսպվեն ամուր արգելապատով, ծածկվեն մետաղե ցանցով` բացառելով մարդկանց և կենդանիների` դրանց մեջ ընկնելու վտանգը:
32. Այնպիսի լեռնային փորվածքները, որոնցում աշխատանքներն ամբողջովին ավարտված են, պետք է լցավորվեն դատարկ ապարներով, կատարվեն արհեստական փլուզում կամ փակվեն մարդկանց և կենդանիների մուտքն արգելակող միջնապատերով կամ ապահովիչ ցանկապատերով:
33. Ստորերկրյա աշխատանքների հետևանքով երկրի մակերևույթին առաջացած իջանցքները, անկումները և հնարավոր փլուզման գոտիների սահմանները պետք է ամուր ցանկապատվեն` բացառելով դրանցում մարդկանց և կենդանիների մուտքը:
34. Բոլոր հանքերում` հանքահորերի մոտ, որտեղ կատարվում են մարդկանց բարձրացում և իջեցում, նախատեսվում է կառուցել սպասախցեր, որոնց ելքը պետք է տեղակայված լինի հանքախորշին անմիջապես մոտ:
35. Ստորերկրյա հանքերի տեխնոլոգիական սարքավորումների շահագործումը, սպասարկումը, ինչպես նաև դրանց հավաքակցումը, ապահավաքակցումը պետք է կատարվեն համաձայն արտադրող գործարանի տեխնիկական անձնագրերի և տեխնոլոգիական հրահանգների:
36. Ստորերկրյա հանքերում օգտագործվող մեքենաների, մեխանիզմների և սարքավորումների բոլոր բաց շարժվող մասերը (կցորդիչները, փոխանցումները, փոկանիվները և այլն) պետք է հուսալիորեն արգելապատվեն: Նախքան մեքենան գործարկելը, մեքենավարը պարտավոր է համոզվել մեքենայի գործողության սահմաններում գտնվող անձանց անվտանգության մեջ և տալ նախազգուշական ձայնային ազդանշան: Ձայնային ազդանշանի տևողությունը պետք է լինի 6 վրկ-ից ոչ պակաս և լսելի լինի վտանգավոր գոտու ամբողջ տարածքում: Ձայնային ազդանշանի աղյուսակը պետք է փակցված լինի աշխատող մեխանիզմի վրա կամ դրա մոտակայքում և տեսանելի լինի ցանկացած տեսադաշտից, իսկ ազդանշանի նշանակությանը պետք է ծանոթ լինեն մեքենան (մեխանիզմը) սպասարկող բոլոր անձինք:
37. Արգելվում է հանք իջնել, հանքում կատարել աշխատանքներ կամ գտնվել հանքի տարածքում ոգելից խմիչքներ, թմրադեղեր և հոգեմետ դեղեր օգտագործած անձանց:
38. Արգելվում է ծխելու պարագաներ տանել գազապայթյունավտանգ հանքեր, ինչպես նաև ծխել ստորերկրյա փորվածքներում օդափոխիչի սփռիչից մինչև 30 մ հեռավորության վրա:
39. Ստորերկրյա հանքում արտադրական վթարներ և դժբախտ պատահարներ առաջանալու դեպքում հանքի յուրաքանչյուր աշխատող պարտավոր է դրա մասին տեղեկացնել համապատասխան ենթակառուցվածքների պատասխանատու անձանց, աջակցել վթարների և դժբախտ պատահարների հետևանքների վերացմանը:
40. Ստորերկրյա հանքերում արտադրական վթարների և դժբախտ պատահարների տեխնիկական քննությունը և հաշվառումը պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 488-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:
41. Յուրաքանչյուր ստորերկրյա հանքում պետք է գործի պահպանության համակարգ, որը կբացառի կողմնակի անձանց մուտքը հանքի կենսաապահովման օբյեկտներ:
IV. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` ԼԵՌՆԱՅԻՆ ՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
42. Յուրաքանչյուր ստորերկրյա հանք պետք է ունենա ոչ պակաս, քան երկու առանձնացված ելքեր` նախատեսված մարդկանց` երկրի մակերևույթ դուրս գալու համար, ընդ որում, ելքերից մեկում օդի շարժման շիթի ուղղությունը պետք է հակադարձ լինի մյուս ելքի օդի շարժման շիթի ուղղությանը: Ստորերկրյա հանքի յուրաքանչյուր հորիզոն, հարկ նույնպես պետք է ունենա ոչ պակաս, քան երկու առանձնացված ելքեր` դեպի հարակից հորիզոնները կամ դեպի հանքահորը:
43. Ստորերկրյա հանքի կենտրոնական հանքահորի հորատանցումից հետո, մինչև նախագծային հորիզոններին հասնելը, առաջին հերթին պետք է կատարվեն աշխատանքներ հորատանցքերը միմյանց հետ միացնելու, ջրահանման համար փորվածքները անցնելու, հանքահորերի ժամանակավոր կամ հիմնական վերելքավանդակային վերհան կայանքը կառուցելու համար:
44. Եթե ստորերկրյա հանքից դեպի երկրի մակերևույթ դուրս եկող երկու հիմնական ելքերից բացի կան ուրիշ լրացուցիչ ելքեր, ապա դրանք պետք է պահպանվեն կամ ներսից փակվեն փականով:
45. Այն փորվածքները, որոնք ծառայում են որպես լրացուցիչ ելքեր, պետք է պահպանվեն սարքին վիճակում և ստուգվեն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
46. Եթե ստորերկրյա փորվածքներից դեպի երկրի մակերևույթ դուրս եկող երկու ելքերը հանդիսանում են ուղղաձիգ հանքահորերը, ապա դրանք բացի մեխանիկական վերհանից, պետք է սարքավորվեն նաև սանդուղքային բաժանումներով: 500 մ-ից ավելի խորություն ունեցող հանքահորերում սանդուղքները կարող են բացակայել պայմանով, եթե երկու հանքահորերում լինեն անկախ էլեկտրասնուցմամբ երկուական մեխանիկական վերհաններ: Մինչև 70 մ խորություն ունեցող ուղղաձիգ հանքահորերում սանդուղքային բաժանումների առկայության դեպքում դրանցից մեկում մեխանիկական վերհանը կարող է բացակայել:
47. Այն դեպքերում, երբ երկու ելքերով ստորերկրյա փորվածքներից դեպի երկրի մակերևույթ դուրս գալու համար ծառայում են 45o-ից ցածր թեքության անկյուն ունեցող թեք հանքահորերը, ապա դրանցից մեկը պետք է սարքավորված լինի մարդկանց մեխանիկական եղանակով տեղափոխման համար, եթե թեք հանքահորի նշագծի տարբերությունը գերազանցում է 40 մ: Նշագծերի տարբերությունը 70 մ-ից ավելի լինելու դեպքում` երկու հանքահորերը պետք է ունենան մեխանիկական վերհաններ, որոնցից մեկը պետք է սարքավորվի մարդկանց տեղափոխման համար: Մեխանիկական վերհանի խափանման դեպքում պետք է նախատեսվեն հնարավորություններ մարդկանց տեղափոխումը հանքահորով կազմակերպելու համար: Այդ նպատակի համար, երբ հանքահորի անկյան թեքությունը 7o-ից մինչև 15o է, պետք է լինեն ճաղաշարքեր, 15o-ից մինչև 30o-ի դեպքում` աստիճաններով և ճաղաշարքերով ելաններ, 30o-ից մինչև 45o-ի դեպքում` սանդուղքներ: Եթե հանքահորի անկյան թեքությունը 40o-ից ավելի է, ապա սանդուղքները պատրաստվում են այնպես, ինչպես ուղղաձիգ փորվածքներում:
48. ՈՒղղաձիգ փորվածքներում սանդուղքները պետք է տեղակայվեն 80o-ից ոչ ավելի թեքությամբ: Սանդուղքները փորվածքապռնկից կամ յուրաքանչյուր տախտկամածովի պռնկից պետք է լինեն բարձր 1 մ-ից ոչ պակաս կամ տախտկամածովի բացվածքից վերև` փորվածքի ամրակապի մեջ ամրակցվեն մետաղե բռնակներով: Բռնակների ներսի կողի և ամրակապի միջև հեռավորությունը պետք է լինի 0,04 մ-ից ոչ պակաս, բռնակների միջև եղած հեռավորությունը` 0,4 մ-ից ոչ ավելի, իսկ բռնակների լայնությունը` 0,4 մ-ից ոչ պակաս:
49. Շնչադիմակներով լեռնափրկարար ծառայության աշխատողների ազատ շարժը սանդուղքներով իրականացնելու համար պետք է ապահովվեն հետևյալ պայմանները`
1) մտոցների (լազերի) չափերը, չհաշված սանդուղքով զբաղեցված մակերեսը, պետք է լինեն ըստ սանդուղքի երկարության` 0,7 մ-ից ոչ պակաս, ըստ սանդուղքի լայնության` 0,6 մ-ից ոչ պակաս.
2) հեռավորությունը սանդուղքի հիմքից մինչև փորվածքի ամրակապը պետք է լինի 0,6 մ-ից ոչ պակաս.
3) հեռավորությունը սանդահարթակների միջև պետք է լինի 8 մ-ից ոչ ավելի.
4) սանդուղքները պետք է լինեն ամուր և հուսալի ամրացված: Սանդուղքների լայնությունը պետք է լինի 0,4 մ-ից ոչ պակաս, իսկ հեռավորությունը սանդղակալներից (տետիվ)` 0,28 մ-ից ոչ պակաս: Սանդուղքի վերևում գտնվող մտոցը պետք է փակվի կափույրով: Սանդուղքները և աստիճանները պետք է պահպանվեն սարքին վիճակում, մաքրվեն կեղտից, տիղմից և այլ նյութերից:
50. Արգելվում է սանդուղքներով սարքավորված վերընթաց փորվածքներից մուտքերի (ելքերի) կառուցումն անմիջապես հանքահանման փորվածքների վրա: Դրա համար պետք է անցկացվեն 1,2 մ-ից ոչ պակաս երկարությամբ և լայնությամբ և 2 մ բարձրությամբ հատուկ որմնախորշեր:
51. Լեռնային փորվածքների հորատանցումը և ամրակապումը պետք է կատարվեն համաձայն ամրակապման և առաստաղի պահպանման նախագծի և տեխնիկական անձնագրերի: Լեռնաերկրաբանական և արտադրական պայմանների փոփոխության դեպքերում փորվածքների հորատանցման աշխատանքները պետք է դադարեցվեն` մինչև անձնագրային պահանջների վերանայումը:
52. Բոլոր հորիզոնական փորվածքներում, որտեղ կիրառվում են ռելսային տրանսպորտային միջոցներ, պետք է մարդկանց տեղաշարժի համար ապահովվեն 0,7 մ-ից ոչ պակաս լայնությամբ ազատ անցուղիներ` փորվածքի պատի, տեղակայված սարքավորումների և շարժակազմի առավել դուրս ցցված մասերի միջև: Մարդկանց ազատ տեղաշարժի ուղիները պետք է ձգվեն փորվածքի ամբողջ երկարությամբ և ունենան ոչ պակաս, քան 1,8 մ բարձրություն:
53. Փոխակրիչային տրանսպորտով աշխատող փորվածքներում մարդկանց ազատ տեղաշարժի անցուղիների լայնությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս: Վերանորոգման-հավաքակցման աշխատանքների կատարման համար հանդիպակաց կողմից փորվածքի պատի և փոխակրիչի եզրաչափի միջև պետք է ապահովվի անցուղի` 0,6 մ-ից ոչ պակաս: Այն տեղերում, որտեղ տեղակայված են տարբեր նշանակության դռներ և միջնապատեր (օդափոխության, հրդեհային անվտանգության), հեռավորությունը շարժակազմի եզրաչափի և դրանց միջև պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս:
54. Երկուղի փորվածքների այն տեղամասերում, որտեղ կատարվում են վագոնիկների անջատում և միացում ու մանևրային աշխատանքներ, հիմնական բեռնման ու բեռնաթափման կետերում (բունկերներ, հանքիջանցքներ), ինչպես նաև միաուղի մերձհորային վերելքասանդուղքների հանքահորերի միջև հեռավորությունը պատից կամ փորվածքներում տեղակայված սարքավորումների, խողովակագծերի և շարժակազմի եզրաչափի միջև պետք է լինի 1,0 մ-ից ոչ պակաս` փորվածքի երկու կողմից:
55. Թեք փորվածքների հորատանցման, խորացման և վերանորոգման ժամանակ հանքախորշերում աշխատողները պետք է վերևից ընկնող վագոնիկներից և այլ իրերից պաշտպանված լինեն ոչ պակաս, քան երկու ամուր փակոցներով: Փակոցներից մեկը պետք է տեղակայվի փորվածքի պռնկի մոտ, իսկ երկրորդը` մարդկանց աշխատատեղից ոչ ավելի 20 մ բարձր:
56. ՈՒղղաձիգ հանքահորի խորացվող մասն աշխատող հորիզոնից պետք է մեկուսացվի ամուր տախտամածով կամ պահպանող բնամասով, որը թողնվում է հանքահորի հորանատակից ներքև: Բնամասը պետք է ներքևից ամրացվի հուսալի ամրակապով, հոծ ձգիչով:
57. Հանքահորերի հորատանցման, ամրակապման աշխատանքները պետք է կատարվեն համաձայն նախագծերի և տեխնոլոգիական հրահանգների: Տեխնիկական փաստաթղթերը պետք է պարունակեն պահանջներ`
1) հորատանցման տախտամածովների սարքավորումների և սարքերի, ինչպես նաև արտադրական բոլոր գործընթացներում դրանց վրա կատարվող աշխատանքների մասին.
2) վերևից տարբեր առարկաների և սարքավորումների հնարավոր ընկնելը կանխարգելող պաշտպանական միջոցների կիրառման մասին.
3) հորատանցման տախտամածովը հանքահորի ուղղությամբ տեղաշարժման կարգի մասին.
4) տախտկամածովների վրա և հանքախորշերում կատարվող բեռնաբարձման-բեռնաթափման աշխատանքների կազմակերպման կարգի մասին.
5) հանքահորի ամրակապի և ամրացման աշխատանքների կատարման մասին:
58. Արգելվում է առանց պաշտպանիչ գոտիների կատարել հանքահորի ամրացման կամ կախովի տախտամածի տեղափոխման աշխատանքներ, ինչպես նաև օգտագործել կախովի տախտամածովը` որպես վերհան սարք:
59. Հանքահորի հորատանցման և խորացման ժամանակ պետք է նախատեսվի կախովի սանդուղք` վերհան մեքենայի վթարի դեպքում այն օգտագործելու համար: Կախովի սանդուղքը պետք է ունենա այնպիսի չափեր, որպեսզի դրա վրա կարողանան տեղավորվել ամենամեծ քանակով հերթափոխի բոլոր աշխատողները: Կախովի սանդուղքը պետք է ամրացված լինի կարապիկի (վերհանի) ճոպանին և գտնվի կախովի տախտամածից վերև: Կարապիկը պետք է սարքավորված լինի արգելակիչներով, ունենա համակցված շարժաբեր (մեխանիկական և ձեռքի):
60. Հանքահորի հորատանցման և խորացման ժամանակ յուրաքանչյուր վերհան կայանք պետք է ունենա ոչ պակաս, քան երկու իրարից անկախ ազդանշանային սարքեր: Եթե աշխատանքները տարվում են միաժամանակ փորվածքում և կախովի տախտամածի վրա, ապա փորվածքի տախտամածի ազդանշանային սարքերը պետք է լինեն միմյանցից մեկուսացված: Հանքահորի հորատանցման և ամրակապման աշխատանքներում ընդգրկված բոլոր աշխատողները պետք է իմանան տրվող ազդանշանների նշանակությունը և կարողանան իրենք նույնպես տալ համապատասխան ազդանշան:
61. Հանքավայրի ստորերկրյա եղանակով մշակման ժամանակ բոլոր գործող փորվածքները պետք է պահպանվեն մաքուր և սարքին վիճակում: Արգելվում է մարդկանց անցուղիները ծանրաբեռնել ավելորդ սարքավորումներով, այլ իրերով և առարկաներով:
62. Բոլոր գործող փորվածքների պահպանման, դրանց ամրակապի, սարքավորումների, օդափոխության կառուցվածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար կազմակերպության ղեկավարի հրամանով պետք է նշանակվեն տեխնիկական պատասխանատու անձինք:
63. Գործող փորվածքների հանքահանման գծերի, դրանց վերանորոգման որակի և օդափոխման սարքավորումների վիճակը պետք է ստուգվի յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում` հերթափոխի ղեկավարի (լեռնային վարպետի) կողմից, իսկ տեղամասերում` ամեն օր` տեղամասի ղեկավարի կողմից:
64. Փորվածքի բետոնե ամրակապի վրա ճաքեր նկատելու դեպքում դրանց վրա պետք է սահմանվի կանոնավոր հսկողություն` տեղադրելով հատուկ սարքեր (մայակներ): Փորվածքի բետոնե ամրակապի վիճակը պետք է ստուգվի առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ փայտե ամրակապի վիճակը` ամիսը երկու անգամ, նույն ժամանակահատվածով պետք է ստուգվեն նաև մետաղաձողային ամրակապով փորվածքների առաստաղի կողերի ամրությունը:
65. Մարդկանց տեղափոխման և բեռների փոխադրման համար նախատեսված ուղղաձիգ և թեք փորվածքների ամրակապը պետք է ստուգվի ամեն օր` հանքի ղեկավարի կողմից նշանակված անձի միջոցով:
66. Հանքահորերը, որոնք ծառայում են միայն օդափոխության համար, պետք է ստուգվեն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, որի համար նախատեսվում է դրանք կահավորել հատուկ սարքավորումներով (վերելքավանդակներ, բադյաներ և այլն):
67. Լեռնային փորվածքների ջարդված և տեղահանված ամրակապերը պետք է փոխվեն անմիջապես: Ոչ պիտանի ամրակապը փոխելու ժամանակ, մինչև վնասված տեղից հին ամրակապի օղակների հանումը, պետք է այդ տեղամասում տեղադրվի ժամանակավոր ուժեղացված ամրակապ, որպեսզի բացառվեն ապարների փլուզման կամ քանդման վտանգավոր երևույթները:
68. Հանքահորում տարբեր բնույթի վերանորոգման, վերակապման և վերասարքավորման աշխատանքներն ավարտելուց հետո այն կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված տեխնիկական պատասխանատու անձի կողմից պետք է մանրազնին ստուգվի, կատարվի վերհան սարքավորումների փորձարկում (իջեցում և բարձրացում):
69. Հանքահորերի պատերի և դրանց մեջ տեղակայված ուղղատուների վիճակի ստուգումը (պրոֆիլավորումը) պետք է կատարվի մարկշեյդերական ծառայության կողմից: Ստուգման ժամկետները և մեթոդները սահմանվում է կազմակերպության ղեկավարի կողմից:
70. Հանքահորերի հորանատակի մաքրման կամ այնտեղ որևէ այլ աշխատանքների կատարման ժամանակ վերհան սարքավորումների շարժումը հանքահորով պետք է ամբողջովին դադարեցվի, իսկ հորանատակում աշխատողները պետք է պաշտպանված լինեն վերևից ընկնող իրերից և առարկաներից:
71. Ստորերկրյա հանքի հանքահանման փորվածքներում, որտեղ կատարվում է շարժակազմերի երթևեկություն, ամրակապի վերանորոգման ժամանակ աշխատանքների կատարման վայրից 80 մ հեռավորության վրա փորվածքների երկու կողմից պետք է դրվեն լուսային ազդանշաններ: Վերանորոգման վայրում հպակային հաղորդալարերը պետք է անջատվեն և հողանցվեն: Վերհան սարքավորումներով կահավորված գործող և հորատանցման մեջ գտնվող ուղղաձիգ և թեք փորվածքների պռունկները, ոչ աշխատանքային կողմից, պետք է ցանկապատվեն 2,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ պատով կամ մետաղե ցանցով:
V. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` ՄԱՔՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
72. Ստորերկրյա հանքի հանքահանման փորվածքներում մաքրահանումը պետք է իրականացվի միայն նախագծով նախատեսված անվտանգության միջոցառումներն ամբողջովին իրականացնելուց հետո:
73. Բնամասերի (պաշտպանիչ, միջխցային, առաստաղային և այլն) ձևերը և չափերը պետք է հաշվարկվեն այնպես, որպեսզի ապահովվի դրանց ամրությունը, բացառվի փլուզման վտանգը:
74. Բնամասերի և առաստաղի ամրության վրա բացասաբար ազդող որևիցե խախտում նկատելու դեպքում` հանքախորշում պետք է անմիջապես դադարեցվեն աշխատանքները, ձեռնարկվեն միջոցներ դրանց ամրության ապահովման համար:
75. Մաքրահանման հանքախորշերում աշխատանքները 3 օրից ավելի տևողությամբ դադարեցնելուց հետո թույլատրվում է դրանք վերսկսել միայն այդ տեղամասի տեխնիկական պատասխանատու անձի կողմից կատարված ստուգումներից հետո: Եթե հանքում տեղի են ունեցել տեխնածին վթարի դեպքեր, ապա աշխատանքների վերսկսումը թույլատրվում է միայն վթարի հետևանքների ամբողջությամբ վերացումից հետո` կազմակերպության ղեկավարության գրավոր թույլտվությամբ:
76. Հարակից հարկերում մաքրահանման աշխատանքների միաժամանակ կատարումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ վերևի հարկի մաքրման հանքախորշը ներքևի հարկի հանքախորշի նկատմամբ առաջ է անցել նախագծով սահմանված չափով, և ապահովվում է աշխատանքների կատարման անվտանգությունը:
77. Արգելվում է լիցքերի պայթեցումը հանքահանման հորիզոններից վերև գտնվող խցերում, հանքախորշերում, կեռաշերեփային հանքամիջանցքներում, քարամաղման խցերում և փորվածքներում` մինչև հանքահանման փորվածք դուրս եկող թողարկման փորվածքի լեռնային զանգվածով լցավորումը:
78. Վերընթացային փորվածքների լայնացման դեպքում աշխատողները պետք է օգտագործեն ապահովիչ գոտիներ` հուսալիորեն ամրացված ճոպանների վրա:
79. Այնպիսի փորվածքները, որոնք ունեն մուտք դեպի մշակումն ավարտված մաքրահանման խցերը, պետք է փակվեն, և արգելվի մարդկանց մուտքը դեպի այդպիսի խցեր:
80. Հերթափոխի սկզբում և աշխատանքների կատարման ընթացքում հանքախորշում պետք է ստուգվի փորվածքի առաստաղի և կողերի կայունությունը: Ինքնափլուզման վտանգի դեպքում աշխատանքները պետք է անմիջապես դադարեցվեն և մարդկանց տեղափոխեն անվտանգ տեղեր:
81. Կեռաշերեփի աշխատանքի ժամանակ աշխատողները չպետք է գտնվեն կեռաշերեփային ուղու վրա կամ կեռաշերեփի մետաղաճոպանի գործողության գոտում:
82. Կեռաշերեփը պետք է տեղակայված լինի այնպես, որպեսզի դրա մի կողմից թողնվի 0,7 մ-ից ոչ պակաս անցուղի` կարապիկի սպասարկման համար, իսկ մյուս կողմից` 0,6 մ-ից ոչ պակաս անցուղի` հավաքակցման աշխատանքների կատարման համար:
83. Քարամուղերը պետք է տեղակայվեն հուսալիորեն և արգելապատվեն մարդկանց մուտքի կողմից: Քարամուղի ցանցը պետք է իրենից ներկայացնի ամուր մետաղե կառուցվածք: Արգելվում է քարամուղի վրա տեղակայել կեռաշերեփային կարապիկ և թրթռացող սարք` հանքաքարի թողարկման համար:
84. Քարամղման խցի բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, իսկ քարամուղի մոտ ազատ անցուղու լայնությունը` 0,5 մ-ից ոչ պակաս:
85. Քարամուղի անցքերում, հանքիջանցքներում և իջանցքներում հանքաքարի խցանման դեպքում աշխատողները հանքաքարի հավասարաչափ բացթողումն ապահովելու համար պետք է օգտվեն երկարացված գործիքներից (լինգերից) կամ ցանկացած ընդունելի այլ հրահրող միջոցից: Խցանված հանքաքարի գոյացած կուտակումների պայթեցումները պետք է կատարվեն անվտանգ տեղից` դետոնացնող քուղի կիրառմամբ:
86. Առաստաղի և կողային ապարների փլեցման ժամանակ, եթե առաստաղի ապարների փլեցումը տեխնիկական անձնագրով նախատեսվածից հետ է ընկնում մեկ քայլի չափով, ապա անհրաժեշտ է կատարել ստիպողական փլեցում: Այս դեպքում արգելվում է մաքրահանման աշխատանքների կատարումը մինչև առաստաղի փլեցումը:
87. Մինչև արհեստական փլեցման աշխատանքների կատարումը` փլեցվող տեղամասերի ելքերը պետք է մաքրվեն ապարներից, վագոնիկներից, սարքավորումներից, փայտից և այլ առարկաներից, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կատարվի լրացուցիչ ամրակապում:
88. Արգելվում է հանքաքարի և խառնվածքային ապարների փլեցմամբ մշակման եղանակների կիրառումը` հանքաքարի վրածածկի ապարներում գազով կամ ջրով լցավորված տղմահողերի, ավազների, ավազակավերի առկայության դեպքում:
89. Հանքավայրը, շերտային փլեցման եղանակով մշակելիս, վրածածկ ապարների և ճկուն ծածկոցների (նաստիլ) նստեցման ժամանակ`
1) փորանցքների մարման դեպքում ամրակապի պայթեցումը պետք է կատարվի էլեկտրական եղանակով կամ դետոնացման քուղի կիրառմամբ.
2) վերընթացիկ փորվածքների հորաբերանը պետք է փակվի.
3) մշակվող հանքային մարմնի առաջին շերտը հանելուց հետո հատակին պետք է դրվի ուժեղացված ծածկոց` ճկուն փռվածք ստեղծելու համար, ինչպես նաև պետք է ձեռնարկվեն միջոցներ ծածկող ապարների արհեստական նստեցման ճանապարհով 6 մետրանոց ապահովիչ ապարաբարձ ստեղծելու համար: Ծածկող ապարների նստեցումը պետք է կատարվի փորվածքի առաստաղին հորատված հորատանցքերի պայթեցմամբ.
4) փլված տարածության և աշխատող փորանցքի միջև պետք է թողնվեն մեկից ոչ պակաս և 3-ից ոչ ավելի մշակված փորանցքեր կամ շերտ, որոնք պետք է ամրակապվեն.
5) արգելվում է հանքախորշում պայթեցման աշխատանքներ կատարելուց հետո փորվածքը կարգի բերել հարակից փորվածքներից:
90. Հանքավայրը ենթահարկային հանքամիջանցքների եղանակով մշակման ժամանակ`
1) բաց փորանցքերից ապարների պոկման աշխատանքները կատարելու ժամանակ աշխատողները պետք է օգտագործեն պաշտպանիչ գոտիներ.
2) արգելվում է բաց փորվածքներից անկայուն և ճեղքվածքներով հանքաքարի պոկման աշխատանքների կատարումը.
3) արգելվում է մարդկանց գտնվելը բաց խցերում.
4) կայուն ապարների դեպքում բաց փորանցքի լայնությունը ենթահարկերում պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, բարձրությունը` 2,5 մ-ից ոչ պակաս, փակ փորանցքերի բարձրությունը նախատեսվում է մինչև 3 մ.
5) արգելվում է հորատանցքերի հովհարների պայթեցումը ենթահարկային փորվածքներից` մինչև հորատանցքում նախապես չպայթեցվեն երեք հովհարներ.
6) հանքամիջանցքը դատարկ տարածությունից անհրաժեշտ է արգելապատել:
91. Հանքավայրը պահեստավորման եղանակով մշակման ժամանակ`
1) արգելվում է հանքաքարի բացթողման ժամանակ մարդկանց գտնվել պահեստախցում, կատարել հանքաքարի հորատման, ջարդման, մանրացման աշխատանքներ` առանց վտանգազերծելու փորվածքի առաստաղը և կողերը.
2) առաստաղի և պոկված հանքաքարի միջև հեռավորությունը պետք է լինի 2,5 մ-ից ոչ ավելի.
3) խցի առաստաղի և կողերի թույլ տեղամասերը պետք է ամրակապվեն ժամանակավոր կամ մշտական ամրակապով.
4) հանքաքարի պոկումից հետո պահեստախցի ամբողջ բարձրությամբ բոլոր մուտքերը պետք է փակվեն.
5) պետք է վերահսկել պահեստախցից բաց թողնված հանքաքարի քանակը` բացառելու դատարկությունները և պահեստավորված հանքաքարի առկախումը:
92. Խորը հորատանցքերով հանքաքարի պոկման ժամանակ`
1) լիցքերի պայթեցման հետևանքով հատման անցքեր առաջանալու դեպքում խորը հորատանցքերում պետք է տեղադրվի անցքը փակող հարմարանք, ինչը կկանխի դրանց մեջ մարդկանց ընկնելը.
2) հորատման հանքամիջանցքների կամ լայնական փորույթների (օրտ) և դրանցից խորը հորատանցքերի անցումը պետք է առաջանցիկ լինի հանքախորշի փլուզման գծից` ոչ պակաս, քան մեկ հորատման փորույթ:
93. Շերտային փլեցման եղանակով մշակման ժամանակով`
1) փորանցքի երկարությունը և շերտի բարձրությունը չպետք է գերազանցի 3 մ-ն.
2) բլոկի մշակումը կարող է իրականացվել միաժամանակ մի քանի շերտերում` պայմանով, որ մեկ շերտից մյուս շերտն աշխատանքներն ընթանան հետընթացիկ և այնպիսի հեռավորությամբ, որպեսզի ապահովվեն ապարների նորմալ նստեցումը, բայց ոչ պակաս, քան 10 մ-ից:
94. Հանքիջանցքներից ջրավորված լեռնային զանգվածի թողարկումը պետք է իրականացվի համաձայն կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված աշխատանքների կազմակերպման պլանի, և այն պայմանով, որ հանքիջանցքները սարքավորվեն հեռակառավարման ելանցքային փականներով, կամ կիրառվեն կեռաշերեփային կարապիկներ և այլ սարքավորումներ, որոնք կբացառեն հանքիջանցքի տակ մարդկանց գտնվելը:
95. Խցային, խցասյունային եղանակով մշակման ժամանակ պետք է պահպանվեն բնամասերի և խցերի համաառանցքայնությունը վերընթացքով: Բնամասերի և խցերի համաառաձգայնության ապահովման անհնարինության դեպքում դրանց արանքում պետք է թողնվի ժապավենային բնամաս, որի լայնությունը պետք է որոշվի նախագծով:
96. Լցափակման աշխատանքների անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը, լցափակման միջոցների, ինչպես նաև լցափակման խառնուրդի և նյութերի փոխադրման տեխնոլոգիաների ընտրությունը մշակված տարածությունում պետք է հիմնավորվեն նախագծով:
97. Մայրուղային խողովակագծերը պետք է սարքավորվեն ճնշման, լցափակման խառնուրդի և ջրի արտանետման հսկողության սարքերով: Խցանումների վերացման համար մայրուղային խողովակագծերին զուգահեռ պետք է անցկացվի հանքահորային ջրատար:
98. Յուրաքանչյուր տեղամասում լցափակման աշխատանքների սկիզբը և ավարտը ձևակերպվում է ակտով` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից:
99. Հորիզոնական շերտերով ամուր լցափակման եղանակով մշակման ժամանակ`
1) շերտերի վերընթաց հանույթի դեպքում մաքրման փորվածքը պնդացնող լցափակման ամրությունը հատակում պետք է ապահովի դրանով շարժվող ինքնագնաց սարքավորման անվտանգությունը.
2) շերտերի ոչ վերընթաց հանույթի դեպքում լցափակումը կրող շերտի ամրությունը պետք է ապահովի դրանցից ներքև կատարվող մաքրահանման աշխատանքների անվտանգությունը:
100. Լցափակման զանգվածում պետք է կատարվի կայունության գնահատում: Մաքրահանման փորվածքի կողերում մերկացումների դեպքում զանգվածի կայունությունը գնահատվում է` կախված մերկացման բարձրությունից, իսկ մաքրահանման փորվածքի տանիքում` մերկացումների դեպքում` կախված փորվածքի թռիչքի լայնությունից:
101. Մաքրահանման փորվածքների հետ հաղորդակցումը պետք է կատարվի ընթացային բաժանմունքով, որը միշտ պետք է մաքրվի հանքաքարից և գտնվի օգտագործման համար սարքին և պիտանի վիճակում:
102. Հարկային ստիպողական փլեցման եղանակով մշակման ժամանակ արգելվում է մարդկանց փորվածքներից դուրս գալ դատարկություններ, որոնք գոյացել են հանքային զանգվածի ենթահատման և փլուզման ընթացքում` ենթահարկային փորվածքի սահմաններից դուրս:
103. Խցերում հարկային և ենթահարկային փորվածքների ելքերը պետք է ցանկապատվեն:
104. Ստորերկրյա ապարաջարդիչ համալիրներ կիրառելու դեպքում պետք է նախատեսվեն`
1) ապարաջարդիչ մեքենաներից դուրս թռչող ապարների կտորներից (նյութերից) նախազգուշացման և պաշտպանության միջոցները.
2) փոշուց օդի մաքրման եղանակները.
3) մարդկանց ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտի դուրս գալու և ապարաջարդիչը քարերից մաքրելու դեպքում` անվտանգության միջոցները.
4) ապարաջարդիչ մեքենայի օպերատորի պաշտպանության միջոցները.
5) ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտուց հանքաքարի ոչ եզրաչափ կտորների դուրս հանման մեթոդները:
105. Միջխցային, վերհանքմիջանցքային և առաստաղազանգվածային բնամասերի հանույթի ժամանակ`
1) առաստաղազանգվածային և միջխցային բնամասերի փլեցումից առաջ բացատարման հորիզոնում պետք է ստուգվի փորվածքների ամրակապի վիճակը և դրանց անհուսալիության դեպքում կատարվի վերաամրակապում.
2) արգելվում է հանել միջխցային բնամասերը մշակման այն եղանակով, որոնց կիրառման դեպքում պահանջվում է հանքաքարով (ապարներով) չլցավորված հարակից խցերին կից անցկացնել փորվածքներ.
3) արգելվում է բնամասը հանման նախապատրաստելու համար դրանցով անցկացնել կայունությունը խախտող փորվածքներ.
4) չլցավորված խցերի դեպքում առաստաղազանգվածը, հատակը և միջխցային բնամասերը պետք է հանվեն զանգվածային փլեցման որևէ եղանակով.
5) առաստաղազանգվածի և միջխցային բնամասերի փլեցման համար բոլոր նախապատրաստական աշխատանքները պետք է կատարվեն նախքան խցում հանույթային աշխատանքների ավարտը: Արգելվում է մարդկանց գտնվելը կամ որևիցե աշխատանքի կատարումը չլցավորված խցի առաստաղազանգվածի փորվածքներում` բացառությամբ հորատանցքերի լիցքավորման համար կատարվող աշխատանքների.
6) առաստաղազանգվածի փլեցման ժամանակ հորատանցքերի հորատանցումը պետք է կատարվի փլեցման տեսակետից անվտանգ, առաստաղազանգվածի եզրագծից դուրս գտնվող փորվածքներից.
7) հանքամիջանցքի բնամասի հանման ժամանակ բնամասի մեջ հորատանցքերի հորատումը, ինչպես նաև հանքաքարի թողարկումը պետք է կատարվեն հանքամիջանցքի կամ լայնական օրտի ամրակապի տակից: Հոծ ամրակապման ժամանակ թույլատրվում է ամրակապի առանձին շրջանակների հեռացում, իսկ զատ-զատ ամրակապման ժամանակ` առանձին ձգիչների հեռացում.
8) բնամասերի հանումը մշակման այնպիսի եղանակով, որը պահանջում է քարամաղի հորիզոնից վերև անցկացնել փորվածքներ, թույլատրվում է միայն մշակված խցի փլեցումից կամ լցափակումից հետո.
9) արգելվում է թողնել բնամասեր մեկ հարկից ավելի բարձրությամբ` չլցավորված խցերի դեպքում, երկու հարկից ավելի բարձրությամբ` լցավորված խցերի դեպքում.
10) բնամասերի զանգվածային փլեցման դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ կասեցնելու օդային հարվածի վտանգավոր հետևանքները: Ամեն դեպքում, պայթեցում կատարելուց ոչ ուշ, քան երկու օր առաջ, հանքի ղեկավարությունը պետք է այդ մասին տեղյակ պահի լեռնափրկարար ծառայությանը.
11) բնամասերի փլեցման ժամանակ, լեռնային ապարների նստեցման ուշացման կամ դրանց ոչ լրիվ փլեցման դեպքում, արգելվում է այդ տեղամասերում այլ աշխատանքների կատարումը` մինչև կախվածքների լրիվ վերացումը:
VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
106. Ստորերկրյա այն փորվածքներում, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել մարդիկ, թթվածնի պարունակությունն ըստ ծավալի պետք է լինի 20%-ից ոչ պակաս, ածխաթթու գազի պարունակությունը` հանքի աշխատանքային տեղերում չպետք է գերազանցի 0,5%, հանքից դուրս եկող օդում` 0,75%, իսկ փլեցումների միջով փորվածքների հորատանցման և վերականգնման ժամանակ` 1%: Տաք գազերի` մեթանի և ջրածնի գումարային պարունակությունը փորվածքներում ծավալով չպետք է գերազանցի 0,5%: Հանքի աշխատանքային գոտում փոշու քանակությունը չպետք է գերազանցի հիգիենիկ նորմերը:
Գործող ստորերկրյա փորվածքներում օդի մեջ թունավոր գազերի պարունակությունը չպետք է գերազանցի այն սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, որոնք բերված են սույն կանոնակարգի N 1 աղյուսակում.
Աղյուսակ N 1
.___________________________________________________________________.
|NN |Թունավոր գազերի|Բանաձևը |Հանքի գործող ստորերկրյա փորվածքներում |
|ը/կ|(գոլորշու) | |թունավոր գազերի սահմանային թույլատրելի|
| |անվանումները | |կոնցենտրացիաները |
| | | |______________________________________|
| | | |տոկոսը ըստ ծավալի |մգ/մ3 |
|___|_______________|________|_____________________|________________|
|1. |Ածխածնի օքսիդ | CO | 0,0017| 20|
|___|_______________|________|_____________________|________________|
|2. |Ազոտի երկօքսիդ | NO2 | 0,00026| 5|
|___|_______________|________|_____________________|________________|
|3. |Ծծմբային գազ | SO2 | 0,00038| 10|
|___|_______________|________|_____________________|________________|
|4. |Ծծմբաջրածին | H2S | 0,00071| 10|
|___|_______________|________|_____________________|________________|
|5. |Ակրոլեին | C3H4O | 0,000009| 0,2|
|___|_______________|________|_____________________|________________|
|6. |Ֆորմալդեհիդ | CH2O | 0,00004| 0,5|
|___|_______________|________|_____________________|________________|
|7. |Մետաղական սնդիկ| Hg | --| 0,01|
.___________________________________________________________________.
107. Ստորերկրյա հանքի օդափոխության կազմակերպումը և օդափոխության համար անհրաժեշտ օդի քանակի հաշվարկը պետք է կատարվի ըստ նախագծի` ելնելով կոնկրետ պայմաններից` հաշվի առնելով նաև լրացուցիչ պաշարի գործակիցը: Ստորերկրյա փորվածքներ մտնող օդի նվազագույն ջերմաստիճանը սահմանվում է` ելնելով կոնկրետ կլիմայական պայմաններից, բայց +2oC-ից ոչ ցածր:
108. Ստորերկրյա հանքի լեռնային փորվածքներում օդի առավելագույն արագությունը չպետք է գերազանցի հետևյալ չափաքանակը`
1) մաքրահանման և նախապատրաստման փորվածքներում` 4 մ/վրկ.
2) քվերշլագներում, օդափոխության գլխավոր բացատարման հանքամիջանցքներում, հիմնական թեքություններում` 8 մ/վրկ.
3) մյուս փորվածքներում` 6 մ/վրկ.
4) օդային կամուրջներում (կրոսինգ)` 10 մ/վրկ.
5) հանքահորում, որոնցով կատարվում է մարդկանց և բեռների բարձրացում ու իջեցում` 8 մ/վրկ.
6) միայն բեռների բարձրացման և իջեցման հանքախորշերում` 12 մ/վրկ.
7) վերհան սարքավորումներով կահավորված հանքախորշերում` նախատեսված վթարային իրավիճակներում մարդկանց բարձրացման, հանքախորշի դիտարկման համար` 15 մ/վրկ:
109. Օդի ջերմաստիճանը նախապատրաստման, մաքրահանման և այլ գործող փորվածքներում չպետք է գերազանցի 26oC: 26oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա ցածրացման համար:
110. Ստորերկրյա բոլոր հանքերը պետք է ունենան արհեստական օդափոխություն: Արգելվում է ստորերկրյա լեռնային փորվածքներն օդափոխել միայն օդի բնական քարշուժի հաշվին:
111. Ստորերկրյա հանքի օդափոխությունը պետք է կատարվի այնպես, որպեսզի առանձին հորիզոնները, բլոկները և խցերը հանքի ընդհանուր դեպրեսիայի հաշվին ունենան միմյանցից անկախ օդափոխություն:
112. Աշխատանքների կատարման ընթացքում օդափոխության սահմանված ռեժիմների խախտման կամ ստորերկրյա փորվածքներում թունավոր գազերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի բարձրացման դեպքերում` այդ փորվածքներում գտնվող մարդիկ պետք է անմիջապես դուրս հանվեն մաքուր օդի: Մարդկանց մուտքը դեպի չօդափոխվող փորվածքները պետք է փակել:
113. Միմյանցից անկախ օդափոխությամբ երկու հարակից հանքեր ընդգրկել մեկ ընդհանուր օդափոխության համակարգում թույլատրվում է միայն հատուկ նախագծով` համաձայնեցված նախագծի մշակումն իրականացրած կազմակերպության հետ:
114. Արգելվում է նույն հանքուղին կամ հանքահորն օգտագործել միաժամանակ ներս մտնող և դուրս եկող օդի շիթերի շարժման համար` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փորվածքներում կատարվում են հորատանցման աշխատանքներ:
115. Արգելվում է մաքուր օդի մատակարարումը գործող փորվածքներին և հանքախցերին` անցափակումների և փլվածքների միջոցով:
116. Ստորերկրյա փորվածքների մթնոլորտում տաք գազերի սահմանային թույլատրելի չափաքանակները 0,5%-ով բարձրանալու դեպքում բոլոր աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, մարդիկ դուրս հանվեն մաքուր օդի, անջատվեն ներքին այրման շարժիչները, և միջոցներ ձեռնարկվեն ապագազացման համար:
117. Այնպիսի հանքերում, որոնցում բացահայտվել են (կամ երկրաբանական տվյալներով կանխատեսվում են) տաք կամ թունավոր գազերի անջատում, մասնագիտացված կազմակերպության կողմից պետք է տրվի եզրակացություն դրանց բաղադրության, չափերի, գազի անջատման տեղերի և բնույթի մասին: Այդ տվյալների հիման վրա մշակվում են համալիր միջոցառումներ, որն ամբողջությամբ կոչվում է «գազային ռեժիմ»:
118. Գազային ռեժիմ պետք է սահմանվի`
1) համապատասխան երկրաբանական տվյալների հիման վրա` մինչև հանքավայրի մշակման շինարարական աշխատանքների սկիզբը.
2) լեռնային աշխատանքների կատարման ընթացքում` տաք և թունավոր գազերի բացահայտման դեպքում:
119. Գազային ռեժիմի պայմաններում լեռնային աշխատանքների անվտանգ կատարումն ապահովելու համար յուրաքանչյուր հանքի համար պետք է մշակվի և հաստատվի միջոցառումների պլան, որն իր մեջ պետք է ներառի`
1) հանքի առանձին աշխատանքային գոտիները կամ ամբողջությամբ հանքը գազավտանգավորության թվին դասելու կարգը.
2) անվտանգության առանձնահատուկ միջոցառումներ հորատանցման և մաքրահանման աշխատանքների կատարման համար.
3) հանքի պաշտոնատար անձանց և աշխատողների գործելակարգը գազային ռեժիմի գոտիներում.
4) միջոցառումներ` փորվածքների օդափոխության ուժեղացման և գազայնության կանխարգելման ուղղությամբ.
5) հանքային մթնոլորտի նկատմամբ հսկողության իրականացման կարգը.
6) անվտանգության միջոցառումներ` էլեկտրասարքավորումների և ներքին այրման շարժիչներով աշխատող մեքենաների շահագործման ժամանակ.
7) անվտանգության միջոցառումներ` հորատապայթեցման աշխատանքների կատարման ժամանակ.
8) եռակցման, գազաբալոնային և այլ աշխատանքների կատարման կարգը.
9) համալիր միջոցառումներ գազադինամիկ երևույթների կանխատեսման, կանխարգելման և տեղայնացման համար.
10) լրացուցիչ պահանջներ գազային ռեժիմի վարման պայմաններում վթարների վերացման պլաններ կազմելու և իրագործելու նկատմամբ:
120. Ստորերկրյա հանքերում օդափոխման սարքավորումները (դռները, միջնապատերը, կրոսինգները, կարգավորիչները, ջրարգելակները և այլն) պետք է ապահովեն առավելագույն հերմետիկություն` օդափոխության ցանկացած ռեժիմի պայմաններում: Դրանց կառուցվածքը պետք է բացառի օդափոխման շիթերի ապահերմետիկացման հնարավորությունը: Այնպիսի փորվածքներում, որոնք միացնում են օդափոխման հանքահորեր, պետք է տեղակայվեն քարե, բետոնե կամ այլ միջնապատեր` պատրաստված չհրկիզվող նյութերից:
121. Ստորերկրյա հանքի փորվածքները պետք է օդափոխվեն երկրի մակերևույթին տեղակայված անընդհատ գործող օդափոխիչներով: Հանքի ընդհանուր օդափոխության համակարգում ստորերկրյա օժանդակ օդափոխիչների տեղակայումը թույլատրվում է առանձին դեպքերում` համաձայն նախագծի:
122. Հանքահորերի հորատանցման ժամանակ օդափոխիչ կայանքը պետք է տեղակայվի երկրի մակերևույթի վրա` հանքահորից 15 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
123. Հանքի օդափոխման եղանակները կարող են լինել ներմղման, ներծծման կամ ներմղման-ներծծման:
124. Գլխավոր օդափոխիչ կայանքները պետք է բաղկացած լինեն մեկը մյուսից անկախ երկու օդափոխման ագրեգատներից, որոնցից մեկը պետք է լինի պահուստային, կայանքների օդափոխիչները պետք է լինեն նույնատիպ և նույն չափի:
125. Գլխավոր օդափոխիչը 30 րոպեից ավելի տևողությամբ չաշխատելու դեպքում պետք է դրա օդափոխության սխեմայում գտնվող խուլ փորվածքներից մարդկանց հանել դեպի մաքուր օդով փորվածքներ: Եթե գլխավոր օդափոխիչը չի աշխատում 2 ժամ և ավելի տևողությամբ, ապա բոլոր աշխատատեղերից մարդիկ պետք է դուրս հանվեն երկրի մակերևույթ, իսկ աշխատանքները պետք է վերսկսվեն հանքախորշերը պատշաճ կերպով օդափոխելուց և հանքային մթնոլորտի վիճակն ստուգելուց հետո:
126. Գլխավոր օդափոխիչ կայանքները պետք է սարքավորված լինեն դարձափոխիչներով (ռեվերս), որոնց միջոցով հնարավոր կլինի 10 րոպեից ոչ ավելի ժամանակաընթացքում փոխել փորվածքներ մտնող օդի և ընդհանուր օդի շարժման ուղղությունը` օդափոխության դարձափոխիչային ռեժիմով: Օդափոխության նման ռեժիմը կիրառելի է հատկապես գազավտանգ հանքերի համար:
127. Դարձափոխիչային սարքավորումների սարքինության ստուգումը պետք է լինի ամենամսյա` կազմակերպության համապատասխան ծառայությունների (մեխանիկական, էներգետիկ փոշեօդափոխության) կողմից: Ստուգման արդյունքները պետք է ձևակերպվեն ակտով և գրանցվեն կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված օդափոխիչ կայանքների դարձափոխիչային սարքավորումների աշխատանքների ստուգման գրանցամատյանում:
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում