ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-184 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-3700
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Ն. Հովսեփյան
Մ. Ասատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Միքայել Միրիջանյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռիմա Վարդանյանի ընդդեմ Միքայել Միրիջանյանի, երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Միքայել Միրիջանյանի հակընդդեմ հայցի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և վտարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռիմա Վարդանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Բելինսկի փողոցի թիվ 5 հասցեի անշարժ գույքի առաջին հարկի 17,3 և 12 քմ մակերեսներով սենյակների և դրանցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ և այդ մասով անվավեր ճանաչել Միքայել Միրիջանյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Միքայել Միրիջանյանը պահանջել է դադարեցնել Ռիմա Վարդանյանի օգտագործման իրավունքը Երևանի Բելինսկի փողոցի թիվ 5 հասցեում Միքայել Միրիջանյանին պատկանող տան նկատմամբ և նրան վտարել այդ տանից:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.09.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը` բավարարել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել Միրիջանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
i
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, կարող է դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել, եթե տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետում է այն: Տվյալ դեպքում հայցվորը բնակելի մակերեսը չի տիրապետել տասը տարի անընդմեջ, քանի որ 1991-1992 թվականներից սկսած պարբերաբար բացակայել է ՀՀ-ից, իսկ 1997 թվականից սկսած ընդհանրապես չի բնակվել վիճելի հասցեում, որպիսի հանգամանքները հիմնավորվում են գործում առկա տեղեկանքներով և հայտարարություններով:
Հայցվորը այն չի տիրապետել նաև որպես սեփական գույք, քանի որ Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի ժողդատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով վերջինիս վիճելի մակերեսը հատկացվել է միայն օգտագործման իրավունքով, այսինքն` հայցվորն ի սկզբանե գիտակցել է, որ վիճելի գույքը չի կարող տիրապետել որպես իր սեփականը:
Բացի այդ, Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել Ռիմա Վարդանյանի անձնագրի «Նշումներ» և «Վիզա» բաժիններում կատարված գրառումներն այն մասին, որ հայցվորը պարբերաբար բացակայել է ՀՀ-ից, ինչպես նաև բնակվել է արտասահմանում, մասնավորապես` 07.03.1994 թվականից մինչև 07.03.1995 թվականը բնակվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Միտնայա փողոցի 46 շենքի 1-ին մասնաշենքի 12 բնակարանում:
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել Դերենիկ Նավիկի Մարգարյանի և Գայանե Հովհաննեսի Բաբուջյանի հայտարարություններն այն մասին, որ նրանք 1998-2003 թվականներին բնակվել են Երևան քաղաքի Բելինսկու 5 հասցեում, այն է` վիճելի բնակելի մակերեսում, քանի որ Ռիմա Վարդանյանն այդ ժամանակահատվածում նույնպես բացակայել է ՀՀ-ից, ինչպես նաև` համայնքի տվյալ թաղամասը սպասարկող թաղային լիազոր Արտակ Խորենի Ավետիսյանի հայտարարությունն այն մասին, որ 1999 թվականից Բելինսկու 5 հասցեն իր կողմից սպասարկելու ողջ ժամանակահատվածում բնակելի մակերեսներում միշտ ապրել են այլ մարդիկ:
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել նաև Էրեբունու թաղապետարանի թիվ 3 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 15.08.2007 թվականին տրված տեղեկանքն առ այն, որ Ռիմա Վարդանյանը 05.08.1975 թվականից գրանցված է Բելինսկու 5 հասցեում, սակայն նա այնտեղ չի բնակվում: Չի գնահատել նաև Միքայել Միրիջանյանի կողմից բնակելի մակերեսների համար կատարված կոմունալ վճարների անդորրագրերը: Դատարանը բազմակողմանի չի գնահատել կողմերի բացատրությունները, մասնավորապես, հայցվորի աղջկա ամուսնության հետ կապված փաստերի վերաբերյալ տեղեկությունները (հայցվորը բացակայել է իր աղջկա` 1997 թվականին կայացած հարսանիքից` ՀՀ-ից բացակայելու հիմքով):
i
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Բողոքարկվող վճռում չեն պահպանվել օրենքով վճռին առաջադրված պահանջները և կայացվել է չհիմնավորված վճիռ: Վճռում չի տրվել դրա իրավական և փաստական հիմնավորումները:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.09.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Բելինսկու 5 հասցեի գույքը 59,86 քմ բնակելի և 32,2 քմ օժանդակ մակերեսներով սեփականության իրավունքով պատկանում է Մ. Միրիջանյանին:
2) Ռիմա Վարդանյանի օգտագործման իրավունքը վեճի առարկա գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով գրանցված չէ:
3) Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի ժողդատարանի օրինական ուժի մեջ մտած 02.03.1987 թվականի վճռով վեճի առարկա գույքը Ռիմա Վարդանյանին հատկացվել է օգտագործման իրավունքով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից) կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
i
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի ժողդատարանի օրինական ուժի մեջ մտած 02.03.1987 թվականի վճռով վեճի առարկա գույքի նկատմամբ ճանաչվել է Ռիմա Վարդանյանի օգտագործման իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռիմա Վարդանյանի կողմից վեճի առարկա գույքի տիրապետումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով չի կարող դիտվել բարեխիղճ, քանի որ Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի ժողդատարանի վճռի հիման վրա Ռիմա Վարդանյանը ձեռք է բերել վեճի առարկա գույքի օգտագործման իրավունք և բավարար հիմքեր չէր կարող ունենալ ենթադրելու, որ նա այդ գույքը իր տիրապետմանն անցնելու պահից տիրապետելու է որպես սեփականը: Հետևաբար, Ռիմա Վարդանյանը բարեխղճորեն չի տիրապետել վեճի առարկա անշարժ գույքը:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով բացակայում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերից մեկը` բարեխղճությունը, Վճռաբեկ դատարանն այն դիտում է բավարար հիմք արձանագրելու համար, որ Ռիմա Վարդանյանը վեճի առարկա գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով ձեռք չի բերել սեփականության իրավունք:
2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, գնահատման առարկա չի դարձրել սույն քաղաքացիական գործով Ռիմա Վարդանյանի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-188-Ն) 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե անձը մինչև 1999 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելու դեպքում փոխհատուցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007 թվականի հունվարի 1-ից հետո, ապա սույն կետով սահմանված պաշտպանությունից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով: Նկատի ունենալով, որ վիճելի գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի դադարեցման պահանջը սույն քաղաքացիական գործով ներկայացվել է 21.08.2007 թվականին, իսկ օգտագործման իրավունքը սահմանված կարգով գրանցված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի գույքի նկատմամբ Ռ. Վարդանյանի օգտագործման իրավունքը ենթակա է դադարեցման առանց փոխհատուցման:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.09.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան