040.1535.091002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1535-Ն
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գավառի պետական համալսարանը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:
i
2. «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
3. Սահմանել, որ «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական ու հրատարակչական գործունեության իրականացումն է:
4. «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.
դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
ե) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքի իրացում.
զ) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.
է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
5. Հաստատել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
6. «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Գավառի պետական համալսարանի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:
i
7. Գավառի պետական համալսարանի տնօրինության շենքերը, շինությունները` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրին համապատասխան:
(7-րդ կետը փոփ. 09.06.05 թիվ 888-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1535-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Կամոյի պետական համալսարան ստեղծելու մասին» N 208 որոշմամբ: Համալսարանի, որպես պետական բարձրագույն հաստատության, գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, հումանիտար գիտությունների և տեխնիկայի ու մշակույթի տարբեր ուղղություններով` կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով ու կրթական ծրագրերի ձևերով (առկա, հեռակա, դրսեկություն):
2. Համալսարանի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է:
i
3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական գիտակրթական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:
«Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 717-Ն որոշման:
(3-րդ կետը փոփ. 22.05.08 թիվ 482-Ն որոշում)
4. Համալսարանը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Համալսարանը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանումներով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` «ԳՊՀ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` «Գավառսկիյ գօսուդառստվեննիյ ունիվեռսիտետ» գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա,
ռուսերեն կրճատ` «ԳԳՈՒ» ԳՆՕ,
անգլերեն լրիվ` Gaver State University, State Non Profit Organization,
անգլերեն կրճատ` GSU SNPO:
7. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, 378630, Ազատության 1:
II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Համալսարանի խնդիրներն են`
ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը,
բ) բնական, հասարակագիտական և հումանիտար մասնագիտությունների բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը,
գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումն ու արմատավորումը,
դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը:
9. Համալսարանն առաջադրված խնդիրներին համապատասխան իրավասու է`
ա) որոշելու իր կառուցվածքը, կառավարման սկզբունքները, կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.
բ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների ու ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային և այլ գործունեության կազմակերպում, գիտական խորհրդակցությունների անցկացում և այլն).
գ) իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Համալսարանը կարող է որպես սեփականություն իրեն հանձնված գույքն օտարել կամ տալ վարձակալության: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
դ) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:
10. «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.
դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
ե) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքի իրացում.
զ) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.
է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
11. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:
(11-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
12. Լիազորված պետական մարմինը`
i
ա) (12-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
բ) իրականացնում է համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
դ) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
ե) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ.
զ) վերահսկողություն է իրականացնում համալսարանի սեփականությունը հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ, համաձայնություն տալիս դրա օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է) (12-րդ կետի է ենթակետն ուժը կորցրել է 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(12-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
i
14. Համալսարանի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է:
(14-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
i
14.1. Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`
ա) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.
բ) համալսարանի կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.
գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
(14.1-րդ կետը լրաց. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
14.2. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).
բ) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին.
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
(14.2-րդ կետը լրաց. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
14.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
(14.3-րդ կետը լրաց. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
14.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
(14.4-րդ կետը լրաց. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
14.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
(14.5-րդ կետը լրաց. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
14.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
(14.6-րդ կետը լրաց. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
14.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
(14.7-րդ կետը լրաց. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
14.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
(14.8-րդ կետը լրաց. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
14.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 14.1-14.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:
(14.9-րդ կետը լրաց. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
15. Խորհուրդը`
i
ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները.
դ) խորհրդի գործունեության մեջ մտնում են համալսարանի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև համալսարանի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը:
(15-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
16. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ:
(16-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
i
17. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն 1 ձայնի իրավունք: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
(17-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
18. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող` համալսարանի ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
19. Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ)`
i
ա) հաստատում է իր աշխատակարգը,
բ) քննարկում է համալսարանի մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկը,
գ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական ու գիտամեթոդական աշխատանքների մասին,
դ) որոշում է ֆակուլտետների դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրության ընթացակարգը և ժամկետները,
ե) իրականացնում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված` սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ.
զ) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները:
(19-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
20. Գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 45-ը: Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ռեկտորի խորհրդատուները, գիտական քարտուղարը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, ինչպես նաև, ռեկտորի նշանակմամբ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետները:
i
21. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում, իսկ որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
(21-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
i
22. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը:
Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, արհկոմիտեի կազմակերպության նախագահը, ֆակուլտետների դեկանները:
(22-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
23. Սույն կանոնադրությանը համապատասխան` համալսարանի ընթացիկ գործունեության ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է ռեկտորը:
24. Համալսարանի ռեկտորն առանց լիազորագրի գործում է համալսարանի անունից, ներկայացնում նրա շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում և միջազգային կազմակերպություններում:
i
25. Համալսարանի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտական աստիճան և գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Այդ արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
(25-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
26. Համալսարանի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
27. Ռեկտորը`
ա) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.
բ) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
գ) հրավիրում է համալսարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովներ, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր.
դ) տնօրինում է համալսարանի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
ե) տալիս է համալսարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
է) սահմանում է համալսարանի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
թ) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է համալսարանի խորհրդակցական մարմիններ, ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.
ժ) արձակում է հրամաններ, այդ թվում` ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու մասին, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու համալսարանի մյուս աշխատողներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունները, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր:
28. Ռեկտորն իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին:
29. Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
30. Համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը, ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին ու կարգադրություններին համապատասխան, կարող են իրականացնել պրոռեկտորները` աշխատանքային պարտականությունների բաշխման հիման վրա:
IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31. Համալսարանի կառուցվածքը սահմանվում է ռեկտորի հրամանով: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը և այլն: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:
32. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:
33. Համալսարանի ֆակուլտետները գործում են իրենց կանոնադրությունների հիման վրա: Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Ֆակուլտետը, իր խնդիրներին և իր կողմից մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան, մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:
Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական ու այլ ստորաբաժանումներից:
i
34. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունն ու այն ներկայացնում գիտական խորհրդի հաստատմանը, լսում է ֆակուլտետի դեկանի ամենամսյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:
(34-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
35. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:
36. Ֆակուլտետի խորհուրդը`
ա) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու ու լուծարելու վերաբերյալ.
բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցերը,
գ) գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները,
դ) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին,
ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:
Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են դրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար.
զ) ֆակուլտետի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրության համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանը:
Ֆակուլտետի դեկանն ընտրվում է 5 տարի ժամկետով` գիտական խորհրդի սահմանած կարգին համապատասխան: Քվեարկության արդյունքների և ֆակուլտետի դեկանի ընտրությունների հիման վրա ռեկտորն իր հրամանով ֆակուլտետի դեկանին նշանակում է պաշտոնում:
(36-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
37. Ֆակուլտետի դեկանը`
ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը,
բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը,
գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում Ֆակուլտետի դեկանի տեղակալների թեկնածուներին,
դ) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:
38. Համալսարանի ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) համալսարանի ֆակուլտետների ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների օրինակելի կանոնադրության հիման վրա:
Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից, դասախոսներից:
39. Համալսարանի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով, պայմանագրային հիմունքներով:
V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
40. Ուսանողների ընդունելությունը համալսարան կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
41. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:
42. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:
Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:
i
43. Համալսարանում կիրառվում է բարձրագույն կրթության հնգամյա` դիպլոմավորված մասնագետի և երկաստիճան կրթական ծրագրերով ուսուցման համակարգը: Շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
(43-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
44. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:
45. Համալսարանը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, փառատոներ, այլ միջոցառումներ:
VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ
46. Համալսարանի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և այլ մյուս աշխատողները, ինչպես նաև ուսանողները:
Համալսարանի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:
Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով:
47. Համալսարանի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`
ա) ընտրելու և ընտրվելու խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.
բ) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.
գ) միավորվելու արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում.
դ) օգտվելու համալսարանի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից.
ե) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
48. Գիտամանկավարժական աշխատանքների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:
49. Համալսարանի կոլեկտիվի անդամները պարտավոր են`
ա) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.
բ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
գ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.
դ) ապահովել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը.
ե) հոգ տանել համալսարանի հեղինակության բարձրացման մասին:
50. Համալսարանի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
51. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`
ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման,
բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության,
գ) սեփական նախաձեռնությամբ` հետազոտության համար թեմաներ ընտրելու և մշակելու ազատության,
դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության և կրթական ծրագրերի ազատ որոշման,
ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության,
զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:
52. Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու վճարումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ, որոնց կանոնադրությունները հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:
53. Համալսարանի ուսանողներն են համարվում դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:
54. Միջնակարգ կամ նախնական, ինչպես նաև միջին մասնագիտական կրթություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ համալսարանի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքում:
Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է համաձայն կնքված պայմանագրի և նախարարության կողմից սահմանված կարգի:
55. Համալսարանի ուսանողն իրավունք ունի`
ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ,
բ) հաճախելու կարդացվող դասախոսություններին,
գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանի ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին,
դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, համալսարանի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ,
ե) օգտվելու համալսարանի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից,
զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան,
է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար,
ը) սահմանված կարգով ընդգրկվելու համալսարանի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում,
թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն յոթ շաբաթ տևողությամբ երկու արձակուրդ:
56. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակով: Համալսարանն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:
57. Արգելվում է ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:
58. Համալսարանի ուսանողները պարտավոր են`
ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները,
բ) տիրապետել բարձր որակավորում ունեցող ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին,
գ) պահպանել սույն կանոնադրությունը և ներքին կանոնները,
դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին,
ե) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը,
զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:
59. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել համալսարանից:
60. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են համալսարանի ներքին կարգապահական կանոնները, կարող են ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:
61. Համալսարանի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան մասնագիտական որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
62. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:
63. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:
64. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:
65. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն:
66. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար` առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ` այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել հինգ տարվանից ավելի:
67. Համալսարանի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
68. Համալսարանի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից: Հիմնադրման ժամանակ պետական որ առևտրային կազմակերպությանը հիմնադրի կողմից որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է դրա հիմնադրման մասին որոշմամբ:
69. Համալսարանն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Համալսարանը որպես սեփականություն հանձնված գույքը կարող է օտարել կամ տալ վարձակալության: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
i
70. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:
(70-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1725-Ն որոշում)
VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
71. Համալսարանը վերակազմակերպվում (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարվում է օրենքով սահմանված կարգով:
72. Համալսարանի լուծարման հետևանքով առաջացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: