Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 1998 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 30 մայիսի 2023 թ.

 

«ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ` ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՌԱՐԿԱ ԼԻՆԵԼԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ

(2-րդ մաս)

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

«ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ` ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՌԱՐԿԱ ԼԻՆԵԼԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԿԱՅԱՑՐԱԾ ՍԴՈ-1690 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա` 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի` այնքանով, որքանով չի նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2023 թվականի մայիսի 30-ին կայացրել է ՍԴՈ-1690 որոշումը (այսուհետ` նաև Որոշում), որի եզրափակիչ մասի 1-ին կետի համաձայն` որոշել է հետևյալը.

«1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրենքով սահմանված կարգով ենթակա է բողոքարկման դատարան»:

Համաձայն չլինելով Որոշման հետ` Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանս ստորև ներկայացնում եմ հատուկ կարծիք:

 

1. Գտնում եմ, որ դիմումը ենթակա էր կարճման:

Անհատական դիմումների ընդունելիության հիմնարար սահմանադրական չափանիշները նախատեսված են Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ի մասի 8-րդ կետում, որի համաձայն` Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալ սահմանադրական դրույթը` Սահմանադրական դատարանին ուղղված անհատական դիմումի բովանդակային և ձևական պահանջները մանրամասնված և զարգացված են համապատասխան սահմանադրական օրենքում:

i

Այսպես` «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև ՍԴՕ) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

i

ՍԴՕ 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Ըստ այդմ, անձի` որպես անհատական դիմումներով դիմողի կարգավիճակն ընդգրկում է երեք փոխկապակցված բաղադրիչներ` ա) դիմումում բարձրացված հարցով իրավունքի դատական պաշտպանության ներպետական համակարգի բոլոր միջոցների սպառած լինելը, բ) վերջնական դատական ակտի կայացման պահից վեցամսյա ժամկետում Սահմանադրական դատարան դիմելը և գ) Սահմանադրական դատարանում վիճարկվող իրավանորմի` վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված լինելը:

Վերոնշյալ երեք տարրից յուրաքանչյուրի բացակայությունը սահմանադրական դիմումը դարձնում է անընդունելի, իսկ դիմողին` տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունեցող անձ:

Խնդրո առարկա գործին վերաբերելի է դիմումով վկայակոչված նորմի` դիմողի նկատմամբ կիրառված չլինելու հանգամանքը, որը բացառում է գործի ըստ էության քննությունը: Ընդ որում` նորմի կիրառվածության պահանջը չի հանգում նորմի ձևական կիրառմանը, այլ նորմի կիրառմանը` դիմողի կողմից վկայակոչված մեկնաբանությամբ: Հակառակ պարագայում կբացակայի իրավանորմի և դիմողի սահմանադրական որևէ իրավունքի ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը, իսկ նման դիմումի ըստ էության քննության դեպքում Սահմանադրական դատարանը կիրականացնի անհատական դիմումի քննություն ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողության կարգով, ինչը դուրս է անհատական դիմումների քննության ընթացքում Սահմանադրական դատարանի գործառութային լիազորություններից:

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է կոնկրետ և վերացական սահմանադրական վերահսկողության հարաբերակցությանը և այդ համատեքստում անհատական դիմումների քննության ընթացքում Սահմանադրական դատարանի դատական սահմանադրական վերահսկողության իրացման կարգին: Մասնավորապես, ըստ նշյալ որոշման` «(...) անձի` անհատական դիմումով սահմանադրական դատարան դիմելու իրավունքի բովանդակությունն ու իրացման վերոհիշյալ շրջանակները պայմանավորված են սահմանադրական կոնկրետ վերահսկողության այն հիմնական տրամաբանությամբ, նպատակներով ու առանձնահատկություններով, որոնք ձևավորվել են սահմանադրական-արդարադատական պրակտիկայում (այդ թվում` միջազգային) և ամրագրվել օրենքով: Մասնավորապես, սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը.

- պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները,

- փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում (...):

(...)

(...) ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում և 7-րդ կետում ամրագրված դրույթների, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար` նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի` սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված` ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: Ըստ այդմ, այդ դատարաններում դատավարության հիմնական սուբյեկտներին` դատարաններին և դատավարության կողմերին է հնարավորություն ընձեռվում սահմանադրական դատարան դիմելու միջոցով ապահովել այդ նպատակի իրացումը: Նման կերպով ապահովվում է նաև արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը:

Բացի դրանից, կոնկրետ սահմանադրական վերահսկողության բնորոշ գծերին համահունչ` ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված` սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը (...)»:

i

Սահմանադրական դատարանն իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ անդրադարձել է վիճարկվող իրավական նորմն անձի նկատմամբ կիրառված լինելու հանգամանքին` բացահայտելով «կիրառում» հասկացության իրավաբանական էությունը: Մասնավորապես` նշյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում» (...)»:

Սահմանադրական դատարանի նշյալ որոշումից հետևում է, որ վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ իրավանորմի կիրառված լինելը` որպես Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի ընդունելիության հիմք, պետք է գնահատվի` ելնելով գործնականում այդ նորմով` վեճի լուծման համար և անձամբ դիմողի համար իրավական հետևանքներ առաջացնելու չափանիշից: Իրավանորմի վկայակոչումը դատական ակտում կամ դիմումում ինքնին բավական չէ, որպեսզի դիմումի ընդունելիության սույն հիմքը համարվի բավարար:

i

Հատկանշական է, որ ընդունելիության խոչընդոտ պարունակող դիմումը քննության հետագա փուլում պետք է կարճվեր, սակայն դա չի արվել: Մասնավորապես ՍԴՕ 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

i

Հարկ է ընդգծել, որ նշյալ հիմքով գործի կարճման իրավական կառուցակարգը ոչ միայն գործի վարույթի կարճման դատավարական ինստիտուտի նորմատիվ բաղադրիչ է, գործով պատշաճ սահմանադրական արդարադատության իրականացման իրավակազմակերպական երաշխիք, այլև Սահմանադրական դատարանի լիազորություն, որը Սահմանադրական դատարանը պարտավոր է իրացնել համապատասխան հիմքի ի հայտ գալու դեպքում: Միևնույն ժամանակ, օրենսդիրը Սահմանադրական դատարանին օժտել է գործն ի պաշտոնե քննելու իրավասությամբ, ինչը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին ազատորեն, սահմանափակված չլինելով դիմողի և դատավարության այլ մասնակիցների դատավարական գործողություններով, համապարփակ քննության առնել դիմումը և վերջինիս հիմքում ընկած իրավական հանգամանքները: Ի մասնավորի` ՍԴՕ 32-րդ հոդվածի համաձայն`

«1. Գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե:

2. Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար»:

Տիրապետելով գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար անհրաժեշտ լիազորությունների և կառուցակարգային գործիքակազմի` Սահմանադրական դատարանը չպետք է անվերապահ հիմք ընդունի դիմումում տեղ գտած փաստական և իրավական հիմքերն ու հիմնավորումները և դրանք հաստատված համարի դիմումին կից փաստաթղթերն ուսումնասիրելու և դիմումի շարադրանքի հետ համադրելու արդյունքում: Եթե մնում են չպարզաբանված հարցեր, գործը զեկուցող դատավորը պարտավոր է կատարել անհրաժեշտ հարցումներ և պարզաբանումներ պահանջել իրավասու մարմիններից ու պաշտոնատար անձանցից:

Դիմումի ընդունելիության վերաբերյալ վերոնշյալ վերաբերելի իրավական դատողությունները կիրառելով Որոշման հիմքում ընկած դիմումի նկատմամբ` պարզ է դառնում, որ առկա է եղել գործի վարույթը կարճելու իրավական հիմք. դիմողն իր դիմումում վկայակոչել է 1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև ՔԴՕ) իրավադրույթ, որը դիմողի նշած մեկնաբանությամբ իր գործով կայացված վերջնական դատական ակտով իր նկատմամբ չի կիրառվել:

Մասնավորապես` հակառակ դիմումի բովանդակության, համաձայն որի` դիմողի նկատմամբ կիրառվել է ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասը, կից ներկայացված դատական ակտերը փաստում են, որ քննիչի, հսկող դատախազի և ապա դատարանների առաջ բարձրացվել է բոլորովին այլ հարց: Մասնավորապես` դիմողն ի սկզբանե դիմել է վարույթն իրականացնող մարմնին իր նկատմամբ կիրառված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու պահանջով` այն հիմքով, որ վերջինիս կիրառման անհրաժեշտությունը վերացել է: Երբ քննիչի կողմից նշյալ դիմումը մերժվել է, նույն պահանջը ներկայացվել է հսկող դատախազին, և վերջինիս կողմից մերժման որոշում ստանալուց հետո դիմողը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Դատարան), սակայն որպես պահանջ նշել է իր իրավունքների խախտման փաստը վերացնելը, որից հասկանալի չէ, թե դատարանն ի՞նչ որոշում պետք է կայացներ: Ավելին` բողոքի ուսումնասիրությունը և նախորդիվ վարույթն իրականացնող մարմնին ու դատախազին ուղղված դիմումների բովանդակությունը ցույց են տալիս, որ դիմողը վիճարկել է իր նկատմամբ նշանակված խափանման միջոցի հետագա կիրառումը, և այս կապակցությամբ կայացված դատական ակտերը` ի սկզբանե չանդրադառնալով խափանման միջոցի ընտրության որոշմանը և այն բողոքարկելու հնարավորության հարցին: Մասնավորապես` Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լ. Քաջազնունուն հասցեագրված 2021 թվականի օգոստոսի 3-ի միջնորդությամբ դիմողի ներկայացուցիչը խնդրել է. «Հայկ Մամիջանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել»: Քննիչը 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի միջնորդությունը մերժել է` իր դիրքորոշումը, այդ թվում, պատճառաբանելով նրանով, որ դիմողի պնդումն առ այն, թե իր նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը ժամանակի ընթացքում դարձել է անհամաչափ, անհիմն է, քանի որ քրեական գործով դեռևս կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, և պահպանվում է դիմողի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք կատարելու վտանգը:

Դիմողի ներկայացուցիչը 2021 թվականի օգոստոսի 19-ին համանման պահանջով բողոք է ներկայացրել հսկող դատախազ Ա. Բեգլարյանին, որը 2021 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է:

Դիմողի ներկայացուցչի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 3-ին Դատարան ներկայացված բողոքի առարկան ձևակերպված է այնքան անորոշ, որ պարզ չէ, թե բողոքով դատարանին ի՞նչ պահանջ է առաջադրվել: Այսպես` բողոքի եզրափակիչ մասում դիմողի խնդրանքը ձևակերպված է հետևյալ կերպ. «Խնդրում եմ որոշում կայացնել Հայկ Մամիջանյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին»: Ընդ որում` բողոքի պատճառաբանական մասում դիմողի ներկայացուցչի կողմից, ըստ էության, կրկին բարձրացվել է դիմողի նկատմամբ կիրառված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պահպանման նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը:

2021 թվականի հոկտեմբերի 14-ին Դատարանի կողմից կայացված որոշմամբ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով նախաքննության մարմնի ոչ բոլոր որոշումներն են ենթակա դատական վերանայման: Դատարանի որոշման ողջ պատճառաբանական մասի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողը բողոքում չի բարձրացրել Սահմանադրական դատարանի քննությանը ներկայացված հարցը, և, համապատասխանաբար, Դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակում դիմողի նկատմամբ նշանակված խափանման միջոցով նրա իրավունքները խախտված լինելու հիմքով այդ խափանման միջոցի ընտրությանը, դրա հնարավոր բողոքարկման հարցերին, այլ քննարկել է խափանման միջոցի հետագա կիրառման նպատակահարմարությունը:

2021 թվականի դեկտեմբերի 7-ին բերվել է վերաքննիչ բողոք, որի պատճառաբանական մասում որպես էական հանգամանք նշվել են հետևյալ հարցադրումները. «1) Արդյո՞ք հնարավոր է բողոքարկել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանի կողմից գործն ըստ էության քննելիս. 2) Եթե այո, ապա արդյո՞ք այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման»:

Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հուլիսի 21-ին կայացրած որոշմամբ դիմողի պաշտպանի բողոքը մերժվել է:

Դիմողի ներկայացուցչի կողմից բերված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ:

Ամբողջ վերոնշյալից հետևում է, որ դիմողը եռաստիճան դատական համակարգի առջև բարձրացրել է լիովին այլ հարց, որը ենթարկվել է համապատասխան քննության և լուծման: Ըստ էության, դիմողը բարձրացրել է հետևյալ հարցերը` 1. խափանման միջոցի հետագա պահպանման անհրաժեշտության վերացմամբ պայմանավորված` դրա վերացման խնդիրը, 2. խափանման միջոցը վերացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման անմիջական դատական բողոքարկման հնարավորության բացակայության հետևանքով դիմողի իրավունքների խախտման խնդիրը:

Մինչդեռ Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում դիմողը բարձրացրել է հետևյալ հարցը` նախկին ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության խնդիրը` դատական պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի համար նախատեսված չէ անմիջական դատական մեկնաբանության հնարավորություն:

Դիմումի շարադրանքից հետևում է, որ դիմողը «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի անմիջական բողոքարկման կառուցակարգի ենթադրյալ բացակայությունն առնչել է նշված խափանման միջոցի իրավասահմանափակող բնույթի բացահայտման և դրա ընտրության իրավաչափության հետ, որպիսի հարցերը դիմողի կողմից դատարաններում չեն բարձրացվել: Մասնավորապես` դիմողը Սահմանադրական դատարանում բարձրացրել է այն հարցը, թե արդյոք «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը` որպես այդպիսին, խախտում է անձի ազատ տեղաշարժման իրավունքը, և ներկայացրել է նշված խափանման միջոցով անձի ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակման տեսակներն ու գործնական դրսևորումները, որոնք երբևէ նախորդիվ չեն դարձել դատական քննության առարկա:

Սահմանադրական դատարանը, ըստ էության, քննության է առել ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասն այնպիսի մեկնաբանությամբ, որը դիմողի նկատմամբ վերջնական դատական ակտով նրա նկատմամբ չի կիրառվել, և հետևաբար` չէր կարող դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա: Ավելին` Սահմանադրական դատարանը, ըստ էության քննության առնելով սույն դիմումը, փաստացի իրականացրել է ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան մեկնաբանության սահմանադրականության նկատմամբ վերացական վերահսկողություն, որպիսի գործառույթը դուրս է Սահմանադրությամբ և ՍԴՕ-ով նախատեսված` անհատական դիմումների քննության իրավական ռեժիմից: Համապատասխանաբար, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-5-րդ և 10-րդ կետերի բովանդակությունից հետևում է, որ խնդրո առարկա դիմումով Սահմանադրական դատարան կարող էին դիմել միայն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և Մարդու իրավունքների պաշտպանը: Փաստորեն` Սահմանադրական դատարանի կողմից խնդրահարույց մոտեցում է դրսևորվել տվյալ սուբյեկտի` դիմում ներկայացնելու իրավազորություն ունենալու փաստի գնահատման և, ըստ այդմ, դիմումի քննության նորմատիվ մեթոդաբանության հարցերում: Սույն պնդումը որոշակիորեն հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Որոշման մեջ դիմողի գործի դատավարական նախապատմությունը համարժեք արտացոլված չէ:

Նշյալ համատեքստում խնդրահարույց է թվում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիրքորոշումը, որով արձանագրվել է քննարկվող խափանման միջոցի կիրառմամբ դիմողի իրավունքների խախտում: Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը վերացական սահմանադրական վերահսկողության դիմումով պատշաճ սուբյեկտ է, եթե գտնում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառմամբ ինքնին խախտվում է Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված որևէ հիմնական իրավունք:

Ամփոփելով վերոշարադրյալը` գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը հաշվի չի առել նշված հիմնահարցերը և գործի ըստ էության քննության փուլում չի կարճել գործի վարույթը:

 

2. Գտնում եմ, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը` որպես այդպիսին, չի խախտում Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով անձի ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը, այն է` չի հանդիսանում այդ իրավունքի անիրավաչափ սահմանափակում:

i

Սահմանադրության 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Ինչպես հետևում է Սահմանադրության մեջբերված հոդվածի դրույթներից, ազատ տեղաշարժման իրավունքը սահմանադրական իրավունք է, այն բացարձակ բնույթ չունի և կարող է սահմանափակվել, եթե առկա են որոշակի սահմանադրական հիմքեր: Սահմանադրի այդպիսի մոտեցումը համահունչ է միջազգային իրավական չափանիշներին:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

Այսպես` «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ` նաև ՔՔԻՄԴ) 12-րդ հոդվածի 1.3-րդ մասերի համաձայն`

«1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն:

2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:

3. Վերը նշված իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար»:

ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների կոմիտեի` ՔՔԻՄԴ-ի նշյալ հոդվածի 1999 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 27 ընդհանուր մեկնաբանության համաձայն` ազատ տեղաշարժի իրավունքը պետության կողմից կարող է սահմանափակվել ՔՔԻՄԴ-ի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով, և եթե սահմանափակումը նախատեսված է օրենքով, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում նշյալ նպատակների պաշտպանության համար և համատեղելի է ՔՔԻՄԴ-ով սահմանված մյուս իրավունքների հետ:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև ՄԻԵԿ) 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն`

«1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և իր բնակության վայրն ազատորեն ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք:

3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով»:

ՄԻԵԿ-ով ևս տեղաշարժի ազատության իրավունքը ճանաչվում է որպես ոչ բացարձակ, այն է` սահմանափակվող իրավունք, և դրանում ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նշյալ իրավունքը պետության կողմից կարող է սահմանափակվել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև ՄԻԵԴ), զարգացնելով ՄԻԵԿ-ի նշյալ իրավադրույթները, սահմանել է տեղաշարժման ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության որոշման չափանիշների համակարգ, որը թույլ է տալիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշել` արդյո՞ք ազատ տեղաշարժի իրավունքին պետության միջամտությունը եղել է իրավաչափ, թե՞ ոչ: Դրանք են` միջամտության` օրենքով ամրագրված լինելը, լեգիտիմ նպատակը և անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում (միջամտության համաչափություն):

Այսպես` ՄԻԵԴ-ն իր նախադեպային իրավունքում սահմանել է, որ քրեական վարույթի արդյունավետության և դատաքննությանը մեղադրյալի ներկայության ապահովման նպատակով պետությունների կողմից մեղադրյալի ազատությունը սահմանափակող տարաբնույթ կանխարգելիչ միջոցների կիրառումը խնդրահարույց չէ (ՄԻԵԴ-ի վճիռներ հետևյալ գործերով` Հաջիբեյլին ընդդեմ Ադրբեջանի, 2008; Պոպ Բլագան ընդդեմ Ռումինիայի, 2012; Հրիստովն ընդդեմ Բուլղարիայի, 2006; Ռոսենգերնն ընդդեմ Ռումինիայի, 2008; Իվանովն ընդդեմ Ուկրաինայի, 2006; Ֆյոդորովը և Ֆյոդորովան ընդդեմ Ռուսաստանի 2005; Անտոնենկովը և այլք ընդդեմ Ուկրաինայի 2005; Պոպովիչիուն ընդդեմ Ռումինիայի, 2016):

Ըստ ՄԻԵԴ-ի` օրենքով սահմանված և իրավաչափ նպատակին ուղղված` տեղաշարժի ազատության իրավունքի սահմանափակումը լեգիտիմ է, եթե առկա է համաչափություն կամ հավասարակշռություն կիրառված միջոցի և հռչակված նպատակի միջև: Մասնավորապես` ՄԻԵԴ-ը տվյալ համատեքստում ուշադրության արժանի հանգամանք է համարում մեղադրյալի վարքագիծը և նրա փախչելու հավանականությունը (ՄԻԵԴ-ի վճիռներ հետևյալ գործերով` Պոպ Բլագան ընդդեմ Ռումինիայի, 2012; Բուլեան ընդդեմ Ռումինիայի, 2013; Ֆոլնեգովիչն ընդդեմ Խորվաթիայի, 2017; Պրեսչերն ընդդեմ Բուլղարիայի, 2011; Պֆայֆերն ընդդեմ Բուլղարիայի 2011; Կիպրիանին ընդդեմ Իտալիայի, 2010; Քերիմլին ընդդեմ Ադրբեջանի 2015; Մանաննիկովն ընդդեմ Ռուսաստանի, 2018), առանց տվյալ իրավասահմանափակման` քրեական վարույթի պատշաճ իրականացման հնարավորությունը (ՄԻԵԴ-ի վճիռ հետևյալ գործով` Միազձիկն ընդդեմ Լեհաստանի, 2012), մեղադրյալին մեղսագրվող հանցագործության բնույթն ու ծանրության աստիճանը (ՄԻԵԴ-ի վճիռներ հետևյալ գործերով` Վիլլան ընդդեմ Իտալիայի, 2010; Սարկիզովը և այլք ընդդեմ Բուլղարիայի, 2012):

Ազատ տեղաշարժի ազատության իրավունքին պետության միջամտության վերոնշյալ համադրելի թեստերի կիրառման համար հարկ է մեջբերել Սահմանադրության վերաբերելի կարգավորումները, որոնք թույլ են տալիս միջազգային իրավական փորձը կիրարկել ներպետական տիրույթում:

i

Այսպես` Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանը և դրսևորումներին:

i

Մասնավորապես` 2010 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-917, 2010 թվականի հոկտեմբերի 2-ի ՍԴՈ-920, 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924, 2016 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-1293, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշումներից հետևում է, որ` որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով, իսկ համաչափության սկզբունքով պայմանավորված` օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջները հետևյալն են.

1) սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը.

2) սահմանափակման համար ընտրված միջոցների`

ա) պիտանիությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

i

Միաժամանակ, ՍԴՈ-920 որոշման մեջ ընդգծվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունների և պատասխանատվության տեսակների, չափերի ու հարկադրանքի միջոցների սահմանման իր լիազորությունն իրականացնելիս օրենսդիրն ինքնուրույնաբար որոշում է, մասնավորապես, օրենսդրության դրույթների բովանդակությունը:

i

Տվյալ պարագայում ՔԴՕ 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

Նշյալ խափանման միջոցը դատավարական հարկադրանքի միջոց է և զետեղված է ՔԴՕ 18-րդ գլխում:

Ըստ ՔԴՕ մեջբերված իրավադրույթի` մեղադրյալը, որի նկատմամբ կիրառվել է խնդրո առարկա խափանման միջոցը, պարտավոր է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունն ստանալ այլ տեղանք, ներառյալ` արտերկիր մեկնելու կամ բնակության վայրը փոխելու համար, ինչպես նաև պարտավոր է ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, որը նաև կասկածյալի կամ մեղադրյալի ընդհանուր դատավարական պարտականությունն է, որը նախատեսված է ՔԴՕ 65-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

«Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով սահմանափակվում է մեղադրյալի ազատ տեղաշարժի իրավունքը: Սահմանափակման լեգիտիմ սահմանադրական նպատակը Սահմանադրության 40-րդ հոդվածով նախատեսված` հանցագործությունների կանխումն ու բացահայտումն է:

Վերոնշյալ սահմանադրական նպատակի շրջանակում է զետեղված ՔԴՕ 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` քրեական դատավարության օրենսդրության խնդիրը` ապահովել անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից, ինչպես նաև վերջինից ածանցվող բուն խափանման միջոցի կիրառման նպատակը, որն ամրագրված է ՔԴՕ 134-րդ հոդվածի 1-ին մասում, այն է` խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

Հիշյալ լեգիտիմ սահմանադրական նպատակի իրացման նպատակով և հաշվի առնելով մեղադրյալի անձով պայմանավորված` նրա կողմից քրեական վարույթի ընթացքը խոչընդոտելու, ոչ պատշաճ դատավարական վարքագիծ դրսևորելու հավանականությունը` վարույթն իրականացնող մարմինն ընտրում է խափանման համապատասխան միջոց` տվյալ դեպքում` ստորագրությունը չհեռանալու մասին կամ կարող է չընտրել խափանման ոչ մի միջոց:

Սույն համատեքստում հատկանշական է նաև ՔԴՕ 988-րդ հոդվածը, որը վերաբերում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պիտանի և անհրաժեշտ խափանման միջոց ընտրելու` վարույթն իրականացնող մարմնի հայեցողության շրջանակին: Ըստ այդ հոդվածի` քրեական վարույթն իրականացնող մարմինը օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ընտրում է խափանման այնպիսի միջոց, որը կբացառի բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում:

«Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի դատավարական-իրավական բնույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս հետևյալը. սույն խափանման միջոցը դասվում է համեմատաբար մեղմ խափանման միջոցների թվին, քանի որ ուղիղ, այն է` ֆիզիկական կամ անձի վրա անընդհատ ներգործություն ունեցող իրավասահմանափակում կամ ֆինանսական բեռ չի նախատեսում, ինչպես, օրինակ, համապատասխանաբար, կալանքը կամ գրավը: Վարույթն իրականացնող մարմինը պարզապես հնարավորություն է ստանում մեղադրյալին պահել իր «տեսադաշտում» և ապահովել քրեական դատավարության և, մասնավորապես, վերջինիս նախաքննության փուլի առջև դրված խնդիրների կատարումը: Քննարկվող խափանման միջոցի շրջանակում մեղադրյալի ազատ տեղաշարժն ամենօրյա ռեժիմով Հանրապետության տարածքում գործնականում որևէ պետաիշխանական ներգործության չի ենթարկվում` բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալը ցանկանում է փոխել իր մշտական բնակության վայրը կամ մեկնել արտերկիր: Ընդ որում` վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունն ստանալու պահանջն այն համաչափ սահմանափակումն է, որը նշյալ խափանման միջոցով դրվում է մեղադրյալի վրա վերջինիս դատավարական կարգավիճակից բխող և ՔԴՕ 65-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով:

Այլ կերպ ասած` մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի ոչ լիարժեք իրացումը պայմանավորված է պետության քրեաիրավական քաղաքականության պատշաճ իրացման հանրային շահով, որը հավասարակշռում է անձի ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքն այն բոլոր դեպքերում, երբ իրավատերն օրենքով սահմանված կարգով մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարք` հանցագործություն կատարելու համար:

Հետևաբար` երբ անձը հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում, վերջինս ստանձնում է համապատասխան պարտականություններ, որոնց կատարումը բոլոր դեպքերում պարտադիր է, մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի կանչով անվերապահորեն ներկայանալու պարտականությունը, իսկ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցն ընդամենը ապահովում է որոշակի կառուցակարգ մեղադրյալին վարույթն իրականացնող մարմնին հասանելի պահելու համար:

Վերոնշյալի հաշվառմամբ` ակնհայտ է, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը համապատասխանում է համաչափության սահմանադրական չափանիշին: Ընդսմին` հարկ է նշել նաև, որ իրավունքի լեգիտիմ և համաչափ սահմանափակումը որևէ դեպքում չի կարող իրավունքի խախտում համարվել, հետևաբար` ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բողոքը չի համապատասխանում, քանի որ a priori մեղադրյալը չի կարող պնդել, որ այնքանով, որքանով իր նկատմամբ կիրառվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը, իր ազատ տեղաշարժի իրավունքը խախտվել է:

Որոշակի անհամաձայնություն ունեմ նաև Սահմանադրական դատարանի կողմից Որոշման մեջ արձանագրված այն դիրքորոշման հետ, որի համատեքստում վկայակոչվել է Վճռաբեկ դատարանի 27.12.2022 թ. նախադեպային որոշումը, և սույն համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի քննարկվող սահմանափակումն անվերապահ չէ, քանի որ ուղղակիորեն պայմանավորված է վարույթն իրականացնող մարմնի և մեղադրյալի փոխհարաբերություններով` այն իմաստով, որ եթե մեղադրյալը դրսևորում է իրավահարգ վարքագիծ և ներկայացնում է, օրինակ, արտերկիր որոշակի ժամկետով և որոշակի նպատակով մեկնելու իրավաչափ անհրաժեշտությունը հիմնավորող ապացույցներ, վարույթն իրականացնող մարմինը թույլատրում է մեղադրյալին ժամանակավորապես լքել երկիրը, ինչն իրագործվել է դիմողի պարագայում: Վերջինս, հանդիսանալով Ազգային ժողովի պատգամավոր, քննիչի թույլտվությամբ հաճախակի մեկնել է արտերկիր գործուղումների: Սրանից հետևում է, որ ըստ էության, մեղադրյալի վրա դրված միակ մշտական պարտականությունը քննարկվող խափանման միջոցի պարագայում բնակության վայրը փոխելու և արտերկիր մեկնելու վերաբերյալ քննիչի թույլտվությունն ստանալն է: Միաժամանակ հարկ է նաև նշել, որ խափանման միջոցը կարող է վերացվել հենց վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ` վերջինիս կողմից ընդունվող որոշմամբ: Սույն դատողությունը բխում է ՔԴՕ 151-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից, որի համաձայն` անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:

Ամբողջ վերոգրյալից հետևում է, որ քննարկվող խափանման միջոցը` որպես այդպիսին, հանցավորության դեմ պայքարի և հանցագործությունների բացահայտման իրավաչափ գործիք է, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրացնել իրավունքի գերակայության վրա հիմնված և հանցագործություններից պաշտպանված հասարակությունում ապրելու հանրային շահը:

Վերոնշյալի համատեքստում հարկ է նշել նաև, որ Որոշման ընդհանուր նորմատիվ տրամաբանությունն այնպիսին է, որ միտված է բարձրացնելու «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի կիրառման հիմնավորվածության շեմը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու յուրաքանչյուր դեպքում ձևավորել ապացուցողական բազա առ այն, որ մեղադրյալը ողջամիտ հավանականությամբ չի կատարի քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պարտականությունները:

Կատարված իրավավերլուծությամբ փաստվում է, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը պիտանի խափանման միջոց է և Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով հանդիսանում է ազատ տեղաշարժման իրավունքի իրավաչափ սահմանափակում: Մինչդեռ Որոշմամբ արտահայտվել է հակառակ իրավական դիրքորոշում, և փաստացի նշված խափանման միջոցի կիրառումը դիտարկվել է որպես ազատ տեղաշարժման իրավունքի նկատմամբ պետական միջամտության բարձր ինտենսիվություն: Կայացված Որոշման ուղենշային դերը կհանգեցնի իրարամերժ երկու բացասական հետևանքների` կա՛մ կընտրվի բացառապես խիստ խափանման միջոց, կա՛մ որևէ խափանման միջոց չընտրվելու պարագայում կվտանգվի վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական խնդիրների իրագործումը:

Միաժամանակ, վարույթն իրականացնող մարմնի կողմից ազատ տեղաշարժման իրավունքի անհամաչափ սահմանափակումը երաշխավորված է բողոքարկման հնարավորությամբ, ինչի կապակցությամբ սույն հատուկ կարծիքի 3-րդ կետում կներկայացվեն համապատասխան իրավական փաստարկներ:

 

3. Խափանման միջոցի բողոքարկման կառուցակարգերի վերաբերյալ Որոշման մեջ արտահայտված դիրքորոշման հետ իմ անհամաձայնությունը հետևյալն է.

i

ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Վերոնշյալ իրավադրույթը նախատեսում է մի շարք պայմաններ քրեական վարույթի մասնակցի կողմից բողոքարկման իր իրավունքն իրացնելիս: Ինչպես և ցանկացած բողոքարկման վարույթի դեպքում, առաջին հերթին պահանջվում է հանդիսանալ շահագրգիռ անձ, այսինքն` առերևույթ առկա լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքաբերի իրավունքի կամ օրինական շահի խախտման հատկանիշներ:

Հատուկ կարծիքի 2-րդ հարցադրման առնչությամբ կատարված իրավավերլուծությամբ հիմնավորվեց, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով` որպես այդպիսին, մեղադրյալի ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակվում, սակայն չի խախտվում: Մինչդեռ իրավասահմանափակումը որակվում է որպես իրավունքի խախտում, եթե վերջինս օրինական և/կամ հիմնավոր չի կիրառվել, որն անձի համար առաջացրել է բացասական հետևանքներ: Ըստ այդմ` ակնհայտ է, որ դիմողի կողմից վիճարկվող հոդվածի մասով վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառված խնդրո առարկա խափանման միջոցը կիրառելու մասին որոշումը չի կարող բողոքարկվել, քանի որ դրանով շոշափվում, սահմանափակվում, սակայն չի խախտվում դիմողի ազատ տեղաշարժի իրավունքը: Այս վավերապայմանները ուղղակիորեն նախատեսված են ՔԴՕ 290-րդ հոդվածով:

Վերոնշյալի հիման վրա կարելի է եզրակացնել, որ դիմողի կողմից վիճարկվող իրավակարգավորման դիսպոզիցիան ունի կիրառման հստակ պայմաններ, որոնցից առանցքայինին` բողոք ներկայացնելու համար շահագրգիռ անձ լինելուն դիմողը պարզապես չի համապատասխանում:

Հետևապես` նշյալի համատեքստում հարկ է նաև անդրադառնալ այն հարցին, թե արդյոք դիմողի կողմից վկայակոչված իրավադրույթը տվյալ խափանման միջոցի բողոքարկման համար օրենսդրի կողմից նախատեսված քրեադատավարական կառուցակարգ է:

Ինչպես հետևում է ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից, նշված հոդվածը սահմանում է մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի ակտերի կամ գործողությունների բողոքարկման կառուցակարգը, որը կիրառելի է, եթե նշյալ ակտերով կամ գործողություններով խախտվել է բողոքաբերի իրավունքը: Միևնույն ժամանակ, ՔԴՕ 150-րդ հոդվածով սահմանվում է բողոքարկման առանձին ընթացակարգ վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառված խափանման միջոցների համար:

i

Այսպես` ՔԴՕ 150-րդ հոդվածի համաձայն`

«1. Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի և հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը` վերադաս դատախազին»:

Փաստորեն, օրենսդիրը միմյանցից տարանջատել է մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, օպերատիվ աշխատակցի, քննիչի և դատախազի ակտերն ու գործողությունները` որպես բողոքարկման օբյեկտներ, վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառված խափանման միջոցի բողոքարկումից, որը կրկին մինչդատական վարույթի ընթացքում ընդունված ակտի հիման վրա կիրառված դատավարական հարկադրանքի միջոց է, բայց որի իրավական և կառուցակարգային առանձնահատկությունները և, մասնավորապես, անձի հիմնական իրավունքների վրա դրանց ազդեցությունը հաշվի առնելով` օրենսդրի կողմից դրա բողոքարկումը նախատեսվել է առանձին նորմով:

i

Ընդ որում` ընդհանուր և հատուկ նորմերի մրցակցության կանոնի համաձայն` տվյալ պարագայում գործում է հատուկ նորմը` ՔԴՕ 150-րդ հոդվածը, որը նախատեսում է մինչդատական վարույթի առանձին ինստիտուտի համար բողոքարկման հատուկ ընթացակարգ` թե՛ բողոքարկման հիմքերի և թե՛ բողոքարկման ատյանի տեսանկյունից: Նման մեկնաբանման իրավաչափության մասին է վկայում նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի համաձայն` ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմ:

ՔԴՕ 150-րդ հոդվածով խափանման միջոցի բողոքարկման համար նախատեսված չէ բողոքաբերի իրավունքը խախտված լինելու ուղղակի պահանջ, և հնարավոր է խափանման միջոցը բողոքարկել վերջինիս կիրառման նպատակահարմարության տեսանկյունից` հիմք ընդունելով ՔԴՕ 134-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` խափանման միջոցի կիրառման ընդհանուր պայմանները, ինչպես նաև խափանման միջոցի առանձին տեսակների համար նախատեսված հատուկ պահանջները:

Այսպիսով, օրենսդրի կողմից մինչդատական վարույթի ընթացքում ընդունված ակտերի և կատարված գործողությունների բողոքարկման ընթացակարգի վերոհիշյալ տարանջատումը թույլ է տալիս առանձնացնել խափանման միջոցի հետ կապված բողոքարկման երկու հիմք` բուն խափանման միջոցի բողոքարկումը ՔԴՕ 150-րդ հոդվածով սահմանված կարգով և խափանման միջոցի կատարման կարգի խախտմամբ կամ խափանման միջոցի կատարման ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքի խախտման պարագայում այդ փաստով վարույթն իրականացնող մարմնի գործողության կամ ակտի բողոքարկումը: Մասնավորապես` դիմողի պարագայում նման հիմք կարող է լինել վարույթն իրականացնող մարմնին արտերկիր մեկնելու կամ բնակության վայրը փոխելու թույլտվություն ստանալու խնդրանքի մերժումը, որը կարող է բողոքարկվել արդեն ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, քանի որ առերևույթ առկա կլինի «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի կիրառման ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից առերևույթ անհիմն որոշման հետևանքով մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի առերևույթ խախտում:

Ամփոփելով ողջ վերոգրյալը` գտնում եմ, որ սույն դիմումի հիման վրա հարուցված գործը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա էր կարճման, իսկ ըստ էության որոշում կայացնելու պարագայում 1998 թվականին ընդունված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը պետք է ճանաչվեր Սահմանադրությանը համապատասխանող:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

    ԴԱՏԱՎՈՐ                                Ս. ՍԱՖԱՐՅԱՆ

 

9 հունիսի 2023 թվականի

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 1 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.05.2023
N ՍԴՈ-1690
Որոշում