Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ «Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/0749/06/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0749/06/19

Նախագահող դատավոր` Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    2022 թվականի փետրվարի 18-ին ք.             Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Վարդան Սպարտակի Հակոբյանի պաշտպաններ Խ.Խաչատրյանի և Կ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2019 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 58221619 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ Վարդան Սպարտակի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Վ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Վ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու մասին, մերժվել է: Միաժամանակ մերժվել է նաև կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը բեկանել է և մեղադրյալ Վ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացրել:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Վ.Հակոբյանի պաշտպաններ Խ.Խաչատրյանը և Կ.Հակոբյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Ա.Աղաջանյանի` 2019 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ թիվ 58221619 քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ավագ քննիչներ` Հ.Մանուկյանին, Ա.Երիցյանին, Օ.Առաքելյանին, քննիչներ` Վ.Համբարձումյանին և Ս.Բաղինյանին, իսկ քննչական խմբի ղեկավար է նշանակվել` ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանը(1):

_______________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 20:

 

6. Նախաքննության մարմնի կողմից մեղադրյալ Վարդան Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրել հետևյալ արարքի համար. «(...) Նա, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության 8-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել եկամուտներ թաքցնող, հարկային պարտավորությունների կատարումից խուսափող կամ հարկային իրավահարաբերությունների ոլորտում այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների ստացման աշխատանքներ և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա կատարել ստուգումներ, ուսումնասիրություններ, հարկային հանցագործությունների կատարման մասին վկայող փաստերի և հանգամանքների առկայության դեպքում կատարել համապատասխան օպերատիվ-հետախուզական, քրեադատավարական միջոցառումներ, նախապատրաստել հայտնաբերված իրավախախտումների կապակցությամբ նյութեր և ապահովել սահմանված կարգով դրանց ընթացքը, իր միջնորդությամբ` ՀՕՀՎ պետի 03.06.2019թ. No1505820 որոշմամբ «ՍՎՍ-Դայմոնդ» ՍՊ ընկերությունում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս, նույն բաժնի գլխավոր օպերլիազոր Կարեն Աշոտի Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ, նշված ընկերության տնօրեն` Վահրամ Սերգեյի Սաիյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու, այն է` նշված ընկերությունում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խախտումներ չհայտնաբերելու, դրանք չարձանագրելու, հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս պահանջել և 2019 թվականի հուլիսի 26-ին Երևան քաղաքի Վ.Սարգսյան և Զաքյան փողոցների հարևանությամբ գտնվող այգում ստացել են խոշոր չափերով` 1.000.000 ՀՀ դրամ կաշառք»(2):

_______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 58-59:

 

7. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման համաձայն. «(...) Դատարանն արձանագրում է, որ չեն վերացվել և շարունակում են առկա լինել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին» 29.07.2019թ. որոշմամբ արձանագրված` Վարդան Հակոբյանի կողմից իրեն վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածը, կալանավորման բոլոր պայմանները, ինչպես նաև Վարդան Հակոբյանին կալանքի տակ պահելու հիմքերը:

(...)

Անդրադառնալով կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման իրավաչափության երկրորդ պայմանին` գործի քննության ընթացքն ապահովելու համար վարույթն իրականացնող մարմնի դրսևորած ջանասիրությանը, դատարանն արձանագրում է, որ այն չի հիմնավորվել նախաքննական մարմնի կողմից դատարանին ներկայացված նյութերով:

Համաձայն միջնորդության վերաբերյալ դատարանին ներկայացված նյութերի` նախաքննության մարմնի կողմից ջանասիրություն չի դրսևորվել` ապահովելու գործի քննության պատշաճ ընթացքը, Վարդան Հակոբյանի կողմից ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու վերաբերյալ նոր ապացույցներ ձեռք չեն բերվել, չեն զննվել դեռևս 31.07.2019թ. կատարված խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթերը և համակարգիչները, առկա է ընդամենը 2019թ. հուլիսի 31-ին որպես վկա հարցաքննված Վարազդատ Աբրահամյանի ցուցմունքը և երկու գրություններ` հասցեագրված ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Մ.Համբարձումյանին` 08.08.2019թ., որով ուղարկվել է թիվ 58221619 քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռ.Մաշադյանին 06.09.2019թ. հասցեագրված գրությունը, որով քննիչը խնդրել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության 8-րդ բաժնում գտնվող «ՍՎՍ-Դայմոնդ» ՍՊԸ-ի նկատմամբ ՕՀՄ-ներ իրականացնելու վերաբերյալ գաղտնագրված որոշումները և միջնորդությունը գաղտնազերծել (...)»(3):

_______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 88:

 

8. Վերաքննիչ դատարանը 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Վարդան Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու հարցի քննարկումն իրականացնելիս պատշաճ գնահատման չի արժանացրել Վարդան Հակոբյանին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես` այն, որ մեղադրյալ Վարդան Հակոբյանին մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որի համար նախատեսված է 4-10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեծ է հավանականությունն առ այն, որ Վարդան Հակոբյանն ազատության մեջ մնալով` իրեն մեղսագրվող հանցավոր արարքի համար հնարավոր պատժի խստության սպառնալիքից դրդված, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և առանց հարգելի պատճառների չի ներկայանա քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնազուրկ են Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումները, որ առկա չեն Վարդան Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար օրենսդրական բավարար հիմքեր, քանի որ նախ առկա է մեղադրյալ Վարդան Հակոբյանի կողմից նրան վերագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկած, ինչպես նաև բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Վարդան Հակոբյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը եկել է նաև այն եզրահանգման, որ նախաքննության մարմինը նախորդ երկու ամիսների ընթացքում գործի քննության ընթացքն ապահովելու համար պատշաճ ջանասիրություն չի դրսևորել:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ներկայացված նյութերի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ նախորդ անգամ մեղադրյալ Վարդան Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով անփոփոխ թողնելուց հետո նախաքննության մարմնի կողմից կատարվել են հետևյալ քննչական և դատավարական գործողությունները` որպես վկա հարցաքննվել է Վարազդատ Աբրահամյանը, Վարդան Հակոբյանի կողմից այլ տնտեսվարողների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացրած լինելու և դրանց ընթացքում թույլ տրված իրավախախտումները պարզելու նպատակով գրություններ է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Մ.Համբարձումյանին (2019 թվականի օգոստոսի 8-ին) և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռ.Մաշադյանին (2019 թվականի սեպտեմբերի 6-ին), որոնց պատասխանները քննիչի կողմից միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ ստացված չեն եղել: Նշված պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հիմնազուրկ է Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ քննիչի կողմից չի դրսևորվել անհրաժեշտ ջանասիրություն` ապահովելու գործի քննության ընթացքը (...)»(4):

_______________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 38-39:

 

9. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հունվարի 8-ի որոշմամբ Վարդան Սպարտակի Հակոբյանի և Կարեն Աշոտի Թադևոսյանի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է վարույթ, Վ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխվել է և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը(5):

_______________________

5) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/1227/01/19 քրեական գործը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերները, մատնանշելով ազատության իրավունքի վերաբերյալ սահմանադրական, կոնվենցիոն և քրեադատավարական մի շարք նորմեր, դրա կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, գտել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, այն կայացվել է գործի նյութերում առկա փաստական տվյալների, ինչպես նաև վկայակոչված իրավական նորմերի և նախադեպային որոշումների պահանջների անտեսմամբ` հանգեցնելով Վ.Հակոբյանի ազատության իրավունքի խախտման:

10.1. Ըստ բողոքի հեղինակների` Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ ջանասիրություն դրսևորելը և բավարարվել է բացառապես ընդհանուր բնույթի ձևակերպումներով այն մասին, որ հիմնազուրկ է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը բավարար ջանասիրության բացակայության մասին: Ավելին` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով նախաքննության կատարումը հանձնարարված է եղել 6 քննիչի, ովքեր 2 ամսվա ընթացքում կատարել են ընդամենը 8 ժամ տևողությամբ աշխատանք:

10.2. Բողոք բերած անձինք նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել և չի քննարկել Վ.Հակոբյանի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու դեպքում գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունն այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանն այն մերժել էր կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու պատճառաբանությամբ: Մինչդեռ, ըստ բողոքաբերների, Վերաքննիչ դատարանը, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ, պարտավոր էր լուծել նաև մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հնարավորության հարցը:

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք նախաքննության մարմնի կողմից «անհրաժեշտ ջանասիրություն» դրսևորելու պայմանը պահպանված չլինելու հիմքով Վարդան Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (...)»:

13.1. Անդրադառնալով կալանքի ժամկետի երկարացման հարցին` Վճռաբեկ դատարանն Ասլան Ավետիսյանի գործով կայացված որոշման շրջանակներում ընդգծել է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) շարունակում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.

բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն` ապահովելու գործի քննության ընթացքը(6):

_______________________

i

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը:

 

i

14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (...)»:

14.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով կալանքի ժամկետի երկարացման պայմաններից` նախաքննություն իրականացնող մարմնի «հատուկ ջանասիրությանը», իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ քննության բարդությունը և առանձնահատկությունները գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել` պարզելու համար, թե արդյոք իրավասու մարմինները վարույթն իրականացրել են «հատուկ ջանասիրությամբ»(7):

_______________________

7) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Scott v. Spain գործով 1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 21335/93, կետ 75:

 

15. Սույն որոշման 13-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննությունն իրականացնող մարմնի «անհրաժեշտ ջանասիրությունը», կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրութաբանությամբ` «հատուկ ջանասիրությունը» (due diligence) մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմաններից է:

Մասնավորապես, հիմնավոր կասկածի կենսունակությունը, համաձայն որի` ձերբակալված անձն է կատարել հանցագործությունը sine qua non պայման է կալանքի երկարաձգման օրինականության համար, սակայն ժամանակի ընթացքում այն այլևս բավարար չէ կալանքի երկարաձգումն արդարացնելու համար: Երբ «հիմնավոր կասկածի» առկայությունն այլևս բավարար չէ կալանքի հետագա երկարացման համար, պետք է հիմնավորվի, թե արդյո՞ք անազատության մեջ պահելու հիմքերը շարունակում են լինել «հիմնավոր» և «բավարար», և արդյո՞ք իշխանությունները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել գործի քննության ընթացքում(8):

_______________________

8) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Magee v. The United Kingdom գործով 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը, գանգատներ թիվ 26289/12, 29062/12, 29891/12, կետ 88:

 

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ կալանքի ժամկետի երկարացման օրինականության ստուգման համատեքստում «հատուկ ջանասիրության» գնահատումը նպատակ է հետապնդում երաշխավորելու մեղադրյալի ազատության իրավունքը: Այսպես, դատական քննության «սպասող» մեղադրյալի ազատության կանխավարկածի հաղթահարումը չի կարող արդարացվել ավելի երկար ժամանակահատվածով, քան անհրաժեշտ է գործի համակողմանի քննությունն իրականացնելու համար: Ուստի, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունն ապահովելու նկատառումներով անձի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այնքան ժամանակ, քանի դեռ նախաքննական մարմինն ակտիվ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ: Կարևոր է ընդգծել, որ անձի ազատության իրավունքի գերակայության գաղափարից ելնելով` այդ իրավունքի սահմանափակման ժամանակահատվածում վարույթն իրականացնող նախաքննական մարմինը պետք է քննի գործը հատուկ ջանասիրությամբ` նպատակ հետապնդելով հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել գործի նախաքննությունը և գործն ուղարկել դատարան` անձի` իր վերաբերյալ գործի հրապարակային դատական քննությունն ապահովելու համար: Հակառակ պարագայում, եթե նշված պայմանը պահպանված չէ և գործով ակտիվ նախաքննությունը հարաբերականորեն դադարեցված է, ապա, արտակարգ հանգամանքների բացակայության պարագայում(9), անձի ազատության իրավունքի շարունակական սահմանափակումն այլևս արդարացված համարվել չի կարող(10):

_______________________

9) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Fenech v. Malta գործով 2021 թվականի մարտի 23-ի որոշումը, գանգատ թիվ 19090/20, կետ 96: Նշված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում չի արձանագրել, երբ COVID-19 համավարակով պայմանավորված բացառիկ հանգամանքների պայմաններում քրեական վարույթը շուրջ երեք ամիս կասեցված է եղել, սակայն դրանից առաջ և հետո քրեական վարույթը ակտիվ ընթացքի մեջ է գտնվել:

10) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Աղասի Թաթուլյանի գործով 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԼԴ/0012/06/20 որոշման 14-րդ կետը:

 

15.1 Վերոգրյալի հետ մեկտեղ, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների բավարարությունը որոշելիս կարևոր է գնահատել նաև գործի նախաքննության ընդհանուր տևողությունը, կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված և հաջորդող ժամանակահատվածում պլանավորվող քննչական և դատավարական գործողությունների ծավալը, վերջինիս հարաբերակցությունը գործի ընդհանուր քննության ծավալի և կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետի հետ: Միաժամանակ, այս առումով հարկ է նկատի ունենալ, որ նախաքննության մարմնի` «հատուկ ջանասիրությունը» գնահատելիս և մեղադրյալի ազատության իրավունքի շարունակական սահմանափակման անհրաժեշտությունը որոշելիս դատարանները պետք է ձեռնպահ մնան այն աստիճանի քննություն իրականացնելուց, որ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող նախնական դատական վերահսկողությունը վերաճի գերատեսչական վերահսկողության կամ դատախազական հսկողության: Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված և հաջորդող ժամանակահատվածում պլանավորվող քննչական և դատավարական գործողությունների ծավալի որոշման բացառիկ իրավասությունը վերապահված է նախաքննության ընթացքն ուղղորդող քննիչին: Դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանների խնդիրն է ընդհանուր առմամբ գնահատման ենթարկել նախաքննության ընթացքի ակտիվությունը` առանց միջամտելու վարույթն իրականացնող մարմնի բացառիկ իրավասությանը վերապահված հանգամանքների որոշման շրջանակին և նախաքննության խնդիրներին: Ընդ որում, նախաքննության ընդհանուր տևողության համատեքստում կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված և հաջորդող ժամանակահատվածում պլանավորվող քննչական և դատավարական գործողությունների ծավալը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ կալանքի ժամկետի շարունակաբար երկարացման բոլոր միջնորդությունների քննության ժամանակ նախաքննության մարմնի «հատուկ ջանասիրությունը» նույն սանդղակի լինել չի կարող: Մասնավորապես, նախաքննության փուլից ու պարզման ենթակա, տվյալ պահի դրությամբ ուրվագծված փաստական հանգամանքների շրջանակից կախված, ողջամտորեն ակնկալվող «հատուկ ջանասիրությունը» չի կարող նույն աստիճանի լինել կալանքի ժամկետի երկարացման առաջին և դրան պարբերաբար հաջորդող միջնորդությունների քննության ժամանակ: Հետևաբար, այն պետք է ճկուն մեկնաբանության ենթարկվի` ըստ կալանքի ժամկետի երկարացման յուրաքանչյուր միջնորդության հիմքում ընկած փաստական հանգամանքների:

Վերոգրյալի հետ մեկտեղ, կալանքի ժամկետի երկարացման նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով նախաքննության մարմինը պետք է գործի բարեխղճորեն և դատարան ներկայացնի «հատուկ ջանասիրության» դրսևորումը հիմնավորող նյութեր: Դատարան պետք է ներկայացվեն համապատասխան փաստական տվյալներն անձի ազատության իրավունքի սահմանափակմանը կամ կալանքի տակ պահելու ժամկետի նախորդ երկարացմանը հաջորդող ժամանակահատվածում ձեռնարկված միջոցառումների մասին: Նշվածի գնահատման պայմաններում միայն կարող է հաղթահարվել անձի ազատության կանխավարկածը և ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը: Նախաքննության մարմնի` «հատուկ ջանասիրությունը» հիմնավորող նյութերի գնահատմամբ միայն կարող է արդյունավետ դատական վերահսկողություն իրականացվել անձի ազատության իրավունքի հետագա սահմանափակման անհրաժեշտության նկատմամբ: Դատարանի խնդիրն է որոշել, թե նախաքննական մարմինն արդյո՞ք անհրաժեշտ ջանասիրությամբ ակտիվ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ անձի ազատության իրավունքի սահմանափակման ժամանակահատվածում: Ուստի, այդպիսի նյութեր չներկայացնելը կարող է դիտարկվել որպես «հատուկ ջանասիրության» բացակայություն(11):

_______________________

11) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Աղասի Թաթուլյանի գործով վերը հիշատակված որոշումը:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- 2019 թվականի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է թիվ 58221619 քրեական գործը, և նույն օրը վերոնշյալ քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է վեց քննիչներից բաղկացած քննչական խմբին(12),

_______________________

12) Տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը:

 

- Նախաքննության մարմնի` 2019 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ Վ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, և Առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով(13),

_______________________

13) Տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը

 

- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Վ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ մերժվել է` այն պատճառաբանությամբ, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել անհրաժեշտ ջանասիրություն` ապահովելու գործի քննության պատշաճ ընթացքը: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Վ.Հակոբյանի կողմից ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու վերաբերյալ նոր ապացույցներ ձեռք չեն բերվել, չեն զննվել դեռևս 2019 թվականի հուլիսի 31-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթերը և համակարգիչները, առկա է ընդամենը 2019 թվականի հուլիսի 31-ին որպես վկա հարցաքննված Վ.Աբրահամյանի ցուցմունքը և երկու գրություններ` հասցեագրված ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Մ.Համբարձումյանին (2019 թվականի օգոստոսի 8-ին) և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռ.Մաշադյանին (2019 թվականի սեպտեմբերի 6-ին)(14):

_______________________

14) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և 2 (երկու) ամիս ժամկետով երկարացնելով մեղադրյալ Վ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը, թվարկել է Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշած և 2019 թվականի հուլիսի 29-ից` մեղադրյալ Վ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուց հետո մինչև կալանքի ժամկետի երկարացման միջնորդության ներկայացումը սույն գործով նախաքննության մարմնի կողմից կատարված քննչական և դատավարական գործողությունները և նշելով, որ քննիչի կողմից միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ ուղարկված գրությունների պատասխանները ստացված չեն եղել, գտել է, որ հիմնազուրկ է Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ քննիչի կողմից չի դրսևորվել անհրաժեշտ ջանասիրություն` ապահովելու գործի քննության ընթացքը(15):

_______________________

15) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելիս և վարույթն իրականացնող մարմնի` հատուկ ջանասիրության առկայությունը հաստատված համարելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները: Այսպես` ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով նախաքննության կատարումը հանձնարարված է եղել վեց քննիչների, ովքեր մեղադրյալ Վ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2019 թվականի հուլիսի 29-ի որոշումից հետո մինչև կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդության ներկայացումը, բացառությամբ 2019 թվականի հուլիսի 31-ի խուզարկության (առգրավման), նույն օրը մեկ վկայի հարցաքննության և 2019 թվականի օգոստոսի 8-ին ու նույն թվականի սեպտեմբերի 6-ին երկու հարցումների, որևէ այլ քննչական և դատավարական գործողություն չեն կատարել կամ դրանց կատարումը հաստատող ապացույցներ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան չեն ներկայացվել, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` սույն գործի քննության նկատմամբ նախաքննության մարմնի կողմից «անհրաժեշտ ջանասիրություն» դրսևորելու պայմանը չի կարող պահպանված համարվել, ինչն արդեն իսկ բավարար հիմք էր կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու համար:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից «անհրաժեշտ ջանասիրություն» դրսևորելու պայմանը պահպանված չլինելու հիմքով Վարդան Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

i

18. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով բողոքաբերների` սույն որոշման 10.2-րդ կետում բարձրացված փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ և 137-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կալանքի կամ դրա ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման վերաքննիչ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու դեպքում վերջինս պարտավոր էր քննարկման առարկա դարձնել և համապատասխան լուծում տալ առաջին ատյանի դատարանում ներկայացված` գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությանը: Հակառակ դեպքում անձի դատական պաշտպանության և դատաքննությանը ներկայանալու երաշխիքներով ազատ արձակվելու իրավունքները կկրեն վերացական և պատրանքային բնույթ, ինչն անթույլատրելի է(16): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմաններում իրավաչափ չէր Վերաքննիչ դատարանի կողմից կալանավորումը գրավով փոխարինելու հարցը չքննարկելը, երբ պաշտպանական կողմը նման միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարանում:

_______________________

i

16) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Շահեն Քեշիշյանի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0097/06/17 որոշումը:

 

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի` հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Վ.Հակոբյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում(17), ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:

_______________________

17) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Վարդան Սպարտակի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.02.2022
N ԵԴ/0749/06/19
Որոշում