Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ ԵՎ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ ԵՎ 595-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԴ/5730/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5730/02/18     2021 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լիլիթ Նիկողոսյանի և Ասյա Նալբանդյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արամ Դավթյանի ընդդեմ Ասյա Նալբանդյանի, Լիլիթ Նիկողոսյանի, երրորդ անձ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` գործարքն առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արամ Դավթյանը պահանջել է առոչինչ ճանաչել 14.06.2013 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.04.2019 թվականի որոշմամբ Ասյա Նալբանդյանի և Լիլիթ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 09.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Լիլիթ Նիկողոսյանը (ներկայացուցիչ Էդուարդ Աղաջանյան) և Ասյա Նալբանդյանը (ներկայացուցիչ Վահագն Գասպարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Լիլիթ Նիկողոսյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 60-րդ և 63-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է նույն օրենսգրքի 303-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը դուրս է եկել ներկայացված հայցի սահմաններից, քանի որ հայցվորն իր պահանջով խնդրել է ճանաչել պայմանագիրն առոչինչ և կիրառել անվավերության հետևանքներ, մինչդեռ Դատարանը անդրադարձել է այն հանգամանքին, որ նվիրառուն չի տեղեկացվել պայմանագրով նախատեսված անշարժ գույքի այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու մասին: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ հայցվորի կողմից չի ներկայացվել գործարքն անվավեր ճանաչելու պահանջ, այլ ներկայացվել է գործարքն առոչինչ ճանաչելու պահանջ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը չնշելով էական նշանակություն ունեցող փաստ` փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր հայցվորը տեղեկացված չէր նվիրատվության պայմանագրի վերաբերյալ, մինչդեռ վերջինս ստորագրել է այդ պայմանագիրը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նվիրատվության պայմանագրով կողմերի, այն է` նվիրատուի և նվիրառուի կամահայտնությունն ուղղված է պայմանագրի առարկան ի սեփականություն նվիրառուին հանձնելու պարտականության:

Բացի այդ, անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի կողմերն իրավունք ունեն ընտրելու գործարքը կնքելու երկու տարբերակ` նոտարական վավերացմամբ, կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված օրինակելի ձևով: Տվյալ դեպքում կողմերի կամքը եղել է գործարքի` ՀՀ կառավարության կողմից սահմանված օրինակելի ձևով պայմանագրի կնքման տարբերակը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.04.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Ասյա Նալբանդյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 60-րդ և 63-րդ հոդվածները, Նախկին օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է նույն օրենսգրքի 303-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցը բավարարելու հիմքում դրվել է ոչ թե հայցվորի ռեալ խախտված իրավունքը, այլ ենթադրյալ իրավունքը, մինչդեռ հայցվորի հայցի առարկան գործարքն առոչինչ ճանաչելն է, և Դատարանը գործարքը ճանաչել է առոչինչ այն պարագայում, երբ նման իրավական հիմքը բացակայում է, քանի որ դատարանը գործարքը չի կարող ճանաչել առոչինչ, այն առոչինչ լինելու դեպքում այդպիսին է անկախ ճանաչումից: Սույն գործով կարող էր քննարկվել բացառապես պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ, մինչդեռ հայցվորը փորձել է խուսափել հայցային վաղեմություն կիրառելուց, քանի որ հայցվորը ոչ միայն տեղյակ էր պայմանագրի մասին, այլև տվել է իր համաձայնությունը գործարքը կնքելու համար: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նվիրատվության պայմանագրով կողմերի, այն է` նվիրատուի և նվիրառուի կամահայտնությունն ուղղված է պայմանագրի առարկան ի սեփականություն նվիրառուին հանձնելու պարտականության և վերջինիս կողմից այն ընդունելու իրավունքի, իսկ համասեփականատիրոջ առկայության դեպքում` գործարքին համաձայնություն տալը: Իր հերթին կողմերն իրավունք ունեն ընտրելու գործարք կնքելու երկու եղանակ` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքել նոտարական վավերացմամբ, կամ` ՀՀ կառավարության կողմից սահմանված օրինակելի ձևով: Տվյալ դեպքում կողմերն ընտրել են գործարքի` ՀՀ կառավարության կողմից սահմանված օրինակելի ձևով պայմանագիր կնքելու եղանակը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.04.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Լիլիթ Նիկողոսյանը և Արամ Դավթյանը ամուսնացել են 05.07.1998 թվականին, որի մասին ՔԿԱԳ գործակալության ամուսնության պալատի տարածքային բաժնի կողմից կատարվել է թիվ 251 գրանցումը և տրվել է թիվ ԱԲ 061982 ամուսնության վկայականը: Ամուսնությունը գրանցելուց հետո ամուսինները կրել են յուրաքանչյուրն իր ազգանունը (անվիճելի փաստ, գործ` ԵԿԴ/0582/02/13):

2) 09.12.2004 թվականին տրված ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի տարածքային ստորաբաժանման թիվ 1409625 տեղեկանքի համաձայն Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Նանսեն փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ գտնվող նախակրթարանը սեփականության իրավունքով պատկանում է Լիլիթ Նիկողոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 47-48):

3) 14.06.2013 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն` Լիլիթ Նիկողոսյանն Ասյա Նալբանդյանի սեփականությանն է հանձնել քաղաք Երևան, Նանսենի փողոց թիվ 20/1 հասցեում գտնվող նախակրթարանը: 14.06.2013 թվականին կնքված նվիրատվության նույն պայմանագրով նվիրատուն երաշխավորել է, որ նշված պայմանագրով նախատեսված անշարժ գույքի սեփականատերն է, գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ: Պայմանագիրը կազմվել է երկու թերթից: Պայմանագրի առաջին էջում Արամ Դավթյանը` որպես համատեղ սեփականության մասնակից նշված չէ, պայմանագրի առաջին էջը ստորագրված է միայն Լիլիթ Նիկողոսյանի և Ասյա Նալբանդյանի կողմից, մինչդեռ պայմանագրի երկրորդ էջում, որպես նվիրատու, նշված է նաև հայցվոր Արամ Դավթյանը և առկա է վերջինիս ստորագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 49):

4) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության պետ Ա. Սարգսյանի` Արամ Դավթյանին ուղղված 15.07.2014 թվականի գրությամբ հայտնվել է, որ 14.06.2013 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կազմելիս Նոր Նորք սպասարկման գրասենյակի խորհրդատուի կողմից թույլ են տրվել վրիպակներ /բացթողումներ/, մասնավորապես` պայմանագրի 1-ին էջում որպես նվիրատու Արամ Դավթյանի անունը բաց է թողնվել և նույն պայմանագրի «անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից» տողում որևէ գրառում համասեփականատիրոջ վերաբերյալ չի կատարվել, սակայն վերոնշյալ բացթողումները ռեգիստրի կողմից անտեսվել են և տվյալ գույքի նկատմամբ կատարվել է պետական գրանցում: ՈՒստի Նոր Նորք սպասարկման գրասենյակի խորհրդատուի կողմից պայմանագիրը թերի կազմելու համար առաջարկվել է վերջիններիս ենթարկել կարգապահական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 40-42):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ և 595-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

ՀՀ կառավարության կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևով կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրում` համատեղ սեփականության նվիրատու չհանդիսացող մյուս մասնակցի անվան և ստորագրության առկայությունն անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակցի համար նախատեսված դաշտի փոխարեն նվիրատուի համար նախատեսված դաշտում, կարո՞ղ է արդյոք հանգեցնել տվյալ գործարքի առոչնչության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի համաձայն` նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել նույն օրենսգրքում նշված անձինք:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ` անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքելու ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` նույն օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` նույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 204.1, 213, 225, 263, 562, 572, 595, 610, 654, 662, 682, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, ինչպես նաև անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրերի վրա, անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Նույն կետով նախատեսված պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

ՀՀ կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշմամբ որոշվել է.

1. Հաստատել նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) նույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերում պայմանագրի կողմ հանդիսացող անձանց վավերապայմանների և ստորագրությունների համար նախատեսված դաշտերը կարող են լրացվել, եթե պայմանագրի կողմ հանդիսացող անձանց թիվը գերազանցում է համապատասխան պայմանագրերում վավերապայմանների և ստորագրությունների համար նախատեսված դաշտերի քանակը.

1.1) նույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում կարող են լրացվել միայն համապատասխան պայմանագրում նշված գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում գրառված տեղեկությունները.

2) նկատի ունենալով անշարժ գույքի հետ կապված գործարքների ռիսկայնությունը, նույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերի (այսուհետ` օրինակելի պայմանագրեր) գործնական կիրառման ուսումնասիրման և վերլուծության ու դրանց արդյունքում հնարավոր ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը` օրինակելի պայմանագրերի միջոցով գործարքներ մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը կնքվելու են միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներում (....):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 201-րդ հոդվածներով նախատեսված վերոնշյալ իրավադրույթների մեկնաբանությանը, արձանագրել է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես` գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն, եթե միաժամանակ առկա են երկու պայմաններ`

1. համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը,

2. գործարքի մյուս կողմի այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե՛ս, Թագուշ Պետրոսյանն ընդդեմ Ժաննա Ղազարյանի թիվ 3-459(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը, Գայանե Թումասյանն ընդդեմ Հովհաննես Երիցյանի և մյուսների թիվ ԱՐԴ1/0956/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկնաբանել է ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության վերաբերյալ իրավադրույթները` արձանագրելով, որ օրենսդիրը, հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքը` ամուսնական հարաբերությունները և օրենքով նախատեսված այլ դեպքերը, ըստ էության, ամրագրել է ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ մյուս համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման գործարք կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու ժամանակ մասնակիցների համաձայնության առկայության կանխավարկածը նվիրատվության հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ, քանի որ համատեղ սեփականության գույքի նվիրատվության դեպքում օրենսդիրը նախատեսել է սահմանափակումներ: Այսպես, համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության ձևով տնօրինման համար պարտադիր կերպով անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը, և չի սահմանվել բացառություն (տե՛ս, Նարինե Նալբանդյանն ընդդեմ «Ինտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Հրաչ-Ներսես Կապրիելյանի, Արագած Ախոյանի թիվ ԵՔԴ/0256/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերոնշյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում կիրառելի չէ համատեղ սեփականության մասնակցի` գույքը տնօրինելու համաձայնության կանխավարկածը: Նկատի ունենալով այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված իրավակարգավորումից բացի, օրենսդիրը նախատեսել է նաև հատուկ կարգավորում նվիրատվության գործարքի համար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից նման հատուկ նորմ նախատեսելն ինքնանպատակ չէ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածում ամրագրելով «համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնություն» արտահայտությունը` օրենսդիրը կարևորել է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների կամահայտնությունը նվիրատվության գործարք կնքելիս: Հետևաբար ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը նվիրելիս պահանջվում է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը, իսկ համասեփականատիրոջ համաձայնության առկայության կանխավարկածը չի գործում:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ի տարբերություն գործարքների, համատեղ սեփականության մասնակցի համաձայնությունն ինքնին չի առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում իրավունքներ ու պարտականություններ: Այդպիսի համաձայնության դերն ավելի սահմանափակ է: Համաձայնությունն անհրաժեշտ նախապայման է, որի առկայությամբ երկու կամ ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը (երկկողմ կամ բազմակողմ գործարքների դեպքում) կամ մեկ կողմի կամահայտնությունը (միակողմ գործարքի դեպքում) հնարավորություն է ստանում առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու իրավահարաբերություն, այլ կերպ ասած` այն հանդիսանում է անհրաժեշտ նախապայման գործարքի կնքման համար:

Անդրադառնալով նվիրատվության գործարք կնքելու համար համատեղ սեփականության մասնակցի համաձայնության ձևին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը համաձայնության կոնկրետ ձև չի նախատեսել ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ, այնպես էլ նույն օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետերով:

ՀՀ սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 24.02.2012 թվականի թիվ ՍԴՈ-1009 որոշման եզրափակիչ մասում արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` այդ մասի առաջին նախադասության դրույթների սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքելու ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ` նկատի ունենալով, որ ներքոհիշյալ դեպքերում առանձին մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը, ինչը կփաստի գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորության առկայությունը: Այդ դեպքերն են.

ա) երբ համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել և սեփականության իրավունքի գրանցման վկայականում հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի` համասեփականության իրավունքով,

բ) երբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից:

Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանը, քննարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրականության հարցը, արձանագրել է մասնակցի պոզիտիվ համաձայնության անհրաժեշտությունը որոշակի դեպքերում` չմասնավորեցնելով համաձայնության ձևը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս մասնակցի համաձայնությունը կարող է դրսևորվել ցանկացած ձևով` պայմանով, որ այդ համաձայնությունը լինի հստակ արտահայտված: Բացի այդ, նկատի ունենալով, որ համատեղ սեփականության մասնակցի համաձայնությունը գործարք չէ, այլ անհրաժեշտ նախապայման է գործարքի կնքման համար` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս մասնակցի համաձայնության ձևի նկատմամբ ենթակա չեն կիրառման գործարքի ձևի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, այլ կերպ ասած` նման համաձայնության արտահայտման համար պարտադիր չէ նոտարական ձևի պահպանման պահանջը (տե՛ս, Ալբերտ Այնաջյանի ընդդեմ Սոնա Բորյանի (Շիրինյան), Լուսինե Շիրինյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ԵՄԴ/1469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ, 303-րդ, 595-րդ և ՀՀ կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշման վերլուծության արդյունքում արձանագրում է, որ նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով: Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նաև նոտարական վավերացման, իսկ գործարքի նոտարական վավերացման պայմանը չկատարելը հանգեցնում է գործարքի անվավերության` նման գործարքն առոչինչ է: ՀՀ կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշմամբ հաստատվել է նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը` համաձայն որոշմամբ հաստատված հավելվածի: Նշված որոշմամբ հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերում նախատեսված պարտադիր դաշտերը և դրանցում սահմանված վավերապայմանները պարտադիր կերպով լրացվում են պայմանագիրը կնքող մասնակիցների կողմից` պետական մարմնի հսկողության ներքո: Այսինքն` ՀՀ կառավարության կողմից մշակված և հաստատված օրինակելի պայմանագրերով, համապատասխան պետական մարմիններում թույլատրվել է կնքել որոշակի տեսակի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ, 213-րդ, 225-րդ, 263-րդ, 562-րդ, 572-րդ, 595-րդ, 610-րդ, 654-րդ, 662-րդ, 682-րդ, 686-րդ կամ 959-րդ հոդվածներով սահմանված պայմանագրեր) կառավարության որոշման կից հավելվածով նախատեսված պայմանագրեր, որոնց համար այլևս բացակայում է նոտարական կարգով վավերացնելու պայմանի անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ, ի թիվս այլնի, հաստատվել է նաև անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը: Օրենսդիրը, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանելով առանց նոտարական վավերացման պայմանագրերի օրինակելի ձևերը, գործարքը կնքող անձանց համար ստեղծել է հնարավորություն ընտրելու որոշակի տեսակի պայմանագրերի կնքման ձևը: Այսինքն` վերոնշյալ պայմանագրեր կնքելիս կողմերն ունեն հայեցողություն ընտրելու տվյալ գործարքի կնքման իրենց համար ավելի հարմար և ընդունելի եղանակը, այն է` կա՛մ նոտարական վավերացմամբ (ընդհանուր կարգով), կա՛մ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմնում` օրինակելի ձևով պայմանագրերով` առանց նոտարական վավերացման պահանջի:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Լիլիթ Նիկողոսյանը և Արամ Դավթյանը ամուսնացել են 05.07.1998 թվականին: Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Նանսեն փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ գտնվող նախակրթարանի սեփականատերն է հանդիսացել Լիլիթ Նիկողոսյանը: Լիլիթ Նիկողոսյանն Արամ Դավթյանի համաձայնությամբ 14.06.2013 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Ասյա Նալբանդյանի սեփականությանն են հանձնել վերոնշյալ նախակրթարանը: Նույն պայմանագրով նվիրատուն` Լիլիթ Նիկողոսյանը երաշխավորել է, որ նշված պայմանագրով նախատեսված անշարժ գույքի սեփականատերն է, գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ: Պայմանագիրը կազմվել է երկու թերթից, որի առաջին էջում որպես նվիրատու նշված է միայն Լիլիթ Նիկողոսյանը և այն ստորագրված է միայն Լիլիթ Նիկողոսյանի կողմից, իսկ պայմանագրի երկրորդ էջում որպես նվիրատու նշված է նաև հայցվոր Արամ Դավթյանը, ինչպես նաև առկա է վերջինիս ստորագրությունը:

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևում պարտադիր նշման ենթակա տվյալները բաց են թողնվել Նոր Նորք սպասարկման գրասենյակի խորհրդատուի կողմից, մինչդեռ պայմանագրի կողմերը պայմանագիրը նոտարական կարգով վավերացնելու դեպքում պետք է տեղեկացվեին, թե արդյոք պայմանագրի առարկան համատեղ սեփականության ներքո գտնվող գույք է, թե` ոչ, արդյոք նվիրատուն հանդիսանում է պայմանագրի առարկայի միակ սեփականատերը, թե` ոչ: Կառավարությունը, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, տիպային պայմանագրերում սահմանել է այն կետերը, որոնց պետք է անդրադարձ կատարվի պայմանագիրը օրինակելի ձևի հիման վրա կնքելիս: Վերոնշյալը հաշվի առնելով` Դատարանը գտել է, որ ՀՀ կառավարության թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված նոտարական վավերացում չպահանջող պայմանագրի օրինակելի ձևերի խախտումներով կնքված գործարքը հանգեցնում է այն նույն հետևանքներին, ինչին հանգեցնում է պայմանագրի նոտարական վավերացման պահանջը չպահպանելը, այն է` գործարքի առոչնչության:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Լիլիթ Նիկողոսյանի և Ասյա Նալբանդյանի վերաքննիչ բողոքները, պատճառաբանել է, որ բողոքաբերներն անտեսել են, որ Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է ոչ թե Ասյա Նալբանդյանի ենթադրյալ խախտված իրավունքը, այլ Լիլիթ Նիկողոսյանի և Ասյա Նալբանդյանի միջև 14.06.2013 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը ՀՀ կառավարության թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված նոտարական վավերացում չպահանջող պայմանագրի օրինակելի ձևերի խախտումներով կնքված լինելու հանգամանքը:

Վերոնշյալ որոշմամբ սահմանված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևում պարտադիր կետ է` պայմանագրով նախատեսված անշարժ գույքի` այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու մասին նվիրառուի տեղեկացված լինելու հանգամանքի մասին նշումը, որը կհավաստի, որ նվիրատվության առարկան սեփականության իրավունքով այլ անձանց չի պատկանում: Իսկ եթե նվիրատվության առարկան հանդիսանում է համասեփականության իրավունքով պատկանող գույք, ապա պետք է տիպային պայմանագրում նշում պարունակվի այդ մասին և որպես իրավատեր պետք է նշվեն համասեփականության բոլոր մասնակիցները: Տվյալ դեպքում ՀՀ կառավարության թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված նոտարական վավերացում չպահանջող պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա պատասխանողների միջև 14.06.2013 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը չի պարունակել պայմանագրի պարտադիր կետերի մասին բոլոր նշումները: Մասնավորապես` Արամ Դավթյանի անունը` որպես նվիրատու և ստորագրությունը, առկա է միայն պայմանագրի երկրորդ էջում, մինչդեռ պայմանագրում պարտադիր կետ հանդիսացող անշարժ գույքի ընդհանուր սեփականության մասնակից բաժնում Արամ Դավթյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, չի նշվել: Այլ կերպ ասած` ՀՀ կառավարության թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված նոտարական վավերացում չպահանջող պայմանագրի օրինակելի ձևը չպահպանելու դեպքում անշարժ գույքին վերաբերող գործարքը վավեր կարող է լինել միայն նոտարական վավերացման դեպքում, ինչը տվյալ դեպքում չի արվել, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գործարքի առոչնչության: Այսինքն` Դատարանը պատասխանողների միջև կնքված նվիրատվության պայմանագիրը ոչ թե ճանաչել, այլ համարել է առոչինչ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը, որպիսի պայմաններում անհիմն է բողոքաբերների այն պնդումը, թե Դատարանը գործարքը ճանաչել է առոչինչ:

Սույն գործի փաստերը համադրելով վերոգրյալ իրավական վերլուծությունների հետ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լիլիթ Նիկողոսյանի և Ասյա Նալբանդյանի միջև 14.06.2013 թվականին ՀՀ կառավարության թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված նոտարական վավերացում չպահանջող պայմանագրի օրինակելի ձևով կնքվել է նվիրատվության պայմանագիր, որի համաձայն Լիլիթ Նիկողոսյանը Արամ Դավթյանի համաձայնությամբ Ասյա Նալբանդյանին որպես սեփականություն անհատույց հանձնել է Երևանի Նանսենի փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: 14.06.2013 թվականին ՀՀ կառավարության թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված նոտարական վավերացում չպահանջող պայմանագրի օրինակելի ձևով կնքված նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությունից երևում է, որ պայմանագրի առաջին էջում` որպես նվիրատու նշվել է միայն Լիլիթ Նիկողոսյանի անունը, իսկ որպես նվիրառու` Ասյա Նալբանդյանի անունը, ինչպես նաև առաջին էջի վերջում առկա են երկուսի ստորագրությունները, թեև Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրինակելի պայմանագրի ձևանմուշի այդ էջում ստորագրությունների համար նախատեսված պարտադիր դաշտ առկա չէ, այնինչ պայմանագրի երկրորդ էջի ստորագրություններ պարտադիր դաշտում` որպես նվիրատուներ նշվել են Լիլիթ Նիկողոսյանի և Արամ Դավթյանի անունները, իսկ որպես նվիրառու` Ասյա Նալբանդյանի անունը, ինչպես նաև ստորագրություններ պարտադիր դաշտում առկա են վերջիններիս ստորագրությունները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, գնահատելով 14.06.2013 թվականի անշարժ գույքի նվիրատվության` ՀՀ կառավարության 22.12.2011 թվականի որոշմամբ հաստատված կարգով կնքված օրինակելի պայմանագիրը, արձանագրում է, որ տվյալ դեպքում Արամ Դավթյանի անունը և ստորագրությունը պետք է նշված լիներ ոչ թե նվիրատու, այլ որպես համատեղ սեփականության այլ մասնակից դաշտում, սակայն այդ դաշտում Արամ Դավթյանի անվան բացակայությունը և դրա փոխարեն նվիրատու դաշտում նշված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի հիմքով նվիրատվության պայմանագիրն առոչինչ ճանաչելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արձանագրել է, որ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում օրենսդիրը կարևորել է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների կամահայտնությունը նվիրատվության գործարքը կնքելիս: Հետևաբար ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը նվիրելիս միակ և էական հանգամանքը բոլոր համասեփականատերերի համաձայնությունն է, քանի որ տվյալ դեպքում ի տարբերություն այլ գործարքների համասեփականատիրոջ համաձայնության առկայության կանխավարկածը չի գործում:

Վճռաբեկ դատարանը, ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման լույսի ներքո անդրադառնալով նվիրատվության գործարք կնքելու համար համատեղ սեփականության մասնակցի համաձայնության ձևին, ևս մեկ անգամ արձանագրում է, որ քանի որ օրենսդիրը համաձայնության կոնկրետ ձև չի նախատեսել, ուստի համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս մասնակցի համաձայնությունը կարող է դրսևորվել ցանկացած ձևով` պայմանով, որ այդ համաձայնությունը լինի հստակ արտահայտված: Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում անվիճելի է մնում այն փաստը, որ վեճի առարկա գույքի համասեփականատեր Արամ Դավթյանը նվիրատվության պայմանագիրը ստորագրել է, այսինքն` նրա կամահայտնությունն ակնհայտ է և անվիճելի, քանի որ սույն գործի փաստերում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ վերջինս առարկում է իր կողմից գույքի նվիրատվության օրինակելի ձևի պայմանագիրը ստորագրված լինելու փաստը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշվածով հաստատվում է այն փաստը, որ Արամ Դավթյանը տվել է իր համաձայնությունը վեճի առարկա գույքը` Ասյա Նալբանդյանին ի սեփականություն հանձնելու համար: Իսկ ինչ վերաբերում է ստորադաս ատյանների այն հիմնավորմանը, որ Արամ Դավթյանի անունը` որպես նվիրատու և ստորագրությունը, առկա է միայն պայմանագրի երկրորդ էջում, իսկ պայմանագրի պարտադիր կետ հանդիսացող անշարժ գույքի ընդհանուր սեփականության մասնակից դաշտում Արամ Դավթյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, չի նշվել, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը սույն գործի լուծման` մասնավորապես գործարքն առոչինչ ճանաչելու համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող: Հատկապես այն պայմաններում, որ գործի փաստերից հետևում է, որ որպես համատեղ սեփականության մասնակից տողի փոխարեն նվիրատու տողում Արամ Դավթյանի անվան և ստորագրության առկայությունը, ձևական թերություն է, որ թույլ է տրվել վարչական մարմնի համապատասխան աշխատակցի կողմից: Իսկ ինչ վերաբերում է առաջին էջում Արամ Դավթյանի ստորագրության բացակայությունը, ապա ինչպես արդեն նշվել է տվյալ օրինակելի պայմանագրի ձևի մեջ` առաջին էջում համատեղ սեփականության մասնակցի վերաբերյալ նշում և ստորագրությունների առկայության պարտադիր դաշտ առկա չեն:

Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով 14.06.2013 թվականին կնքվել է ՀՀ կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված` նոտարական վավերացում չպահանջող օրինակելի ձևի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն` գույքի համասեփականատեր Լիլիթ Նիկողոսյանը մյուս համասեփականատիրոջ` Արամ Դավթյանի համաձայնությամբ Ասյա Նալբանդյանի սեփականությանն է հանձնել քաղաք Երևանի Նանսենի փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող նախակրթարանը, հետևաբար բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածով նվիրատվության պայմանագիրն առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու հիմքը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող նյութական իրավունքի խախտում` մասնավորապես խաթարելով օրինակելի ձևով կնքվող և նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի վավերության պայմանների էությունը` եկել է սխալ եզրահանգման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է որ`

Արամ Դավթյանից հօգուտ Լիլիթ Նիկողոսյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Արամ Դավթյանից հօգուտ Ասյա Նալբանդյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` Արամ Դավթյանի հայցն ընդդեմ Ասյա Նալբանդյանի, Լիլիթ Նիկողոսյանի, երրորդ անձ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի` գործարքն առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժել:

2. Արամ Դավթյանից հօգուտ Լիլիթ Նիկողոսյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Արամ Դավթյանից հօգուտ Ասյա Նալբանդյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Արամ Դավթյանից հօգուտ Լիլիթ Նիկողոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Արամ Դավթյանից հօգուտ Ասյա Նալբանդյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 21 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.05.2021
N ԵԴ/5730/02/18
Որոշում