ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/11507/05/17
Վարչական գործ թիվ ՎԴ/11507/05/17 2021 թ.
Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան
Դատավորներ` Կ. Մաթևոսյան
Կ. Ավետիսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2021 թվականի մարտի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.06.2019 թվականի որոշման դեմ ըստ հայցի Սիմոն Հովնանյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձինք` ՀՀ ֆինանսների նախարարության, Ռոբերտ Մավիսակալյանի` Սիմոն Հովնանյանին 2.914.000 ՀՀ դրամ գումարը` որպես ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնաս, պատասխանողին` հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սիմոն Հովնանյանը պահանջել է Ծառայությանը պարտավորեցնել հատուցելու 2.914.000 ՀՀ դրամ գումարը` որպես ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնաս:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 31.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է. «Պարտավորեցնել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը հատուցել Սիմոն Կարենի Հովնանյանին 2.914.000 /երկու միլիոն ինը հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամ գումարը, որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնաս»:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2019 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի 1-ին մասի, 27-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հայցվորն իր պահանջը ներկայացրել է ոչ ճիշտ հայցատեսակի շրջանակներում, այն է` հայցվորի կողմից ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողության կատարման հայց, մինչդեռ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցումն իրականացվում է վարչական ակտի ընդունման միջոցով, հետևաբար պետք է ներկայացվեր պարտավորեցման հայց:
Ստորադաս դատարանները սույն գործով վճռի հիմքում դրել են միայն ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3835/05/15 վճիռը, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Սիմոն Հովնանյանի մասնակցությամբ 22.04.2015 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի համապատասխան հատվածում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային նշանները 22.04.2015 թվականի դրությամբ տեղադրված չլինելու Ծառայության անգործությունը:
Դատարանները որևէ անդրադարձ չեն կատարել Նախարարության առարկությամբ հայտնած դիրքորոշմանը և մատնանշված մի շարք ոչ արժանահավատ և վիճելի փաստերի պարզաբանմանը, ինչպես նաև անդրադարձ չի կատարվել փորձագետի թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացության արժանահավատությանը, որով փորձագետը 2001 թվականի արտադրության «BMW» 330 CI մակնիշի նման ապրանքային վիճակում և լրակազմությամբ ավտոմեքենայի միջին շուկայական գինը գնահատել է 3.800.000 ՀՀ դրամ գումար, իսկ վթարված ավտոմեքենայի նյութական վնասի չափը գնահատել է 2.889.000 ՀՀ դրամ գումար:
Սույն գործով Դատարանը չի իրականացրել գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու և իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու լիազորությունները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի պարզել ենթադրյալ վնասի և ոչ իրավաչափ վարչարարության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, թե ինչքանով է հայցվորի ներկայացրած նյութական վնասի չափը համապատասխանում իրականությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ծառայության ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ս. Մադաթյանի կողմից 03.06.2015 թվականին կայացվել է «Նյութերով վարչական վարույթը կարճելու մասին» որոշումը, համաձայն որի` պարզվել և հիմնավորվել է, որ ինչպես 22.04.2015 թվականին, այնպես էլ դրանից հետո Երևան քաղաքի Ֆրիկի փողոցը` Դեմիրճյան և Ֆրիկի փողոցների խաչմերուկի կողմից կահավորված է 5.5` «Միակողմ երթևեկությամբ ճանապարհ» ճանապարհային նշանով ու դրա համաձայն երթևեկությունը դեպի Սարյան փողոցի ուղղությամբ միակողմանի է, այսինքն` տրանսպորտային միջոցների երթևեկությունն երթևեկելի մաս ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ: Միակողմ երթևեկությամբ Ֆրիկի փողոցի երթևեկելի մասին են միանում այլ ճանապարհներ և կամ այլ երթևեկելի մասեր` մասնավորապես Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի բակամիջյան ճանապարհը, որտեղ բացակայում են 2.4 «Զիջեք ճանապարհը» և 5.7.1 «Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ» ճանապարհային նշանները, որոնք պետք է տեղադրված լինեին ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության կազմակերպման գծապատկերի համաձայն:
Նույն որոշման համաձայն` 22.04.2015 թվականի ժամը 16:30-ի սահմաններում Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 50/3 հասցեի դիմաց Սիմոն Հովնանյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 34 QP 138 համարանիշի և Ռոբերտ Մավիսակալյանի վարած «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 515 LU 05 համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած պատահարի առաջացումը պայմանավորված է եղել ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության հատվածում կազմակերպման` գծապատկերի համաձայն, համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված չլինելու հանգամանքով:
Նույն որոշմամբ վարչական վարույթը կարճվել է` ավտովարորդներ Սիմոն Հովնանյանի և Ռոբերտ Մավիսակալյանի գործողություններում վարչական իրավախախտման կազմի բացակայության պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ 41-42):
2) «Փորձագետների միություն» ՍՊԸ-ի կողմից տրված` Ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացության համաձայն` «BMW 330CL» մակնիշի 34 QP 138 պետական համարանիշի ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը, ԱՊՊԱ ոլորտում սահմանված վնասի հաշվարկման մեթոդների համապատասխան, 16.06.2015 թվականի դրությամբ գործող շուկայական գներով գնահատվել է 2.889.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ 124-133):
3) Համաձայն «Արամյանց» ԲԿ-ի վնասվածքաբանական կետի կողմից տրված թիվ 104/21 Տեղեկանքի` Սիմոն Հովնանյանը գտնվել է ամբուլատոր բուժման մեջ «Արամյանց» ԲԿ ԱՓԲԸ-ում վնասվածքաբանական կետում 22.04.2015 թվականին ժամը 20.10-ին` ձախ ձեռքի մատի սալջարդ վերք, ձախ ձեռքի նախաբազկի այրվածք-քերծվածք ախտորոշմամբ (հատոր 1-ին, գ.թ 146):
4) «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 19.06.2015 թվականի «ԱՊՊԱ պայմանագրի գծով ապահովագրական հատուցումը մերժելու վերաբերյալ» թիվ 2313 որոշմամբ (25.000 ՀՀ դրամ բժշկական ծառայություն ստանալու մասով) և 18.06.2015 թվականի «ԱՊՊԱ պայմանագրի գծով ապահովագրական հատուցումը մերժելու վերաբերյալ» թիվ 2302 որոշմամբ (2.889.000 ՀՀ դրամ ավտոմեքենային պատճառված նյութական վնասի մասով) նշվել է, որ պատահարում ամբողջությամբ մեղավոր են ճանապարհային երթևեկության կազմակերպման համար պատասխանատու անձինք, հետևաբար ընկերությունը ապահովագրական հատուցում տրամադրելու պարտականություն չի կրում և մերժում է Սիմոն Հովնանյանի կողմից 27.04.2015 թվականի ներկայացված դիմումը (հատոր 1-ին, գ.թ 134):
5) ՀՀ վարչական դատարանի 25.04.2016 թվականի թիվ ՎԴ/3835/05/15 վճռով` ըստ հայցի Սիմոն Հովնանյանի ընդդեմ Ծառայության, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` Ռոբերտ Մավիսակալյանի, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի` վարչական մարմինների անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, ոչ իրավաչափ է ճանաչվել Սիմոն Հովնանյանի
մասնակցությամբ 22.04.2015 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի համապատասխան ճանապարհահատվածում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային նշանները 22.04.2015 թվականի դրությամբ տեղադրած չլինելու Ծառայության անգործությունը:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.12.2016 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3835/05/15 վարչական գործով 25.04.2016 թվականին կայացված վճիռը թողնվել է անփոփոխ: Նշված որոշումը սահմանված ժամկետում չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ 10-26):
6) 21.03.2017 թվականին, 07.06.2017 թվականին և 06.09.2017 թվականին Սիմոն Հովնանյանը ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը (հատոր 1-ին, գ.թ 47-48):
7) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 08.09.2017 թվականի թիվ 17-9-1385-17 գրությամբ մերժվել է հայցվող գործողության կատարումը, այն է` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը` հայտնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցումը ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունից պահանջելը ոչ իրավաչափ է, քանի որ ճանապարհային ոստիկանությունը սահմանված կարգին համապատասխան տեղադրել է ճանապարհային նշաններ, իսկ պատահարը կանխատեսել չէր կարող, հետևաբար բացակայում է ճանապարհային ոստիկանության մեղքը տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման մեջ: Հայտնվել է նաև, որ նշանի մասին տեղեկացվելուց հետո, ճանապարհային ոստիկանությունը, իրավիճակից բխող, օրենքով նախատեսված գործառույթները կատարել է ժամանակին և ամբողջ ծավալով (հատոր 1-ին, գ.թ 53):
8) 20.10.2017 թվականին Սիմոն Հովնանյանի ներկայացուցչի կողմից Դատարան ներկայացված հայցադիմումում վկայակոչվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը (Գործողության կատարման հայցատեսակը), իսկ որպես պահանջ` նշվել է. «պարտավորեցնել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը Սիմոն Կարենի Հովնանյանին հատուցել 2.914.000 ՀՀ դրամ գումար` որպես ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնաս» (հատոր 1-ին, գ.թ. 2-6):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 27-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) արդյո՞ք ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել գործողության կատարման հայցի շրջանակներում այն դեպքում, երբ վնասի հատուցման դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժվել է վարչական մարմնի կողմից.
2) արդյոք վարչարարության ոչ իրավաչափ ճանաչված լինելու հանգամանքն ինքնին բավարար է վնասի հատուցման պահանջը, առանց վնասի տարրերը պարզելու, հայցվորի կողմից ներկայացված չափով բավարարելու համար:
ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը (...) կարգավորում է (...) վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` վարչական մարմիններ` (ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ. (բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ. (գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման նույն օրենքի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության (...) հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է`(ա) Հայաստանի Հանրապետությունը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում. (բ) համապատասխան համայնքը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել (...):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
i
Վարչարարության պատճառված վնասի հատուցման կառուցակարգին իրենց որոշումներում անդրադարձել են և ՀՀ սահմանադրական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը 07.11.2017 թվականի թիվ ՍԴՈ-1383 որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) օրենսդիրը նախատեսել է ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում պահանջելու նախապայման, այն է` ոչ իրավաչափ ճանաչել վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որին օրենքի 100-րդ հոդվածի իրավակարգավորումների համաձայն` կարող է հետևել վարչարարության հետևանքով վնաս պատճառած մարմնին հատուցման պահանջ ներկայացնելը: Այսինքն` պահանջի իրավունքն անձը ձեռք է բերում վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում»:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան: Ընդ որում, իրավական պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է, որ հետագայում հնարավոր կլինի վերստուգել պետության գործողությունների կամ անգործության իրավաչափությունը, այլ նաև այդպիսի գործողության կամ անգործության հետևանքով առաջացած վնասը կհատուցվի: Արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման նպատակով օրենսդիրն ամրագրել է ոչ իրավաչափ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման իրավական հնարավորություն` սահմանելով վարչական մարմինների պատասխանատվությանը վերաբերող այնպիսի իրավակարգավորում, որի միջոցով ապահովվում է անձանց կրած վնասների հատուցումը: Վարչական մարմինների պարտականությունների խախտման հետևանքով անձանց կրած վնասների հատուցման վերաբերյալ դրույթներ ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն երաշխավորել է պետության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու իրական հնարավորություն, այլ նաև` այդ գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հատուցում ստանալու իրական հնարավորություն (տե՛ս, Աշոտ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման իրավունքի իրականացման կառուցակարգին` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը: Դրանից հետո միայն անձը պարտավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Ժորա Սարգսյանն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի թիվ ՎԴ/0277/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պարտականություն կրող սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում` համապատասխան համայնքը:
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու պարտականությունը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կատարում են այն վարչական մարմինների միջոցով, որոնց դրսևորած ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի մոտ առաջացել է վնասի հատուցման պարտականությունը, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը նախատեսել է, որ վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այդ վնասը: Այլ կերպ ասած, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու պարտականությունը կրող սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, որոնք այդ պարտականությունը կատարում են համապատասխան վարչական մարմնին ներկայացված` ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշված դիմումը քննարկելու և օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում այն բավարարելու մասին որոշում ընդունելու միջոցով:
Նախկինում կայացված որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ և 102-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի նկատմամբ կիրառելի են օրենքով վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, իսկ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը վարչական մարմինը քննարկում և լուծում է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումների քննարկման համար օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Փաստորեն, վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը` ուղղված իրավասու վարչական մարմնին (այն վարչական մարմնին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այդ վնասը), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով վարչական վարույթ հարուցելու հիմք է (տե՛ս, Էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով դիմելով համապատասխան վարչական մարմնին` շահագրգիռ անձը հայցում է իր պահանջի բավարարման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունում: Մյուս կողմից, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժվում է համապատասխան վարչական մարմնի կողմից: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է միջամտող վարչական ակտ, քանի որ այն համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի հասկացությանը բնորոշ բոլոր հատկանիշներին (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը վարչական մարմնի կողմից լրիվ կամ մասնակիորեն մերժվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել իր խախտված իրավունքների ինչպես վարչական, այնպես էլ դատական պաշտպանության, մասնավորապես` դատարանի առջև բարձրացնելով ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին վարչական մարմնի որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև պահանջելով պարտավորեցնել համապատասխան վարչական մարմնին ընդունելու շահագրգիռ անձի դիմումով հայցվող համապատասխան բարենպաստ վարչական ակտը:
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին վարչական մարմնի որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև այդ դիմումով հայցվող վնասի հատուցման ենթակա լինելու կամ չլինելու հարցը վարչական դատարանի առջև կարող է բարձրացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով շահագրգիռ անձը կարող է պահանջել պարտավորեցնել ոչ իրավաչափ վարչարարություն դրսևորած վարչական մարմնին ընդունելու դրա հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին բարենպաստ վարչական ակտ, որի ընդունումը մերժվել է այդ վարչական մարմնի կողմից: Ընդ որում, վերոհիշյալ պահանջով վարչական դատարան ներկայացված հայցի հիման վրա հարուցված վարչական գործերով պատասխանող է հանդես գալիս այն վարչական մարմինը, որը լրիվ կամ մասնակիորեն մերժել է իր կողմից դրսևորված ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին շահագրգիռ անձի դիմումը, քանի որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու պարտականությունը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կատարում են այն վարչական մարմինների միջոցով, որոնց դրսևորած ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի մոտ առաջացել է վնասի հատուցման պարտականությունը, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` պատասխանողն այն վարչական մարմինն է (...), որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքը ՀՀ իրավական համակարգում իրացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես` ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքը կենսագործվում է հետևյալ ընթացակարգով.
1) նախևառաջ վնաս պատճառած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ վարչական ակտը պետք է շահագրգիռ անձի դիմումով (վարչական կամ դատական կարգով) ճանաչվի ոչ իրավաչափ,
2) այնուհետև շահագրգիռ անձը պետք է դիմի ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին` վնասի հատուցման պահանջով,
3) վնասի հատուցման դիմումի լրիվ կամ մասնակիորեն մերժման դեպքերում շահագրգիռ անձը կարող է վարչական կարգով բողոքարկել այդ դիմումը մերժելու մասին վարչական ակտը կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի միջոցով դիմել վարչական դատարան` ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով,
4) վնասի հատուցման դիմումը չքննարկվելու դեպքում գործում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը (դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության պարագայում), որի շրջանակներում շահագրգիռ անձը կարող է հասնել վնասի հատուցման իր իրավունքի գործնական իրացմանը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակով վարչական դատարան դիմելու միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադարձել է վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պայմաններին` նշելով, որ պետության կամ համայնքի պատասխանատվությունը ծագում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
1) իրականացվել է ոչ իրավաչափ (իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ) վարչարարություն,
2) պատճառվել է վնաս,
3) իրականացված վարչարարության և պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:
Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապ: Այլ կերպ ասած` վարչարարության արդյունքը ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց այդ վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը (տե՛ս, Աշոտ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ հավելել է, որ պատճառական կապն արտացոլում է երևույթների անհրաժեշտ ծագումնաբանական կապը, երբ մի երևույթը` պատճառը, որոշակի պայմանների առկայության դեպքում անհրաժեշտաբար առաջացնում է մյուսը` հետևանքը: Ընդ որում, կոնկրետ ոչ իրավաչափ վարչարարությամբ վնաս պատճառելու իրավահարաբերությունում վնասի հատուցման նախապայմանների առկայության հարցը լուծելիս էական է իրավական նշանակություն ունեցող պատճառական կապի առկայության հարցը պարզելը: Իսկ պատճառական կապն ունի իրավական նշանակություն, երբ վնաս պատճառողի վարքագիծը վնասակար հետևանքի հնարավորությունը դարձրել է իրականություն կամ պայմանավորել է այդ հետևանքի առաջացման կոնկրետ հնարավորությունը: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման համար պատճառական կապի առկայության հարցում էական է այն հանգամանքը, թե վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունն արդյո՞ք անմիջականորեն հանգեցրել են ֆիզիկական կամ իրավաբանական անձին հասցված վնասի առաջացմանը, թե` ոչ (տե՛ս, Աիդա Հարությունյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0832/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018թ. որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով` ՀՀ վարչական դատարանի 25.04.2016 թվականի թիվ ՎԴ/3835/05/15 վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել Սիմոն Հովնանյանի մասնակցությամբ 22.04.2015 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի համապատասխան ճանապարհահատվածում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային նշանները 22.04.2015 թվականի դրությամբ տեղադրված չլինելու ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության անգործությունը:
21.03.2017 թվականին, 07.06.2017 թվականին և 06.09.2017 թվականին Սիմոն Հովնանյանը ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն: ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 08.09.2017 թվականի թիվ 17-9-1385-17 գրությամբ մերժվել է հայցվող գործողության կատարումը:
Այնուհետև` Սիմոն Հովնանյանը, հայցի իրավական հիմքում վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը, դիմել է Դատարան` խնդրելով «պարտավորեցնել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը Սիմոն Կարենի Հովնանյանին հատուցել 2.914.000 ՀՀ դրամ գումարը` որպես ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնաս»:
Դատարանը, սույն գործով հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ «ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 25.04.2016 թվականի թիվ ՎԴ/3835/05/15 վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել Սիմոն Հովնանյանի մասնակցությամբ 22.04.2015 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի համապատասխան ճանապարհահատվածում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային նշանները 22.04.2015 թվականի դրությամբ տեղադրած չլինելու ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության անգործությունը: (...) պատահարի արդյունքում հայցվորին պատճառված վնասի և համապատասխան ճանապարհահատվածում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային նշանները 22.04.2015 թվականի դրությամբ տեղադրված չլինելու` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության անգործությամբ դրսևորված ոչ իրավաչափ վարչարարության միջև առկա է պատճառահետևանքային կապ, ուստի դատարանը գտնում է, որ առկա են օրենսդրությամբ սահմանված վարչական մարմին կողմից վնասի հատուցման բոլոր նախապայմանները»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության և Նախարարության վերաքննիչ բողոքները, ըստ էության վերահաստատել է Դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները: Միաժամանակ փաստել է, որ «սույն գործով ներկայացված` ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացությունը և «Արամյանց» բժշկական կենտրոնի կողմից տրված տեղեկանքը սույն գործով ներկայացված թույլատրվող և վերաբերելի, չվիճարկված ապացույցներ են, որոնք դրվել են կայացված դատական ակտի հիմքում»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը, գտնում է, որ դրանք անհիմն են ներքոշարադրյալ հիմնավորմամբ.
Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ սույն գործով Սիմոն Հովնանյանը պահպանել է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման կառուցակարգը` այն իմաստով, որ վերջինս այդ պահանջով նախ դիմել է ոչ իրավաչափ վարչարարություն դրսևորած վարչական մարմնին` Ծառայությանը, և վարչական մարմնից մերժում ստանալուց հետո է դիմել Դատարան: Այդուհանդերձ, Սիմոն Հովնանյանը սխալ է ընտրել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման հարցը դատարանի առջև բարձրացնելու համար օրենքով նախատեսված հայցատեսակը: Մասնավորապես, Սիմոն Հովնանյանը Դատարան է դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված` գործողության կատարման հայցատեսակով, մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը մերժելու մասին վարչական մարմնի որոշման առկայության պայմաններում այդ որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև այդ դիմումով հայցվող վնասի հատուցման ենթակա լինելու կամ չլինելու հարցը Դատարանի առջև կարող է բարձրացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված` պարտավորեցման հայցատեսակի միջոցով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով Սիմոն Հովնանյանը կարող էր պահանջել պարտավորեցնել Ծառայությանն ընդունելու ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին բարենպաստ վարչական ակտ, որի ընդունումը մերժվել է այդ վարչական մարմնի կողմից` նշված հայցատեսակում ներառելով նաև Ծառայության 08.09.2017 թվականի թիվ 17-9-1385-17 միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն` վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարան դիմած անձն իր կողմից ներկայացված հայցի առարկան չի ձևակերպել տվյալ վիճելի իրավահարաբերության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակով, ապա այդ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները` առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև` անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրահանգման.
1) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում վարչական դատարանը պարտավոր է առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը),
2) եթե հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության և վարչական դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշման պարտականության պատշաճ կատարման պայմաններում հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված սկզբնական ոչ ճիշտ հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ (տե՛ս, Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պարտավոր էր առաջարկել Սիմոն Հովնանյանին ոչ ճիշտ հայցատեսակը` գործողության կատարման հայցը, փոխարինել պատշաճ հայցատեսակով` պարտավորեցման հայցով, քանի որ Սիմոն Հովնանյանի կողմից ներկայացված ոչ ճիշտ հայցատեսակը չի կարող ապահովել վերջինիս իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը: Մինչդեռ սույն գործով Դատարանը չի կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքից բխող` դատավարության մասնակիցներին օժանդակելու իր պարտականությունը, այն է` չի առաջարկել Սիմոն Հովնանյանին ներկայացնելու տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և օրենքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային բնորոշ հայցապահանջ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը սույն գործով Սիմոն Հովնանյանի հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «... պատահարի արդյունքում հայցվորին պատճառված վնասի և համապատասխան ճանապարհահատվածում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային նշանները 22.04.2015 թվականի դրությամբ տեղադրված չլինելու` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության անգործությամբ դրսևորված ոչ իրավաչափ վարչարարության միջև առկա է պատճառահետևանքային կապ, ուստի դատարանը գտնում է, որ առկա են օրենսդրությամբ սահմանված վարչական մարմին կողմից վնասի հատուցման բոլոր նախապայմանները»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքները և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները` հավելելով, որ «սույն գործով ներկայացված` ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացությունը և «Արամյանց» բժշկական կենտրոնի կողմից տրված տեղեկանքը սույն գործով ներկայացված թույլատրվող և վերաբերելի, չվիճարկված ապացույցներ են, որոնք դրվել են կայացված դատական ակտի հիմքում»:
Նախարարությունը 27.06.2018 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով և 15.08.2019 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքով բարձրացրել է այն փաստարկը, որ Դատարանը պատշաճ կարգով չի բացահայտել ոչ իրավաչափ վարչարարության և ենթադրյալ վնասի միջև առկա պատճառահետևանքային կապը:
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ վարչարարության ոչ իրավաչափ լինելն ինքնին բավարար չէ վնասի հատուցում իրականացնելու համար: Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջը կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ վնասը պատճառվել է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում, դրա ուղղակի հետևանք է, այսինքն` առկա է անմիջական պատճառահետևանքային կապ: Այլ կերպ ասած` վարչական մարմինների կողմից իրականացված ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով անձին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործը քննելիս գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և պարզման ենթակա հանգամանքներից է նաև` արդյոք առկա է անձին պատճառված վնասը, և, եթե այո, նաև` վնասի և ոչ իրավաչափ ճանաչված վարչական ակտի, գործողության կամ անգործության միջև իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապի առկայությունը: Այսինքն` միայն վարչական մարմնի կողմից իրականացված վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը կամ անձին պատճառված վնասի առկայությունը դեռևս բավարար չէ, որպեսզի հաստատված համարվի այն փաստը, որ անձը վնասը կրել է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով, այլ անհրաժեշտ է, որ այդ ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Ընդ որում` պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Այլ կերպ ասած` պատճառական կապի առկայության հարցում էական է այն հանգամանքը, թե վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունն արդյոք անմիջականորեն հանգեցրել են ֆիզիկական կամ իրավաբանական անձին հասցված վնասի առաջացմանը, թե` ոչ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3835/05/15 վարչական գործով 25.04.2016 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել Սիմոն Հովնանյանի մասնակցությամբ 22.04.2015 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի համապատասխան ճանապարհահատվածում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային նշանները 22.04.2015 թվականի դրությամբ տեղադրված չլինելու Ծառայության անգործությունը: Նման պայմաններում Դատարանը ոչ իրավաչափ անգործության հետևանքով Սիմոն Հովնանյանին 2.914.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին հայցը քննելիս պետք է պարզեր և ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով հաստատեր կամ հերքեր ոչ իրավաչափ ճանաչված անգործությամբ հայցվոր Սիմոն Հովնանյանին վնաս պատճառելու փաստի առկայությունը: Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում սույն գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու նպատակով Դատարանը պետք է պարզեր` արդյոք ՀՀ վարչական դատարանի 25.04.2016 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/3835/05/15 վճռով ոչ իրավաչափ ճանաչված ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից դրսևորած անգործության (համապատասխան ճանապարհային նշանների կահավորված չլինելը) և Սիմոն Հովնանյանի 2.914.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ, մասնավորապես` արդյոք վարչական մարմնի դրսևորած անգործությունն անմիջականորեն հանգեցրել է հայցվոր Սիմոն Հովնանյանին հասցված վնասի առաջացմանը, թե` ոչ, այսինքն` արդյոք Սիմոն Հովնանյանին պատճառված վնասի առաջացումը վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության անխուսափելի և անմիջական արդյունք է, թե հայցվորին պատճառված վնասը կարող էր հետևանք լինել նաև այլ գործողությունների կամ անգործության: Մինչդեռ Դատարանը նման պատճառահետևանքային կապի առկայությունը հիմնավորել է միայն այն հանգամանքով, որ ՀՀ վարչական դատարանի 25.04.2016 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/3835/05/15 վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից դրսևորած անգործությունը` առանց ըստ էության բացահայտելու ոչ իրավաչափ ճանաչված անգործության և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապի գոյությունը, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստորադաս դատարանների կողմից լրիվ և բազմակողմանի չի բացահայտվել նաև ենթադրյալ վնասի առկայությունը: Մասնավորապես, որպես ենթադրյալ վնասի առկայությունը հիմնավորող ապացույց հետազոտվել և գնահատվել է 16.06.2015 թվականին «Փորձագետների միություն» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ԱՊ/Ն-15/002 ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման եզրակացությունը:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 16.06.2015 թվականին «Փորձագետների միություն» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ԱՊ/Ն-15/002 ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման եզրակացությանը, անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե (ex օfficiօ): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով փորձաքննություն նշանակելու հետ կապված դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, սակայն դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել նույն օրենսգրքի 5-րդ և 27-րդ հոդվածներով ամրագրված` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականությունների լիարժեք իրականացումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու իրավական հնարավորությանը, նշել է, որ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է նշանակել փորձաքննություն ինչպես կողմի միջնորդությամբ, այնպես էլ իր նախաձեռնությամբ: Այսինքն` օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
Պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, այդ թվում` դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ: Հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթը նշանակում է համապատասխան պետական մարմնի օրենքով սահմանված այլընտրանքային իրավական հետևանքներից որևէ մեկը ընտրելու, ինչպես նաև, առհասարակ, իր լիազորությունը գործնականում կիրառելու կամ դրանից ձեռնպահ մնալու հնարավորություն: Պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը:
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ «դատական հայեցողությունը» կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում դատարանի կողմից օրենսդրությամբ սահմանված այլընտրանքային իրավական հետևանքներից որևէ մեկը ընտրելու, ինչպես նաև որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է: Իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ երաշխավորվի կամայականության արգելքը և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Ըստ այդմ, «դատական հայեցողության» սահմանները նախևառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված են վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով:
Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի նախաձեռնությամբ փորձաքննության նշանակումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը (տե՛ս, Գրետա Ավետիսյանը և մյուսներն ընդդեմ ՀՀ կառավարության և մյուսների թիվ ՎԴ/5908/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Փորձագետների միություն» ՍՊԸ-ի փորձագետ Է. Խաչիկյանն ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման ընթացքում օգտագործել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ RL 1-015 կանոնները: Փորձագետը թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացությամբ նշել է, որ ըստ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ RL 1-015 կանոնների, ոչնչացված գույքի մնացորդային արժեքների հաշվարկը կատարվում է RL 1-015 կանոններով նախատեսված բանաձևով, որում «Հi» դա գույքի պիտանի մասերի (դետալ, հանգույց, ագրեգատ) շուկայական արժեքի տեսակարար կշիռն է մինչև վնասվելը գույքի շուկայական արժեքի նկատմամբ, որոնց առավելագույն չափերը ավտոտրանսպորտային միջոցների դեպքում սահմանվում է համաձայն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ RL 1-015 կանոնների աղյուսակ 1-ի, իսկ դրանց հստակ չափերը աղյուսակ 1-ում նշված առավելագույն շեմի շրջանակներում վնասվածության աստիճանից ելնելով ինքնուրույնաբար որոշում է փորձագետը:
Փորձագետը թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացության մեջ նշել է, որ փորձագիտական ակնադիտական զննումից պարզվեց, որ հետազոտվող ավտոմեքենայի վրա վթարի հետևանքով կոտրվել, արատավորվել և դեֆորմացվել են առջևի թափարգելն իր հեծանով, առջևի լայնական վահանակը, շարժիչի ծածկոցը, ջերմափոխանակիչի երեսպատոցը, առջևի լուսարձակները, շարժիչի հովացման ջերմափոխանակիչը, օդորակիչի ջերմափոխանակիչը, քամհարի իրանը, առջևի երկայնահեծանները, առջևի անվաթևերը, առջևի ձախ կեղտապաշտպանը, օդազտիչն իր իրանով, հիդրոուժեղարարի գլանանոթը, առջևի կախոցի ձախ դասավորությամբ լրակազմող դետալները, ձախ դուռն իր սպոյլերով, վարորդի անվտանգության բարձիկը, դիմապակին, հետևի տեսքի հայելին, վարորդի նստատեղի անվտանգության բարձիկը և այլն:
Փորձագետը նշել է նաև, որ վերոնշյալ վնասվածքների առկայության պարագայում ավտոմեքենայի թափքի դեֆորմացիան տվյալ դեպքում գնահատվում է որպես բարդ աստիճանի շեղածռվածք լայնականու երկայնական առանցքների նկատմամբ, քանի որ թափքը ամբողջությամբ դարձել է անպիտան և էականորեն չափախախտվել են թափքի բաղկացուցիչ մասերի որմանցքերը, թափքի հիմնակմախքի երկրաչափական պարամետրերը, ինչպես նաև հավելել, որ ավտոմեքենայի վերականգնումն ապրանքագիտական տեսանկյունից դիտվում է ոչ նպատակահարմար, քանի որ փոխարինման ենթակա պահեստամասերի, օգտագործվող նյութերի, շեղածռվածքի ուղղման և վերանորոգման աշխատանքների ընդհանուր շուկայական գինը կգերազանցի ավտոմեքենայի մինչ վթարային ապրանքային վիճակի շուկայական գնի 80 տոկոսը: Փորձագետը թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացության մեջ նշել է, որ կատարված հետազոտությունների արդյունքում 2001 թվականի արտադրության «BMW» 330 CI մակնիշի նման ապրանքային վիճակում և լրակազմությամբ ավտոմեքենաների միջին շուկայական գինը գնահատվում է 3.800.000 ՀՀ դրամ:
Տվյալ դեպքում փորձագետի թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացությունը չի կարող գնահատվել որպես արժանահավատ ապացույց` հաշվի առնելով, որ փորձագետի ակնադիտական զննմամբ որոշված ավտոպահեստամասերի վնասվածության աստիճանը, ինչպես նաև ավտոմեքենաների միջին շուկայական գինը որոշելը առանց որևէ հետազոտության մեթոդաբանության նշման կասկած է առաջացնում եզրակացության արժանահավատության տեսանկյունից:
Վերոգրյալից պարզ է դառնում, որ փորձագետի` առանց բավարար ելակետային տվյալների կազմած թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացությունը չի կարող համարվել արժանահավատ ապացույց:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում նշված հարցերի պարզաբանումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտական գիտելիքների կիրառմամբ: Վերոնշյալ եզրահանգման համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ գործի քննության ընթացքում, ինչպես նաև վերաքննիչ բողոքում պատասխանող կողմը վիճարկել է փորձագետի եզրակացությամբ սահմանված վնասի չափը, ուստի հատուկ մասնագիտական գիտելիքների առկայությամբ և օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն է առաջացել: Այդպիսի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «Փորձագետների միություն» ՍՊԸ-ի կողմից 16.06.2015 թվականին տրված թիվ ԱՊ/Ն-15/002 եզրակացությունը ձեռք է բերվել արտադատական կարգով, հետևաբար չի կարող փոխարինել դատարանի կողմից նշանակված փորձագետի եզրակացությանը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը չի իրացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով իրեն վերապահված` փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորությունը` միաժամանակ չապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն: Մինչդեռ քննարկվող դեպքում Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ նման հայեցողական լիազորության իրականացման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացման անհրաժեշտությունից:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատավարական նորմերի վերը նշված խախտումները շտկելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.06.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 մարտի 2021 թվական: