ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԿԴ1/0935/02/14 2016թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0935/02/14 |
|
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան Դատավորներ` Ս. Միքայելյան Հ. Ենոքյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հուլիսի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Նորովի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Մարգարիտա Հովսեփյանի և Ալբերտ Պետրոսսյանի ներկայացուցիչ Կարինե Մուրադյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ընդդեմ Ընկերության, երրորդ անձինք «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման, Ալբերտ Պետրոսսյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը պահանջել է Ալբերտ Պետրոսսյանի և Ընկերության միջև 16.06.2011 թվականին կնքված Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող թվով 52 հողամասերի առուվաճառքի պայմանագիրը (վավերացված «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանի կողմից, գրանցված սեղանամատյանում 1469 համարի տակ) ճանաչել կեղծ և առոչինչ և որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք` անվավեր ճանաչել այդ գործարքի հիման վրա Ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները և ճանաչել Ալբերտ Պետրոսսյանի սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող թվով 52 հողամասերի նկատմամբ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 27.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2015 թվականի որոշմամբ Ընկերության և Ալբերտ Պետրոսսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 27.05.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերության և Ալբերտ Պետրոսսյանի ներկայացուցիչները:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ներկայացուցիչ Լիաննա Մանուկյանը:
2. Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ հոդվածները, 306-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը կեղծ գործարքի առկայությունը հիմնավորել է` նշելով, որ Ալբերտ Պետրոսսյանը թույլ է տվել իրավախախտում, այն է` կանխազգալով, որ 3 տարի անց իրեն սնանկ են ճանաչելու, իրեն պատկանող որոշ տարածքներ վաճառել է այլ Ընկերության: Իրականում, սակայն, այդ գործարքը կնքելով` Ալբերտ Պետրոսսյանն իրացրել է սեփական գույքը տնօրինելու սահմանադրական իր իրավունքը և չէր կարող որևէ կերպ կանխատեսել վերահաս դատական ակտերը` կնքելով առուվաճառքի կեղծ գործարք, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Ստորադաս դատարանների դատական ակտերի հիմքում դրված «Տիգրիս» ՍՊԸ-ի գնահատման հաշվետվությունները պարունակում են մի շարք խախտումներ: Մասնավորապես` «Տիգրիս» ՍՊԸ-ն առանց իրավական և փաստական հիմքերի գնահատվող հողատարածքը գյուղատնտեսական նշանակությունից վերածել է բնակավայրերի նշանակության, նույնիսկ` «բնակարանի»: Բացի այդ, ընդամենը յոթ օրվա ընթացքում կատարված ավելի քան հինգ տասնյակ հողակտորների գնահատման հաշվետվություններն ուղղակի հակասում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված ՀՀ անշարժ գույքի շուկայի պաշտոնական վերլուծություններում ամրագրված տվյալներին: Ավելին, տվյալ դեպքում քննության առարկա պետք է դառնային այն հարցադրումները, թե ինչ վիճակում են եղել հողատարածքները 2011 թվականի հունիս ամսվա դրությամբ, և ինչ վիճակում են դրանք այժմ, սեփականատերերի կազմը և տարբերությունը, կատարված աշխատանքները, երբ և ում կողմից են կատարվել այժմ հողատարածքներում առկա աշխատանքները և այլն, որպիսի հարցադրումները վերոհիշյալ գնահատման հաշվետվություններով անտեսվել են: Նման պայմաններում Դատարանն անտեսել է երրորդ անձ Ալբերտ Պետրոսսյանի` փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը, որի բավարարվելու դեպքում կբացահայտվեին վերոհիշյալ խախտումները:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 929-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, 29-րդ հոդվածը, 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վիճարկվող պայմանագրով գնորդ հանդիսացող Ընկերությունը վաճառողին փոխկապակցված անձ չէ, քանի որ պայմանագիրը կնքելիս` 16.06.2011 թվականի դրությամբ, Ընկերության հիմնադիրը և միակ մասնակից-տնօրենը հանդիսացել է Մարիամ Ավետիսյանը, ով Ալբերտ Պետրոսսյանի ազգականը չէ, հետևաբար չի կարող համարվել պարտապանին փոխկապակցված անձ: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի կիրառման համար անհրաժեշտ է փոխանցումների` անհատույց լինելու պայմանը, մինչդեռ տվյալ դեպքում պայմանագիրն անհատույց չէ, սահմանված է գին` 10.400.000 ՀՀ դրամ, և պայմանագրի 3-րդ կետով կողմերը հավաստիացրել են, որ պայմանագրի ստորագրման պահին գնորդը վճարել է գույքի գինը, իսկ վաճառողն ստացել է այն ամբողջությամբ: Հակառակը հիմնավորող ապացույցներ սույն գործով չեն ներկայացվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Ալբերտ Պետրոսսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 306-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ի սկզբանե Ընկերության հիմնադիրը և միակ մասնակիցը հանդիսացել է Մարիամ Ավետիսյանը, և միայն հետագայում է Ընկերության մասնակից դարձել Զարեհ Պետրոսսյանը:
Դատարանի կողմից անհիմն պատճառաբանությամբ մերժվել է փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներին: Նման պայմաններում ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերի հիմքում դրվել են «Տիգրիս» ՍՊԸ-ի գնահատման հաշվետվությունները, որոնցում սխալ է նշված գնահատվող հողամասերի նպատակային նշանակությունը, ինչպես նաև, չնայած այն հանգամանքին, որ գնահատման առարկա են հանդիսացել հողամասերը, գնահատման հաշվետվություններում նշվել է «բնակարանի մակերեսի արժեք» արտահայտությունը: ՈՒստիև փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացվել` հողամասերի շուկայական արժեքը որոշելու համար:
Սույն գործով վիճարկվող պայմանագիրը չի կարելի դիտարկել կեղծ գործարք, քանի որ պայմանագրով Ալբերտ Պետրոսսյանի հետ փոխկապակցված անձ չհանդիսացող անձի կողմից հիմնադրված և նրա տնօրինությամբ գործած Ընկերության կողմից փաստացի ձեռք է բերվել և վերջինիս անվամբ պետական գրանցում է ստացել վիճելի պայմանագրի առարկա հանդիսացող հողատարածքը: Այսինքն` վիճելի պայմանագիրն առաջացրել է իրավական հետևանքներ` դադարել է վաճառողի սեփականության իրավունքը, իսկ գնորդը ձեռք է բերել սեփականության իրավունք, որպիսի փաստը հիմնավորվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հողամասերի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցմամբ:
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները սույն գործով կիրառելի չեն, քանի որ սույն գործով վիճարկվող պայմանագիրն անհատույց չէ, պայմանագրի գինը սահմանված է 10.400.000 ՀՀ դրամ, իսկ պայմանագրի 3-րդ կետի համաձայն` կողմերը հավաստիացրել են, որ պայմանագրի ստորագրման պահին գնորդը` Ընկերությունը, վճարել է գույքի գինը, իսկ վաճառողն ստացել է այն ամբողջությամբ: Ընդ որում, Ընկերությունը թույլ չի տվել որևէ իրավախախտում` առանց դրամարկղային ձևակերպումների 10.400.000 ՀՀ դրամը կանխիկ վաճառողին` Ալբերտ Պետրոսսյանին փոխանցելով, քանի որ վերջինս ֆիզիկական անձ է, ում ձեռնարկատիրական գործունեությունը չի հանդիսացել հողամասերի վաճառքը, ուստի «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի սահմանափակումները սույն գործով կիրառելի չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանների հիմնավորումները
Վերաքննիչ դատարանն իրականացրել է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն` հիմնավորելով, որ Ալբերտ Պետրոսսյանի և Ընկերության միջև 16.06.2011 թվականին կնքված գործարքը կեղծ է, կողմերն իրականում առուվաճառքի պայմանագիր կնքելու նպատակ չեն հետապնդել, այլ նպատակ են ունեցել այդ գործարքով խուսափելու Ալբերտ Պետրոսսյանի` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած համապարտ պարտավորությունը կատարելուց` կանխատեսելով վերահաս դատական ակտերը: Իսկ այն հանգամանքը, որ վիճելի գործարքը կնքելու պահին Ընկերության միակ մասնակից է հանդիսացել Մարիամ Ավետիսյանը, որևէ նշանակություն չի կարող ունենալ սույն գործի համար, ավելին, գործարքի կնքումից շուրջ վեց ամիս անց Ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել Ալբերտ Պետրոսսյանի որդին` Զարեհ Պետրոսսյանը: Գործարքի կեղծ լինելու մասին է վկայում նաև այն, որ գործարքի կնքումից երեք ամիս անց, ըստ էության որևէ կապ և առնչություն չունենալով Ընկերության հետ` Զարեհ Պետրոսսյանը լիազորագիր է տվել Ալբերտ Պետրոսսյանին` լիազորելով նաև իր անունից մասնակցելու Ընկերության ընդհանուր ժողովին, քվեարկելու, կանոնադրությունում և հիմնադիր փաստաթղթերում կատարելու փոփոխություններ և այլն:
Բացի այդ, գործարքի դիմաց վճարումը, համաձայն «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, կարող էր կատարվել միայն անկանխիկ եղանակով, սակայն նոտարական գործի փաստաթղթերում բացակայում է 10.400.000 ՀՀ դրամի վճարման փաստաթուղթը, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ նշված գործարքը կեղծ է:
«Տիգրիս» ՍՊԸ-ի գնահատման հաշվետվությունները թույլատրելի և վերաբերելի ապացույցներ են, իսկ բողոք բերած անձանց կողմից վկայակոչված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված ՀՀ անշարժ գույքի շուկայի 2011 թվականի առաջին կիսամյակի վերլուծության վերաբերյալ փաստաթուղթը սույն գործով թույլատրելի ապացույց չէ: Բացի այդ, Ալբերտ Պետրոսսյանի ներկայացուցիչը, Դատարան ներկայացնելով փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ ինքը հնարավորություն չի ունեցել ձեռք բերելու նշված ապացույցը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ալբերտ Պետրոսսյանի և Ընկերության միջև 16.06.2011 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` Ալբերտ Պետրոսսյանը վաճառել է, իսկ Ընկերությունը որպես սեփականություն ձեռք է բերել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող թվով 52 հողակտորները: Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` հողակտորներից յուրաքանչյուրը վաճառվել է 200.000 ՀՀ դրամով: Վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 10.400.000 ՀՀ դրամ: Կողմերը հավաստիացրել են, որ պայմանագրի ստորագրման պահին գնորդը վճարել է գույքի գինը, իսկ վաճառողն ստացել է այն ամբողջությամբ: Նշված պայմանագրից ծագող Ընկերության սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 111-112, 120):
2. 29.07.2008 թվականին տրված, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող, թվով 52 հողամասերի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականների համաձայն` նշված հողամասերի նպատակային նշանակությունը հանդիսանում է գյուղատնտեսական, իսկ օգտագործման նպատակը` վարելահող: Վկայականները սեփականության իրավունքով տրված են Ալբերտ Պետրոսսյանին (հատոր 4-րդ, գ.թ. 17-171):
3. Պարտատեր «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, երաշխավոր Ալբերտ Պետրոսյանի (Պետրոսսյան), ինչպես նաև պարտապան «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի միջև 20.08.2009 թվականին կնքվել է երաշխավորության պայմանագիր, որով Ալբերտ Պետրոսյանը (Պետրոսսյան) պարտավորվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով պատասխանատվություն կրել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի առջև` ի ապահովումն վարկատու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և վարկառու «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի միջև 20.08.2009 թվականին կնքված գլխավոր վարկային պայմանագրի (հատոր 1-ին, գ.թ. 24-25):
4. Գրավառու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, գրավատու Ալբերտ Պետրոսյանի (Պետրոսսյան), ինչպես նաև վարկառու «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի միջև 28.07.2010 թվականին կնքվել է թիվ CA/B/09-0071-01 անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որով, ի ապահովումն վարկատու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և վարկառու «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի միջև 20.08.2009 թվականին կնքված գլխավոր վարկային պայմանագրի կատարման, գրավադրվել է Ալբերտ Պետրոսյանին (Պետրոսսյան) սեփականության իրավունքով պատկանող` Արագածոտնի մարզում գտնվող 30 միավոր անշարժ գույք (հատոր 1-ին, գ.թ. 33-40):
5. ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 20.12.2011 թվականի թիվ 004-02/11/11 վճռով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի և Ալբերտ Պետրոսյանի (Պետրոսսյան)` վարկային պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, վարկային պայմանագրով նախատեսված տոկոսներն ու տույժերը հաշվեգրելու և բռնագանձելու, բռնագանձումը գրավադրված գույքերի, իսկ դրանց անբավարարության դեպքում «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի և դրամական միջոցների վրա տարածելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն: Ի թիվս այլնի` վճռվել է բռնագանձումը տարածել 28.07.2010 թվականին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի և Ալբերտ Պետրոսսյանի միջև կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագրով գրավադրված և Ալբերտ Պետրոսսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի, իսկ գրավի առարկաների իրացումից ստացված գումարների անբավարարության դեպքում` նաև «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա: Նշված վճռի հիմքում ընկած է վարկատու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և վարկառու «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի միջև 29.07.2010 թվականին կնքված թիվ LA/B/09-0048-02 վարկային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 46-64):
6. Թիվ ԵԿԴ/2958/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.10.2012 թվականի վճռով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի, Ալբերտ Պետրոսյանի (Պետրոսսյան), «Շեյփինգ Զոն» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Դատարանը, ի թիվս այլնի, վճռել է բռնագանձումը տարածել 28.07.2010 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագրով գրավի առարկա հանդիսացող գույքի, իսկ գրավի առարկաների անբավարարության դեպքում` «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի, Ալբերտ Պետրոսյանի (Պետրոսսյան) ու «Շեյփինգ Զոն» ՍՊԸ-ի այլ գույքի վրա: Նշված վճռի հիմքում ընկած է վարկատու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և վարկառու «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի միջև 24.08.2009 թվականին կնքված թիվ LA/B/09-0048-01 վարկային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 68-86):
7. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ալբերտ Պետրոսսյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 19):
8. ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետի 26.03.2015 թվականի թիվ 3-2/0586-15 գրությամբ տրամադրված տվյալների համաձայն` Ընկերության մասնակիցներն են հանդիսացել` Զարեհ Պետրոսսյանը` մուտք գործելու ամսաթիվ` 15.12.2011 թվական (100% բաժնեմաս), Մարիամ Ավետիսյանը` մուտք գործելու ամսաթիվ` 13.06.2011 թվական, դուրս գալու ամսաթիվ` 09.12.2011 թվական (100 % բաժնեմաս), Վազգեն Պետրոսյանը` մուտք գործելու ամսաթիվ` 16.05.2013 թվական, դուրս գալու ամսաթիվ` 28.06.2013 թվական (70% բաժնեմաս): Ընկերության տնօրենը 13.06.2011 թվականից մինչև 16.05.2013 թվականը եղել է Մարիամ Ավետիսյանը: Ընկերության` 15.05.2013 թվականի փոփոխություններով կանոնադրության համաձայն` Ընկերության մասնակից են հանդիսացել Զարեհ Պետրոսսյանը (30% բաժնեմաս) և Վազգեն Պետրոսյանը (70% բաժնեմաս) (հատոր 5-րդ, գ.թ. 121-123, հատոր 1-ին, գ.թ. 133-134):
9. ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետի 31.10.2013 թվականի թիվ 3-2/1881-13 գրության համաձայն` Ընկերության իրավաբանական հասցեն է` Երևան քաղաքի Չարենցի փողոց թիվ 22/1 (հատոր 1-ին, գ.թ. 109):
10. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման պետի 14.05.2014 թվականի թիվ ԿԽ-2/3189 գրության համաձայն` Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22/1 և 22/3 հասցեները միավորվել են և սեփականության իրավունքով պետական գրանցում են ստացել Երևան քաղաքի Չարենցի փողոց թիվ 22/3 գրասենյակի տարածք հասցեով` Ալբերտ Պետրոսյանի (Պետրոսսյան) անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 121):
11. Զարեհ Ալբերտի Պետրոսսյանը 06.09.2011 թվականին տրված լիազորագրով լիազորել է Ալբերտ Բենիամինի Պետրոսսիանին (Պետրոսսյան), ի թիվս այլ գործողությունների, իր անունից մասնակցելու Ընկերության ընդհանուր ժողովին, քվեարկելու, կանոնադրության և հիմնադիր փաստաթղթերում կատարելու փոփոխություններ և լրացումներ (հատոր 1-ին, գ.թ. 115-116):
12. «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից 23.06.2014 թվականին կազմված Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի թվով 52 հողամասերի գնահատման հաշվետվությունների «Գնահատվող օբյեկտի նկարագրությունը» բաժիններում նշված է, որ հողամասերը հանդիսանում են 4,4հա մակերեսով հողային համալիրի մի մասը, որը նախատեսված է բնակելի տների կառուցման համար: «Շուկայական արժեքի հաշվարկը» բաժնում որպես հողամասերի գործառնական նշանակություն նշված է «վարելահող», որից հետո նշված է` «գնահատվող բնակարանի 1 մ2 արժեքի հաշվարկ», ինչպես նաև նշվել է. «Հաշվի առնելով այն փաստը, որ գնահատվող հողատարածքը գյուղատնտեսական կարգավիճակից վերածվել է տնամերձի, հետևաբար ստացված արժեքին պետք է ավելացնել նաև կադաստրային արժեքը» (հատոր 1-ին, գ.թ. 143-205, հատորներ 2-րդ, 3-րդ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
i
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
i
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել կեղծ գործարքի իրավական բնույթը` անդրադառնալով հետևյալ հարցադրումներին.
1. ինչպիսի՞ն է կեղծ գործարքի կողմերի ներքին կամքի և արտահայտած կամահայտնության հարաբերակցությունը,
2. արդյո՞ք կեղծ գործարքի բոլոր կողմերի կամքը պետք է ուղղված լինի այդպիսի գործարքի կնքմանը,
3. արդյո՞ք գործարքի փաստացի կատարումն ինքնին արգելք է կեղծ գործարքի առկայությունը հաստատված համարելու համար,
4. որո՞նք են կեղծ գործարքի անվավերության հետևանքները:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքների հիմքերը և հիմնավորումները, ըստ էության, նույնաբովանդակ են, նպատակահարմար է համարում դրանց անդրադառնալ ներքոշարադրյալ` ընդհանուր պատճառաբանությամբ.
1. Վճռաբեկ բողոքներն առաջին հիմքով հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:
Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն անվավեր գործարքները դասակարգել է երկու խմբի` վիճահարույց գործարքներ, որոնք անվավեր են դատարանի կողմից այդպիսին ճանաչելու ուժով, և առոչինչ գործարքներ, որոնք անվավեր են օրենքի ուժով` անկախ նման ճանաչումից: Միաժամանակ օրենսդիրը, որպես առոչինչ գործարքների տեսակ, նախատեսել է նաև կեղծ գործարքը: Կեղծ գործարքներն առոչինչ համարելը պայմանավորված է նրանով, որ դրանցում իրականությունը խեղաթյուրվում է դիտավորյալ կերպով` բացասական ազդելով քաղաքացիական շրջանառության բարեխիղճ մասնակիցների շահերի վրա: Կեղծ գործարք կնքվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք` քողարկելու համար գործարքի կնքման իրական շարժառիթները: Այլ կերպ ասած` կեղծ գործարքը ծառայում է որպես միջոց` գործարքին մասնակից չհանդիսացող երրորդ անձի համար իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար (օրինակ` պարտավորության կատարումից խուսափելու համար գույքն առերևույթ օտարելը` պարտատիրոջ մոտ գույքի անբավարարության տպավորություն ստեղծելու համար):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կեղծ գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի նպատակադրված կամային ակտը` ներքին կամքը, ուղղված իրավունքների և պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Կեղծ գործարքի դեպքում կողմերը չունեն իրական նպատակ` կնքելու գործարք` իրավունքներ և պարտականություններ առաջացնելով, փոփոխելով կամ դադարեցնելով, նրանց իրական նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է` իրական կամքը թաքցնելու նպատակով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը շինծու գործարքի վերաբերյալ նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում չի կարող այդ գործարքը գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետևության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր և դրանից բխող հետևանքներ (տե՛ս Հասմիկ Բլուրցյանն ընդդեմ Վահե Այվազյանի և մյուսների թիվ 3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարքը կեղծ որակելու համար ևս անհրաժեշտ է, որպեսզի գործարքի բոլոր կողմերի կամքն ուղղված լինի առերևույթ հարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, հակառակ դեպքում, եթե գործարքի կողմերից միայն մեկն է նման նպատակ հետապնդում, ապա առկա կլինի կամքի արատով այլ գործարք, քանի որ երկկողմ գործարքը համաձայնեցված կամքի արտահայտություն է, և եթե գործարքը ձևակերպվում է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, ապա դա չի կարող լինել միայն մեկ կողմի ցանկությունը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ չնայած կեղծ գործարքի կողմերը ձևակերպվող գործարքի որևէ իրավական հետևանք փաստացի առաջացնելու մտադրություն չունեն, այդուհանդերձ, որպեսզի երրորդ անձինք հնարավորություն ունենան վստահելու կեղծ գործարքին, գործարքի կողմերը, որպես կանոն, ստեղծում են փաստացի հարաբերության առկայության պատրանք` այդ թվում ձևականորեն առաջացնելով այն հետևանքները, որոնք պետք է առաջանային, եթե կնքվեր իրական գործարք (այդ թվում նաև` գործարքից բխող իրավունքները պետական գրանցման ենթարկելով): Վերը շարադրվածը վերաբերում է ինչպես գործարքի ձևին, այնպես էլ` բովանդակությանը, կողմերին և դրսևորած կամահայտնությանը: Այլ կերպ ասած` ստեղծվում է տպավորություն, որ գործարքի բոլոր տարրերը պահպանված են: Ընդ որում, կեղծ գործարքը կարող է և փաստացի կատարված լինել (մասնակի կամ լրիվ), սակայն կատարման նպատակը նույնպես պատրանքն իրականությանը մոտեցնելը լինի` հետագայում, այդուհանդերձ, գործարքի իրավական հետևանքներն առաջացնելու ցանկություն չունենալով: Եվ հակառակը, հնարավոր է նաև գործարքը կատարված չլինի, սակայն իրականում չլինեն կեղծ գործարքի մյուս հատկանիշները, և տվյալ դեպքում առկա լինի միայն պարտավորության խախտում: ՈՒստի, միայն գործարքի կատարված լինելը կամ չլինելը չի կարող բացառել կեղծ գործարքի առկայությունը, և այդ հանգամանքը պետք է գնահատվի մյուս հանգամանքների համատեքստում:
Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կեղծ գործարքի առկայությունը գնահատելիս դատարանները պետք է գնահատման արժանացնեն գործարքի կողմերի մոտակա և հեռահար նպատակները` հաշվի առնելով, որ գործարքի կնքման մոտակա նպատակը գործարքի տպավորություն ստեղծելն է, իսկ հեռահար նպատակը` կողմերի կամ նրանցից մեկի համար որևէ առավելություն ստանալը կամ որևէ սահմանափակում շրջանցելը: Հեռահար նպատակի մասին կարող է վկայել, օրինակ, չկատարված պարտավորության, օրինական ուժի մեջ մտած` չկատարված դատական ակտի կամ այլ նմանատիպ հանգամանքների առկայությունը: Ի տարբերություն հեռահար նպատակի, որի առկայությունը հաստատելու համար կարող են ներկայացվել ուղղակի ապացույցներ, մոտակա նպատակն ապացուցելը բարդ է` հաշվի առնելով, որ այն վերաբերում է գործարքի կողմերի ներքին կամքին, հետևաբար` մոտակա կամքը բացահայտելու համար կարող են ներկայացվել նաև անուղղակի ապացույցներ: Մոտակա կամքը բացահայտելու համար կարող է ուղենշային լինել, օրինակ, գործարքի կողմերի դրսևորած վարքագծի արդյունավետության գնահատումը, մասնավորապես այն, որ եթե տվյալ գործարքի իրավական հետևանքներին կարելի է հասնել ավելի խնայողական և կարճ ճանապարհով, առանց լրացուցիչ գործարքների կնքման, ապա առկա ավելորդ օղակները կարող են վկայել քողարկված նպատակի առկայության մասին (օրինակ` ավելորդ գործարքներ կարող են կնքվել լրացուցիչ ծախսեր ցույց տալու` հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով): Կամ գործարքը կեղծ լինելու մասին կարող է վկայել այն հանգամանքը, որ գործարքի կողմերից մեկն ի սկզբանե ի վիճակի չէր լինելու կատարել գործարքով ստանձնած պարտավորությունները (օրինակ` համապատասխան սարքավորումների, աշխատուժի բացակայության պատճառով):
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը կեղծ գործարքների անվավերության հատուկ հետևանքներ չի նախատեսել: Հետևաբար, ըստ էության, պետք է կիրառելի լինեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածով նախատեսված հետևանքները: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կեղծ գործարքի դեպքում գործարքի փաստացի կատարում, որպես կանոն, տեղի չի ունենում, նմանատիպ դեպքերում վերոգրյալ նորմի կիրառումն ունի առանձնահատկություններ, մասնավորապես` որպես անվավերության հետևանք կարող է լինել նախկին սեփականատիրոջ տիտղոսի վերականգնումը, դատական ակտով գործարքի կեղծ լինելու հանգամանքը հաստատելը, որը կարող է հանգեցնել որպես անվավերության հետևանք այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելուն (օրինակ` իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը):
Վերոգրյալ իրավական վերլուծությունների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առանձնացնել կեղծ գործարքի հետևյալ տարրերը, որոնց գնահատումը կոնկրետ գործի շրջանակներում կնպաստի բացահայտելու կեղծ գործարքի առկայությունը`
1. Կեղծ գործարքի օբյեկտն այն իրավահարաբերություններն են, որից կողմերը ցանկանում են խուսափել, այսինքն` կեղծ գործարք կնքելու իրական պատճառ հանդիսացող հարաբերությունները: Որպես հատուկ օբյեկտ` կարելի է առանձնացնել քաղաքացիաիրավական շրջանառության այն կոնկրետ սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ոտնահարվում են կեղծ գործարք կնքելու հետևանքով (օրինակ` պարտավորության կատարումից խուսափելու նպատակով կնքված կեղծ գործարքի դեպքում պարտատիրոջ շահերը):
2. Օբյեկտիվ կողմից կեղծ գործարքները դրսևորվում են այնպիսի գործողություններով (անգործությամբ), որի արդյունքում ստեղծվում է իրական հարաբերության առկայության տպավորություն: Գործարքը կնքելուց հետո կողմերի վարքագիծը, որպես կանոն, դրսևորվում է անգործությամբ` կողմերը չեն իրականացնում համապատասխան գործողություններ` գործարքի իրական հետևանքների առաջացման համար:
3. Կեղծ գործարքի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է գործարքի բոլոր կողմերի դիտավորությամբ: Կեղծ գործարքի առկայությունը հաստատելու համար բավարար չէ միայն մեկ կողմի դիտավորությունը` կնքելու կեղծ գործարք: Կողմերից մեկի դիտավորության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործարքի կեղծ լինելը հաստատելու համար, քանի որ գործարքի բարեխիղճ կողմը չպետք է տուժի մյուս կողմի անբարեխղճության հետևանքով: Բացի այդ, կեղծ գործարքի նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է, իսկ նման տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերն ի սկզբանե նման ցանկություն ունենան:
Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող պայմանագիրը նպատակ չի հետապնդել կողմերի համար առաջացնելու իրավունքներ և պարտականություններ, կողմերը գիտակցել են, որ տվյալ գործարքով իրենց համար որևէ իրավունք և պարտականություն չի առաջանալու, գործարքի կնքումը հետապնդել է այլ նպատակ. Ալբերտ Պետրոսսյանը, հանդիսանալով «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի տնօրենը և միակ մասնակիցը, տեղյակ է եղել, որ «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի կողմից պատշաճ կարգով չեն իրականացվում վարկային պարտավորությունները, և որ ինքը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հանդեպ ունի համապարտ պարտավորություն, ուստի, կանխատեսելով վերահաս դատական ակտերը, գույքային պատասխանատվությունից խուսափելու նպատակով 16.06.2011 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 52 հողամասերն առերևույթ ցածր գնով (որպիսի հանգամանքը հաստատվում է «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից կազմված և օրենքի պահանջներին համապատասխանող մասնագիտական հաշվետվություններով) փոխանցել է Ընկերությանը: Դատարանը նաև նշել է, որ պայմանագրի դիմաց վճարում չի կատարվել, քանի որ գործով չի ներկայացվել անկանխիկ ձևով կատարված վճարման փաստաթուղթ, իսկ պայմանագրում պարզապես նշվել է, որ գումարը վճարված է: Դատարանը կարևորել է, որ գործարքի կնքումից հետո «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին որևէ վճարում չի կատարվել, «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի միակ մասնակից Ալբերտ Պետրոսսյանի և Ընկերության հասցեները համընկնում են, Ընկերությունը գրանցվել է գործարքի կնքումից 3 օր առաջ, իսկ գործարքի կնքումից 6 ամիս անց Ընկերության մասնակից է դարձել Ալբերտ Պետրոսսյանի որդին, ով, դեռևս Ընկերության մասնակից չդարձած, լիազորել է Ալբերտ Պետրոսսյանին իր անունից հանդես գալ Ընկերությունում: Դատարանը գտել է, որ վերոգրյալ հանգամանքները վկայում են գործարքի կեղծ լինելու մասին:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Ալբերտ Պետրոսսյանի և Ընկերության վերաքննիչ բողոքները, հիմնավոր է համարել Դատարանի` վերը շարադրված պատճառաբանությունները և վերահաստատելով ստորադաս դատարանի եզրահանգումը, արձանագրել է, որ գործում առկա ապացույցներով, մասնավորապես` երաշխավորության, գրավի պայմանագրերով, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռներով հիմնավորվում է, որ գործարքի կողմերը նպատակ են հետապնդել խուսափելու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հանդեպ «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի պարտավորություններով Ալբերտ Պետրոսսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի, այդ թվում` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող թվով 52 օտարված հողամասերի վրա բռնագանձում տարածելուց: Վերաքննիչ դատարանը միաժամանակ գտել է, որ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրություններով, Զարեհ Պետրոսսյանի կողմից տրված լիազորագրով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման կողմից տրված գրությամբ հիմնավորվում է, որ Ընկերության գործողություններն ուղղորդվել են Ալբերտ Պետրոսսյանի կողմից, ուստի կնքված գործարքը կրել է ձևական բնույթ` կնքվելով առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կեղծ գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի կեղծ գործարքին բնորոշ հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար կեղծ գործարքի առկայությունը հաստատված համարելու պահանջի վերաբերյալ սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում ստորադաս դատարանները պարտավոր էին բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատել յուրաքանչյուր ապացույց` պարզելու համար կեղծ գործարք կնքելու իրական շարժառիթները, գործարքի իրավական հետևանքները փաստացի առաջացնելու` կողմերի, այն է` Ալբերտ Պետրոսսյանի և Ընկերության` ի դեմս տնօրեն Մարիամ Ավետիսյանի ներքին կամքի բացակայությունը, գործարքի երկու կողմերի դիտավորությունը` ուղղված իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, վերջիններիս մոտակա և հեռահար նպատակները` կապված գործարքի կնքման հետ, ինչպես նաև գործարքը փաստացի կատարված լինելու հանգամանքը` կեղծ գործարքի մյուս հատկանիշների համատեքստում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատում` կեղծ գործարքի վերոնշյալ պայմանների առկայությունը պարզելու ուղղությամբ: Այսպես, ստորադաս դատարանները գործարքի կեղծ լինելը և մասնավորապես` կեղծ գործարքի կնքման իրական շարժառիթը հիմնավորել են` վկայակոչելով Ալբերտ Պետրոսսյանի` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու հեռահար նպատակը` հիմք ընդունելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի վճիռները, 20.08.2009 թվականի վարկային և երաշխավորության պայմանագրերը, որոնցով հաստատված են համարել այն հանգամանքը, որ Ալբերտ Պետրոսսյանը, իմանալով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ իր համապարտ պարտավորության մասին և կանխորոշելով անբարենպաստ դատական ակտերը, գույքային պատասխանատվությունից խուսափելու նպատակով 16.06.2011 թվականին կնքել է առուվաճառքի պայմանագիրը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործարքի կնքման իրական շարժառիթի` ոչ իրավաչափ նպատակի առկայությունը հաստատված են համարել` առանց գնահատելու գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիրը: Այսպես, նշված պայմանագրով ի ապահովումն վարկատու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և վարկառու «ԱՐԵՎԱԼԱՆՋ» ՍՊԸ-ի միջև 20.08.2009 թվականին կնքված գլխավոր վարկային պայմանագրի կատարման, գրավադրվել է Ալբերտ Պետրոսսյանին սեփականության իրավունքով պատկանող` Արագածոտնի մարզում գտնվող 30 միավոր անշարժ գույք:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ այն պարտավորությունը, որի կատարումից ենթադրաբար խուսափել է Ալբերտ Պետրոսսյանը, ապահովված է եղել գրավով, որպիսի հանգամանքը միանշանակ չի դարձնում ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ կնքված գործարքի իրական նպատակը եղել է Ալբերտ Պետրոսսյանի` պարտավորության կատարումից խուսափելը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները որևէ կերպ չեն պարզել գործարքի մյուս կողմի, մասնավորապես` Ընկերության` ի դեմս տնօրեն Մարիամ Ավետիսյանի դիտավորությունը, ում` Ալբերտ Պետրոսսյանի հետ որևէ փոխկապակցվածության վերաբերյալ ապացույց սույն գործով չի ներկայացվել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատված համարելով կեղծ գործարքի առկայությունը` ստորադաս դատարանները չեն բացահայտել երկու կողմերի ներքին կամքը` անտեսելով, որ հողամասերի գնորդ է հանդիսացել Ընկերությունը` որպես քաղաքացիական իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, հետևաբար այն հանգամանքները, որ վիճելի գործարքի կնքումից ամիսներ անց փոխվել են Ընկերության մասնակիցները, որոնց թվում եղել է նաև Ալբերտ Պետրոսսյանի որդին` Զարեհ Պետրոսսյանը, և որ գործարքի կնքումից հետո որոշակի ժամանակ անց Ընկերության գործունեության վայրի հասցեն համընկել է Ալբերտ Պետրոսսյանին պատկանող հասցեի հետ, դեռևս ինքնին, գործում առկա մյուս ապացույցների համակցությունից դուրս, առանց կեղծ գործարքի վերոգրյալ բոլոր հատկանիշները գործով վեր հանելու և գնահատելու, չեն կարող վկայել այն մասին, որ վիճելի գործարքը կողմերի` Ընկերության և Ալբերտ Պետրոսսյանի համար իրավական հետևանքներ չի առաջացրել:
Որպես կեղծ գործարքի հատկանիշներից, մասնավորապես, գործարքը փաստացի կատարված չլինելու հանգամանքի հիմնավորում` ստորադաս դատարանները պատճառաբանել են, որ Ընկերության կողմից Ալբերտ Պետրոսսյանին պայմանագրի գինը վճարած լինելու հանգամանքը կարող էր հաստատվել միայն անկանխիկ ձևով կատարված վճարման փաստաթղթերով, որպիսին գործի նյութերում առկա չէ, ուստի այդ հանգամանքի հիման վրա ստորադաս դատարանները հաստատված են համարել պայմանագրի գինը վճարած չլինելու փաստը` եզրակացության գալով նաև գործարքի կեղծ լինելու մասին: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վիճելի պայմանագրի 3-րդ կետով կողմերը հավաստիացրել են, որ նույն պայմանագրի ստորագրման պահին գնորդը վճարել է գույքի գինը, իսկ վաճառողը ստացել է այն ամբողջությամբ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պայմանագրում նման պայմանի առկայության պարագայում գործում է պայմանագրի գինն Ընկերության կողմից Ալբերտ Պետրոսսյանին վճարած լինելու կանխավարկածը, քանի դեռ ապացույցների համակցության մեջ այլ բան չի ապացուցվել: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նույնիսկ կանխիկ գործառնությունների իրավակարգավորումների խախտումն ինքնին չէր կարող բացառել պայմանագրի գինը վճարած լինելու հանգամանքը` հաշվի առնելով, որ նոտարական կարգով վավերացված պայմանագրով կողմերը հավաստիացրել են գումարի վճարած լինելը: Այլ կերպ ասած, այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրում որպես ապրանքի դիմաց վճարման պահ նշվել է պայմանագրի ստորագրման պահը, ապա պայմանագիրը գնորդի և վաճառողի կողմից ստորագրված լինելու հանգամանքը կարող է վկայել գնորդի կողմից ապրանքի դիմաց վճարում կատարած լինելու փաստը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրի գինը վճարած չլինելու հանգամանքը հաստատված համարելիս ևս ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում: Ավելին, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ վերոգրյալ իրավական վերլուծության լույսի ներքո անգամ գործարքի դիմաց վճարում կատարած չլինելը, այսինքն` գործարքը փաստացի կատարված չլինելը, պետք է գնահատվեր կեղծ գործարքի մնացած հատկանիշների և գործում առկա մյուս ապացույցների համակցության մեջ:
Ստորադաս դատարանները, որպես գործարքի կեղծ բնույթը և գործարքի հետևանքներն առաջացնելու կողմերի ներքին կամքի բացակայությունը հիմնավորող ապացույց, վկայակոչել են նաև «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից 23.06.2014 թվականին կազմված Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող թվով 52 հողամասերի գնահատման հաշվետվությունները, որոնցով հաստատված են համարել այն հանգամանքը, որ նշված հողամասերի շուկայական արժեքը 16.06.2011 թվականի դրությամբ կազմել է 268.300.000 ՀՀ դրամ, որի հիման վրա եկել են այն հետևության, որ վիճարկվող պայմանագրի գինն էականորեն ցածր է պայմանագրի կնքման ժամանակահատվածում գործող շուկայական գնից, ինչը նույնպես վկայում է գործարքի կեղծ բնույթի մասին: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով վերոնշյալ հաշվետվությունները, արձանագրում է, որ գնահատումն իրականացնելիս հիմք են ընդունվել այնպիսի ելակետային տվյալներ, որոնք հակասության մեջ են մտնում գործում առկա այլ ապացույցների հետ, մասնավորապես` գնահատման հաշվետվությունների «Գնահատվող օբյեկտի նկարագրությունը» վերտառությամբ 8-րդ կետում նշվել է. «Հողամասերը գտնվում են Ձորաղբյուր համայնքում և կազմում են ավելի քանի 4,4 հա հողային համալիր, որը նախատեսված է բնակելի տների կառուցման համար», իսկ «Շուկայական արժեքի հաշվարկ» վերտառությամբ 11-րդ բաժնում գնահատողը նշել է. «Հաշվի առնելով այն փաստը, որ գնահատվող հողատարածքը գյուղատնտեսական կարգավիճակից վերածվել է տնամերձի, հետևաբար ստացված արժեքին պետք է ավելացնել նաև կադաստրային արժեքը»: Գնահատման հաշվետվության մեջբերված հատվածներից հետևում է, որ փորձագետը գնահատման օբյեկտ հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը նշել է որպես բնակավայրերի, մինչդեռ գործի նյութերում առկա` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող թվով 52 հողամասերի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականների համաձայն` նշված հողամասերի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ օգտագործման նպատակը` վարելահող: Ընդ որում, գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ 16.06.2011 թվականի դրությամբ նշված հողամասերի նպատակային նշանակությունը ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով փոխվել և սահմանվել է որպես բնակավայրերի: Նման պայմաններում փորձագետի այն նշումը, որ «գնահատվող հողատարածքը գյուղատնտեսական կարգավիճակից վերածվել է տնամերձի», և հողամասերի շուկայական արժեքը որոշելիս հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության դիտարկելը կասկածի տակ են դնում գնահատման հաշվետվությունների արժանահավատությունը: Բացի այդ, գնահատման հաշվետվությունների «Շուկայական արժեքի հաշվարկ» վերտառությամբ 11-րդ բաժնի 1.1 կետում նշվել է «Գնահատվող բնակարանի 1 մ2 արժեք» արտահայտությունը, մինչդեռ տվյալ դեպքում գնահատման առարկա են դարձվել ոչ թե բնակարաններ, այլ` հողամասեր:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, գնահատման հաշվետվությունները դիտարկելով որպես 16.06.2011 թվականի դրությամբ վիճելի հողամասերի շուկայական արժեքը և ըստ այդմ` գործարքի կեղծ լինելը հիմնավորող ապացույց, չեն անդրադարձել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող թվով 52 հողամասերի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներին, չեն գնահատել դրանք համակցության մեջ` անտեսելով գնահատման հաշվետվություններում առկա հակասությունները:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով Ալբերտ Պետրոսսյանի և Ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագրի կեղծ բնույթը, չեն իրականացրել ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն և համակցության մեջ չեն գնահատել կեղծ գործարքի բոլոր հատկանիշների առկայությունը` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որպիսի պարագայում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքների 1-ին հիմքի վերաբերյալ վճռաբեկ բողոքների պատասխաններում նշված փաստարկները:
2. Վճռաբեկ բողոքները երկրորդ հիմքով հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու`
ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.
բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի հետ փոխկապակցված են համարվում`
ա) պարտապանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական, դուստր կամ կախյալ իրավաբանական անձը.
բ) պարտապանի ղեկավարը, ինչպես նաև տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը, պարտապանի կոլեգիալ գործադիր մարմնի անդամը, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), ինչպես նաև սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձը.
գ) պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 և ավելի տոկոսին տիրապետող անձը.
դ) պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամը:
Պարտապանի նկատմամբ փոխկապակցված է համարվում նաև անձը, որը նույն մասում նշված ֆիզիկական անձանց հետ գտնվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված հարաբերությունների մեջ, իսկ նույն մասի «գ» կամ «դ» կետերի հիմքով իրավաբանական անձի փոխկապակցվածության դեպքում` նաև այդ անձի` նույն մասի «բ» կետում նշված պաշտոն զբաղեցնող ֆիզիկական անձը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով (տե՛ս Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանն ընդդեմ Գայանե և Ռուբեն Զուլումյանների թիվ ԵԿԴ/2304/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):
Վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կիրառման համար անհրաժեշտ է հետևյալ փաստակազմը`
ա) պարտապանի կատարած փոխանցման անհատույց լինելը,
բ) փոխանցումը պարտապանի հետ փոխկապակցված անձանց կատարած լինելը,
գ) փոխանցումը պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում կատարած լինելը:
Իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի կիրառման համար անհրաժեշտ է հետևյալ փաստակազմը`
ա) պարտապանի կատարած փոխանցման անհատույց լինելը,
բ) փոխանցումը պարտապանի սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարած լինելը ցանկացած երրորդ անձի:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի` սույն գործով կիրառելիության հարցին, արձանագրել է, որ գործում առկա չէ Ընկերության կողմից Ալբերտ Պետրոսսյանին հողամասերի արժեքի վճարման վերաբերյալ գրավոր ապացույց, մինչդեռ Ալբերտ Պետրոսսյանին 10.400.000 ՀՀ դրամ վճարելու պարտականությունը Ընկերության կողմից կատարելու հանգամանքը կարող էր հաստատվել միայն Ընկերության կողմից անկանխիկ ձևով կատարված վճարման փաստաթղթերով:
Վերը նշված մեկնաբանությունների համատեքստում համադրելով և գնահատելով սույն քաղաքացիական գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կիրառման համար անհրաժեշտ պայմաններից է փոխանցումը փոխկապակցված անձին կատարած լինելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առուվաճառքի պայմանագրի կնքման պահին գործարքի մյուս կողմի` պարտապանի հետ փոխկապակցված անձ հանդիսանալու մասին: Հետևաբար միայն այս պայմանի բացակայությունն արդեն իսկ բավարար է վերոնշյալ կետը սույն գործով կիրառելի չլինելու համար:
Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով սահմանված պայմաններից փոխանցման անհատուցելիությանը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով սնանկության կառավարչի կողմից վիճարկվող և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով հատուցելի գործարք համարվող առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ալբերտ Պետրոսսյանի` մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն գույքը հանձնելու պարտականությանը համապատասխանում է Ընկերության` այդ ապրանքն ընդունելու և դրա համար վճարելու պարտականությունը: Ընդ որում, նշված պայմանագրի 3-րդ կետով կողմերը հավաստիացրել են, որ նույն պայմանագրի ստորագրման պահին գնորդը վճարել է գույքի գինը, իսկ վաճառողն ստացել է այն ամբողջությամբ: Հետևաբար սույն գործով պարտապանի կողմից կատարված փոխանցումը ենթադրվում է հատուցելի այլ բան ապացուցված չլինելու պայմաններում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի հիմքով կատարված փոխանցումը հետ պահանջելու հիմքերի առկայության մասով հայցվորի կողմից չի ապացուցվել գործարքի անհատույց լինելը: Հայցվորը վկայակոչել է միայն այն, որ անկանխիկ վճարումը հավաստող ապացույց առկա չէ նոտարական գործում, որպիսի հանգամանքը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բավարար չէ գործարքի անհատույց լինելը հավաստելու համար, քանի որ անգամ անկանխիկ վճարումների կանոնները խախտելը դեռևս չի նշանակում, որ գործարքը եղել է անհատույց` հաշվի առնելով, որ վիճարկվող գործարքում, որն ստացել է նոտարական վավերացում, կողմերն ընդունել են, որ վճարումը փաստացի կատարված է:
Նման պայմաններում սույն գործով բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայմանները, ուստի անհիմն է Վերաքննիչ դատարանի` 16.06.2011 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի կիրառելի լինելու վերաբերյալ եզրահանգումը:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքների 2-րդ հիմքի վերաբերյալ վճռաբեկ բողոքների պատասխաններում նշված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն հետազոտելու և արդյունքում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու նպատակով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. «Նորովի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Մարգարիտա Հովսեփյանի և Ալբերտ Պետրոսսյանի ներկայացուցիչ Կարինե Մուրադյանի վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան |
|
Ս. Անտոնյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ռ. Հակոբյան Ե. Սողոմոնյան Ն. Տավարացյան |