(ուժը կորցրել է 23.04.2020 թիվ 619-Ն որոշում)
i
040.0350.150408
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2008 թվականի N 350-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի օրինակելի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի ապրիլի 10-ի
N 350-Ն որոշման
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության և ____________________ (օտարերկրյա պետության անվանումը) միջկառավարական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության _________________ (համապատասխան միջազգային պայմանագրի անվանումը) հիման վրա (կամ ____________ (համապատասխան միջազգային պայմանագրի անվանումը) կատարումն ապահովելու նպատակով, կամ Հայաստանի Հանրապետության և ____________________ (օտարերկրյա պետության անվանումը) միջև _____________ բնագավառում համագործակցության ___________ հարցերը համակարգելու նպատակով):
2. Սույն կանոնադրությամբ սահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը:
3. Հանձնաժողովի հայկական կողմը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավասության սահմաններում կատարում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հայկական կողմն իրականացնում է ______________ միջազգային պայմանագրով նախատեսված և (կամ) _______________ միջազգային պայմանագրի իրագործմանն ուղղված հետևյալ գործառույթները`
__________
__________
__________
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5. Հանձնաժողովի հայկական կողմն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`
1) ընդունելու որոշումներ իր աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մասին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնելու իր գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.
3) հանձնաժողովի հետ պայմանավորվածության համաձայն ստեղծելու համատեղ` մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ.
4) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների (կամավորության սկզբունքով) մասնակցությամբ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ
6. Հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության և _______________ (օտարերկրյա պետության անվանումը) ներկայացված անդամներից, որոնք նշանակվում են երկու կողմից` պահպանելով հավասար մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու սկզբունքը:
i
7. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, անդամներից, քարտուղարից, իսկ եթե հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չէ, ապա` նաև նախագահի տեղակալից, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
(7-րդ կետը փոփ. 04.03.10 թիվ 274-Ն որոշում)
i
8. Հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և քարտուղարին:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
10. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարին` Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահի առաջարկությամբ:
11. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը`
1) հանդիսանում է հանձնաժողովի համանախագահ.
2) համակարգում է հանձնաժողովի հայկական կողմի գործողությունների պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.
3) վարում է հանձնաժողովի հայկական կողմի նիստերը.
4) հանձնաժողովի հայկական կողմի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` հանձնաժողովի հայկական կողմի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.
5) հսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի հայկական կողմի կազմի փոփոխությունների, ինչպես նաև հանձնաժողովի հայկական կողմի գործունեության դադարեցման մասին:
7) Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական կողմի որոշումներին համապատասխան իրականացնում է այլ գործառույթներ:
12. Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն, առանձնահատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ:
13. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի` հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների կատարման և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական և վարչական հարցեր լուծելու համար:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. հանձնաժողովի նիստերն անց են կացվում հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և _______________ (օտարերկրյա պետության անվանումը)` հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ:
15. Հանձնաժողովի հայկական կողմը գումարում է նիստեր նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների պլանի:
16. Գործողությունների պլանը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա: Գործողությունների պլանը ներառում է միջոցառումների իրականացման համար հստակ ժամանակացույց և սահմանում դրանց համար պատասխանատուներին: Գործողությունների պլանը հաստատվում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահի կողմից:
17. Գործողությունների պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական կողմի և իր աշխատանքային մարմինների կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի հայկական կողմի քննարկմանը ներկայացնելու ժամկետները:
18. Հանձնաժողովի հայկական կողմի նիստը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:
19. Նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական կողմի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
20. Ընդունված որոշումներն ստորագրում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:
21. Լրացուցիչ հաստատում պահանջող կամ իրագործման համար ներպետական իրավական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար` լրացուցիչ հաստատվելուց կամ համապատասխան ակտ ընդունելուց հետո:
22. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը յուրաքանչյուր տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն իրենց ընթացիկ գործունեության վերաբերյալ:
23. Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու ժամանակավոր և մշտական մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր:
24. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Այդ մարմինները միայն հանձնաժողովի կազմից ձևավորելու դեպքում դրանց ստեղծման և անհատական կազմի հաստատման համար լրացուցիչ ներպետական ակտի ընդունում չի պահանջվում:
25. Հանձնաժողովի նիստերի և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսերը հոգում է ընդունող երկիրը` յուրաքանչյուր կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
26. Ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների` ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման համաձայն:
(26-րդ կետը փոփ. 21.01.10 թիվ 99-Ն որոշում)